Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ` ԻՐԱՎԱՀԱՐԱԲԵՐՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ` ԻՐԱՎԱՀԱՐԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԾԱԳՄԱՆ ՊԱՀԻՆ ԳՈՐԾՈՂ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՄԲ 135- ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

    ՀՀ վարչական վերաքննիչ                  Վարչական գործ

    դատարանի որոշում                       թիվ ՎԴ/3530/05/14

    Վարչական գործ թիվ ՎԴ/3530/05/14        2019թ.

Նախագահող դատավոր` Ա. Սարգսյան

    Դատավորներ`        Ա. Աբովյան

                       Ա. Բաբայան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող Ռ. Հակոբյան

զեկուցող  Ս. Միքայելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

2019 թվականի օգոստոսի 01-ին,

դռնբաց դատական նիստում քննելով ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ` Կոմիտե) վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 31.10.2017 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Աբդուլմաջիդ Աբդուլազիզ Ֆավազ Ալհոկաիրիի ընդդեմ Կոմիտեի` Կոմիտեի իրավախախտումների հայտնաբերման և վարչական վարույթների իրականացման վարչության (այսուհետ` Վարչություն) պետի 07.05.2014 թվականի թիվ 30հբ որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Աբդուլմաջիդ Աբդուլազիզ Ֆավազ Ալհոկաիրին պահանջել է անվավեր ճանաչել Վարչության պետի 07.05.2014 թվականի թիվ 30հբ որոշումը:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ա. Ծատուրյան) (այսուհետ` Դատարան) 27.06.2016 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 31.10.2017 թվականի որոշմամբ Աբդուլմաջիդ Աբդուլազիզ Ֆավազ Ալհոկաիրիի վերաքննիչ բողոքը բավարարվել է` Դատարանի 27.06.2016 թվականի վճիռը բեկանվել է ու փոփոխվել` հայցը բավարարվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կոմիտեն:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Աբդուլմաջիդ Աբդուլազիզ Ֆավազ Ալհոկաիրիի ներկայացուցիչ Ալլա Հախնազարյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ մաքսային օրենսգրքի` իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 135-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ ապրանքներ տեղափոխող անձը` «Մաստերռիթեյլ» ՓԲԸ-ի (այսուհետ` Ընկերություն) տնօրեն Աբդուլմաջիդ Աբդուլազիզ Ֆավազ Ալհոկաիրին, պարտավոր էր ճշգրիտ տեղեկություններ ներկայացնել «MASSIMO DUTTI» ապրանքային նշանով մակնշված ապրանքների մաքսային արժեքի, այդ թվում` դրա բաղկացուցիչ տարր հանդիսացող «MASSIMO DUTTI» ապրանքային նշանի օգտագործման դիմաց վճարվող ռոյալթիների գումարի մասին: Մինչդեռ Ընկերության տնօրենը չի կատարել իր այդ պարտականությունը ո՛չ հայտարարագրման ժամանակ և ո՛չ էլ դրանից հետո:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել նաև, որ Ընկերության կողմից «ITX MERKEN B.V» ընկերությանը վճարված ռոյալթիների վճարման հաշիվների դուրս գրման ժամանակ Ընկերությունը կարող էր դիմել մաքսային մարմնին և մաքսային մարմնի կողմից ընդունված հայտարարագրերում կատարել համապատասխան փոփոխություններ: Այդ ժամանակ Ընկերությունը կարող էր ներկայացնել մաքսային արժեքների վերաբերյալ ճշգրտված տեղեկություններ` դրանց մեջ ներառելով նաև ՀՀ մաքսային օրենսգրքի` իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 83-րդ հոդվածի «ե» կետով նախատեսված ռոյալթիների վճարների մեծությունը:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 31.10.2017 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 27.06.2016 թվականի վճռին:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները.

Վճռաբեկ բողոքն անհիմն է և ենթակա է մերժման: Տվյալ դեպքում ռոյալթիի գումարի չափը հայտնի չէր ապրանքների ներմուծման պահին, վերջինս հայտնի է դառնում ապրանքների հայտարարագրումից վեց ամիս հետո և շարունակում է հաշվարկվել յուրաքանչյուր վեց ամիս ժամանակաշրջանի համար: Նման պայմաններում Ընկերությանը պատասխանատվության ենթարկելը, ինչպես նաև ուշ գոյացած ռոյալթիների մասով տույժեր կիրառելը հակասում են իրավական որոշակիության սկզբունքին: Բացի այդ, Ընկերությունը չէր կարող ներկայացնել ճշգրտված տեղեկություններ ռոյալթիների մեծության վերաբերյալ, քանի որ ՀՀ մաքսային օրենսգրքի` իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 135-րդ հոդվածի կիրարկումն ապահովող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ է մտել միայն 15.05.2014 թվականին:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) «ITX MERKEN B.V.» ընկերության և Ընկերության միջև 01.10.2012 թվականին կնքված ֆրանչայզինգի պայմանագրի համաձայն` Ընկերությունը ստացել է «MASSIMO DUTTI» ապրանքային նշանի օգտագործման իրավունք, որի դիմաց Ընկերությունը պարտավորվել է վճարել նախորդ վեց ամիսների ապրանքաշրջանառության (հարկումից հետո) 3 տոկոսը (հատոր 1-ին, գ.թ. 62-63).

2) Վարչության պետի 07.05.2014 թվականի թիվ 30հբ որոշման համաձայն` Կոմիտեի նախագահի 07.03.2014 թվականի թիվ 100-Ա հրամանի հիման վրա Ընկերությունում իրականացվել է հետբացթողումային հսկողություն, որի արդյունքում արձանագրվել է, որ 01.10.2012 թվականից մինչև 01.02.2014 թվականն ընկած ժամանակաշրջանում Ընկերությունը թիվ 176 մաքսային հայտարարագրերով Հայաստանի Հանրապետություն է ներմուծել և «Ներմուծում ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով ձևակերպել է «MASSIMO DUTTI» ապրանքային նշանով հագուստներ, կոշիկներ և այլ պարագաներ: Մինչդեռ Ընկերության տնօրենը նշված հայտարարագրերում ապրանքների մաքսային արժեքի մեջ չի ներառել «ITX MERKEN B.V.» ընկերության և Ընկերության միջև 01.10.2012 թվականին կնքված ֆրանչայզինգի պայմանագրի համաձայն վճարման ենթակա ռոյալթիների գումարը, որը ՀՀ մաքսային օրենսգրքի` իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 83-րդ հոդվածի «ե» կետի ուժով հանդիսանում է հայտարարագրված ապրանքների մաքսային արժեքի մեջ ներառվող տարր: Արդյունքում Ընկերության կողմից պակաս են վճարվել 15.561.026 ՀՀ դրամի չափով մաքսային վճարներ:

Մաքսային կանոնների նշված խախտման համար Ընկերության տնօրեն Աբդուլմաջիդ Աբդուլազիզ Ալհոկաիրին ենթարկվել է ՀՀ մաքսային օրենսգրքի 203-րդ հոդվածով նախատեսված վարչական պատասխանատվության և նրա նկատմամբ նշանակվել է տուգանք` պակաս հաշվարկված մաքսային վճարների 50 տոկոսի` 7.780.513 ՀՀ դրամի չափով (հատոր 1-ին, գ.թ. 58-61):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է վճռաբեկ բողոքը ներկայացնելու և վարույթ ընդունելու պահին գործող խմբագրությամբ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` ստորադաս դատարանի կողմից ՀՀ մաքսային օրենսգրքի` իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 135-րդ հոդվածի 5-րդ և 9-րդ մասերի խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ հարցին. արդյո՞ք Ընկերության տնօրեն Աբդուլմաջիդ Աբդուլազիզ Ֆավազ Ալհոկաիրին իրավաչափորեն է ենթարկվել վարչական պատասխանատվության Հայաստանի Հանրապետություն ներմուծված ապրանքների մաքսային հայտարարագրերում այդ ապրանքների իրացման համար անհրաժեշտ պայման հանդիսացող ռոյալթիների դիմաց վճարման ենթակա գումարների վերաբերյալ տեղեկություններ չներկայացնելու համար, եթե այդ ռոյալթիների գումարի մեծությունը հայտնի չէր ներմուծված ապրանքների մաքսային ձևակերպումների իրականացման ժամանակ:

ՀՀ մաքսային օրենսգրքի` իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 81-րդ հոդվածի համաձայն` մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքի մաքսային արժեքը գործարքի գինն է, այսինքն` այն գումարը, որը փաստացի վճարվել է, ենթակա է վճարման կամ պետք է վճարվեր ապրանքը ներմուծման երկիր արտահանելու նպատակով ձեռք բերելու և մինչև Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանը տեղափոխելու համար:

ՀՀ մաքսային օրենսգրքի` իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 83-րդ հոդվածի «ե» կետի համաձայն` մաքսային արժեքը ներառում է նաև գնորդի կողմից ապրանքների վաճառքի անհրաժեշտ պայման հանդիսացող ռոյալթիների և թույլտվությունների դիմաց մատակարարին ուղղակի կամ անուղղակի վճարված կամ վճարման ենթակա վճարները:

ՀՀ մաքսային օրենսգրքի` իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 128-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ապրանքները և տրանսպորտային միջոցները, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի, ենթակա են հայտարարագրման տարածաշրջանային կամ մասնագիտացված մաքսատներում կամ մաքսային կետերում վերադաս մաքսային մարմնի սահմանած կարգով, եթե (ա) դրանք տեղափոխվում են Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով (...):

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` հայտարարագրումն իրականացվում է վերադաս մաքսային մարմնի սահմանած ձևով` գրավոր, բանավոր կամ էլեկտրոնային եղանակով` նշելով ճշգրիտ տեղեկություններ` ապրանքների և տրանսպորտային միջոցների, դրանց տեղափոխման նպատակի մասին, ինչպես նաև մաքսային հսկողության և ձևակերպման համար անհրաժեշտ այլ տեղեկություններ:

ՀՀ մաքսային օրենսգրքի` իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 135-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` մաքսային հայտարարագրում փոփոխություններ և լրացումներ կարող են կատարվել մինչև դրա ընդունումը (...):

Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն` մաքսային հայտարարագիրը կարող է (...) փոփոխվել, եթե ընդունված մաքսային հայտարարագրում կա անճշտություն կամ սխալ (...) և այդ հանգամանքը հանգեցրել է կամ, հայտարարագիրն (...) չփոփոխելու դեպքում, կարող է հանգեցնել մաքսային կանոնների խախտման:

Նույն հոդվածի 9-րդ մասի համաձայն` հայտարարագրված ապրանքների և տրանսպորտային միջոցների բացթողումից հետո մաքսային մարմինների ընդունած մաքսային հայտարարագիրը հայտարարագրման ավտոմատ համակարգչային ծրագրի միջոցով կարող է փոփոխվել և (կամ) լրացվել` վերադաս մաքսային մարմնի սահմանած ձևով ճշգրտումների փաստաթուղթ կազմելով, որը համարվում է ընդունված հայտարարագրի անբաժանելի մասը:

ՀՀ մաքսային օրենսգրքի 203-րդ հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքները և տրանսպորտային միջոցները չհայտարարագրելը կամ ոչ իրենց անվանմամբ հայտարարագրելը կամ հայտարարագրման ժամանակ ոչ ճշգրիտ տեղեկություններ նշելը` (...) որի արդյունքում առաջանում է մաքսային վճարների պակաս հաշվարկում կամ չհաշվարկում` հանցագործության հատկանիշների բացակայության դեպքում` առաջացնում է չհաշվարկված կամ պակաս հաշվարկված մաքսային վճարների գանձում օրենքով սահմանված կարգով, ինչպես նաև տուգանք` այդ մաքսային վճարների 50 տոկոսի չափով (...):

Վերոգրյալ իրավադրույթների համակարգային վերլուծությունից բխում է, որ ապրանքները մաքսային ընթացակարգով ձևակերպելու համար հայտարարատուն պարտավոր է ներկայացնել այդ ապրանքների մաքսային հայտարարագիր, որը պարունակում է ապրանքների ու ընտրված մաքսային ընթացակարգի վերաբերյալ տվյալներ և այլ տվյալներ, որոնք անհրաժեշտ են ապրանքների բացթողման համար:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ապրանքների և տրանսպորտային միջոցների հայտարարագրման պարտականության նախատեսումն ինքնանպատակ չէ: Մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների և տրանսպորտային միջոցների հայտարարագրումը, ըստ էության, մաքսային մարմիններին որոշակի տեղեկատվություն տրամադրելու օրենսդրորեն սահմանված եղանակ է: Նման իրավակարգավորման նպատակը հարկեր, տուրքեր վճարելու, պարտադիր այլ վճարումներ կատարելու անձի սահմանադրաիրավական պարտականության պատշաճ կատարման համար անհրաժեշտ իրավական երաշխիքների ապահովումն է, քանի որ մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքները և տրանսպորտային միջոցները հայտարարագրելու միջոցով լուծվում է տվյալ ապրանքի կամ տրանսպորտային միջոցի ներմուծման կամ արտահանման համար գանձվող մաքսատուրքի վճարման հարցը, ինչպես նաև պարզվում է գանձման ենթակա մաքսատուրքի չափը (տե՛ս, նաև ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն ընդդեմ Վահե Հարությունյանի և Վահե Հարությունյանն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի թիվ ՎԴ/5170/05/12 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2014 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքի մաքսային արժեքի բաղկացուցիչ տարրերից է նաև այդ ապրանքի վաճառքի անհրաժեշտ պայման հանդիսացող ռոյալթիների դիմաց մատակարարին ուղղակի կամ անուղղակի վճարված կամ վճարման ենթակա վճարները: Ապրանքները և տրանսպորտային միջոցները վերադաս մաքսային մարմնի սահմանած կարգով հայտարարագրման ժամանակ հայտարարագրման է ենթակա մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների մաքսային արժեքը, որի մեջ ներառված է ռոյալթիների դիմաց վճարված կամ վճարման ենթակա վճարը: Այսինքն` մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների և տրանսպորտային միջոցների վերաբերյալ ներկայացվող հայատարարագրում պետք է նշվի նաև ապրանքների վաճառքի անհրաժեշտ պայման հանդիսացող ռոյալթիների դիմաց վճարված կամ վճարման ենթակա վճարների մասին:

Օրենսդիրը նախատեսել է մաքսային հայտարարագրերի ներկայացման արդյունքում վրա հասնող հետևանքների կարգավորման մի քանի եղանակ: Այսպես` մաքսային հսկողություն իրականացնելու ժամանակ մաքսային մարմնին ներկայացման ենթակա է մաքսային հայտարարագիրը, որում ներառման են ենթակա ռոյալթիների դիմաց վճարված կամ վճարման ենթակա վճարների վերաբերյալ տեղեկություններ: Այնուհետև, ներկայացված հայտարարագրում անճշտության կամ սխալի առկայության դեպքում մաքսային մարմնի ընդունած մաքսային հայտարարագիրը կարող է փոփոխվել: Նշվածից հետևում է, որ ներկայացված հայտարարագրում սխալի կամ անճշտության հայտնաբերման պարագայում օրենսդիրը նշված թերություններն ուղղելու հնարավորություն է ընձեռել: Փաստորեն, իրավահարաբերության ծագման պահին գործող մաքսային օրենսդրությամբ հայտարարատուին հնարավորություն է ընձեռվել մաքսային մարմնին նախօրոք հայտնել վճարման ենթակա ռոյալթիի դիմաց վճարումների մասին, ինչպես նաև հետագայում դիմել մաքսային մարմնին և մաքսային մարմնի կողմից ընդունված հայտարարագրերում կատարել համապատասխան փոփոխություններ` ներկայացնելով մաքսային արժեքների վերաբերյալ ճշգրտված տեղեկություններ:

Ամփոփելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների մաքսային արժեքը (տվյալ ապրանքը ձեռք բերելու և մինչև Հայաստանի Հանրապետության սահման հասցնելու համար վճարված կամ վճարման ենթակա գումարը) ենթակա է հայտարարագրման: Այն դեպքերում, երբ տվյալ ապրանքի առուվաճառքի գնից զատ առուվաճառքի պայմանագրով ռոյալթի վճարելու պայման է նախատեսված, ռոյալթին ևս կազմում է մաքսային արժեքի բաղկացուցիչ մաս և ենթակա է հայտարարագրման: Բացի այդ, օրենսդրորեն ամրագրված է, որ մաքսային արժեքի մաս է կազմում նաև հետագայում վճարման ենթակա ռոյալթիի գումարը:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ քննարկվող մաքսային կանոնների խախտման համար օրենսդիրը ՀՀ մաքսային օրենսգրքի 203-րդ հոդվածով նախատեսել է վարչական պատասխանատվություն: Այսինքն` հայտարարատուն կարող է ենթարկվել պատասխանատվության, եթե տեղափոխվող ապրանքները և տրանսպորտային միջոցները չի հայտարարագրել կամ ոչ իր անվամբ է հայտարարագրել կամ հայտարարագրման ժամանակ նշել է ոչ ճշգրիտ տեղեկություններ: Նշված վարչական իրավախախտումն ուղղված է Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների մաքսային հսկողության սահմանված կարգի դեմ և դրսևորվում է Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքները և տրանսպորտային միջոցները չհայտարարագրելու կամ ոչ իրենց անվանմամբ հայտարարագրելու կամ հայտարարագրման ժամանակ ոչ ճշգրիտ տեղեկություններ նշելու եղանակով: Թվարկված արարքների կատարման համար օրենսդիրը որպես վարչական պատասխանատվության միջոց է սահմանել տուգանքը` պակաս հաշվարկված կամ չհաշվարկված մաքսային վճարների հիսուն տոկոսի չափով: Ընդ որում, այս պատասխանատվության միջոցը վրա է հասնում այն դեպքում, երբ մաքսային մարմնին ոչ ճշգրիտ տեղեկություն ներկայացնելու արդյունքում առաջանում է մաքսային վճարների պակաս հաշվարկում կամ չհաշվարկում:

Սույն գործի փաստերի համաձայն` «ITX MERKEN B.V.» ընկերության և Ընկերության միջև 01.10.2012 թվականին կնքված ֆրանչայզինգի պայմանագրի համաձայն` Ընկերությունը ստացել է «MASSIMO DUTTI» ապրանքային նշանի օգտագործման իրավունք, որի դիմաց Ընկերությունը պարտավորվել է վճարել նախորդ վեց ամիսների ապրանքաշրջանառության (հարկումից հետո) 3 տոկոսը:

Կոմիտեի նախագահի 07.03.2014 թվականի թիվ 100-Ա հրամանի հիման վրա Ընկերությունում իրականացվել է հետբացթողումային հսկողություն, որի արդյունքում արձանագրվել է, որ 01.10.2012 թվականից մինչև 01.02.2014 թվականն ընկած ժամանակաշրջանում Ընկերությունը թիվ 176 մաքսային հայտարարագրերով Հայաստանի Հանրապետություն է ներմուծել և «Ներմուծում ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով ձևակերպել է «MASSIMO DUTTI» ապրանքային նշանով հագուստներ, կոշիկներ և այլ պարագաներ: Մինչդեռ Ընկերության տնօրենը նշված հայտարարագրերում ապրանքների մաքսային արժեքի մեջ չի ներառել «ITX MERKEN B.V.» ընկերության և Ընկերության միջև 01.10.2012 թվականին կնքված ֆրանչայզինգի պայմանագրի համաձայն վճարման ենթակա ռոյալթիների գումարը, որը ՀՀ մաքսային օրենսգրքի` իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 83-րդ հոդվածի «ե» կետի ուժով հանդիսանում է հայտարարագրված ապրանքների մաքսային արժեքի մեջ ներառվող տարր: Արդյունքում Ընկերության կողմից պակաս են վճարվել 15.561.026 ՀՀ դրամի չափով մաքսային վճարներ:

Մաքսային կանոնների նշված խախտման համար Վարչության պետի 07.05.2014 թվականի թիվ 30հբ որոշմամբ Ընկերության տնօրեն Աբդուլմաջիդ Աբդուլազիզ Ֆավազ Ալհոկաիրին ենթարկվել է ՀՀ մաքսային օրենսգրքի 203-րդ հոդվածով նախատեսված վարչական պատասխանատվության և նրա նկատմամբ նշանակվել է տուգանք` պակաս հաշվարկված մաքսային վճարների 50 տոկոսի` 7.780.513 ՀՀ դրամի, չափով:

Դատարանը մերժել է Աբդուլմաջիդ Աբդուլազիզ Ֆավազ Ալհոկաիրիի հայցը: Դատարանը պատճառաբանել է, որ հայցվորը պարտավոր էր հայտարարագրերում տեղեկություններ նշել ապագայում վճարման ենթակա ռոյալթիների մասին: Այնուհետև` ռոյալթիների մեծությունը հայտնի դառնալու պայմաններում հայցվորը կարող էր դիմել մաքսային մարմին և մաքսային մարմնի կողմից ընդունված հայտարարագրերում կատարել համապատասխան փոփոխություններ` ներկայացնելով մաքսային արժեքների վերաբերյալ ճշգրտված տեղեկություններ, որոնց մեջ կներառվեին նաև ՀՀ մաքսային օրենսգրքի 83-րդ հոդվածի «ե» կետով նախատեսված վճարները: Հետևաբար Դատարանը գտել է, որ Աբդուլմաջիդ Աբդուլազիզ Ֆավազ Ալհոկաիրին իրավաչափորեն է ենթարկվել վարչական պատասխանատվության ՀՀ մաքսային օրենսգրքի 203-րդ հոդվածով:

Վերաքննիչ դատարանը, բավարարելով Աբդուլմաջիդ Աբդուլազիզ Ֆավազ Ալհոկաիրիի վերաքննիչ բողոքը, բեկանել է Դատարանի վճիռը և այն փոփոխել` հայցը բավարարել է: Վերաքննիչ դատարանն իր որոշման հիմքում դրել է այն պատճառաբանությունը, որ հայցվորը ռոյալթիների դիմաց մատակարարին վճարման ենթակա վճարները չէր կարող ներառել հայտարարագրված ապրանքների մաքսային արժեքներում` ելնելով այն իրողությունից, որ հայտարարագրման պահին հայցվորը չէր կարող իմանալ, թե որքան կկազմի ռոյալթիների դիմաց մատակարարին վճարման ենթակա վճարների մեծությունը: Ըստ Վերաքննիչ դատարանի` հայտարարագրում ռոյալթիների դիմաց մատակարարին վճարման ենթակա վճարները ներառելու պարտականությունը հայցվորը կարող էր կատարել հայտարարագրում մաքսային արժեքների վերաբերյալ ճշգրտված տեղեկություններ ներկայացնելու միջոցով: Մինչդեռ իրավախախտում որակված արարքն արձանագրելու, ինչպես նաև վիճարկվող վարչական ակտը կայացնելու պահին վերադաս մաքսային մարմնի կողմից ճշգրտումների փաստաթղթի ձև և ավտոմատ համակարգչային ծրագրի միջոցով ճշգրտումների փաստաթուղթ կազմելու ընթացակարգ սահմանված չի եղել: Հետևաբար Վերաքննիչ դատարանը գտել է, որ Աբդուլմաջիդ Աբդուլազիզ Ֆավազ Ալհոկաիրին չէր կարող ենթարկվել վարչական պատասխանատվության ՀՀ մաքսային օրենսգրքի 203-րդ հոդվածով:

Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով ստորադաս դատարանների եզրահանգումների հիմնավորվածությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ընկերությունն ուներ օրենքով սահմանված պարտականություն «MASSIMO DUTTI» ապրանքային նշանով մակնշված ապրանքների յուրաքանչյուր ներկրման և «Ներմուծում` ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով ձևակերպման դեպքում հայտարարագիր ներկայացնելիս ճշգրիտ տեղեկություններ ներկայացնել ապրանքների մաքսային արժեքի` այդ թվում վերջինիս բաղկացուցիչ տարր հանդիսացող և 01.10.2012 թվականի ֆրանչայզինգի պայմանագրով նախատեսված «MASSIMO DUTTI» ապրանքային նշանի օգտագործման դիմաց վճարվող ռոյալթիների գումարի մասին: Ընկերության կողմից Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների մաքսային արժեքը հայտարարագրելիս ռոյալթին` որպես մաքսային արժեքի բաղկացուցիչ մաս, օրենքով սահմանված կարգով ևս ենթակա էր հայտարարագրման: Այսինքն` նույնիսկ եթե Ընկերությունը հայտարարագիր ներկայացնելու պահի դրությամբ քաջատեղյակ չի եղել գոյացած ռոյալթիների հստակ չափի մասին, այնուամենայնիվ Ընկերությունը պարտավոր էր ներկայացվող հայտարարագրում տեղեկացնել դրանց առկայության մասին:

Ավելին` «ITX MERKEN B.A» ընկերությանը դուրս գրված ռոյալթիների վճարման հաշիվների դուրս գրման ժամանակ Ընկերությունն ուներ հնարավորություն դիմելու մաքսային մարմնին և մաքսային մարմնի կողմից ընդունված հայտարարագրերում կատարելու համապատասխան փոփոխություններ` ներկայացնելով մաքսային արժեքների վերաբերյալ ճշգրտված տեղեկություններ, որոնց մեջ կներառվեին նաև ՀՀ մաքսային օրենսգրքի` իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 83-րդ հոդվածի «ե» կետով նախատեսված վճարները: Մինչդեռ Ընկերությունը ոչ միայն չի կատարել օրենքով սահմանված իր պարտականությունը, այլ նաև չի օգտվել վճարման ենթակա ռոյալթիների առկայության վերաբերյալ տեղեկությունները նախապես հայտնելու, հայտարարագրում տեղ գտած անճշտությունները և սխալներն ուղղելու օրենսդրությամբ թույլատրելի համարվող եղանակներից: Այդ պարագայում իրավաչափորեն վրա է հասել ներմուծված ապրանքների մաքսային արժեքի վերաբերյալ մաքսային մարմնին ոչ ճշգրիտ տեղեկություն ներկայացնելու արդյունքում առաջացած մաքսային վճարների պակաս հաշվարկման համար ՀՀ մաքսային օրենսգրքի 203-րդ հոդվածով սահմանված համապատասխան պատասխանատվության միջոցի կիրառումը:

Ամփոփելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ ՀՀ մաքսային օրենսգրքով սահմանված` ներմուծված ապրանքների մաքսային արժեքի հայտարարագրման պահանջներն ի կատար ածելու անհնարինությունը սխալմամբ մեկնաբանվել է այն համատեքստում, որ վիճարկվող վարչական ակտը կայացնելու պահին վերադաս մաքսային մարմնի կողմից ճշգրտումների փաստաթղթի ձև և ավտոմատ համակարգչային ծրագրի միջոցով ճշգրտումների փաստաթուղթ կազմելու ընթացակարգ սահմանված չի եղել: Մինչդեռ անկախ նշված ընթացակարգի սահմանված լինելուց կամ չլինելուց, ՀՀ մաքսային օրենսգրքի` իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 135-րդ հոդվածով նախատեսված իրավակարգավորումները բավարար էին, որպեսզի Ընկերությունը, դրանցով առաջնորդվելով, հայտարարագրեր (այդ թվում նաև` սկզբնական հայտարարագրերում փոփոխություններ կատարելու միջոցով) խնդրո առարկա ռոյալթիների գումարը:

Փաստորեն, սույն գործով Դատարանը ճիշտ իրավական գնահատական է տվել իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ ՀՀ մաքսային օրենսգրքով նախատեսված` ներմուծվող ապրանքների մաքսային արժեքի հայտարարագրման, մաքսային արժեքի բաղկացուցիչ մասը կազմող ռոյալթիների մասին տեղեկությունների ներկայացման ու հայտարարագրում տեղ գտած անճշտությունների կամ սխալների ուղղման ընթացակարգերին: Դատարանը, իրավաչափ համարելով վերոգրյալ մաքսային կանոնների խախտման արդյունքում Աբդուլմաջիդ Աբդուլազիզ Ֆավազ Ալհոկաիրիին պատասխանատվության ենթարկելը և մերժելով վերջինիս հայցը, կայացրել է գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտ, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:

Նշված պատճառաբանություններով հերքվում են վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-151-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Դատական ակտին օրինական ուժ տալիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը: Միաժամանակ նկատի ունենալով, որ ստորադաս դատարանի գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտը թերի է պատճառաբանված, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ դատական ակտին պետք է օրինական ուժ տալ` սույն որոշման պատճառաբանություններով:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախuերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախuերից:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է (...) մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի «թ» կետի 6-րդ պարբերության համաձայն` դատարաններում պետական տուրքի վճարումից ազատվում են ոչ առևտրային կազմակերպությունները և ֆիզիկական անձինք` վարչական իրավախախտումների վերաբերյալ համապատասխան լիազորված մարմինների ընդունված որոշման դեմ բողոքներով:

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` նույն հոդվածի առաջին մասում նշված անձինք տուրքի վճարումից ազատվում են նաև դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար:

Հիմք ընդունելով ՀՀ սահմանադրական դատարանի 10.07.2018 թվականի թիվ ՍԴՈ-1423 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների համատեքստում Գագիկ Ավետիսյանն ընդդեմ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության թիվ ՎԴ/1390/05/17 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.11.2018 թվականի որոշմամբ արված իրավական հետևությունները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի «թ» կետի 6-րդ պարբերության հիմքով պետական տուրք վճարելու պարտականությունից ազատված հայցվոր Աբդուլմաջիդ Աբդուլազիզ Ֆավազ Ալհոկաիրիի վրա չի կարող դրվել պատասխանող վարչական մարմնի կողմից վճռաբեկ բողոք ներկայացնելու համար վճարված պետական տուրքի փոխհատուցման պարտականություն` անկախ վճռաբեկ բողոքի քննության արդյունքում գործի ելքն ի վնաս հայցվորի փոխվելու հանգամանքից, քանի որ վարչական իրավախախտումների վերաբերյալ վարչական ակտերի վիճարկման համար օրենքի ուժով պետական տուրք վճարելու պարտականությունից ազատված սուբյեկտները չեն կարող կրել պետական տուրք վճարելու կամ վճարված պետական տուրքի գումարները փոխհատուցելու պարտականություն` թե՛ վարչական դատարանում, թե՛ դատական բողոքարկման փուլերում` անկախ գործի ելքից:

Հետևաբար Վճռաբեկ դատարանը եզրակացնում է, որ վճռաբեկ բողոքի համար Կոմիտեի կողմից նախապես վճարված պետական տուրքի հատուցման գծով դատական ծախսերի բաշխման հարցը պետք է համարել լուծված:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 31.10.2017 թվականի որոշումը և օրինական ուժ տալ ՀՀ վարչական դատարանի 27.06.2016 թվականի վճռին:

2. Վճռաբեկ բողոքի համար վճարված պետական տուրքի բաշխման հարցը համարել լուծված:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող Ռ. Հակոբյան

Զեկուցող  Ս. Միքայելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
01.08.2019
N ՎԴ/3530/05/14
Որոշում