Սեղմել Esc փակելու համար:
1995 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 16-ԻՆ ՀԱԱԳԱՅՈՒՄ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

1995 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 16-ԻՆ ՀԱԱԳԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ԱՖՐԻԿՅԱՆ-ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻԳՐԱՑՎՈՂ Ջ ...

 

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

i

1995 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 16-ԻՆ ՀԱԱԳԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ԱՖՐԻԿՅԱՆ-ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻԳՐԱՑՎՈՂ ՋՐԱՅԻՆ ԹՌՉՈՒՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 22 հոկտեմբերի 2019 թ.

 

Սահմանադրական դատարանը` կազմով. Ա. Գյուլումյանի (նախագահող), Ա. Դիլանյանի, Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)`

Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Ի. Ղափլանյանի,

համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետի, 169-րդ հոդվածի 3-րդ մասի, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 22, 23 և 74-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «1995 թվականի հունիսի 16-ին Հաագայում ստորագրված «Աֆրիկյան-եվրասիական միգրացվող ջրային թռչունների պահպանության մասին» համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության կառավարության` 2019 թվականի օգոստոսի 23-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

Ուսումնասիրելով սույն գործով Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով քննության առարկա համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը` Սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. «Աֆրիկյան-եվրասիական միգրացվող ջրային թռչունների պահպանության մասին» բազմակողմ համաձայնագիրը (այսուհետ` Համաձայնագիր) Հայաստանի Հանրապետության կողմից ստորագրվել է 1995 թվականի հունիսի 16-ին Հաագայում, երբ այն առաջին անգամ ներկայացվել է պետությունների ստորագրմանը:

Համաձայնագրի կիրարկման նպատակն է համակարգված կամ համաձայնեցված գործողությունների միջոցով էականորեն նպաստել միգրացվող ջրային թռչունների և դրանց բնակավայրերի առավել արդյունավետ պահպանմանը և լրացուցիչ օգուտներ բերել բազմաթիվ այլ կենդանիների ու բույսերի տեսակներին:

Համաձայնագիրը բաղկացած է նախաբանից, 17 հոդվածից, Համաձայնագրի անբաժանելի մաս կազմող երեք հավելվածներից, Հավելված 3-ին կից 1-ին Աղյուսակից: Հավելված 1-ով սահմանվում է Համաձայնագրի գործողության տարածքը, Հավելված 2-ով` ջրային թռչունների տեսակները, որոնց նկատմամբ կիրառելի է Համաձայնագիրը, իսկ Հավելված 3-ով` գործողության ծրագիրը: 3-րդ Հավելվածի 1-ին Աղյուսակը նվիրված է միգրացվող ջրային թռչունների պոպուլյացիաների կարգավիճակին:

2019 թվականի հունիսի 12-ի դրությամբ Համաձայնագրին միացել է 79 պետություն:

2. Համաձայնագրի «Կիրարկումը և ֆինանսավորումը» վերտառությամբ V հոդվածի 2-րդ կետի «ա» ենթակետի համաձայն` Հայաստանի Հանրապետությունը, ինչպես և Համաձայնագրի յուրաքանչյուր Կողմ ստանձնում է Միավորված ազգերի կազմակերպության գնահատման սանդղակին համապատասխան Համաձայնագրի բյուջե մուծումներ կատարելու ֆինանսական պարտավորություն: Նշված մուծումները յուրաքանչյուր Կողմի համար պետք է սահմանափակվեն ընդհանուր բյուջեի առավելագույնը 25 տոկոսով, և տնտեսական ինտեգրման տարածաշրջանային ոչ մի կազմակերպությունից չպետք է պահանջվի վարչական ծախսերի 2,5 տոկոսից ավելի մուծում կատարել:

Ըստ Համաձայնագրի վավերացման նպատակահարմարության վերաբերյալ դիմողի կողմից ներկայացված տեղեկանք-հիմնավորման` Համաձայնագրին անդամակցության վճարը Հայաստանի Հանրապետության համար կազմում է տարեկան 2000 եվրո:

Համաձայնագրով` Հայաստանի Հանրապետությունը ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.

- Համաձայնագրի տարածքում վտանգված ջրային թռչունների միգրացվող տեսակներին ապահովել լիարժեք պահպանություն,

- ապահովել, որ միգրացվող ջրային թռչունների ցանկացած օգտագործում հիմնված լինի իրենց էկոլոգիայի գնահատման ամենաժամանակակից գիտելիքների վրա և հաստատուն լինի ինչպես այդ տեսակների, այնպես էլ դրանք պահպանող էկոլոգիական համակարգերի համար,

- որոշել ՀՀ տարածքում միգրացվող ջրային թռչունների տարածքները և բնակավայրերը և խրախուսել այդ վայրերի պահպանությունը, կառավարումը և վերականգնումը Համաձայնագրի IX հոդվածի «ա» և «բ» կետերում նշված` բնակավայրերի պահպանությամբ զբաղվող մարմինների հետ մեկտեղ,

- ուսումնասիրել այն խնդիրները, որոնք առաջացել են կամ կարող են առաջանալ մարդկային գործունեությունից, և ձգտել իրականացնել պաշտպանիչ միջոցներ` ներառյալ բնակավայրի վերականգնումը, և բնակավայրի կորստի դեպքում` փոխհատուցման միջոցները,

- համագործակցել միջազգային համաձայնեցված գործողություն պահանջող արտակարգ իրավիճակներում և պարզել ջրային թռչունների միգրացվող այն տեսակները, որոնք այդպիսի իրավիճակներում առավել խոցելի են, ինչպես նաև համագործակցել արագ արձագանքման համապատասխան մեխանիզմների մշակման ուղղությամբ,

- արգելել այլ տարածքներում բնակվող ջրային թռչունների տեսակների կանխամտածված ներմուծումը շրջակա միջավայր և այդ տեսակների ոչ միտումնավոր ազատ արձակումը կանխելու համար ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները, եթե այդ ներմուծումը կամ ազատ արձակումը կարող է վնաս հասցնել վայրի բուսական և կենդանական աշխարհի պահպանության կարգավիճակին, իսկ եթե այլ տարածքներում բնակվող ջրային թռչունները արդեն ներմուծվել են, ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները` թույլ չտալու համար, որ այդ տեսակները վտանգեն բնիկ տեսակներին,

- նախաձեռնել միգրացվող ջրային թռչունների կենսաբանական և էկոլոգիական առանձնահատկությունների վերաբերյալ հետազոտություններ կամ աջակցել դրանց` ներառյալ հետազոտության և մոնիթորինգի մեթոդների ներդաշնակեցումը և, անհրաժեշտության դեպքում, համակցված կամ համատեղ ծրագրերի ստեղծումը,

- մշակել և շարունակել միգրացվող ջրային թռչունների պահպանության հիմնախնդիրների վերաբերյալ իրազեկության բարձրացման և ընկալման ծրագրերն ընդհանրապես և, մասնավորապես, Համաձայնագրի որոշակի նպատակների և դրույթների համար,

- իրականացնել հետազոտությունների, մոնիթորինգի, պահպանության և կրթական ծրագրերի արդյունքների և տեղեկատվության փոխանակում,

- համագործակցել միմյանց հետ, մասնավորապես, հետազոտության և մոնիթորինգի ոլորտներում` Համաձայնագրի կիրարկմանն աջակցելու նպատակով:

Բացի դրանից, Հայաստանի Հանրապետությունը ստանձնում է նաև մի շարք այլ պարտավորություններ.

- Համաձայնագրի կիրարկման համար նշանակել մարմին կամ մարմիններ, որը (որոնք), ի թիվս այլ հարցերի, կիրականացնի (կիրականացնեն) բոլոր այն գործողությունների մոնիտորինգը, որոնք կարող են ազդեցություն ունենալ ջրային թռչունների այն միգրացվող տեսակների պահպանության կարգավիճակի վրա, որոնց համար Հայաստանի Հանրապետությունը ապրելավայրի պետություն է (Հոդված V, կետ 1, ենթակետ «ա»),

- նշանակել Համաձայնագրի մյուս կողմերի հետ կապն ապահովող մարմին և, առանց ուշացման, Համաձայնագրի քարտուղարությանը հաղորդել դրա անվանումը և հասցեն, Կողմերի ժողովի հերթական յուրաքանչյուր նիստի համար` սկսած երկրորդ նիստից, պատրաստել զեկույց Հայաստանի Հանրապետության կողմից Համաձայնագրի կիրարկման վերաբերյալ` հատուկ ուշադրություն դարձնելով պահպանության ուղղությամբ ձեռնարկված միջոցներին, յուրաքանչյուր զեկույց ներկայացնել Կողմերի քարտուղարություն ոչ ուշ, քան Կողմերի ժողովի այն հերթական նիստից հարյուր քսան օր առաջ, որի համար պատրաստվել է (Հոդված V, կետ 1, ենթակետեր «բ», «գ»),

- ապահովել, որ Համաձայնագրի Հավելված 3-ում շարադրված Գործողության ծրագիրը կիրառվի նույն հավելվածի Աղյուսակ 1-ում (այսուհետ` Աղյուսակ 1) թվարկված միգրացվող ջրային թռչունների պոպուլյացիաների նկատմամբ (Հավելված 3, կետ 1, ենթակետ 1.1),

- որպես Աղյուսակ 1-ի Ա սյունակում թվարկված պոպուլյացիաներ ունեցող պետություն, ապահովել այդ պոպուլյացիաների պահպանությունը` համաձայն Համաձայնագրի III հոդվածի 2(ա) կետի, մասնավորապես և պահպանելով Հավելված 3-ի 2.1.3 կետի դրույթները. ա) արգելել ՀՀ տարածքում հանդիպող այդ պոպուլյացիաների թռչունների և ձվերի հավաքը, բ) արգելել կանխամտածված անհանգստացումն այնքանով, որքանով անհանգստացումը էական կլինի տվյալ պոպուլյացիայի պահպանության համար, գ) արգելել այն պոպուլյացիաների թռչունների կամ ձվերի տնօրինումը, օգտագործումը և վաճառքը, որոնք հավաքվել են Համաձայնագրի Հավելված 3-ի 2-րդ կետի 2.1.1 ենթակետի (ա) պարբերությունում նշված արգելքների խախտմամբ, արգելել այդ թռչունների և ձվերի ճանաչելի մասերի կամ արգասիքների տնօրինումը կամ օգտագործումը և առևտուրը (Հավելված 3, կետ 2, ենթակետ 2.1.1),

- որպես Աղյուսակ 1-ի Ա սյունակում թվարկված պոպուլյացիաներ ունեցող պետություն, կանոնակարգել Բ սյունակում թվարկված թռչունների և ձվերի հավաքը, արգելել տվյալ պոպուլյացիաների թռչունների որսը բազմացման և աճեցման տարբեր փուլերում և բազմացման տարածքներ վերադառնալու շրջանում, եթե որսն ունի անբարենպաստ ազդեցություն տվյալ պոպուլյացիայի պահպանության վիճակի վրա, կարգավորել հավաքի ձևերը, անհրաժեշտության դեպքում սահմանափակել հավաքի չափաքանակները և ապահովել համապատասխան հսկողություն, որպեսզի երաշխավորվի, որ այդ սահմանափակումները կպահպանվեն, արգելել այն պոպուլյացիաների թռչունների և ձվերի տնօրինումը կամ օգտագործումն ու առևտուրը, որոնք հավաքվում են Համաձայնագրի Հավելված 3-ի 2-րդ կետի 2.1.2 ենթակետի (դ) պարբերությունում նշված արգելքների խախտմամբ, արգելել այդ թռչունների և ձվերի ճանաչելի մասերի կամ արգասիքների տնօրինումը կամ օգտագործումն ու առևտուրը (Հավելված 3, կետ 2, ենթակետ 2.1.2),

- համագործակցել Համաձայնագրի մյուս կողմերի հետ` նպատակ ունենալով մշակել և իրագործել Աղյուսակ 1-ի Ա սյունակի 1-ին կարգում թվարկված և Աղյուսակ 1-ի Ա սյունակում աստղանիշով նշված պոպուլյացիաների համար եզակի տեսակների մասով գործողության ծրագրեր (Հավելված 3, կետ 2.2, ենթակետ 2.2.1),

- նախապատրաստել և իրագործել Աղյուսակ 1-ի Ա սյունակի 1-ին կարգում թվարկված պոպուլյացիաների եզակի տեսակների մասով գործողության ծրագրեր` նպատակ ունենալով բարելավել նրանց ընդհանուր պահպանության կարգավիճակը (Հավելված 3, կետ 2.2, ենթակետ 2.2.2),

- հնարավորության և նպատակահարմարության դեպքերում Համաձայնագրի մյուս կողմերի հետ համագործակցելով մշակել և իրագործել արտակարգ միջոցառումներ Աղյուսակ 1-ում թվարկված պոպուլյացիաների համար, երբ Համաձայնագրի տարածքի որևէ մասում առանձնահատուկ անբարենպաստ կամ վտանգող պայմաններ են դիտարկվում (Հավելված 3, կետ 2.3),

- մեծագույն զգոնություն ցուցաբերել Աղյուսակ 1-ում թվարկված պոպուլյացիաներն իրենց պատմական ապրելավայրերում, ուր դրանք արդեն չեն հանդիպում, վերականգնելու ժամանակ: Համաձայնագրի քարտուղարությանը նախապես տեղեկացնել Աղյուսակ 1-ում թվարկված պոպուլյացիաների վերականգնման բոլոր ծրագրերի մասին (Հավելված 3, կետ 2.4),

- անհրաժեշտության դեպքում արգելել այլ տարածքներում բնակվող բույսերի և կենդանիների այն տեսակների ներմուծումները, որոնք կարող են վնասակար լինել Աղյուսակ 1-ում թվարկված պոպուլյացիաների համար, անհրաժեշտության դեպքում պահանջել համապատասխան նախազգուշական միջոցների կիրառում` խուսափելու համար այլ տարածքներում բնակվող տեսակներին պատկանող թռչունների պատահական ազատ արձակումից, իրագործելիության և նպատակահարմարության սահմաններում ձեռնարկել միջոցներ` ներառյալ հավաքը, որպեսզի ապահովեն, որ ՀՀ տարածքում արդեն իսկ ներմուծված` այլ տարածքներում բնակվող տեսակները կամ դրանց խառնածինները չհանդիսանան հավանական վնասի աղբյուր Աղյուսակ 1-ում թվարկված պոպուլյացիաների համար (Հավելված 3, կետ 2.5),

- անհրաժեշտության դեպքում միջազգային կազմակերպությունների հետ համատեղ նախաձեռնել և հրապարակել ՀՀ տարածքում գտնվող` Աղյուսակ 1-ում թվարկված պոպուլյացիաների համար կարևոր բնակավայրերի ազգային գույքագրումները, որպես առաջնահերթ խնդիր` ձգտել որոշել Աղյուսակ 1-ում թվարկված պոպուլյացիաների համար միջազգային և ազգային կարևորություն ունեցող բոլոր բնակավայրերը (Հավելված 3, կետ 3.1),

- իրագործելիության և անհրաժեշտության սահմաններում ձգտել վերահաստատել և վերականգնել այն տարածքները, որոնք նախկինում կարևոր էին Աղյուսակ 1-ում թվարկված պոպուլյացիաների համար (Հավելված 3, կետ 3.3),

- հնարավորինս աջակցել կառույցների նախագծման և շինարարության բարձր բնապահպանական ստանդարտներին` նվազագույնի հասցնելու համար դրանց ազդեցությունը Աղյուսակ 1-ում թվարկված պոպուլյացիաների վրա, մշակել քայլեր` նվազագույնի հասցնելու արդեն իսկ գործող կառույցների ազդեցությունը, երբ ակնհայտ է դառնում, որ դրանք բացասական ազդեցություն են թողնում համապատասխան պոպուլյացիաների վրա (Հավելված 3, կետ 4.3, ենթակետ 4.3.5),

- ստեղծել և արդյունավետորեն իրականացնել շրջակա միջավայրի աղտոտման դեմ պայքարի` օրենքով նախատեսված ստուգման մեխանիզմներ, մասնավորապես, նավթի արտահոսքին, պինդ թափոնների բեռնաթափմանն ու արտանետմանն առնչվող միջազգային նորմերին և իրավական համաձայնագրերին համապատասխան` նպատակ ունենալով նվազեցնել դրանց ազդեցությունը Աղյուսակ 1-ում թվարկված պոպուլյացիաների վրա (Հավելված 3, կետ 4.3, ենթակետ 4.3.9):

i

3. Սահմանադրական դատարանը գտնում է, որ Հայաստանի Հանրապետության կողմից Համաձայնագրով ստանձնած պարտավորությունները համահունչ են Սահմանադրության 12-րդ հոդվածի պահանջներին և դրանց կատարումը կարող է նպաստել շրջակա միջավայրի պահպանությանը:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետով, 170-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 74-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. 1995 թվականի հունիսի 16-ին Հաագայում ստորագրված «Աֆրիկյան-եվրասիական միգրացվող ջրային թռչունների պահպանության մասին» համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը:

2. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

    ՆԱԽԱԳԱՀՈՂ                              Ա. ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

 

22 հոկտեմբերի 2019 թվականի

ՍԴՈ-1482

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
22.10.2019
N ՍԴՈ-1482
Որոշում