Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 10.06.1999 ԹՎԱԿԱՆԻ Թ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 10.06.1999 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 432 ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԿԱՐԳԻ 12-ՐԴ ԿԵՏԻ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    ՀՀ վարչական վերաքննիչ                  Վարչական գործ

    դատարանի որոշում                       թիվ ՎԴ/6379/05/15     

    Վարչական գործ թիվ ՎԴ/6379/05/15        2019թ.

Նախագահող դատավոր` Ա. Առաքելյան

    Դատավորներ`        Հ. Բեդևյան   

                       Ք. Մկոյան   

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

(1-ին մաս)

 

նախագահող Ռ. Հակոբյան

զեկուցող  Տ. Պետրոսյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

2019 թվականի օգոստոսի 01-ին

դռնբաց դատական նիստում քննելով ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի (այսուհետ` Կոմիտե) վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 01.11.2017 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Մերուժան Սարգսյանի ընդդեմ ՀՀ աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային շինարարության ծրագրերի շրջանակներում կառուցված բնակելի տների (բնակարանների) հատկացման հարցերով հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով), երրորդ անձ ՀՀ քաղաքաշինության նախարարության (այսուհետ` Նախարարություն)` վարչական ակտն անվավեր ճանաչելու և գործողություն կատարելուն պարտավորեցնելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Մերուժան Սարգսյանը պահանջել է անվավեր ճանաչել Հանձնաժողովի 11.09.2012 թվականի նիստի թիվ 23 արձանագրության թիվ 9 հավելվածի 25-րդ կետը և պարտավորեցնել Հանձնաժողովին Մերուժան Սարգսյանի մասով կազմել բնակարանային շինարարության ծրագրի շրջանակներում կառուցված բնակարանները (բնակելի տները) ստանալու հավակնող անձանց ցուցակի հաստատման մասին ՀՀ քաղաքաշինության նախարարի հրամանի նախագիծ և ներկայացնել վերջինիս հաստատմանը:

ՀՀ Նախագահի 08.10.2016 թվականի թիվ ՆՀ-1091-Ն հրամանագրով Նախարարությունը վերակազմավորման ձևով վերակազմակերպվել է Կոմիտեի:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Մ. Մելքումյան) (այսուհետ` Դատարան) 14.10.2016 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 01.11.2017 թվականի որոշմամբ Կոմիտեի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 14.10.2016 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կոմիտեն:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ կառավարության 10.06.1999 թվականի թիվ 432 որոշմամբ հաստատված կարգի 12-րդ կետի «բ» ենթակետը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Մերուժան Սարգսյանի բնակապահովման հարցը դրական լուծում կարող էր ստանալ միայն այն պարագայում, երբ վերջինս համապատասխաներ աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակապահովման ծրագրի շահառու լինելու չափանիշներին:

Մինչդեռ սույն գործով հաստատված է, որ Մերուժան Սարգսյանը 1995-2005 թվականներին հաշվառված չի եղել և մշտապես չի բնակվել Սպիտակ քաղաքում: Մերուժան Սարգսյանը երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների ցուցակում հաշվառվելու նպատակով Սպիտակի քաղաքապետին դիմել է երկու անգամ, նախ` 20.10.1998 թվականին, հետո` 23.09.2004 թվականին: Այսինքն` երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների ցուցակում Մերուժան Սարգսյանի հաշվառվելու պահը պետք է համարել 23.09.2004 թվականը: Սակայն այդ ժամանակ վերջինս փոխադրված էր մշտական բնակության այլ բնակավայր` Երևան քաղաք:

Փաստորեն, 23.09.2004 թվականին հաշվառված չլինելով Սպիտակ քաղաքում` Մերուժան Սարգսյանը չէր կարող ընդգրկվել երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների ցուցակում: Հետևաբար` հերթացուցակում Մերուժան Սարգսյանին հաշվառման վերցնելը չի բխել ՀՀ կառավարության 10.06.1999 թվականի թիվ 432 որոշման պահանջներից, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից, որը սխալմամբ նույնացրել է հերթացուցակում հաշվառելու և սահմանված վերջնաժամկետում հերթացուցակը հաստատելու հանգամանքները:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 01.11.2017 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Մերուժան Սարգսյանը 20.10.1998 թվականին և 23.09.2004 թվականին դիմել է Սպիտակի քաղաքապետին` երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած իր ընտանիքին բնակարանային պայմանները բարելավելու նպատակով հաշվառման վերցնելու խնդրանքով (հատոր 1-ին, գ.թ. 89, 90).

2) Ըստ 07.12.1988-25.01.2011 թվականների հաշվառման շարժի վերաբերյալ տվյալների` Մերուժան Սարգսյանը 11.01.1995 թվականից մինչև 02.07.2005 թվականը հաշվառված է եղել Երևանի Քանաքեռ 2-րդ փողոցի թիվ 17 տուն հասցեում, իսկ 19.04.2007 թվականից փաստացի հաշվառված է Սպիտակ քաղաքի Այգեստան փողոցի տնակ թիվ 33 հասցեում (հատոր 1-ին, գ.թ. 104).

3) Ըստ «Բնակչության պետական ռեգիստրում հաշվառման մասին» 27.01.2011 թվականի թիվ 012384 տեղեկանքի` Մերուժան Սարգսյանը 19.04.2007 թվականից փաստացի հաշվառված է Սպիտակ քաղաքի Այգեստան փողոցի տնակ թիվ 33 հասցեում (հատոր 1-ին, գ.թ. 111).

4) Հանձնաժողովի 11.09.2012 թվականի նիստի թիվ 23 արձանագրությունից արված քաղվածքի համաձայն` որոշվել է երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած, սահմանված կարգով հաշվառված ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով ՀՀ Լոռու մարզի Սպիտակ քաղաքում պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային շինարարության ծրագրերի շրջանակներում բնակարանային պայմանները բարելավելու իրավունք ունեցողների ցուցակում չընդգրկել Սպիտակի քաղաքապետի կողմից հաստատված ցուցակում հաշվառված` 25 ընտանիքի` ծրագրի չափանիշներին չհամապատասխանելու պատճառաբանությամբ` համաձայն թիվ 9 հավելվածի:

Ըստ Հանձնաժողովի 11.09.2012 թվականի նիստի թիվ 23 արձանագրության թիվ 9 հավելվածից արված քաղվածքի` այդ հավելվածի 25-րդ կետի համաձայն` Մերուժան Սարգսյանը ընտանիքի մեկ անձով հաշվառված է հերթացուցակում երկրաշարժի հետևանքով քանդված` Սպիտակ քաղաքի Մուրացան փողոցի թիվ 21Ա շենքի 30-րդ բնակարանի դիմաց մեկսենյականոց բնակարան ստանալու համար: ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության հետ ճշտված տեղեկատվության համաձայն` Մերուժան Սարգսյանը երկրաշարժից հետո` 11.01.1995 թվականից մինչև 02.07.2005 թվականը, հաշվառված է եղել Երևան քաղաքի Քանաքեռ 2-րդ փողոցի թիվ 17 տանը: Մերուժան Սարգսյանը միայն 2007 թվականի ապրիլի 19-ին է փաստացի հաշվառվել Սպիտակ քաղաքի Այգեստան փողոցի թիվ 33 տնակում:

Հանձնաժողովի 11.09.2012 թվականի նիստի թիվ 23 արձանագրության թիվ 9 հավելվածի 25-րդ կետով Մերուժան Սարգսյանը չի ընդգրկվել ծրագրի շրջանակներում բնակարանային պայմանները բարելավելու իրավունք ունեցողների ցուցակում` այն հիմքով, որ հաշվառման վերցված անձը մշտական բնակության է փոխադրվել այլ բնակավայր: Որպես այդ որոշման իրավական հիմք` Հանձնաժողովը վկայակոչել է ՀՀ կառավարության 10.06.1999 թվականի թիվ 432 որոշմամբ հաստատված կարգի 12-րդ կետի «բ» ենթակետը և 13-րդ կետը, ինչպես նաև 26.11.2009 թվականի թիվ 1402-Ն որոշմամբ հաստատված կանոնակարգի 11-րդ կետը (հատոր 1-ին, գ.թ. 119-120):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

 

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է վճռաբեկ բողոքը ներկայացնելու և վարույթ ընդունելու պահին գործող խմբագրությամբ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները` աղետի գոտու բնակավայրերում քաղաքացիներին բնակարանների արտահերթ հատկացման կարգի առանձնահատկությունների վերաբերյալ, կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար:

Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը. կարող է արդյո՞ք Հանձնաժողովը կայացնել երկրաշարժի հետևանքով բնակարանային պայմանների բարելավման իրավունք ունեցող քաղաքացիների հերթացուցակում հաշվառված անձին բնակարանային շինարարության ծրագրում չընդգրկելու վերաբերյալ որոշում, եթե բնակարանային պայմանների բարելավման համար հաշվառվելու նպատակով աղետի գոտու բնակավայրի համայնքի ղեկավարին դիմում ներկայացնելու պահին այդ անձը հաշվառված չի եղել տվյալ բնակավայրում (փոխադրված է եղել մշտական բնակության այլ բնակավայր):

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Հայաստանի Հանրապետության իրավական համակարգում աղետի գոտու բնակավայրերում (բացառությամբ գյուղական բնակավայրերի) երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցության միջոցով կառուցված պետական բնակարանային ֆոնդում բնակարան արտահերթ ստանալու իրավունք ունեցող քաղաքացիների հաշվառման, նրանց հաշվառումից հանելու, և այդ բնակարանները քաղաքացիների համաձայնությամբ նրանց անհատույց սեփականության իրավունքով հատկացնելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են ՀՀ կառավարության 10.06.1999 թվականի թիվ 432 որոշմամբ, որի 1-ին կետով հաստատվել է աղետի գոտու բնակավայրերում բնակարանների արտահերթ հատկացման կարգը (այսուհետ` Կարգ):

Կարգի 2-րդ կետի համաձայն` բնակարան արտահերթ ստանալու իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող այն քաղաքացիները և նրանց ընտանիքի անդամները, որոնց կացարանները (բազմաբնակարան շենքի բնակարանը) երկրաշարժի հետևանքով քանդվել կամ բնակվելու համար դարձել են ոչ պիտանի:

Կարգի 3-րդ կետի համաձայն` աղետի գոտու բնակավայրերում բնակարան արտահերթ ստանալու իրավունք ունեցող քաղաքացիների հաշվառումն իրականացնում է նրանց մշտական բնակավայրի համայնքի ղեկավարը:

Կարգի 4-րդ կետի համաձայն` բնակարան ստանալու համար քաղաքացիները դիմումները ներկայացնում են ըստ բնակության վայրի` համայնքի ղեկավարին (...):

Կարգի 7-րդ կետի համաձայն` քաղաքացիների դիմումներն անհրաժեշտ փաստաթղթերի հետ միասին մեկամսյա ժամկետում քննության են առնվում համայնքի ղեկավարի կողմից (անհրաժեշտության դեպքում` դիմողի ներկայությամբ) և դրա վերաբերյալ ընդունվում է որոշում` հաշվի առնելով բնակարանային հարցերի հանձնաժողովի կարծիքը: Հաշվառման վերցված քաղաքացիները, ինչպես նաև այն քաղաքացիները, որոնց մերժել են, մեկշաբաթյա ժամկետում այդ մասին գրավոր իրազեկվում են (...):

Կարգի 12-րդ կետի համաձայն` քաղաքացիները հաշվառումից հանվում են, եթե`

ա) հաշվառման վերցված անձանց բնակարանային պայմանները բարելավվել են, որի կապակցությամբ վերացել են հաշվառման մեջ գտնվելու հիմքերը.

բ) հաշվառման վերցված անձինք մշտական բնակության են փոխադրվել այլ բնակավայր.

գ) բնակարանային պայմանների բարելավման կարիք ունենալու մասին ներկայացվել են իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ:

Քաղաքացիներին հաշվառումից հանում է համապատասխան համայնքի ղեկավարը (...):

Կարգի 13-րդ կետի համաձայն` պետական աջակցության միջոցով կառուցված պետական բնակարանային ֆոնդի բնակարանները բաշխում և հատկացնում է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարը իր կողմից ստեղծված հանձնաժողովի միջոցով համապատասխան համայնքների ղեկավարների կողմից հաստատված հերթացուցակների համաձայն` դրանցում ընդգրկված քաղաքացիների հերթացուցակում ընդգրկվելու չափանիշներին համապատասխանության արդյունքներով:

Կարգի 23-րդ կետի համաձայն` նույն կարգի համաձայն կազմված բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող քաղաքացիների ցուցակների պատճենները մինչև 2008 թվականի դեկտեմբերի 1-ը ուղարկվում են Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարություն:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային շինարարության ծրագրերի շրջանակներում կառուցված բնակելի տների (բնակարանների) հատկացման հարցերով հանձնաժողովի կանոնակարգը (այսուհետ` Հանձնաժողովի կանոնակարգ) հաստատվել է ՀՀ կառավարության 26.11.2009 թվականի թիվ 1402-Ն որոշմամբ:

Հանձնաժողովի կանոնակարգի 5-րդ կետի համաձայն` Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, այլ իրավական ակտերով և նույն կանոնակարգով:

Հանձնաժողովի կանոնակարգի 6-րդ կետի համաձայն` Հանձնաժողովի գործառույթներն են`

1) համապատասխան համայնքի ղեկավարի կողմից հաստատված` բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող` երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած քաղաքացիների ցուցակում (այսուհետ` հերթացուցակ) ընդգրկված անձանց հերթացուցակում ընդգրկվելու չափանիշներին համապատասխանության մասին որոշումը և հերթացուցակում ընդգրկված անձանց հետ հանդիպումները (...).

4) բնակարանային շինարարության ծրագրի շրջանակներում կառուցված բնակարանները (բնակելի տները) ստանալու հավակնող անձանց ցուցակի հաստատման մասին Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի հրամանի նախագծի նախապատրաստումը (...):

Հանձնաժողովի կանոնակարգի 8-րդ կետի համաձայն` Հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի (...) միջոցով:

Հանձնաժողովի կանոնակարգի 10-րդ կետի համաձայն` Հանձնաժողովի նիստերի որոշումները ձևակերպվում են արձանագրությամբ:

Հանձնաժողովի կանոնակարգի 11-րդ կետի համաձայն` Հանձնաժողովի կողմից հերթացուցակում ընդգրկված անձանց` փաստաթղթային փաթեթների քննարկման արդյունքներով բնակարանային շինարարության ծրագրում չընդգրկելու վերաբերյալ որոշումը կարող է ընդունվել Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունիսի 10-ի «Աղետի գոտու բնակավայրերում քաղաքացիներին բնակարանների արտահերթ հատկացման կարգը հաստատելու մասին» թիվ 432 որոշման 1-ին կետով հաստատված կարգի 12-րդ կետով (...) նախատեսված հիմքերով:

Վերոգրյալ նորմերի համակարգային վերլուծությունից հետևում է, որ երկրաշարժից քանդվելու հետևանքով կացարաններ (բազմաբնակարան շենքի բնակարաններ) կորցրած ՀՀ քաղաքացիություն ունեցող անձանց և նրանց ընտանիքի անդամների` որպես աղետի գոտու բնակավայրերում բնակարան արտահերթ ստանալու իրավունք ունեցող սուբյեկտների, սկզբնական հաշվառումն իրականացնում է նրանց մշտական բնակավայրի համայնքի ղեկավարը` այդպիսի քաղաքացիներին ընդգրկելով համապատասխան հերթացուցակում: Հանձնաժողովն իր հերթին ուսումնասիրում և պարզում է այդ հերթացուցակում անձանց ընդգրկվելու չափանիշների համապատասխանությունը ՀՀ կառավարության 10.06.1999 թվականի թիվ 432 որոշմամբ նախատեսված պահանջներին և Կարգով նախատեսված հիմքերի առկայության դեպքում կայացնում է բնակարանային շինարարության ծրագրում այդ անձանց (նրանց ընտանիքներին) չընդգրկելու վերաբերյալ որոշում: Իսկ նշված հիմքերի բացակայության դեպքում Հանձնաժողովը ՀՀ քաղաքաշինության նախարարի հաստատմանն է ներկայացնում բնակարանային շինարարության ծրագրի շրջանակներում կառուցված բնակարանները (բնակելի տները) ստանալու հավակնող անձանց ցուցակի հաստատման մասին հրամանի նախագիծ:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերոնշյալ նորմատիվ իրավական ակտերի համատեքստում «հաշվառման վերցնել» եզրույթը նշանակում է երկրաշարժի հետևանքով կացարաններ (բազմաբնակարան շենքի բնակարաններ) կորցրած Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող անձանց և նրանց ընտանիքի անդամների ընդգրկում աղետի գոտու բնակավայրերում բնակարան արտահերթ ստանալու իրավունք ունեցող քաղաքացիների հերթացուցակում: Այդ գործառույթն իրականացնում է տվյալ քաղաքացու մշտական բնակության վայրի համայնքի ղեկավարը: Այսինքն` եթե քաղաքացին (նրա ընտանիքը) ընդգրկված է համայնքի ղեկավարի կողմից կազմված` աղետի գոտու բնակավայրերում բնակարան արտահերթ ստանալու իրավունք ունեցող քաղաքացիների հերթացուցակում, ապա տվյալ քաղաքացին (նրա ընտանիքը) հաշվառված է բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող քաղաքացիների ցուցակում: Ընդ որում, Հանձնաժողովը քննարկում է հենց հաշվառված (աղետի գոտու բնակավայրերում բնակարան արտահերթ ստանալու իրավունք ունեցող քաղաքացիների հերթացուցակում ընդգրկված) քաղաքացիների (նրանց ընտանիքի) փաստաթղթային փաթեթները` քննարկման արդյունքներով կայացնելով կամ բնակարանային շինարարության ծրագրում այդ քաղաքացիներին (նրանց ընտանիքներին) չընդգրկելու վերաբերյալ որոշում կամ այդ անձանց (նրանց ընտանիքներին) ընդգրկում է բնակարանային շինարարության ծրագրի շրջանակներում կառուցված բնակարանները (բնակելի տները) ստանալու հավակնող անձանց ցուցակում և ՀՀ քաղաքաշինության նախարարի հաստատմանն է ներկայացնում նշված ցուցակի հաստատման մասին հրամանի նախագիծ:

Փաստորեն, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ աղետի գոտու բնակավայրերում պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային ապահովման ծրագրերի շրջանակներում կառուցված բնակելի տները հատկացնում է ՀՀ քաղաքաշինության նախարարն իր կողմից ստեղծված հանձնաժողովի միջոցով` համապատասխան համայնքների ղեկավարների կողմից հաստատված բնակարանային պայմանների բարելավման իրավունք ունեցող երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած քաղաքացիների հերթացուցակների հիման վրա: Վճռաբեկ դատարանը փաստում է, որ աղետի գոտու բնակավայրերում պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային ապահովման ծրագրերի շրջանակներում կառուցված բնակելի տների հատկացման ընթացակարգն ընդհանուր առմամբ բաղկացած է հետևյալ գործողություններից.

- բնակարանային պայմանների բարելավման համար հաշվառվելու նպատակով քաղաքացին դիմում է ներկայացնում համապատասխան համայնքի ղեկավարին,

- համայնքի ղեկավարը սահմանված ժամկետում քննարկում է քաղաքացու դիմումը և ընդունում է քաղաքացուն հաշվառման վերցնելու կամ հաշվառման վերցնելը մերժելու մասին որոշում,

- համայնքի ղեկավարի կողմից ընդունված` հաշվառման վերցնելու մասին որոշումների հիման վրա կազմվում է բնակարանային ապահովման ծրագրերի շրջանակներում բնակարանային պայմանների բարելավման իրավունք ունեցող քաղաքացիների հերթացուցակ, որը հաստատվում է համայնքի ղեկավարի կողմից և ուղարկվում է ՀՀ քաղաքաշինության նախարարություն,

- ՀՀ քաղաքաշինության նախարարի կողմից ստեղծված Հանձնաժողովը որոշում է երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած և բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող քաղաքացիների` համայնքի ղեկավարի կողմից հաստատված հերթացուցակում ընդգրկված անձանց` այդ ցուցակում ընդգրկվելու չափանիշներին համապատասխանության հարցը,

- Հանձնաժողովը նախապատրաստում է բնակարանային շինարարության ծրագրի շրջանակներում կառուցված բնակարանները (բնակելի տները) ստանալու հավակնող անձանց ցուցակի հաստատման մասին ՀՀ քաղաքաշինության նախարարի հրամանի նախագիծ. այդ ցուցակում չեն ներառվում այն անձինք, ում փաստաթղթային փաթեթների քննարկման արդյունքներով Հանձնաժողովը կայացրել է բնակարանային շինարարության ծրագրում չընդգրկելու վերաբերյալ որոշում:

Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նշել, որ համապատասխան համայնքի ղեկավարի կողմից քաղաքացուն հաշվառման վերցնելը մերժելու և Հանձնաժողովի կողմից բնակարանային շինարարության ծրագրում չընդգրկելու վերաբերյալ որոշումները կարող են կայացվել միևնույն հիմքերով, որոնք սահմանված են ՀՀ կառավարության 10.06.1999 թվականի թիվ 432 որոշմամբ հաստատված Կարգի 12-րդ կետով: Այլ կերպ ասած` համայնքի ղեկավարը կարող է ընդունել քաղաքացուն հաշվառման վերցնելը մերժելու մասին որոշում, իսկ Հանձնաժողովը կարող է ընդունել քաղաքացուն բնակարանային շինարարության ծրագրում չընդգրկելու մասին որոշում ՀՀ կառավարության 10.06.1999 թվականի թիվ 432 որոշմամբ հաստատված Կարգի 12-րդ կետով նախատեսված սպառիչ հիմքերից որևէ մեկի առկայության դեպքում:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործի քննությամբ հաստատված է, որ Մերուժան Սարգսյանը 20.10.1998 թվականին և 23.09.2004 թվականին դիմել է Սպիտակի քաղաքապետին` երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած իր ընտանիքին բնակարանային պայմանները բարելավելու նպատակով հաշվառման վերցնելու խնդրանքով: Մերուժան Սարգսյանը 11.01.1995 թվականից մինչև 02.07.2005 թվականը հաշվառված է եղել Երևանի Քանաքեռ 2-րդ փողոցի թիվ 17 տուն հասցեում և միայն 19.04.2007 թվականից է փաստացի հաշվառվել Սպիտակ քաղաքի Այգեստան փողոցի տնակ թիվ 33 հասցեում: Այնուհանդերձ Սպիտակի քաղաքապետը Մերուժան Սարգսյանին (ընտանիքի մեկ անձով) հաշվառել է բնակարանային ապահովման ծրագրերի շրջանակներում բնակարանային պայմանների բարելավման իրավունք ունեցող քաղաքացիների հերթացուցակում` երկրաշարժի հետևանքով քանդված` Սպիտակ քաղաքի Մուրացան փողոցի թիվ 21Ա շենքի 30-րդ բնակարանի դիմաց մեկսենյականոց բնակարան ստանալու համար:

Հանձնաժողովը 11.09.2012 թվականի նիստի թիվ 23 արձանագրության թիվ 9 հավելվածի 25-րդ կետով որոշել է Մերուժան Սարգսյանին չընդգրկել ծրագրի շրջանակներում բնակարանային պայմանները բարելավելու իրավունք ունեցողների ցուցակում` այն հիմքով, որ հաշվառման վերցված անձը մշտական բնակության է փոխադրվել այլ բնակավայր: Հանձնաժողովն այդ որոշումը կայացրել է` հիմք ընդունելով ՀՀ կառավարության 10.06.1999 թվականի թիվ 432 որոշմամբ հաստատված կարգի 12-րդ կետի «բ» ենթակետը և 13-րդ կետը, ինչպես նաև 26.11.2009 թվականի թիվ 1402-Ն որոշմամբ հաստատված կանոնակարգի 11-րդ կետը, ինչպես նաև հաշվի առնելով ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունից ստացված այն տեղեկատվությունը, որի համաձայն` Մերուժան Սարգսյանը երկրաշարժից հետո` 11.01.1995 թվականից մինչև 02.07.2005 թվականը, հաշվառված է եղել Երևան քաղաքի Քանաքեռ 2-րդ փողոցի թիվ 17 տանը, և միայն 2007 թվականի ապրիլի 19-ին է փաստացի հաշվառվել Սպիտակ քաղաքի Այգեստան փողոցի թիվ 33 տնակում:

Դատարանը բավարարել է Մերուժան Սարգսյանի հայցը` անվավեր ճանաչելով Հանձնաժողովի 11.09.2012 թվականի նիստի թիվ 23 արձանագրության թիվ 9 հավելվածի 25-րդ կետը և պարտավորեցնելով Հանձնաժողովին Մերուժան Սարգսյանի մասով կազմել բնակարանային շինարարության ծրագրի շրջանակներում կառուցված բնակարանները (բնակելի տները) ստանալու հավակնող անձանց ցուցակի հաստատման մասին ՀՀ քաղաքաշինության նախարարի հրամանի նախագիծ և ներկայացնել վերջինիս հաստատմանը: Դատարանը պատճառաբանել է, որ ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունից ստացված տեղեկություններն այն մասին, որ Մերուժան Սարգսյանը երկրաշարժից հետո` 11.01.1995 թվականից մինչև 02.07.2005 թվականն ընկած ժամանակահատվածում, հաշվառված է եղել Երևանի Քանաքեռ 2-րդ փողոցի թիվ 17 տանը և Սպիտակ քաղաքի Այգեստան փողոցի թիվ 33 տանը փաստացի հաշվառվել է 19.04.2007 թվականին, չէին կարող հիմք հանդիսանալ վիճարկվող վարչական ակտի ընդունման համար: Դատարանը նշել է, որ սույն գործի փաստերի համաձայն` Մերուժան Սարգսյանը հաշվառվել է Սպիտակի քաղաքապետի կողմից 01.11.2008 թվականի դրությամբ հաստատված հերթացուցակում: Այսինքն` վիճարկվող որոշման մեջ նշված` բնակության մշտական վայրի փոփոխությունը վերաբերել է Մերուժան Սարգսյանի` հերթացուցակում հաշվառվելուն նախորդող ժամանակահատվածին: Միաժամանակ Դատարանը գտել է, որ Մերուժան Սարգսյանի փաստաթղթային փաթեթի քննարկման արդյունքներով առկա չէ վերջինիս բնակարանային շինարարության ծրագրում չընդգրկելու վերաբերյալ որևէ հիմք, որպիսի պայմաններում Հանձնաժողովը պարտավոր է իրեն վերապահված գործառույթների շրջանակում նախապատրաստել ՀՀ քաղաքաշինության նախարարի հրամանի նախագիծը:

Վերաքննիչ դատարանը մերժել է Կոմիտեի վերաքննիչ բողոքը և Դատարանի վճիռը թողել է անփոփոխ: Վերաքննիչ դատարանը գտել է, որ Կարգի 12-րդ կետի «բ» ենթակետի կիրառման համար անհրաժեշտ են հետևյալ պայմանների միաժամանակյա առկայությունը. անձը պետք է վերցված լինի հաշվառման, հաշվառված անձը պետք է տեղափոխվի այլ բնակավայր, այլ բնակավայրի տեղափոխությունը պետք է կապված լինի մշտական բնակության հետ: Ըստ այդմ, Վերաքննիչ դատարանն իրավաչափ է համարել Դատարանի վերոգրյալ եզրահանգումները:

Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով ստորադաս դատարանների եզրահանգումների հիմնավորվածությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Նախ` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Կարգի 12-րդ կետի «բ» ենթակետում ամրագրված` քաղաքացիներին հաշվառումից հանելու հիմքի (այն է` հաշվառման վերցված անձինք մշտական բնակության են փոխադրվել այլ բնակավայր) կիրառության համար առանցքային նշանակություն ունի ոչ միայն քաղաքացիների մշտական բնակության վայրի փոփոխման, այլև նրանց հաշվառման հասցեի փոփոխման փաստը: Այսինքն` նշված իրավադրույթի իմաստով քաղաքացու հաշվառման հասցեի փոփոխությունը վկայում է նաև նրա` մշտական բնակության վայրի փոփոխության մասին:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Մերուժան Սարգսյանի բնակարանային խնդիրը դրական լուծում կարող էր ստանալ միայն այն պարագայում, երբ վերջինս բնակարանային պայմանները բարելավելու նպատակով հաշվառման վերցվելու խնդրանքով Սպիտակի քաղաքապետին դիմելու պահին համապատասխաներ աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակապահովման ծրագրի շահառու լինելու չափանիշներին: Մինչդեռ Մերուժան Սարգսյանը 1995-2005 թվականներին (մասնավորապես` 11.01.1995 թվականից մինչև 02.07.2005 թվականը) մշտապես չի բնակվել և հաշվառված չի եղել Սպիտակ քաղաքում: Այսինքն` Մերուժան Սարգսյանը բնակարանային պայմանները բարելավելու նպատակով հաշվառման վերցվելու խնդրանքով Սպիտակի քաղաքապետին դիմելու պահին` 23.09.2004 թվականին, չէր կարող հաշվառվել Սպիտակ քաղաքի բնակարանային ապահովման ծրագրերի շրջանակներում բնակարանային պայմանների բարելավման իրավունք ունեցող քաղաքացիների հերթացուցակում, քանի որ մշտական բնակության էր փոխադրվել այլ բնակավայր` Երևան քաղաք: Ասվածն էլ իր հերթին նշանակում է, որ այդ հերթացուցակում Մերուժան Սարգսյանին հաշվառման վերցնելը չի բխել ՀՀ կառավարության 10.06.1999 թվականի թիվ 432 որոշմամբ հաստատված Կարգի պահանջներից:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Հանձնաժողովն իրավասու էր իր 11.09.2012 թվականի նիստի թիվ 23 արձանագրության թիվ 9 հավելվածի 25-րդ կետով որոշում կայացնել Մերուժան Սարգսյանին բնակարանային շինարարության ծրագրում չընդգրկելու վերաբերյալ, քանի որ բնակարանային պայմանների բարելավման համար հաշվառվելու նպատակով Սպիտակի քաղաքապետին դիմում ներկայացնելու պահին Մերուժան Սարգսյանը հաշվառված չի եղել Սպիտակ քաղաքում (փոխադրված է եղել մշտական բնակության այլ բնակավայր):

Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում հավելել, որ Հանձնաժողովի կանոնակարգի 6-րդ կետով սահմանված` Հանձնաժողովի գործառույթների ուսումնասիրությունը վկայում է, որ այդ մարմինը, ի թիվս այլ գործառույթների, նախապատրաստում է բնակարանային շինարարության ծրագրի շրջանակներում կառուցված բնակարանները (բնակելի տները) ստանալու հավակնող անձանց ցուցակի հաստատման մասին ՀՀ քաղաքաշինության նախարարի հրամանի նախագիծ: Ընդ որում, Հանձնաժողովի կողմից նախապատրաստվող` ՀՀ քաղաքաշինության նախարարի այդ հրամանի նախագծում ընդգրկվում են երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած և բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող քաղաքացիների` համապատասխան համայնքի ղեկավարի կողմից հաստատված ցուցակում ներառված այն քաղաքացիները, որոնց փաստաթղթերի փաթեթի ուսումնասիրության արդյունքում Հանձնաժողովը չի կայացրել բնակարանային շինարարության ծրագրում չընդգրկելու վերաբերյալ որոշում: Հետևաբար բնակարանային շինարարության ծրագրի շրջանակներում կառուցված բնակարանները (բնակելի տները) ստանալու հավակնող անձանց ցուցակի հաստատման մասին ՀՀ քաղաքաշինության նախարարի հրամանի նախագծում այս կամ այն քաղաքացուն ներառելու հիմքը վերջինիս նկատմամբ բնակարանային շինարարության ծրագրում չընդգրկելու վերաբերյալ որոշման բացակայությունն է (տե՛ս, Ռոբերտ Թադևոսյանն ընդդեմ Հանձնաժողովի թիվ ՎԴ/2182/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.12.2017 թվականի որոշումը):

Վերոգրյալ իրավական դիրքորոշումների համատեքստում անդրադառնալով սույն գործով Մերուժան Սարգսյանի կողմից ներկայացված գործողության կատարման հայցին` Հանձնաժողովին բնակարանային շինարարության ծրագրի շրջանակներում կառուցված բնակարանները (բնակելի տները) ստանալու հավակնող անձանց ցուցակի հաստատման մասին ՀՀ քաղաքաշինության նախարարի հրամանի նախագիծ կազմելուն և այն վերջինիս հաստատմանը ներկայացնելուն պարտավորեցնելու պահանջի մասին, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ պահանջը ենթակա կլիներ բավարարման միայն այն պայմաններում, երբ հաստատված լինեին Մերուժան Սարգսյանին բնակարանային շինարարության ծրագրում չընդգրկելու վերաբերյալ Հանձնաժողովի 11.09.2012 թվականի նիստի թիվ 23 արձանագրության թիվ 9 հավելվածի 25-րդ կետի ոչ իրավաչափությունը և այն հանգամանքը, որ բացակայում են Մերուժան Սարգսյանին բնակարանային շինարարության ծրագրում չընդգրկելու վերաբերյալ որոշում ընդունելու` Կարգի 12-րդ կետով նախատեսված բոլոր հիմքերը:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-151-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և սույն որոշմամբ արտահայտված դիրքորոշումների հիման վրա Մերուժան Սարգսյանի կողմից ներկայացված վիճարկման և գործողության կատարման հայցապահանջների ելքը որոշելու նպատակով գործը նոր քննության ուղարկելու համար:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունն այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:

Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով այն, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, իսկ գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 01.11.2017 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ վարչական դատարան` նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող Ռ. Հակոբյան

Զեկուցող  Տ. Պետրոսյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

Հատուկ կարծիք

 

01.08.2019թ.

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատի կողմից թիվ ՎԴ/6379/05/15 վարչական գործով 01.08.2019 թվականին

կայացված որոշման վերաբերյալ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), 01.08.2019 թվականին քննելով ըստ հայցի Մերուժան Սարգսյանի ընդդեմ ՀՀ աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային շինարարության ծրագրերի շրջանակներում կառուցված բնակելի տների (բնակարանների) հատկացման հարցերով հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով), երրորդ անձ ՀՀ քաղաքաշինության նախարարության (այսուհետ` Նախարարություն)` վարչական ակտն անվավեր ճանաչելու և գործողություն կատարելուն պարտավորեցնելու պահանջների մասին վարչական գործով ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 01.11.2017 թվականի որոշման դեմ ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի (այսուհետ` Կոմիտե) վճռաբեկ բողոքը` նույն պալատի ընդհանուր թվի մեծամասնությամբ որոշել է Վճռաբեկ բողոքը բավարարել` բեկանել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 01.11.2017 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ վարչական դատարան` նոր քննության:

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի դատավորներ Ռուզաննա Հակոբյանս և Ստեփան Միքայելյանս, համաձայն չլինելով Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կարծիքի հետ, ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասերով, շարադրում ենք մեր հատուկ կարծիքը նշված որոշման վերաբերյալ:

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Մերուժան Սարգսյանը պահանջել է անվավեր ճանաչել Հանձնաժողովի 11.09.2012 թվականի նիստի թիվ 23 արձանագրության թիվ 9 հավելվածի 25-րդ կետը և պարտավորեցնել Հանձնաժողովին Մերուժան Սարգսյանի մասով կազմել բնակարանային շինարարության ծրագրի շրջանակներում կառուցված բնակարանները (բնակելի տները) ստանալու հավակնող անձանց ցուցակի հաստատման մասին ՀՀ քաղաքաշինության նախարարի հրամանի նախագիծ և ներկայացնել վերջինիս հաստատմանը:

ՀՀ Նախագահի 08.10.2016 թվականի թիվ ՆՀ-1091-Ն հրամանագրով Նախարարությունը վերակազմավորման ձևով վերակազմակերպվել է Կոմիտեի:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Մ. Մելքումյան) (այսուհետ` Դատարան) 14.10.2016 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 01.11.2017 թվականի որոշմամբ Կոմիտեի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 14.10.2016 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կոմիտեն:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ դատարանը բողոքը քննել է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ կառավարության 10.06.1999 թվականի թիվ 432 որոշմամբ հաստատված կարգի 12-րդ կետի «բ» ենթակետը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Մերուժան Սարգսյանի բնակապահովման հարցը դրական լուծում կարող էր ստանալ միայն այն պարագայում, երբ վերջինս համապատասխաներ աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակապահովման ծրագրի շահառու լինելու չափանիշներին:

Մինչդեռ սույն գործով հաստատված է, որ Մերուժան Սարգսյանը 1995-2005 թվականներին հաշվառված չի եղել և մշտապես չի բնակվել Սպիտակ քաղաքում: Մերուժան Սարգսյանը երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների ցուցակում հաշվառվելու նպատակով Սպիտակի քաղաքապետին դիմել է երկու անգամ, նախ` 20.10.1998 թվականին, հետո` 23.09.2004 թվականին: Այսինքն` երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների ցուցակում Մերուժան Սարգսյանի հաշվառվելու պահը պետք է համարել 23.09.2004 թվականը: Սակայն այդ ժամանակ վերջինս փոխադրված էր մշտական բնակության այլ բնակավայր` Երևան քաղաք:

Փաստորեն, 23.09.2004 թվականին հաշվառված չլինելով Սպիտակ քաղաքում` Մերուժան Սարգսյանը չէր կարող ընդգրկվել երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների ցուցակում: Հետևաբար հերթացուցակում Մերուժան Սարգսյանին հաշվառման վերցնելը չի բխել ՀՀ կառավարության 10.06.1999 թվականի թիվ 432 որոշման պահանջներից, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից, որը սխալմամբ նույնացրել է հերթացուցակում հաշվառելու և սահմանված վերջնաժամկետում հերթացուցակը հաստատելու հանգամանքները:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 01.11.2017 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության:

 

3. Որպես վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստեր Վճռաբեկ դատարանը նշել է հետևյալը.

1) Մերուժան Սարգսյանը 20.10.1998 թվականին և 23.09.2004 թվականին դիմել է Սպիտակի քաղաքապետին` երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած իր ընտանիքին բնակարանային պայմանները բարելավելու նպատակով հաշվառման վերցնելու խնդրանքով (հատոր 1-ին, գ.թ. 89, 90).

2) Ըստ 07.12.1988-25.01.2011 թվականների հաշվառման շարժի վերաբերյալ տվյալների` Մերուժան Սարգսյանը 11.01.1995 թվականից մինչև 02.07.2005 թվականը հաշվառված է եղել Երևանի Քանաքեռ 2-րդ փողոցի թիվ 17 տուն հասցեում, իսկ 19.04.2007 թվականից փաստացի հաշվառված է Սպիտակ քաղաքի Այգեստան փողոցի տնակ թիվ 33 հասցեում (հատոր 1-ին, գ.թ. 104).

3) Ըստ «Բնակչության պետական ռեգիստրում հաշվառման մասին» 27.01.2011 թվականի թիվ 012384 տեղեկանքի` Մերուժան Սարգսյանը 19.04.2007 թվականից փաստացի հաշվառված է Սպիտակ քաղաքի Այգեստան փողոցի տնակ թիվ 33 հասցեում (հատոր 1-ին, գ.թ. 111).

4) Հանձնաժողովի 11.09.2012 թվականի նիստի թիվ 23 արձանագրությունից արված քաղվածքի համաձայն` որոշվել է երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած, սահմանված կարգով հաշվառված ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով ՀՀ Լոռու մարզի Սպիտակ քաղաքում պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային շինարարության ծրագրերի շրջանակներում բնակարանային պայմանները բարելավելու իրավունք ունեցողների ցուցակում չընդգրկել Սպիտակի քաղաքապետի կողմից հաստատված ցուցակում հաշվառված` 25 ընտանիքի` ծրագրի չափանիշներին չհամապատասխանելու պատճառաբանությամբ համաձայն թիվ 9 հավելվածի:

Ըստ Հանձնաժողովի 11.09.2012 թվականի նիստի թիվ 23 արձանագրության թիվ 9 հավելվածից արված քաղվածքի` այդ հավելվածի 25-րդ կետի համաձայն` Մերուժան Սարգսյանն ընտանիքի մեկ անձով հաշվառված է հերթացուցակում երկրաշարժի հետևանքով քանդված` Սպիտակ քաղաքի Մուրացան փողոցի թիվ 21Ա շենքի 30-րդ բնակարանի դիմաց մեկսենյականոց բնակարան ստանալու համար: ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության հետ ճշտված տեղեկատվության համաձայն` Մերուժան Սարգսյանը երկրաշարժից հետո` 11.01.1995 թվականից մինչև 02.07.2005 թվականը, հաշվառված է եղել Երևան քաղաքի Քանաքեռ 2-րդ փողոցի թիվ 17 տանը: Մերուժան Սարգսյանը միայն 19.04.2007 թվականին է փաստացի հաշվառվել Սպիտակ քաղաքի Այգեստան փողոցի թիվ 33 տնակում:

Հանձնաժողովի 11.09.2012 թվականի նիստի թիվ 23 արձանագրության թիվ 9 հավելվածի 25-րդ կետով Մերուժան Սարգսյանը չի ընդգրկվել ծրագրի շրջանակներում բնակարանային պայմանները բարելավելու իրավունք ունեցողների ցուցակում` այն հիմքով, որ հաշվառման վերցված անձը մշտական բնակության է փոխադրվել այլ բնակավայր: Որպես այդ որոշման իրավական հիմք` Հանձնաժողովը վկայակոչել է ՀՀ կառավարության 10.06.1999 թվականի թիվ 432 որոշմամբ հաստատված կարգի 12-րդ կետի «բ» ենթակետը և 13-րդ կետը, ինչպես նաև 26.11.2009 թվականի թիվ 1402-Ն որոշմամբ հաստատված կանոնակարգի 11-րդ կետը (հատոր 1-ին, գ.թ. 119-120):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները հանգել են հետևյալին.

Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է վճռաբեկ բողոքը ներկայացնելու և վարույթ ընդունելու պահին գործող խմբագրությամբ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, և գտել է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները` աղետի գոտու բնակավայրերում քաղաքացիներին բնակարանների արտահերթ հատկացման կարգի առանձնահատկությունների վերաբերյալ, կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար:

Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարել անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը. կարող է արդյո՞ք Հանձնաժողովը կայացնել երկրաշարժի հետևանքով բնակարանային պայմանների բարելավման իրավունք ունեցող քաղաքացիների հերթացուցակում հաշվառված անձին բնակարանային շինարարության ծրագրում չընդգրկելու վերաբերյալ որոշում, եթե բնակարանային պայմանների բարելավման համար հաշվառվելու նպատակով աղետի գոտու բնակավայրի համայնքի ղեկավարին դիմում ներկայացնելու պահին այդ անձը հաշվառված չի եղել տվյալ բնակավայրում (փոխադրված է եղել մշտական բնակության այլ բնակավայր):

Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ Հայաստանի Հանրապետության իրավական համակարգում աղետի գոտու բնակավայրերում (բացառությամբ գյուղական բնակավայրերի) երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցության միջոցով կառուցված պետական բնակարանային ֆոնդում բնակարան արտահերթ ստանալու իրավունք ունեցող քաղաքացիների հաշվառման, նրանց հաշվառումից հանելու, և այդ բնակարանները քաղաքացիների համաձայնությամբ նրանց անհատույց սեփականության իրավունքով հատկացնելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են ՀՀ կառավարության 10.06.1999 թվականի թիվ 432 որոշմամբ, որի 1-ին կետով հաստատվել է աղետի գոտու բնակավայրերում բնակարանների արտահերթ հատկացման կարգը և վկայակոչելով նշված կարգի 2-րդ, 3-րդ, 4-րդ, 7-րդ, 12-րդ, 13-րդ, 23-րդ կետերը, ինչպես նաև ՀՀ կառավարության 26.11.2009 թվականի թիվ 1402-Ն որոշմամբ հաստատված աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային շինարարության ծրագրերի շրջանակներում կառուցված բնակելի տների (բնակարանների) հատկացման հարցերով հանձնաժողովի կանոնակարգի 5-րդ, 6-րդ, 8-րդ, 10-րդ, 11-րդ կետերը, եզրահանգել է, որ երկրաշարժից քանդվելու հետևանքով կացարաններ (բազմաբնակարան շենքի բնակարաններ) կորցրած ՀՀ քաղաքացիություն ունեցող անձանց և նրանց ընտանիքի անդամների` որպես աղետի գոտու բնակավայրերում բնակարան արտահերթ ստանալու իրավունք ունեցող սուբյեկտների, սկզբնական հաշվառումն իրականացնում է նրանց մշտական բնակավայրի համայնքի ղեկավարը` այդպիսի քաղաքացիներին ընդգրկելով համապատասխան հերթացուցակում: Հանձնաժողովն իր հերթին ուսումնասիրում և պարզում է այդ հերթացուցակում անձանց ընդգրկվելու չափանիշների համապատասխանությունը ՀՀ կառավարության 10.06.1999 թվականի թիվ 432 որոշմամբ նախատեսված պահանջներին և ՀՀ կառավարության 10.06.1999 թվականի թիվ 432 որոշմամբ հաստատված Կարգով նախատեսված հիմքերի առկայության դեպքում կայացնում է բնակարանային շինարարության ծրագրում այդ անձանց (նրանց ընտանիքներին) չընդգրկելու վերաբերյալ որոշում: Իսկ նշված հիմքերի բացակայության դեպքում Հանձնաժողովը ՀՀ քաղաքաշինության նախարարի հաստատմանն է ներկայացնում բնակարանային շինարարության ծրագրի շրջանակներում կառուցված բնակարանները (բնակելի տները) ստանալու հավակնող անձանց ցուցակի հաստատման մասին հրամանի նախագիծ:

Վճռաբեկ դատարանը գտել է, որ վերոնշյալ նորմատիվ իրավական ակտերի համատեքստում «հաշվառման վերցնել» եզրույթը նշանակում է երկրաշարժի հետևանքով կացարաններ (բազմաբնակարան շենքի բնակարաններ) կորցրած Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող անձանց և նրանց ընտանիքի անդամների ընդգրկում աղետի գոտու բնակավայրերում բնակարան արտահերթ ստանալու իրավունք ունեցող քաղաքացիների հերթացուցակում: Այդ գործառույթն իրականացնում է տվյալ քաղաքացու մշտական բնակության վայրի համայնքի ղեկավարը: Այսինքն` եթե քաղաքացին (նրա ընտանիքը) ընդգրկված է համայնքի ղեկավարի կողմից կազմված` աղետի գոտու բնակավայրերում բնակարան արտահերթ ստանալու իրավունք ունեցող քաղաքացիների հերթացուցակում, ապա տվյալ քաղաքացին (նրա ընտանիքը) հաշվառված է բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող քաղաքացիների ցուցակում: Ընդ որում, Հանձնաժողովը քննարկում է հենց հաշվառված (աղետի գոտու բնակավայրերում բնակարան արտահերթ ստանալու իրավունք ունեցող քաղաքացիների հերթացուցակում ընդգրկված) քաղաքացիների (նրանց ընտանիքի) փաստաթղթային փաթեթները` քննարկման արդյունքներով կայացնելով կամ բնակարանային շինարարության ծրագրում այդ քաղաքացիներին (նրանց ընտանիքներին) չընդգրկելու վերաբերյալ որոշում կամ այդ անձանց (նրանց ընտանիքներին) ընդգրկում է բնակարանային շինարարության ծրագրի շրջանակներում կառուցված բնակարանները (բնակելի տները) ստանալու հավակնող անձանց ցուցակում և ՀՀ քաղաքաշինության նախարարի հաստատմանն է ներկայացնում նշված ցուցակի հաստատման մասին հրամանի նախագիծ:

Փաստորեն, Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ աղետի գոտու բնակավայրերում պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային ապահովման ծրագրերի շրջանակներում կառուցված բնակելի տները հատկացնում է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարն իր կողմից ստեղծված հանձնաժողովի միջոցով` համապատասխան համայնքների ղեկավարների կողմից հաստատված բնակարանային պայմանների բարելավման իրավունք ունեցող երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած քաղաքացիների հերթացուցակների հիման վրա: Վճռաբեկ դատարանը փաստել է, որ աղետի գոտու բնակավայրերում պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային ապահովման ծրագրերի շրջանակներում կառուցված բնակելի տների հատկացման ընթացակարգն ընդհանուր առմամբ բաղկացած է հետևյալ գործողություններից.

- բնակարանային պայմանների բարելավման համար հաշվառվելու նպատակով քաղաքացին դիմում է ներկայացնում համապատասխան համայնքի ղեկավարին,

- համայնքի ղեկավարը սահմանված ժամկետում քննարկում է քաղաքացու դիմումը և ընդունում է քաղաքացուն հաշվառման վերցնելու կամ հաշվառման վերցնելը մերժելու մասին որոշում,

- համայնքի ղեկավարի կողմից ընդունված` հաշվառման վերցնելու մասին որոշումների հիման վրա կազմվում է բնակարանային ապահովման ծրագրերի շրջանակներում բնակարանային պայմանների բարելավման իրավունք ունեցող քաղաքացիների հերթացուցակ, որը հաստատվում է համայնքի ղեկավարի կողմից և ուղարկվում է ՀՀ քաղաքաշինության նախարարություն,

- ՀՀ քաղաքաշինության նախարարի կողմից ստեղծված Հանձնաժողովը որոշում է երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած և բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող քաղաքացիների` համայնքի ղեկավարի կողմից հաստատված հերթացուցակում ընդգրկված անձանց` այդ ցուցակում ընդգրկվելու չափանիշներին համապատասխանության հարցը,

- Հանձնաժողովը նախապատրաստում է բնակարանային շինարարության ծրագրի շրջանակներում կառուցված բնակարանները (բնակելի տները) ստանալու հավակնող անձանց ցուցակի հաստատման մասին ՀՀ քաղաքաշինության նախարարի հրամանի նախագիծ. այդ ցուցակում չեն ներառվում այն անձինք, ում փաստաթղթային փաթեթների քննարկման արդյունքներով Հանձնաժողովը կայացրել է բնակարանային շինարարության ծրագրում չընդգրկելու վերաբերյալ որոշում:

Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարել նշել, որ համապատասխան համայնքի ղեկավարի կողմից քաղաքացուն հաշվառման վերցնելը մերժելու և Հանձնաժողովի կողմից բնակարանային շինարարության ծրագրում չընդգրկելու վերաբերյալ որոշումները կարող են կայացվել միևնույն հիմքերով, որոնք սահմանված են ՀՀ կառավարության 10.06.1999 թվականի թիվ 432 որոշմամբ հաստատված կարգի 12-րդ կետով: Այլ կերպ ասած` համայնքի ղեկավարը կարող է ընդունել քաղաքացուն հաշվառման վերցնելը մերժելու մասին որոշում, իսկ Հանձնաժողովը կարող է ընդունել քաղաքացուն բնակարանային շինարարության ծրագրում չընդգրկելու մասին որոշում ՀՀ կառավարության 10.06.1999 թվականի թիվ 432 որոշմամբ հաստատված կարգի 12-րդ կետով նախատեսված սպառիչ հիմքերից որևէ մեկի առկայության դեպքում:

Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ սույն գործի քննությամբ հաստատված է, որ Մերուժան Սարգսյանը 20.10.1998 թվականին և 23.09.2004 թվականին դիմել է Սպիտակի քաղաքապետին` երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած իր ընտանիքին բնակարանային պայմանները բարելավելու նպատակով հաշվառման վերցնելու խնդրանքով: Մերուժան Սարգսյանը 11.01.1995 թվականից մինչև 02.07.2005 թվականը հաշվառված է եղել Երևանի Քանաքեռ 2-րդ փողոցի թիվ 17 տուն հասցեում և միայն 19.04.2007 թվականից է փաստացի հաշվառվել Սպիտակ քաղաքի Այգեստան փողոցի տնակ թիվ 33 հասցեում: Այնուհանդերձ Սպիտակի քաղաքապետը Մերուժան Սարգսյանին (ընտանիքի մեկ անձով) հաշվառել է բնակարանային ապահովման ծրագրերի շրջանակներում բնակարանային պայմանների բարելավման իրավունք ունեցող քաղաքացիների հերթացուցակում` երկրաշարժի հետևանքով քանդված` Սպիտակ քաղաքի Մուրացան փողոցի թիվ 21Ա շենքի 30-րդ բնակարանի դիմաց մեկսենյականոց բնակարան ստանալու համար:

Հանձնաժողովը 11.09.2012 թվականի նիստի թիվ 23 արձանագրության թիվ 9 հավելվածի 25-րդ կետով որոշել է Մերուժան Սարգսյանին չընդգրկել ծրագրի շրջանակներում բնակարանային պայմանները բարելավելու իրավունք ունեցողների ցուցակում` այն հիմքով, որ հաշվառման վերցված անձը մշտական բնակության է փոխադրվել այլ բնակավայր: Հանձնաժողովն այդ որոշումը կայացրել է` հիմք ընդունելով ՀՀ կառավարության 10.06.1999 թվականի թիվ 432 որոշմամբ հաստատված կարգի 12-րդ կետի «բ» ենթակետը և 13-րդ կետը, ինչպես նաև 26.11.2009 թվականի թիվ 1402-Ն որոշմամբ հաստատված կանոնակարգի 11-րդ կետը, ինչպես նաև հաշվի առնելով ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունից ստացված այն տեղեկատվությունը, որի համաձայն` Մերուժան Սարգսյանը երկրաշարժից հետո` 11.01.1995 թվականին մինչև 02.07.2005 թվականը, հաշվառված է եղել Երևան քաղաքի Քանաքեռ 2-րդ փողոցի թիվ 17 տանը, և միայն 19.04.2007 թվականին է փաստացի հաշվառվել Սպիտակ քաղաքի Այգեստան փողոցի թիվ 33 տնակում:

Դատարանը բավարարել է Մերուժան Սարգսյանի հայցը` անվավեր ճանաչելով Հանձնաժողովի 11.09.2012 թվականի նիստի թիվ 23 արձանագրության թիվ 9 հավելվածի 25-րդ կետը և պարտավորեցնելով Հանձնաժողովին Մերուժան Սարգսյանի մասով կազմել բնակարանային շինարարության ծրագրի շրջանակներում կառուցված բնակարանները (բնակելի տները) ստանալու հավակնող անձանց ցուցակի հաստատման մասին ՀՀ քաղաքաշինության նախարարի հրամանի նախագիծ և ներկայացնել վերջինիս հաստատմանը: Դատարանը պատճառաբանել է, որ ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունից ստացված տեղեկություններն այն մասին, որ Մերուժան Սարգսյանը երկրաշարժից հետո` 11.01.1995 թվականից մինչև 02.07.2005 թվականն ընկած ժամանակահատվածում, հաշվառված է եղել Երևանի Քանաքեռ 2-րդ փողոցի թիվ 17 տանը և Սպիտակ քաղաքի Այգեստան փողոցի թիվ 33 տանը փաստացի հաշվառվել է 19.04.2007 թվականին, չէին կարող հիմք հանդիսանալ վիճարկվող վարչական ակտի ընդունման համար: Դատարանը նշել է, որ սույն գործի փաստերի համաձայն` Մերուժան Սարգսյանը հաշվառվել է Սպիտակի քաղաքապետի կողմից 01.11.2008 թվականի դրությամբ հաստատված հերթացուցակում: Այսինքն` վիճարկվող որոշման մեջ նշված` բնակության մշտական վայրի փոփոխությունը վերաբերել է Մերուժան Սարգսյանի` հերթացուցակում հաշվառվելուն նախորդող ժամանակահատվածին: Միաժամանակ Դատարանը գտել է, որ Մերուժան Սարգսյանի փաստաթղթային փաթեթի քննարկման արդյունքներով առկա չէ վերջինիս բնակարանային շինարարության ծրագրում չընդգրկելու վերաբերյալ որևէ հիմք, որպիսի պայմաններում Հանձնաժողովը պարտավոր է իրեն վերապահված գործառույթների շրջանակում նախապատրաստել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի հրամանի նախագիծը:

Վերաքննիչ դատարանը մերժել է Կոմիտեի վերաքննիչ բողոքը և Դատարանի վճիռը թողել է անփոփոխ: Վերաքննիչ դատարանը գտել է, որ Կարգի 12-րդ կետի «բ» ենթակետի կիրառման համար անհրաժեշտ են հետևյալ պայմանների միաժամանակյա առկայությունը. անձը պետք է վերցված լինի հաշվառման, հաշվառված անձը պետք է տեղափոխվի այլ բնակավայր, այլ բնակավայրի տեղափոխությունը պետք է կապված լինի մշտական բնակության հետ: Ըստ այդմ, Վերաքննիչ դատարանն իրավաչափ է համարել Դատարանի վերոգրյալ եզրահանգումները:

Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով ստորադաս դատարանների եզրահանգումների հիմնավորվածությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրել է հետևյալը.

Նախ` Վճռաբեկ դատարանը գտել է, որ Կարգի 12-րդ կետի «բ» ենթակետում ամրագրված` քաղաքացիներին հաշվառումից հանելու հիմքի (այն է` հաշվառման վերցված անձինք մշտական բնակության են փոխադրվել այլ բնակավայր) կիրառության համար առանցքային նշանակություն ունի ոչ միայն քաղաքացիների մշտական բնակության վայրի փոփոխման, այլև նրանց հաշվառման հասցեի փոփոխման փաստը: Այսինքն` նշված իրավադրույթի իմաստով քաղաքացու հաշվառման հասցեի փոփոխությունը վկայում է նաև նրա` մշտական բնակության վայրի փոփոխության մասին:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտել է, որ Մերուժան Սարգսյանի բնակարանային խնդիրը դրական լուծում կարող էր ստանալ միայն այն պարագայում, երբ վերջինս բնակարանային պայմանները բարելավելու նպատակով հաշվառման վերցվելու խնդրանքով Սպիտակի քաղաքապետին դիմելու պահին համապատասխաներ աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակապահովման ծրագրի շահառու լինելու չափանիշներին: Մինչդեռ Մերուժան Սարգսյանը 1995-2005 թվականներին (մասնավորապես` 11.01.1995 թվականից մինչև 02.07.2005 թվականը) մշտապես չի բնակվել և հաշվառված չի եղել Սպիտակ քաղաքում: Այսինքն` Մերուժան Սարգսյանը բնակարանային պայմանները բարելավելու նպատակով հաշվառման վերցվելու խնդրանքով Սպիտակի քաղաքապետին դիմելու պահին` 23.09.2004 թվականին, չէր կարող հաշվառվել Սպիտակ քաղաքի բնակարանային ապահովման ծրագրերի շրջանակներում բնակարանային պայմանների բարելավման իրավունք ունեցող քաղաքացիների հերթացուցակում, քանի որ մշտական բնակության էր փոխադրվել այլ բնակավայր` Երևան քաղաք: Ասվածն էլ իր հերթին նշանակում է, որ այդ հերթացուցակում Մերուժան Սարգսյանին հաշվառման վերցնելը չի բխել ՀՀ կառավարության 10.06.1999 թվականի թիվ 432 որոշմամբ հաստատված Կարգի պահանջներից:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտել է, որ Հանձնաժողովն իրավասու էր իր 11.09.2012 թվականի նիստի թիվ 23 արձանագրության թիվ 9 հավելվածի 25-րդ կետով որոշում կայացնել Մերուժան Սարգսյանին բնակարանային շինարարության ծրագրում չընդգրկելու վերաբերյալ, քանի որ բնակարանային պայմանների բարելավման համար հաշվառվելու նպատակով Սպիտակի քաղաքապետին դիմում ներկայացնելու պահին Մերուժան Սարգսյանը հաշվառված չի եղել Սպիտակ քաղաքում (փոխադրված է եղել մշտական բնակության այլ բնակավայր):

Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարել հավելել, որ Հանձնաժողովի կանոնակարգի 6-րդ կետով սահմանված` Հանձնաժողովի գործառույթների ուսումնասիրությունը վկայում է, որ այդ մարմինը, ի թիվս այլ գործառույթների, նախապատրաստում է բնակարանային շինարարության ծրագրի շրջանակներում կառուցված բնակարանները (բնակելի տները) ստանալու հավակնող անձանց ցուցակի հաստատման մասին ՀՀ քաղաքաշինության նախարարի հրամանի նախագիծ: Ընդ որում, Հանձնաժողովի կողմից նախապատրաստվող` ՀՀ քաղաքաշինության նախարարի այդ հրամանի նախագծում ընդգրկվում են երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած և բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող քաղաքացիների` համապատասխան համայնքի ղեկավարի կողմից հաստատված ցուցակում ներառված այն քաղաքացիները, որոնց փաստաթղթերի փաթեթի ուսումնասիրության արդյունքում Հանձնաժողովը չի կայացրել բնակարանային շինարարության ծրագրում չընդգրկելու վերաբերյալ որոշում: Հետևաբար, բնակարանային շինարարության ծրագրի շրջանակներում կառուցված բնակարանները (բնակելի տները) ստանալու հավակնող անձանց ցուցակի հաստատման մասին ՀՀ քաղաքաշինության նախարարի հրամանի նախագծում այս կամ այն քաղաքացուն ներառելու հիմքը վերջինիս նկատմամբ բնակարանային շինարարության ծրագրում չընդգրկելու վերաբերյալ որոշման բացակայությունն է (տե՛ս Ռոբերտ Թադևոսյանն ընդդեմ Հանձնաժողովի թիվ ՎԴ/2182/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.12.2017 թվականի որոշումը):

Վերոգրյալ իրավական դիրքորոշումների համատեքստում անդրադառնալով սույն գործով Մերուժան Սարգսյանի կողմից ներկայացված գործողության կատարման հայցին` Հանձնաժողովին բնակարանային շինարարության ծրագրի շրջանակներում կառուցված բնակարանները (բնակելի տները) ստանալու հավակնող անձանց ցուցակի հաստատման մասին ՀՀ քաղաքաշինության նախարարի հրամանի նախագիծ կազմելուն և այն վերջինիս հաստատմանը ներկայացնելուն պարտավորեցնելու պահանջի մասին, Վճռաբեկ դատարանը գտել է, որ այդ պահանջը ենթակա կլիներ բավարարման միայն այն պայմաններում, երբ հաստատված լինեին Մերուժան Սարգսյանին բնակարանային շինարարության ծրագրում չընդգրկելու վերաբերյալ Հանձնաժողովի 11.09.2012 թվականի նիստի թիվ 23 արձանագրության թիվ 9 հավելվածի 25-րդ կետի ոչ իրավաչափությունը և այն հանգամանքը, որ բացակայում են Մերուժան Սարգսյանին բնակարանային շինարարության ծրագրում չընդգրկելու վերաբերյալ որոշում ընդունելու` Կարգի 12-րդ կետով նախատեսված բոլոր հիմքերը:

 

----------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում

 

 

pin
Վճռաբեկ դատարան
01.08.2019
N ՎԴ/6379/05/15
Որոշում