Սեղմել Esc փակելու համար:
«ԱՐԱՐԱՏԲԱՆԿ» ԲԲԸ-Ի ԵՎ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ Ա...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

«ԱՐԱՐԱՏԲԱՆԿ» ԲԲԸ-Ի ԵՎ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ ...

 

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

«ԱՐԱՐԱՏԲԱՆԿ» ԲԲԸ-Ի ԵՎ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 1243-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԵՎ 2-ՐԴ ՄԱՍԵՐԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 6 դեկտեմբերի 2019 թ.

 

Սահմանադրական դատարանը` կազմով. Հ. Թովմասյանի (նախագահող), Ա. Գյուլումյանի (զեկուցող), Ա. Դիլանյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)`

դիմողների` «ԱՐԱՐԱՏԲԱՆԿ» ԲԲԸ-ի և Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի,

գործով որպես պատասխանող կողմ ներգրավված` Ազգային ժողովի ներկայացուցիչ` Ազգային ժողովի աշխատակազմի իրավական ապահովման և սպասարկման բաժնի պետ Կ. Մովսիսյանի,

համաձայն Սահմանադրության 74-րդ հոդվածի, 168-րդ հոդվածի 1-ին կետի, 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի և 4-րդ մասի, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 22, 40, 41, 69 և 71-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «ԱՐԱՐԱՏԲԱՆԿ» ԲԲԸ-ի և Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումների հիման վրա` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1243-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրքը (այսուհետ` Օրենսգիրք) Ազգային ժողովի կողմից ընդունվել է 1998 թվականի մայիսի 5-ին, Հանրապետության նախագահի կողմից ստորագրվել` 1998 թվականի հուլիսի 28-ին և ուժի մեջ է մտել 1999 թվականի հունվարի 1-ից:

Օրենսգրքի` «Պարտատերերի կողմից պահանջներ ներկայացնելու կարգը» վերտառությամբ 1243-րդ հոդվածը սահմանում է`

«1. Պարտատերերն իրավունք ունեն ժառանգության բացման օրվանից վեց ամսվա ընթացքում ներկայացնել իրենց պահանջները:

2. Պահանջները, մինչև ժառանգների կողմից ժառանգության իրավունքի վկայագիր ստանալը, կարող են ներկայացվել ժառանգությունն ընդունած ժառանգին կամ կտակակատարին, իսկ նշված անձանց բացակայության դեպքում` ժառանգության բացման վայրի նոտարին»:

Գործի քննության առիթը «ԱՐԱՐԱՏԲԱՆԿ» ԲԲԸ-ի և Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` համապատասխանաբար` 2019 թվականի հունիսի 7-ին և հուլիսի 24-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումներն են:

i

«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածի համաձայն` Սահմանադրական դատարանի 2019 թվականի օգոստոսի 28-ի ՍԴԱՈ-86 որոշմամբ նշված դիմումների հիման վրա քննության ընդունված գործերը մինչև դատաքննությունն սկսվելը միավորվել են Սահմանադրական դատարանի նույն նիստում քննելու համար:

Ուսումնասիրելով դիմումները և կից ներկայացված փաստաթղթերը, պատասխանողի գրավոր բացատրությունները, գործում առկա մյուս փաստաթղթերը, ինչպես նաև Օրենսգիրքը և մի շարք այլ վերաբերելի իրավական ակտեր` Սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Դիմողների դիրքորոշումները

1.1. «ԱՐԱՐԱՏԲԱՆԿ» ԲԲԸ-ի դիրքորոշումները

Դիմողը գտնում է, որ Օրենսգրքի վիճարկվող հոդվածի 1-ին մասի կարգավորումները սահմանափակում են պարտատերերի սեփականության իրավունքը, քանի որ, ի տարբերություն պարտապանի ժառանգների, «պարտատերերի կողմից ժառանգության բացման մասին տեղեկանալու և իրենց պահանջները ներկայացնելու համար գործնականում առկա չէ որևէ ընթացակարգ, որի միջոցով պարտատերը կարող է տեղեկանալ հաճախորդի մահվան փաստի վերաբերյալ»:

i

Զուգահեռներ անցկացնելով Օրենսգրքի 1228-րդ հոդվածի հետ` դիմողը եզրակացնում է, որ օրենսդիրը ժառանգների կողմից ժառանգության ընդունման գործընթացի ժամանակ պարտատերերի կողմից պահանջներ ներկայացնելու համար նախատեսել է ոչ հավասար պայմաններ ժառանգների և պարտատերերի համար, որի արդյունքում ժառանգները Սահմանադրության 60-րդ հոդվածով նախատեսված ժառանգման իրավունքի իրականացման ժամանակ գտնվում են ավելի բարենպաստ պայմաններում, քան պարտատերերը, որոնք լիարժեք հնարավորություն չեն ունենում պաշտպանելու Սահմանադրության նույն հոդվածով նախատեսված սեփականության իրավունքը:

Դիմողի համոզմամբ ժառանգները, ազգակցական կապի մեջ գտնվելով ժառանգատուի հետ, տեղյակ են լինում վերջինի մահվան փաստի մասին և հաճախ նաև իրենց գործողություններով, մասնավորապես` պարտապանի ողջ լինելու վերաբերյալ պարտատիրոջ մոտ կասկած չառաջացնելու չարամիտ դիտավորությամբ, Օրենսգրքի քննության առարկա հոդվածով նախատեսված վեցամսյա ժամկետում ընթացիկ պարտավորությունները կատարելով, չեզոքացնում են պարտատերերի կողմից ժառանգատուի մահվան փաստի վերաբերյալ տեղեկանալու հավանականությունը, իսկ վեցամսյա ժամկետի ավարտից հետո, օգտվելով օրենքի բացից, հրաժարվում են պարտավորությունների մնացած մասի կատարումից:

Դիմողը գտնում է` եթե ժառանգության ընդունման հարաբերություններում ժառանգները պատասխանատվություն կարող են կրել միայն իրենց անցած գույքի արժեքի սահմաններում, և նրանց մոտ բացակայում է վնաս կրելու ռիսկը, ապա պարտատերերի պարագայում` սահմանված ժամկետում համապատասխան պահանջ չներկայացնելու դեպքում նրանք զրկվում են Սահմանադրության 60-րդ հոդվածով նախատեսված իրենց սեփականության իրավունքից:

Դիմողի կարծիքով պարտատերերի կողմից պարտապանի ժառանգներին պահանջներ ներկայացնելու համար օրենքով սահմանված ժամկետի բաց թողնելը հարգելի համարելու կամ ժամկետը վերականգնելու վերաբերյալ Օրենսգրքում համապատասխան ընթացակարգերի բացակայությունը չի ապահովում պարտատերերի սեփականության իրավունքի իրականացումը և պաշտպանությունը:

i

Դիմողը պնդում է, որ Օրենսգրքի 1243-րդ հոդվածն այնքանով, որքանով չի կարգավորում պարտատերերի կողմից պահանջներ ներկայացնելու համար բաց թողնված ժամկետը վերականգնելու հնարավորություն, հակասում է Սահմանադրության 28, 29 և 60-րդ հոդվածներին:

1.2. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դիրքորոշումները

Դիմողը գտնում է, որ վիճարկվող դրույթը բացառություն չի նախատեսում այն իրավիճակի համար, երբ պարտատերը տեղյակ չէ և օբյեկտիվորեն հնարավորություն չի ունեցել տեղեկանալու պարտապանի մահվան փաստի մասին:

Դիմողը նշում է, որ գործող օրենսդրությունը «որևէ նորմ չի նախատեսել, որի համաձայն` պարտատերը փոխառությամբ գումար տրամադրելու պահից սկսած պարտավոր է միջոցներ ձեռնարկել (օրինակ յուրաքանչյուր ամիս հավաստիանա, արդյոք պարտապանը ողջ է, թե մահացել է), որպեսզի մահվան օրվանից սկսած իր պահանջ ներկայացնելու վեցամսյա ժամկետը պահպանի»:

Ըստ դիմող դատարանի` գործող օրենսդրական կարգավորումներից հետևում է, որ փոխառուի (պարտապանի) մահից հետո փոխառության պայմանագրի մի կողմը` փոխառուի իրավահաջորդը` նրա ժառանգը, հայտնվում է ավելի բարվոք և պաշտպանված վիճակում, քան փոխատուն (պարտատերը): Պարտապանի ժառանգը, տեղեկանալով պարտքի առկայության մասին, իրավունք ունի չընդունել ժառանգությունը, իսկ պարտատերը պարտապանի մահվան մասին տեղյակ չլինելու դեպքում իր կամքից անկախ զրկվում է սեփականության իրավունքից:

Դիմողի համոզմամբ բոլոր այն դեպքերում, երբ գործում առկա չէ որևէ ապացույց, որը կհաստատի, որ պարտատերը տեղեկացված է եղել պարտապանի մահվան և, դրանով պայմանավորված` ժառանգության բացման վերաբերյալ, ապա Օրենսգրքի 1243-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված վեցամսյա ժամկետի հաշվարկի սկիզբն անհրաժեշտ է համարել պարտատիրոջ կողմից ժառանգության բացման վերաբերյալ տեղեկանալու օրը:

Վկայակոչելով Սահմանադրական դատարանի և Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի մի շարք դիրքորոշումներ` դիմողը եկել է հետևության, որ քննարկվող կարգավորումները սեփականության իրավունքի պաշտպանության արդյունավետ իրացումն ապահովելու առումով թերի են, և հենց ընթացակարգային կարգավորումներն են դարձել արգելակող գործոն, հետևաբար, պետք է սահմանել իրավաչափ նպատակ հետապնդող բացառություն` հավասարակշռելու պարտատիրոջ և մահացած պարտապանի ժառանգի շահերը:

Ըստ դիմողի` առկա է Օրենսգրքի վիճարկվող հոդվածի երկու մասերի հակասությամբ պայմանավորված իրավական անորոշություն այն առումով, որ պարտատիրոջ կողմից պահանջները պետք է ներկայացվեն թե՛ ժառանգության բացման օրվանից հետո վեցամսյա ժամկետում և թե՛ մինչև ժառանգության վկայագրի տրամադրումը, մինչդեռ նշված ժամկետները միմյանցից տարբեր են: Այսինքն` վիճարկվող դրույթները միևնույն վարքագծի դրսևորման համար տարբեր ժամկետներ են նախատեսում, ինչն էլ հանգեցնում է իրավական անորոշության և հետագայում` դրանով պայմանավորված դատական պաշտպանության իրավունքի խախտման:

Դիմողը կարծում է, որ Օրենսգրքի «1243-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը` այնքանով, որքանով ա) չեն նախատեսում բացառություն այն իրավիճակի համար, երբ պարտատերը տեղյակ չէ և օբյեկտիվորեն չունի պարտապանի մահվան փաստի մասին տեղեկանալու հնարավորություն, բ) առկա է իրավական անորոշություն այն առումով, թե պահանջները պետք է ներկայացնել ժառանգության բացման օրվանից հետո վեցամսյա ժամկետում, թե մինչև ժառանգության վկայագրի տրամադրումը, հակասում են ՀՀ Սահմանադրության 10-րդ հոդվածի 1-ին մասին, 60-րդ հոդվածի 1-ին մասին, 61-րդ հոդվածի 1-ին մասին, 75-րդ, 78-րդ և 79-րդ հոդվածներին»:

2. Պատասխանողի դիրքորոշումները

Պատասխանողը նշում է, որ ինչպես միջազգային իրավական, այնպես էլ սահմանադրական մակարդակներով ամրագրված է հանրային իշխանության պոզիտիվ պարտականությունը` ապահովել սեփականության իրավունքի անձեռնմխելիության երաշխիքներ, այն է` առանց որևէ խտրականության ճանաչել և պաշտպանել սեփականության իրավունքն անկախ դրա դրսևորման ձևերի, երաշխավորել սեփականության իրավունքի պաշտպանությունը` նախադրյալներ ստեղծելով սեփականատիրոջ կողմից օրինական հիմքով իրեն պատկանող գույքի ազատ տիրապետման, օգտագործման և տնօրինման, ինչպես նաև սեփականության բոլոր ձևերի ազատ զարգացման և հավասար իրավական պաշտպանության համար:

Պատասխանողը Օրենսգրքի մի շարք հոդվածների վերլուծության արդյունքում եզրակացնում է, որ վերջինս հիմնվում է, ի թիվս այլնի` նաև կամքի ինքնավարության սկզբունքի վրա, որը ենթադրում է քաղաքացիաիրավական հարաբերությունների մասնակիցների իրավունքը` իրենց հայեցողությամբ և «իրենց շահերին համապատասխան ընտրելու համապատասխան վարքագծի թույլատրելի տարբերակներից մեկը», և մասնակիցներն առավելապես իրենք են որոշում` մտնե՞լ որևէ քաղաքացիաիրավական հարաբերության մեջ, թե ոչ, օգտվե՞լ իրենց իրավունքից, թե ոչ, պահանջե՞լ իրենց օգտին պարտավորության կատարում, թե ոչ: Ուստի, ժառանգը, որպես կամքի ինքնավարության դրսևորում, կարող է չընդունել ժառանգությունը կամ հրաժարվել արդեն ընդունած ժառանգությունից` իր համար չառաջացնելով որևէ իրավունք կամ պարտականություն:

Պատասխանողը, համաձայնելով ՀՀ վճռաբեկ դատարանի դիրքորոշումներին, նույնպես գտնում է, որ օրենքով սահմանված վեցամսյա ժամկետի ավարտից հետո ներկայացված պահանջների բավարարման դեպքում կխախտվեն ժառանգի իրավունքները, քանի որ նա փաստացի կզրկվի ժառանգությունն ընդունելու նպատակահարմարությունը որոշելու իր իրավունքից:

Ըստ պատասխանողի` Օրենսգրքի քննարկվող հոդվածի 1-ին մասով ժառանգատուի պարտատերերի համար պահանջներ ներկայացնելու վերջնաժամկետ սահմանելն ինքնանպատակ չէ. այն կոչված է ապահովելու քաղաքացիաիրավական հարաբերությունների կայունությունը և որոշակիությունը` պայմանավորված ժառանգման իրավահարաբերությունների առանձնահատկություններով: Ընդունելով ժառանգությունը` ժառանգը ոչ միայն ձեռք է բերում համապատասխան իրավունքներ, այլ նաև պարտավորություն է ստանձնում իրեն անցած գույքի արժեքի սահմաններում պատասխանատվություն կրելու ժառանգատուի պարտավորությունների համար:

Պատասխանողը նշում է, որ եթե ժառանգության զանգվածը, որպես կանոն, պարզ է լինում ժառանգի համար, ապա ժառանգատուի պարտավորությունների պարագայում` վերջիններիս վերաբերյալ որոշակի պատկերացում ժառանգը կարող է ունենալ միայն այն դեպքում, երբ օրենքով սահմանված ժամկետում պարտատերերի կողմից ներկայացվեն համապատասխան պահանջներ:

Ըստ պատասխանողի` պարտատերերի կողմից պահանջների ներկայացման ժամկետի սահմանափակում դնելը նպատակաուղղված է սահմանված ժամկետի ընթացքում ժառանգին հնարավորություն տալու որոշել ընդունել ժառանգությունը, թե ոչ, կամ, օրինակ` պարտատերերի կողմից նշված ժամկետում պահանջ ներկայացվելու դեպքում հրաժարվել ժառանգությունից, թե ոչ: Ընդ որում, նման կարգավորումը կիրառելի է ինչպես նոտարին դիմում ներկայացնելու, այնպես էլ փաստացի տիրապետման կամ կառավարման եղանակով ժառանգությունն ընդունելու պարագայում: Ինչ վերաբերում է «ժառանգության իրավունքի վկայագիրը ստանալուց հետո» արտահայտությանը, ապա օրենսդիրը նպատակ է ունեցել ընդգծելու, որ քննարկվող ծախսերը հատուցվում են ժառանգության ընդունման համար օրենքով սահմանված վեցամսյա ժամկետն անցնելուց և ժառանգների կազմը հայտնի դառնալուց հետո:

Վերլուծելով Օրենսգրքի առանձին նորմեր` պատասխանողը պնդում է, որ սահմանված են կառուցակարգեր, որոնց միջոցով անձը պետք է տեղեկացվի ժառանգի մահվան փաստի մասին, ինչը տվյալ դեպքում իրականացվում է նոտարի կողմից ժառանգության բացման վերաբերյալ մամուլում հաղորդագրություն հրապարակելու միջոցով:

Պատասխանողը համոզված է, որ պարտատերերի կողմից իրենց պահանջները ներկայացնելու ժամկետային սահմանափակումը երաշխավորում է ժառանգի` ժառանգությունն ընդունելու նպատակահարմարությունը որոշելու իրավունքը, իսկ ինչ վերաբերում է պարտատերերի կողմից ժառանգատուի մահվան փաստի վերաբերյալ տեղյակ չլինելու հանգամանքին, ապա նշված փաստին տեղեկացվելու կառուցակարգեր նախատեսված են Օրենսգրքի 1239-րդ հոդվածում:

Պատասխանողը նշում է նաև, որ Օրենսգրքի 1243-րդ հոդվածը որևէ անորոշություն չի պարունակում և հստակ է, քանի որ նշված նորմի 1-ին մասի համաձայն` պարտատերերն իրավունք ունեն ժառանգության բացման օրվանից վեց ամսվա ընթացքում ներկայացնել իրենց պահանջները, իսկ նույն հոդվածի 2-րդ մասը, շարունակելով 1-ին մասի տրամաբանությունը, պարտատերերին իրենց պահանջը ներկայացնելու լրացուցիչ հնարավորություն է տալիս:

Պատասխանողը գտնում է, որ Օրենսգրքի 1243-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանը:

 

3. Գործի շրջանակներում պարզման ենթակա հանգամանքները

Դիմողներն, ըստ էության, բարձրացնում են ժառանգատուի պարտատերերի կողմից վերջինիս ժառանգներին պահանջներ ներկայացնելու համար բարենպաստ պայմանների օրենսդրական ամրագրման բացակայության հարցը, ինչն արտահայտվում է պարտատերերի կողմից սահմանված ժամկետում ժառանգներին պահանջներ չներկայացնելու դեպքում բաց թողնված ժամկետը հարգելի համարելու կամ վերականգնելու անհնարինությամբ:

Սահմանադրական դատարանը հարկ է համարում վիճարկվող դրույթների` Սահմանադրությանը համապատասխանության հարցը քննարկել սեփականության և դատական պաշտպանության իրավունքների իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգերի և ընթացակարգերի օրենսդրական ամրագրման, նշված իրավունքների սահմանափակման համաչափության և որոշակիության սկզբունքների երաշխավորվածության համատեքստում (համապատասխանաբար` Սահմանադրության 60, 61, 75, 78 և 79-րդ հոդվածներ): Այդ առումով սույն գործի շրջանակներում անհրաժեշտ է պարզել.

ա) արդյո՞ք վիճարկվող դրույթները միջամտություն են պարտատերերի սեփականության իրավունքին, եթե` այո, ապա արդյո՞ք նման միջամտությունը հետապնդում է իրավաչափ նպատակ,

բ) եթե վիճարկվող իրավակարգավորումների հետևանքով սահմանափակվում է պարտատերերի սեփականության իրավունքը, ապա արդյո՞ք այն համաչափ է հետապնդվող նպատակին,

գ) արդյո՞ք վիճարկվող դրույթները համապատասխանում են իրավական որոշակիության վերաբերյալ սահմանադրական պահանջներին,

դ) արդյո՞ք վերականգնման ոչ ենթակա վեցամսյա ժամկետը սահմանափակում է պարտատերերի դատական պաշտպանության իրավունքը:

 

4. Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումները

i

4.1. Սահմանադրության 60-րդ հոդվածի 3-րդ մասից բխում է, որ սեփականության իրավունքը բացարձակ իրավունք չէ, և միջամտությունն այդ իրավունքին պետք է լինի օրինական, նպատակ ունենա պաշտպանել հանրային շահը կամ այլոց իրավունքները և ազատությունները և լինի համաչափ:

i

Օրենսգրքի 877 և 887-րդ հոդվածների համաձայն` փոխառության (վարկային) պայմանագրով մեկ կողմը (փոխատուն կամ վարկատուն) մյուս կողմի (փոխառուի) սեփականությանն է հանձնում դրամական միջոցներ, իսկ փոխառուն պարտավորվում է վերադարձնել ստացված գումարը` վարկային պայմանագրի դեպքում պարտավորվելով դրանից վճարել նաև տոկոսներ: Փոխառության կամ վարկի գումարի ամբողջական կամ մասնակի վերադարձը չապահովելու դեպքում փոխատուն (վարկատուն) չվերադարձված միջոցների և չստացված տոկոսների (իրավաչափ ակնկալիքի) մասով փաստացի զրկվում է սեփականության իրավունքից:

Սահմանադրական դատարանը գտնում է, որ վերոհիշյալ դեպքերում պարտատերերի սեփականության իրավունքից զրկվելն Օրենսգրքի վիճարկվող դրույթների անմիջական հետևանք չէ, այլ այդ դրույթներով նախատեսվում է ընդամենը սեփականության իրավունքի պաշտպանության ժամկետային սահմանափակում, որն իրավաչափ է, եթե հետապնդում է հանրային շահի կամ այլոց իրավունքների պաշտպանության նպատակ:

4.2. Սահմանադրության 60-րդ հոդվածը (2-րդ մաս) երաշխավորում է նաև ժառանգելու իրավունքը, որն ընդգրկում է ոչ միայն ժառանգությունն ընդունելու, այլև դրանից հրաժարվելու անձի իրավունքը:

i

Օրենսգրքի 1184-րդ հոդվածի համաձայն` ժառանգության դեպքում մահացածի գույքը (ժառանգությունը) անփոփոխ վիճակում, որպես միասնական ամբողջություն, անցնում է այլ անձանց (համապարփակ իրավահաջորդություն):

i

Օրենսգրքի 1225 և 1227-րդ հոդվածների համաձայն` ժառանգությունը ձեռք բերելու համար ժառանգը պետք է այն բացվելուց հետո 6 ամսվա ընթացքում ընդունի, ընդ որում` այն պայմանով կամ վերապահումներով ընդունել չի թույլատրվում և մի մասի ընդունումը նշանակում է իրեն հասանելիք ամբողջ ժառանգության ընդունում, անկախ այն բանից, թե ինչ է այն իրենից ներկայացնում և որտեղ է գտնվում: Օրենսգրքի 1186-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ժառանգության զանգվածի մեջ են մտնում, ի թիվս այլնի, նաև ժառանգության բացման օրը ժառանգատուին պատկանող գույքային իրավունքները և պարտականությունները:

Նշված դրույթներից հետևում է, որ պարտատիրոջ սեփականության իրավունքի պաշտպանության ժամկետային սահմանափակումը հետապնդում է իրավաչափ նպատակ, այն է` կանխել անորոշությունն ու անարդարությունը, ինչը կարող է առաջանալ ժառանգության ընդունումից հետո ժառանգներին պահանջներ ներկայացվելու դեպքում: Ժառանգատուի պարտատերերի կողմից ժառանգներին պահանջներ ներկայացնելու համար սահմանված վեցամսյա իրավադադարեցնող ժամկետը ոչ միայն նպատակ ունի կանոնակարգել քաղաքացիական շրջանառությունը, այլև ժառանգին հնարավորություն է տալիս ժառանգության զանգվածի մեջ մտնող գույքի և ժառանգատուի պարտավորությունների հաշվառմամբ որոշելու իր ժառանգման իրավունքի իրացման հարցը:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նույնպես գտնում է, որ միայն այն փաստը, որ դիմումատուի պահանջները պետք է ենթարկվեն վաղեմության ժամկետին, խնդիր չի առաջանցում «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) տեսանկյունից: Վաղեմության ժամկետի ինստիտուտն անդամ պետությունների իրավական համակարգերի ընդհանուր գիծն է, որը ձգտում է երաշխավորել հանրային անվտանգությունը` ժամկետներ սահմանելով գործողությունների համար, ինչպես նաև կանխել անարդարությունները, որոնք կարող էին տեղի ունենալ, եթե դատարանները ստիպված լինեին որոշումներ կայացնել հեռու անցյալին վերաբերվող իրադարձությունների վերաբերյալ (Զոլոտասն ընդդեմ Հունաստանի (Zolotas v.Greece No.2) 66610/09, 29/01/2013 վճիռ, կետ 43; Ջ.Ա. Պի (Օքսֆորդ) ՍՊԸ-ն և Ջ. Ա. Պի (Օքսֆորդ) լենդ ՍՊԸ-ն ընդդեմ Մեծ Բրիտանիայի [J.A. Pye (Oxford) Ltd et J.A. Pye (Oxford) Land Ltd c. Royaume-Uni] [ՄՊ], թիվ 44302/02, կետ 68, ՄԻԵԴ 2007-III; Ստաբբինգսը և ուրիշներն ընդդեմ Մեծ Բրիտանիայի [Stubbings et autres c. Royaume-Uni], 22 հոկտեմբերի 1996, կետ 51, Վճիռների և որոշումների ժողովածու 1996-IV):

i

ԵԱՔԴ/2190/02/15 քաղաքացիական գործով քննության առարկա հարցի վերաբերյալ նման դիրքորոշում է արտահայտել նաև Վճռաբեկ դատարանը, նշելով. «պարտատերերի կողմից պահանջների ներկայացման ժամկետի սահմանափակում դնելը նպատակաուղղված է ժառանգի կողմից ժառանգությունն ընդունելու իր իրավունքի իրացման համար բավարար հստակություն և որոշակիություն մտցնելուն, որպեսզի սահմանված ժամկետի ընթացքում ժառանգը հնարավորություն ունենա որոշել ընդունել ժառանգությունը, թե` ոչ, կամ օրինակ` պարտատերերի կողմից նշված ժամկետում պահանջ ներկայացվելու դեպքում հրաժարվել ժառանգությունից, թե` ոչ: Ընդ որում, նման կարգավորումը կիրառելի է ինչպես նոտարին դիմում ներկայացնելու, այնպես էլ փաստացի տիրապետման կամ կառավարման եղանակով ժառանգությունն ընդունելու պարագայում: Երկու դեպքում էլ ժառանգը պետք է իրական պատկերացում ունենա ժառանգության զանգվածի վերաբերյալ»: Վճռաբեկ դատարանը մասնավորապես նշել է. «Ընդունելով ժառանգությունը` ժառանգը ոչ միայն ձեռք է բերում համապատասխան իրավունքներ, այլ նաև պարտավորություն է ստանձնում իրեն անցած գույքի արժեքի սահմաններում պատասխանատվություն կրելու ժառանգատուի պարտավորությունների համար: Հետևաբար յուրաքանչյուր դեպքում իր ժառանգման իրավունքն իրացնելիս ժառանգը պետք է հստակ պատկերացում ունենա ինչպես ժառանգության զանգվածի մեջ մտնող գույքի կազմի, այնպես էլ ժառանգատուի պարտավորությունների վերաբերյալ: Եթե ժառանգության զանգվածի կազմը, որպես կանոն, պարզ է լինում ժառանգի համար, այլ է իրավիճակը ժառանգատուի պարտավորությունների պարագայում: Վերջիններիս վերաբերյալ որոշակի պատկերացում ժառանգը կարող է ունենալ միայն այն դեպքում, երբ օրենքով սահմանված ժամկետում պարտատերերի կողմից ներկայացվեն համապատասխան պահանջներ»:

Սահմանադրական դատարանը գտնում է, որ քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված ժամկետներն առհասարակ և քննարկվող դեպքում` մասնավորապես նպատակ ունեն ոչ միայն ժամանակի առումով կանոնակարգելու քաղաքացիական շրջանառությունը, այլ նաև ապահովելու քաղաքացիական հարաբերությունների սուբյեկտների կողմից իրենց իրավունքների իրացման հնարավորությունը, դրդելու անձանց կատարելու իրենց պարտականությունները, ինչպես նաև խթանելու խախտված իրավունքների ժամանակին պաշտպանությունը: Քաղաքացիաիրավական հարաբերությունների սուբյեկտները պետք է շահագրգռված լինեն, որպեսզի իրենց իրավունքները և պարտականություններն իրացվեն ոչ միայն պատշաճ կերպով, այլև ժամանակին:

4.3. Երկու դիմողն էլ գտնում են, որ վիճարկվող իրավադրույթներով խախտվում է մահացած պարտապանի ժառանգի և պարտատերերի շահերի հավասարակշռությունը, ինչի հետևանքով խախտվում է նաև վերջիններիս սեփականության իրավունքը:

i

Օրենսգրքի 3-րդ հոդվածի համաձայն` քաղաքացիական օրենսդրության կարևորագույն սկզբունքներից են քաղաքացիական հարաբերությունների մասնակիցների հավասարությունը, կամքի ինքնավարությունը և գույքային ինքնուրույնությունը, սեփականության անձեռնմխելիությունը, քաղաքացիական իրավունքների անարգել իրականացման անհրաժեշտությունը, խախտված իրավունքների վերականգնման ապահովումը և այլն: Քաղաքացիները և իրավաբանական անձինք քաղաքացիական իրավունքները ձեռք են բերում ու իրականացնում իրենց կամքով և ի շահ իրենց:

Սահմանադրական դատարանը փաստում է, որ քաղաքացիական օրենսդրությունը չի պարտավորեցնում ժառանգներին փնտրել ժառանգատուի պարտատերերին ժառանգության բացման մասին տեղյակ պահելու նպատակով: Ժառանգը կարող է տարբեր օբյեկտիվ պատճառներով չիմանալ ժառանգատուի պարտքերի մասին և պարտատերերին տեղյակ պահել, կամ տեղյակ լինել մահացած ժառանգատուի պարտքերի մասին, սակայն ինչ-ինչ պատճառներով չտեղեկացնել (այդ թվում` չարամիտ դիտավորություն ունենալով) ժառանգության բացման մասին:

Սահմանադրական դատարանը գտնում է, որ դիտարկվող «պարտապան-պարտատեր» իրավահարաբերություններում պարտապանի ժառանգների կողմից ժառանգությունն ընդունելու արդյունքում վնաս կրելու ռիսկը վերաբերում է պարտատերերին, ուստի վերջիններս` որպես շահագրգիռ անձինք, պետք է համապատասխան վարքագիծ դրսևորեն: Օրենքը չի արգելում պարտատիրոջը որոշակի պարբերականությամբ ինքնուրույն տեղեկանալու պարտապանի մասին, և վերջինիս կողմից պարտավորություն չկատարելը պետք է դրդի պարտատիրոջն ակտիվ գործողություններ կատարելուն, ընդ որում` պարտատերերի պահանջները կարող են ներկայացվել և բավարար միջոցների առկայության և սահմանված ժամկետը բաց չթողնելու պայմաններում հատուցվել ինչպես ժառանգների կողմից ժառանգությունն ընդունելու, այնպես էլ ժառանգությունը չընդունելու պարագայում, նույնիսկ ժառանգների բացակայության դեպքում պարտատերերը կարող են հավակնել իրենց հասանելիք պարտքերը ստանալուն:

i

Օրենսգրքի 242-րդ հոդվածից բխում է, որ գրավով ապահովված պարտավորության դեպքում, պարտատերը հնարավորություն է ունենում գրավադրված գույքի իրացման միջոցով հասնել ժառանգության բացման պահին առկա իր պահանջների բավարարմանը, որովհետև գրավ դրված գույքը հատուցմամբ կամ անհատույց օտարելիս կամ համապարփակ իրավահաջորդության կարգով այդ գույքի նկատմամբ գրավատուի սեփականության իրավունքն այլ անձի անցնելիս գրավի իրավունքը պահպանում է իր ուժը, և գրավատուի իրավահաջորդը զբաղեցնում է գրավատուի տեղը և կրում նրա բոլոր պարտականությունները, եթե այլ բան նախատեսված չէ գրավառուի հետ համաձայնությամբ:

4.4. Ինչ վերաբերում է դիմողների այն պատճառաբանությանը, որ վիճարկվող դրույթները միևնույն վարքագծի դրսևորման համար ժառանգների և պարտատերերի համար տարբեր ժամկետներ են նախատեսում, ինչն էլ հանգեցնում է իրավական անորոշության և, դրանով պայմանավորված` պարտատերերի դատական պաշտպանության իրավունքի խախտման, Սահմանադրական դատարանը հարկ է համարում ընդգծել, որ նշված միևնույն վարքագիծը դրսևորում են քաղաքացիական իրավահարաբերությունների տարբեր սուբյեկտներ, որոնք օժտված են իրավունքների և պարտականությունների տարբեր ծավալով և ունեն շահագրգռվածության տարբեր աստիճաններ: Կողմերի շահերն ի սկզբանե տարբեր են. պարտքերի վերադարձման հարցում շահագրգիռ կողմ է միայն պարտատերը, որն էլ պետք է նախաձեռնի օրենքով չարգելված այնպիսի ակտիվ գործողություններ, որոնք ուղղված կլինեն իր իրավունքների պաշտպանությանը:

i

Այս կապակցությամբ Սահմանադրական դատարանը վերահաստատում է իր` ՍԴՈ-1479 որոշման մեջ արտահայտած դիրքորոշումն առ այն, որ` «վիճարկվող իրավակարգավորումները բավարար չափով որոշակի են. անձի համար լիովին կանխատեսելի են իր կողմից դրսևորվելիք վարքագծի հետևանքները, ուստի շահագրգիռ անձը պետք է ինքնուրույն նախաձեռնի բոլոր այն գործողությունները և կատարի այն պահանջները, որոնք անհրաժեշտ են իրավունքի...» իրացման համար:

4.5. Անդրադառնալով դիմող դատարանի այն փաստարկին, որ առկա է իրավական անորոշություն` թե պարտատերերը ե՛րբ պետք է ներկայացնեն իրենց պահանջները` ժառանգության բացման օրվանից հետո վեցամսյա ժամկետում, թե՞ մինչև ժառանգության իրավունքի վկայագրի տրամադրումը, Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Օրենսգրքի վիճարկվող 1243-րդ հոդվածի 1-ին մասն ուղղակիորեն սահմանում է ժառանգության բացման օրվանից վեց ամսվա ընթացքում պարտատերերի պահանջները ներկայացնելու իրավունքը: Միանշանակ և որոշակի է, որ ժառանգությունն ընդունելու համար նախատեսված վեցամսյա ժամկետն սկսում է հոսել ժառանգության բացման օրվանից, որը համընկնում է ժառանգատուի մահվան փաստի հետ, և այդ նույն օրվանից էլ պարտատերերը կարող են ներկայացնել իրենց պահանջները:

i

Օրենսգրքի 1245-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` ժառանգության իրավունքի վկայագիրը տրվում է ժառանգի դիմումի հիման վրա: Իսկ ըստ նույն Օրենսգրքի 1246-րդ հոդվածի 1-ին մասի` ժառանգության իրավունքի վկայագիրը ժառանգներին է տրվում ժառանգության բացման օրվանից վեց ամիս հետո, բացառությամբ Օրենսգրքով նախատեսված դեպքերի:

i

Այնուհետև, Օրենսգրքի 1246-րդ հոդվածի 2-րդ մասում Օրենսդիրը մանրամասնում է. «Ինչպես ըստ կտակի, այնպես էլ ըստ օրենքի ժառանգության դեպքում ժառանգության իրավունքի վկայագիրը կարող է տրվել մինչև ժառանգության բացման օրվանից վեց ամիս լրանալը, եթե առկա են ստույգ տվյալներ, որ վկայագիր ստանալու համար դիմած անձանցից բացի, ժառանգության կամ դրա համապատասխան մասի նկատմամբ այլ ժառանգներ չկան»:

Հետևաբար, կախված կոնկրետ իրավիճակից պարտատերերը սկսած ժառանգության բացման օրվանից վեց ամսվա ընթացքում կարող են ներկայացնել իրենց պահանջները ժառանգներին ինչպես ժառանգության վկայագիր ստանալուց առաջ, այնպես էլ հետո: Իսկ պարտքերի փաստացի հատուցումը հնարավոր է ժառանգների կողմից նշված վկայագիր ստանալուց հետո, երբ ժառանգներն արդեն կողմնորոշված կլինեն ժառանգությունն ընդունել-չընդունելու հարցում:

4.6. «ԱՐԱՐԱՏԲԱՆԿ» ԲԲԸ-ի դիմումում ներկայացված դատավարական նախապատմությունը վկայում է, որ 2010 թվականից 2013 թվականը բանկը քաղաքացու հետ կնքել է երկու վարկային համաձայնագիր և, որպես սահմանված պարտավորությունների կատարման ապահովում, գրանցել է Բանկի գրավի իրավունքը: Հարկ է նշել, որ քաղաքացուն տրամադրվել էր վարկ մինչև 13.11.2015թ. մարման ժամկետով: Բանկի դիմումի հիման վրա 31.03.2017թ. ՀՀ արդարադատության նախարարության համապատասխան բաժնի պետի տեղեկանքից պարզ է դարձել, որ Վարկառուն մահացել է 07.06.2014թ.: Բանկը 10.04.2017թ. հայցադիմում է ներկայացրել ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան մահացած վարկառուի ժառանգ հանդիսացող անձի դեմ` փաստացի տիրապետման ուժով ժառանգությունն ընդունած լինելու հիմքով գումարի բռնագանձման և բռնագանձումը գույքի վրա տարածելու պահանջների մասին:

Նմանօրինակ իրավիճակի մասին է վկայում նաև Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումում ներկայացված դատավարական նախապատմությունը, ըստ որի` 10.08.2014թ. մի քաղաքացի մյուսին փոխառությամբ գումար է տրամադրել մինչև 30.10.2014թ. վերադարձնելու պայմանով, սակայն վերջինս սահմանված ժամկետում գումարը չի վերադարձրել: 07.05.2015թ. փոխատուն դատարան հայց է ներկայացրել փոխառությամբ տրված գումարի բռնագանձման պահանջի մասին: Պարզվել է, որ 26.12.2014թ. փոխառուն մահացել է: 19.09.2015թ. փոխատուն դիմում է ներկայացրել դատարան մահացած անձի իրավահաջորդից գումարի բռնագանձման պահանջի մասին:

Ակներև է, որ երկու դեպքում էլ վարկատուն և փոխատուն փոխառուի ժառանգներին ուշացումով են ներկայացրել իրենց պահանջները` բաց թողնելով պահանջներ ներկայացնելու համար սահմանված վեցամսյա ժամկետը: Վերջիններս ժամկետի բացթողումը պատճառաբանել են նրանով, որ նշված անձանց մահվան փաստերի մասին տեղեկանալու հնարավորություն չեն ունեցել:

4.7. Սահմանադրական դատարանը հարկ է համարում ընդգծել, որ ցանկացած վարկային կամ փոխառության պայմանագիր կնքելիս կողմերը համաձայնության են գալիս նաև այն հարցում, թե ինչ հաճախականությամբ պետք է կատարվի վարկի մարումը, և, որպես կանոն, սահմանվում է մարման որոշակի պարբերականություն: Եթե պայմանագրից բխող պարտականությունները ժամանակին չեն կատարվում, նույնիսկ մեկ անգամ, ապա վարկ կամ փոխառություն տրամադրող կազմակերպությունը պետք է միջոցներ ձեռնարկի պատճառներն իմանալու համար, քանի որ պատճառներից մեկը կարող է նաև լինել վարկառուի կամ փոխառուի մահը: Կողմերի միջև հաղորդակցման կարգը կարգավորվում է վարկային կամ փոխառության պայմանագրով, և առաջին հերթին վարկատուի կամ փոխատուի շահերից է բխում պայմանագրով այդ կարգը սահմանելը:

«Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի «լ» կետի համաձայն` Կենտրոնական բանկի խորհրդի իրավասության մեջ է մտնում «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով վարկային կազմակերպությունների գործունեությունը կարգավորող նորմատիվ իրավական ակտերն ընդունելը, այդ թվում` վարկային կազմակերպությունների գործունեության օրինակելի կանոնակարգը հաստատելը, բանկերի հաճախորդների վարկարժանության տեղեկատվական համակարգին` վարկային ռեգիստրին վարկային կազմակերպությունների մասնակցության կարգը և պայմանները սահմանելը:

Եվ քանի որ վարկային պայմանագրերին առնչվող հարցերը գտնվում են Կենտրոնական բանկի իրավասության տիրույթում, վերջինս իր նորմատիվ իրավական ակտերով կարող է սահմանել կողմերի միջև հաղորդակցման այնպիսի կարգ կամ նվազագույն պահանջներ, որ վարկառուի կամ փոխառուի մահվան դեպքում ապահովվի վարկատուի կամ փոխատուի գույքային իրավունքների ժամանակին պատշաճ պաշտպանությունը:

i

Սահմանադրական դատարանը գտնում է, որ ելնելով Օրենսգրքի 437-րդ հոդվածով նախատեսված պայմանագրի ազատության սկզբունքից` վարկային կամ փոխառության պայմանագրի կողմերի միջև վերջիններիս համաձայնությամբ կարող են սահմանվել հաղորդակցության կարգին վերաբերող այնպիսի դրույթներ, որոնք ուղղված կլինեն վարկառուի կամ փոխառուի մահվան մասին ժամանակին տեղեկանալու, հետևաբար` ժամանակին վարկատուի կամ փոխատուի շահերի պաշտպանությանը:

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետով, 169-րդ հոդվածի 4-րդ մասով, 170-րդ հոդվածով, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64, 69 և 71-րդ հոդվածներով` Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

i

1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1243-րդ հոդվածը համապատասխանում է Սահմանադրությանը:

2. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Նախագահող                              Հ. Թովմասյան

 

6 դեկտեմբերի 2019 թվականի

ՍԴՈ-1495

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
06.12.2019
N ՍԴՈ-1495
Որոշում