Սեղմել Esc փակելու համար:
ՈՐՊԵՍ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՈՐՊԵՍ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅԱՆ ԿԻՐԱՌՈՒՄ ԱՆՁԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ Է ՊԵՏԱԿԱՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական              Քաղաքացիական գործ      

    դատարանի որոշում                       թիվ ԵԱՆԴ/2525/02/16   

Քաղաքացիական գործ թիվ ԵԱՆԴ/2525/02/16  2019 թ.

Նախագահող դատավոր` Ն. Մարգարյան

    Դատավորներ`        Ա. Մխիթարյան  

                       Ա. Մկրտչյան      

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող Ե. Խունդկարյան

զեկուցող  Է. Սեդրակյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Տ. Պետրոսյան

Ն. Տավարացյան

 

2019 թվականի հունիսի 20-ին

գրավոր ընթացակարգով քննելով Հրանուշ Երիցյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 22.10.2018 թվականի «Պետական տուրքի վճարումը տարաժամկետելու վերաբերյալ միջնորդությունը և վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ` ըստ հայցի Կարեն Սուքոյանի ընդդեմ Հրանուշ Երիցյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Կարեն Սուքոյանը պահանջել է Հրանուշ Երիցյանից բռնագանձել 85.043.000 ՀՀ դրամ` որպես պարտքի գումար, 85.043.000 ՀՀ դրամի նկատմամբ 18.06.2016 թվականից մինչև պարտավորության փաստացի կատարման օրը հաշվարկել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսներ, ինչպես նաև բռնագանձել 200.000 ՀՀ դրամ նախապես վճարված պետական տուրքի գումարը:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ա. Բադիրյան) (այսուհետ` Դատարան) 19.06.2018 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (նախագահող դատավոր` Ն. Մարգարյան, դատավորներ` Ա. Մխիթարյան, Ա. Մկրտչյան) 30.08.2018 թվականի որոշմամբ Հրանուշ Երիցյանի վերաքննիչ բողոքը վերադարձվել է` տրամադրելով ժամկետ` վերաքննիչ բողոքում թույլ տրված խախտումները վերացնելու և վերաքննիչ բողոքը կրկին ներկայացնելու համար:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 22.10.2018 թվականի որոշմամբ Հրանուշ Երիցյանի` պետական տուրքի վճարումը տարաժամկետելու վերաբերյալ միջնորդությունը և վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել են:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Հրանուշ Երիցյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Կարեն Սուքոյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 5-րդ մասը և 372-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ պետական տուրքի հասկացությունը, դրա տեսակներն ու դրույքաչափերը, տուրքը գանձելու, վերադարձնելու, արտոնություններ տրամադրելու կարգն ու պայմանները կարգավորվում են «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով: Ընդ որում, նշված օրենքը սպառիչ սահմանում է պետական տուրքի գծով արտոնությունները, որոնց մեջ առկա չէ պետական տուրքը մաս-մաս վճարելու տեսքով արտոնություն, հետևաբար նշված արտոնությունը նաև չի կարող կիրառվել դատարանների կողմից նման լիազորություն չունենալու պատճառով:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ պետական տուրքի վճարումը տարաժամկետելու միջնորդության մեջ ուղղակի նշված է եղել պետական տուրքի վճարման հարցը լուծել հետագայում կայացվելիք դատական ակտով: Այսինքն, լինելով մեծահասակ և թոշակառու կին, տվյալ դեպքում վերաքննիչ բողոքում նշելով «տարաժամկետել» բառը, Հրանուշ Երիցյանը նկատի է ունեցել պետական տուրքի հետաձգումը:

Վերաքննիչ դատարանը, կամայականորեն մեկնաբանելով ներկայացված միջնորդությունը, անտեսել է այն հանգամանքը, որ վերաքննիչ բողոք բերած անձը, խնդրելով պետական տուրքի վճարման հարցը կարգավորել դատական ակտով, ըստ էության ներկայացրել է պետական տուրքի վճարումը հետաձգելու միջնորդություն:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 22.10.2018 թվականի «Պետական տուրքի վճարումը տարաժամկետելու վերաբերյալ միջնորդությունը և վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը:

 

2.1. Կարեն Սուքոյանի վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները.

Վերաքննիչ դատարանի 22.10.2018 թվականի որոշումն օրինական է և հիմնավորված, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ չեն տրվել վճռաբեկ բողոքում նշված նյութական և դատավարական իրավունքի խախտումները: Մասնավորապես` վերաքննիչ բողոք բերած անձի կողմից կրկին ներկայացված վերաքննիչ բողոքում վերացված չեն եղել վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին Վերաքննիչ դատարանի որոշման մեջ մատնանշված բոլոր խախտումները:

 

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

 

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքի վարույթ ընդունումը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետով նախատեսված հիմքերի առկայությամբ, այն է`

1) բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, քանի որ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր,

2) առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում այն հիմնավորմամբ, որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 5-րդ մասի և 372-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ այն դեպքերին, երբ որպես պետական տուրքի գծով արտոնության կիրառում անձի կողմից ներկայացվել է պետական տուրքի վճարումը տարաժամկետելու միջնորդություն:

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 07.02.1995 թվականի թիվ R(95)5 հանձնարարականի 1-ին հոդվածի (a) կետով նախատեսված սկզբունքի համաձայն` պետք է առկա լինի վերադաս դատարանի (երկրորդ ատյանի դատարան) կողմից ստորադաս դատարանի (առաջին ատյանի դատարան) ցանկացած որոշման վերանայման հնարավորություն:

Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` ՄԻԵԴ) նախադեպային իրավունքի համաձայն` դատարանի մատչելիության իրավունքն արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մասն է: Այնուամենայնիվ, այդ իրավունքը բացարձակ չէ և կարող է ենթարկվել սահմանափակումների: Այդ սահմանափակումները թույլատրվում են, քանի որ մատչելիության իրավունքն իր բնույթով պահանջում է պետության կողմից որոշակի կարգավորումներ: Այս առումով պետությունը որոշակի հայեցողական լիազորություն ունի: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը պետք է իրականացվի այնպես, որ այն չխախտի կամ զրկի անձին մատչելիության իրավունքից այնպես կամ այն աստիճան, որ խախտվի այդ իրավունքի բուն էությունը: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը չի կարող համատեղելի լինել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի հետ, եթե այն իրավաչափ նպատակ չհետապնդի և եթե չլինի ողջամիտ հարաբերակցություն ձեռնարկվող միջոցների և հետապնդվող նպատակների միջև համաչափության առումով (տե՛ս, Ashingdane v. The United Kingdom, թիվ 8225/78 գանգատով ՄԻԵԴ 28.05.1985 թվականի վճիռը, կետ 57):

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներում բազմիցս փաստել է, որ Հայաստանի Հանրապետությունում երաշխավորված են անձի դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքները, որոնց կարևոր բաղադրիչներից մեկը բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովելու դատական սխալների բացահայտումը և ուղղումը` դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը (տե՛ս, ի թիվս այլնի, «Ֆասթ Սփլայ» ՍՊԸ-ն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի թիվ ՎԴ3/0347/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.03.2015 թվականի որոշումը, Վարդան Աբրահամյանն ընդդեմ «Արդշինբանկ» ՓԲԸ-ի թիվ ԵԴ/17609/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 19.04.2019 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո անհրաժեշտ է համակցության մեջ մեկնաբանել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածը, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից (...):

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պետական տուրքի գանձման օբյեկտները, պետական տուրքի չափը և վճարման կարգը սահմանվում են «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` պետական տուրքի վճարումից ազատելու, պետական տուրքի վճարումը հետաձգելու, պետական տուրքը և դրա դրույքաչափը նվազեցնելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն` պետական տուրք վճարողներն իրավունք ունեն (...) դիմել համապատասխան պետական մարմիններ` պետական տուրքի վճարման արտոնություններ ստանալու համար (...):

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի համաձայն` պետական տուրքի գծով կարող են սահմանվել հետևյալ արտոնությունները`

ա) պետական տուրքի վճարումից ազատում.

բ) պետական տուրքի նվազեցում.

գ) պետական տուրքի դրույքաչափի նվազեցում.

դ) պետական տուրքի վճարման ժամկետի հետաձգում.

ե) պետական տուրքը սահմանված ժամկետում բյուջե չգանձելու համար հաշվարկված տույժերի վճարումից ազատում, նվազեցում, դրանք վճարելու ժամկետի հետաձգում:

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի «գ» կետի համաձայն` առանձին վճարողների կամ վճարողների խմբերի համար պետական տուրքի գծով արտոնություններ կարող են սահմանել դատարանները կամ դատավորները` նույն օրենքի 9-րդ հոդվածում նշված առանձին գործերով` ելնելով կողմերի գույքային դրությունից:

Վերը նշված հոդվածների վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրը, պետական տուրքի վճարումը դասելով դատական ծախսերի թվին, միաժամանակ սահմանել է, որ դրա վճարման չափը և կարգը, այդ թվում` պետական տուրքի վճարումից ազատելու, պետական տուրքի վճարումը հետաձգելու, պետական տուրքը և դրա դրույքաչափը նվազեցնելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով: Ընդ որում, «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով օրենսդիրը, անդրադառնալով պետական տուրքի գծով արտոնությունների կիրառմանը, սպառիչ սահմանել է պետական տուրքի արտոնության կիրառման տեսակները, այն է` պետական տուրքի վճարումից ազատում, պետական տուրքի նվազեցում, պետական տուրքի դրույքաչափի նվազեցում, պետական տուրքի վճարման ժամկետի հետաձգում, պետական տուրքը սահմանված ժամկետում բյուջե չգանձելու համար հաշվարկված տույժերի վճարումից ազատում, նվազեցում, դրանք վճարելու ժամկետի հետաձգում: Այսինքն` օրենսդրորեն հստակ սահմանվել են պետական տուրքի գծով այն բոլոր արտոնությունները, որոնք կարող են կիրառվել դատարանների կողմից, ինչն իր հերթին նշանակում է, որ բացի սահմանված արտոնություններից` պետական տուրքի գծով այլ արտոնություն կիրառման ենթակա չէ:

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ պետական տուրքի գծով արտոնությունները կոչված են երաշխավորելու յուրաքանչյուրի սահմանադրորեն երաշխավորված արդար դատաքննության իրավունքի տարր հանդիսացող դատարանի մատչելիության իրավունքը և նպատակ են հետապնդում վերացնել արդարադատության մատչելիության այնպիսի խոչընդոտները, որոնք պայմանավորված են անձի մոտ համապատասխան միջոցների բացակայության պատճառով դատարան դիմելու, վերադաս ատյան բողոք ներկայացնելու անհնարինությամբ:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ ի տարբերություն նախկին ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ` Նախկին օրենսգիրք), որն ընդունվել է 17.06.1998 թվականին, ուժի մեջ է մտել 01.01.1999 թվականին և ուժը կորցրել է 09.04.2018 թվականին, պետական տուրքի վճարումը «տարաժամկետելը»` որպես պետական տուրքի գծով արտոնություն, գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի իրավակարգավորումներում առկա չէ: Այսինքն` որպես պետական տուրքի գծով արտոնություն` «պետական տուրքի վճարումը տարաժամկետելը», չի կարող կիրառվել դատարանների կողմից: Օրենսդրական նշված զարգացումը պայմանավորված է այն հանգամանքով, որ Նախկին օրենսգրքի 70-րդ հոդվածի 3-րդ կետը սահմանում էր, որ պետական տուրքի չափը սահմանելու, դրա վճարումից ազատելու, պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու և դրա չափը նվազեցնելու հարցերը լուծվում են «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, մինչդեռ այդ ժամանակահատվածում գործող «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածը, սպառիչ սահմանելով պետական տուրքի գծով արտոնությունները, «պետական տուրքի վճարումը տարաժամկետելու» արտոնության կիրառում նույնպես չէր նախատեսում, ինչի հետևանքով պետական տուրքի վճարումը տարաժամկետելու արտոնության կիրառումը դատական պրակտիկայում տարաբնույթ մեկնաբանման տեղիք էր տալիս: Ըստ այդմ էլ` ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշումներով անդրադառնալով «պետական տուրքի վճարումը տարաժամկետելու» արտոնության կիրառման հասկացությանը, արձանագրել էր, որ օրենսդիրը, ի տարբերություն պետական տուրքի վճարումից ազատելու ձևով արտոնություն սահմանելուն, դատարանի համար առավել լայն հայեցողական լիազորություն է սահմանել պետական տուրքի վճարումը տարաժամկետելու կամ հետաձգելու հարցում: Վերջինս պայմանավորված է դատարանի դերով` որպես արդարադատություն իրականացնող մարմնի, որը միաժամանակ պետք է ապահովի անձի արդարադատության մատչելիության իրավունքը (տե՛ս, Դավիթ Սաակյանն ընդդեմ Լյուսա Սահակյանի և մյուսների, թիվ ԵՔԴ/0820/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.05.2009 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել էր, որ պետական տուրքի վճարումը տարաժամկետելու հասկացությունը և կիրառման կարգը ենթակա են սահմանման «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով: Մինչդեռ, «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքը, որն ընդունվել է 27.12.1997 թվականին` մինչև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի ընդունումը (17.06.1998 թվական), սահմանելով (հոդված 21) պետական տուրքի գծով արտոնությունների տեսակները, որպես այդպիսին չի նախատեսել պետական տուրքի վճարման ժամկետի տարաժամկետումը: Օրենսդրական նման բացը դատական պրակտիկայում որոշ դեպքերում, ինչպես սույն գործով, հանգեցնում է այդ հիմքով պետական տուրքի վճարումը տարաժամկետելու վերաբերյալ միջնորդությունների մերժման:(...) Օրենսդրական բացի հիմքով անձի դատական պաշտպանության իրավունքի սահմանափակումը չի կարող ապահովել ողջամիտ համաչափություն օգտագործվող միջոցների և նպատակի միջև, ընդհակառակը, կարող է անհաղթահարելի խոչընդոտ հանդիսանալ արդարադատության մատչելիության իրավունքի իրականացման տեսանկյունից: Հետևաբար, բոլոր այն դեպքերում, երբ ներկայացվել է պետական տուրքի վճարումը տարաժամկետելու վերաբերյալ միջնորդություն, դատարաններն այն պետք է քննարկեն և այդ հարցով որոշում կայացնեն որպես պետական տուրքի վճարումը հետաձգելու վերաբերյալ միջնորդություն (տե՛ս, Հայկ Դունամալյանն ընդդեմ Վարդան, Ավագ Սարգսյանների, Սուսաննա Գաբրիելյանի թիվ ԱՐԱԴ/0043/02/12 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.08.2013 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանը, վերահաստատելով իր դիրքորոշումը, միաժամանակ արձանագրում է, որ ի տարբերություն Նախկին օրենսգրքի 70-րդ հոդվածի 3-րդ կետի, որով նախատեսվում էր, որ (...) պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու և դրա չափը նվազեցնելու հարցերը լուծվում են «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով, գործող` 09.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականից ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածի 4-րդ մասով այլևս նախատեսված չէ պետական տուրքի վճարումը տարաժամկետելու` պետական տուրքի գծով արտոնություն: Այսինքն` գործող իրավակարգավորման պայմաններում օրենսդիրը, ի թիվս այլնի, սահմանել է միայն պետական տուրքի վճարումը հետաձգելու արտոնությունը: Հետևաբար վերը նշվածը հաշվի առնելով և նպատակ ունենալով ապահովելու արդարադատության մատչելիության իրավունքի լիարժեք իրականացումը, ինչպես նաև հաշվի առնելով, որ «տարաժամկետել» բառը մեկ այլ բացատրությամբ կիրառվում է նաև որպես հետաձգել, երկարաձգել, վճարման կամ կատարման ժամկետը հետաձգել ավելի ուշ ժամանակի նշանակությամբ1` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բոլոր այն դեպքերում, երբ ներկայացվել է պետական տուրքի վճարումը տարաժամկետելու վերաբերյալ միջնորդություն, դատարաններն այն պետք է քննարկեն և այդ հարցով որոշում կայացնեն` ուսումնասիրելով ներկայացված միջնորդությունն ամբողջության մեջ` գնահատելով դրա բովանդակությունը:

________________________

1 Տե՛ս «Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան», Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտ, Հայկական ՍՍՀ Գիտությունների ակադեմիայի հրատարակչություն, Երևան, 1980, «Հայոց լեզվի հոմանիշների բառարան», Աշոտ Մուրադի Սուքիասյան, Հայկական ՍՍՀ Գիտությունների ակադեմիայի հրատարակչություն, Երևան, 1967:

 

Եվ այն դեպքերում, երբ նման միջնորդության բովանդակությունից հետևում է, որ անձի կամքն ի վերջո ուղղված է պետական տուրքի հետաձգմանը, ապա դատարանների կողմից ենթակա է կիրառման պետական տուրքի վճարումը հետաձգելու` օրենքով սահմանված արտոնությունը: Վճռաբեկ դատարանի նման հետևությունը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ գործող իրավակարգավորումներում, ի թիվս այլնի, նախատեսվել է միայն պետական տուրքի վճարումը հետաձգելու պետական տուրքի գծով արտոնության տեսակը, իսկ «պետական տուրքի վճարումը տարաժամկետելը»` որպես կիրառման ենթակա պետական տուրքի գծով արտոնություն սահմանված չէ:

Բացի այդ, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ բողոքը կազմվում է գրավոր` նույն օրենսգրքի 16-րդ հոդվածի 2-րդ մասում նշված պահանջների պահպանմամբ: Վերաքննիչ բողոքը պետք է լինի ընթեռնելի:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի համաձայն` վերաքննիչ բողոքում նշվում են` (...) բողոքին կցվող փաստաթղթերի ցանկը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` բողոքին կցվում են պետական տուրքը վճարելու, (...) մասին ապացույցները: Այն դեպքերում, երբ օրենքով նախատեսված է պետական տուրքի վճարման գծով արտոնություն, ապա վերաքննիչ բողոքին կցվում է կամ բողոքում ներառվում է դրա վերաբերյալ միջնորդությունը, եթե բողոք բերողն ազատված չէ պետական տուրք վճարելու պարտականությունից: (...):

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն` վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու հիմքերի բացակայության դեպքում վերաքննիչ բողոքը վերադարձվում է, եթե բողոք բերող անձի կողմից ներկայացվել է պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ դրա չափը նվազեցնելու միջնորդություն, որը մերժվել է:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` նույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 4-րդ և 5-րդ կետերով նախատեսված հիմքերով վերաքննիչ բողոքը վերադարձնելուց հետո բողոքում թույլ տրված խախտումները վերացնելու ու որոշումն ստանալուց հետո` վճռի դեմ ներկայացված բողոքով 15-օրյա ժամկետում, (...) սահմանված կարգով կրկին վերաքննիչ բողոք ներկայացնելու դեպքում այն համարվում է վերաքննիչ դատարան ներկայացված սկզբնական ներկայացման օրը: Կրկին ներկայացված վերաքննիչ բողոքում առկա խախտումները վերացնելու համար նոր ժամկետ չի տրվում:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվում է, եթե նույն օրենսգրքի 371-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված ժամկետում բողոք ներկայացրած անձը ներկայացրել է նոր վերաքննիչ բողոք, որում չի վերացրել վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշման մեջ նշված բոլոր խախտումները, կամ բողոքը ներկայացրել է նույն օրենսգրքի 371-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված ժամկետի խախտմամբ, կամ նույն օրենսգրքի 371-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված ժամկետում ներկայացրել է պետական տուրքի գծով արտոնություն սահմանելու մասին միջնորդություն, որը մերժվել է:

Վերը նշված հոդվածների վերլուծությունից հետևում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի համապատասխան նորմերով սահմանվել են վերաքննիչ բողոք ներկայացնելու կարգը, ինչպես նաև վերաքննիչ բողոքի ձևին և բովանդակությանը ներկայացվող պահանջները: Ընդ որում, օրենսդիրն ամրագրել է այն բացասական հետևանքները, որոնք կարող են վրա հասնել այն պարագայում, երբ բողոք բերած անձը չի պահպանել վերաքննիչ բողոքի ներկայացման կարգին կամ ձևին և բովանդակությանը ներկայացվող պահանջները: Միևնույն ժամանակ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը բողոք բերող անձին հնարավորություն է տվել օրենքով սահմանված ժամկետում վերացնել վերաքննիչ դատարանի կողմից մատնանշված թերությունները և վերաքննիչ բողոքը կրկին ներկայացնել վերաքննիչ դատարան:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ անդրադարձել է վերաքննիչ բողոքը վերադարձնելու և այն կրկին ներկայացնելու դատավարական նորմերի վերլուծությանը: Մասնավորապես` ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ այն դեպքերում, երբ վերաքննիչ բողոք բերած անձի կողմից չեն պահպանվել վերաքննիչ բողոքին ներկայացվող և օրենքով սահմանված պահանջները, դատարանը վերադարձնում է վերաքննիչ բողոքը: Այն դեպքերում, երբ վերաքննիչ բողոքում թույլ տրված խախտումները վերաբերում են բողոքի ձևին և բովանդակությանը, ապա դատարանը տրամադրում է օրենքով սահմանված ժամկետ դրանք վերացնելու և բողոքը կրկին ներկայացնելու համար: Ընդ որում, նշված ժամկետը բողոք բերած անձին տրամադրվում է օրենքի ուժով և ենթակա չէ որևէ սահմանափակման: ՀՀ վճռաբեկ դատարանը նաև արձանագրել է, որ վերաքննիչ բողոքին ներկայացվող պահանջները, ըստ էության, դասակարգվում են երկու խմբի` առաջինն այն պայմաններն են, որոնք վերաբերում են վերաքննիչ բողոքի բովանդակությանը և ներառում են այն տեղեկությունների շրջանակը, որոնք պետք է արտացոլվեն վերաքննիչ բողոքում (...):

Երկրորդն այն պայմաններն են, որոնք վերաբերում են բողոքին կցվող նյութերի ցանկին: Մասնավորապես` բողոքին կցվում են պետական տուրքը վճարելու, բողոքի պատճենները` դատական ակտ կայացրած դատարանին և գործին մասնակցող այլ անձանց ուղարկելու մասին ապացույցները: Այն դեպքերում, երբ օրենքով նախատեսված է պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու կամ դրա չափը նվազեցնելու հնարավորություն, ապա վերաքննիչ բողոքին կցվում է (կամ բողոքում ներառվում է) դրա վերաբերյալ միջնորդությունը: (...) (տե՛ս, Գեորգի Ավետիսյանն ընդդեմ «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի թիվ ԵԷԴ/0327/02/17 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.03.2018 թվականի որոշումը):

Սույն գործի փաստերի համաձայն` Կարեն Սուքոյանը պահանջել է Հրանուշ Երիցյանից հօգուտ իրեն բռնագանձել 85.043.000 ՀՀ դրամ, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսները: Դատարանի 19.06.2018 թվականի վճռով Կարեն Սուքոյանի հայցը բավարարվել է (հատոր 1-ին, գ.թ. 3-5, հատոր 2-րդ, գ.թ. 78-83):

Դատարանի վճռի դեմ Հրանուշ Երիցյանի կողմից 20.07.2018 թվականին ներկայացվել է վերաքննիչ բողոք (հիմք` փոստային ծրար, հատոր 2-րդ, գ.թ. 94):

Վերաքննիչ դատարանի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» 30.08.2018 թվականի որոշմամբ Հրանուշ Երիցյանի վերաքննիչ բողոքը վերադարձվել է` տրամադրելով ժամկետ` վերաքննիչ բողոքում թույլ տրված խախտումները, այդ թվում` պետական տուրքը վճարված չլինելը, վերացնելու և վերաքննիչ բողոքը կրկին ներկայացնելու համար (հատոր 2-րդ, գ.թ. 98-100):

Հրանուշ Երիցյանը 04.10.2018 թվականին կրկին ներկայացրել է վերաքննիչ բողոք: Միաժամանակ Հրանուշ Երիցյանը, պատճառաբանելով, որ չի աշխատում, թոշակառու է և տվյալ պահին չունի որևէ հնարավորություն պետական տուրքի գումար վճարելու համար, միջնորդել է տարաժամկետել պետական տուրքի գումարի վճարումը և այդ հարցը լուծել վճռով (հիմք` փոստային ծրար, հատոր 2-րդ, գ.թ. 108-111):

Վերաքննիչ դատարանը, «Պետական տուրքի վճարումը տարաժամկետելու և վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» 22.10.2018 թվականի որոշմամբ մերժելով պետական տուրքի վճարումը տարաժամկետելու մասին միջնորդությունը և կրկին ներկայացրած վերաքննիչ բողոքի ընդունումը, արձանագրել է, որ «(...) պետական տուրքի վճարման տարաժամկետումը նշանակում է` պետական տուրքի վճարում մաս-մաս և որոշակի ժամանակահատվածներում, մինչդեռ բողոքաբերը, միջնորդելով տարաժամկետել, չի նշել տարաժամկետ վճարումների չափը և ժամանակահատվածը, ավելին` բողոքաբերը խնդրում է պետական տուրքի հարցը կարգավորել դատական ակտով, որը կարելի է ընդունել նաև` որպես պետական տուրքի վճարման ժամկետը հետաձգելու վերաբերյալ միջնորդություն, իսկ դատարանները չեն կարող ենթադրություններ անել դիմողների պահանջներով, ուստի ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով, պետք է մերժել բողոք բերած անձի միջնորդությունը» (հատոր 2-րդ, գ.թ. 114-115):

Վերոնշյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով Վերաքննիչ դատարանի վերլուծությունները և դրանք համադրելով սույն գործի փաստերի հետ` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը.

Տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանը, մերժելով պետական տուրքի վճարումը տարաժամկետելու մասին միջնորդությունն այն հիմքով, որ բողոքաբերը չի նշել տարաժամկետ վճարումների չափը և ժամանակահատվածը, անտեսել է այն հանգամանքը, որ թե՛ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով, թե՛ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով սահմանված չէ պետական տուրքի վճարումը տարաժամկետելու` պետական տուրքի գծով արտոնությունը, որպիսի պայմաններում վերաքննիչ բողոք բերած անձի վրա չէր կարող դրվել նաև օրենքով չսահմանված արտոնության կիրառումը ապահովող գործողությունների կատարում: Ավելին` Հրանուշ Երիցյանի կրկին ներկայացրած վերաքննիչ բողոքի ուսումնասիրության արդյունքում Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ըստ էության վերաքննիչ բողոք բերած անձը, միջնորդելով պետական տուրքի վճարումը տարաժամկետել, միաժամանակ խնդրել է դրան անդրադառնալ դատական ակտով: Այսինքն` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերաքննիչ բողոք բերած անձի միջնորդությունն ըստ էության ուղղված է եղել պետական տուրքի վճարման հետաձգմանը, հետևաբար որպես պետական տուրքի գծով արտոնություն ենթակա էր կիրառման պետական տուրքի հետաձգումը:

Նման պայմաններում վերը նշվածը հաշվի առնելով` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը սույն գործով առաջին հերթին պետք է առաջնորդվեր անձի արդարադատության մատչելիության իրավունքի ապահովման սկզբունքով և ելներ այդ իրավունքը ոչ միայն տեսականորեն, այլև գործնականում ապահովելու նպատակից:

Մասնավորապես` հաշվի առնելով այն հանգամանքը, որ սույն գործով վերաքննիչ բողոք բերած անձի կողմից ներկայացվել է պետական տուրքի վճարումը տարաժամկետելու միջնորդություն` միաժամանակ խնդրելով նաև պետական տուրքի վճարման հարցին անդրադառնալ վերջնական դատական ակտով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը, մերժելով պետական տուրքի վճարումը տարաժամկետելու մասին միջնորդությունը, այն չքննարկելով որպես պետական տուրքի վճարումը հետաձգելու վերաբերյալ միջնորդություն և այդ հիմքով վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելով, սահմանափակել է Հրանուշ Երիցյանի` ՀՀ Սահմանադրության 61-րդ, 63-րդ հոդվածներով և Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված` դատական պաշտպանության իրավունքը, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը, խախտելով «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, անհիմն կերպով է մերժել Հրանուշ Երիցյանի կողմից կրկին ներկայացված վերաքննիչ բողոքի ընդունումը` վերջինիս զրկելով Դատարանի 19.06.2018 թվականի վճիռը վերաքննության կարգով բողոքարկելու հնարավորությունից:

 

Վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները հերքվում են վերը նշված պատճառաբանություններով:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 22.10.2018 թվականի ««Պետական տուրքի վճարումը տարաժամկետելու վերաբերյալ միջնորդությունը և վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին»» որոշումը:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող Ե. Խունդկարյան

Զեկուցող  Է. Սեդրակյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Տ. Պետրոսյան

Ն. Տավարացյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
20.06.2019
N ԵԱՆԴ/2525/02/16
Որոշում