Սեղմել Esc փակելու համար:
ԱՐԴՅՈ՞Ք ԲԱՆԿՆ ԻՐ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ ՄԻԱԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՐԴՅՈ՞Ք ԲԱՆԿՆ ԻՐ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ ՄԻԱԿՈՂՄԱՆԻՈՐԵՆ ԿԱՐՈՂ Է ՍԱՀՄԱՆԵԼ ՎԱՐԿԻ ՄԱՐՈՒՄՆԵՐ ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական              Քաղաքացիական գործ      

    դատարանի որոշում                       թիվ ԵԿԴ/1209/02/16   

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/1209/02/16   2019 թ.

Նախագահող դատավոր` Ա. Պետրոսյան

    Դատավորներ`        Տ. Նազարյան   

                       Ն. Բարսեղյան     

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող Ռ. Հակոբյան

զեկուցող  Ա. Բարսեղյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ե. Խունդկարյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

2019 թվականի հունիսի 07-ին

գրավոր ընթացակարգով քննելով Վահե Աֆանդյանի ներկայացուցիչ Արմինե Ավետիսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 19.04.2018 թվականի որոշման դեմ` ըստ հայցի «Արդշինբանկ» ՓԲԸ-ի (իրավանախորդ` «ԱՌԷԿՍԻՄԲԱՆԿ-ԳԱԶՊՐՈՄԲԱՆԿԻ ԽՈՒՄԲ» ՓԲԸ) (այսուհետ` Բանկ) ընդդեմ Վահե Աֆանդյանի` գումար բռնագանձելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Բանկը պահանջել է Վահե Աֆանդյանից բռնագանձել 72.214,90 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ` որպես հաշվեգրված տոկոսի և տույժի գումար:

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Գ. Մազմանյան) (այսուհետ` Դատարան) 04.07.2017 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 19.04.2018 թվականի որոշմամբ Բանկի վերաքննիչ բողոքը բավարարվել է` Դատարանի 04.07.2017 թվականի վճիռը բեկանվել և փոփոխվել է` հայցը բավարարվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Վահե Աֆանդյանի ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Բանկը:

 

i

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 347-րդ, 358-րդ, 408-րդ և 424-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ հաճախորդի պարտականությունների մեջ մտնում է պարտավորության գումարի փոխանցումը Բանկին, իսկ մնացած բոլոր գործողությունները կատարվում են Բանկի կողմից իր ներքին կառուցվածքային ստորաբաժանումների միջոցով: Այսինքն` այն դեպքում, երբ Բանկը խախտում է պարտավորության մարման հերթականությունը, ապա վերջինս էլ կրում է դրա բացասական հետևանքը: Այլապես, եթե առաջնորդվենք Վերաքննիչ դատարանի որդեգրած այն տրամաբանությամբ, որ պարտավորությունների մարման հերթականության խախտումը պատասխանողին չի կարող ազատել դրա մի մասի կատարումից, ապա կհանգենք այն եզրակացության, որ օրենսդրի կողմից սահմանված պարտավորությունների կատարման հերթականությունն ինքնանպատակ է և դրա խախտումը չի կարող առաջացնել որևէ իրավական հետևանք:

Սույն գործով Վերաքննիչ դատարանը հաստատված է համարել այն փաստը, որ Բանկի կողմից թույլ է տրվել օրենքի և պայմանագրի խախտում, սակայն անհասկանալի կերպով հետևություն է արել այն մասին, որ այդ խախտումը որևէ իրավական հետևանք չի կարող առաջացնել և չի կարող պարտավորությունների դադարման հիմք հանդիսանալ:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 19.04.2018 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 04.07.2017 թվականի վճռին:

 

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Եթե նույնիսկ ընդունենք, որ Բանկը միակողմանի փոփոխել է իր և Վահե Աֆանդյանի միջև կնքված պայմանագրի 3.2-րդ կետը` սահմանելով պարտավորության կատարման նոր հերթականություն, այնուամենայնիվ, հաշվի առնելով Բանկի և պատասխանողի միջև պարտավորության առկայության փաստը, վարկառուն ոչ միայն պետք է վերադարձներ ստացված գումարը, այլև տոկոսներ վճարեր, հետևաբար վարկի մարման նոր հերթականության սահմանումը չի կարող դիտարկվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 424-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված պարտավորության դադարում:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Բանկի և Վահե Աֆանդյանի միջև 02.04.2013 թվականին կնքված թիվ Օ02975 վճարային քարտերով տրամադրվող վարկային գծի պայմանագրի (այսուհետ` Պայմանագիր) համաձայն` Վահե Աֆանդյանին տրամադրվել է 200.000 ԱՄՆ դոլարի չափով վարկ: Պայմանագրի 3.2-րդ կետի համաձայն` մարումներ կատարելիս առաջնահերթության կարգով վճարվում են` գերածախսը, տուժանքները, տոկոսները, այնուհետև` վարկային գծի հիմնական գումարը: Պայմանագրի 4.2.3-րդ կետի «ա» ենթակետի համաձայն` Բանկն իրավունք ունի վարկառուից պահանջել հետ վերադարձնել վարկային գիծը, հաշվեգրված տոկոսներն ու Պայմանագրով Բանկին վճարման ենթակա այլ գումարները և միակողմանիորեն վաղակետ լուծել Պայմանագիրը և դադարեցնել վարկային գծի գործողությունը, եթե վարկառուն ունի Պայմանագրով ստանձնած պարտավորությունների որևէ խախտում կամ կետանց (հատոր 1-ին, գ.թ. 31-34):

2) Բանկի 19.02.2014 թվականի թիվ ՎՆ15/544 պահանջագրի համաձայն` Վահե Աֆանդյանի ստանձնած պայմանագրային պարտավորությունները 17.02.2014 թվականի դրությամբ կազմել է 229.543,16 ԱՄՆ դոլար ժամկետանց պարտք, որից` 196.395,87 ԱՄՆ դոլարը` ժամկետանց վարկի, 20.941,72 ԱՄՆ դոլարը` ժամկետանց տոկոսագումարների և 12.205,57 ԱՄՆ դոլարը` տույժերի, տուգանքների պարտք (հատոր 1-ին, գ.թ. 13):

3) Բանկի 18.06.2014 թվականի վարկային կոմիտեի նիստի թիվ 036 արձանագրության համաձայն` Բանկի հաճախորդ «Բյուրակն» ՍՊԸ-ի վարկային պարտավորությունների կատարման ապահովման միջոց գրավադրված` Երևանի Նուբարաշեն վարչական շրջանի Մասիսի խճուղու թիվ 105/15 հասցեում գտնվող 74,3 հա ընդհանուր մակերեսով հողամասը` 1.188.800.000 ՀՀ դրամ ընդհանուր գումարով, Բանկին` որպես սեփականություն անցնելու հաշվին մարվել են «Բյուրակն» ՍՊԸ-ի կողմից երաշխավորված անձանց վարկային պարտավորությունները, մասնավորապես` մարվել է քաղաքացի Վահե Աֆանդյանի վարկային պայմանագրով նախատեսված մայր գումարն ամբողջությամբ (հատոր 1-ին, գ.թ. 35):

4) Բանկի գործառնական վարչության պետի կողմից 11.01.2016 թվականին տրված տեղեկանքի համաձայն` վարկառու Վահե Աֆանդյանի պարտավորության չափը 10.01.2016 թվականի դրությամբ կազմել է 72.214,92 ԱՄՆ դոլար, որից 20.941,72 ԱՄՆ դոլարը` որպես տոկոսագումար, 11.106,02 ԱՄՆ դոլարը` որպես ԲՏՀԴ տոկոսագումար, 33.780,57 ԱՄՆ դոլարը` որպես վարկի տույժի գումար, 6.386,61 ԱՄՆ դոլարը` որպես տոկոսի տույժի գումար (հատոր 1-ին, գ.թ. 89):

5) Թիվ Օ02975 քաղվածքի համաձայն` վարկառու Վահե Աֆանդյանի պարտավորության չափը 14.11.2016 թվականի դրությամբ կազմել է 72.214,92 ԱՄՆ դոլար, որից 20.941,72 ԱՄՆ դոլարը` որպես հաշվարկված տոկոսագումար, 11.106,02 ԱՄՆ դոլարը` որպես ԲՏՀԴ հաշվարկված տոկոսագումար, 33.780,57 ԱՄՆ դոլարը` որպես ժամկետանց վարկի տույժի գումար, 6.386,61 ԱՄՆ դոլարը` որպես ժամկետանց տոկոսի տույժի գումար (հատոր 1-ին, գ.թ. 76-77):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

 

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 358-րդ հոդվածի վերաբերյալ կարող են էական նշանակություն ունենալ տվյալ իրավադրույթի միատեսակ կիրառության համար, ինչպես նաև Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 358-րդ հոդվածի և 424-րդ հոդվածի 1-ին կետի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

 

Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ հարցադրմանը. արդյո՞ք բանկն իր նախաձեռնությամբ միակողմանիորեն կարող է սահմանել վարկի մարումների նոր հերթականություն այն պարագայում, երբ պայմանագրով արդեն իսկ սահմանված է վարկի մարումների այլ առաջնահերթություն:

 

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացիական օրենսդրությունը հիմնվում է իր կողմից կարգավորվող հարաբերությունների մասնակիցների հավասարության, կամքի ինքնավարության և գույքային ինքնուրույնության, սեփականության անձեռնմխելիության, պայմանագրի ազատության, մասնավոր գործերին որևէ մեկի կամայական միջամտության անթույլատրելիության, քաղաքացիական իրավունքների անարգել իրականացման անհրաժեշտության, խախտված իրավունքների վերականգնման ապահովման, դրանց դատական պաշտպանության սկզբունքների վրա: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` քաղաքացիները և իրավաբանական անձինք քաղաքացիական իրավունքները ձեռք են բերում ու իրականացնում իրենց կամքով և ի շահ իրենց: Նրանք ազատ են պայմանագրի հիման վրա սահմանելու իրենց իրավունքները և պարտականությունները, որոշելու պայմանագրի` օրենսդրությանը չհակասող ցանկացած պայման:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 8-րդ հոդվածի համաձայն` քաղաքացիական իրավական նորմերը պետք է մեկնաբանվեն դրանցում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությամբ: Քաղաքացիական իրավական նորմերի տեքստում կիրառվող բառերի և արտահայտությունների տարբեր ձևերով մեկնաբանման դեպքում, նախապատվությունը տրվում է նույն օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետում շարադրված` քաղաքացիական օրենսդրության սկզբունքներին համապատասխանող մեկնաբանմանը:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 436-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` պայմանագիր է համարվում երկու կամ մի քանի անձանց համաձայնությունը, որն ուղղված է քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն կամ դադարելուն:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 437-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացիները և իրավաբանական անձինք ազատ են պայմանագիր կնքելիս: Պայմանագիր կնքելուն հարկադրել չի թույլատրվում, բացառությամբ այն դեպքերի, երբ պայմանագիր կնքելու պարտականությունը նախատեսված է նույն օրենսգրքով, օրենքով կամ կամովին ստանձնած պարտավորությամբ:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 437-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն` պայմանագրի պայմանները որոշվում են կողմերի հայեցողությամբ, բացի այն դեպքերից, երբ համապատասխան պայմանի բովանդակությունը սահմանված է օրենքով կամ այլ իրավական ակտերով (հոդված 438):

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 358-րդ հոդվածի համաձայն` դրամական պարտավորությունը լրիվ կատարելու համար վճարված գումարի անբավարարության դեպքում, եթե այլ համաձայնություն չի կայացվել, առաջին հերթին մարվում են պարտավորության կատարման ստացմանն ուղղված` պարտատիրոջ ծախսերը, այնուհետև` տոկոսները, ներառյալ` նույն օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսները, իսկ մնացած մասով` պարտքի հիմնական գումարը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 887-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` վարկային պայմանագրով բանկը կամ այլ վարկային կազմակերպությունը (վարկատուն) պարտավորվում է պայմանագրով նախատեսված չափերով և պայմաններով դրամական միջոցներ (վարկ) տրամադրել փոխառուին, իսկ փոխառուն պարտավորվում է վերադարձնել ստացված գումարը և տոկոսներ վճարել դրանից: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` վարկային պայմանագրից բխող հարաբերությունների նկատմամբ կիրառվում են նույն օրենսգրքի 46-րդ գլխում նախատեսված կանոնները, եթե այլ բան նախատեսված չէ նույն գլխի կանոններով և վարկային պայմանագրով:

i

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացված որոշմամբ անդրադառնալով վարկային պայմանագրի վերաբերյալ վկայակոչված իրավակարգավորումների վերլուծությանը, նշել է, որ պարտավորական իրավահարաբերությունների ծագման հիմք է նաև վարկային պայմանագիրը, որը, լինելով երկկողմանի պայմանագիր, սահմանում է փոխառուի (պարտապանի) հիմնական պարտականությունը, այն է` վարկատուին (պարտատիրոջը) վերադարձնել փոխառությամբ ստացված գումարը և տոկոսներ վճարել դրանից: Ընդ որում, օրենսդիրը սահմանել է, որ վարկային իրավահարաբերությունների վրա տարածվում են փոխառության իրավահարաբերությունների ընդհանուր կանոնները, եթե այլ բան նախատեսված չէ վարկային պայմանագրով և փոխառության իրավահարաբերությունների ընդհանուր կանոններով (տե՛ս, «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» ՓԲԸ-ն ընդդեմ Յուրի Ջալալովի և մյուսների թիվ ԵԷԴ/0230/02/12 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.03.2008 թվականի որոշումը):

Վերահաստատելով և զարգացնելով նշված իրավական դիրքորոշումը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ելնելով վարկի և փոխառության պայմանագրերի ընդհանրական հատկանիշներից` օրենսդիրը նախատեսել է, որ վարկային պայմանագրից բխող հարաբերությունների նկատմամբ կիրառվում են փոխառության պայմանագրի համար նախատեսված կանոնները: Միևնույն ժամանակ, ընդունելով վերոհիշյալ երկու պայմանագրերի ընդհանրությունները` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում ընդգծել, որ ի տարբերություն փոխառության պայմանագրի` վարկային պայմանագրով կարող են տրամադրվել միայն դրամական միջոցներ և միայն որոշակի սուբյեկտների` բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից: Վճռաբեկ դատարանը փաստում է, որ վարկային պայմանագրի կարևորագույն առանձնահատկությունն է նաև այն, որ այդ պայմանագրով բանկը կամ վարկային կազմակերպությունն ակնկալում է որոշակի հատուցում, այլ կերպ ասած` այն հատուցելի պայմանագիր է: Բանկը վարկային պայմանագրով որոշակի դրամական միջոցներ փոխառուին տրամադրելու դիմաց ակնկալում է, որ փոխառուն պետք է իրեն վերադարձնի այդ միջոցները և բացի դրանից նաև վճարի որոշակի տոկոսներ` տրամադրված միջոցների օգտագործման դիմաց որպես հատուցում: Նմանատիպ մոտեցումը բխում է վարկային պայմանագրի էությունից, քանի որ բանկը, իր ունեցած միջոցներից որոշակի մասը տրամադրելով կոնկրետ անձին, զրկվում է դրանց տնօրինման և այլ անձանց տրամադրելու միջոցով շահույթ ստանալու հնարավորությունից, ուստի ակնկալում է որոշակի վարձատրություն` տոկոսների տեսքով: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նմանատիպ մոտեցումը բխում է հենց ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 887-րդ հոդվածի կարգավորումից, որի համաձայն` փոխառուն պարտավորվում է վերադարձնել ստացված գումարը և տոկոսներ վճարել դրանից:

Հիմք ընդունելով վարկային պայմանագրի` պարտավորական հարաբերությունների ծագման ինքնուրույն հիմք լինելու հանգամանքը և այդ հարաբերությունների դրամական բնույթը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դրա նկատմամբ կիրառելի են դրամական պարտավորությամբ պահանջները մարելու հերթականության վերաբերյալ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 358-րդ հոդվածի կարգավորումները: ՈՒստի, եթե կողմերի միջև առկա չէ այլ համաձայնություն, առաջին հերթին մարվում են պարտավորության կատարման ստացմանն ուղղված` պարտատիրոջ ծախսերը, այնուհետև` տոկոսները, ներառյալ` նույն օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսները, իսկ մնացած մասով` պարտքի հիմնական գումարը: ՀՀ քաղաքացիական օրենսգրքում նմանատիպ կարգավորում նախատեսելը նպատակ է հետապնդել պարտավորության մարման հերթականության հարցում սահմանելու որոշակիություն: Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նաև ընդգծել, որ օրենսդիրը նախատեսել է նման հերթականությունից շեղվելու հնարավորություն, որպիսին կարող է լինել կողմերի համաձայնությունը: Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ եթե կողմերն այլ բան չեն նախատեսել, ապա կաշկանդված են սույն կարգավորմամբ, և ցանկացած դեպքում առաջնահերթությունը փոփոխելիս պետք է առկա լինի նրանց համաձայնությունը: Նմանատիպ մոտեցումից բխում է, որ դրամական պարտավորության մարման առաջնահերթության վերաբերյալ պայմանը միակողմանիորեն չի կարող փոփոխվել: Ուստի, վարկային պայմանագրով նախատեսված դրամական պարտավորության մարման առաջնահերթության վերաբերյալ պայմանագրի պայմանը փոխատուի կողմից միակողմանի փոփոխելը և պարտավորության հիմնական գումարն առաջին հերթին մարելը հակասում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի վկայակոչված կարգավորմանը:

Սույն գործի փաստերի համաձայն` Բանկի և Վահե Աֆանդյանի միջև 02.04.2013 թվականին կնքվել է Պայմանագիր, որով Վահե Աֆանդյանին տրամադրվել է 200.000 ԱՄՆ դոլարի չափով վարկ: Պայմանագրի 3.2-րդ կետով սահմանվել է, որ մարումներ կատարելիս առաջնահերթության կարգով վճարվում են գերածախսը, տուժանքները, տոկոսները, այնուհետև` վարկային գծի հիմնական գումարը: Բանկի 18.06.2014 թվականի վարկային կոմիտեի նիստի թիվ 036 արձանագրության համաձայն` Բանկի հաճախորդ «Բյուրակն» ՍՊԸ-ի վարկային պարտավորությունների կատարման ապահովման միջոց գրավադրված` Երևանի Նուբարաշեն վարչական շրջանի Մասիսի խճուղու թիվ 105/15 հասցեում գտնվող 74,3 հա ընդհանուր մակերեսով հողամասը` 1.188.800.000 ՀՀ դրամ ընդհանուր գումարով, Բանկին` որպես սեփականություն անցնելու հաշվին մարվել են «Բյուրակն» ՍՊԸ-ի կողմից երաշխավորված անձանց վարկային պարտավորությունները, մասնավորապես` մարվել է քաղաքացի Վահե Աֆանդյանի վարկային պայմանագրով նախատեսված մայր գումարն ամբողջությամբ: Բանկի գործառնական վարչության պետի կողմից 11.01.2016 թվականին տրված տեղեկանքի համաձայն` վարկառու Վահե Աֆանդյանի պարտավորության չափը 10.01.2016 թվականի դրությամբ կազմել է 72.214,92 ԱՄՆ դոլար, որից 20.941,72 ԱՄՆ դոլարը` որպես տոկոսագումար, 11.106,02 ԱՄՆ դոլարը` որպես ԲՏՀԴ տոկոսագումար, 33.780,57 ԱՄՆ դոլարը` որպես վարկի տույժի գումար, 6.386,61 ԱՄՆ դոլարը` որպես տոկոսի տույժի գումար: 19.02.2014 թվականին Բանկը Վահե Աֆանդյանին ներկայացրել է պահանջագիր` վճարելու պարտավորությամբ նախատեսված հիմնական գումարը և տոկոսները, սակայն Վահե Աֆանդյանի կողմից դրանք չկատարվելու հետևանքով Բանկը պարտավորությունը հիմնական գումարի մասով մարել է երաշխավորության հաշվին` խախտելով դրամական պարտավորության սահմանված հերթականությունը:

Սույն գործով Դատարանը, մերժելով հայցը, նշել է, որ պատասխանողն ի սկզբանե իմացել և գիտակցել է, որ գրավի առարկայի օտարումից պետք է մարվեն Բանկի հանդեպ իր ունեցած պարտավորությունները` պայմանագրի և օրենքի պահանջների համաձայն, սկզբում պետք է մարվեն տոկոսագումարը, ԲՏՀԴ տոկոսագումարը, վարկի տույժը և տոկոսի տույժը, որից հետո` մայր գումարը: Հետևաբար Դատարանը գտել է, որ կատարմամբ Բանկի հանդեպ պատասխանողի ունեցած պարտավորությունը դադարել է:

Վերաքննիչ դատարանը, բավարարելով վերաքննիչ բողոքը, պատճառաբանել է, որ պատասխանողը պատշաճ չի կատարել վարկային պայմանագրով ստանձնած իր պարտավորությունները` պայմանագրով սահմանված ժամկետներում չի վճարել վարկի գումարները, հաշվեգրված տոկոսները և տույժերը, իսկ Բանկը գրավադրված գույքի հաշվին մարել է միայն պարտավորության մայր գումարը, իսկ տոկոսները և տույժերը մնացել են չմարված, որպիսի պայմաններում Վերաքննիչ դատարանը գտել է, որ խոսք չի կարող լինել կատարման միջոցով պարտավորության դադարման մասին:

 

Համադրելով վերոշարադրյալ իրավական վերլուծությունները սույն գործի փաստերի հետ` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վարկային պայմանագրի էությունից բխում է վարկատուի` հատուցում ստանալու իրավունքը: Բացի այդ, սույն գործով կողմերի միջև կնքված Պայմանագրի 4.2.3-րդ կետի «ա» ենթակետից հետևում է նաև, որ վարկային գծով տրամադրված հիմնական գումարը և հաշվեգրվող տոկոսները պահանջելու իրավունք առկա է նաև այն իրավիճակում, երբ վարկառուի կողմից կատարվում է պայմանագրի խախտում կամ կետանց: Ելնելով վերոշարադրյալից` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ թեև վարկային պայմանագրի էությունից բխում է հատուցելիությունը և գործով ներկայացված պայմանագրի համաձայն նաև` դրա խախտման դեպքում Բանկն իրավունք է ունենում պահանջելու համապատասխան դրամական միջոցները, մինչդեռ սույն գործով հաշվի առնելով այն, որ Բանկը միակողմանիորեն է փոփոխել Պայմանագրի 3.2-րդ կետը, այն է` առաջնահերթ մարել է դրամական պարտավորության հիմնական գումարը` խախտելով պայմանագիրը և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 358-րդ հոդվածը, ուստի Վճռաբեկ դատարանի կողմից Բանկի նմանատիպ վարքագիծը գնահատվում է որպես ոչ իրավաչափ, քանի որ դրամական պարտավորության մարման առաջնահերթության վերաբերյալ պայմանը միակողմանիորեն չի կարող փոփոխվել: Ելնելով վերոգրյալից Վճռաբեկ դատարանը հավելում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 358-րդ և 887-րդ հոդվածների իրավակարգավորման համաձայն` փոխառուն պարտավորվում է վերադարձնել ստացված գումարը և տոկոսներ վճարել դրանից, և պարտապանի դրամական պարտավորությունը լրիվ կատարելու համար պայմանագիրը կնքած կողմերի միջև այլ համաձայնության բացակայության պայմաններում առաջին հերթին ամեն դեպքում մարվում են պարտավորության կատարման ստացմանն ուղղված` պարտատիրոջ ծախսերը, այնուհետև` տոկոսները, վերջում միայն պարտքի հիմնական գումարը:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ըստ Բանկի 19.02.2014 թվականի թիվ ՎՆ15/544 պահանջագրի` Վահե Աֆանդյանի ստանձնած պայմանագրային պարտավորությունները` հիմնական գումարի մասով, 17.02.2014 թվականի դրությամբ կազմել է 196.395,87 ԱՄՆ դոլար, որը մարվել է Բանկի հաճախորդ «Բյուրակն» ՍՊԸ-ի վարկային պարտավորությունների կատարման համար որպես ապահովման միջոց գրավադրված` Երևանի Նուբարաշեն վարչական շրջանի Մասիսի խճուղու թիվ 105/15 հասցեում գտնվող 74,3 հա ընդհանուր մակերեսով հողամասը 1.188.800.000 ՀՀ դրամ ընդհանուր գումարով Բանկին` որպես սեփականություն անցնելու հաշվին, այնինչ Վճռաբեկ դատարանի գնահատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 358-րդ, 887-րդ հոդվածների և Պայմանագրի 3.2-րդ կետի իրավակարգավորումից բխում է, որ վարկային պայմանագրով որպես ապահովման միջոց գրավադրված` Երևանի Նուբարաշեն վարչական շրջանի Մասիսի խճուղու թիվ 105/15 հասցեում գտնվող 74,3 հա ընդհանուր մակերեսով հողամասը 1.188.800.000 ՀՀ դրամ ընդհանուր գումարով Բանկին` որպես սեփականություն անցնելու հաշվին առաջնահերթության կարգով պետք է մարված համարել Վահե Աֆանդյանի վարկային պարտավորությունը` Բանկի կողմից հաշվեգրված տոկոսի և տույժի գումարի` 72.214,92 ԱՄՆ դոլարի չափով, որից 20.941,72 ԱՄՆ դոլարը` որպես հաշվարկված տոկոսագումար, 11.106,02 ԱՄՆ դոլարը` որպես ԲՏՀԴ հաշվարկված տոկոսագումար, 33.780,57 ԱՄՆ դոլարը` որպես ժամկետանց վարկի տույժի գումար, 6.386,61 ԱՄՆ դոլարը` որպես ժամկետանց տոկոսի տույժի գումար:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վահե Աֆանդյանից 72.214,92 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ տոկոսներ և տույժեր բռնագանձելու մասին Բանկի պահանջը հիմնավոր չէ և ենթակա է մերժման, որպիսի իրավաչափ եզրահանգման էլ եկել է Դատարանը, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:

 

Վերը նշված պատճառաբանություններով հերքվում են վճռաբեկ բողոքի պատասխանում նշված փաստարկները:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով սահմանված` առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

i

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր: Հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից:

Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` գործին մասնակցող անձը, որի դեմ կայացվել է եզրափակիչ դատական ակտ, կրում է Հայաստանի Հանրապետության կողմից վկաներին, փորձագետներին, մասնագետներին և թարգմանիչներին վճարված գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև դատարանի և գործին մասնակցող անձանց կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունն այնքանով, որքանով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են «Դատական ծախսերը» վերտառությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլխի կանոններին համապատասխան:

Սույն գործով նկատի ունենալով, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, որպիսի պայմաններում Վերաքննիչ դատարանի որոշումը ենթակա է բեկանման, Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի իրավակարգավորումը, գտնում է, որ Բանկից հօգուտ Վահե Աֆանդյանի ենթակա է բռնագանձման 1.000.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 19.04.2018 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 04.07.2017 թվականի վճռին:

2. «Արդշինբանկ» ՓԲԸ-ից (իրավանախորդ` «ԱՌԷԿՍԻՄԲԱՆԿ-ԳԱԶՊՐՈՄԲԱՆԿԻ ԽՈՒՄԲ» ՓԲԸ) հօգուտ Վահե Աֆանդյանի բռնագանձել 1.000.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրք:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող Ռ. Հակոբյան

Զեկուցող  Ա. Բարսեղյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ե. Խունդկարյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
07.06.2019
N ԵԿԴ/1209/02/16
Որոշում