Սեղմել Esc փակելու համար:
ԱՐԴՅՈ՞Ք ԳՈՐԾՈՒՄ ԱՌԿԱ` ՄԻՄՅԱՆՑ ՀԱԿԱՍՈՂ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՐԴՅՈ՞Ք ԳՈՐԾՈՒՄ ԱՌԿԱ` ՄԻՄՅԱՆՑ ՀԱԿԱՍՈՂ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ԿԱՐՈՂ Է Մ ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական              Քաղաքացիական գործ

    դատարանի որոշում                       թիվ ԵԿԴ/4733/02/14

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/4733/02/14   2019 թ.

Նախագահող դատավոր` Ա. Խառատյան

    Դատավորներ`        Մ. Հարթենյան

                       Կ. Չիլինգարյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող Ռ. Հակոբյան

զեկուցող  Գ. Հակոբյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Ե. Խունդկարյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

2019 թվականի հոկտեմբերի 1-ին

գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ ֆինանսների նախարարության ու ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության (այսուհետ` Նախարարություն) վճռաբեկ բողոքները ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 27.06.2018 թվականի որոշման դեմ` ըստ Արամ Բարսեղյանի և Պատվական Հայրապետյանի (այսուհետ` Համահայցվորներ) հայցի ընդդեմ Նախարարության, «ԵՂԵԳՆԱՁՈՐԻ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ» ՓԲԸ-ի (այսուհետ` Ընկերություն), երրորդ անձ ՀՀ ֆինանսների նախարարության` վնասը հատուցելու և գումար բռնագանձելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Համահայցվորները պահանջել են Նախարարությունից, Ընկերությունից և ՀՀ ֆինանսների նախարարությունից համապարտության կարգով բռնագանձել 8.850.000 ՀՀ դրամ, ինչպես նաև 721.100 ՀՀ դրամ` որպես դատական ծախս:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 09.07.2015 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն` վճռվել է Նախարարությունից և Ընկերությունից համապարտության կարգով հօգուտ Համահայցվորների բռնագանձել 8.850.000 ՀՀ դրամ` որպես պատճառված վնասի հատուցում, 177.000 ՀՀ դրամ` որպես նախապես վճարված պետական տուրքի գումար, և 500.000 ՀՀ դրամ` որպես փաստաբանի վարձատրության գումար. մնացած մասով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 22.01.2016 թվականի որոշմամբ Նախարարության և Ընկերության ներկայացուցիչների, երրորդ անձ ՀՀ ֆինանսների նախարարության վերաքննիչ բողոքները բավարարվել են` Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 09.07.2015 թվականի վճիռը մասնակիորեն` հայցը բավարարելու մասով, բեկանվել է, և այդ մասով գործն ուղարկվել է նոր քննության. մնացած մասով վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 13.04.2016 թվականի որոշմամբ Պատվական Հայրապետյանի ներկայացուցիչներ Ռուբեն Բալոյանի և Զարուհի Վարդանյանի բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ռ. Ափինյան) (այսուհետ` Դատարան) 22.09.2017 թվականի վճռով հայցը մերժվել է, Արամ Բարսեղյանից և Պատվական Հայրապետյանից հօգուտ Նախարարության բռնագանձվել է 292.533 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումար, իսկ դատական ծախսերի հարցը համարվել է լուծված:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 27.06.2018 թվականի որոշմամբ Պատվական Հայրապետյանի ներկայացուցիչների վերաքննիչ բողոքը բավարարվել է` Դատարանի 22.09.2017 վճիռը բեկանվել և փոփոխվել է` հայցը բավարարվել է` Նախարարությունից և Ընկերությունից հօգուտ Պատվական Հայրապետյանի համապարտության կարգով բռնագանձվել է 8.850.000 ՀՀ դրամ` որպես պատճառված վնասի հատուցում, և 177.000 ՀՀ դրամ` որպես նախապես վճարված պետական տուրքի գումար, իսկ հօգուտ ՀՀ պետական բյուջե բռնագանձվել է 265.500 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոք ներկայացնելու համար չվճարված պետական տուրքի գումար:

Սույն գործով վճռաբեկ բողոքներ են ներկայացրել ՀՀ ֆինանսների նախարարությունը և Նախարարությունը:

Վճռաբեկ բողոքների պատասխան են ներկայացրել Պատվական Հայրապետյանի ներկայացուցիչները:

 

2. ՀՀ ֆինանսների նախարարության վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ և 1058-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության 1998 թվականի հունիսի 17-ի օրենսգրքի (այսուհետ` Նախկին օրենսգիրք) 48-րդ և 53-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է նաև հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ տվյալ դեպքում բացակայում են Նախարարության և Ընկերության կողմից վնասը հատուցելու հետևյալ պարտադիր պայմանները` ոչ օրինաչափ վարքագծի դրսևորումը և վնասների ու հակաիրավական գործողության միջև պատճառահետևանքային կապը:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Համահայցվորները չեն ներկայացրել վերը նշված պարտադիր պայմանների առկայության վերաբերյալ համապատասխան ապացույցներ:

Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի հետազոտել գործում առկա ապացույցները` անտեսելով նաև, որ փորձագիտական եզրակացությունները հակասում են միմյանց: Նման պայմաններում Վերաքննիչ դատարանն իրավասու չէր կատեգորիկ գնահատելու ՀՀ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի կողմից 10.06.2013 թվականին տրված թիվ 12-1854 եզրակացությունը:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 27.06.2018 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 22.09.2017 թվականի վճռին կամ գործն ուղարկել նոր քննության:

 

2.1 Նախարարության վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ, 1058-րդ և 1076-րդ հոդվածները, Նախկին օրենսգրքի 48-րդ, 51-րդ, 53-րդ և 62-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի հետազոտել գործում առկա ապացույցները:

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ 50կմ/ժ արագությունը վերցվել է վարորդի հայտարարությունից, որը տվյալ դեպքում հանդիսանում է շահագրգիռ անձ, և այդ արագությունը ճշտելու համար փորձաքննություն չի կատարվել, ու փորձաքննության չեն ենթարկվել նաև վթարված տրանսպորտային միջոցի տեխնիկական վիճակը, անիվների օդազերծման պատճառները, օդերևութաբանական պայմանները, ինչպես նաև փորձագիտական եզրակացությամբ չի հիմնավորվել ճանապարհային ծածկի ազդեցությունը պատահարի առաջացման վրա:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ ապացուցված է համարվել տվյալ ճանապարհահատվածում նախազգուշացնող ճանապարհային նշանի առկայությունը, և այդ նշանը տեսնելուց հետո շրջադարձ կատարելու անհրաժեշտություն ունեցող վարորդները պետք է նվազեցնեին արագությունը` շրջադարձ կատարելու համար:

Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև, որ համաձայն ներկայացված եզրակացության` վթարը կտրուկ շրջադարձի արդյունք է, իսկ խճածածկն ընդամենը նպաստել է վթարի առաջացմանը, բայց որքանով է նպաստել` որևէ եզրակացություն ներկայացված չէ:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել նաև, որ պատասխանողների մոտ վնասի հատուցման պարտականություն չի կարող առաջանալ, քանի որ վնասը ենթակա է հատուցման իրավունքը խախտած անձի կողմից, մինչդեռ սույն քաղաքացիական գործով այդպիսի ապացույցներ չեն ներկայացվել:

Վերաքննիչ դատարանը չի համադրել գործում առկա փորձաքննությունների եզրակացությունները, բազմակողմանի և մանրակրկիտ չի ուսումնասիրել վթարի հանգամանքները, պատճառները, կողմերի մեղքի բաժինները:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 27.06.2018 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 22.09.2017 թվականի վճռին:

 

2.2 Վճռաբեկ բողոքների պատասխանի հիմնավորումները

Վերաքննիչ դատարանի 27.06.2018 թվականի որոշումը բեկանելու որևէ հիմք առկա չէ, քանի որ այն օրինական է և հիմնավորված:

Անվիճելի է, որ վթարի օրը ճանապարհի տվյալ հատվածը ճանապարհային երթևեկության կանոնների որևէ նշանով կարգավորված չի եղել:

Պատվական Հայրապետյանին վթարի հետևանքով վնաս պատճառված լինելու հանգամանքը հիմնավորվել է «ՀՀ Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից 05.10.2011 թվականին տրված ապրանքագիտական թիվ 33421110 եզրակացությամբ:

ՀՀ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի կողմից 10.06.2013 թվականին տրված թիվ 12-1854 եզրակացությամբ հիմնավորվել է, որ վթարը պայմանավորված է եղել ճանապարհային նշանների բացակայությամբ և ճանապարհի` դեպի Մարտունի ուղեմասի աջ մասում առկա խճածածկ մակերեսով:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) թիվ ՎԴ/8682/05/11 վարչական գործով ՀՀ վարչական դատարանի 27.06.2014 թվականի վճռով Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության 17.10.2011 թվականի թիվ ԱԳ 625331 որոշումն անվավեր է ճանաչվել նաև այն հիմնավորմամբ, որ վարչական մարմինը, սահմանափակվելով միայն քրեական գործի հարուցումը մերժելու մասին քննիչի որոշմամբ, չի իրականացրել բազմակողմանի և օբյեկտիվ քննություն ու չի պարզել գործի լուծման համար անհրաժեշտ բոլոր հանգամանքները (հատոր 1-ին, գ.թ. 18-32).

2) ՀՀ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի փորձագետի կողմից 10.06.2013 թվականին տրված թիվ 12-1854 եզրակացության համաձայն` ««Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայի վարորդն ինչպես ձախ շրջադարձի առկայությունը, այնպես էլ ճանապարհի իր ուղեմասում շրջադարձի հատվածում առկա ավազը, դրանք փնտրելու պայմաններում, տեսանելի է դառնում մոտ 23 մետր հեռավորությունից: Տեխնիկական տեսակետից, տվյալ կոնկրետ իրադրության պայմաններում, «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, համապատասխան ճանապարհային նշաններով չստանալով ինֆորմացիա ճանապարհի վթարի հատվածում առկա կտրուկ ձախ շրջադարձի մասին, իր կողմից ընտրած 50կմ/ժ արագությունը, դիտվում է որպես թույլատրելի արագություն և նրա կողմից թույլ չեն տրվել գործողություններ, որոնք հակասեին Ճանապարհային երթևեկության կանոնների և «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի պահանջներին, որոնցով պայմանավորված լիներ տվյալ վթարը, որի պայմաններում էլ զրկված է եղել վթարը կանխելու տեխնիկական հնարավորությունից: Հաշվի առնելով տվյալ ճանապարհահատվածում դեպի ձախ կտրուկ շրջադարձի առկայությունը և գործի նյութերում առկա տվյալները, ապա բացի մինչև շրջադարձի տեղը ճանապարհահատվածում 1.11.2 «Վտանգավոր շրջադարձ» նշանի տեղադրումը, անհրաժեշտ է նաև խաչմերուկի հատվածում, ինչպես աջ, այնպես էլ ձախ կողմից տեղադրվեն 1.34.1, 1.34.2, 1.34.3 «Շրջադարձի ուղղություն» նշանները, որոնց առկայության պայմաններում տվյալ հատվածով երթևեկող վարորդները, ստանալով ինֆորմացիա ճանապարհի տվյալ հատվածի կտրուկ ձախ շրջադարձի մասին, հնարավորություն կունենան ընտրել այնպիսի արագություն, որպեսզի շարունակեն անվտանգ երթևեկությունը» (հատոր 1-ին, գ.թ. 34-38).

3) ի պատասխան հայցվորի ներկայացուցչի գրության` Նախարարության աշխատակազմի ղեկավարի կողմից 25.09.2014 թվականի գրությամբ հայտնվել է, որ Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհը հիմնանորոգվել է 2003 թվականին, և համաձայն համապատասխան նախագծանախահաշվային փաստաթղթերի` կահավորված են ճանապարհային նշաններով (հատոր 1-ին, գ.թ. 39).

4) ՀՀ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի փորձագետների կողմից 23.03.2012 թվականին տրված թիվ 11-0359Պ եզրակացության համաձայն` «Լեքսուս RX-330» մակնիշի 07 ՏԼ 700 պետհամարանիշի ավտոմեքենայի վարորդը Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 21-րդ կիլոմետրի ձախ շրջադարձի հատվածում ճանապարհային նախազգուշացնող նշանների բացակայության պայմաններում, ամենայն հավանականությամբ ուշ նկատելով շրջադարձը, կատարել է կտրուկ ձախ շրջադարձ, որի հետևանքով ավտոմեքենան ընկել է կողասահքի մեջ, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից, որին նպաստել է նաև ճանապարհի` դեպի Մարտունի ուղեմասի աջ մասում առկա խճածածկ մակերեսը, որի արդյունքում ավտոմեքենան, շարժվելով դեպի առաջ և հետևի անիվների հատվածով երկայնական առանցքի նկատմամբ սահելով ձախից դեպի աջ ուղղությամբ, իր աջ կողային մասով ուղղված լինելով դեպի ձորի կողմը, ընկել է ձորը և կողապտույտով համահարվածվել տեղանքի էլեմենտների, քարերի հետ: Տվյալ վթարային մեխանիզմի ժամանակ ավտոմեքենայի աջ կողմի անվադողերը դեպի ձորը կողաշրջվելու պահին տեղանքի էլեմենտների հետ հենց առաջին իսկ բախման, համահարվածելու ժամանակ կարող էին օդազերծվել, իսկ ավտոմեքենայի կողային, տանիքի և բեռնախցիկի հատվածներում առկա մյուս վնասվածքներն առաջացել են վթարի հետագա կողապտույտների փուլերում: Ելնելով Աղնջաձոր բնակավայրի «Սկիզբ» նշանին հաջորդող Ճանապարհային երթևեկության կանոնների «Վտանգավոր շրջադարձներ» 1.12.2 նշանի և դրա ստորին մասում, կիսաթեք վիճակում ամրացված ցուցանակի (որի ներքևի մասում առկա սլաքների մեջտեղում նշված է 13 կմ) թիթեղից (նշան, ցուցանակ) և դրանց ամրացման մետաղալարերից, դրանց վրա առկա հետքերից, դրանք ունեն տեղադրման թարմ բնույթ: Կոնկրետ որոշել դրանց տեղադրման վաղեմությունը հնարավոր չէ գիտականորեն մշակված մեթոդիկայի բացակայության պատճառով: Նշանների տեղադրման չափական տվյալները և եղանակը չեն համապատասխանում ՀՀ կառավարության 26.10.2006 թվականին ընդունված «ճանապարհային լուսացույցներին ներկայացվող պահանջները, դրանց կիրառման ու տեղակայման կանոնները հաստատելու մասին» (որոշման վերնագիրը նշվել է ինչպես ՀՀ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի փորձագետների կողմից 23.03.2012 թվականին տրված թիվ 11-0359Պ եզրակացության մեջ) թիվ 1699-Ն որոշման պահանջներին: Փորձաքննությանը տրամադրված ֆոտոնկարներում առկա անվադողերի հետքերը, ըստ իրենց ընդհանուր կառուցվածքային հատկանիշների, բնորոշ են կողասահքի (...)(հատոր 1-ին, գ.թ. 41-49).

5) ի պատասխան ՀՀ ոստիկանության Վայոց ձորի մարզի քննչական բաժնի քննիչ Ա. Ադամյանի գրության` Ընկերությունը 20.09.2011 թվականին հայտնել է, որ Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 21-րդ կիլոմետրին չհասած (գյուղի սկզբնամասում) առկա է 1.12.2 (Վտանգավոր շրջադարձեր) ճանապարհային նշանը, որի ազդման գոտու մեջ է մտնում նաև 21-րդ կիլոմետրը (հատոր 1-ին, գ.թ. 56).

6) ՀՀ ոստիկանության Վայոց ձորի մարզի քննչական բաժնի քննիչ Պողոսյանի կողմից կազմված Ճանապարհատրանսպորտային դեպքի վայրի զննության մասին արձանագրության համաձայն` դեպքի վայրում բացակայել են ճանապարհային նշանները (հատոր 1-ին, գ.թ. 104-108).

i

7) ՀՀ «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի փորձագետի կողմից 30.09.2011 թվականին տրված թիվ 35451108 եզրակացության համաձայն` «Լեքսուս RX-330» մակնիշի 07 ՏԼ 700 պետհամարանիշի ավտոմոբիլի վարորդը Ճանապարհային երթևեկության կանոնների 65 և 66 կետերի պահանջները պահպանելու դեպքում ճանապարհի տվյալ հատվածում շրջադարձը նշող համապատասխան նշանների բացակայության պայմաններում անգամ կունենար տվյալ շրջադարձն անվտանգ կերպով անցնելու հնարավորություն, ուստի և ճանապարհի տվյալ հատվածում շրջադարձը նշող համապատասխան ճանապարհային նշանների բացակայության հանգամանքը տեխնիկական տեսակետից պատճառական կապի մեջ չէ տվյալ պատահարի առաջացման հետ (հատոր 3-րդ, գ.թ. 64-65).

i

8) ՀՀ «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի փորձագետի կողմից 16.09.2011 թվականին տրված թիվ 33431108 եզրակացության համաձայն` «Լեքսուս RX-330» մակնիշի 07 ՏԼ 700 պետհամարանիշի ավտոմեքենայի վարորդը, ավտոմեքենան վարելով առանց հաշվի առնելու առկա ճանապարհային պայմանները և օդերևութաբանական պայմանները, մասնավորապես` տեսանելիությունը երթևեկության ուղղությամբ, իսկ նրա կողմից ընտրված արագությունը չի ապահովել ավտոմեքենայի լիարժեք կառավարում, թույլ է տվել Ճանապարհային երթևեկության կանոնների 65 և 66 կետերի և «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ կետի պահանջներին հակասող գործողություններ, տեխնիկական տեսակետից ստեղծել է վթարային իրադրություն և դրանով իսկ պայմանավորել տվյալ պատահարի առաջացումը` ինքն իրեն զրկելով այն կանխելու տեխնիկական հնարավորությունից: Առաջադրված պայմաններում «Լեքսուս RX-330» ավտոմեքենայի վարորդը երթևեկության անվտանգությունն ապահովելու և տվյալ վթարը կանխելու նպատակով տեխնիկական տեսակետից պետք է ավտոմեքենան վարեր` հաշվի առնելով առկա ճանապարհային պայմանները և օդերևութաբանական պայմանները, մասնավորապես` տեսանելիությունը երթևեկության ուղղությամբ և ընտրեր այնպիսի արագություն, որը կապահովեր ավտոմեքենայի լիարժեք կառավարումը (հատոր 3-րդ, գ.թ. 66-72):

 

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

i

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքները վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ` նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` Վերաքննիչ դատարանի կողմից բողոքարկվող դատական ակտը կայացնելիս թույլ է տրվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ, 1058-րդ հոդվածների, Նախկին օրենսգրքի 53-րդ և 62-րդ հոդվածների այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.

Սույն վճռաբեկ բողոքների քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումների համատեքստում անհրաժեշտ է համարում անդրադառնալ այն հարցին, թե արդյո՞ք գործում առկա` միմյանց հակասող փորձագիտական եզրակացություններով կարող է միանշանակ հաստատվել ենթադրյալ վնաս պատճառելու փաստը:

Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով, որ Նախարարության և ՀՀ ֆինանսների նախարարության վճռաբեկ բողոքները բերվել են նմանատիպ հիմքերով և հիմնավորումներով, դրանց հիմնավորվածությանն անդրադառնում է ստորև շարադրված ընդհանուր պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` անձը, ում իրավունքը խախտվել է, կարող է պահանջել իրեն պատճառված վնասների լրիվ հատուցում, եթե վնասների հատուցման ավելի պակաս չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` վնասներ են իրավունքը խախտված անձի ծախսերը, որ նա կատարել է կամ պետք է կատարի խախտված իրավունքը վերականգնելու համար, նրա գույքի կորուստը կամ վնասվածքը (իրական վնաս), չստացված եկամուտները, որոնք այդ անձը կստանար քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում, եթե նրա իրավունքը չխախտվեր (բաց թողնված օգուտ), ինչպես նաև ոչ նյութական վնասը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացու անձին կամ գույքին, ինչպես նաև իրավաբանական անձի գույքին պատճառված վնասը լրիվ ծավալով ենթակա է հատուցման այն պատճառած անձի կողմից: (...): Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` վնաս պատճառած անձն ազատվում է այն հատուցելուց, եթե ապացուցում է, որ վնասն իր մեղքով չի պատճառվել: (...):

i

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներով բազմիցս արձանագրել է, որ վնասի հատուցման համար պարտադիր պայման է պարտապանի ոչ օրինաչափ վարքագծի, վնասների, վնասների և ոչ օրինաչափ գործողության միջև պատճառահետևանքային կապի ու պարտապանի մեղքի միաժամանակյա առկայությունը: Ընդ որում, նշված պայմաններից որևէ մեկի բացակայության դեպքում վնասը ենթակա չէ հատուցման, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի (տե՛ս, օրինակ, Նատալյա Հակոբյանն ընդդեմ Վարդան Հայրապետյանի թիվ ՀՔԴ3/0016/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 13.02.2009 թվականի որոշումը):

i

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ Նախկին օրենսգրքի 48-րդ հոդվածի հիմքով վնասի հատուցման համար պարտադիր պայման հանդիսացող տարրերից` հայցվորի մոտ իրական կամ բաց թողնված օգուտի տեսքով վնասների առկայության, պատասխանողի մոտ ոչ օրինաչափ վարքագծի առկայության, վնասների ու ենթադրյալ վնաս պատճառող անձի ոչ օրինաչափ գործողության միջև պատճառահետևանքային կապի առկայության հանգամանքների ապացուցման բեռը կրում է հայցվոր կողմը, իսկ հայցվորի կրած վնասի հարցում իր մեղքի բացակայության հանգամանքի ապացուցման պարտականությունը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի կանխավարկածի հիմքով, կրում է պատասխանող կողմը (տե՛ս, «Սասնա-Մանանա» ՍՊԸ-ի ընդդեմ Դանիել Ղասաբօղլյանի` թիվ ԵՔԴ/0086/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.06.2009 թվականի որոշումը):

Վերահաստատելով նշված իրավական դիրքորոշումները` ՀՀ վճռաբեկ դատարանը Նելլի Մկրտչյանն ընդդեմ «Երևան հյուրանոց» ԲԲԸ-ի գործով անհրաժեշտ է համարել առավել մանրամասն անդրադառնալ պատճառված վնասի համար պատասխանատվության պայմաններին:

Վնասը քաղաքացիական շրջանառության մասնակցի` օրենքով պահպանվող իրավունքների խախտման դեպքում վրա հասնող անբարենպաստ, բացասական հետևանքն է: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածից հետևում է, որ վնասը կարող է արտահայտվել չնախատեսված լրացուցիչ ծախսեր կատարելով կամ այդպիսի ծախսերի կատարման անհրաժեշտությամբ, գույքի կորստով կամ վնասվածքով, եկամուտների չստացմամբ (բաց թողնված օգուտ):

Հակաիրավական, ոչ օրինաչափ վարքագիծն այն գործողությունը կամ անգործությունն է, որը խախտում է օրենքի, այլ իրավական ակտերի պահանջները, ինչպես նաև անձի սուբյեկտիվ իրավունքը: Գործողությունն անձի նպատակաուղղված, կամային արարքն է, իսկ անգործությունն արտահայտվում է անհրաժեշտ և պարտադիր վարքագիծ դրսևորելուց ձեռնպահ մնալով:

Ոչ օրինաչափ վարքագծի և վնասի միջև պատճառահետևանքային կապը ենթադրում է, որ վնասը պետք է հանդիսանա ոչ օրինաչափ վարքագծի ուղղակի, անմիջական հետևանք: Այն դեպքում, երբ վնասն անհրաժեշտաբար թելադրված չէ ոչ օրինաչափ գործողությամբ (անգործությամբ), կամ գործողության (անգործության) և վնասի միջև կապն անուղղակի է, վնասի հատուցման համար անհրաժեշտ պատճառահետևանքային կապի պայմանն առկա չէ:

i

Վնաս պատճառող անձի մեղքը նրա սուբյեկտիվ վերաբերմունքն է իր ոչ օրինաչափ գործողության (անգործության) և առաջացած հետևանքի` վնասի նկատմամբ, ինչը կարող է դրսևորվել թե՛ դիտավորության և թե՛ անզգուշության ձևով: Ընդ որում, վնասի հատուցման հարաբերություններում գործում է վնաս պատճառած անձի մեղավորության կանխավարկածը, քանի դեռ վերջինս չի ապացուցել վնաս պատճառելու հարցում իր մեղքի բացակայությունը: Օրենքով նախատեսված դեպքերում պատճառված վնասի համար պատասխանատվությունը կարող է վրա հասնել նաև վնաս պատճառող անձի մեղքի բացակայության պարագայում (տե՛ս, թիվ ԵԿԴ/2600/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.10.2013 թվականի որոշումը):

Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պատճառված վնասի համար պատասխանատվության վերոգրյալ պայմանների առկայությունը կամ բացակայությունը կարող է հիմնավորվել քաղաքացիադատավարական կանոնների պահպանմամբ ձեռքբերված և հետազոտված ապացույցներով, մասնավորապես` նաև փորձագետի եզրակացությամբ:

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով փորձագետի եզրակացության` որպես ապացույցի գնահատման առանձնահատկություններին, առանձնացրել է այն հիմնական չափորոշիչները, որոնք ենթակա են կիրառման վերոնշյալ ապացույցի գնահատումը վերաբերելիության, թույլատրելիության և արժանահավատության տեսանկյունից իրականացնելիս:

Վերաբերելիության առումով փորձագետի եզրակացությունը գնահատելիս նախ և առաջ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, թե փորձագետին առաջադրված հարցերը որքանով նշանակություն ունեն գործի լուծման համար, ապա միայն անդրադառնալ այդ հարցադրումների վերաբերյալ արված եզրահանգումներին: Ընդ որում, հարցադրումների բովանդակությունը ոչ միայն էական նշանակություն ունի փորձագետի եզրակացության վերաբերելիության գնահատման տեսանկյունից, այլև կարևորվում է երկու և ավելի եզրակացությունների պարագայում դրանց միջև առկա հակասությունները վեր հանելու առումով:

Փորձագետի եզրակացությունը թույլատրելիության տեսանկյունից գնահատման ենթարկելիս առաջնահերթ կարևորվում է փորձաքննությունն իրականացնող անձի որակավորումը և ձեռնհասությունը, նշված անձի օբյեկտիվությունը, սահմանված դատավարական կարգի պահպանված լինելը, հետազոտության ընթացքի և արդյունքների պատշաճ դատավարական ձևակերպումը:

i

Արժանահավատության տեսանկյունից փորձագետի եզրակացության գնահատում իրականացնելիս պետք է հաշվի առնել փորձաքննության ընթացքում կիրառված մեթոդների գիտական հիմնավորվածության աստիճանը, փորձաքննությանը տրամադրված նյութի որակը և բավարարությունը, ելակետային տվյալների բնույթը, փորձագետի հետևությունների փաստարկվածության աստիճանը, գործին մասնակցող անձանց` փորձաքննությանը ներկա գտնվելու իրական հնարավորությունը, եզրակացության համապատասխանությունը գործում առկա այլ ապացույցներին (տե՛ս, «Կանաչապատում» ՊՓԲԸ-ի սնանկության գործով կառավարիչ Հովհաննես Եղյանն ընդդեմ Կարեն Ախիկյանի, Արշակ Միլիտոնյանի, Գարուշ և Արայիկ Հակոբյանների թիվ ԵԷԴ/1284/02/12 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.07.2015 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով դիմելով դատարան` Համահայցվորները պահանջել են Պատասխանողներից համապարտության կարգով բռնագանձել 8.850.000 ՀՀ դրամ` որպես «Լեքսուս RX-330» մակնիշի 07 ՏԼ 700 հ/հ ավտոմեքենային պատճառված վնաս: Ի հիմնավորումն հայցապահանջի` Համահայցվորները նշել են, որ «(...) դեպքի վայրի` Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 21-րդ կմ հատվածում ճանապարհի մաքրման և ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման համար պատասխանատու են Նախարարությունը և Ընկերությունը»:

Սույն գործում առկա` ՀՀ «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի փորձագետի կողմից 16.09.2011 թվականին տրված թիվ 33431108 եզրակացության համաձայն` «Լեքսուս RX-330» մակնիշի 07 ՏԼ 700 պետհամարանիշի ավտոմեքենայի վարորդը, ավտոմեքենան վարելով առանց հաշվի առնելու առկա ճանապարհային պայմանները և օդերևութաբանական պայմանները, մասնավորապես` տեսանելիությունը երթևեկության ուղղությամբ, իսկ նրա կողմից ընտրված արագությունը չի ապահովել ավտոմեքենայի լիարժեք կառավարում, թույլ է տվել Ճանապարհային երթևեկության կանոնների 65-րդ և 66-րդ կետերի և «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ կետի պահանջներին հակասող գործողություններ, տեխնիկական տեսակետից ստեղծել է վթարային իրադրություն և դրանով իսկ պայմանավորել տվյալ պատահարի առաջացումը` ինքն իրեն զրկելով այն կանխելու տեխնիկական հնարավորությունից: Առաջադրված պայմաններում «Լեքսուս RX-330» ավտոմեքենայի վարորդը երթևեկության անվտանգությունն ապահովելու և տվյալ վթարը կանխելու նպատակով տեխնիկական տեսակետից պետք է ավտոմեքենան վարեր` հաշվի առնելով առկա ճանապարհային պայմանները և օդերևութաբանական պայմանները, մասնավորապես` տեսանելիությունը երթևեկության ուղղությամբ և ընտրեր այնպիսի արագություն, որը կապահովեր ավտոմեքենայի լիարժեք կառավարումը:

ՀՀ «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի փորձագետի կողմից 30.09.2011 թվականին տրված թիվ 35451108 եզրակացության համաձայն` «Լեքսուս RX-330» մակնիշի 07 ՏԼ 700 պետհամարանիշի ավտոմոբիլի վարորդը Ճանապարհային երթևեկության կանոնների 65-րդ և 66-րդ կետերի պահանջները պահպանելու դեպքում ճանապարհի տվյալ հատվածում շրջադարձը նշող համապատասխան նշանների բացակայության պայմաններում անգամ կունենար տվյալ շրջադարձն անվտանգ կերպով անցնելու հնարավորություն, ուստիև ճանապարհի տվյալ հատվածում շրջադարձը նշող համապատասխան ճանապարհային նշանների բացակայության հանգամանքը տեխնիկական տեսակետից պատճառական կապի մեջ չէ տվյալ պատահարի առաջացման հետ:

Գործում առկա` մեկ այլ մասնագիտացված փորձագիտական հաստատության` ՀՀ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի փորձագետների կողմից 23.03.2012 թվականին տրված թիվ 11-0359Պ եզրակացության համաձայն` «Լեքսուս RX-330» մակնիշի 07 ՏԼ 700 պետհամարանիշի ավտոմեքենայի վարորդը Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 21-րդ կիլոմետրի ձախ շրջադարձի հատվածում ճանապարհային նախազգուշացնող նշանների բացակայության պայմաններում, ամենայն հավանականությամբ ուշ նկատելով շրջադարձը, կատարել է կտրուկ ձախ շրջադարձ, որի հետևանքով ավտոմեքենան ընկել է կողասահքի մեջ, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից, որին նպաստել է նաև ճանապարհի` դեպի Մարտունի ուղեմասի աջ մասում առկա խճածածկ մակերեսը, որի արդյունքում ավտոմեքենան, շարժվելով դեպի առաջ և հետևի անիվների հատվածով երկայնական առանցքի նկատմամբ սահելով ձախից դեպի աջ ուղղությամբ, իր աջ կողային մասով ուղղված լինելով դեպի ձորի կողմը, ընկել է ձորը և կողապտույտով համահարվածվել տեղանքի էլեմենտների, քարերի հետ:

ՀՀ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի փորձագետի կողմից մեկ այլ` 10.06.2013 թվականին տրված թիվ 12-1854 եզրակացության համաձայն` (...) տեխնիկական տեսակետից, տվյալ կոնկրետ իրադրության պայմաններում, «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, համապատասխան ճանապարհային նշաններով չստանալով ինֆորմացիա ճանապարհի վթարի հատվածում առկա կտրուկ ձախ շրջադարձի մասին, իր կողմից ընտրած 50կմ/ժ արագությունը, դիտվում է որպես թույլատրելի արագություն և նրա կողմից թույլ չեն տրվել գործողություններ, որոնք հակասեին Ճանապարհային երթևեկության կանոնների և «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի պահանջներին, որոնցով պայմանավորված լիներ տվյալ վթարը, որի պայմաններում էլ զրկված է եղել վթարը կանխելու տեխնիկական հնարավորությունից: Հաշվի առնելով տվյալ ճանապարհահատվածում դեպի ձախ կտրուկ շրջադարձի առկայությունը և գործի նյութերում առկա տվյալները, ապա բացի մինչև շրջադարձի տեղը ճանապարհահատվածում 1.11.2 «Վտանգավոր շրջադարձ» նշանի տեղադրումը, անհրաժեշտ է նաև խաչմերուկի հատվածում, ինչպես աջ, այնպես էլ ձախ կողմից տեղադրվեն 1.34.1, 1.34.2, 1.34.3 «Շրջադարձի ուղղություն» նշանները, որոնց առկայության պայմաններում տվյալ հատվածով երթևեկող վարորդները, ստանալով ինֆորմացիա ճանապարհի տվյալ հատվածի կտրուկ ձախ շրջադարձի մասին, հնարավորություն կունենան ընտրել այնպիսի արագություն, որպեսզի շարունակեն անվտանգ երթևեկությունը:

ՀՀ ոստիկանության Վայոց ձորի մարզի քննչական բաժնի քննիչ Պողոսյանի կողմից կազմված Ճանապարհատրանսպորտային դեպքի վայրի զննության մասին արձանագրության համաձայն` դեպքի վայրում բացակայել են ճանապարհային նշանները: Ի պատասխան ՀՀ ոստիկանության Վայոց ձորի մարզի քննչական բաժնի քննիչ Ա. Ադամյանի գրության` Ընկերությունը 20.09.2011 թվականին հայտնել է, որ Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 21-րդ կիլոմետրին չհասած (գյուղի սկզբնամասում) առկա է 1.12.2 (Վտանգավոր շրջադարձեր) ճանապարհային նշանը, որի ազդման գոտու մեջ է մտնում նաև 21-րդ կիլոմետրը:

Սույն գործով Դատարանը, հայցը մերժելով, պատճառաբանել է, որ «(...) գործով ձեռք բերված փորձագիտական եզրակացություններում առկա են անհամապատասխանություններ, որպիսի պայմաններում հնարավոր չէ ապացուցված համարել պատասխանողների մեղքի և պատճառված վնասի միջև պատճառահետևանքային կապի առկայությունը, հետևաբար վնասի հատուցման վերաբերյալ իրավական բավարար հիմքերը սույն գործով ապացուցված չեն (...)»:

Վերաքննիչ դատարանը, վերաքննիչ բողոքը բավարարելով, արձանագրել է, որ «(...) ՀՀ «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից 30.09.2011 թվականին տրված թիվ 35451108 և 16.09.2011 թվականին տրված թիվ 33431108 եզրակացությունների ուսումնասիրությունից ակնհայտ է դառնում, որ նշված եզրակացություններում փորձագետների հետևությունների հիմքում ընկած է «Լեքսուս RX-330» մակնիշի 07 ՏԼ 700 հ/հ ավտոմոբիլի վարորդի կողմից` ՃԵԿ-ի 65-րդ և 66-րդ կետերի պահանջների խախտումը և «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ կետի պահանջներին հակասող գործողությունները, ինչն էլ հերքվել է թիվ ՎԴ/8682/05/11 վարչական գործով նշանակված կրկնակի դատաավտոտեխնիկական փորձաքննությամբ: Ավելին, ՀՀ «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի փորձագետներին տրամադրվել են կազմված նյութերը, իսկ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ին տրամադրվել են գործի բոլոր նյութերը, այսինքն` փորձաքննությունն իրականացվել է գործի բոլոր հանգամանքների հաշվառմամբ, բազմակողմանի և օբյեկտիվ»:

Վերոնշյալ եզրահանգումների արդյունքում Վերաքննիչ դատարանը գտել է, որ «տվյալ դեպքում պետք է հիմք ընդունել «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի 10.06.2013 թվականի թիվ 12-1854 եզրակացությունը, քանի որ դրանով ինչպես կատեգորիկ եզրակացություն է տրվել հայցվորների կողմից վկայակոչված և սույն վեճի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերի վերաբերյալ, այնպես էլ հերքվում են պատասխանողների առարկությունները»:

Մինչդեռ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալ.

i

Նախկին օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը:

i

Նախկին օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

i

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ փաստել է, որ այս կամ այն հանգամանքի առկայության կամ բացակայության մասին դատարանի եզրակացությունը պետք է լինի գործով ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման տրամաբանական հետևությունը` հաշվի առնելով դրանց համակցությունը և փոխադարձ կապը, կիրառման ենթակա իրավունքը և ներքին համոզմունքը (տե՛ս, Ռուզաննա Թորոսյանն ընդդեմ Նվեր Մկրտչյանի թիվ ԵԱՔԴ/1688/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.07.2011 թվականի որոշումը):

i

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ դատարանը յուրաքանչյուր ապացույց բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտելու դեպքում պետք է հաշվի առնի, թե որքանով է այդ ապացույցը վերաբերելի և թույլատրելի տվյալ փաստական հանգամանքը հաստատելու կամ մերժելու համար (տե՛ս, Սվետլանա Ժուլիկյանն ընդդեմ Անահիտ Խաչատրյանի թիվ ԵՄԴ/0232/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.04.2009 թվականի որոշումը):

09.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 9-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատական ակտը չի կարող պատճառաբանվել ենթադրություններով` բացառությամբ այնպիսի ենթադրությունների, որոնք թույլատրելի են օրենքում ամրագրված կանխավարկածներով: Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն` դատական ակտը չի կարող պատճառաբանվել վերացական դատողություններով: Դատարանը չի կարող փաստել, որ գործին մասնակցող որևէ անձ չի կատարել որևէ փաստական հանգամանք ապացուցելու պարտականությունը` առանց ցույց տալու, թե տվյալ փաստական հանգամանքն ինչ պատճառով չի կարող ապացուցված համարվել գործում առկա ապացույցներով:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով բողոքարկված դատական ակտի կայացման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով օրենսդիրն ուղղակիորեն պարտավորեցնում է դատարանին դատական ակտը պատճառաբանելիս օրենքով սահմանված բացառությունների հաշվառմամբ, զերծ մնալ ենթադրություններից և վերացական դատողություններից: Գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստի առկայությունը կամ բացակայությունը, ապացույցի արժանահավատությունը կամ անարժանահավատությունը չեն կարող ենթադրվել կամ հիմնավորվել վերացական` որևէ փաստական հիմք չունեցող դատողություններով:

Վճռաբեկ դատարանը, հաշվի առնելով սույն գործով վիճելի իրավահարաբերության բնույթը, ինչպես նաև այդ իրավահարաբերության տարրերի և դրանց ապացուցման պարտականության բաշխման վերաբերյալ նախկին որոշումներում արտահայտած իրավական դիրքորոշումները, գտնում է, որ սույն գործի լուծման համար նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) «Լեքսուս RX-330» մակնիշի 07 ՏԼ 700 հ/հ ավտոմեքենայի` 8.850.000 ՀՀ դրամի չափով վնասված լինելու հանգամանքը,

2) Պատասխանողների կողմից հակաիրավական վարքագծի դրսևորումը, այսինքն` այնպիսի գործողություն կամ անգործություն թույլ տալը, որի արդյունքում խախտվել է որևէ օրենքի, այլ իրավական ակտի պահանջը, ինչպես նաև Համահայցվորների սուբյեկտիվ իրավունքը,

3) Պատասխանողների ոչ օրինաչափ վարքագծի և ենթադրյալ վնասի միջև պատճառահետևանքային կապի առկայությունը,

4) Պատասխանողների մեղքի առկայությունը:

Ընդ որում, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ 1-3-րդ փաստերի ապացուցման պարտականությունը կրում են Համահայցվորները, իսկ 4-րդ փաստի բացակայության ապացուցման պարտականությունը կրում են Պատասխանողները: Վճռաբեկ դատարանն ընդգծում է նաև, որ ի հավաստումն վերոնշյալ հանգամանքների առկայության կամ բացակայության` ներկայացված ապացույցները ենթակա են գնահատման թույլատրելիության, վերաբերելիության, արժանահավատության, իսկ դրանց համակցությունը` բավարարության տեսանկյունից:

Սույն գործով Վերաքննիչ դատարանը, վերաքննիչ բողոքի բավարարման հիմքում դնելով ՀՀ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի 10.06.2013 թվականի թիվ 12-1854 եզրակացությունը, դրա արժանահավատությունը պայմանավորել է փորձաքննությանը ներկայացված նյութերի ամբողջականությամբ, ինչպես նաև «Լեքսուս RX-330» մակնիշի 07 ՏԼ 700 հ/հ ավտոմոբիլի վարորդի կողմից` ՃԵԿ-ի 65-րդ և 66-րդ կետերի պահանջների խախտում և «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ կետի պահանջներին հակասող գործողություններ թույլ տրված չլինելու հանգամանքով:

Մինչդեռ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը որևէ կերպ չի մատնանշել այն լրացուցիչ նյութերը, որոնք տրամադրվել են ՀՀ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ին և տրամադրված չեն եղել ՀՀ «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ին, չի պարզաբանել, թե այդ նյութերն ինչ ազդեցություն կարող էին ունենալ փորձաքննությանն առաջադրված հարցադրումներին պատասխանելու և դրանց վերաբերյալ եզրահանգումներ անելու առումով: Այլ կերպ` Վերաքննիչ դատարանը բավարարվել է միայն վերացական դատողություններ կատարելով ՀՀ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի կողմից 10.06.2013 թվականին իրականացված փորձաքննության` բազմակողմանի և օբյեկտիվ լինելու վերաբերյալ` որևէ փաստական հիմքով ըստ էության չհիմնավորելով իր դատողությունների էությունը:

Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի հետևությանն առ այն, որ ՀՀ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի 10.06.2013 թվականի թիվ 12-1854 եզրակացության արժանահավատությունը հիմնավորվում է նաև «Լեքսուս RX-330» մակնիշի 07 ՏԼ 700 հ/հ ավտոմոբիլի վարորդի կողմից` ՃԵԿ-ի 65-րդ և 66-րդ կետերի պահանջների խախտում և «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ կետի պահանջներին հակասող գործողություններ թույլ տրված չլինելու հանգամանքով, ապա Վճռաբեկ դատարանի գնահատմամբ Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ նշված եզրակացությամբ վարորդի կողմից թույլատրելի արագությամբ երթևեկելու և նրա կողմից ճանապարհային երթևեկության կանոնների և «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի պահանջներին հակասող գործողություններ թույլ տրված չլինելու հանգամանքը փորձագետը պայմանավորել է վթարի վայրում համապատասխան ճանապարհային նշանների բացակայությամբ: Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ առկա են իրար հակասող ապացույցներ, մասնավորապես` Ընկերության 20.09.2011 թվականի գրությունը, ՀՀ ոստիկանության Վայոց ձորի մարզի քննչական բաժնի քննիչ Պողոսյանի կողմից կազմված Ճանապարհատրանսպորտային դեպքի վայրի զննության մասին արձանագրությունը, Նախարարության աշխատակազմի ղեկավարի կողմից 25.09.2014 թվականի գրությունը, որպիսի պայմաններում ճանապարհային նշանի առկայության փաստը սույն գործով վիճելի է, հետևաբար նշված փաստի վիճելի լինելու դեպքում ևս ՀՀ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի 10.06.2013 թվականի թիվ 12-1854 եզրակացությամբ արված հետևությունները չէին կարող միանշանակ արժանահավատ գնահատվել:

Ավելին, Վերաքննիչ դատարանը, Դատարանի վճիռը բեկանելով և հայցը բավարարելով, որևէ կերպ չի անդրադարձել պատճառված վնասի համար պատասխանատվության պայմանների առկայությանը: Այսպես, Վերաքննիչ դատարանը չի մատնանշել Նախարարության կողմից թույլ տրված այն ոչ իրավաչափ անգործությունը, որի արդյունքում կարող էր խախտվել կամ խախտվել էր Համահայցվորների սուբյեկտիվ իրավունքը, որևէ գնահատական չի տվել առկա վնասի և Նախարարության կողմից թույլ տված ոչ իրավաչափ անգործության միջև պատճառահետևանքային կապի առկայությանը: Մասնավորապես` Վերաքննիչ դատարանի կողմից որևէ անդրադարձ չի կատարվել գործի լուծման համար նշանակություն ունեցող այն հանգամանքին, թե արդյոք Նախարարությունը որևէ պարտավորություն կրում է ճանապարհի տվյալ հատվածի երթևեկության կազմակերպման կահավորանքի, այդ թվում նաև` ճանապարհային նշանների ձեռքբերման, տեղադրման ու շահագործման հարցում, արդյոք վերջինս ոչ իրավաչափորեն թերացել է համապատասխան պարտականությունների կատարման հարցում և արդյոք այդ թերացման արդյունքում է տեղի ունեցել տվյալ վթարը:

Հետևաբար Վերաքննիչ դատարանի եզրահանգումը` հայցը հիմնավոր լինելու մասին, զուրկ է փաստական և իրավական հիմնավորումներից:

Վերոգրյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործում առկա իրարամերժ ապացույցներով չի հիմնավորվում ենթադրաբար պատճառված վնասի հատուցման հարցում Նախարարության կողմից ոչ իրավաչափ անգործության դրսևորումը, որը կարող էր հանգեցրած լինել վթարի առաջացմանը, որպիսի իրավաչափ եզրահանգման և եկել էր Դատարանը, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:

Վճռաբեկ բողոքների պատասխանում բերված փաստարկները հերքվում են վերը նշված պատճառաբանությամբ:

Այսպիսով, վճռաբեկ բողոքների հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը մասնակիորեն բեկանելու համար: Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանվում է միայն պատասխանողներից Նախարարության դեմ ներկայացված պահանջի բավարարման մասով, նկատի ունենալով, որ Վերաքննիչ դատարանի որոշումը վճռաբեկության կարգով բողոքարկվել է միայն վերջինիս կողմից:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով սահմանված` առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Առաջին ատյանի դատարանի վճռին մասնակիորեն օրինական ուժ տալիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլխի կանոններին համապատասխան: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` բողոքարկված դատական ակտը բեկանելու և փոփոխելու դեպքում վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարանը եզրափակիչ դատական ակտով գործին մասնակցող անձանց միջև վերաբաշխում է դատական ծախսերը` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլխի կանոնների համաձայն:

Սույն գործով նկատի ունենալով, որ վճռաբեկ բողոքների բավարարման արդյունքում Վերաքննիչ դատարանի դատական ակտը ենթակա է մասնակիորեն բեկանման և մասնակիորեն օրինական ուժ է տրվում Դատարանի 22.09.2017 թվականի վճռին, Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի իրավակարգավորումը, գտնում է, որ Պատվական Հայրապետյանից հօգուտ ՀՀ ֆինանսների նախարարության և Նախարարության պետք է բռնագանձել 265.500-ական ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքների համար նախապես վճարված պետական տուրքի հատուցման գումար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքները բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 27.06.2018 թվականի որոշման` ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից հօգուտ Պատվական Հայրապետյանի համապարտության կարգով 8.850.000 ՀՀ դրամ` որպես պատճառված վնասի հատուցում, 177.000 ՀՀ դրամ` որպես հայցադիմումը դատարան ներկայացնելու համար նախապես վճարված պետական տուրքի գումար և 265.500 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոք ներկայացնելու համար չվճարված պետական տուրքի գումար ՀՀ պետական բյուջե գանձելու մասերը, ու ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության դեմ ուղղված պահանջը մերժելու մասով օրինական ուժ տալ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 22.09.2017 թվականի վճռին:

2. Պատվական Հայրապետյանից հօգուտ ՀՀ ֆինանսների նախարարության ու ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության բռնագանձել 265.500-ական ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքների համար նախապես վճարված պետական տուրքի հատուցման գումար:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող Ռ. Հակոբյան

Զեկուցող  Գ. Հակոբյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Ե. Խունդկարյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
01.10.2019
N ԵԿԴ/4733/02/14
Որոշում