Սեղմել Esc փակելու համար:
«ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԿԱ ՇԱՀԵՐԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ Ն...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԿԱ ՇԱՀԵՐԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

31 հոկտեմբերի 2019 թվականի N 1511-Լ

 

«ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԿԱ ՇԱՀԵՐԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

(Պ-308-04.10.2019-ՏՀ-011/0) ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի

(Պ-308-04.10.2019-ՏՀ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2019 թ. հոկտեմբերի

Երևան

 

«ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԿԱ ՇԱՀԵՐԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ

(Պ-308-04.10.2019-ՏՀ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ

 

«Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով (Պ-308-04.10.2019-ՏՀ-011/0) (այսուհետ` նախագիծ) առաջարկվում է օտարվող սեփականության դիմաց վճարվող փոխհատուցման հաշվարկի ժամանակ համարժեք փոխհատուցում համարվի օտարվող գույքի շուկայական արժեքից քսանհինգ տոկոս ավելի գումարը (ներկայիս գործող` տասնհինգ տոկոս գումարի փոխարեն): Նախագծին կից ներկայացված հիմնավորման մեջ նշվում է, որ ներկայիս պայմաններում օտարվող գույքի շուկայական արժեքից տասնհինգ տոկոս ավելի գումարի փոխհատուցումը բավարար չէ:

Այդ կապակցությամբ հայտնում ենք, որ հիմնավորման մեջ բացակայում է այն վճռորոշ հարցի պատասխանը, թե ինչի համար է անբավարար շուկայական արժեքի տասնհինգ տոկոսից ավելի գումարի փոխհատուցումը, և թե ինչն է հիմք ընդունվել նման եզրահանգման համար: Այսինքն` հիմնավորման մեջ բացահայտված չէ նախագծի ընդունման նպատակը:

Բացի դրանից, նախագծի հիմնավորման մեջ որևէ կերպ հիմնավորված չէ «25 տոկոսի» անհրաժեշտությունը` ցույց չտալով, թե ինչու է անհրաժեշտ սահմանել հատկապես քսանհինգ և ոչ թե այլ տոկոսով ավելի գումար` որպես փոխհատուցում:

Ինչպես հայտնի է, ցանկացած օրենք կարգավորում է առավել կարևոր, բնորոշ և կայուն հասարակական հարաբերություններ: Ուստի, տվյալ առաջարկությունները ներկայացնելու համար հիմնաքարային է օրենքի փոփոխման անհրաժեշտությունը պարզելը` տվյալ հարցի կարգավորմանն ուղղված հասարակական հարաբերությունների փոփոխման փաստը, ինչպես նաև դրա հետ կապված դատական պրակտիկան ուսումնասիրելու միջոցով:

Հասարակության և պետության կարիքների համար սեփականության իրավունքը դադարեցնելիս` իրավահարաբերության բոլոր մասնակիցների համար փոխհատուցման հարցն ունի էական նշանակություն: Բնական է, որ պետությունը ձգտում է հնարավորինս ցածր փոխհատուցման շեմ սահմանել, ինչին հակառակ` սեփականատերերը ձգտում են իրենց սեփականության իրավունքով պատկանող գույքի դիմաց ստանալ առավելագույն փոխհատուցում: Ցածր փոխհատուցման շեմ սահմանելն ուղղակիորեն բխում է պետության շահերից, սակայն միաժամանակ, փոխհատուցման չափ սահմանելիս, պետք է ձգտել նրան, որ այդ չափը լինի արդարացի:

Ուստի, նախագծի ուսումնասիրությունը, կարծում ենք, նպատակահարմար է կատարել փոխհատուցման չափի «արդարացիության» համատեքստում:

Այսպես, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 60-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` սեփականության իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով` հանրության շահերի կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով:

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանն իր 2006 թվականին կայացրած ՍԴՈ-630 որոշմամբ արձանագրել է, որ սեփականության հարկադիր օտարումը կարող է իրականացվել միակ նպատակի համար, երբ առկա է հասարակության և պետության կարիքը, որը պետք է լինի կոնկրետ և հստակորեն արտահայտված` որոշակի սեփականության առնչությամբ, և որը պետությունը պարտավոր է, իր գործառույթներն իրականացնելիս, հաշվի առնել ու բավարարել, այդ կարիքները պետք է լինեն բացառիկ` պայմանավորված գերակա հանրային շահով, սեփականության օտարման կարգը պետք է սահմանված լինի օրենքով (նման ձևակերպումը տեղ է գտել 2005 թվականի նոյեմբերի 27-ի սահմանադրական փոփոխությունների արդյունքում, ընդ որում, օրենսդրի հայեցողությանն է թողնում, թե յուրաքանչյուր կոնկրետ դեպքում որ մարմինն է իրավասու օրենքով սահմանված կարգով որոշում ընդունելու սեփականության հարկադիր օտարման մասին), սեփականության օտարման դեպքում պետք է երաշխավորված լինի նախնական փոխհատուցումը, այդ փոխհատուցումը պետք է լինի համարժեք:

Միաժամանակ հարկ է նշել, որ թիվ ԵԿԴ/0169/02/14 քաղաքացիական գործով 26.12.2016 թվականի որոշմամբ Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը նշել է, որ «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածով նախատեսված` գույքից անարգել օգտվելու իրավունքի նկատմամբ միջամտության թույլատրելի սահմանների վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` եվրոպական դատարան) կողմից ձևավորված կայուն նախադեպային իրավունքի համաձայն` գույքից անարգել օգտվելու միջամտությունը կարող է թույլատրելի համարվել հետևյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում`

1) միջամտությունը նախատեսված է օրենքով.

2) միջամտությունը բխում է հանրային շահից.

3) միջամտությունը բավարարում է համաչափության պահանջները:

Ըստ եվրոպական դատարանի` կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի առաջին և կարևորագույն պահանջն այն է, որ գույքից անարգել օգտվելու իրավունքի նկատմամբ հանրային իշխանության միջամտությունը պետք է հիմնված լինի օրենքի վրա. այս պահանջը բխում է ժողովրդավարական հասարակության հիմնարար սկզբունքներից մեկի` իրավունքի գերակայության էությունից: Ուստի, գույքից անարգել օգտվելու իրավունքի ցանկացած միջամտության դեպքում կիրառվող միջոցների և հետապնդվող նպատակների միջև պետք է գոյության ունենա համաչափության որոշակի ողջամիտ հարաբերակցություն:

Այս կապակցությամբ կարևորում ենք նաև եվրոպական դատարանի այլ դատական ակտերի ուսումնասիրությունը:

Այսպես, Vistins and Perepjolkins v. Latvia գործով եվրոպական դատարանը 2014 թվականի մարտի 25-ի վճռում նշել է, որ համապատասխան օրենսդրության ներքո փոխհատուցման պայմանները ենթակա են գնահատման` այն առումով, թե, արդյոք, վիճարկվող միջոցառումները պահպանել են անհրաժեշտ արդար հավասարակշռություն և, արդյոք, այն անհամաչափ բեռ է դնում դիմումատուների վրա: Դատարանը փաստել է, որ սեփականությունից զրկելն առանց այնպիսի փոխհատուցում վճարելու, որը հիմնավորապես կապված է դրա արժեքի հետ, բնականաբար, կհանգեցնի անհամաչափ միջամտության: Կարևորում ենք նաև եվրոպական դատարանի` Հայաստանի Հանրապետության դեմ քննված գործերով ստորև ներկայացված դատական ակտերը:

Այսպես, Օսմանյանը և Ամիրաղյանն ընդդեմ Հայաստանի գործով եվրոպական դատարանը 2019 թվականի հունվարի 11-ի վճռով արձանագրել է, որ, կիրառելով անշարժ գույքի գնահատման համեմատական մեթոդը, փորձագետները որոշել են դրա շուկայական արժեքը` ելնելով նույն շրջանում այլ հողատարածքների վաճառքի գներից: Դատարանը նշել է, որ այդ պայմաններում չպետք էր բացառել, որ դիմումատուներն ամենայն հավանականությամբ կկանգնեին այլ շրջանում համարժեք հողատարածք ձեռք բերելու լուրջ դժվարությունների առջև և գուցե իրենց տրված փոխհատուցման գումարի սահմաններում ընդհանրապես չկարողանային հողակտոր ձեռք բերել այլ տարածքում:

Դատարանը նաև արձանագրել է, որ նույնիսկ օրենքով նախատեսված շուկայական արժեքի գումարին հավելվող գումարի տրամադրման պարագայում այդպիսի փոխհատուցումը կարող է դիտվել ոչ համարժեք, եթե օտարվող գույքը հանդիսացել է անձի եկամուտների հիմնական, եթե ոչ միակ աղբյուրը: Ուստի, դատարանը եկել է եզրահանգման, որ անձանց տրվել է ոչ համարժեք փոխհատուցում:

Ալիխանյանն ու Մելիքսեթյանն ընդդեմ Հայաստանի գործով 2019 թվականի մարտի 14-ի վճռով եվրոպական դատարանը նշել է, որ ներպետական դատարանները չեն դիտարկել այն հարցը, թե, արդյոք, տրամադրվող փոխհատուցումը կծածկի դիմումատուների` ապրուստը հոգալու միջոցներից զրկվելու հետ կապված փաստացի կորուստը կամ, արդյոք, այն բավարար կլինի, որ նրանք համարժեք հող ձեռք բերեն այն տարածքում, որտեղ նրանք ապրում են: Սույն գործով դատարանը նաև նշել էր, որ փաստացիորեն դիմումատուները զրկված էին եղել այլընտրանքային գնահատման եզրակացություն ներկայացնելու` օրենքով նախատեսված հնարավորությունից (այլ լիցենզավորված գնահատողներ հրաժարվել են իրականացնել այլ գնահատում), իսկ ներպետական դատարանը չի իրականացրել փորձաքննություն նշանակելու իր իրավունքը` դիմումատուների գույքի իրական շուկայական արժեքը պարզելու համար:

Իսկ, օրինակ, Վարդանյանն ու Նանուշյանն ընդդեմ Հայաստանի գործով եվրոպական դատարանի 2016 թվականի մարտի 8-ի վճռի համաձայն` գույքից զրկելը կատարվել է տվյալ ժամանակահատվածում գործող «օրենքով նախատեսված պայմանների» խախտմամբ: Դատարանը նշել է, որ խախտվել է դիմումատուների` արդար դատաքննության իրավունքը: Դատարանն այստեղ արձանագրել է դատավարական նորմերի խախտումներ, մասնավորապես, դատարանի գործողությունների հետևանքով դիմումատուն զրկված է եղել գործի քննությանը մասնակցելու իրավունքից:

Ինչպես վկայում է տվյալ իրավական դրույթի հետ կապված եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի ուսումնասիրությունը, հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման դեպքում անձինք բախվել են ոչ թե այն հանգամանքին, որ նրանց տրված` գույքի շուկայական արժեքից տասնհինգ տոկոս ավելի փոխհատուցումը բավարար չի եղել համարժեք այլ գույք ձեռք բերելու համար, այլ` նրան, որ կառավարության կողմից եղել են տարատեսակ խախտումներ` կապված սեփականության իրավունքից զրկման հետ:

Այսինքն` `Հայաստանի Հանրապետության դեմ կայացված գործերով եվրոպական դատարանի` վերը վկայակոչված վճիռներին բարձրացվել են այլ խնդիրներ և ոչ թե նախագծով առաջարկվող խնդիրը: Ընդ որում, ինչպես արդեն նշվեց, նախագծի հիմնավորման մեջ որևէ կերպ հիմնավորված չէ «25 տոկոս» հավելման անհրաժեշտությունը:

Գտնում ենք, որ այսպիսի պայմաններում, տասնհինգ տոկոսը փոխելով քսանհինգ տոկոսով, խնդիրը չի լուծվի, քանի որ այն ըստ էության կկիրառվի բոլոր անձանց նկատմամբ` անկախ նրանից, թե, օրինակ, հանրության գերակա շահերի համար օտարվող գույքը նրանց եկամուտների միակ աղբյուրն է, թե ոչ:

Առաջադրված խնդիրը չի լուծվի նաև այն պատճառով, որ, սահմանելով քսանհինգ տոկոս ավելի փոխհատուցում, չեն երաշխավորվի այն անձանց իրավունքները, որոնց համար վերցվող գույքը եղել է եկամուտների միակ աղբյուրը: Այլ կերպ ասած, եթե վերցվի անձի եկամուտների միակ աղբյուր հանդիսացող գույքը, ապա 15 կամ 25 տոկոս ավելի վճարը չի հատուցելու անձի վրա դրված անհամաչափ բեռը:

Այստեղից հետևում է, որ խնդիրը ոչ թե 15 տոկոս հավելման մեջ է, այլ` մեկ այլ խնդիրների մեջ, մասնավորապես, շուկայական արժեքի որոշման մեթոդների և գնահատման ստանդարտների ընտրության, որոնք ենթադրաբար չեն ապահովում փոխհատուցման համարժեքություն:

Ամփոփելով շարադրվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունն առաջարկում է նախագծով քննարկվող` գործող օրենքի հոդվածը թողնել անփոփոխ:

 

 

pin
ՀՀ կառավարություն
31.10.2019
N 1511-Լ
Որոշում