Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 301-ՐԴ ՀՈԴՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 301-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ, 449-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ԿԵՏԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԵՐԱ ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական              Սնանկության գործ

    դատարանի որոշում                       թիվ ԵԱՔԴ/0058/04/16

Սնանկության գործ թիվ ԵԱՔԴ/0058/04/16   2019թ.

Նախագահող դատավոր` Ս. Միքայելյան

    Դատավորներ`        Ա. Սմբատյան

                       Հ. Ենոքյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող Ռ. Հակոբյան

զեկուցող  Ն. Տավարացյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Ե. Խունդկարյան

Գ. Հակոբյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

 

2019 թվականի հունիսի 07-ին

գրավոր ընթացակարգով քննելով «Կրիոսան» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) ներկայացուցիչ Մելինե Համբարձումյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 15.01.2018 թվականի որոշման դեմ` ըստ Ընկերության դիմումի` «Տորգտրանս» ՍՊԸ-ին (այսուհետ` Կազմակերպություն) սնանկ ճանաչելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է Կազմակերպությունը ճանաչել սնանկ:

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 28.04.2016 թվականի վճռով դիմումը բավարարվել է:

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 25.07.2016 թվականի որոշմամբ հաստատվել է Կազմակերպության սնանկության գործով պահանջների վերջնական ցուցակը:

«Յունիբանկ» ԲԲԸ-ն (այսուհետ` Բանկ) և «Գուդռենտ» ՍՊԸ-ն 22.06.2017 թվականին միջնորդություններ են ներկայացրել դատարան` Երևանի Անդրանիկի թիվ 73/1 հասցեում գտնվող առևտրի սրահը պարտապանի գույքի կազմից հանելու պահանջի մասին:

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ա. Դանիելյան) (այսուհետ` Դատարան) 15.09.2017 թվականի որոշմամբ Բանկի և «Գուդռենտ» ՍՊԸ-ի միջնորդությունները մերժվել են:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 15.01.2018 թվականի որոշմամբ Բանկի և «Գուդռենտ» ՍՊԸ-ի վերաքննիչ բողոքները բավարարվել են` Դատարանի 15.09.2017 թվականի «Պարտապանի գույքի կազմից գույքը հանելու վերաբերյալ միջնորդությունը քննության առնելու մասին» որոշումը բեկանվել և փոփոխվել է` Բանկի և «Գուդռենտ» ՍՊԸ-ի միջնորդությունները` Երևանի Անդրանիկի փողոցի թիվ 73/1 հասցեում գտնվող առևտրի սրահը պարտապան Կազմակերպության գույքի կազմից հանելու մասին, բավարարվել են, և Երևանի Անդրանիկի փողոցի թիվ 73/1 հասցեում գտնվող առևտրի սրահը հանվել է պարտապան Կազմակերպության գույքի կազմից:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերության ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխաններ են ներկայացրել Բանկը և «Գուդռենտ» ՍՊԸ-ն:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 301-րդ հոդվածի 1-ին կետը, 449-րդ հոդվածի 3-րդ կետը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության (այսուհետ` Ծառայություն) հարկադիր կատարող Վ. Բարսեղյանը 23.11.2015 թվականին, հաշվի չառնելով դեռևս 11.09.2015 թվականին հարկային մարմնի կողմից կիրառված արգելանքը, կազմակերպել է աճուրդ, որում «Գուդռենտ» ՍՊԸ-ն ճանաչվել է հաղթող: Աճուրդով իրացվել է այնպիսի գույք, որի տնօրինումն արգելված է եղել ՀՀ ֆինանսների նախարարության 11.09.2015 թվականի թիվ 031003 որոշմամբ: Հետևաբար գույքը չէր կարող իրացվել առանց դրանց վրա կիրառված սահմանափակումների վերացման, և հենց այդ է պատճառը, որ առ այսօր ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեն (այսուհետ` Կոմիտե) հրաժարվում է գրանցել «Գուդռենտ» ՍՊԸ-ի սեփականության իրավունքը: Մինչդեռ Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ծագում է միայն պետական գրանցման պահից:

Բացի այդ, Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ բողոք բերած անձինք վերաքննիչ բողոքների օրինակները չեն ուղարկել գործին մասնակցող անձ դիմումատու Ընկերությանը` զրկելով վերջինիս վերաքննիչ բողոքների վերաբերյալ դիրքորոշում հայտնելու և առարկելու իրավունքից:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 15.01.2018 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 15.09.2017 թվականի «Պարտապանի գույքի կազմից գույքը հանելու վերաբերյալ միջնորդությունը քննության առնելու մասին» որոշմանը:

 

2.1 Բանկի և «Գուդռենտ» ՍՊԸ-ի ներկայացրած վճռաբեկ բողոքի պատասխանների հիմնավորումները

Բանկի և «Գուդռենտ» ՍՊԸ-ի կողմից ներկայացվել են վճռաբեկ բողոքի` ըստ էության նույնաբովանդակ պատասխաններ հետևյալի մասին.

Վճռաբեկ բողոքում չի նշվել Վերաքննիչ դատարանի թույլ տված որևէ նյութական կամ դատավարական իրավունքի խախտում:

Ինչ վերաբերում է վերաքննիչ բողոքի պատճեններն ուղարկելուն, ապա «Գուդռենտ» ՍՊԸ-ի և Բանկի կողմից վերաքննիչ բողոքների պատճենները պատշաճ կարգով ուղարկվել են Ընկերությանը, իսկ վերջինս, չարաշահելով իր դատավարական իրավունքները, անհիմն ձգձգում է դատական գործընթացը: Բացի այդ, անգամ վերաքննիչ բողոքը չստանալու պարագայում էլ Ընկերությունը Վերաքննիչ դատարանի կողմից ևս պատշաճ ծանուցվել է և, հետևաբար, հնարավորություն ուներ ծանոթանալու գործի նյութերին, վերաքննիչ բողոքին և ներկայացնելու վերաքննիչ բողոքի պատասխան:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) ՀՀ-ի` ի դեմս Ծառայության հարկադիր կատարող Վահագն Բարսեղյանի (վաճառող), և «Գուդռենտ» ՍՊԸ-ի` ի դեմս տնօրեն Լևոն Գասպարյանի (գնորդ), միջև 27.11.2015 թվականին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրի 1-ին կետի համաձայն` վաճառողը` Ծառայության հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացված լոտի մասին 23.11.2015 թվականի թիվ 0103fbq006526/14-15/01 արձանագրության (լոտի կոդը` 235741) հիման վրա վաճառել, իսկ գնորդը գնել է ք. Երևան Անդրանիկի փողոցի թիվ 73/1 հասցեում գտնվող անշարժ գույքը: Պայմանագրի 5-րդ կետի համաձայն` նշված անշարժ գույքը վաճառվել է 216.272.500 ՀՀ դրամով, և պայմանագրի կնքման պահին ամբողջ գումարը վճարվել է գնորդի կողմից: Պայմանագրի 3-րդ կետի համաձայն` նշված անշարժ գույքը սեփականության իրավունքով պատկանում է Կազմակերպությանը` համաձայն Կոմիտեի կողմից տրված 08.08.2013 թվականի թիվ 08082013-01-0189 վկայականի: Պայմանագիրը ենթարկվել է նոտարական վավերացման (հավելված, հատոր 4-րդ, գ.թ. 7):

2) Կոմիտեի 18.01.2016 թվականի թիվ Մ-13/01/2016-1-0284 և 16.02.2016 թվականի թիվ Մ-11/02/2016-1-0089 որոշումների համաձայն` «Գուդռենտ» ՍՊԸ-ի տնօրեն Լևոն Գասպարյանի դիմումը` Երևանի Անդրանիկի փողոցի թիվ 73/1 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ «Գուդռենտ» ՍՊԸ-ի սեփականության իրավունքի պետական գրանցում կատարելու վերաբերյալ, մերժվել է այն պատճառաբանությամբ, որ Ծառայության 28.10.2014 թվականի, 10.01.2015 թվականի, 29.07.2015 թվականի, 24.12.2015 թվականի որոշումներով արգելանք է դրվել նշված գույքի սեփականատեր Ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող գույքի վրա (հավելված, հատոր 4-րդ, գ.թ. 5-6):

3) 03.10.2017 թվականի թիվ RR248622469AM փոստային անդորրագրի համաձայն` Բանկը վերաքննիչ բողոքի օրինակն Ընկերությանն ուղարկել է «Երևան Խուդյակով 1/2 20» հասցեով, որը, ըստ գործի նյութերի, Ընկերության ծանուցման հասցեն է (հավելված, հատոր 4-րդ, գ.թ. 68-69, 89):

4) 03.10.2017 թվականի թիվ RR248622353AM փոստային անդորրագրի համաձայն` «Գուդռենտ» ՍՊԸ-ն վերաքննիչ բողոքի օրինակն Ընկերությանն ուղարկել է «Երևան Խուդյակով 1/2 20» հասցեով, որը, ըստ գործի նյութերի, Ընկերության ծանուցման հասցեն է (հավելված, հատոր 4-րդ, գ.թ. 68-69, 131):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է սույն վճռաբեկ բողոքը ներկայացնելու պահին գործող` 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության ապահովման համար, քանի որ տվյալ դեպքում սնանկ ճանաչված պարտապանի գույքի կազմից գույքը հանելու վերաբերյալ Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար:

Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ իրավունքի պետական գրանցում պահանջող գործարքով իրավունքի պետական գրանցման պահանջը չպահպանելու հետևանքներին սնանկության վարույթում:

i

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի համաձայն` սնանկության գործերի վարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքով և նույն օրենքով սահմանված կարգով: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե նույն օրենքով սահմանված են այլ կանոններ, քան Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով, ապա սնանկության գործի քննությունն իրականացվում է նույն օրենքով սահմանված կանոններով:

i

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` ժամանակավոր կառավարչի կամ պարտատիրոջ միջնորդությամբ դատարանի որոշմամբ կարող է կիրառվել պարտապանի կամ նրա տիրապետման կամ օգտագործման ներքո գտնվող գույքի տնօրինման, տիրապետման կամ օգտագործման ցանկացած անհրաժեշտ սահմանափակում, եթե դրանց չկիրառման արդյունքում կարող է էապես նվազել պարտապանի գույքը: Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն` սնանկության դիմումը վարույթ ընդունելու մասին դատարանի որոշումն ստանալու պահից դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը կասեցնում է պարտապանի գույքի բռնագանձման վերաբերյալ բոլոր կատարողական վարույթները:

i

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի «ը» կետի համաձայն` պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո դատարանն արգելանք է դնում պարտապանին պատկանող գույքի և դրամական միջոցների վրա (...):

i

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ապահովված են համարվում գրավով (այդ թվում` երրորդ անձին պատկանող գույքի գրավով), երաշխիքով կամ երաշխավորությամբ ապահովված պահանջները: Ապահովված պարտատերեր են համարվում ապահովված պահանջներ ունեցող անձինք` այդ պահանջների մասով: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` մորատորիում չտարածելու մասին դատարանին ծանուցած գրավով ապահովված պարտատերը չի ընդգրկվում սնանկության գործով պարտատերերի ցանկում, և նրա ապահովված պահանջները բավարարվում են բացառապես այդ պարտավորության համար գրավադրված գույքի իրացման (այդ թվում` գործող օրենսդրությամբ սահմանված` առանց դատարան դիմելու) հաշվին: Այդ դեպքում պարտատերը, անկախ ապահովված պահանջների բավարարման չափից, տվյալ պարտավորության մասով հետագայում չի կարող որևէ պահանջ ներկայացնել պարտապանի այլ գույքի նկատմամբ: Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն` մորատորիում չտարածելու մասին դատարանին չծանուցած գրավով ապահովված պարտատերն ընդգրկվում է սնանկության գործով պարտատերերի ցանկում և իր ապահովված պահանջների բավարարումն ստանում է նույն հոդվածի 5-րդ, 6-րդ, 7-րդ և 9-րդ մասերով սահմանված կարգով: Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն` պարտատերերի ցանկում ընդգրկված գրավով ապահովված պարտատերը կարող է պահանջել իր` գրավով ապահովված պարտավորությունը առաջնահերթ կերպով բավարարել գրավադրված գույքի վաճառքից ստացված միջոցներից:

i

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պարտապանի գույքի կազմում է ներառվում պարտապանին պատկանող ցանկացած գույք, իրավունք կամ այլ ակտիվ, ներառյալ` մտավոր սեփականության օբյեկտ: Ի ապահովումն պարտապանի` նույն օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված մորատորիում չտարածելու մասին դատարանին ծանուցած ապահովված իրավունքով պարտատիրոջ առջև ստանձնած պարտավորության համար ապահովված իրավունքի առարկան (այդ թվում` երրորդ անձին պատկանող) չի ընդգրկվում պարտապանի գույքի կազմում, բացառությամբ դրա իրացումից ստացված միջոցների, որոնք պարտապանի գույքի կազմում են ընդգրկվում նույն օրենքի 43-րդ հոդվածի 8-րդ մասով նախատեսված դեպքում: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` պարտապանին պատկանող գույքի տնօրինումը նրա լուծարման մասին որոշում կայացնելուց հետո իրականացնում է կառավարիչը` նույն օրենքով սահմանված կարգով: Պարտապանի ղեկավարը լուծարումից հետո զրկվում է գույքը տնօրինելու և կառավարելու իրավունքներից:

Վկայակոչված հոդվածների վերլուծությունից հետևում է, որ սնանկ ճանաչված պարտապանի գույքի կազմում ներառվում է պարտապանին պատկանող ցանկացած գույք` բացառությամբ մորատորիում չտարածելու մասին դատարանին ծանուցած ապահովված իրավունքով պարտատիրոջ առջև ստանձնած պարտավորության համար ապահովված իրավունքի առարկայի: Այլ կերպ ասած` ընդհանուր կանոնի համաձայն` գրավով ապահովված պարտատիրոջ առջև ստանձնած պարտավորության կատարման համար գրավադրված գույքը չի ընդգրկվում սնանկ ճանաչված պարտապանի գույքի կազմում և ապահովված պարտատերը կարող է այդ գույքից իր պահանջների բավարարում ստանալ սնանկության վարույթից դուրս ՀՀ քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված ընդհանուր կարգով, սակայն միայն այն դեպքում, երբ տեղեկանալով պարտապանի սնանկ ճանաչվելու վերաբերյալ` ապահովված պարտատերը ծանուցել է դատարանին մորատորիում չտարածելու մասին: Այսինքն` օրենսդիրը, պարտապանի սնանկ ճանաչվելու դեպքում հնարավորություն ընձեռելով ապահովված պարտատիրոջը ստանալու իր պահանջների բավարարումը գրավադրված գույքի հաշվին` շրջանցելով սնանկության գործով վարույթը, միաժամանակ սահմանել է այն պարտադիր պայմանը, որի պահպանման դեպքում միայն «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կանոնը կարող է գործել: Նշված պայմանի չպահպանման դեպքում գրավադրված գույքը նույնպես ներառվում է սնանկ ճանաչված պարտապանի գույքի կազմում, և ապահովված պարտատերը դրանից բավարարում կարող է ստանալ բացառապես սնանկության վարույթի շրջանակներում` ընդգրկվելով պարտատերերի ցանկում:

Վերոգրյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պարտապանին սնանկ ճանաչելու վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից պարտապանի գույքի և դրամական միջոցների վրա կիրառվում են սահմանափակումներ` պարտատերերի պահանջների կատարումն ապահովելու նպատակով: Այդ սահմանափակումներն առաջնահերթ ուղղված են պարտապանի գույքի էական նվազեցում թույլ չտալուն: Տվյալ սահմանափակումները կարող են վերացվել միայն սնանկության գործի շրջանակներում պարտապանին սեփականության իրավունքով պատկանող կամ օրենքով նախատեսված այլ դեպքերում գույքի իրացման նպատակով` պարտատերերի պահանջների կատարումն ապահովելու համար:

Հետևաբար «Սնանկության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով սնանկ ճանաչված անձին սեփականության իրավունքով պատկանող գույքը պարտապանի գույքի կազմից հանել հնարավոր է, եթե գույքը գրավի առարկա է, և պարտատերը դատարանին ծանուցել է տվյալ գույքի նկատմամբ մորատորիում չտարածելու մասին: ՈՒստիև պարտապանին պատկանող այլ գույք չի կարող հանվել պարտապանի գույքի կազմից:

Սույն գործի փաստերի համաձայն` ՀՀ-ի` ի դեմս Ծառայության հարկադիր կատարող Վահագն Բարսեղյանի, և «Գուդռենտ» ՍՊԸ-ի միջև 27.11.2015 թվականին կնքվել է անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր, որով Ծառայությունը վաճառել, իսկ «Գուդռենտ» ՍՊԸ-ն գնել է Երևանի Անդրանիկի փողոցի թիվ 73/1 հասցեում գտնվող անշարժ գույքը: Կոմիտեի 18.01.2016 թվականի և 16.02.2016 թվականի որոշումների համաձայն` «Գուդռենտ» ՍՊԸ-ի տնօրենի դիմումը` Երևանի Անդրանիկի փողոցի թիվ 73/1 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման մասին, մերժվել է գույքի նկատմամբ արգելանք առկա լինելու հիմքով:

Բանկը և «Գուդռենտ» ՍՊԸ-ն 22.06.2017 թվականին միջնորդություններ են ներկայացրել Դատարան` Երևանի Անդրանիկի թիվ 73/1 հասցեում գտնվող առևտրի սրահը պարտապանի գույքի կազմից հանելու պահանջի մասին:

Դատարանը, մերժելով միջնորդությունները, պատճառաբանել է, որ վիճելի գույքի նկատմամբ դեռևս գրանցված է պարտապան Կազմակերպության սեփականության իրավունքը, ուստի գույքն ընդգրկված է սնանկ ճանաչված պարտապանի գույքի կազմում: Պարտապանի գույքի կազմում ընդգրկվում է պարտապանին պատկանող ցանկացած գույք, և տվյալ դեպքում դատարանը լիազորություն չունի որևէ գույք ներառելու այդ կազմում կամ հանելու դրանից:

Վերաքննիչ դատարանը բողոքը բավարարել է` պատճառաբանելով, որ գործարքի արդյունքում «Գուդռենտ» ՍՊԸ-ն ձեռք է բերել վիճելի գույքի նկատմամբ սեփականության իրավունք, քանի որ կողմերը կատարել են գործարքով վերապահված գործողությունները և փաստացի ձեռք են բերել գործարքով նախատեսված ակնկալիքը: ՈՒստի վիճելի` Երևանի Անդրանիկի փողոցի թիվ 73/1 հասցեում գտնվող անշարժ գույքը չէր կարող ընդգրկվել պարտապանի գույքի կազմի մեջ: Միաժամանակ ընդգծել է նաև, որ Կազմակերպությունը սնանկ է ճանաչվել Դատարանի 28.04.2016 թվականի վճռով: Վիճելի անշարժ գույքն էլեկտրոնային աճուրդով իրացվել է 23.11.2015 թվականին, իսկ առուվաճառքի պայմանագիրը կնքվել է 27.11.2015 թվականին: Այսինքն` նախքան պարտապանին սնանկ ճանաչելը վիճելի գույքն արդեն իսկ դուրս է եկել Կազմակերպության տիրապետումից: Հետևաբար այն ի սկզբանե չէր կարող ներառվել պարտապանի գույքի կազմում:

Մինչդեռ վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` սեփականության իրավունքը սուբյեկտի` օրենքով և այլ իրավական ակտերով ճանաչված ու պահպանվող իրավունքն է` իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրեն պատկանող գույքը (...):

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը և այլ գույքային իրավունքները, այդ իրավունքների սահմանափակումները, դրանց ծագումը, փոխանցումն ու դադարումը ենթակա են պետական գրանցման:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` այն դեպքերում, երբ գույքի նկատմամբ իրավունքը ենթակա է պետական գրանցման, ձեռք բերողի սեփականության իրավունքը ծագում է դրա գրանցման պահից:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 301-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` անշարժ գույքի հետ կատարվող գործարքներից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 449-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` այն պայմանագիրը, որից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման, կնքված է համարվում այդ իրավունքի գրանցման պահից:

Վերոգրյալ իրավական նորմերի հիման վրա Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ սույն գործով Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ ՀՀ-ի` ի դեմս Ծառայության հարկադիր կատարող Վահագն Բարսեղյանի, և «Գուդռենտ» ՍՊԸ-ի միջև 27.11.2015 թվականին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը չի ստացել պետական գրանցում, ուստի «Գուդռենտ» ՍՊԸ-ի սեփականության իրավունքը չի ծագել անշարժ գույքի նկատմամբ: Դատարանի կողմից Կազմակերպությանը սնանկ ճանաչելու մասին վճիռ կայացնելու պահին տվյալ հասցեի անշարժ գույքի նկատմամբ գրանցված է եղել Կազմակերպության սեփականության իրավունքը, հետևաբար «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի 1-ին մասի ուժով Կազմակերպությանը սնանկ ճանաչելուց հետո պատկանող` Երևանի Անդրանիկի փողոցի թիվ 73/1 հասցեում գտնվող անշարժ գույքը ներառվել է պարտապանի գույքի կազմում: Նկատի ունենալով, որ նշված գույքը պատկանում է Կազմակերպությանը, և «Գուդռենտ» ՍՊԸ-ի սեփականության իրավունքը չի ծագել դրա նկատմամբ, այն չէր կարող հանվել պարտապանի գույքի կազմից: Հետևաբար վճռաբեկ բողոքի նշված հիմքը հիմնավոր է:

 

Վճռաբեկ բողոքների պատասխաններում բերված փաստարկները նշված եզրահանգումների մասով հերքվում են վերոգրյալ պատճառաբանություններով:

Ինչ վերաբերում է վճռաբեկ բողոքի մյուս փաստարկին այն մասին, որ Ընկերությանը չեն ուղարկվել վերաքննիչ բողոքների պատճենները, ապա Վճռաբեկ դատարանը փաստում է, որ գործում առկա փոստային անդորրագրերով հիմնավորվում է Բանկի և «Գուդռենտ» ՍՊԸ-ի կողմից Ընկերությանը բողոքների պատճեններն ուղարկելու հանգամանքը, որպիսի պայմաններում Վճռաբեկ դատարանն անհիմն է համարում բողոքի նշված փաստարկը` միաժամանակ հիմնավոր համարելով այս մասով վճռաբեկ բողոքների պատասխանների փաստարկները:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն քաղաքացիական գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված` առաջին ատյանի դատական ակտին օրինական ուժ տալու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

i

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված` անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից:

Առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալով` Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 15.01.2018 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 15.09.2017 թվականի «Պարտապանի գույքի կազմից գույքը հանելու վերաբերյալ միջնորդությունը քննության առնելու մասին» որոշմանը:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող Ռ. Հակոբյան

Զեկուցող  Ն. Տավարացյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Ե. Խունդկարյան

Գ. Հակոբյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
07.06.2019
N ԵԱՔԴ/0058/04/16
Որոշում