Սեղմել Esc փակելու համար:
ԱՐԴՅՈ՞Ք ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՕՏԱՐՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԱՐԴՅՈ՞Ք ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՕՏԱՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԳՆՈՐԴԻՆ ԵՆ ՓՈԽԱՆՑՎՈՒՄ ՆԱԵՎ ԱՅԴ Ի ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական              Քաղաքացիական գործ      

    դատարանի որոշում                       թիվ ԵԱՔԴ/5085/02/16   

Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/5085/02/16  2019 թ.

Նախագահող դատավոր` Ն. Բարսեղյան

    Դատավորներ`        Տ. Նազարյան   

                       Ս. Թորոսյան      

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող Ռ. Հակոբյան

զեկուցող  Վ. Ավանեսյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Գ. Հակոբյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

2019 թվականի հուլիսի 04-ին

գրավոր ընթացակարգով քննելով Երևան համայնքի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 29.05.2018 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Երևան համայնքի ընդդեմ «Օդին» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն)` գումարի բռնագանձման պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Երևան համայնքը պահանջել է Ընկերությունից բռնագանձել 583.483 ՀՀ դրամ, որից 218.541 ՀՀ դրամը` կառուցապատման վճարի պարտքի գումար, 364.942 ՀՀ դրամը` հաշվարկված տույժի գումար, ինչպես նաև 01.12.2016 թվականից շարունակել Ընկերությունից բռնագանձել պայմանագրի 6-րդ կետի 6.2-րդ ենթակետով սահմանված տույժը` վարձավճարի չվճարված գումարի 0,15 տոկոսի չափով` մինչև պարտավորության փաստացի կատարման օրը:

Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ռ. Բունիաթյան) (այսուհետ` Դատարան) 24.11.2017 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 29.05.2018 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը բավարարվել է, Դատարանի 24.11.2017 թվականի վճիռը բեկանվել և փոփոխվել է` հայցը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Երևան համայնքը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 204.1-րդ, 345-րդ, 347-րդ, 352-րդ, 408-րդ հոդվածները և ՀՀ հողային օրենսգրքի 48.1-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ «Կենտրոն-Կանաչապատում» ՓԲԸ-ն, Ընկերությանն օտարելով հողամասի նկատմամբ ունեցած իր կառուցապատման իրավունքը, վերջինիս փոխանցել է նաև օրենքով և պայմանագրով նախատեսված ու կառուցապատման իրավունքի հետ անմիջականորեն կապված իրավունքներն ու պարտականությունները, այդ թվում նաև` կառուցապատման վճար վճարելու պարտականությունը:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 29.05.2018 թվականի որոշումը, փոփոխել այն` հայցը բավարարել կամ գործն ուղարկել նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Երևանի համայնքի, ի դեմս Երևանի քաղաքապետի և «Կենտրոն-Կանաչապատում» ՓԲԸ-ի միջև Երևանի քաղաքապետի 07.06.2010 թվականի թիվ 2233-Ա որոշման հիման վրա 15.06.2010 թվականին կնքվել է հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին թիվ 31/Կ պայմանագիրը, որով Երևան համայնքը պարտավորվել է վճարի դիմաց «Կենտրոն-Կանաչապատում» ՓԲԸ-ի հետ 03.11.2003 թվականին կնքված թիվ 22040 վարձակալության պայմանագրի պայմաններով կառուցապատման իրավունք ունեցող անձին տրամադրել Երևան համայնքին սեփականության իրավունքով պատկանող 1.748քմ մակերեսով հողամաս, որը գտնվում է Օղակաձև զբոսայգու 6-րդ հատվածում` Խանջյան փողոցի 2/4 հասցեում` կառուցապատման իրավունքի ժամկետը սահմանելով մինչև 03.11.2028 թվականը:

Նշված պայմանագրի 4.1.2-րդ, 4.3.5-րդ, 4.4.1-րդ կետերով սահմանվել է, որ սեփականատերն իրավունք ունի կառուցապատման իրավունք ունեցող անձի կողմից վճարը վճարելու ժամկետների էական խախտման դեպքում նրանից պահանջելու վաղաժամկետ կատարել վճարումը: Կառուցապատման իրավունք ունեցող անձն իրավունք ունի տնօրինելու կառուցապատման իրավունքը` փոխանցելու այլ անձի, ազատորեն օտարելու, գրավ դնելու այն, ինչպես նաև կատարելու այլ գործարքներ կառուցապատման իրավունքի նկատմամբ: Կառուցապատման իրավունք ունեցող անձը պարտավոր է ժամանակին վճարել կառուցապատման իրավունքի համար վճարը:

Պայմանագրի 5.1-րդ կետի համաձայն` կառուցապատման իրավունքի տարեկան վճարը կազմել է տվյալ հողամասի հողի հարկի դրույքաչափին հավասարեցված տարեկան վարձավճարը, որը կառուցապատման իրավունք ձեռքբերող անձի կողմից կատարվում է հավասար չափերով` ըստ տարվա օրացուցային եռամսյակների ոչ ուշ, քան մինչև համապատասխան եռամսյակի վերջին ամսվա 25-ը, իսկ 6.2-րդ կետի համաձայն` կառուցապատման իրավունք ունեցող անձի կողմից պայմանագրով սահմանված ժամկետներում վճարումներ չկատարվելու դեպքում վերջինս կետանցի յուրաքանչյուր օրվա համար վճարում է տույժ տարեկան վճարի գումարի 0,15 տոկոսի չափով (գ.թ. 6-8).

2) Երևան համայնքի 15.07.2010 թվականի թիվ 3132-Ա որոշմամբ որոշվել է Երվանդ Քոչարի փողոցի թիվ 4/4 հասցեում Օղակաձև զբոսայգու 6-րդ հատվածում գտնվող 1.748 քմ մակերեսով հողամասի նկատմամբ «Կենտրոն-Կանաչապատում» ՓԲԸ-ի կառուցապատման իրավունքն օտարել Ընկերությանը (գ.թ. 11).

3) «Կենտրոն Կանաչապատում» ՓԲԸ-ի և Ընկերության միջև 31.07.2010 թվականին կնքված, նոտարական կարգով վավերացված կառուցապատման իրավունքի առուվաճառքի մասին պայմանագրով «Կենտրոն Կանաչապատում» ՓԲԸ-ն վաճառել է Երևանի Երվանդ Քոչար փողոցի թիվ 4/4 հասցեում Օղակաձև զբոսայգու 6-րդ հատվածում գտնվող 1.748քմ մակերեսով հողամասի նկատմամբ ունեցած կառուցապատման իր իրավունքը, իսկ Ընկերությունը 3.800.000 ՀՀ դրամով գնել է տվյալ հողամասի նկատմամբ կառուցապատման իրավունքը (գ.թ. 9-10).

4) ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի տարածքային ստորաբաժանման կողմից 11.08.2010 թվականին տրված անշարժ գույքի նկատմամբ իրավունքի գրանցման թիվ 2668904 վկայականի համաձայն` Երևանի Երվանդ Քոչարի փողոց թիվ 4/4 հասցեի Օղակաձև զբոսայգու 6-րդ հատվածում գտնվող 1.748քմ մակերեսով հողամասի նկատմամբ մինչև 03.11.2028 թվականը գրանցվել է Ընկերության կառուցապատման իրավունքը (գ.թ. 12-14).

5) Երևանի քաղաքապետարանի կողմից Ընկերությանն ուղարկվել է ծանուցում առ այն, որ Երևանի օղակաձև զբոսայգու 6-րդ հատվածում գտնվող 1.748քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի վճարը չի վճարվել, ուստի պահանջվել է ծանուցումը ստանալուց 5 աշխատանքային օրվա ընթացքում վճարել վարձավճարի և տույժի պարտքն ամբողջությամբ (գ.թ. 49).

6) Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի եկամուտների հաշվառման և գանձման վարչության կողմից 30.11.2016 թվականին տրված տեղեկանքի համաձայն` Ընկերության պարտքը 30.09.2010 թվականից մինչև 30.11.2016 թվականն ընկած ժամանակահատվածի համար Երևան համայնքի նկատմամբ կազմել է ընդհանուր 583.483 ՀՀ դրամ, որից 218.541 ՀՀ դրամը` վարձավճարի պարտք, 364.942 ՀՀ դրամը` տույժի գումար (գ.թ. 16):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

 

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի իմաստով, այն է` ՀՀ հողային օրենսգրքի 48.1-րդ հոդվածի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր:

Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ հարցադրմանը. արդյո՞ք կառուցապատման իրավունքի օտարման դեպքում գնորդին են փոխանցվում նաև այդ իրավունքի նախկին իրավատիրոջ կողմից կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագրով ստանձնած պարտավորությունները:

ՀՀ հողային օրենսգրքի 48.1-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` այլ անձի պատկանող հողամասում անձը կարող է պայմանագրով ձեռք բերել կառուցապատման իրավունք` քաղաքաշինական նորմերի ու կանոնների, ինչպես նաև հողամասի նշանակության վերաբերյալ պահանջների պահպանմամբ` սահմանված կարգով կառուցել շենքեր և շինություններ, դրանք վերակառուցել կամ քանդել և կառուցապատման ժամկետի ընթացքում տիրապետել և օգտագործել այդ գույքը: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` կառուցապատման իրավունքով հողամասն օգտագործելու իրավունք ունեցող անձը կարող է այդ իրավունքը տնօրինել` փոխանցել այլ անձի, ազատորեն օտարել, գրավ դնել այն, ինչպես նաև կատարել այլ գործարքներ կառուցապատման իրավունքի նկատմամբ: Կառուցապատման իրավունքը կարող է փոխանցվել այլ անձի` համապարփակ իրավահաջորդության կարգով: Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն` կառուցապատման իրավունքը ենթակա է պետական գրանցման` գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին օրենքով սահմանված կարգով: Նույն հոդվածի 8-րդ մասի համաձայն` պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողերի կառուցապատման իրավունքի տարեկան վարձավճարի չափը չի կարող պակաս լինել հողի հարկի տարեկան դրույքաչափից:

ՀՀ հողային օրենսգրքի 1-ին հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրքը հողերին վերաբերող մասով հողային հարաբերությունների նկատմամբ կիրառվում է ՀՀ հողային օրենսգրքի դրույթների հաշվառմամբ:

ՀՀ հողային օրենսգրքի 81-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` պետության և համայնքների սեփականության հողամասերի տարեկան վարձավճարի և (կամ) կառուցապատման իրավունքի վճարի չափը չի կարող պակաս լինել հողի հարկի տարեկան դրույքաչափից: Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն` հողամասերի վարձակալության և (կամ) կառուցապատման իրավունքի պայմանագիրը համարվում է չկնքված, եթե դրանում չեն սահմանվել հողամասի նկատմամբ կողմերի գույքային իրավունքները, օգտագործման նկատմամբ սահմանափակումները, վճարի չափը և վարձակալության և (կամ) կառուցապատման իրավունքի ժամկետները:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 204.1-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` այլ անձի պատկանող հողամասում անձը կարող է պայմանագրով ձեռք բերել կառուցապատման իրավունք` քաղաքաշինական նորմերի ու կանոնների, ինչպես նաև հողամասի նշանակության վերաբերյալ պահանջների պահպանմամբ սահմանված կարգով կառուցել շենքեր և շինություններ, դրանք վերակառուցել կամ քանդել և կառուցապատման իրավունքի գործողության ժամկետի ընթացքում տիրապետել և օգտագործել այդ գույքը: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` կառուցապատման իրավունք ունեցող անձը կարող է այդ իրավունքը տնօրինել` փոխանցել այլ անձի, ազատորեն օտարել, գրավ դնել այն, ինչպես նաև կատարել այլ գործարքներ կառուցապատման իրավունքի նկատմամբ: (...) Նույն հոդվածի 7-րդ կետի համաձայն` կառուցապատման իրավունքը ենթակա է պետական գրանցման` գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին օրենքով սահմանված կարգով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 439-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` պայմանագիրը ենթադրվում է հատուցելի, եթե այլ բան չի բխում օրենքից, այլ իրավական ակտերից, պայմանագրի բովանդակությունից կամ էությունից:

Վճռաբեկ դատարանը նախևառաջ հարկ է համարում անդրադառնալ կառուցապատման իրավունքի էությանը: Հիմք ընդունելով վերը վկայակոչված նորմերը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ կառուցապատման իրավունքի էությունը հանգում է նրան, որ այդ իրավունքը կրող անձը հնարավորություն է ստանում այլ անձի սեփականությունը համարվող հողամասի վրա կատարելու որոշակի գործողություններ, մասնավորապես` կառուցելու շենքեր և շինություններ, դրանք վերակառուցելու կամ քանդելու: Կառուցապատման իրավունք ունեցող անձին տրված է նաև իրավունք տնօրինելու կառուցապատման իրավունքը, այսինքն` այդ իրավունքը փոխանցելու այլ անձի, ազատորեն օտարելու, գրավ դնելու, ինչպես նաև կատարելու այլ գործարքներ կառուցապատման իրավունքի նկատմամբ: Վկայակոչված հոդվածների վերլուծությունից նաև բխում է, որ կառուցապատման իրավունք ունեցող անձին տրված իրավունքներին զուգահեռ նրա վրա դրված են որոշակի պարտականություններ, այդպիսիք են, օրինակ, կառուցապատման իրավունքի դիմաց որոշակի վարձավճար վճարելու պարտականությունը, շենքեր և շինություններ կառուցելիս, դրանք վերակառուցելիս կամ քանդելիս քաղաքաշինական նորմերի ու կանոնների, ինչպես նաև հողամասի նշանակության պահանջների պահպանման պարտականությունը և այլն:

Անդրադառնալով պետության կամ համայնքների հողերը կառուցապատման իրավունքով տրամադրելու դիմաց տրվող վարձատրությանը` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ հիմք ընդունելով ՀՀ հողային օրենսգրքի 48.1-րդ և 81-րդ հոդվածների կարգավորումները` պետության կամ համայնքի հողերի նկատմամբ կառուցապատման իրավունք ձեռք բերած անձը կրում է պարտականություն վճարելու վարձավճար, որի չափը չի կարող պակաս լինել հողի հարկի տարեկան դրույքաչափից, ընդ որում` եթե այդ հողերի նկատմամբ կառուցապատման իրավունքի տրամադրման վերաբերյալ պայմանագիրը չի պարունակում վճարի չափի վերաբերյալ պայման, ապա նման պայմանագիրը համարվում է չկնքված:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ պայմանագրի հիման վրա կառուցապատման իրավունք ձեռք բերող անձը մի կողմից ունի օրենսդրությամբ տրված իրավունքներ, այն է` կառուցելու շենքեր և շինություններ, դրանք վերակառուցելու կամ քանդելու, կառուցապատման իրավունքը տնօրինելու, այսինքն` փոխանցելու այլ անձի, ազատորեն օտարելու, այն գրավ դնելու, ինչպես նաև կատարելու այլ գործարքներ կառուցապատման իրավունքի նկատմամբ և այլն: Մյուս կողմից նա կրում է հողամասի սեփականատիրոջը կառուցապատման իրավունքի համար որոշակի հատուցում տալու պարտականություն:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 204.1-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված` կառուցապատման իրավունքի օտարման արդյունքում առաջացած իրավահարաբերությունների վրա տարածվում են նույն օրենսգրքով սահմանված պարտավորությունների մասին ընդհանուր դրույթները: Այսպես.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 345-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` պարտավորության ուժով մի անձը (պարտապանը) պարտավոր է մեկ այլ անձի (պարտատիրոջ) օգտին կատարել որոշակի գործողություն. այն է` վճարել դրամ, հանձնել գույք, կատարել աշխատանք, մատուցել ծառայություն և այլն, կամ ձեռնպահ մնալ որոշակի գործողություն կատարելուց, իսկ պարտատերն իրավունք ունի պարտապանից պահանջել կատարելու իր պարտականությունը: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` պարտավորությունները ծագում են պայմանագրից, վնաս պատճառելու հետևանքով և ՀՀ քաղաքացիական օրենսգրքում նշված այլ հիմքերից:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 346-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` պարտավորությունում որպես կողմ` պարտատեր կամ պարտապան, կարող է մասնակցել մեկ կամ միաժամանակ մի քանի անձ:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 347-րդ հոդվածի համաձայն` պարտավորությունները պետք է կատարվեն պատշաճ` պարտավորության պայմաններին, օրենքին և այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխան, իսկ նման պայմանների ու պահանջների բացակայության դեպքում` գործարար շրջանառության սովորույթներին կամ սովորաբար ներկայացվող այլ պահանջներին համապատասխան:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 352-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` եթե պարտավորությունը նախատեսում է կամ հնարավորություն է ընձեռում որոշել դրա օրը կամ ժամանակահատվածը, ապա պարտավորությունը պետք է կատարվի այդ օրը կամ այդ ժամանակահատվածի ցանկացած պահին:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 369-րդ հոդվածի համաձայն` տուժանք (տուգանք, տույժ) է համարվում օրենքով կամ պայմանագրով որոշված այն դրամական գումարը, որը պարտապանը պարտավոր է վճարել պարտատիրոջը` պարտավորությունը չկատարելու կամ անպատշաճ կատարելու դեպքում` ներառյալ կատարման կետանցի դեպքում: Տուժանք վճարելու պահանջով պարտատերը պարտավոր չէ ապացուցել, որ իրեն վնաս է պատճառվել:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 408-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` պարտավորության խախտում է համարվում այն չկատարելը կամ անպատշաճ (կետանցով, ապրանքների, աշխատանքների և ծառայությունների թերություններով կամ պարտավորության բովանդակությամբ որոշվող այլ պայմանների խախտմամբ) կատարելը:

Անդրադառնալով վերոնշյալ հոդվածների վերլուծությանը` ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ պարտավորության ուժով պարտապանը պարտավոր է պարտատիրոջ օգտին կատարել որոշակի գործողություն, այն է` վճարել դրամ, հանձնել գույք, կատարել աշխատանք, մատուցել ծառայություն և այլն, կամ ձեռնպահ մնալ որոշակի գործողություն կատարելուց, իսկ պարտատերն իրավունք ունի պարտապանից պահանջելու կատարել իր պարտականությունը: Ընդ որում, պարտավորությունները պետք է կատարվեն պատշաճ, հակառակ դեպքում պարտավորությունը խախտողի նկատմամբ առաջանում են որոշակի բացասական հետևանքներ (տե՛ս, Լիլիթ Գրիգորյանն ընդդեմ Աղվան Կարապետյանի քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.12.2017 թվականի թիվ ԳԴ4/0019/02/16 որոշումը):

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ պարտավորությունների պատշաճ կատարումը, որպես պարտավորությունների կատարման ընդհանուր և հիմնարար սկզբունք, ենթադրում է պարտավորության բովանդակությունը կազմող գործողությունների կատարում` պարտավորության պայմաններին, օրենքի և այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխան (տե՛ս, ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունն ընդդեմ «Լճակ» ԼՏԸ-ի, Հրաչյա Պետրոսյանի քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.12.2009 թվականի թիվ ԵԿԴ/0020/02/08 որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկին որոշումներից մեկով անդրադառնալով պարտավորական հարաբերությունների էությանը, արձանագրել է, որ ձևավորված պարտավորաիրավական հարաբերությունների շրջանակում կողմերից մեկը հանդես է գալիս իրավազոր անձ` «պարտատեր», իսկ մյուս կողմը` պարտավոր անձ` «պարտապան»: ՈՒստի իրավազոր անձի` պահանջի սուբյեկտիվ իրավունքին համապատասխանում է պարտապանի` պարտավորությունը պատշաճ կատարելու պարտականությունը: Այսպիսով, պարտավորական իրավահարաբերության մեջ պարտատիրոջ սուբյեկտիվ իրավունքը պահանջի իրավունքն է, որը կարող է իրացվել միայն այն ժամանակ, երբ պարտապանը պատշաճ կատարի իր վրա դրված պարտավորությունը (տե՛ս, Քարոլին Բաղումյանն ընդդեմ Նունուֆար Հովհաննիսյանի թիվ ԵԿԴ/1447/02/12 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.07.2014 թվականի որոշումը):

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 406-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերի համաձայն` պարտապանը կարող է իր պարտքն այլ անձի փոխանցել միայն պարտատիրոջ համաձայնությամբ, բացառությամբ «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» ՀՀ օրենքով, «Ապահովված հիփոթեքային պարտատոմսերի մասին» ՀՀ օրենքով նախատեսված դեպքերի: Պարտքի փոխանցման ձևի նկատմամբ կիրառվում են նույն օրենսգրքի 404-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերում ամրագրված կանոնները:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 404-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերի համաձայն` հասարակ գրավոր կամ նոտարական ձևով կնքված գործարքի վրա հիմնված պահանջը պետք է զիջվի նույն ձևով: Այն գործարքով, որից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման, պահանջի զիջումը պետք է գրանցվի այդ իրավունքների գրանցման համար սահմանված կարգով, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով:

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ դիրքորոշում արտահայտելով պարտավորական իրավահարաբերություններում պարտատիրոջ և (կամ) պարտապանի անձերի փոփոխության վերաբերյալ, արձանագրել է, որ պարտավորության մեջ անձերի փոփոխության դեպքում պարտավորությունը չի դադարում, այլ տեղի է ունենում սուբյեկտիվ իրավունքների և պարտականությունների փոխանցում մեկ անձից մյուսին: Այսպես, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 406-րդ հոդվածի հիմքով օրենսդիրը հնարավորություն է ընձեռել պարտապանին իր պարտքն այլ անձի փոխանցելով` դուրս գալ պարտավորություններից և իր փոխարեն ներգրավելու պարտավորության մեջ այլ անձի (տե՛ս, Կարեն Քալանթարյանն ընդդեմ Մուշեղ Շախկուլյանի, երրորդ անձ Մարգարիտ Մարտիրոսյանի թիվ ԱՎԴ/0412/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 28.11.2014 թվականի որոշումը):

Հիմք ընդունելով վերը շարադրված իրավական վերլուծությունները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ որպես կանոն պարտավորական իրավահարաբերություններում պարտատերն ու պարտապանը մինչև պարտավորության դադարումը մնում են անփոփոխ: Միաժամանակ օրենսդիրը նախատեսել է մինչև պարտավորության դադարումը պարտավորության մեջ անձանց փոփոխության հնարավորություն: Նման դեպքերում պարտավորական հարաբերություններում անձանց փոփոխությունը հանգեցնում է իրավահաջորդության, այն է` իրավունքների և պարտականությունների փոխանցում նոր մասնակցին:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ կառուցապատման իրավունքի տրամադրման մասին պայմանագրի հիման վրա կառուցապատման իրավունք ձեռք բերած անձի կողմից այդ իրավունքն օտարելիս տեղի է ունենում իրավահաջորդություն, այսինքն` առանց պարտավորությունը դադարելու տեղի է ունենում անձանց փոփոխություն, ուստի իրավունքի փոխանցման հետ միաժամանակ գնորդին են անցնում նույն պայմանագրով ստանձնած նրա պարտավորությունները, այսինքն` կառուցապատման իրավունք ձեռք բերած անձի կողմից այդ իրավունքը գնորդին օտարելու արդյունքում գնորդին է փոխանցվում նաև կառուցապատման իրավունք ձեռք բերած անձի` կառուցապատման իրավունքի տրամադրման մասին պայմանագրի հիման վրա ծագած իրավունքների և պարտականությունների ամբողջական համալիրը: Այլ կերպ ասած, եթե գնորդը կառուցապատման իրավունքի օտարման պայմանագրով ձեռք է բերում հողամասի կառուցապատման իրավունք, ապա նրան են փոխանցվում նաև կառուցապատման իրավունքի նախկին իրավատիրոջ պարտավորությունները:

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործի փաստերի համաձայն` Երևան համայնքի և «Կենտրոն-Կանաչապատում» ՓԲԸ-ի միջև կնքված հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին պայմանագրով Երևան համայնքը «Կենտրոն-Կանաչապատում» ՓԲԸ-ին տրամադրել է Երևան համայնքին սեփականության իրավունքով պատկանող 1.748քմ մակերեսով հողամաս, որը գտնվում է Օղակաձև զբոսայգու 6-րդ հատվածում: Նշված պայմանագրով սահմանվել է, որ կառուցապատման իրավունք ունեցող անձն իրավունք ունի տնօրինել կառուցապատման իրավունքը` փոխանցել այլ անձի, ազատորեն օտարել, գրավ դնել այն, ինչպես նաև կատարել այլ գործարքներ կառուցապատման իրավունքի նկատմամբ: Նույն պայմանագրով սահմանվել է, որ կառուցապատման իրավունք ունեցող անձը պարտավոր է ժամանակին վճարել կառուցապատման իրավունքի համար վճարը, որը կազմում է տվյալ հողամասի հողի հարկի դրույքաչափին հավասարեցված տարեկան վարձավճարը: Պայմանագրով նախատեսվել է նաև, որ տարեկան վարձավճարները կառուցապատման իրավունք ձեռքբերող անձի կողմից կատարվում են հավասար չափերով ըստ տարվա օրացուցային եռամսյակների ոչ ուշ, քան մինչև համապատասխան եռամսյակի վերջին ամսվա 25-ը, իսկ կառուցապատման իրավունք ունեցող անձի կողմից պայմանագրով սահմանված ժամկետներում վճարումներ չկատարվելու դեպքում վերջինս կետանցի յուրաքանչյուր օրվա համար վճարում է տույժ տարեկան վճարի գումարի 0,15 տոկոսի չափով:

«Կենտրոն Կանաչապատում» ՓԲԸ-ի և Ընկերության միջև 31.07.2010 թվականին կնքված, նոտարական կարգով վավերացված կառուցապատման իրավունքի առուվաճառքի մասին պայմանագրով «Կենտրոն Կանաչապատում» ՓԲԸ-ն վաճառել է, իսկ Ընկերությունը 3.800.000 ՀՀ դրամով գնել է նշված հողամասի նկատմամբ ունեցած կառուցապատման իրավունքը:

Դատարանը հայցը բավարարել է այն պատճառաբանությամբ, որ կառուցապատման իրավունք ունեցող անձն իրավունք ունի ազատորեն տնօրինելու իր իրավունքը, իսկ պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողերի համար սահմանված է վարձավճար, ուստի ելնելով սույն գործում առկա ապացույցներից` Ընկերությունն իրեն տրամադրված կառուցապատման իրավունքի դիմաց պարտավոր էր վճարել պայմանագրով նախատեսված վարձավճարը և սահմանված տույժը` տարեկան վճարի գումարի 0,15 տոկոսի չափով` պարտավորությունը պատշաճ չկատարելու համար:

Վերաքննիչ դատարանը բավարարել է վերաքննիչ բողոքն այն պատճառաբանությամբ, որ «Կենտրոն Կանաչապատում» ՓԲԸ-ի և Ընկերության միջև կնքված կառուցապատման իրավունքի առուվաճառքի մասին պայմանագրի ուժով կողմերի միջև ծագած պարտավորության հիման վրա Ընկերությունը ստանձնել է բացառապես «Կենտրոն Կանաչապատում» ՓԲԸ-ին 3.800.000 ՀՀ դրամի չափով կառուցապատման իրավունքի ձեռքբերման գինը վճարելու պարտավորություն, որն էլ Ընկերության կողմից ամբողջությամբ վճարվել է պայմանագրի ստորագրման պահին, իսկ կառուցապատման իրավունքի համար վճար վճարելու պարտականությունը «Կենտրոն Կանաչապատում» ՓԲԸ-ից Ընկերությանը փոխանցված լինելու մասին դրույթ առուվաճառքի մասին պայմանագրով չի նախատեսվել:

 

Ելնելով վերը շարադրված վերլուծություններից, համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Սույն գործով կառուցապատման իրավունքի օտարումն արտահայտվել է առուվաճառքի միջոցով, այն է` «Կենտրոն Կանաչապատում» ՓԲԸ-ն վաճառել է, իսկ Ընկերությունը գնել է Երևան համայնքին սեփականության իրավունքով պատկանող 1.748քմ մակերեսով հողամասում կառուցապատում իրականացնելու իրավունքը:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ընկերության կողմից «Կենտրոն Կանաչապատում» ՓԲԸ-ին պատկանող կառուցապատման իրավունքի գնման արդյունքում Երևանի համայնքի և «Կենտրոն-Կանաչապատում» ՓԲԸ-ի միջև կնքված հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին պայմանագրով ծագած պարտավորական հարաբերությունների մեջ տեղի է ունեցել անձանց փոփոխություն, այն է` կառուցապատման իրավունքի տրամադրման մասին պայմանագրով «Կենտրոն Կանաչապատում» ՓԲԸ-ն փոխարինվել է Ընկերությունով:

«Կենտրոն Կանաչապատում» ՓԲԸ-ն կառուցապատման իրավունքի տրամադրման մասին պայմանագրով ձեռք բերված կառուցապատման իրավունքի հետ միաժամանակ ստանձնել է նաև որոշակի պարտավորություններ, ուստի կառուցապատման իրավունքն օտարելիս գնորդին են փոխանցվել ինչպես իրավունքները, այնպես էլ` պարտականությունները:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ընկերությունը «Կենտրոն Կանաչապատում» ՓԲԸ-ից գնել է Երևան համայնքի հետ կնքված պայմանագրով ձեռք բերված կառուցապատման իրավունքը` այդ պայմանագրի հիման վրա ծագած իրավահարաբերությունների մեջ դառնալով նաև պարտապան: Այսինքն` «Կենտրոն Կանաչապատում» ՓԲԸ-ի հետ կնքված պայմանագրի հիմքով ձեռք բերված իրավունքների փոխանցման հետ միաժամանակ Ընկերությանն են փոխանցվել նաև նույն պայմանագրով «Կենտրոն Կանաչապատում» ՓԲԸ-ի ստանձնած պարտավորությունները, այդ թվում նաև` կառուցապատման իրավունքի համար վճարումներ կատարելու և սահմանված ժամկետներում վճարումներ չկատարվելու դեպքում կետանցի յուրաքանչյուր օրվա համար տույժ վճարելու պարտականությունները:

Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի այն պատճառաբանությանը, որ «Կենտրոն Կանաչապատում» ՓԲԸ-ի և Ընկերության միջև կնքված կառուցապատման իրավունքի առուվաճառքի մասին պայմանագրով արդեն իսկ վճարվել է կառուցապատման համար վարձավճարի գումարը, ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ առուվաճառքի պայմանագրով 3.800.000 ՀՀ դրամը սահմանվել է որպես կառուցապատման իրավունքը գնելու գումար, իսկ մյուս, մասնավորապես` կառուցապատման իրավունքի տարեկան վարձավճար, ներառյալ տույժեր վճարելու պարտավորություններն Ընկերությանը փոխանցվել են կառուցապատման իրավունքը գնելու հետևանքով:

Ամփոփելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ընկերությունը խախտել է 15.06.2010 թվականին կնքված հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին թիվ 31/Կ պայմանագրի 5.1-րդ և 6.2-րդ կետերով սահմանված տարեկան վարձավճար վճարելու և վճարումներ չկատարվելու դեպքում կետանցի յուրաքանչյուր օրվա համար տույժ վճարելու պարտավորությունները, որպիսի իրավաչափ հետևության հանգել է Դատարանը, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

 

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով սահմանված` առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր: Հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից:

Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` գործին մասնակցող անձը, որի դեմ կայացվել է եզրափակիչ դատական ակտ, կրում է Հայաստանի Հանրապետության կողմից վկաներին, փորձագետներին, մասնագետներին և թարգմանիչներին վճարված գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև դատարանի և գործին մասնակցող անձանց կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունն այնքանով, որքանով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն գլխի կանոններին համապատասխան:

Սույն գործով նկատի ունենալով, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, որպիսի պայմաններում Վերաքննիչ դատարանի որոշումը ենթակա է բեկանման, Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի իրավակարգավորումը, գտնում է, որ Ընկերությունից հօգուտ Երևան համայնքի ենթակա է բռնագանձման 18.500 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրք:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 29.05.2018 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 24.11.2017 թվականի վճռին:

2. «Օդին» ՍՊԸ-ից հօգուտ Երևան համայնքի բռնագանձել 18.500 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի հատուցման գումար:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող Ռ. Հակոբյան

Զեկուցող  Վ. Ավանեսյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Գ. Հակոբյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
04.07.2019
N ԵԱՔԴ/5085/02/16
Որոշում