Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 5...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 54-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ վարչական                  Վարչական գործ

    դատարանի որոշում                       թիվ ՎԴ/13203/05/17

    Վարչական գործ թիվ ՎԴ/13203/05/17       2019 թ.

Նախագահող դատավոր` Հ. Բեդևյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

(2-րդ մաս)

 

նախագահող Ռ. Հակոբյան

զեկուցող  Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

2019 թվականի հուլիսի 31-ին

 

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական վարույթի մասնակիցներն են (այսուհետ` վարույթի մասնակիցներ)`

ա) վարչական ակտի հասցեատերը` այն անձը, ով դիմել է վարչական ակտ ընդունելու համար (դիմող), կամ այն անձը, ում նկատմամբ վարչական մարմինն իր նախաձեռնությամբ ընդունելու է վարչական ակտ.

բ) երրորդ անձինք` այն անձինք, որոնց իրավունքները կամ օրինական շահերը կարող են շոշափվել վարույթի արդյունքում ընդունվելիք վարչական ակտով:

Այսպիսով գտնում ենք, որ վարչական վարույթի մասնակիցների` վարչական ակտի հասցեատիրոջ և երրորդ անձանց համար վարչական ակտը կարող է ուժի մեջ մտնել այդ վարչական ակտի ընդունման մասին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդվածով սահմանված եղանակներից որևէ մեկով իրազեկելու հաջորդ օրվանից: Գտնում ենք նաև, որ վարչական վարույթի մասնակիցների թիվը մեկից ավելի լինելու դեպքում վարչական ակտի ուժի մեջ մտնելու հանգամանքը պայմանավորված է նրանցից յուրաքանչյուրի իրազեկմամբ:

Հարկ ենք համարում ընդգծել, որ օրենքով նախատեսված հանձնման եղանակով վարչական ակտի ընդունման մասին վարչական վարույթի մասնակիցներին իրազեկելն առանձնակի բարդություն չի ներկայացնում այն դեպքերում, երբ վարչական վարույթի մասնակիցների կազմը հայտնի է: Այլ է իրավիճակը, սակայն, երբ վարչական մարմնին հայտնի չեն այդ ակտով ուղղակիորեն շոշափվող անձանց վերաբերյալ տեղեկությունները: Այլ կերպ ասած, վարչական վարույթում երրորդ անձի հնարավոր կարգավիճակ ունեցող անձանց հանձնման եղանակով վարչական ակտի ընդունման մասին իրազեկելը գործնականում անհնար է, եթե վարչական մարմինը չի տիրապետում բավարար տեղեկատվության այն անձանց մասին, ում իրավունքներն ուղղակիորեն կարող են շոշափվել վարչական ակտով: Նման դեպքերի համար օրենսդիրը սահմանել է վարչական ակտի իրազեկման այլ եղանակ` «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդվածի 5-րդ մասում ամրագրելով վարչական ակտի հրապարակման պարտադիր կանոն:

Հարկ ենք համարում ընդգծել նաև, որ բարենպաստ վարչական ակտի ուժի մեջ մտնելը կարևորվում է այդ ակտի կատարման ենթակա լինելու առումով միայն, մինչդեռ միջամտող վարչական ակտի պարագայում դրա ուժի մեջ մտնելը կարևորվում է այն վիճարկելու ժամկետների հաշվարկման առումով, հետևաբար որևէ նշանակություն չի կարող ունենալ ակտի հասցեատիրոջ համար բարենպաստ հանդիսացող վարչական ակտի մասին վերջինիս իրազեկվելու, այսինքն` վարչական ակտի ուժի մեջ մտնելու հանգամանքն այն պարագայում, երբ վարչական ակտը վիճարկվում է երրորդ անձի կողմից` իր իրավունքներին միջամտելու հիմքով: Վիճարկման հայց ներկայացնելու դատավարական ժամկետների հաշվարկման համար էական նշանակություն ունի միայն այն հարցը, թե երբ է վարչական ակտն ուժի մեջ մտել ակտը վիճարկողի, այսինքն` հայցվորի համար: Հետևաբար անկախ այն հանգամանքից, վարչական ակտը վիճարկվում է դրա հասցեատիրոջ, թե վարչական վարույթում երրորդ անձի կարգավիճակ ունեցող անձի կողմից, հայցվորը պետք է հայցադիմումը դատարան ներկայացնի երկամսյա ժամկետում` սկսած այն օրվան հաջորդող օրվանից, երբ ինքն է իրազեկվել վարչական ակտի ընդունման մասին:

Այսպիսով, գտնում ենք, որ վիճարկման հայցադիմումը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված ժամկետում ներկայացված լինելու հանգամանքն ուղղակիորեն պայմանավորված է այդ ակտի ընդունման մասին հայցվորի (և ոչ թե որևէ այլ անձի) իրազեկման հանգամանքով, ուստի վիճարկման հայցը կարող է ներկայացվել այդ ակտի ընդունման մասին հենց հայցվորի իրազեկվելուն հաջորդող օրվանից սկսած երկամսյա ժամկետում, իսկ այդ ժամկետը բաց թողնելու դեպքում նաև հայցվորը պարտավոր է ներկայացնել բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու միջնորդություն: Ընդ որում հայցվորի վրա չի կարող դրվել դատավարական ժամկետը հարգելի համարելու միջնորդություն ներկայացնելու պարտականություն` վիճարկման հայցի ժամկետի հաշվարկը պայմանավորելով վարչական ակտի ընդունման մասին վարչական վարույթի մնացած մասնակիցների (այդ թվում ակտի հասցեատիրոջ կամ հասցեատերերի, երրորդ անձանց) իրազեկման հանգամանքով, քանի որ նրանցից յուրաքանչյուրը կարող է կրել միայն իր համար սահմանված դատավարական ժամկետները բաց թողնելու բոլոր իրավական հետևանքները:

Ամփոփելով վերոգրյալը` գտնում ենք, որ վիճարկման հայցադիմումը կարող է համարվել դատավարական ժամկետների խախտմամբ ներկայացված, եթե այն ներկայացվել է վիճարկվող վարչական ակտի ընդունման մասին հայցվորի իրազեկման հաջորդող օրվանից սկսած երկամսյա ժամկետի ավարտից հետո: Նշված դեպքում հայցվորը պարտավոր է ներկայացնել նաև դատավարական ժամկետը վերականգնելու միջնորդություն: Հայցվորը պարտավոր չէ սակայն ներկայացնել բաց թողնված դատավարական ժամկետը հարգելի համարելու և վերականգնելու միջնորդություն այն դեպքում, երբ հայցադիմումը դատարան է ներկայացրել վիճարկվող վարչական ակտի ընդունման մասին իր իրազեկվելու հաջորդող օրվանից սկսած երկամսյա ժամկետում, սակայն վարչական վարույթի մյուս մասնակիցների իրազեկվելու հաջորդող օրվանից հաշված երկամսյա ժամկետի ավարտից հետո:

Սույն գործի փաստերի համաձայն` Մարիամ Ոսկանյանը 20.04.2007 թվականի առուվաճառքի պայմանագրով ՀՀ Արագածոտնի մարզի Արտաշավան համայնքից աճուրդային կարգով ձեռք է բերել 0,97հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության, 110-001 կադաստրային ծածկագրով հողամասը (հավելված հատոր 1-ին, գ.թ. 105):

Կադաստրի 01.12.2015 թվականի թիվ Մ-30/11/2015-4-0053 որոշմամբ Մարիամ Ոսկանյանի դիմումի հիման վրա իրավունքի պետական գրանցումը մերժվել է «Գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված հիմքով, քանի որ անշարժ գույքի միավորի նկատմամբ առկա է եղել գրանցված իրավունք, որը բացառում է ներկայացված իրավունքի գրանցումը: Կադաստրային քարտեզում ուղղում չի կատարվել, քանի որ Մարիամ Ոսկանյանի կողմից ձեռք բերված 0,97հա հողամասից 0,768հա հողամասի նկատմամբ` որպես Համայնքի վարչական տարածքում գտնվող անշարժ գույք, սեփականության իրավունքով գրանցված է Գագիկ Սարգիսյանի անվամբ (հավելված հատոր 3-րդ, գ.թ. 11):

Գագիկ Սարգիսյանը, դիմելով ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարան, խնդրել է Մարիամ Ոսկանյանին պարտավորեցնել ազատել Գագիկ Սարգիսյանի սեփականությունը հանդիսացող կադաստրային 147-018 ծածկագրի հողամասի հետ համադրվող 0,8114հա մասը և որպես հետևանք` այդ մասով անվավեր ճանաչել Մարիամ Ոսկանյանի սեփականության իրավունքի պետական գրանցումը (հավելված հատոր 2-րդ գ.թ. 58-60):

ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 13.07.2017 թվականի որոշմամբ Գագիկ Սարգիսյանի հայցադիմումն ընդունվել է վարույթ (հավելված հատոր 2-րդ գ.թ. 62):

ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 02.10.2017 թվականի թիվ ԴԴ-26 Ե-16743/17 գրությամբ Մարիամ Ոսկանյանին են տրամադրվել թիվ ԱՐԱԴ/2056/02/17 քաղաքացիական գործով Գագիկ Սարգիսյանի` Մարիամ Ոսկանյանի դեմ ներկայացված հայցադիմումի 2-րդ օրինակը, կից փաստաթղթերը և գործը վարույթ ընդունելու մասին որոշումը (հավելված հատոր 2-րդ գ.թ. 67):

Մարիամ Ոսկանյանը 04.12.2017 թվականին հայցադիմում է ներկայացրել Դատարան` պահանջելով անվավեր ճանաչել Համայնքի կողմից նույն համայնքի 147 կադաստրային թաղամասի (տարածքի) անհայտ ծածկագրերից 23.08.2006 թվականին անցկացրած 1,3հա գյուղատնտեսական նշանակության հողերի կրկնաճուրդը և որպես անվավերության հետևանքներ` անվավեր ճանաչել Համայնքի և Գագիկ Սարգիսյանի միջև «Հողամասն աճուրդով վաճառելու մասին» 04.09.2006 թվականին կնքված առուվաճառքի պայմանագիրը, ինչպես նաև 23.10.2006 թվականին Գագիկ Սարգիսյանի անվամբ կատարված 1,3հա գյուղատնտեսական նշանակության վարելահողի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումը (հավելված հատոր 1-ին, գ.թ. 3-33):

Միաժամանակ Մարիամ Ոսկանյանը հայցադիմումին կից ներկայացրել է բաց թողնված դատավարական ժամկետը հարգելի համարելու և վերականգնելու վերաբերյալ միջնորդություն, որով հայտնել է, որ Համայնքի կողմից 147 կադաստրային տարածքի համապատասխան ծածկագրերից 1,3 հա գյուղատնտեսական նշանակության վարելահողի 23.08.2006 թվականի աճուրդի, Օհանավան համայնքի և Գագիկ Սարգիսյանի միջև «Հողամասն աճուրդով վաճառելու մասին» 04.09.2006 թվականին կնքված առուվաճառքի պայմանագրի, ինչպես նաև Կադաստրի 23.10.2006 թվականին Գագիկ Սարգիսյանի անվամբ կատարված 147-018 ծածկագրի գյուղատնտեսական նշանակության վարելահողի սեփականության իրավունքի պետական գրանցման մասին, տեղեկացել է 02.10.2017 թվականին` ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԱՐԱԴ/2056/02/17 քաղաքացիական գործով 13.07.2017 թվականի «Հայցադիմումը վարույթ ընդունելու մասին» որոշումը և Գագիկ Սարգիսյանի հայցադիմումի օրինակը ստանալու պահից, ուստի միջնորդել է հարգելի ճանաչել և վերականգնել բաց թողնված դատավարական ժամկետը (հավելված հատոր 2-րդ, գ.թ. 17-21):

Դատարանը 11.12.2017 թվականի որոշմամբ Մարիամ Ոսկանյանի ներկայացրած միջնորդությունը բավարարել է` հարգելի է համարել և վերականգնել է Համայնքի կողմից նույն համայնքի 147 կադաստրային թաղամասի (տարածքի) անհայտ ծածկագրերից 23.08.2006 թվականին անցկացրած 1.3հա գյուղատնտեսական նշանակության հողերի կրկնաճուրդը վիճարկելու համար սահմանված դատավարական ժամկետը, և հայցադիմումն ընդունվել է վարույթ (հավելված հատոր 2-րդ, գ.թ. 68-72):

Վերաքննիչ դատարանը, բավարարելով Գագիկ Սարգիսյանի վերաքննիչ բողոքը, պատճառաբանել է, որ Մարիամ Ոսկանյանն առնվազն Կադաստրի 01.12.2015 թվականի թիվ Մ-30/11/2015-4-0053 որոշումից տեղեկացել է Համայնքի` նույն համայնքի 147 կադաստրային թաղամասի (տարածքի) անհայտ ծածկագրից 23.08.2006 թվականի անցկացրած 1.3հա գյուղատնտեսական նշանակության հողերի կրկնաճուրդի, Օհանավան համայնքի և Գագիկ Սարգիսյանի միջև «Հողամասն աճուրդով վաճառելու մասին» 04.09.2006 թվականին կնքված առուվաճառքի պայմանագրի մասին և մինչև 04.12.2017 թվականը միջոց չի ձեռնարկել նշված վարչական ակտերը բողոքարկելու ուղղությամբ: Վերաքննիչ դատարանն արձանագրել է նաև, որ Մարիամ Ոսկանյանն անգործություն է ցուցաբերել իրավունքների պաշտպանության իր իրավունքն իրացնելու հարցում, ինչի արդյունքում էլ բաց է թողել ՀՀ վարչական դատարան վիճարկման հայց ներկայացնելու դատավարական ժամկետը: Իսկ նշված հիմքով ժամկետի բացթողումը չի կարող համարվել հարգելի:

Վճռաբեկ դատարանը գտել է, որ Կադաստրի 01.12.2015 թվականի «Գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցումը մերժելու մասին» թիվ Մ-30/11/2015-4-0053 որոշմամբ Մարիամ Ոսկանյանը տեղեկացել է միայն այն մասին, որ իր կողմից ձեռք բերված 0,97հա հողամասից 0,768հա հողամասի նկատմամբ գրանցված է Գագիկ Սարգիսյանի սեփականության իրավունքը, ինչը դեռևս հիմք չէ հաստատապես փաստելու, որ Մարիամ Ոսկանյանն իմացել է 23.08.2006 թվականի անցկացրած 1.3հա գյուղատնտեսական նշանակության հողերի կրկնաճուրդի մասին, և միայն 02.10.2017 թվականին Գագիկ Սարգիսյանի հայցադիմումը և դրան կից փաստաթղթերը ստանալուց հետո է վերջինս իմացել տվյալ փաստի մասին: Այսինքն` Մարիամ Ոսկանյանը վիճարկման ժամկետը բաց է թողել հարգելի պատճառով, այն է` չի իմացել նշված վարչական ակտի գոյության մասին, և այդ պատճառը վերանալուց հետո երկու ամսվա ընթացքում` 04.12.2017 թվականին (03.12.2017 թվականը եղել է կիրակի, այսինքն` ոչ աշխատանքային օր), վիճարկման հայցով դիմել է վարչական դատարան, որպիսի պայմաններում դատավարական ժամկետների բացթողումը հարգելի համարելու և այն վերականգնելու մասին միջնորդությունը ենթակա էր բավարարման, ինչի կապակցությամբ Դատարանը կայացրել է իրավաչափ դատական ակտ, որպիսի հանգամանքն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:

Մինչդեռ գտնում ենք, որ վիճարկման հայցադիմումը դատարան ներկայացնելու ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված դատավարական ժամկետը Մարիամ Ոսկանյանի կողմից բաց թողնված լինելու փաստն արձանագրելու համար Վճռաբեկ դատարանը նախ պետք է անդրադառնար վիճարկվող վարչական ակտի ուժի մեջ մտնելու օրվան վերաբերող հարցին, որից հետո միայն եզրահանգում կատարեր դատավարական ժամկետը վերականգնելու միջնորդություն ներկայացնելու անհրաժեշտության և այդ միջնորդությունը բավարարման ենթակա լինելու վերաբերյալ: Այնինչ, առանց արձանագրելու վիճարկվող վարչական ակտի ուժի մեջ մտնելու օրը, այսինքն` չունենալով վիճարկման հայց ներկայացնելու համար օրենքով սահմանված ժամկետը հաշվարկելու ելակետ, ավելին` փաստելով, որ մինչև 04.12.2017 թվականին հայցվորը չի իմացել նշված վարչական ակտի գոյության մասին, Վճռաբեկ դատարանն այդուհանդերձ գտել է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված դատավարական ժամկետը Մարիամ Ոսկանյանի կողմից բաց է թողնվել: Վճռաբեկ դատարանի նշված դիրքորոշման արդյունքում ստացվում է, որ հայցվորի կողմից բաց է թողնվել այն ժամկետը, որի ընթացքում նա տեղյակ չի եղել վիճարկվող վարչական ակտի գոյության մասին:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը սույն գործով վիճարկման հայցադիմումը դատարան ներկայացնելու դատավարական ժամկետի հաշվարկը չի պայմանավորել վիճարկվող վարչական ակտի ընդունման մասին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդվածով սահմանված եղանակներից որևէ մեկով հայցվորի իրազեկման փաստով: Փոխարենը, վիճարկվող վարչական ակտի ընդունման մասին հայցվորի իրազեկման օր հիմք ընդունելով 02.10.2017 թվականը, Վճռաբեկ դատարանը գտել է, որ հայցադիմումը ներկայացնելով 04.12.2017 թվականին, այսինքն` վիճարկվող վարչական ակտի գոյության մասին իրազեկվելուց հետո երկամսյա ժամկետում, հայցվորը բաց է թողել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված երկամսյա ժամկետը: Վճռաբեկ դատարանը միաժամանակ արձանագրել է, որ վիճարկման հայցադիմումը դատարան է ներկայացվել վարչական ակտի գոյության մասին հայցվորի իրազեկվելուց հետո երկու ամսվա ընթացքում (03.12.2017 թվականը եղել է կիրակի, այսինքն` ոչ աշխատանքային օր):

Գտնում ենք, որ սույն գործով վիճարկվող վարչական ակտի ընդունման մասին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդվածով սահմանված եղանակներից որևէ մեկով հայցվորի իրազեկման, այսինքն` վիճարկվող վարչական ակտի ուժի մեջ մտնելու օրը որոշակի չլինելու պարագայում հայցվորին չի կարող վերագրվել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված դատավարական ժամկետի խախտում: Միաժամանակ, նշված դատավարական ժամկետի հաշվարկման համար պետք է հիմք ընդունել վիճարկվող վարչական ակտի իրազեկման օրվա մասին հայցվորի հայտնած տեղեկությունը` այդ ժամկետը հաշվարկելով նշված օրվան հաջորդող օրվանից: Հետևաբար, եթե հայցադիմումը դատարան է ներկայացվել վիճարկվող վարչական ակտի իրազեկման հայցվորի կողմից վկայակոչված օրվան հաջորդող օրվանից սկսած երկամսյա ժամկետում, ապա դատավարական ժամկետ բաց թողնելու, ուստիև այդ ժամկետը վերականգնելու միջնորդություն ներկայացնելու մասին խոսք լինել չի կարող, իսկ այդպիսին ներկայացված լինելու դեպքում այն կհանդիսանա առարկայազուրկ և քննարկման ոչ ենթակա:

ՀՀ վճռաբեկ դատարանն իր որոշումներից մեկում իրավական դիրքորոշում է արտահայտել այն մասին, որ երբ դատական պաշտպանություն հայցող անձը վիճարկում է վարչական ակտն ուժի մեջ մտնելու օրը և դատարանին տեղեկություն հայտնում իր իրազեկման օրվա մասին, որը հայցադիմումը վարույթ ընդունելու փուլում, ըստ էության, դատարանին հայտնի միակ տեղեկությունն է լինում, հայցադիմումը վարույթ ընդունելու հարցը լուծելիս, որպես իրազեկման օր, դատարանը պետք է հիմք ընդունի նշված օրը, հետևաբար վիճարկման հայց ներկայացնելու համար դատավարական ժամկետների հաշվարկն էլ պետք է կատարվի այդ օրվանը հաջորդող օրվանից և, եթե այդ պարագայում վիճարկման հայց ներկայացնելու դատավարական ժամկետը բաց չի թողնվել, այն վերականգնելու միջնորդությունը դառնում է առարկայազուրկ, որի պատճառով միջնորդությունը քննարկելու անհրաժեշտությունը բացակայում է:

ՀՀ վճռաբեկ դատարանը, ի հավելումն բաց թողնված ժամկետը հարգելի համարելու դատավարական ինստիտուտի վերաբերյալ նախկինում արտահայտած իրավական դիրքորոշմանը, անհրաժեշտ է համարել նշել, որ այն դեպքում, երբ դատավարական ժամկետները բաց թողնված լինելու հանգամանքը վիճելի է, այսինքն` առկա է դատական պաշտպանության դիմած անձի կողմից դատավարական ժամկետները բաց թողնված չլինելու վերաբերյալ ողջամիտ կասկած, անձը գործնականում պետք է հնարավորություն ունենա ներկայացնելու, իսկ դատարանն էլ պարտավոր է քննարկման առարկա դարձնել և գնահատել դատավարական ժամկետները բաց թողնված չլինելու վերաբերյալ անձի ներկայացրած հիմնավորումները, որովհետև այդ փաստը վիճելի մնալու դեպքում անձին դատական պաշտպանության տրամադրման մերժումը կհանդիսանա դատարանի մատչելիության իրավունքի ոչ իրավաչափ սահմանափակում, ինչի հետևանքով կխախտվի այդ իրավունքի բուն էությունը, քանի որ անձն այլևս կզրկվի իր իրավունքների ենթադրյալ խախտումները վերացնելու հնարավորությունից (տե՛ս, Հովհաննես Չամսարյանն ընդդեմ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության թիվ ՎԴ/7268/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 15.07.2015 թվականի որոշումը):

Այսպիսով, հաշվի առնելով այն իրողությունը, որ տվյալ դեպքում վիճարկվող վարչական ակտի ուժի մեջ մտնելու օրվա մասին դատարանին հայտնի միակ տեղեկությունը ներկայացրել է հայցվորը, ով ընդունել է վիճարկվող վարչական ակտի մասին 02.10.2017 թվականին իրազեկված լինելու փաստը, գտնում ենք, որ առկա չի եղել Մարիամ Ոսկանյանի կողմից վիճարկման հայց ներկայացնելու ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված դատավարական ժամկետը բաց թողնելու փաստն արձանագրելու որևէ հիմք, որպիսի պայմաններում բացակայել է նաև բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու միջնորդություն ներկայացնելու անհրաժեշտությունը, իսկ ներկայացվածն առարկայազուրկ լինելու հիմքով ենթակա չի եղել քննարկման: Միաժամանակ գտնում ենք, որ Մարիամ Ոսկանյանի դատարանի մատչելիության իրավունքը չէր կարող կախվածության մեջ դրվել բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին առարկայազուրկ միջնորդության քննարկման արդյունքում ընդունվելիք որոշումից:

Ամփոփելով վերոգրյալ իրավական և փաստական վերլուծությունները` գտնում ենք, որ Դատարանի 11.12.2017 թվականի «Բաց թողնված դատավարական ժամկետը հարգելի համարելու միջնորդությունը բավարարելու և հայցադիմումը վարույթ ընդունելու մասին» որոշումը` «բաց թողնված դատավարական ժամկետը հարգելի համարելու միջնորդությունը բավարարելու» մասով ենթակա է եղել վերացման, որպիսի իրավաչափ հետևության հանգել է Վերաքննիչ դատարանը, սակայն այդ հետևության հիմնավորումները, ըստ իս, չեն բխում սույն հատուկ կարծիքում արտահայտած իրավական դիրքորոշումներից, քանի որ գտնում ենք, որ Դատարանի որոշումը պետք է վերացվեր` առարկայազուրկ միջնորդության քննարկման արդյունքում ընդունված լինելու պատճառաբանությամբ:

Այսպիսով գտնում ենք, որ վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար չէ Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար, հետևաբար սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտն օրինական ուժի մեջ թողնելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը: Միաժամանակ նկատի ունենալով, որ ստորադաս դատարանի գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտը թերի է պատճառաբանված, գտնում ենք, որ այն պետք է թողնել օրինական ուժի մեջ` սույն հատուկ կարծիքի պատճառաբանություններով: Ըստ այդմ, գտնում ենք, որ վճռաբեկ բողոքը պետք է մերժել, իսկ ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 29.05.2018 թվականի որոշումը պետք է թողնել օրինական ուժի մեջ` սույն հատուկ կարծիքում ներկայացված պատճառաբանություններով:

 

                         Դատավոր        Ռ. Հակոբյան

                         Դատավոր        Ստ. Միքայելյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
31.07.2019
N ՎԴ/13203/05/17
Որոշում