Սեղմել Esc փակելու համար:
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՄ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԿՐԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՄ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԿՐԻՉԻ ՎՐԱ ՄԵԿ ԿԱՄ ՄԻ ՔԱՆԻ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԵՐԻ ՁԱՅՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական              Քաղաքացիական գործ

    դատարանի որոշում                       թիվ ԵԿԴ/2080/02/16

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/2080/02/16   2019թ.

Նախագահող դատավոր` Ն. Բարսեղյան

    Դատավորներ`        Տ. Նազարյան

                       Ս. Թորոսյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող Ռ. Հակոբյան

զեկուցող  Վ. Ավանեսյան

Ս. Անտոնյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Գ. Հակոբյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

2019 թվականի հուլիսի 26-ին

գրավոր ընթացակարգով քննելով Անի Հովհաննիսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 12.06.2018 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Անի Հովհաննիսյանի ընդդեմ «Սպուտնիկ» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն)` աշխատանքային պայմանագրի լուծման վերաբերյալ հրամանն անվավեր ճանաչելու, նախկին աշխատանքում վերականգնելու, հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար հատուցում բռնագանձելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Անի Հովհաննիսյանը պահանջել է Ընկերության 28.12.2015 թվականի թիվ 17 հրամանը` Անի Հովհաննիսյանի հետ 02.08.2011 թվականին կնքված աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին, ճանաչել անվավեր և Անի Հովհաննիսյանին վերականգնել աշխատանքում` նախկին պաշտոնում, Ընկերությունից հօգուտ Անի Հովհաննիսյանի բռնագանձել Անի Հովհաննիսյանի միջին աշխատավարձը` հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ռ. Ափինյան) (այսուհետ` Դատարան) 06.02.2018 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 12.06.2018 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը բավարարվել է` Դատարանի 06.02.2018 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է նոր քննության:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Անի Հովհաննիսյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Ընկերության ներկայացուցիչ Էդուարդ Աղաջանյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածը, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածը, 09.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը վճռի բեկանման հիմքում դրել է այն հանգամանքը, որ 13.09.2016 և 17.02.2017 թվականների դատական նիստերի արձանագրությունները կատարվել են բողոքի քննության համար նշանակություն ունեցող հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը պարզելն անհնարին դարձնող թերություններով, ինչը վճռի պարտադիր բեկանման ենթակա լինելու հիմք է:

Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ 13.09.2016 և 17.02.2017 թվականների դատական նիստերի ձայնային արձանագրությունները խոտանված են, մինչդեռ գործի նյութերում առկա` վերոնշյալ դատական նիստերի ձայնային արձանագրություններն ամբողջական են և չեն կատարվել բողոքի քննության համար նշանակություն ունեցող հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը պարզելն անհնարին դարձնող թերություններով: Նման պայմաններում Դատարանի օրինական վճիռը բեկանվել է գոյություն չունեցող հիմքով:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 12.06.2018 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 06.02.2018 թվականի վճռին:

 

2.2. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Ներկայացված վճռաբեկ բողոքն անհիմն է, քանի որ Վերաքննիչ դատարանն իրավացիորեն գտել է, որ դատական նիստերի արձանագրությունները թերի են ու ոչ ամբողջական: Այսինքն` դատական նիստերի ժամանակ իրականացված քննության արդյունքներն ամբողջությամբ չեն արտացոլվել էլեկտրոնային կրիչների վրա, ինչի արդյունքում բողոքի քննության համար նշանակություն ունեցող հանգամանքները, մասնավորապես` կողմերի հիմնավորումները, պատասխանները և ապացույցներին վերաբերող դիրքորոշումները բացակայում են:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Գործում առկա են Դատարանում 13.09.2016 և 17.02.2017 թվականներին կայացած դատական նիստերի արձանագրությունների համակարգչային համառոտագրումները (հատոր 1-ին, գ.թ. 39-41, 111-113):

2) Գործում առկա է 13.09.2016 և 17.02.2017 թվականներին կայացած դատական նիստերի ձայնային արձանագրությունները պարունակող էլեկտրոնային կրիչը (հատոր 2-րդ, գ.թ. 89):

3) Ընկերության ներկայացուցչի կողմից 15.03.2018 թվականին ներկայացված վերաքննիչ բողոքում Դատարանի վճիռը բողոքարկվել է հետևյալ հիմքերի և հիմնավորումների սահմաններում`

- Դատարանը չի կիրառել իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ, 51-րդ, 53-րդ և 54-րդ հոդվածները, այն է` պատշաճ չի գնահատել գործում առկա գրավոր ապացույցները և վկաների ցուցմունքները, ինչը հանգեցրել է սխալ դատական ակտի կայացման:

- Դատարանը խախտել է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 14-րդ հոդվածը, 113-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը, 223-րդ և 226-րդ հոդվածները, այն է` չի պարզել, թե արդյոք պահպանվել են կարգապահական տույժի կիրառման կարգը և դրանից բխող` աշխատանքից ազատման հիմքերը:

- Դատարանը թույլ է տվել իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 220.4-րդ հոդվածի խախտում, այն է` հաշվի չի առել, որ 13.09.2016 և 17.02.2017 թվականներին կայացած դատական նիստերի ձայնային արձանագրությունների մի մասը խոտանված է:

- Դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածը, այն է` հաշվի չի առել, թե արդյոք առկա է հայցվորի աշխատանքի վերականգնման հնարավորություն (հատոր 3-րդ, գ.թ. 6-25):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

 

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում այն հիմնավորմամբ, որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի խախտում, որի արդյունքում նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի խախտում, որով և խաթարվել է արդարադատության բուն էությունը:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ քաղաքացիական գործում էլեկտրոնային կրիչի վրա մեկ կամ մի քանի դատական նիստերի ձայնային արձանագրումների և՛ բացակայությանը, և՛ այն թերություններին, որոնք անհնար են դարձնում բողոքի քննության համար նշանակություն ունեցող հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը պարզելը` վերահաստատելով նաև նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները:

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի 2-րդ կետի 5-րդ ենթակետի համաձայն` վճիռը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման, եթե գործից բացակայում է դատական նիստի արձանագրությունը:

17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 146-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` առաջին ատյանի, վերաքննիչ և վճռաբեկ դատարանների դատական նիստերում, ինչպես նաև դատական նիստերից դուրս առանձին դատավարական գործողություններ կատարելիս վարվում է արձանագրություն: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` դատական նիստի դահլիճում ձայնագրման համակարգ տեղադրված լինելու դեպքում արձանագրությունը վարվում է դատական նիստի ձայնային արձանագրման և համակարգչային եղանակով միաժամանակ համառոտագրման միջոցով: Համառոտագրումը դատական նիստերի դահլիճում կատարվող գործողությունների մասին նշումներն են:

17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 148-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` հատուկ համակարգչային ձայնագրման համակարգով արձանագրություն վարելիս դրա համառոտագրումը կատարվում է միաժամանակ` համակարգչային եղանակով: Ձայնային արձանագրությունը գործի նյութերին կցվում է լազերային կրիչի վրա: Համառոտագրումը գործի նյութերին կցվում է թղթային կրիչի վրա` հավաստված դատական նիստի քարտուղարի ստորագրությամբ:

09.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի համաձայն` դատական ակտը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման, եթե գործից բացակայում է դատական նիստի արձանագրությունը: Նույն հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի համաձայն` դատական ակտը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման, եթե դատական նիստի արձանագրումը կատարվել է այնպիսի թերություններով, որոնք անհնար են դարձնում բողոքի քննության համար նշանակություն ունեցող հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը պարզելը:

09.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական նիստում գործողություններ կատարելիս վարվում է արձանագրություն: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատական նիստերի դահլիճում հատուկ համակարգչային ձայնագրման համակարգ տեղադրված լինելու դեպքում արձանագրությունը վարվում է դատական նիստի ձայնային արձանագրման և համակարգչային եղանակով միաժամանակյա համառոտագրման ձևով: Համառոտագրումը դատական նիստերի դահլիճում կատարվող գործողությունների մասին նշումներն են:

09.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` հատուկ համակարգչային ձայնագրման համակարգով արձանագրություն վարելիս դրա համառոտագրումը կատարվում է միաժամանակ` համակարգչային եղանակով: Դատական նիստի քարտուղարի ստորագրությամբ թղթային կրիչի վրա կատարված համառոտագրումը և ձայնային կրիչի վրա պահված արձանագրությունը կցվում են գործի նյութերին:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արդեն իսկ անդրադարձել է դատավարության ընթացքում դատական նիստի արձանագրության ունեցած դերին և նշանակությանը` ընդգծելով, որ դատական նիստի արձանագրությունը` որպես դատավարական գործողությունների կատարման բոլոր էական հանգամանքները հաստատող փաստաթուղթ, ունի կարևոր ապացուցողական նշանակություն: Մասնավորապես` դատավարության կողմերը կարող են հիմնավորել իրենց վերաքննիչ և վճռաբեկ բողոքները` հղում կատարելով դատական նիստերի արձանագրությանը, իսկ վերադաս ատյանի դատարանները դատական նիստերի արձանագրությունների միջոցով կարող են ստուգել ստորադաս դատարաններում գործի քննության օրինականությունը, մասնավորապես, արդյո՞ք ստորադաս դատարանի կայացրած դատական ակտը համապատասխանում է այն փաստերին, որոնք հաստատվել են դատաքննության ընթացքում կամ որևէ դատավարական գործողություն իրականացնելիս դատարանը պահպանել է սահմանված դատավարական կարգը: Այսպիսով, դատական նիստի արձանագրությունն անձի դատական պաշտպանության իրավունքի և հատկապես` բողոքարկման իրավունքի իրացումն ապահովող կարևորագույն միջոցներից է, ինչով էլ պայմանավորված է դատական նիստի արձանագրության բացակայության դեպքում օրենսդրի կողմից դատական ակտի բեկանման պարտադիր պահանջի սահմանումը (տե՛ս, Կարեն Ստեփանյանի ընդդեմ Ջուլետտա Սմբատյանի թիվ ԵԱՔԴ/2279/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.07.2014 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանի վկայակոչված դիրքորոշումն արտահայտվել է 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի 2-րդ կետի 5-րդ ենթակետի կապակցությամբ, որը, որպես վճռի պարտադիր բեկանման հիմք, միայն նախատեսում էր գործից դատական նիստի արձանագրության բացակայությունը: Մինչդեռ գործնականում հնարավոր էին իրավիճակներ, երբ դատական նիստի արձանագրումը կատարվել էր այնպիսի թերություններով, որոնք հնարավորություն չէին տալիս վերադաս դատական ատյանին լիարժեք ստուգելու ստորադաս դատական ատյանում կատարված գործողությունների իրավաչափությունը: Այս նկատառումով օրենսդիրը 09.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում որպես դատական ակտի պարտադիր բեկանման հիմք սահմանել է նաև այն դեպքը, երբ դատական նիստի արձանագրումը կատարվել է այնպիսի թերություններով, որոնք անհնար են դարձնում բողոքի քննության համար նշանակություն ունեցող հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը պարզելը:

Վերոգրյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատական նիստի դահլիճում ձայնագրման համակարգ տեղադրված լինելու դեպքում դատական նիստի արձանագրումը ենթադրում է ձայնային արձանագրում` ամրագրված լազերային կրիչի վրա, և համառոտագրում` արտատպված թղթի վրա: Վճռաբեկ դատարանի գնահատմամբ ձայնային արձանագրումը հանդիսանում է դատական նիստի բոլոր տվյալների անընդմեջ արձանագրման հիմնական միջոցը, հետևաբար նաև դատավարության հրապարակայնության ապահովման միջոցը: Ինչ վերաբերում է թղթային համառոտագրմանը, ապա վերջինս ուղղակի դատական նիստերի դահլիճում կատարվող գործողությունների մասին նշումներն են, որն ունի ուղղորդիչ բնույթ, հետևաբար առանց ձայնային արձանագրման այն չի կարող բավարար պատկեր ստեղծել դատական նիստի ընթացքի վերաբերյալ, չի կարող բավարար չափով ապահովել դատավարության հրապարակայնությունը և ծառայել որպես անձի դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքների ապահովման երաշխիք:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատական նիստի դահլիճում ձայնագրման համակարգ տեղադրված լինելու դեպքում լազերային կրիչի վրա ամրագրված ձայնային արձանագրման և համակարգչային համառոտագրման միաժամանակյա առկայությունը պարտադիր է յուրաքանչյուր դատական նիստով, և դրանցից որևէ մեկի բացակայությունը ենթադրում է դատական նիստի արձանագրության բացակայություն: Միաժամանակ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ ոչ միայն լազերային կրիչի վրա մեկ կամ մի քանի դատական նիստերի ձայնային արձանագրությունների բացակայությունն է հանդիսանում դատական ակտի պարտադիր բեկանման հիմք, այլ նաև դատական նիստերի ձայնային արձանագրություններում առկա այն թերությունները, որոնք անհնար են դարձնում բողոքի քննության համար նշանակություն ունեցող հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը պարզելը: Այսինքն` լազերային կրիչի վրա ամրագրված դատական նիստերի ձայնային արձանագրությունների միայն առկայությունը բավարար չէ, անհրաժեշտ է, որ դրանք լինեն պիտանի և բավարար բողոքի քննության համար նշանակություն ունեցող հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը պարզելու համար: Հետևաբար լազերային կրիչի վրա մեկ կամ մի քանի դատական նիստերի ձայնային արձանագրությունների խոտանումը, որն անհնարին է դարձնում բողոքի քննության համար նշանակություն ունեցող հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը պարզելը, ipso facto հանգեցնում է վերանայվող դատական ակտի անվերապահ բեկանման` անկախ բողոքում այդ հիմքի վերաբերյալ որևէ վկայակոչումից:

Սույն գործով Վերաքննիչ դատարանը Դատարանի 06.02.2018 թվականի վճռի բեկանման հիմքում դրել է այն հանգամանքը, որ թեև գործի նյութերին կցված կրիչը պարունակում է 13.09.2016 և 17.02.2017 թվականների դատական նիստերի ձայնային արձանագրությունները, սակայն վերոնշյալ ձայնային արձանագրությունների մի մասի խոտանման արդյունքում դրանք լսելի չեն, ուստի դատական նիստերի ձայնային արձանագրությունները կատարվել են բողոքի քննության համար նշանակություն ունեցող հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը պարզելն անհնարին դարձնող թերություններով, ինչը Դատարանի վճռի անվերապահ բեկանման հիմք է: Միաժամանակ Վերաքննիչ դատարանն արձանագրել է. «Ինչ վերաբերում է նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտումների հետ կապված վերաքննիչ բողոք բերած անձի փաստարկներին, ապա դատական նիստերի արձանագրությունները բողոքի քննության համար նշանակություն ունեցող հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը պարզելն անհնարին դարձնող թերություններով կատարված լինելու հիմքով դատական ակտը բեկանման ենթակա լինելու պայմաններում Վերաքննիչ դատարանը դրանց չի անդրադառնում»:

Մինչդեռ Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությանը, արձանագրում է հետևյալը.

Վճռաբեկ դատարանը նախ հարկ է համարում նշել, որ սույն գործով Դատարանը 13.09.2016 և 17.02.2017 թվականների դատական նիստերն արձանագրել է ձայնային արձանագրման և համակարգչային եղանակով համառոտագրման միջոցով, և դատական նիստերի ձայնային արձանագրություններն ամրագրված են գործում առկա լազերային կրիչի վրա: Վճռաբեկ դատարանը նշված լազերային կրիչի վրա ամրագրված դատական նիստերի ձայնային արձանագրությունների հետազոտման արդյունքում արձանագրում է, որ Դատարանի 13.09.2016 և 17.02.2017 թվականների դատական նիստերի ձայնային արձանագրությունները խոտանված չեն, լսելի են և պիտանի են բողոքի քննության համար նշանակություն ունեցող հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը պարզելու համար: Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գալիս է այն եզրահանգման, որ Վերաքննիչ դատարանի այն պատճառաբանությունը, որ գործի նյութերին կցված 13.09.2016 և 17.02.2017 թվականների դատական նիստերի ձայնային արձանագրությունները խոտանված են, անհիմն է: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերաքննիչ բողոքի քննության համար նշանակություն ունեցող հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը պարզելն անհնարին դարձնող թերությունները բացակայել են, հետևաբար գործը ենթակա է նոր քննության` վերաքննիչ բողոք բերած անձի վկայակոչած նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտումների հետ կապված բոլոր հիմքերին ու փաստարկներին անդրադառնալու և քննության առարկա դարձնելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովելու դատական սխալների բացահայտումը և ուղղումը` դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը, իսկ այդ առաքելությունը կարող է իրագործվել միայն այն դեպքում, երբ վերաքննիչ դատարանն անդրադառնա վերաքննիչ բողոքի բոլոր հիմքերին և հիմնավորումներին` դրանով իսկ բացահայտելով ենթադրյալ դատական սխալի առկայությունը կամ բացակայությունը: Այնինչ տվյալ պարագայում Վերաքննիչ դատարանը, դատական ակտի պարտադիր բեկանման հիմքի առկայության մասին սխալ եզրահանգման գալով, չի անդրադարձել վերաքննիչ բողոքի մնացած հիմքերին և հիմնավորումներին` սահմանափակելով բողոքարկման իրավունքի իրացման հնարավորությունը` արդյունքում թույլ տալով այնպիսի դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:

Վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները հերքվում են վերը նշված պատճառաբանությամբ:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը նույն դատարան նոր քննության ուղարկելու համար` Ընկերության կողմից բերված վերաքննիչ բողոքի մնացած հիմքերը քննության առնելու և դրանց հիմնավորվածությունը ստուգելու նպատակով:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլխի կանոններին համապատասխան:

Նկատի ունենալով, որ սույն գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատական ծախսերի բաշխման հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 12.06.2018 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան` նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող Ռ. Հակոբյան

Զեկուցող  Վ. Ավանեսյան

Ս. Անտոնյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Գ. Հակոբյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
26.07.2019
N ԵԿԴ/2080/02/16
Որոշում