Սեղմել Esc փակելու համար:
«ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

«ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ 2018 ԹՎԱԿԱՆԻ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

3 հոկտեմբերի 2019 թվականի N 1361-Լ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 21-Ի «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՕ-266-Ն ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՕ-338-Ն ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու և 2018 թվականի հունիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու և 2017 թվականի դեկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-266-Ն օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-338-Ն օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Խ-270-05.09.2019-ՏՀ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2019 թ. հոկտեմբերի 8

Երևան

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 21-Ի «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՕ-266-Ն ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՕ-338-Ն ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ

 

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու և 2018 թվականի հունիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու և 2017 թվականի դեկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-266-Ն օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-338-Ն օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով (այսուհետ` նախագիծ) առաջարկվում է.

1) հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնողներին,

2) Երևան քաղաքի վարչական սահմաններում առևտրական (առք ու վաճառքի) գործունեությամբ զբաղվող կազմակերպություններին ու անհատ ձեռնարկատերերին, Երևան քաղաքի վարչական սահմաններից դուրս` առևտրի իրականացման վայրերում, առևտրի կենտրոններում և տոնավաճառներում առևտրական (առք ու վաճառքի) գործունեությամբ զբաղվող կազմակերպություններին ու անհատ ձեռնարկատերերին`

միկրոձեռնարկատիրության հարկման արտոնյալ համակարգի շրջանակներում գործելու հնարավորություն ընձեռել և այդ մասով 2020 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտնող` ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված` սահմանափակող կարգավորումներն ուժը կորցրած ճանաչել:

Նախագծի ընդունման հիմնավորմամբ նշվում է, որ միկրոձեռնարկատիրության համակարգում գործելու` խնդրո առարկա բացառությունների սահմանումը չունի որևէ հիմնավորում` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նշյալ համակարգում գործելու նպատակով իրացման շրջանառությունների սահմանափակումն արդեն իսկ սահմանափակում է տնտեսավարող սուբյեկտների շահույթի ծավալը: Բացի դրանից, նշվում է, որ անհասկանալի է Երևան քաղաքում առևտրական (առք ու վաճառքի) գործունեության մասով բացառության սահմանումը` հաշվի առնելով այն, որ Երևան քաղաքում առևտրական (առք ու վաճառքի) գործունեությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտները չունեն հավելյալ շահույթ ստանալու որևէ հնարավորություն` պայմանավորված խոշոր խանութների, սուպերմարկետների առկայությամբ և մեծ մրցակցությամբ:

Հայաստանի Հանրապետության կառավարությունն առաջարկում է նախագծով քննարկվող գործող օրենքի հոդվածը թողնել անփոփոխ` ստորև ներկայացված հիմնավորումներով.

1. 1-ին առաջարկի վերաբերյալ`

Հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների` միկրոձեռնարկատիրության հարկման համակարգից օգտվելու հնարավորությունները սահմանափակվել են ՀՀ կառավարության առաջարկությամբ` ս. թ. հունիսի 25-ին ընդունված հարկային օրենսդրության փոփոխությունների` ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում ծավալված քննարկումների արդյունքներով` հիմքում ունենալով հետևյալ հիմնավորումները`

1) հանրային սննդի կազմակերպման գործունեության համար կիրառվում է շրջանառության հարկով հարկման այլ` առանձնահատուկ համակարգ` առանց իրացման շրջանառության սահմանափակման: Ընդ որում` կատարված օրենսդրական փոփոխություններով գործունեության այս տեսակի համար սահմանված հարկային բեռը պահպանվել է 2018 թվականի երկրորդ կիսամյակի համար նախատեսված մակարդակում, այն դեպքում, երբ նախկինում ընդունված օրենքներով նախատեսվել էր այն շարունակաբար բարձրացնել 2019 և 2020 թվականների տարեսկզբից.

2) մեր գնահատմամբ` հանրային սննդի կազմակերպման ոլորտը զարգանում է և գործում է միջինից բարձր շահութաբերությամբ, հետևաբար գործունեության այս տեսակը միկրոձեռնարկատիրության հարկման արտոնյալ համակարգում ընդգրկելը լրացուցիչ հիմնավորման կարիք ունի.

3) եթե հիմնական մտահոգությունը կապված է զբոսաշրջության զարգացման տեսանկյունից կարևոր համարվող` զբոսաշրջային տների հետ, ապա այստեղ խնդիր չկա, քանի որ զբոսաշրջային տները, իրենց հանրային սննդի կազմակերպման ծառայություններով հանդերձ, ՀՀ հարկային օրենսգրքով սահմանվող պահանջներին բավարարելու պարագայում կարող են գործել միկրոձեռնարկատիրության հարկման արտոնյալ համակարգում: Անգամ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձինք կարող են օգտվել այս հնարավորությունից: Ընդ որում` զբոսաշրջային տների կողմից կազմակերպվող հանրային սննդի ծառայությունները միկրոձեռնարկատիրության հարկման արտոնյալ համակարգում ներառվել են «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված առաջարկությամբ:

Այդուհանդերձ, Հայաստանի Հանրապետության կառավարությունը պատրաստակամություն է հայտնում հանրային սննդի կազմակերպման գործունեությունը միկրոձեռնարկատիրության հարկման արտոնյալ համակարգում ներառելու հարցի քննարկումը պահելու օրակարգում և առաջիկայում կրկին անդրադառնալու դրան:

2. 2-րդ առաջարկի վերաբերյալ`

Միկրոձեռնարկատիրության հարկման արտոնյալ համակարգի ներդրման հիմնական նպատակը իրացման շրջանառության փոքր ծավալներ ունեցող ու ֆիսկալ տեսանկյունից հարկային եկամուտներ գեներացնելու մեծ ներուժ չունեցող, ինչպես նաև սկսնակ տնտեսավարող սուբյեկտներին հարկային արտոնություններ տրամադրելու ճանապարհով գործունեության նպաստավոր հարկային միջավայրի ձևավորումն է: Ինչպես կարելի է նկատել, խոսքն այն հարկ վճարողների մասին է, որոնց նկատմամբ հարկային վարչարարության իրականացումը գործնականում պետությունից պահանջում է ավելի շատ ծախսեր, քան նրանցից ակնկալվող հարկային եկամուտները կարող են լինել: Այս առումով, Երևան քաղաքում, ինչպես նաև Երևան քաղաքից դուրս` առևտրի իրականացման վայրերում, առևտրի կենտրոններում և տոնավաճառներում իրականացվող առևտրական (առք ու վաճառքի) գործունեությունը միկրոձեռնարկատիրության հարկման արտոնյալ համակարգում ներառելու առաջարկությունը չի բխում նշյալ համակարգի ներդրման հիմքում դրված քաղաքականությունից` հետևյալ հիմնական պատճառներով.

1) առևտրական (առք ու վաճառքի) գործունեությունը գործունեության այլ տեսակների համեմատությամբ բնութագրվում է կապիտալի ավելի արագ շրջապտույտով և գործառնական ցիկլի ավելի կարճ տևողությամբ, ինչը նշանակում է, որ այլ հավասար պայմաններում առևտրական (առք ու վաճառքի) գործունեությունն ավելի մեծ իրացման շրջանառություններ է գեներացնում` հատկապես տնտեսապես ակտիվ տարածաշրջաններում: Այս առումով ակնհայտ է, որ եթե իրացման շրջանառության իրական ծավալներն ամբողջությամբ հայտարարագրվեն, ապա Երևան քաղաքում կամ Երևան քաղաքից դուրս` առևտրի իրականացման վայրերում, առևտրի կենտրոններում և տոնավաճառներում իրականացվող առևտրական (առք ու վաճառքի) գործունեության արդյունքում ձևավորվող իրացման շրջանառությամբ միկրոձեռնարկատիրության համակարգում գործելու համար նախապայման հանդիսացող` իրացման շրջանառության 24 միլիոն դրամի առավելագույն շեմը մեծ հավանականությամբ հաղթահարվելու է: Հակառակ պարագայում` մեր կողմից կատարվող հաշվարկները ցույց են տալիս, որ այդ գործունեությամբ զբաղվելը տնտեսապես ձեռնտու չէ, քանի որ մինչև 24 միլիոն դրամ իրացման շրջանառության պարագայում ձևավորվող առևտրային վերադիրներն ուղղակի չեն բավարարում գործունեության այս տեսակով զբաղվելու համար պահանջվող նվազագույն հաստատուն ծախսերը փոխհատուցելու համար: Այստեղից պետք է շատ կարևոր հետևություն կատարել այն իմաստով, որ նախագծով առաջարկվող փոփոխությունը կատարելու պարագայում գործնականում ոչ այնքան հնարավորություն է տրվելու, որպեսզի Երևան քաղաքում կամ Երևան քաղաքից դուրս` առևտրի իրականացման վայրերում, առևտրի կենտրոններում և տոնավաճառներում առևտրական (առք ու վաճառքի) գործունեությամբ զբաղվող և մինչև 24 միլիոն դրամ իրացման շրջանառություն ունեցող տնտեսավարող սուբյեկտները գործեն արտոնյալ միջավայրում, որքան տնտեսական շարժառիթներ են ստեղծվելու` ամեն գնով իրացման շրջանառությունները թաքցնելու և անհիմն ձևով միկրոձեռնարկատիրության հարկման արտոնյալ համակարգում «տեղավորվելու» համար: Արդյունքում հարկային վարչարարության տեսանկյունից ձևավորվելու են լուրջ և անկառավարելի ռիսկեր` կապված ստվերային տնտեսության ծավալների և հարկումից խուսափելու հնարավորությունների ընդլայնման հետ.

2) առևտրական (առք ու վաճառքի) գործունեությունը հարկային արտոնությունների կիրառությամբ խթանելու առաջարկությունը ոչ միայն չի բխում տնտեսական քաղաքականության հայտարարված` արտահանմանը միտված, ներմուծմանը փոխարինող, առաջավոր տեխնոլոգիաների և գիտելիքի վրա հիմնված ոլորտները զարգացնելու ուղղություններից, այլև ուղղակիորեն հակադրվում է այդ քաղաքականությանը.

3) միկրոձեռնարկատիրության հարկման արտոնյալ համակարգի ներդրման և դրա կիրառության շրջանակի ընտրության քաղաքականությունը մշակվել է այնպես, որպեսզի հնարավոր լինի առավելագույնս օգտվել հարկման այլընտրանքային համակարգերի կիրառության դրական կողմերից և խուսափել հարկման այլընտրանքային համակարգերի կիրառության բացասական հետևանքներից: Այս առումով գտնում ենք, որ ընտրվել և արդեն իսկ կատարված օրենսդրական փոփոխություններով ներդրվել է հարկման համակարգերի հավասարակշռված մոդել, մինչդեռ ներկայացված նախագծով առաջարկվում է խաթարել այդ հավասարակշռությունը: Մասնավորապես, մեր կողմից կատարված ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ շուրջ 41 հազար շրջանառության հարկ վճարողներ զբաղվում են առևտրական (առք ու վաճառքի) գործունեությամբ: Ընդ որում` նրանց տարեկան իրացման շրջանառության հայտարարագրվող միջին մեծությունը կազմում է ընդամենը 10.7 միլիոն դրամ: Այլ կերպ ասած` առաջարկության ընդունումը գործնականում նշանակում է նշյալ տնտեսավարող սուբյեկտների հիմնական մասին տեղափոխել միկրոձեռնարկատիրության հարկման արտոնյալ համակարգ, ինչը կխաթարի միկրոձեռնարկատիրության հարկման արտոնյալ համակարգի հասցեականությունը` ակնհայտորեն խախտելով նաև հարկման համակարգերի հիմքում դրված մոտեցումների հավասարակշռման սկզբունքը.

4) առևտրական (առք ու վաճառքի) գործունեությամբ զբաղվող փոքր տնտեսավարող սուբյեկտներին հարկերից ազատելու առաջարկությունը քննարկելիս շատ կարևոր է նաև անդրադառնալ այդ տնտեսավարող սուբյեկտների ներկա հարկային բեռի չափին: Այսպես` մեր կողմից կատարված ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ առևտրական (առք ու վաճառքի) գործունեությամբ զբաղվող` շրջանառության հարկ վճարողների համար շրջանառության հարկի գծով հարկային բեռը (շրջանառության հարկի արդյունավետ դրույքաչափը) միջինը կազմում է իրացման շրջանառության 2,4 տոկոսը: Ընդ որում` սա միջինացված տվյալ է, և այդ առումով պետք է նկատի ունենալ, որ տնտեսավարող սուբյեկտները հնարավորություն ունեն կատարվող ձեռքբերումները սահմանված կարգով փաստաթղթավորելու դեպքում շրջանառության հարկի բեռը նվազեցնելու ընդհուպ մինչև իրացման շրջանառության 1,5 տոկոսի: Հետևաբար, ակնհայտ է, որ առևտրական գործունեությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտների համար հարկային օրենսդրությամբ արդեն իսկ սահմանված են բավական արտոնյալ պայմաններ, և այս պարագայում տնտեսապես ավելի ակտիվ գոտում իրականացվող առևտրական (առք ու վաճառքի) գործունեությանը սոցիալական նկատառումներով հարկերից ազատելու առաջարկությունը հիմնավոր չէ.

5) ի վերջո պետք է հաշվի առնել նաև այն, որ առևտրական (առք ու վաճառքի) գործունեությունը ներկայումս ընդհանրապես ընդգրկված չէ ընտանեկան ձեռնարկատիրության և ինքնազբաղված անձանց հարկման համակարգերում, ինչը նշանակում է, որ միկրոձեռնարկատիրության հարկման արտոնյալ համակարգի ներդրմամբ գործունեության այս տեսակի մասով արդեն իսկ սահմանվել են ավելի նպաստավոր պայմաններ.

6) բացի այդ, ներկայացված առաջարկության ընդունումը հանգեցնելու է հարկային եկամուտների նշանակալի կորստի, և անկախ նախագծի ընդունման հիմնավորմամբ նշված այն հանգամանքից, որ ընթացիկ տարում պետական բյուջեի ծախսային մասի կատարողականը ցածր է ցանկալի մակարդակից, միևնույն է, հարկային եկամուտների կորուստը ցանկալի չէ: Այլ կերպ ասած` գտնում ենք, որ պետք է լուծել պետական բյուջեի ծախսային մասի կատարողականը ծրագրված մակարդակում պահելու խնդիրը և ոչ թե կատարել անարդյունավետ հարկային ծախսեր: Բացի այդ, մեկ կամ երկու տարվա կարճ ժամանակահատվածում արձանագրված` պետական բյուջեի ծախսային մասի ցածր կատարողականով չի կարող հիմնավորվել անարդյունավետ հարկային ծախս առաջացնող որևէ առաջարկություն, ընդ որում` առանց ժամանակային սահմանափակման:

Հաշվի առնելով վերոգրյալը` Երևան քաղաքի վարչական սահմաններում առևտրական (առք ու վաճառքի) գործունեությամբ զբաղվող կազմակերպություններին ու անհատ ձեռնարկատերերին, Երևան քաղաքի վարչական սահմաններից դուրս` առևտրի իրականացման վայրերում, առևտրի կենտրոններում և տոնավաճառներում առևտրական (առք ու վաճառքի) գործունեությամբ զբաղվող կազմակերպություններին ու անհատ ձեռնարկատերերին միկրոձեռնարկատիրության հարկման արտոնյալ համակարգի շրջանակներում գործելու հնարավորություն ընձեռելու առաջարկությունը համարում ենք, որ սկզբունքորեն ընդունելի չէ:

 

 

pin
ՀՀ կառավարություն
03.10.2019
N 1361-Լ
Որոշում