Սեղմել Esc փակելու համար:
ԱՐԴՅՈ՞Ք ԿՈՆԿՐԵՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԱՐԴՅՈ՞Ք ԿՈՆԿՐԵՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՈՐՈՇԱԿԻ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    ՀՀ վարչական վերաքննիչ                  Վարչական գործ

    դատարանի որոշում                       թիվ ՎԴ/4571/05/13

    Վարչական գործ թիվ ՎԴ/4571/05/13        2019թ.

Նախագահող դատավոր` Ա. Սարգսյան

    Դատավորներ`        Ա. Աբովյան

                       Ք. Մկոյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

(2-րդ մաս)

 

նախագահող Ռ. Հակոբյան

զեկուցող  Տ. Պետրոսյան

Ա. Բարսեղյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

2019 թվականի օգոստոսի 01-ին

 

Հաջորդիվ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ ներկայացված պարտավորեցման հայցով հայցվորների` իրավական շահագրգռվածություն ունենալու հարցին:

Ինչպես նշվել է, պարտավորեցման հայցով հայցվորները խնդրել են պարտավորեցնել պատասխանողին սահմանելու Նազելի Նահատակյանի ու Գրիշա Չաումյանի` որպես ՀՀ կառավարության 04.04.2013 թվականի թիվ 342-Ա որոշմամբ հաստատված ծրագրի 8-րդ կետի «գ» ենթակետով նախատեսված անձանց համար պարտադիր ճանաչման, պահպանության, պաշտպանության, կատարման կամ կիրառման ենթակա նույնական իրավունքներ, պարտականություններ կամ այլ կանոններ (իրավակարգավորում), ինչ 8-րդ կետի «ա» ենթակետով նախատեսված անձանց համար:

Սույն գործի փաստերի համաձայն` Նազելի Նահատակյանի կողմից պահպանվել է պարտավորեցման հայցը ՀՀ վարչական դատարան ներկայացնելու նախապայմանը: Մասնավորապես` վերջինս մինչև սույն գործով հայցադիմումը ՀՀ վարչական դատարան ներկայացնելը` 09.04.2013 թվականին, դիմում է ներկայացրել ՀՀ կառավարությանը` ի դեմս ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի` խնդրելով ձեռնարկել ՀՀ օրենսդրությամբ սահմանված համապատասխան միջոցները և Երևան քաղաքի Արամի թիվ 72-80 հասցեներում իրացման գոտում իրացված գույքերի նախկին սեփականատերերի, օգտագործողների կամ սեփականատիրոջ, օգտագործողի ժառանգների և Երևան քաղաքի Արամի թիվ 72-80 հասցեներում իրացման գոտում իրացված գույքերի նախկին սեփականատիրոջից կամ օգտագործողից իրավունքի զիջման գործարքով բնակարանի գնման իրավունքի ձեռք բերման համար վճարում կատարած անձանց «Երևան քաղաքի Արամի փողոցի 72-80 հասցեներում ձախողված կառուցապատման ծրագրերից տուժած անձանց գույքային կորուստների վերականգնման միջոցառումների ծրագրի մասին» որոշման ընդունման դեպքում նախատեսել նույն կարգավորումը: Այդուհանդերձ, նշված հանգամանքն ինքնին հիմք չէ Նազելի Նահատակյանի հայցը բավարարելու համար, քանի որ հայցադիմումը դատարան ներկայացնելուց հետո, 07.05.2014 թվականին կնքված «Շահառուի գույքային իրավունքների զիջման մասին» պայմանագրով Նազելի Նահատակյանը Ծրագրի 2-րդ բաժնի 8-րդ կետի «գ» ենթախմբի շահառուի իրավունքները հատուցմամբ զիջել է Պատրիկ Աճեմյանին` դադարելով հանդիսանալ այդ իրավունքների կրողը, ուստի սույն գործով պարտավորեցման հայցի մասով ևս Նազելի Նահատակյանը այլևս չունի «իրական (ռեալ)» այնպիսի իրավունքներ, որոնք ենթակա են դատական պաշտպանության:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանն իրավաչափ է գնահատում Դատարանի եզրահանգումն այն մասին, որ Ծրագրի 8-րդ կետի «գ» ենթախմբում ընդգրկված շահառուի իրավունքներն ամբողջությամբ Պատրիկ Աճեմյանին զիջած լինելու պարագայում Նազելի Նահատակյանն այլևս նշված պահանջի իրավատեր չէ, ուստի սույն գործով ներկայացված պարտավորեցման հայցով ևս չունի իրավական շահագրգռվածություն: Այսինքն` իր առերևույթ խախտված իրավունքների պաշտպանության նպատակով ներկայացված հայցապահանջներով Նազելի Նահատակյանն «իրական (ռեալ)» իրավունք ունեցող շահագրգիռ անձ չի հանդիսանում, հետևաբար նշված պահանջի մասով ևս մերժելով Նազելի Նահատակյանի հայցը` Դատարանը կայացրել է գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտ, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:

Ինչ վերաբերում է պարտավորեցման հայցով Գրիշա Չաումյանի իրավական շահագրգռվածությանը, ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Սույն գործի փաստերի համաձայն` մինչև ՀՀ վարչական դատարան հայց ներկայացնելը բարենպաստ վարչական ակտ ընդունելու պահանջով Գրիշա Չաումյանը ՀՀ կառավարությանը չի դիմել:

Վերոգրյալ փաստական հանգամանքների և իրավական վերլուծությունների հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վարչական մարմնին ակնկալվող բարենպաստ վարչական ակտն ընդունելու պահանջով դիմած չլինելու հանգամանքով պայմանավորված` Գրիշա Չաումյանի մոտ չի ծագել սույն գործով պարտավորեցման հայց ներկայացնելու իրավունքը: Այսինքն` պարտավորեցման հայցի մասով Գրիշա Չաումյանի և սույն գործով պատասխանողի միջև որևէ վեճ առկա չի եղել, հետևաբար այդ պահանջի մասով Գրիշա Չաումյանի ներկայացրած հայցադիմումի ընդունումը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով ենթակա է եղել մերժման: Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հայցադիմումի ընդունումը մերժելու վերոգրյալ հիմքի առկայությունն ինքնին, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի համաձայն, հիմք է հանդիսանում գործի վարույթը կարճելու համար: Մինչդեռ Դատարանը նշված պահանջի մասով գործի վարույթը կարճելու փոխարեն կայացրել է Գրիշա Չաումյանի հայցը մերժելու մասին վճիռ, իսկ Վերաքննիչ դատարանն այդ մասով գործի վարույթը կարճելու փոխարեն Դատարանի վճիռը բեկանել է և ուղարկել նոր քննության` անտեսելով այն հանգամանքը, որ ակնկալվող բարենպաստ վարչական ակտն ընդունելու պահանջով սույն գործով պատասխանողին Գրիշա Չաումյանի դիմած չլինելու փաստն անվիճելի լինելու պարագայում բացակայում է նաև այդ մասով գործը լրացուցիչ քննության ուղարկելու և Գրիշա Չաումյանի մոտ պարտավորեցման հայց ներկայացնելու իրավական նախադրյալների, այդ թվում` դատարան դիմելու իրավունքի ծագման հարցերը պարզելու անհրաժեշտությունը:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 152-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ և 5-րդ կետով սահմանված` Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու և գործի վարույթը մասնակիորեն կարճելու, ինչպես նաև մյուս մասով Դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու Վճռաբեկ դատարանի լիազորությունները հետևյալ հիմնավորմամբ.

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի վերոգրյալ հոդվածով ամրագրված` անձի արդար դատաքննության իրավունքի տարր: Հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելը և գործի վարույթը մասնակիորեն կարճելը, իսկ մյուս մասով Դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում են արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելիս և գործի վարույթը մասնակիորեն կարճելիս, իսկ մյուս մասով Դատարանի դատական ակտին օրինական ուժ տալիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը: Միաժամանակ նկատի ունենալով, որ Դատարանի` գործը մասամբ ճիշտ լուծող դատական ակտը թերի է պատճառաբանված, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ դատական ակտին պետք է մասամբ օրինական ուժ տալ` սույն որոշման պատճառաբանություններով:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:

Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, արձանագրում է, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ընկերությունը վճռաբեկ բողոքի համար վճարել է 40.000 ՀՀ դրամ, որն անհրաժեշտ է եղել վճռաբեկ բողոք բերող անձի դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար, գտնում է, որ Ընկերության կողմից նախապես վճարված պետական տուրքի գումարը ենթակա է հատուցման հայցվորներ Նազելի Նահատակյանի և Գրիշա Չաումյանի կողմից:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 27.10.2017 թվականի որոշման` ՀՀ կառավարության 04.04.2013 թվականի «Երևան քաղաքի Արամի թիվ 72-80 հասցեներում ձախողված կառուցապատման ծրագրից տուժած անձանց գույքային կորուստների վերականգնման միջոցառումների և ծրագիրը հաստատելու մասին» թիվ 342-Ա որոշումը մասնակիորեն` այդ որոշմամբ հաստատված ծրագրի 2-րդ բաժնի 8-րդ կետի «գ» ենթակետի, «գ» ենթակետում նախատեսված անձանց համար ծրագրով կարգավորումներ սահմանող կետերի (11-րդ, 12-րդ, 14-րդ, 15-րդ, 17-րդ, 18-րդ, 22-րդ, 23-րդ, 24-րդ), ինչպես նաև որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետի «ծրագրի 8-րդ կետի 1-ին մասի «գ» ենթակետում նշված շահառուներ» նախադասության մասով, վերացնելու պահանջի, ինչպես նաև Նազելի Նահատակյանի` որպես ՀՀ կառավարության 04.04.2013 թվականի թիվ 342-Ա որոշմամբ հաստատված ծրագրի 8-րդ կետի «գ» ենթակետով նախատեսված անձի, համար պարտադիր ճանաչման, պահպանության, պաշտպանության, կատարման կամ կիրառման ենթակա նույնական իրավունքներ, պարտականություններ կամ այլ կանոններ (իրավակարգավորում), ինչ 8-րդ կետի «ա» ենթակետով նախատեսված անձանց համար, սահմանելուն պարտավորեցնելու պահանջի մասով գործը նոր քննության ուղարկելու մասը, և այդ մասով օրինական ուժ տալ ՀՀ վարչական դատարանի 18.11.2016 թվականի վճռին` սույն որոշման պատճառաբանություններով:

Բեկանել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 27.10.2017 թվականի որոշման` Գրիշա Չաումյանի` որպես ՀՀ կառավարության 04.04.2013 թվականի թիվ 342-Ա որոշմամբ հաստատված ծրագրի 8-րդ կետի «գ» ենթակետով նախատեսված անձի, համար պարտադիր ճանաչման, պահպանության, պաշտպանության, կատարման կամ կիրառման ենթակա նույնական իրավունքներ, պարտականություններ կամ այլ կանոններ (իրավակարգավորում), ինչ 8-րդ կետի «ա» ենթակետով նախատեսված անձանց համար, սահմանելուն պարտավորեցնելու պահանջի մասով գործը նոր քննության ուղարկելու մասը, և այդ մասով սույն գործի վարույթը կարճել:

2. Նազելի Նահատակյանից և Գրիշա Չաումյանից համապարտության կարգով հօգուտ «Դի ընդ Էյջ Գրուպ» ՍՊԸ-ի բռնագանձել 40.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար սահմանված պետական տուրքի գումար:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող Ռ. Հակոբյան

Զեկուցող  Տ. Պետրոսյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
01.08.2019
N ՎԴ/4571/05/13
Որոշում