Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 371-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 5-ՐԴ ՄԱՍԻ, 372-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական              Քաղաքացիական գործ      

    դատարանի որոշում                       թիվ ՏԴ1/0046/02/13    

Քաղաքացիական գործ թիվ ՏԴ1/0046/02/13   2019 թ.

Նախագահող դատավոր` Ն. Կարապետյան

    Դատավորներ`        Ա. Սմբատյան   

                       Ն. Մարգարյան     

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող Ռ. Հակոբյան

զեկուցող  Է. Սեդրակյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Գ. Հակոբյան

Տ. Պետրոսյան

Ն. Տավարացյան

 

2019 թվականի հուլիսի 30-ին

գրավոր ընթացակարգով քննելով «ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ի («Անելիք Բանկ» ՓԲԸ-ի իրավահաջորդ) (այսուհետ` Բանկ) ներկայացուցչի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 17.12.2018 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ` ըստ հայցի Արծրուն Պողոսյանի ընդդեմ «ԳԻՏԻ-ՏՕՍՏՕ» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն), Բանկի, երրորդ անձ «Նաիրյան» ՍՊԸ-ի` գույքը վերադարձնելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Արծրուն Պողոսյանը պահանջել է Ընկերությունից վերադարձնել 01.09.2012 թվականին կնքված գույքի անհատույց օգտագործման պայմանագրով հանձնված գույքն ամբողջությամբ:

ՀՀ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ա. Խաչիկյան) 29.05.2013 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (նախագահող դատավոր` Ա. Խառատյան, դատավորներ` Կ. Հակոբյան, Կ. Չիլինգարյան) 17.10.2013 թվականի որոշմամբ Արծրուն Պողոսյանի և Ընկերության վերաքննիչ բողոքները մերժվել են, և ՀՀ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 29.05.2013 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 08.05.2014 թվականի որոշմամբ Արծրուն Պողոսյանի վճռաբեկ բողոքը բավարարվել է մասնակիորեն` ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 17.10.2013 թվականի որոշումը բեկանվել է, և գործն ուղարկվել է ՀՀ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

ՀՀ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ա. Կուրեխյան) 12.02.2015 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (նախագահող դատավոր` Ս. Միքայելյան, դատավորներ` Ն. Բարսեղյան, Հ. Ենոքյան) 19.06.2015 թվականի որոշմամբ Բանկի վերաքննիչ բողոքը բավարարվել է` ՀՀ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 12.02.2015 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է նոր քննության:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 26.08.2015 թվականի որոշմամբ Արծրուն Պողոսյանի ներկայացուցչի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է:

ՀՀ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ա. Օհանյան) (այսուհետ` Դատարան) 08.10.2018 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն` Դատարանը վճռել է պարտավորեցնել Բանկին վերադարձնել Արծրուն Պողոսյանին 01.09.2012 թվականին կնքված գույքի անհատույց օգտագործման պայմանագրի թիվ 1 հավելվածում նշված և 01.06.2013 թվականի արձանագրությամբ Բանկին ի պահ հանձնված գույքը, իսկ քաղաքացիական գործի վարույթը` Ընկերությունից շարժական գույքը վերադարձնելու պահանջի մասով, կարճվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 21.11.2018 թվականի որոշմամբ Բանկի ներկայացուցչի վերաքննիչ բողոքը վերադարձվել է` տրամադրելով ժամկետ վերաքննիչ բողոքում թույլ տրված խախտումները վերացնելու և վերաքննիչ բողոքը կրկին ներկայացնելու համար:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 17.12.2018 թվականի որոշմամբ Բանկի ներկայացուցչի վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Բանկի ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածը, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 5-րդ մասը, 372-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկով.

Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին որոշման հիմքում դրել է երկրորդ անգամ վերաքննիչ բողոքը ներկայացնելու ժամանակ դրա օրինակը գործին մասնակցող անձանց ուղարկելու փաստը հավաստող ապացույցի բացակայությունը, մինչդեռ սույն գործով երկրորդ անգամ վերաքննիչ բողոքը ներկայացնելիս 06.12.2018 թվականին Բանկի ներկայացուցիչը դրա օրինակները և կից փաստաթղթերն ուղարկել է գործին մասնակցող անձանց, և այդ հանգամանքն ապացուցող անդորրագրերը վերաքննիչ բողոքի հետ միասին ծրարով ուղարկել են Վերաքննիչ դատարան:

Տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ բողոք բերած անձը չի խախտել վերաքննիչ բողոք ներկայացնելու կարգը և ձևական պահանջները, ինչի հետևանքով հանգել է անհիմն հետևության:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 17.12.2018 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը:

 

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

 

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում այն հիմնավորմամբ, որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

i

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

i

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

i

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

i

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 07.02.1995 թվականի թիվ R(95)5 հանձնարարականի 1-ին հոդվածի (a) կետով նախատեսված սկզբունքի համաձայն` պետք է առկա լինի վերադաս դատարանի (երկրորդ ատյանի դատարան) կողմից ստորադաս դատարանի (առաջին ատյանի դատարան) ցանկացած որոշման վերանայման հնարավորություն: Այսինքն` առաջին ատյանի դատական ակտերի նկատմամբ դատական վերահսկողությունը պետք է իրականացվի այնպես, որպեսզի հնարավորինս ապահովվի դատավարական օրենքով սահմանված կարգով բողոքարկման ենթակա դատական ակտի վերանայման հնարավորությունը վերադաս դատարանի կողմից (երկրորդ ատյանի դատարան): Այն է` երբ պետության դատական համակարգն ունի եռաստիճան կառուցվածք, անձը պետք է ունենա առնվազն երկու ատյանում լսված լինելու իրավունք: Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատարանների կողմից չեն կարող այնպիսի ձևական խոչընդոտներ ստեղծվել, որոնց արդյունքում կարող է խախտվել անձանց` դատական ակտի` օրենքով նախատեսված կարգով վերանայման իրավունքը (տե՛ս, ի թիվս այլնի, Ժաննա Տերյանն ընդդեմ Վահան Տերյանի թիվ ԵԱՆԴ/0563/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.12.2018 թվականի որոշումը):

i

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացված որոշմամբ արդեն իսկ արձանագրել է, որ ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի համապատասխան հոդվածներով ամրագրված անձի դատական պաշտպանության իրավունքի կարևոր բաղադրիչներից մեկը դատական ակտերի բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովել դատական սխալների բացահայտումը և ուղղումը` դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը (տե՛ս, ի թիվս այլնի, Սուսաննա Արարատի Միրզոյանն ընդդեմ Սուսաննա Միհրանի Միրզոյանի թիվ ԱՐԱԴ/0170/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի որոշումը, Վարդան Աբրահամյանն ընդդեմ «Արդշինբանկ» ՓԲԸ-ի թիվ ԵԴ/17609/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 19.04.2019 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո անհրաժեշտ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ բողոքը կազմվում է գրավոր` նույն օրենսգրքի 16-րդ հոդվածի 2-րդ մասում նշված պահանջների պահպանմամբ: Վերաքննիչ բողոքը պետք է լինի ընթեռնելի:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի համաձայն` վերաքննիչ բողոքում նշվում են`(...) բողոքին կցվող փաստաթղթերի ցանկը:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` բողոքին կցվում են (...), բողոքը գործին մասնակցող անձանց, իսկ բողոքի պատճենը` դատական ակտը կայացրած դատարան ուղարկելու մասին ապացույցները: (...): Բողոքին կարող են կցվել բողոք բերող անձի այլ միջնորդությունները: Ներկայացուցչի ստորագրած բողոքին կցվում է նրա լիազորությունը հավաստող փաստաթուղթը, եթե գործում բացակայում է լիազորագիրը:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն` վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու հիմքերի բացակայության դեպքում վերաքննիչ բողոքը վերադարձվում է, եթե բողոք բերող անձի կողմից ներկայացվել է պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ դրա չափը նվազեցնելու միջնորդություն, որը մերժվել է:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` նույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 4-րդ և 5-րդ կետերով նախատեսված հիմքերով վերաքննիչ բողոքը վերադարձնելուց հետո բողոքում թույլ տրված խախտումները վերացնելու ու որոշումն ստանալուց հետո` վճռի դեմ ներկայացված բողոքով 15-օրյա ժամկետում, (...) սահմանված կարգով կրկին վերաքննիչ բողոք ներկայացնելու դեպքում այն համարվում է վերաքննիչ դատարան ներկայացված սկզբնական ներկայացման օրը: Կրկին ներկայացված վերաքննիչ բողոքում առկա խախտումները վերացնելու համար նոր ժամկետ չի տրվում:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվում է, եթե` նույն օրենսգրքի 371-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված ժամկետում բողոք ներկայացրած անձը ներկայացրել է նոր վերաքննիչ բողոք, որում չի վերացրել վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշման մեջ նշված բոլոր խախտումները, կամ բողոքը ներկայացրել է նույն օրենսգրքի 371-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված ժամկետի խախտմամբ, կամ նույն օրենսգրքի 371-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված ժամկետում ներկայացրել է պետական տուրքի գծով արտոնություն սահմանելու մասին միջնորդություն, որը մերժվել է:

Վերը նշված հոդվածների վերլուծությունից հետևում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի համապատասխան նորմերով սահմանվել են վերաքննիչ բողոք ներկայացնելու կարգը, ինչպես նաև վերաքննիչ բողոքի ձևին և բովանդակությանը ներկայացվող պահանջները: Ընդ որում, օրենսդիրն ամրագրել է այն բացասական հետևանքները, որոնք կարող են վրա հասնել այն պարագայում, երբ բողոք բերած անձը չի պահպանել վերաքննիչ բողոքի ներկայացման կարգին կամ ձևին և բովանդակությանը ներկայացվող պահանջները: Միևնույն ժամանակ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը բողոք բերող անձին հնարավորություն է տվել օրենքով սահմանված ժամկետում վերացնել վերաքննիչ դատարանի կողմից մատնանշված խախտումները և վերաքննիչ բողոքը կրկին ներկայացնել վերաքննիչ դատարան:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ անդրադարձել է վերաքննիչ բողոքը վերադարձնելու և այն կրկին ներկայացնելու դատավարական նորմերի վերլուծությանը: Մասնավորապես` ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ այն դեպքերում, երբ վերաքննիչ բողոք բերած անձի կողմից չեն պահպանվել վերաքննիչ բողոքին ներկայացվող և օրենքով սահմանված պահանջները, դատարանը վերադարձնում է վերաքննիչ բողոքը: Այն դեպքերում, երբ վերաքննիչ բողոքում թույլ տրված խախտումները վերաբերում են բողոքի ձևին և բովանդակությանը, ապա դատարանը տրամադրում է օրենքով սահմանված ժամկետ դրանք վերացնելու և բողոքը կրկին ներկայացնելու համար: Ընդ որում, նշված ժամկետը բողոք բերած անձին տրամադրվում է օրենքի ուժով և ենթակա չէ որևէ սահմանափակման: ՀՀ վճռաբեկ դատարանը նաև արձանագրել է, որ վերաքննիչ բողոքին ներկայացվող պահանջները, ըստ էության, դասակարգվում են երկու խմբի` առաջինն այն պայմաններն են, որոնք վերաբերում են վերաքննիչ բողոքի բովանդակությանը և ներառում են այն տեղեկությունների շրջանակը, որոնք պետք է արտացոլվեն վերաքննիչ բողոքում (...):

Երկրորդն այն պայմաններն են, որոնք վերաբերում են բողոքին կցվող նյութերի ցանկին: Մասնավորապես` բողոքին կցվում են պետական տուրքը վճարելու, բողոքի պատճենները` դատական ակտ կայացրած դատարանին և գործին մասնակցող այլ անձանց ուղարկելու մասին ապացույցները: Այն դեպքերում, երբ օրենքով նախատեսված է պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու կամ դրա չափը նվազեցնելու հնարավորություն, ապա վերաքննիչ բողոքին կցվում է (կամ բողոքում ներառվում է) դրա վերաբերյալ միջնորդությունը: (...) (տե՛ս, Գեորգի Ավետիսյանն ընդդեմ «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի թիվ ԵԷԴ/0327/02/17 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.03.2018 թվականի որոշումը):

Սույն գործի փաստերի համաձայն` Բանկը 01.11.2018 թվականին ներկայացրել է վերաքննիչ բողոք Դատարանի 08.10.2018 թվականի վճռի դեմ (հիմք` փոստային ծրար, հատոր 10-րդ, գ.թ. 55-62, 72): Վերաքննիչ դատարանը, «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» 21.11.2018 թվականի որոշմամբ վերադարձնելով Բանկի ներկայացուցիչ Արթուր Մելիքյանի ներկայացրած վերաքննիչ բողոքը, արձանագրել է, որ վերաքննիչ բողոքին կից ներկայացվել է Բանկի վարչության նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Մելիքյանի կողմից իրավաբանական վարչության ղեկավար Արթուր Մելիքյանին տրված լիազորագրի բնօրինակը, ինչպես նաև Բանկի խորհրդի նիստի թիվ 08 արձանագրության քաղվածքի պատճենը, ըստ որի Բանկի վարչության նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնավարման ժամկետն երկարաձգվում է մինչև 30.01.2019 թվականը: Մինչդեռ վերաքննիչ բողոքին կից չի ներկայացվել բնօրինակ կամ պատշաճ վավերացված փաստաթուղթ առ այն, որ Ռուբեն Մելիքյանը հանդիսանում է Բանկի վարչության նախագահ, ինչը հիմք կտար եզրահանգելու, որ վերջինս` որպես Բանկի ի պաշտոնե ներկայացուցիչ, իրավասու է լիազորել այլ անձանց` Բանկի անունից հանդես գալու դատարանում և բողոքարկելու դատական ակտը: Արդյունքում` Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքը վերադարձրել է` սահմանելով 15-օրյա ժամկետ վերաքննիչ բողոքը ստանալուց հետո թույլ տրված խախտումը վերացնելու և վերաքննիչ բողոքը կրկին ներկայացնելու համար (հատոր 10-րդ, գ.թ. 74-76):

Բանկի ներկայացուցիչը, 23.11.2018 թվականին ստանալով Վերաքննիչ դատարանի 21.11.2018 թվականի որոշումը, օրենքով սահմանված 15-օրյա ժամկետի պահպանմամբ` 06.12.2018 թվականին, կրկին ներկայացրել է վերաքննիչ բողոք` վերացնելով թույլ տրված խախտումը, այն է` ի հաստատումն Ռուբեն Մելիքյանի` Բանկի վարչության նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնում նշանակված լինելու փաստի, բողոքին կից ներկայացրել է Բանկի Խորհրդի նիստի թիվ 08 արձանագրության քաղվածքի պատճենը` հաստատված Բանկի կնիքով և Բանկի ներկայացուցիչ Արթուր Մելիքյանի ստորագրությամբ: Վերաքննիչ բողոքին կից ներկայացվել են վերաքննիչ բողոքը 06.12.2018 թվականին գործին մասնակցող անձանց` «Նաիրյան» ՍՊԸ-ին, Արծրուն Պողոսյանին, «ԳԻՏԻ-ՏՕՍՏՕ» ՍՊԸ-ին, ինչպես նաև Դատարանին ուղարկված փոստային անդորրագրերը (հիմք` փոստային ծրար, հատոր 10-րդ, գ.թ. 102-124, 125):

Վերաքննիչ դատարանը, «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» 17.12.2018 թվականի որոշմամբ մերժելով կրկին ներկայացված վերաքննիչ բողոքի ընդունումը, արձանագրել է, որ «(...) տվյալ դեպքում բողոք բերող անձը, վերացնելով Վերաքննիչ դատարանի 21.11.2018 թվականի որոշմամբ արձանագրված խախտումը, թույլ է տվել նոր խախտում, այն է` կրկին ներկայացված վերաքննիչ բողոքին չի կցվել դրա օրինակը գործին մասնակցող անձանց ուղարկելու փաստը հաստատող ապացույց (...)» (հատոր 10-րդ, գ.թ. 126-128):

Վերոգրյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով սույն գործի փաստական հանգամանքները և Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանը, 21.11.2018 թվականի որոշմամբ վերադարձնելով Բանկի կողմից առաջին անգամ ներկայացված վերաքննիչ բողոքը և սահմանելով ժամկետ` բողոքում թույլ տրված խախտումները վերացնելու և այն կրկին ներկայացնելու համար, որպես վերաքննիչ բողոքի վերադարձման հիմք արձանագրել էր, որ վերաքննիչ բողոքին կից չի ներկայացվել բնօրինակ կամ պատշաճ վավերացված փաստաթուղթ առ այն, որ Ռուբեն Մելիքյանը հանդիսանում է Բանկի վարչության նախագահ, որպիսի խախտումը Բանկի կողմից կրկին ներկայացված վերաքննիչ բողոքով վերացվել էր` համապատասխան փաստաթուղթը ներկայացնելով:

Այնուհետև, Վերաքննիչ դատարանը, 17.12.2018 թվականի որոշմամբ մերժելով կրկին ներկայացված վերաքննիչ բողոքի ընդունումը, պատճառաբանել է, որ բողոքին չի կցվել դրա օրինակը գործին մասնակցող անձանց ուղարկելու փաստը հաստատող ապացույց:

Մինչդեռ սույն քաղաքացիական գործի ուսումնասիրության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործում առկա են 06.12.2018 թվականին գործին մասնակցող անձանց` «Նաիրյան» ՍՊԸ-ին, Արծրուն Պողոսյանին, «ԳԻՏԻ-ՏՕՍՏՕ» ՍՊԸ-ին և Դատարանին ուղարկված փոստային անդորրագրերը. թիվ RR262769425AM, թիվ RR262769434AM, թիվ RR262769403AM և թիվ RR262769448AM փոստային անդորրագրերի համաձայն` վերաքննիչ բողոքի պատճենն ուղարկվել է համապատասխանաբար սույն քաղաքացիական գործին մասնակցող անձանց` «Նաիրյան» ՍՊԸ-ին, Արծրուն Պողոսյանին, Ընկերությանը և ՀՀ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Բանկը, 06.12.2018 թվականին վերաքննիչ բողոքը կրկին ներկայացնելով, պահպանել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջը, այն է` վերացրել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» 21.11.2018 թվականի որոշմամբ արձանագրված խախտումը և նոր խախտում թույլ չի տվել, ինչը, սակայն, անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:

i

Վերոգրյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը, մերժելով Բանկի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքի ընդունումը, սահմանափակել է վերջինիս` ՀՀ Սահմանադրության 61-րդ, 63-րդ հոդվածներով և Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված` դատական պաշտպանության իրավունքը` արդյունքում թույլ տալով դատավարական նորմի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 17.12.2018 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող Ռ. Հակոբյան

Զեկուցող  Է. Սեդրակյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Գ. Հակոբյան

Տ. Պետրոսյան

Ն. Տավարացյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
30.07.2019
N ՏԴ1/0046/02/13
Որոշում