Սեղմել Esc փակելու համար:
ԱՐԴՅՈ՞Ք ԻՐԱՎԱՉԱՓ Է ԴԱՏԱՐԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԿՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՐԴՅՈ՞Ք ԻՐԱՎԱՉԱՓ Է ԴԱՏԱՐԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԿՐԿՆԱԿԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԻՋՆՈՐԴՈՒԹ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական                Քաղաքացիական գործ

    դատարանի որոշում                         թիվ ԵԱԴԴ/3172/02/15

    Քաղաքացիական գործ թիվ ԵԱԴԴ/3172/02/15    2019 թ.

Նախագահող դատավոր` Ա. Խառատյան

    Դատավորներ`        Մ. Հարթենյան

                       Կ. Չիլինգարյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

(1-ին մաս)

 

նախագահող Ռ. Հակոբյան

զեկուցող  Է. Սեդրակյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Տ. Պետրոսյան

 

2019 թվականի նոյեմբերի 15-ին

գրավոր ընթացակարգով քննելով «Էքսպրես Կրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի (այսուհետ` Ընկերություն) ներկայացուցիչ Մարիամ Ղուլյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25.07.2018 թվականի որոշման դեմ` ըստ Ընկերության հայցի ընդդեմ Համլետ Հովսեփյանի, Վարդան Հովսեփյանի, «Վենտմայն» ՍՊԸ-ի, ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ Կարինե Հովսեփյանի` գումարի բռնագանձման, բռնագանձումը գրավադրված գույքերի վրա տարածելու պահանջների մասին և ըստ Համլետ Հովսեփյանի, Վարդան Հովսեփյանի հակընդդեմ հայցի ընդդեմ Ընկերության` գումարի բռնագանձման, հաշվանց կատարելու, պայմանագրի դադարման մասին փաստաթղթեր տրամադրելուն պարտավորեցնելու, ընկերության գրավի իրավունքը գրավով ապահովված պահանջի դադարման հիմքով դադարեցնելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է Համլետ և Վարդան Հովսեփյաններից համապարտության կարգով բռնագանձել 46.572 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, որից` 37.951,90 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ` վարկի մնացորդ, 3.841,34 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ` հաշվարկված տոկոս, 1.598,82 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ` հաշվարկված ժամկետանց գումարի տոկոս, 2.712,64 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ` ժամկետանց գումարի տույժ, 467,30 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ` ժամկետանց տոկոսի տույժ, ինչպես նաև սկսած 04.12.2015 թվականից մինչև պարտավորության կատարման օրը թիվ 73/11ՀՎ վարկային և թիվ 7311ՀՎ երաշխավորության պայմանագրերով սահմանված կարգով հաշվարկվող տոկոսների, ժամկետանց գումարի տոկոսի, ժամկետանց գումարի տույժի, ժամկետանց տոկոսի տույժի գումարները, միաժամանակ բռնագանձումը, ի թիվս պատասխանողների այլ գույքերի, տարածելով գրավադրված անշարժ գույքի վրա: «Վենտմայն» ՍՊԸ-ից և Համլետ Հովսեփյանից համապարտության կարգով բռնագանձել 26.541,92 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, որից` 22.738,75 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ` վարկի մնացորդ, 1.951,78 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ` հաշվարկված տոկոս, 604,39 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ` հաշվարկված ժամկետանց գումարի տոկոս, 1.092,11 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ` ժամկետանց գումարի տույժ, 154,89 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ` ժամկետանց տոկոսի տույժ, 39.652,55 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, որից` 34.216 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ` վարկի մնացորդ, 3.173,98 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ` հաշվարկված տոկոս, 695,51 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ` հաշվարկված ժամկետանց գումարի տոկոս, 1.317,18 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ` ժամկետանց գումարի տույժ, 249,88 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ` ժամկետանց տոկոսի տույժ, ինչպես նաև սկսած 04.12.2015 թվականից մինչև պարտավորության կատարման օրը թիվ 128/11ԳԱԲ վարկային, թիվ 12811ԳԱԲ երաշխավորության, թիվ 136/11ԳԱԲ վարկային, թիվ 13611ԳԱԲ երաշխավորության պայմանագրերով սահմանված կարգով հաշվարկվող տոկոսների, ժամկետանց գումարի տոկոսի, ժամկետանց գումարի տույժի, ժամկետանց տոկոսի տույժի գումարները, միաժամանակ բռնագանձումը, ի թիվս պատասխանողների այլ գույքերի, տարածելով գրավադրված անշարժ գույքի վրա:

Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Համլետ և Վարդան Հովսեփյանները պահանջել են Ընկերությունից բռնագանձել 7.415,4 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, 12.000.000 ՀՀ դրամ և կատարել հաշվանց սկզբնական հայցով ներկայացված գումարի բռնագանձման պահանջի հետ, տրամադրել թիվ 73/11, թիվ 128/11, թիվ 224/11 պայմանագրերի դադարման մասին փաստաթղթերը, ինչպես նաև դադարեցնել Համլետ Հովսեփյանին պատկանող` ք. Երևան, Նոյ թաղամաս, թիվ 31/3 հասցեում գտնվող 381,7քմ մակերեսով բնակելի տան և 3.042,7քմ մակերեսով հողամասի նկատմամբ Ընկերության գրավի իրավունքը` գրավով ապահովված պահանջի դադարման հիմքով:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Գ. Թորոսյան) (այսուհետ` Դատարան) 06.03.2018 թվականի վճռով գործի վարույթն ըստ Ընկերության հայցի ընդդեմ Համլետ Հովսեփյանի, Վարդան Հովսեփյանի, «Վենտմայն» ՍՊԸ-ի, ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ Կարինե Հովսեփյանի` գրավի առարկան չբավարարելու դեպքում բռնագանձումը պատասխանողների այլ գույքի վրա տարածելու մասով, կարճվել է, հայցը` մնացած մասով, բավարարվել է, իսկ հակընդդեմ հայցը` մերժվել:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 25.07.2018 թվականի որոշմամբ Համլետ Հովսեփյանի, Վարդան Հովսեփյանի, «Վենտմայն» ՍՊԸ-ի վերաքննիչ բողոքները բավարարվել են` Դատարանի 06.03.2018 թվականի վճիռը մասնակի` Ընկերության հայցը բավարարելու, Վարդան Հովսեփյանի և Համլետ Հովսեփյանի հակընդդեմ հայցը մերժելու, համապատասխանաբար դատական ծախսերի մասերով, բեկանվել է, և գործն այդ մասերով ուղարկվել է նոր քննության: Վճիռը` մնացած մասով, թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերության ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան են ներկայացրել Համլետ և Վարդան Հովսեփյանները:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է առաջին ատյանում գործի քննության ժամանակ գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ, 48-րդ, 53-րդ, 60-րդ, 611-րդ և 62-րդ հոդվածները, 09.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 381-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը չի իրականացրել ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտում:

Մասնավորապես` Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ փորձագետի եզրակացություն հանդիսացող փաստաթղթի վերնագրին որևէ օրենսդրական պահանջ ներկայացված չէ, ուստի սույն քաղաքացիական գործով «Բեյքեր Թիլլի Արմենիա» ՓԲԸ-ի կողմից կազմված եզրակացության անվանումը` «Արձանագրություն», որևէ նորմի խախտում չէ:

Բացի այդ, ըստ էության ճիշտ եզրակացության պարագայում զուտ վերնագրի հետ կապված որևէ հետևանք օրենսդիրը չի նախատեսում և դա հանդիսանում է բացառապես ձևական հանգամանք: Ինչ վերաբերում է փորձագետի եզրակացության բովանդակությանը ներկայացվող օրենսդրական պահանջներին, ապա եզրակացությունում հստակ նշվել են առաջադրված հարցերի պատասխանները, ինչպես նաև հետազոտությունների արդյունքում արված հետևությունները: Միաժամանակ թե՛ եզրակացության հիմնական տեքստում, թե՛ կցված երկու հավելվածների միջոցով մանրամասն ներկայացված են կատարված հաշվարկները, ուստի կատարված հետազոտությունների մանրամասն նկարագրությունը եզրակացությունում նույնպես առկա է: Նման պայմաններում անհասկանալի է Վերաքննիչ դատարանի այն հետևությունը, որ հետազոտությունների մանրամասն նկարագրություն եզրակացությունում ներկայացված չէ:

Ավելին, Վերաքննիչ դատարանն անտեսել է այն, որ փորձագետները, դատարան ներկայանալով, ինչպես նաև գրավոր դիմում ներկայացնելով, նշել են, թե ինչ մեթոդներով են իրականացրել փորձաքննությունը: Հետևաբար ակնհայտ է, որ կողմը չի ներկայացրել եզրակացության արժանահավատության և հիմնավորվածության վերաբերյալ որևէ օբյեկտիվ կասկած, որևէ փաստ, որը կվկայեր, որ փորձագետների կողմից կատարված հաշվարկները և դրանց արդյունքում կատարված հետևությունները հիմնավոր չեն:

Վերաքննիչ դատարանը որևէ կերպ չի պատճառաբանել, թե ինչու ներկայացված եզրակացությունը չի համապատասխանում թույլատրելիության և արժանահավատության պահանջներին: Մասնավորապես` Վերաքննիչ դատարանի կողմից որևէ եզրահանգում չի կատարվել փորձաքննությունն իրականացնող անձի որակավորման և ձեռնհասության, նշված անձի օբյեկտիվության, սահմանված դատավարական կարգի պահպանված լինելու, հետազոտության ընթացքի և արդյունքների պատշաճ դատավարական ձևակերպման հետ կապված: Նմանապես որևէ եզրահանգում չի կատարվել նաև փորձաքննության ընթացքում կիրառված մեթոդների գիտական հիմնավորվածության աստիճանի, փորձաքննությանը տրամադրված նյութի որակի և բավարարության, ելակետային տվյալների բնույթի, փորձագետի հետևությունների փաստարկվածության աստիճանի, գործին մասնակցող անձանց` փորձաքննությանը ներկա գտնվելու իրական հնարավորության հետ կապված:

Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև, որ Դատարանին հաջողվել է դատական նիստի ընթացքում վերացնել եզրակացության արժանահավատության և հիմնավորվածության, ինչպես նաև ՀՀ «Փորձաքննության ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի կողմից տրված եզրակացությանը հակասելու վերաբերյալ բոլոր օբյեկտիվորեն հնարավոր կասկածները, ինչի արդյունքում վերացել է կրկնակի փորձաքննություն նշանակելու անհրաժեշտությունը:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 25.07.2018 թվականի որոշումը` ամբողջությամբ օրինական ուժ տալով Դատարանի 06.03.2018 թվականի վճռին:

2.1. Համլետ և Վարդան Հովսեփյանների վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները.

Վերաքննիչ դատարանի 25.07.2018 թվականի որոշումը հիմնավոր է, կայացվել է նյութական և դատավարական իրավունքի նորմերի պահանջներին համապատասխան:

Սույն գործով Ընկերության գործողությունները ձևականորեն են և իրականացվում են այնպես, որ ակնհայտորեն վնաս են պատճառում պատասխանողներին: Այսինքն` Ընկերությունը թույլ է տալիս իր իրավունքների չարաշահում, որպիսի պայմաններում վճռաբեկ բողոքը ենթակա է մերժման:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1.1) 11.04.2011 թվականին Ընկերության և Համլետ Հովսեփյանի (վարկառու) միջև կնքված թիվ 73/11ՀՎ վարկային պայմանագրի համաձայն` Ընկերությունը Համլետ Հովսեփյանին տրամադրել է 130.000 ԱՄՆ դոլար հիփոթեքային վարկ` ք. Երևան, Մալաթիա-Սեբաստիա համայնք, Նոյ թաղամաս, թիվ 31/3 տան վերանորոգման նպատակով, 60 ամիս ժամկետով` մինչև 11.04.2016 թվականը ներառյալ (հատոր 4-րդ, գ.թ. 36-37):

1.2) 11.04.2011 թվականին Վարդան Հովսեփյանի (երաշխավոր), Ընկերության (պարտատեր) և Համլետ Հովսեփյանի (պարտապան), միջև կնքված թիվ 7311ՀՎ երաշխավորության պայմանագրի համաձայն` Վարդան Հովսեփյանը և Համլետ Հովսեփյանը Ընկերության առջև կրում են համապարտ պատասխանատվություն թիվ 73/11ՀՎ վարկային պայմանագրով նախատեսված պարտավորությունների չկատարման կամ անպատշաճ կատարման համար (հատոր 4-րդ, գ.թ. 2):

1.3) 11.04.2011 թվականին Ընկերության (գրավառու) և Համլետ Հովսեփյանի (գրավատու և վարկառու) միջև կնքված թիվ 73/11ԳՀՎ հիփոթեքի (հաջորդող գրավի) պայմանագրի համաձայն` Համլետ Հովսեփյանը գրավադրել է իր սեփականությունը հանդիսացող բնակելի տունը և հողամասը, որը գտնվում է ք. Երևան, Մալաթիա-Սեբաստիա համայնք, Նոյ թաղամաս, թիվ 31/3 տուն հասցեում` ի ապահովումն թիվ 73/11ՀՎ վարկային պայմանագրով Համլետ Հովսեփյանի մոտ առաջացած պարտավորությունների կատարման (հատոր 4-րդ, գ.թ. 55-57):

1.4) 13.04.2011 թվականի գրավի, հիփոթեքի իրավունքի գրանցման թիվ 0240383 վկայականի համաձայն` ք. Երևան, Մալաթիա-Սեբաստիա համայնք, Նոյ թաղամաս, թիվ 31/3 բնակելի տան նկատմամբ 11.04.2011 թվականի պայմանագրի հիման վրա գրանցվել է Ընկերության գրավի իրավունքը (հատոր 4-րդ, գ.թ. 58):

2.1) 28.06.2011 թվականին Ընկերության և «Վետմայն» ՍՊԸ-ի (վարկառու) միջև կնքված թիվ 128/11ԳԱԲ վարկային պայմանագրի համաձայն` Ընկերությունը «Վետմայն» ՍՊԸ-ին տրամադրել է 100.016 ԱՄՆ դոլար բիզնես վարկ` պաշարների հաստատման և հանքաքարի մշակման գործընթացի կազմակերպման նպատակով, 60 ամիս ժամկետով` մինչև 28.06.2016 թվականը ներառյալ (հատոր 4-րդ, գ.թ. 9-11):

2.2) 28.06.2011 թվականին Համլետ Հովսեփյանի (երաշխավոր), Ընկերության (պարտատեր) և «Վետմայն» ՍՊԸ-ի (պարտապան) միջև կնքված թիվ 12811ԳԱԲ երաշխավորության պայմանագրի համաձայն` Համլետ Հովսեփյանը և «Վետմայն» ՍՊԸ-ն Ընկերության առջև կրում են համապարտ պատասխանատվություն թիվ 128/11ԳԱԲ վարկային պայմանագրով նախատեսված պարտավորությունների չկատարման կամ անպատշաճ կատարման համար (հատոր 4-րդ, գ.թ. 1):

2.3) 28.06.2011 թվականին Ընկերության (գրավառու), Համլետ Հովսեփյանի (գրավատու) և «Վետմայն» ՍՊԸ-ի (վարկառու) միջև կնքված թիվ 128/11ԳԱԲ հիփոթեքի (հաջորդող գրավի) պայմանագրի համաձայն` Համլետ Հովսեփյանը գրավադրել է իր սեփականությունը հանդիսացող բնակելի տունը և հողամասը, որը գտնվում է ք. Երևան, Մալաթիա-Սեբաստիա համայնք, Նոյ թաղամաս, թիվ 31/3 տուն հասցեում` ի ապահովումն թիվ 128/11ԳԱԲ վարկային պայմանագրով «Վետմայն» ՍՊԸ-ի մոտ առաջացած պարտավորությունների կատարման (հատոր 4-րդ, գ.թ. 12-15):

2.4) 01.07.2011 թվականի գրավի, հիփոթեքի իրավունքի գրանցման թիվ 0205830 վկայականի համաձայն` ք. Երևան, Մալաթիա-Սեբաստիա համայնք, Նոյ թաղամաս, թիվ 31/3 բնակելի տան նկատմամբ 28.06.2011 թվականի պայմանագրի հիման վրա գրանցվել է Ընկերության գրավի իրավունքը (հատոր 4-րդ, գ.թ. 16):

2.5) 09.07.2011 թվականին Ընկերության (գրավառու), Համլետ Հովսեփյանի և Կարինե Հովսեփյանի (գրավատուներ) միջև կնքված թիվ 128/11աԳԱԲ հիփոթեքի պայմանագրի համաձայն` Համլետ Հովսեփյանը և Կարինե Հովսեփյանը գրավադրել են իրենց սեփականությունը հանդիսացող հողամասը, ռեստորանը և պահեստները, որոնք գտնվում են ք. Երևան, Դավթաշեն համայնք, Եղվարդի խճուղի թիվ 8/2 ռեստորանի տարածք հասցեում` ի ապահովումն թիվ 128/11ԳԱԲ վարկային պայմանագրով «Վետմայն» ՍՊԸ-ի պարտավորությունների կատարման (հատոր 4-րդ, գ.թ. 26-29):

2.6) 13.07.2011 թվականի գրավի, հիփոթեքի իրավունքի գրանցման թիվ 0200709 վկայականի համաձայն` ք. Երևան, Դավթաշեն համայնք, Եղվարդի խճուղի թիվ 8/2 ռեստորանի նկատմամբ 09.07.2011 թվականի պայմանագրի հիման վրա գրանցվել է Ընկերության գրավի իրավունքը (հատոր 4-րդ, գ.թ. 30-32):

3.1) 14.07.2011 թվականին Ընկերության և «Վետմայն» ՍՊԸ-ի (վարկառու) միջև կնքված թիվ 136/11ԳԱԲ վարկային պայմանագրի համաձայն` Ընկերությունը «Վետմայն» ՍՊԸ-ին տրամադրել է 150.024 ԱՄՆ դոլար բիզնես վարկ` պաշարների հաստատման և հանքաքարի մշակման գործընթացի կազմակերպման նպատակով, 60 ամիս ժամկետով` մինչև 14.07.2016 թվականը ներառյալ (հատոր 4-րդ, գ.թ. 33-35):

3.2) 14.07.2011 թվականին Համլետ Հովսեփյանի (երաշխավոր), Ընկերության (պարտատեր) և «Վետմայն» ՍՊԸ-ի (պարտապան) միջև կնքված թիվ 13611ԳԱԲ երաշխավորության պայմանագրի համաձայն` Համլետ Հովսեփյանը և «Վետմայն» ՍՊԸ-ն Ընկերության առջև կրում են համապարտ պատասխանատվություն թիվ 136/11ԳԱԲ վարկային պայմանագրով նախատեսված պարտավորությունների չկատարման կամ անպատշաճ կատարման համար (հատոր 4-րդ, գ.թ. 3):

3.3) 14.07.2011 թվականին Ընկերության (գրավառու), Համլետ Հովսեփյանի, Կարինե Հովսեփյանի (գրավատուներ) և «Վետմայն» ՍՊԸ-ի (վարկառու) միջև կնքված թիվ 136/11ԳԱԲ հիփոթեքի (հաջորդող գրավի) պայմանագրի համաձայն` Համլետ Հովսեփյանը և Կարինե Հովսեփյանը գրավադրել են իրենց սեփականությունը հանդիսացող հողամասը, ռեստորանը և պահեստները, որոնք գտնվում են ք. Երևան, Դավթաշեն համայնք, Եղվարդի խճուղի թիվ 8/2 ռեստորանի տարածք հասցեում` ի ապահովումն թիվ 136/11ԳԱԲ վարկային պայմանագրով «Վետմայն» ՍՊԸ-ի պարտավորությունների կատարման (հատոր 4-րդ, գ.թ. 48-51):

3.4) 19.07.2011 թվականի գրավի, հիփոթեքի իրավունքի գրանցման թիվ 0200744 վկայականի համաձայն` ք. Երևան, Դավթաշեն համայնք, Եղվարդի խճուղի թիվ 8/2 ռեստորանի նկատմամբ 09.07.2011 թվականի և 14.07.2011 թվականի պայմանագրերի հիման վրա գրանցվել է Ընկերության գրավի իրավունքը (հատոր 4-րդ, գ.թ. 52):

3.5) 07.04.2015 թվականին Ընկերության և «Վետմայն» ՍՊԸ-ի (վարկառու) միջև կնքված համաձայնագրով դադարեցվել է Ընկերության գրավի իրավունքը ք. Երևան, Դավթաշեն համայնք, Եղվարդի խճուղի թիվ 8/2 ռեստորանի տարածք հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ (հատոր 4-րդ, գ.թ. 40):

3.6) 07.04.2015 թվականին Ընկերության (գրավառու), Համլետ Հովսեփյանի, (գրավատու) և «Վետմայն» ՍՊԸ-ի (վարկառու) միջև կնքված թիվ 136/11աԳԱԲ և 224/11աԳԱԲ հիփոթեքի (հաջորդող գրավի) պայմանագրի համաձայն` Համլետ Հովսեփյանը գրավադրել է իր սեփականությունը հանդիսացող անշարժ գույքը, որը գտնվում է ք. Երևան, Մալաթիա-Սեբաստիա համայնք, Նոյ թաղամաս, թիվ 31/3 տուն հասցեում` ի ապահովումն թիվ 136/11ԳԱԲ և թիվ 224/11ԳԱԲ վարկային պայմանագրերով «Վետմայն» ՍՊԸ-ի մոտ առաջացած պարտավորությունների կատարման (հատոր 4-րդ, գ.թ. 4-11):

3.7) 11.04.2015 թվականի անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 11042015-01-0036 վկայականի համաձայն` Երևան, Մալաթիա-Սեբաստիա, Նոյ թաղամաս 31/3 բնակելի տան նկատմամբ 07.04.2015 թվականի հիփոթեքի (հաջորդող գրավի) պայմանագրի հիման վրա գրանցվել է Ընկերության գրավի իրավունքը (հատոր 4-րդ, գ.թ. 8):

4) 26.10.2016 թվականին հակընդդեմ հայցվոր Համլետ Հովսեփյանը ներկայացրել է «Փորձաքննություն նշանակելու մասին» միջնորդություն, այն հիմնավորմամբ, որ «թիվ 13136614 քրեական գործի շրջանակներում Երևան քաղաքի քննչական վարչության ավագ քննիչ Հ. Վ. Սարգսյանի 02.11.2015 թվականի որոշմամբ նշանակվել էր հանձնաժողովային դատահաշվապահական և ֆինանսատնտեսական համալիր փորձաքննություն: Մինչդեռ փորձագիտական եզրակացությամբ պատասխան չի տրվել այն հարցերին, թե որքանով է սխալ հաշվարկված Համլետ Հովսեփյանի և «Վետմայն» ՍՊԸ-ի վճարման պարտավորությունները Ընկերության նկատմամբ: Բացի այդ, ըստ ներկայացված հակընդդեմ հայցի հակընդդեմ հայցվոր կողմը պնդում է, որ ամբողջությամբ կատարել է Ընկերության նկատմամբ ունեցած բոլոր պարտավորությունները և հակընդդեմ հայցով պատասխանողը պետք է իրեն գումար վճարի` ներկայացնելով համապատասխան հաշվարկներ: Նման պայմաններում սույն քաղաքացիական գործի քննության ընթացքում առաջացել են հարցեր, որոնց պարզման համար պահանջվում են հատուկ գիտելիքներ դատահաշվապահական և ֆինանսատնտեսական բնագավառում» (հատոր 3-րդ, գ.թ. 105-109):

5) Դատարանի 22.11.2016 թվականի «Դատահաշվապահական և ֆինանսատնտեսական համալիր փորձաքննություն նշանակելու և գործի վարույթը կասեցնելու մասին» որոշմամբ բավարարվել է հակընդդեմ հայցվորի «Փորձաքննություն նշանակելու մասին» միջնորդությունը և նշանակվել է դատահաշվապահական և ֆինանսատնտեսական համալիր փորձաքննություն, որի կատարումը հանձնարարվել է «Բեյքեր Թիլլի Արմենիա» ՓԲԸ-ին: Փորձագետներին առաջադրվել են հետևյալ հարցերը.

Հարց 1. Որքա՞ն վարկ է տրամադրվել Ընկերության կողմից թիվ 73/11ՀՎ, թիվ 128/11ԳԱԲ և թիվ 136/11ԳԱԲ վարկային պայմանագրերի շրջանակում Համլետ Հովսեփյանին և «Վենտմայն» ՍՊԸ-ին (միասին և առանձին):

Հարց 2. Որքա՞ն վճարումներ են կատարվել Համլետ Հովսեփյանի, «Վենտմայն» ՍՊԸ-ի կամ ցանկացած երրորդ անձի կողմից Ընկերությանը` Համլետ Հովսեփյանի և «Վենտմայն» ՍՊԸ-ի թիվ 73/11ՀՎ, թիվ 128/11ԳԱԲ և թիվ 136/11ԳԱԲ վարկային պայմանագրերի շրջանակներում վարկային պարտավորությունները կատարելու համար (ըստ յուրաքանչյուր պայմանագրի և ընդհանուր առմամբ):

Հարց 3. Ըստ թիվ 73/11ՀՎ, թիվ 128/11ԳԱԲ և թիվ 136/11ԳԱԲ վարկային պայմանագրերի` որքա՞ն է կազմում վարկառուներ Համլետ Հովսեփյանի և «Վենտմայն» ՍՊԸ-ի պարտքը (միասին և առանձին)` վարկի մայր գումարը, տոկոսը, տուժանքը Ընկերության կողմից դատարան դիմելու օրվա դրությամբ (ըստ յուրաքանչյուր վարկային պայմանագրի և ընդհանուր առմամբ):

Հարց 4. Ըստ թիվ 73/11ՀՎ, թիվ 128/11ԳԱԲ և թիվ 136/11ԳԱԲ վարկային պայմանագրերի` որքա՞ն է կազմում վարկառուներ Համլետ Հովսեփյանի և «Վենտմայն» ՍՊԸ-ի պարտքը (միասին և առանձին)` վարկի մայր գումարը, տոկոսը, տուժանքը «Բեյքեր Թիլլի Արմենիա» ՓԲԸ-ի կողմից փորձագիտական եզրակացություն տալու օրվա դրությամբ (ըստ յուրաքանչյուր վարկային պայմանագրի և ընդհանուր առմամբ) (հատոր 4-րդ, գ.թ. 85-89):

6) «Բեյքեր Թիլլի Արմենիա» ՓԲԸ-ի կողմից 03.05.2017 թվականին Դատարան է ներկայացվել «Արձանագրություն» վերնագրված 17.03.2017 թվականի փորձագիտական եզրակացությունը, որով Դատարանի կողմից առաջադրված վերոհիշյալ հարցերի կապակցությամբ հայտնվել է հետևյալը.

Հարց 1-ի պատասխան. Ընկերությունը թիվ 73/11ՀՎ, թիվ 128/11ԳԱԲ և թիվ 136/11ԳԱԲ վարկային պայմանագրերի շրջանակում տրամադրել է համապատասխանաբար 130.000 ԱՄՆ դոլար, 100.016 ԱՄՆ դոլար և 150.024 ԱՄՆ դոլար վարկեր: Համլետ Հովսեփյանին և «Վենտմայն» ՍՊԸ-ին վերոհիշատակված պայմանագրերով տրամադրվել է ընդամենը 380.040 ԱՄՆ դոլարի վարկ (130.000+100.016+150.024):

Հարց 2-ի պատասխան. Թիվ 73/11ՀՎ, թիվ 128/11ԳԱԲ և թիվ 136/11ԳԱԲ վարկային պայմանագրերի շրջանակում Համլետ Հովսեփյանի, «Վենտմայն» ՍՊԸ-ի կամ ցանկացած երրորդ անձի կողմից Ընկերությանը կատարած վճարումները փորձագիտական եզրակացություն տալու օրվա դրությամբ կազմել են համապատասխանաբար 171.212 ԱՄՆ դոլար, 138.794 ԱՄՆ դոլար և 206.368 ԱՄՆ դոլար, ընդամենը` 516.374 ԱՄՆ դոլար (171.212+138.794+206.368):

Հարց 3-ի պատասխան. Ընկերության կողմից դատարան դիմելու օրվա դրությամբ

(15.08.2015 թվական) Համլետ Հովսեփյանի և «Վենտմայն» ՍՊԸ-ի պարտքը Ընկերության նկատմամբ կազմել է.

Համաձայն թիվ 73/11ՀԿ պայմանագրի`

վարկի մայր գումար` 8.692 ԱՄՆ դոլար,

տոկոս` 2.357 ԱՄՆ դոլար,

տուժանք` 973 ԱՄՆ դոլար,

ընդամենը` 12.022 ԱՄՆ դոլար,

Համաձայն թիվ 128/11ԳԱԲ պայմանագրի`

վարկի մայր գումար` 3.092 ԱՄՆ դոլար,

տոկոս` 704 ԱՄՆ դոլար,

տուժանք` 70 ԱՄՆ դոլար,

ընդամենը` 3.866 ԱՄՆ դոլար,

Համաձայն թիվ 136/11ԳԱԲ պայմանագրի`

վարկի մայր գումար` 2.632 ԱՄՆ դոլար,

տոկոս` 1.146 ԱՄՆ դոլար,

տուժանք` 108 ԱՄՆ դոլար,

ընդամենը` 3.886 ԱՄՆ դոլար:

3 պայմանագրերի գծով ընդհանուր պարտավորությունը կազմում է ընդամենը 19.774 (12.022+3.866+3.886) ԱՄՆ դոլար, որից`

վարկի մայր գումար` 14.416 ԱՄՆ դոլար (8.692+3.092+2.632),

վարկի տոկոս` 4.207 ԱՄՆ դոլար (2.357+704+1.146),

վարկի տուժանք` 1.151 ԱՄՆ դոլար (973+70+108):

Հարց 4-ի պատասխան. Փորձագիտական եզրակացություն տալու` 17.03.2017 թվականի դրությամբ Համլետ Հովսեփյանի և «Վենտմայն» ՍՊԸ-ի պարտավորությունները կազմում են`

Համաձայն թիվ 73/11ՀՎ պայմանագրի`

վարկի մայր գումար` 37.971 ԱՄՆ դոլար,

տոկոս` 4.510 ԱՄՆ դոլար,

տուժանք` 34.569 ԱՄՆ դոլար,

ընդամենը` 77.050 ԱՄՆ դոլար:

Համաձայն թիվ 128/11ԳԱԲ պայմանագրի`

վարկի մայր գումար` 22.738 ԱՄՆ դոլար,

տոկոս` 2.786 ԱՄՆ դոլար,

տուժանք` 20.032 ԱՄՆ դոլար,

ընդամենը` 45.557 ԱՄՆ դոլար:

Համաձայն թիվ 136/11ԳԱԲ պայմանագրի`

վարկի մայր գումար` 34.216 ԱՄՆ դոլար,

տոկոս` 4.790 ԱՄՆ դոլար,

տուժանք` 27.068 ԱՄՆ դոլար,

ընդամենը` 66.074 ԱՄՆ դոլար:

3 պայմանագրերի գծով ընդհանուր պարտավորությունը կազմում է ընդամենը 188.680 (94.925+12.086+81.669) ԱՄՆ դոլար, որից`

վարկի մայր գումար` 94.925 ԱՄՆ դոլար (37.971+22.738+34.216),

վարկի տոկոս` 12.086 ԱՄՆ դոլար (4.510+2.786+4.790),

վարկի տուժանք` 81.669 ԱՄՆ դոլար (34,569+20,032+27,068) (հատոր 5-րդ, գ.թ. 12-24):

7) Պատասխանող Համլետ Հովսեփյանի ներկայացուցիչը, պատճառաբանելով, որ դատարան ներկայացված «Արձանագրություն» վերնագրված փաստաթուղթը չի համապատասխանում փորձագետի եզրակացությանը ներկայացվող պահանջներին, այն է` եզրակացությունում բացակայում է նշում կիրառված մեթոդների մասին, 24.07.2017 թվականին կայացած նախնական դատական նիստի ընթացքում միջնորդություն է ներկայացրել կրկնակի փորձաքննություն նշանակելու վերաբերյալ (հիմք` դատական նիստի արձանագրություն, հատոր 5-րդ, գ.թ. 60-62, լազերային կրիչ` հատոր 7-րդ, գ.թ. 30ա):

8) Դատարանը 08.08.2017 թվականի որոշմամբ մերժել է կրկնակի փորձաքննություն նշանակելու վերաբերյալ Համլետ Հովսեփյանի ներկայացուցչի միջնորդությունը: Մասնավորապես, Դատարանը, հիմք ընդունելով գործի քննության ժամանակ գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածի 3-րդ կետը, պատճառաբանել է, որ «ելնելով արդարադատության արդյունավետության շահերից` փորձագիտական եզրակացության անհստակությունները պետք է առաջնային վերացվեն այդ եզրակացությունը ներկայացրած փորձագետին բանավոր բացատրություններ տալու համար դատական նիստին հրավիրելու եղանակով: Այսինքն, (...) եզրակացությունում կիրառված մեթոդների վերաբերյալ նշման բացակայությունը կարող է հիմք հանդիսանալ Դատարանի կողմից կրկնակի փորձաքննություն նշանակելու համար այն դեպքում, երբ կսպառվի կատարված հետազոտության մեթոդների վերհանման օրենսդրի կողմից սահմանված հնարավորությունը» (հատոր 5-րդ, գ.թ. 71-72):

9) «Բեյքեր Թիլլի Արմենիա» ՓԲԸ-ի տնօրեն Փառանձեմ Գևորգյանի կողմից Դատարանին հասցեագրված 27.11.2017 թվականի գրությամբ հայտնվել է, որ սույն գործով հաշվապահական և ֆինանսատնտեսական համալիր փորձաքննությունն իրականացվել է փաստաթղթային ստուգման մեթոդով, որն իր մեջ ներառել է ուսումնասիրությունն ըստ ձևի, թվաբանական և ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված օրենքների, ՀՀ կենտրոնական բանկի կողմից ընդունված նորմատիվ ակտերի համապարփակ և անկողմնակալ կիրառմամբ: Փաստաթղթային ստուգման մեթոդի կիրառման գերակայությունը հաշվի առնելու արդյունքում նաև կիրառվել և համադրվել են թիվ ԵԱԴԴ/3172/02/15 քաղաքացիական գործին առնչվող բոլոր ելակետային տվյալները, նրանց ծագման բնույթը, փաստարկվածության աստիճանը` նրանց նկատմամբ կիրառելով ՀՀ գործող օրենքները և ՀՀ կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերը, որոնք թեկուզ շատ չնչին կարող էին առնչվել թիվ ԵԱԴԴ/3172/02/15 քաղաքացիական գործի փորձագիտական վերլուծությանը (հատոր 6-րդ, գ.թ. 46-47):

10) 27.11.2017 թվականին կայացած նախնական դատական նիստի ընթացքում «Բեյքեր Թիլլի Արմենիա» ՓԲԸ-ի տնօրեն Փառանձեմ Գևորգյանը, փորձագետ Մերի Պոնամարևան, արձանագրող Շուշան Թաշչիյանը Դատարանի կողմից նախազգուշացվել են ՀՀ քրեական օրենսգրքի 338-րդ հոդվածով նախատեսված քրեական պատասխանատվության մասին` քաղաքացիական դատավարության գործով փորձագետի կողմից ակնհայտ կեղծ եզրակացություն տալու համար: Դատական նիստի ընթացքում ի պատասխան պատասխանող կողմի ներկայացուցչի այն հարցին, թե ի՞նչ մեթոդ է կիրառվել «Արձանագրություն» վերնագրված 17.03.2017 թվականի փորձագիտական եզրակացությունը կազմելիս, «Բեյքեր Թիլլի Արմենիա» ՓԲԸ-ի տնօրեն Փառանձեմ Գևորգյանը հայտնել է, որ սույն գործով հաշվապահական և ֆինանսատնտեսական համալիր փորձաքննությունն իրականացվել է փաստաթղթային ստուգման մեթոդով, իսկ «ի՞նչ գիտական հիմնավորվածություն ունի տվյալ մեթոդը» հարցին` պատասխանվել է` «լիովին»: Միաժամանակ, Դատարանի այն հարցին, թե ի՞նչ մեթոդ է կիրառվել և ի՞նչ է այն իրենից ներկայացնում, Փառանձեմ Գևորգյանը նշել է, որ տրված եզրակացությամբ կիրառվել է փաստաթղթային և թվաբանական մեթոդը: Մասնավորապես, «թվաբանական մեթոդը բխում է ներկայացված փաստաթղթերի մեջ ներառված թվերի համադրությունից, հաշվարկներից և վերլուծությունից: Ինչ վերաբերում է փաստաթղթայինին, ապա այն Դատարանի կողմից ներկայացված և կազմված գործն է, երկու կողմերից պահանջված փաստաթղթերն են, ինչը հնարավորություն է տալիս հիմնավորելու վարկային կազմակերպության կողմից Ընկերությանը և ֆիզիկական անձին տրված վարկերը, երկու կողմի պայմանավորվածությունը (համապատասխան պայմանագրեր) և դրա հիման վրա համապատասխան օրենսդրական դաշտի կիրառում» (հիմք` դատական նիստի արձանագրություն, հատոր 6-րդ, գ.թ. 50-53, լազերային կրիչ, հատոր 7-րդ, գ.թ. 30ա):

11) Թիվ 13136614 քրեական գործի շրջանակներում ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ավագ քննիչ Հ. Վ. Սարգսյանի 02.11.2015 թվականի որոշմամբ նշանակվել է «Հանձնաժողովային դատահաշվապահական և ֆինանսատնտեսական համալիր փորձաքննություն» ու դրա կատարումը հանձնարարվել է ՀՀ ԱՆ «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի փորձագետներին` հանձնաժողովի կազմում ընդգրկելով նաև ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի փորձագետներին, այդ թվում` փորձագետ Գարիկ Ջալալյանին, (...):

Փորձագետներին, ի թիվս այլնի, առաջադրվել են հետևյալ հարցերը.

Հարց 1. Ընկերության և «Վենտմայն» ՍՊԸ-ի միջև կնքված թիվ 128/11ԳԱԲ, 136/11ԳԱԲ և 224/11ԳԱԲ, ինչպես նաև Համլետ Հովսեփյանի հետ կնքված թիվ 73/11ՀՎ վարկային պայմանագրերում արտացոլված պայմանները համապատասխանե՞լ են արդյոք դրանց կնքման ժամանակահատվածում գործող նորմատիվ իրավական և այլ ակտերի պահանջներին, եթե ոչ, ապա ի՞նչ խախտումներ կան:

Հարց 2. Ճի՞շտ են հաշվարկվել արդյոք «Վենտմայն» ՍՊԸ-ի, Համլետ Հովսեփյանի ընթացիկ և ամփոփ վարկային պարտավորությունները (ինչպես տոկոսների, այնպես էլ տույժ-տուգանքների, ինդեքսի մասով), եթե խախտումներ կան, ապա ինչու՞մ են դրանք արտահայտվել:

Հարց 3. Նշված վարկային պայմանագրերով սահմանված պայմանները, հաշվարկներն ու գանձումները (ինչպես տոկոսների, այնպես էլ տույժ-տուգանքների, ինդեքսի մասով) հանդիսացե՞լ են արդյոք վարկառու Համլետ Հովսեփյանի և «Վենտմայն» ՍՊ ընկերության անունից նշված վարկային պայմանագրերը կնքած անձանց համար ողջամտորեն կանխատեսելի, թե` ոչ (հատոր 1-ին, գ.թ. 98-101):

12) ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի 30.06.2016 թվականի հմ. 15-3139 եզրակացությամբ փորձագետներ Եսթեր Զադոյանը և Գարիկ Ջալալյանը Երևան քաղաքի քննչական վարչության ավագ քննիչ Հ. Վ. Սարգսյանի` հանձնաժողովային դատահաշվապահական և ֆինանսատնտեսական համալիր փորձաքննություն նշանակելու մասին 02.11.2015 թվականի որոշմամբ փորձագետներին առաջադրված վերոհիշյալ հարցերի կապակցությամբ հայտնել են հետևյալը.

Հետևություն Հարց 1-ի վերաբերյալ. Զուտ հաշվապահական հաշվառման և տնտեսագիտական տեսանկյունից կատարված վերլուծությունից ու հաշվարկներից, (...) նշված պայմանագրերի համապատասխան դրույթները զուտ հաշվապահական հաշվառման, ինչպես նաև տնտեսագիտական տեսանկյունից չեն դիտվում ընդունելի:

Հետևություն Հարց 2-ի վերաբերյալ. Զուտ հաշվապահական հաշվառման և տնտեսագիտական տեսանկյունից կատարված վերլուծությունից ու հաշվարկներից, (...) փորձաքննությամբ փորձագետները հանգել են այն եզրահանգման, որ նշված վարկային պայմանագրի շրջանակներում Ընկերության կողմից ճիշտ չեն հաշվարկվել Համլետ Հովսեփյանի, ինչպես նաև «Վենտմայն» ՍՊԸ-ի ընթացիկ և ամփոփ վարկային պարտավորությունները, մասնավորապես` ժամկետանց վարկի գծով տոկոսների հաշվարկման, ժամկետանց վարկային պարտավորությունների գծով տուժանքների (տույժ և տուգանքներ) կիրառման մասերով: (...) փորձաքննությամբ պարզվել է, որ վարկառուների կողմից վճարված գումարները չեն ուղղվել վճարման սկզբնական հաշվառման փաստաթղթերում ամրագրված նպատակին:

Հետևություն Հարց 3-ի վերաբերյալ. (...) նշված վարկային պայմանագրով սահմանված հաշվարկներն ու գանձումները վարկառուների, կոնկրետ դեպքում` Համլետ Հովսեփյանի ու «Վենտմայն» ՍՊԸ-ի համար հանդիսացել են ողջամտորեն կանխատեսելի (հատոր 3-րդ, գ.թ. 53-55):

13) Պատասխանող Համլետ Հովսեփյանի ներկայացուցիչը 27.11.2017 թվականին կայացած նախնական դատական նիստի ընթացքում կրկին միջնորդություն է ներկայացրել կրկնակի փորձաքննություն նշանակելու վերաբերյալ, ինչպես նաև միջնորդել է Դատարան հրավիրել ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի փորձագետներին` պատճառաբանելով, որ նշված եզրակացությամբ փորձագետներն արձանագրել են, որ հայցվորի կողմից ճիշտ չեն հաշվարկվել քաղաքացի Համլետ Հովսեփյանի, ինչպես նաև Ընկերության ընթացիկ և ամփոփ վարկային պարտավորությունները (հիմք` դատական նիստի արձանագրություն, հատոր 6-րդ, գ.թ. 50-53, լազերային կրիչ, հատոր 7-րդ, գ.թ. 30ա):

14) Դատարանը 30.11.2017 թվականի «Դատահաշվապահական և ֆինանսատնտեսական համալիր կրկնակի փորձաքննություն նշանակելու և փորձագետներին բացատրություն տալու համար դատարան հրավիրելու միջնորդությունները մերժելու մասին» որոշմամբ մերժել է Համլետ Հովսեփյանի ներկայացուցչի` կրկնակի փորձաքննություն նշանակելու և 30.06.2016 թվականի ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի եզրակացությունը տված փորձագետներ` Եսթեր Զադոյանին և Գարիկ Ջալալյանին դատարան հրավիրելու վերաբերյալ միջնորդությունները: Տվյալ որոշմամբ Դատարանն արձանագրել է, որ վերը նշված փորձաքննությունը սույն գործի քննության ընթացքում չի նշանակվել, նշված փորձագետները դատարանի կողմից, որպես այդպիսին ճանաչված փորձագետներ չեն, հետևաբար չունենալով դատավարական կարգավիճակ, նշված անձինք չեն կարող բացատրություն տալ իրենց կողմից տրված եզրակացության վերաբերյալ (հատոր 6-րդ, գ.թ. 56-58):

15) Պատասխանող Համլետ Հովսեփյանի ներկայացուցիչը 30.11.2017 թվականին կայացած նախնական դատական նիստի ընթացքում միջնորդել է ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի փորձագետներ Եսթեր Զադոյանին և Գարիկ Ջալալյանին դատարան հրավիրել որպես վկա, որը Դատարանի արձանագրային որոշմամբ բավարարվել է (հատոր 6-րդ, գ.թ. 54-55):

16) 22.01.2018 թվականին կայացած դատական նիստի ընթացքում որպես վկա հարցաքննված Գարիկ Ջալալյանը ցուցմունք է տվել այն մասին, որ «իր կողմից քրեական գործի շրջանակներում տրված փորձագետի եզրակացությամբ նշված խնդրի իրավական կողմը փորձագետի լուծման խնդիրը չէ, դա նշվել է միայն փորձագիտական տեսանկյունից, իսկ նշված իրավական խնդրի վերջնական գնահատական տվողը քրեական վարույթն իրականացնող մարմինն է կամ դատարանը: Եզրակացության մեջ հաշվարկը համարել են անընդունելի` հաշվի առնելով եզրակացության մեջ նշված օրենքի կոնկրետ հոդվածը, բայց դա չի նշանակում, որ հաշվարկն անընդունելի է ընդհանրապես»: Միաժամանակ ի պատասխան պատասխանողի ներկայացուցչի այն հարցին, թե ինչում է կայացել եզրակացության մեջ նշված սխալ հաշվարկված եզրահանգումը, վկայի կողմից նշվել է, որ «նախաձեռնողի կողմից փորձագետներին չի առաջադրվել հարց որքան է կազմում, այլ ընդամենը ճիշտ է հաշվարկվել, թե ոչ», բացի այդ այն կապված է նախորդ հարցերի և դրանց վերաբերյալ իրավական նորմի հետ կապված եզրահանգումների հետ: «Վենտմայն» ՍՊԸ-ի և Համլետ Հովսեփյանի պարտավորությունները ճիշտ են հաշվարկված պայմանագիր-քաղվածքի տեսանկյունից, պայմանագրի դրույթները և պարտավորության վերաբերյալ քաղվածքն իրար համապատասխանում են (հիմք` դատական նիստի արձանագրություն, հատոր 7-րդ, գ.թ. 2-4, լազերային կրիչ, գ.թ. 30ա):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

 

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները կարող են էական նշանակություն ունենալ 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ` Նախկին օրենսգիրք) 62-րդ հոդվածի 1-ին կետի միատեսակ կիրառության, մասնավորապես` փորձագետի` փորձաքննության ընթացքում կիրառված մեթոդների վերաբերյալ նշում չպարունակող եզրակացությունը գնահատելիս միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար: Բացի այդ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ` նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից Նախկին օրենսգրքի 53-րդ հոդվածի, 62-րդ հոդվածի 1-ին, 3-րդ և 5-րդ կետերի խախտման արդյունքում թույլ է տրվել դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումների համատեքստում անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը. արդյո՞ք իրավաչափ է դատարանի կողմից կրկնակի փորձաքննություն նշանակելու միջնորդության մերժումն այն դեպքում, երբ փորձագիտական եզրակացությունը թեև չի պարունակում նշում կիրառված մեթոդների մասին, այդուհանդերձ, եզրակացություն ներկայացրած փորձագետները կիրառված մեթոդների վերաբերյալ դատական նիստում տվել են անհրաժեշտ բացատրություն:

Նախկին օրենսգրքի 47-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործով ապացույցներ են նույն օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված կարգով ձեռք բերված տեղեկությունները, որոնց հիման վրա դատարանը պարզում է գործին մասնակցող անձանց պահանջները և առարկությունները հիմնավորող, ինչպես նաև վեճի լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը: Այդ տեղեկությունները հաստատվում են` (...) 2) փորձագետների եզրակացություններով (...):

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` օրենքի խախտմամբ ձեռք բերված ապացույցներն իրավաբանական ուժ չունեն և չեն կարող դրվել դատարանի վճռի հիմքում:

Նախկին օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

Նախկին օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին պարբերության համաձայն` գործի քննության ժամանակ ծագող հատուկ գիտելիքներ պահանջող հարցերի պարզաբանման նպատակով` դատարանը կարող է կողմի (կողմերի) միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ փորձաքննություն նշանակել:

Նախկին օրենսգրքի 62-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` փորձագետի եզրակացությունը կազմվում է գրավոր: Այն պետք է պարունակի`

1) նշում` կիրառված մեթոդների մասին.

2) կատարված հետազոտությունների մանրամասն նկարագրությունը.

3) հետազոտությունների արդյունքում արված հետևությունները.

4) առաջադրված հարցերի հիմնավորված պատասխանները:

Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն` փորձագետի եզրակացությունը հետազոտվում է դատական նիստում և գնահատվում մյուս ապացույցների հետ:

Դատարանը կարող է հրավիրել գրավոր եզրակացություն ներկայացրած փորձագետին դրա վերաբերյալ բանավոր բացատրություններ տալու համար, եթե գործի հանգամանքներից բխում է դրա անհրաժեշտությունն ու նպատակահարմարությունը:

Դատարանը հրավիրում է գրավոր եզրակացություն ներկայացրած փորձագետին դրա վերաբերյալ բանավոր բացատրություններ տալու համար, եթե այդ մասին միջնորդել են կողմերը, կամ միջնորդել է կողմերից մեկը:

Նույն հոդվածի 5-րդ կետի համաձայն` եթե դատարանի կամ դատավարության մասնակիցների մեջ կասկածներ են առաջանում փորձագիտական եզրակացության արժանահավատության կամ հիմնավորվածության վերաբերյալ, կամ առկա են հակասություններ մի քանի փորձագետների եզրակացություններում, ապա դատարանը միևնույն հարցերի վերաբերյալ կարող է նշանակել կրկնակի փորձաքննություն, որի կատարումը հանձնարարվում է մեկ այլ փորձագետի (փորձագետների, մասնագիտացված փորձագիտական հաստատության):

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներով անդրադարձել է վերը նշված դատավարական նորմերի վերլուծությանը:

Մասնավորապես` ՀՀ վճռաբեկ դատարանն առանձնացրել է այն հիմնական չափորոշիչները, որոնք ենթակա են կիրառման վերոնշյալ ապացույցի գնահատումը վերաբերելիության, թույլատրելիության և արժանահավատության տեսանկյունից իրականացնելիս: ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ վերաբերելիության առումով փորձագետի եզրակացությունը գնահատելիս նախ և առաջ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, թե փորձագետին առաջադրված հարցերը որքանով նշանակություն ունեն գործի լուծման համար, ապա միայն անդրադառնալ այդ հարցադրումների վերաբերյալ արված եզրահանգումներին: Ընդ որում, հարցադրումների բովանդակությունը ոչ միայն էական նշանակություն ունի փորձագետի եզրակացության վերաբերելիության գնահատման տեսանկյունից, այլև կարևորվում է երկու և ավելի եզրակացությունների պարագայում դրանց միջև առկա հակասությունները վեր հանելու առումով:

Փորձագետի եզրակացությունը թույլատրելիության տեսանկյունից գնահատման ենթարկելիս առաջնահերթ կարևորվում է փորձաքննությունն իրականացնող անձի որակավորումը և ձեռնհասությունը, նշված անձի օբյեկտիվությունը, սահմանված դատավարական կարգի պահպանված լինելը, հետազոտության ընթացքի և արդյունքների պատշաճ դատավարական ձևակերպումը:

Արժանահավատության տեսանկյունից փորձագետի եզրակացության գնահատում իրականացնելիս պետք է հաշվի առնել փորձաքննության ընթացքում կիրառված մեթոդների գիտական հիմնավորվածության աստիճանը, փորձաքննությանը տրամադրված նյութի որակը և բավարարությունը, ելակետային տվյալների բնույթը, փորձագետի հետևությունների փաստարկվածության աստիճանը, գործին մասնակցող անձանց` փորձաքննությանը ներկա գտնվելու իրական հնարավորությունը, եզրակացության համապատասխանությունը գործում առկա այլ ապացույցներին:

ՀՀ վճռաբեկ դատարանն անդրադարձել է նաև լրացուցիչ և կրկնակի փորձաքննությունների նպատակների և նշանակման հիմքերի միջև առկա էական և առանցքային տարբերություններին: Մասնավորապես` անդրադառնալով կրկնակի փորձաքննությանը, ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ առաջին ատյանում գործի քննության ժամանակ գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածի 5-րդ կետով օրենսդիրը սպառիչ կերպով սահմանել է վերջինիս հիմքերը, այն է` փորձագիտական եզրակացության արժանահավատության կամ հիմնավորվածության վերաբերյալ դատարանի կամ դատավարության մասնակիցների մեջ կասկածներ առաջանալը կամ մի քանի փորձագետների եզրակացություններում հակասությունների առկայությունը:

Անդրադառնալով փորձագիտական եզրակացության արժանահավատության կամ հիմնավորվածության վերաբերյալ դատարանի կամ դատավարության մասնակիցների մոտ առաջացած կասկածներին` ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ դրանք չեն կարող կրել բացառապես սուբյեկտիվ բնույթ, այլ պետք է հիմնավորվեն օբյեկտիվ հանգամանքներով: Մասնավորապես, փորձագիտական եզրակացության արժանահավատության կամ հիմնավորվածության վերաբերյալ կասկածների համար օբյեկտիվ հիմք կարող են հանդիսանալ այնպիսի հանգամանքները, ինչպիսիք են, օրինակ, երբ փորձագետի եզրակացությունը հակասում է գործով ձեռք բերված մյուս ապացույցներին, փորձագետի եզրահանգումները ձևակերպված են առանց գործի հանգամանքները հաշվի առնելու, փորձագիտական եզրակացությունը կազմվել է գիտական տեսանկյունից անթույլատրելի մեթոդների կիրառմամբ, եզրակացությունը տրվել է այն անձի կողմից, որը նշված բնագավառում եզրակացություն տալու իրավասություն չունի, եզրակացությամբ հաստատված փաստական հանգամանքները հակասության մեջ են գտնվում գործով ձեռք բերված մյուս ապացույցների, ամբողջությամբ հաստատված այլ փաստական հանգամանքների հետ և այլն:

Ինչ վերաբերում է կրկնակի փորձաքննություն նշանակելու մյուս հիմքին, այն է` մի քանի փորձագետների եզրակացություններում հակասությունների առկայությանը, ապա ՀՀ վճռաբեկ դատարանի գնահատմամբ երկու և ավելի եզրակացություններում հակասությունների մասին կարելի է դատողություններ անել միայն այն դեպքում, երբ եզրակացությունները տրվել են ըստ էության միևնույն հարցերի պարզաբանման նպատակով, և առաջադրված միևնույն հարցադրումների վերաբերյալ տարբեր փորձագետներ փորձաքննությունների արդյունքում հանգել են տրամագծորեն տարբեր և իրար հակասող հետևությունների (տե՛ս, «Կանաչապատում» ՊՓԲԸ-ի սնանկության գործով կառավարիչ Հովհաննես Եղյանն ընդդեմ Կարեն Ախիկյանի և մյուսների թիվ ԵԷԴ/1284/02/12 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.07.2015 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ (...) իրազեկվելով, թե ինչ մեթոդներ են կիրառվել փորձաքննություն իրականացնելիս` կողմերը և դատարանը հնարավորություն են ունենում, օրինակ, բացահայտելու փորձաքննության ընթացքում անթույլատրելի մեթոդների կիրառման դեպքերը: ՈՒստի, եթե փորձագետի եզրակացությունը չի պարունակում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով պարտադիր համարվող պահանջները, այդ թվում` չի պարունակում նշում կիրառված մեթոդների մասին, ապա նման եզրակացությունը չի կարող համարվել պատշաճ ապացույց` մասնավորապես դրա արժանահավատության տեսանկյունից (տե՛ս, Ղուկաս Ավագյանն ընդդեմ Հայկ Միրզախանի Մալխասսյանի թիվ ԱՐԴ/0303/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 20.07.2017 թվականի որոշումը):

Վերահաստատելով և միաժամանակ նպատակ հետապնդելով զարգացնել վերոհիշյալ դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանը սույն որոշման շրջանակներում հարկ է համարում արձանագրել հետևյալը.

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Նախկին օրենսգրքի իրավակարգավորման պայմաններում դատարանները փորձագետի եզրակացությունը որպես ապացույց հետազոտելիս և գնահատելիս պետք է հաշվի առնեն, որ մի դեպքում` փորձագետի եզրակացության վերաբերելիությանը, թույլատրելիությանը և արժանահավատությանն առնչվող խոչընդոտները կարող են հաղթահարվել միայն կրկնակի փորձաքննություն նշանակելու միջոցով, մեկ այլ դեպքում` լրացուցիչ փորձաքննություն նշանակելու միջոցով, իսկ մյուս դեպքում էլ` Նախկին օրենսգրքի 62-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված կարգով` գրավոր եզրակացություն ներկայացրած փորձագետին դրա վերաբերյալ բանավոր բացատրություններ տալու համար դատարան հրավիրելու եղանակով: ՈՒստի բոլոր այն դեպքերում, երբ դատական կարգով փորձաքննություն նշանակելուց և փորձագետի եզրակացությունն ստանալուց հետո դատարանը փորձագետի եզրակացությունը վերաբերելիության, թույլատրելիության և արժանահավատության տեսանկյունից գնահատելիս բախվում է որևէ խոչընդոտի և միաժամանակ կողմերը կամ կողմերից մեկը բարձրացնում է այդ խոչընդոտը վերացնելու անհրաժեշտության հարցը (համապատասխան միջնորդություն ներկայացնելու եղանակով), ապա դատարանի պարտականությունն է պարզել, թե տվյալ խոչընդոտը հաղթահարելու համար օրենսդրի սահմանած դատավարական որ գործողությունն է կիրառման ենթակա և, ըստ այդմ էլ, որոշել կողմի ներկայացրած միջնորդության հիմնավորվածության հարցը:

Վճռաբեկ դատարանը նախկինում արտահայտած դիրքորոշումների համատեքստում գտնում է, որ կրկնակի փորձաքննությունը` որպես փորձագետի եզրակացության արժանահավատությանն առնչվող խոչընդոտները հաղթահարելուն ուղղված դատավարական գործողություն, կիրառվում է բոլոր այն դեպքերում, երբ.

1. դատարանի կամ դատավարության մասնակիցների մոտ օբյեկտիվ հանգամանքներով պայմանավորված առաջացել են կասկածներ փորձագետի եզրակացության հիմնավորվածության վերաբերյալ: Ընդ որում, Վճռաբեկ դատարանի գնահատմամբ փորձագիտական եզրակացության հիմնավորվածության վերաբերյալ կասկածների համար օբյեկտիվ հիմք կարող են հանդիսանալ հետևյալ հանգամանքները.

ա) փորձագետի եզրակացությունը հակասում է գործով ձեռք բերված մյուս ապացույցներին,

բ) փորձագետի եզրահանգումները ձևակերպված են առանց գործի հանգամանքները հաշվի առնելու,

գ) փորձագիտական եզրակացությունը կազմվել է գիտական տեսանկյունից անթույլատրելի մեթոդների կիրառմամբ,

դ) եզրակացությունը տրվել է այն անձի կողմից, որը նշված բնագավառում եզրակացություն տալու իրավասություն չունի,

ե) եզրակացությամբ հաստատված փաստական հանգամանքները հակասության մեջ են գտնվում գործով ձեռք բերված մյուս ապացույցների ամբողջությամբ հաստատված այլ փաստական հանգամանքների հետ և այլն,

2. մի քանի փորձագետների եզրակացություններում առկա են հակասություններ:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերոհիշյալ ցանկը սպառիչ չէ և յուրաքանչյուր գործով առկա այս կամ այն հանգամանքը դատարանը պարտավոր է գնահատման ենթարկել և միայն դրանից հետո որոշել կրկնակի փորձաքննություն նշանակելու անհրաժեշտության հարցը: Ըստ այդմ, բոլոր այն դեպքերում, երբ փորձագիտական եզրակացությունը կազմվել է գիտական տեսանկյունից անթույլատրելի մեթոդների կիրառմամբ, ապա նման եզրակացությունն անարժանահավատ է և չի կարող դրվել դատական ակտի հիմքում: Հետևաբար նման իրավիճակում առկա խոչընդոտը հնարավոր է հաղթահարել միայն կրկնակի փորձաքննություն նշանակելու միջոցով: Մինչդեռ այն դեպքերում, երբ փորձագիտական եզրակացությունում բացակայում է նշումը` կիրառված մեթոդների մասին, ապա նման խոչընդոտը վերացնելու համար դատարանն իրավասու է ղեկավարվել Նախկին օրենսգրքի համապատասխան նորմով և դատարան հրավիրել գրավոր եզրակացություն ներկայացրած փորձագետին` եզրակացությունը կազմելիս կիրառված մեթոդների վերաբերյալ բանավոր բացատրություններ տալու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում կարևոր է այն հանգամանքը, որ դատարան հրավիրված փորձագետը նախազգուշացվի ՀՀ քրեական օրենսգրքի 338-րդ հոդվածով նախատեսված` փորձագետի կողմից ակնհայտ կեղծ եզրակացություն տալու համար սահմանված քրեական պատասխանատվության մասին, քանի որ տվյալ դեպքում փորձագետի կողմից դատական նիստում տրված բանավոր բացատրությունը դատարանի կողմից պետք է հետազոտման և գնահատման ենթարկվի փորձագետի եզրակացության հետ միաժամանակ` որպես մեկ ամբողջություն: Բացի այդ, Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ բոլոր այն դեպքերում, երբ դատարան հրավիրված փորձագետի կողմից փորձաքննության ընթացքում կիրառված մեթոդների վերաբերյալ բանավոր բացատրություն տալուց հետո կողմերը կամ կողմերից որևէ մեկը կներկայացնի փաստարկներ այդ մեթոդների անթույլատրելի լինելու, գիտական հիմնավորվածություն չունենալու կամ նշված մեթոդով փորձագետին առաջադրված հարցի վերաբերյալ եզրահանգման գալու անհնարինության վերաբերյալ, ինչպես նաև համապատասխան ապացույցներով կհիմնավորի այդ փաստարկների ողջամտությունը, ապա այս դեպքում արդեն փորձագետի եզրակացությունը գնահատելը կառաջացնի այնպիսի խոչընդոտներ, որոնք հնարավոր կլինի հաղթահարել միայն կրկնակի փորձաքննության նշանակմամբ: Մինչդեռ բոլոր այն դեպքերում, երբ դատարան հրավիրված փորձագետի բանավոր բացատրությամբ պարզվում են փորձաքննության ընթացքում կիրառված մեթոդները, հաստատվում են այդ մեթոդների թույլատրելի լինելու, գիտական հիմնավորվածություն ունենալու և նման փորձաքննությունների ժամանակ սովորաբար կիրառման ենթակա լինելու հանգամանքները, ապա տվյալ դեպքում փորձագետի եզրակացությունում կիրառված մեթոդների մասին նշման բացակայությունն ինքնին այդ եզրակացությունն անարժանահավատ չի դարձնում, հետևաբար նաև բացակայում է կրկնակի փորձաքննություն նշանակելու անհրաժեշտությունը:

Վերը նշված իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Այսպես` սույն գործով 11.04.2011 թվականից 14.07.2011 թվականն ընկած ժամանակահատվածում և 07.04.2015 թվականին Ընկերության և պատասխանողների միջև կնքվել են վարկային թիվ 73/11ՀՎ, 128/11ԳԱԲ և 136/11ԳԱԲ պայմանագրերը և դրանք ապահովող երաշխավորության և հիփոթեքի պայմանագրերը, որոնցով պատասխանողներն Ընկերության հանդեպ ստանձնել են համապատասխան վարկային պարտավորություններ:

Վերոհիշյալ վարկային պարտավորությունները ոչ պատշաճ կատարելու հիման վրա Ընկերության կողմից ներկայացված հայցի քննության ընթացքում պատասխանող կողմի միջնորդությամբ Դատարանի 22.11.2016 թվականի որոշմամբ նշանակվել է դատահաշվապահական և ֆինանսատնտեսական համալիր փորձաքննություն և փորձաքննության կատարումը հանձնարարվել է «Բեյքեր Թիլլի Արմենիա» ՓԲԸ-ին: Հետագայում «Բեյքեր Թիլլի Արմենիա» ՓԲԸ-ի կողմից Դատարան է ներկայացվել «Արձանագրություն» վերնագրված փորձագիտական եզրակացությունը:

24.07.2017 թվականին կայացած նախնական դատական նիստի ընթացքում պատասխանող Համլետ Հովսեփյանի ներկայացուցիչը, պատճառաբանելով, որ դատարան ներկայացրած «Արձանագրություն» վերնագրված փաստաթուղթը, չի համապատասխանում փորձագետի եզրակացությանը ներկայացվող պահանջներին, այն է` եզրակացությունում բացակայում է նշում կիրառված մեթոդների մասին, միջնորդել է նշանակել կրկնակի փորձաքննություն: Դատարանի 08.08.2017 թվականի որոշմամբ մերժվել է վերը միջնորդությունը:

Սույն գործով Դատարանը, վճռով անդրադառնալով պատասխանող կողմի այն դիրքորոշմանը, որ «Բեյքեր Թիլլի Արմենիա» ՓԲԸ-ի կողմից դատարան ներկայացված «Արձանագրություն» վերնագրված փորձագիտական եզրակացություն չի պարունակում նշում կիրառված մեթոդների մասին, ուստի և չի համապատասխանում փորձագետի եզրակացությանը ներկայացվող պահանջներին, հետևաբար չի կարող դրվել վճռի հիմքում, արձանագրել է հետևյալը.

«Փորձագետի եզրակացության մեջ մեթոդների մասին նշում պարունակելու օրենսդրական պահանջն ուղղված է կիրառված մեթոդների բացահայտման, դրանց կիրառման թույլատրելիության կամ գիտական հիմնավորվածության հարցը պարզելու, դրա հիման վրա կրկնակի (...) փորձաքննություն նշանակելու հարցը քննարկելու համար: Հետևաբար (...) այն դեպքերում, երբ դատարանը փորձագետին դատարան հրավիրելու, կիրառված մեթոդները բացահայտելու կամ պարզելու, հստակեցնելու դատավարական գործողությունների միջոցով արդեն իսկ պարզել է կիրառված մեթոդները, բացահայտել դրանց բովանդակությունը` պահպանելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի պահանջները, նշված դեպքում կրկնակի (...) փորձաքննության նշանակումը կարող է լինել ինքնանպատակ, հաշվի առնելով (...) որ (...) փորձագետի բացատրությունից հետո այդ մեթոդների անթույլատրելի լինելու, գիտական հիմնավորվածություն չունենալու կամ նշված մեթոդով փորձագետի` եզրահանգման գալու անհնարինության վերաբերյալ փաստարկներ կամ այլ ապացույցներ առկա չեն»:

Միաժամանակ Դատարանն արձանագրել է, որ «սույն գործով առկա չեն (...) եզրակացությունը ոչ արժանահավատ դիտելու հիմքեր, քանի որ գործում առկա չեն այլ ապացույցներ, որոնք հիմք կհանդիսանան փորձագետի եզրակացության մեջ արտացոլված տվյալները կասկածի տակ դնելու համար», հավելելով նաև, որ «քրեական գործի շրջանակներում (...) եզրակացություն տված փորձագետ, սույն գործով վկա Գարիկ Ջալալյանի ցուցմունքով արդեն պարզվել են այն հիմքերը, որոնցով հաշվարկները դիտվել են անընդունելի (...) «:

Վերաքննիչ դատարանը դատական ակտը մասնակի բեկանելով և անդրադառնալով Դատարանի վերոնշյալ պատճառաբանությունների հիմնավորվածությանը, արձանագրել է, որ «(...) եթե գրավոր եզրակացություն ներկայացրած փորձագետի կողմից դատական նիստում տրված բացատրությունների արդյունքում լրացվում, ամբողջականացվում և հստակեցվում են փորձաքննությանն առաջադրված բոլոր հարցերի պատասխանները, ապա կարող է չնշանակվել լրացուցիչ փորձաքննություն, քանի որ լրացուցիչ փորձաքննությունն իր բնույթով ուղղված չէ սկզբնական փորձաքննության հետ մրցակցելուն, այլ ուղղված է սկզբնական փորձաքննության արդյունքներով տրված եզրակացության մեջ առկա անհստակությունները լրացնելուն, մինչդեռ տվյալ դեպքում բողոքաբերները միջնորդել են նշանակել կրկնակի փորձաքննություն, իսկ կրկնակի փորձաքննություն նշանակելու հիմքերն են` փորձագիտական եզրակացության արժանահավատության կամ հիմնավորվածության վերաբերյալ դատարանի կամ դատավարության մասնակիցների մեջ կասկածներ առաջանալը կամ մի քանի փորձագետների եզրակացություններում հակասությունների առկայությունը, որը որևէ կերպ չի կարող պարզվել, լրացվել, ամբողջականացվել և հստակեցվել գրավոր եզրակացություն ներկայացրած փորձագետի կողմից դատական նիստում տրված բացատրությունների արդյունքում: Այսպիսով, (...) սույն գործում առկա «Բեյքեր Թիլլի Արմենիա» ՓԲԸ-ի կողմից 17.03.2017 թվականին կազմված և Դատարանին ներկայացված «Արձանագրություն»-ը չի համապատասխանում փորձագետի եզրակացությանն առաջադրվող պահանջներին, հետևաբար այդ եզրակացության թույլատրելիության, արժանահավատության կամ հիմնավորվածության վերաբերյալ կասկածների առկայության, ինչպես նաև մի քանի փորձագետների եզրակացություններում հակասությունների առկայության պայմաններում առկա էր կրկնակի փորձաքննություն նշանակելու անհրաժեշտություն, ինչն էլ անտեսվել է Դատարանի կողմից»:

Մինչդեռ Վճռաբեկ դատարանը, վերոգրյալ իրավական վերլուծությունների լույսի ներքո անդրադառնալով Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունների հիմնավորվածությանը, արձանագրում է հետևյալը.

Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք «Բեյքեր Թիլլի Արմենիա» ՓԲԸ-ի կողմից 17.03.2017 թվականին կազմված և 03.05.2017 թվականին Դատարան ներկայացված` «Արձանագրություն» վերնագրված եզրակացությունն արժանահավատության տեսանկյունից կարող էր դրվել դատական ակտի հիմքում, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերոհիշյալ եզրակացությունը թեև նշում չի պարունակել կիրառված մեթոդների վերաբերյալ, սակայն Դատարանը, ղեկավարվելով գործի քննության ժամանակ գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածի 3-րդ կետով, դատարան է հրավիրել գրավոր եզրակացություն ներկայացրած փորձագետներին` բանավոր բացատրություններ տալու համար: Այսինքն` կիրառված մեթոդները պարզելուն ուղղված դատավարական գործողություններ իրականացնելու միջոցով բացահայտել է փորձաքննության ընթացքում կիրառված մեթոդները և դրանց բովանդակությունը, մասնավորապես` «Բեյքեր Թիլլի Արմենիա» ՓԲԸ-ի տնօրեն Փառանձեմ Գևորգյանի, փորձագետ Մերի Պոնամարևայի, արձանագրող Շուշան Թաշչիյանի կողմից 27.11.2017 թվականին կայացած նախնական դատական նիստի ընթացքում տրված բացատրությունների (Դատարանի կողմից նաև դատական նիստի շրջանակներում նախազգուշացված լինելով ՀՀ քրեական օրենսգրքի 338-րդ հոդվածով նախատեսված քրեական պատասխանատվության մասին` քաղաքացիական դատավարության գործով փորձագետի կողմից ակնհայտ կեղծ եզրակացություն տալու համար) հիման վրա, ինչպես նաև նույն օրը «Բեյքեր Թիլլի Արմենիա» ՓԲԸ-ի կողմից Դատարան ներկայացված գրավոր գրությամբ պարզվել է, որ հաշվապահական և ֆինանսատնտեսական համալիր փորձաքննությունն իրականացվել է փաստաթղթային ստուգման և թվաբանական մեթոդով: Միաժամանակ Դատարանի կողմից պարզվել են կիրառված մեթոդների էությունը, դրանց կիրառման ընթացակարգը, գիտական հիմնավորվածության աստիճանը (տե՛ս, բաժին 3, փաստ 9, 10):

 

---------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում

 

 

pin
Վճռաբեկ դատարան
15.11.2019
N ԵԱԴԴ/3172/02/15
Որոշում