Սեղմել Esc փակելու համար:
ԱՐԴՅՈ՞Ք ԻՐԱՎԱՉԱՓ Է ԴԱՏԱՐԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԿՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԱՐԴՅՈ՞Ք ԻՐԱՎԱՉԱՓ Է ԴԱՏԱՐԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԿՐԿՆԱԿԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԻՋՆՈՐԴՈՒԹ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական                Քաղաքացիական գործ

    դատարանի որոշում                         թիվ ԵԱԴԴ/3172/02/15

    Քաղաքացիական գործ թիվ ԵԱԴԴ/3172/02/15    2019 թ.

Նախագահող դատավոր` Ա. Խառատյան

    Դատավորներ`        Մ. Հարթենյան

                       Կ. Չիլինգարյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

(2-րդ մաս)

 

նախագահող Ռ. Հակոբյան

զեկուցող  Է. Սեդրակյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Տ. Պետրոսյան

 

2019 թվականի նոյեմբերի 15-ին

 

Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ կիրառված մեթոդների վերաբերյալ փորձագետների կողմից դատական նիստի ընթացքում տրված բացատրությունից հետո այդ մեթոդների անթույլատրելի լինելու, գիտական հիմնավորվածություն չունենալու կամ նշված մեթոդով փորձագետին առաջադրված հարցի վերաբերյալ եզրահանգման գալու անհնարինության վերաբերյալ փաստարկներ կամ այլ ապացույցներ պատասխանողների կողմից չեն ներկայացվել:

Անդրադառնալով «Բեյքեր Թիլլի Արմենիա» ՓԲԸ-ի կողմից կազմված եզրակացության արժանահավատության և կրկնակի փորձաքննություն նշանակելու հիմքերից մյուսի, այն է` մի քանի փորձագետների եզրակացություններում հակասությունների առկայությանը, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել հետևյալը.

Այսպես, սույն գործում առկա` «Բեյքեր Թիլլի Արմենիա» ՓԲԸ-ի կողմից կազմված և թիվ 13136614 քրեական գործի շրջանակներում տրված 30.06.2016 թվականի ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի եզրակացությունների ուսումնասիրությունը վկայում է, որ նշած երկու եզրակացությունների միջև հակասություն առկա չէ այն պարզ պատճառով, որ այդ եզրակացությունները տրվել են ըստ էության բոլորովին տարբեր հարցերի պարզաբանման նպատակով (տե՛ս, բաժին 3, 6 և 11 փաստերը): Ընդ որում, բացի նրանից, որ փորձագետներին առաջադրված են եղել բովանդակային առումով տարբեր հարցադրումներ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ միանգամայն տարբեր են եղել նաև վերոհիշյալ փորձաքննությունների իրականացմամբ հետապնդվող նպատակները, մասնավորապես` եթե քրեական գործով նշանակված փորձաքննությամբ նպատակ է հետապնդվել բացահայտելու Ընկերության գործողություններում խարդախության հանցակազմի առկայությունը, ապա Դատարանի կողմից նշանակված փորձաքննությամբ նպատակ է հետապնդվել բացահայտելու պատասխանողների` Ընկերության հանդեպ առկա պարտավորության չափը:

Ավելին, Դատարանը հաշվի առնելով վերը նշված փորձաքննության արժանահավատության (մի քանի փորձագետների եզրակացություններում հակասությունների) վերաբերյալ պատասխանող կողմի փաստարկը, բավարարել է վերջինիս միջնորդությունը և թիվ 13136614 քրեական գործի շրջանակներում նշանակված փորձաքննության արդյունքում 30.06.2016 թվականի ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի եզրակացությունը տված փորձագետներ Եսթեր Զադոյանին և Գարիկ Ջալալյանին հրավիրել է դատարան` որպես վկա ցուցմունք տալու համար: Արդյունքում, որպես վկա հարցաքննված Գարիկ Ջալալյանի ցուցմունքով պարզվել են այն հիմքերը, որոնցով հաշվարկները դիտվել են անընդունելի:

Անդրադառնալով «Բեյքեր Թիլլի Արմենիա» ՓԲԸ-ի կողմից կազմված եզրակացության թույլատրելիության և արժանահավատության վերաբերյալ Վերաքննիչ դատարանի եզրահանգումներին` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն գործում առկա չեն նաև տվյալ փորձաքննությունն իրականացնող անձանց որակավորման և ձեռնհասության, ինչպես նաև այդ անձանց օբյեկտիվության վերաբերյալ կասկած հարուցող ապացույցներ:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով «Բեյքեր Թիլլի Արմենիա» ՓԲԸ-ի կողմից 17.03.2017 թվականին կազմված և 03.05.2017 թվականին Դատարան ներկայացված «Արձանագրություն» վերնագրված եզրակացությունն արժանահավատ ապացույց է, ուստի իրավաչափ է նաև սույն գործով կրկնակի փորձաքննություն նշանակելու մասին պատասխանող կողմի միջնորդության մերժումը:

Վճռաբեկ դատարանի վերը նշված հետևությունը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ սույն գործով Դատարանն ըստ էության իրականացրել է փորձաքննություն նշանակելու և եզրակացություն ստանալու օրենսդրի կողմից սահմանված նպատակները, մինչդեռ պատասխանողների կողմից չեն ներկայացվել հիմնավոր փաստարկներ` տվյալ եզրակացությամբ կիրառված մեթոդների անթույլատրելի լինելու, գիտական հիմնավորվածություն չունենալու, նշված մեթոդով փորձագետին առաջադրված հարցի վերաբերյալ եզրահանգման գալու անհնարինության վերաբերյալ, որպիսի պայմաններում օբյեկտիվորեն բացակայել է նաև այդ հիմքով կրկնակի փորձաքննություն նշանակելու անհրաժեշտությունը:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Վերաքննիչ դատարանը, անտեսելով վերոհիշյալ հանգամանքները, եկել է սխալ եզրահանգման առ այն, որ սույն գործով առկա է եղել կրկնակի փորձաքննություն նշանակելու անհրաժեշտություն:

Վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները հերքվում են վերը նշված պատճառաբանություններով:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի և 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի 25.07.2018 թվականի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով սահմանված` առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիայի) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Դատարանի 06.03.2018 թվականի վճռին օրինական ուժ տալիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլխի կանոններին համապատասխան: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` բողոքարկված դատական ակտը բեկանելու և փոփոխելու դեպքում վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարանը եզրափակիչ դատական ակտով գործին մասնակցող անձանց միջև վերաբաշխում է դատական ծախսերը` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլխի կանոնների համաձայն:

Սույն գործով նկատի ունենալով, որ վճռաբեկ բողոքի բավարարման արդյունքում Վերաքննիչ դատարանի 25.07.2018 թվականի որոշումը ենթակա է բեկանման և օրինական ուժ է տրվում Դատարանի 06.03.2018 թվականի վճռին, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պետական տուրքը պետք է բռնագանձվի հետևյալ համամասնությամբ.

Ա. վերաքննիչ բողոքի համար նախապես չվճարված և Վերաքննիչ դատարանի 20.04.2018 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի մասով (հատոր 9, գ.թ. 39-40) Համլետ Հովսեփյանից և Վարդան Հովսեփյանից համապարտության կարգով ՀՀ պետական բյուջե բռնագանձման ենթակա է`

1. թիվ 73/11ՀՎ վարկային և թիվ 73/11ՀՎ երաշխավորության պայմանագրերի շրջանակներում 46.572 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի 3 տոկոսը` որպես սկզբնական հայցով ներկայացված դրամական պահանջի համար պետական տուրքի գումար,

2. սկսած 04.12.2015 թվականից մինչև վերաքննիչ բողոքի ներկայացման օրը թիվ 73/11ՀՎ վարկային և թիվ 7311ՀՎ երաշխավորության պայմանագրերով սահմանված կարգով հաշվարկվող տոկոսների, ժամկետանց գումարի տոկոսի, ժամկետանց գումարի տույժի, ժամկետանց տոկոսի տույժի գումարների 3 տոկոսը` որպես սկզբնական հայցով ներկայացված դրամական պահանջի համար պետական տուրքի գումար,

3. 20.000 ՀՀ դրամ` որպես հակընդդեմ հայցով ներկայացված երկու ոչ դրամական պահանջների համար պետական տուրքի գումար,

4. 360.000 ՀՀ դրամ (12.000.000 ՀՀ դրամ x 3%/100), ինչպես նաև 7.415,4 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի 3 տոկոսը` որպես հակընդդեմ հայցով ներկայացված դրամական պահանջների համար պետական տուրքի գումար,

Բ. վերաքննիչ բողոքի համար նախապես չվճարված և Վերաքննիչ դատարանի 20.04.2018 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի մասով Համլետ Հովսեփյանից և «Վենտմայն» ՍՊԸ-ից համապարտության կարգով ՀՀ պետական բյուջե բռնագանձման ենթակա է`

1. թիվ 128/11ԳԱԲ վարկային, թիվ 12811ԳԱԲ երաշխավորության, թիվ 136/11ԳԱԲ վարկային, թիվ 13611ԳԱԲ երաշխավորության պայմանագրերով 66.194,47 ԱՄՆ դոլարին (26.541,92+ 39.652,47) համարժեք ՀՀ դրամի 3 տոկոսը` որպես սկզբնական հայցով ներկայացված դրամական պահանջի համար պետական տուրքի գումար,

2. սկսած 04.12.2015 թվականից մինչև վերաքննիչ բողոքի ներկայացման օրը թիվ 128/11ԳԱԲ վարկային, թիվ 12811ԳԱԲ երաշխավորության, թիվ 136/11ԳԱԲ վարկային, թիվ 13611ԳԱԲ երաշխավորության պայմանագրերով սահմանված կարգով հաշվարկվող տոկոսների, ժամկետանց գումարի տոկոսի, ժամկետանց գումարի տույժի, ժամկետանց տոկոսի տույժի գումարների 3 տոկոսը` որպես սկզբնական հայցով ներկայացված դրամական պահանջի համար պետական տուրքի գումար,

Գ. վերաքննիչ բողոքի համար նախապես չվճարված և Վերաքննիչ դատարանի 20.04.2018 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի մասով «Վենտմայն» ՍՊԸ-ից, Համլետ և Վարդան Հովսեփյաններից համապարտության կարգով ՀՀ պետական բյուջե բռնագանձման ենթակա է`

1. 10.000 ՀՀ դրամ` որպես սկզբնական հայցով ներկայացված ոչ դրամական պահանջի համար պետական տուրքի գումար,

Դ. վճռաբեկ բողոքի համար Ընկերության կողմից նախապես վճարված պետական տուրքի մասով «Վենտմայն» ՍՊԸ-ից, Համլետ և Վարդան Հովսեփյաններից համապարտության կարգով հօգուտ Ընկերության բռնագանձման ենթակա է`

1. 1.000.000 ՀՀ դրամ` որպես սկզբնական հայցով և հակընդդեմ հայցով ներկայացված դրամական պահանջների համար պետական տուրքի գումար, ինչպես նաև 20.000 ՀՀ դրամ` որպես սկզբնական հայցով ոչ դրամական պահանջի համար պետական տուրքի գումար,

Ե. վճռաբեկ բողոքի համար Ընկերության կողմից նախապես վճարված պետական տուրքի մասով Համլետ և Վարդան Հովսեփյաններից համապարտության կարգով հօգուտ Ընկերության բռնագանձման ենթակա է`

1. 40.000 ՀՀ դրամ` որպես հակընդդեմ հայցով ներկայացված երկու ոչ դրամական պահանջների համար պետական տուրքի գումար,

Բացի այդ, «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն` պետական տուրքը ենթակա է վերադարձման մասնակի կամ լրիվ` եթե պետական տուրքը վճարվել է ավելի, քան պահանջվում է գործող օրենսդրությամբ:

Սույն գործով նկատի ունենալով, որ Ընկերությունը վճռաբեկ բողոքի համար վճարել է ընդհանուր առմամբ 1.080.000 ՀՀ դրամ պետական տուրքի գումար, որից 20.000 ՀՀ դրամը վճարվել է ավելի, քան պահանջվում է գործող օրենսդրությամբ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով ավել վճարված պետական տուրքի գումարը` 20.000 ՀՀ դրամի չափով, «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի հիմքով ենթակա է վերադարձման այն վճարած անձին:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25.07.2018 թվականի որոշումը` օրինական ուժ տալով Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 06.03.2018 թվականի վճռին:

2. Համլետ Հովսեփյանից և Վարդան Հովսեփյանից համապարտության կարգով ՀՀ պետական բյուջե բռնագանձել 53.987,4 (46.572 + 7.415,4) ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի 3 տոկոսը, 380.000 (20.000+360.000) ՀՀ դրամ, ինչպես նաև սկսած 04.12.2015 թվականից մինչև վերաքննիչ բողոքի ներկայացման օրը թիվ 73/11ՀՎ վարկային և թիվ 7311ՀՎ երաշխավորության պայմանագրերով սահմանված կարգով հաշվարկվող տոկոսների, ժամկետանց գումարի տոկոսի, ժամկետանց գումարի տույժի, ժամկետանց տոկոսի տույժի գումարների 3 տոկոսը` որպես վերաքննիչ բողոքի ներկայացման համար նախապես չվճարված և Վերաքննիչ դատարանի 20.04.2018 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի գումարներ:

3. Համլետ Հովսեփյանից և «Վենտմայն» ՍՊԸ-ից համապարտության կարգով ՀՀ պետական բյուջե բռնագանձել 66.194,47 (26.541,92+39.652,47) ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի 3 տոկոսը, ինչպես նաև սկսած 04.12.2015 թվականից մինչև վերաքննիչ բողոքի ներկայացման օրը թիվ 128/11ԳԱԲ վարկային, թիվ 12811ԳԱԲ երաշխավորության, թիվ 136/11ԳԱԲ վարկային, թիվ 13611ԳԱԲ երաշխավորության պայմանագրերով սահմանված կարգով հաշվարկվող տոկոսների, ժամկետանց գումարի տոկոսի, ժամկետանց գումարի տույժի, ժամկետանց տոկոսի տույժի գումարների 3 տոկոսը` որպես վերաքննիչ բողոքի ներկայացման համար նախապես չվճարված և Վերաքննիչ դատարանի 20.04.2018 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի գումարներ:

4. «Վենտմայն» ՍՊԸ-ից, Համլետ և Վարդան Հովսեփյաններից համապարտության կարգով ՀՀ պետական բյուջե բռնագանձել 10.000 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոքի ներկայացման համար նախապես չվճարված և Վերաքննիչ դատարանի 20.04.2018 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի գումար:

5. «Վենտմայն» ՍՊԸ-ից, Համլետ և Վարդան Հովսեփյաններից համապարտության կարգով հօգուտ «Էքսպրես Կրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի բռնագանձել 1.000.000 ՀՀ դրամ, ինչպես նաև 20.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի ներկայացման համար նախապես վճարված պետական տուրքի գումար:

6. Համլետ և Վարդան Հովսեփյաններից համապարտության կարգով հօգուտ «Էքսպրես Կրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի բռնագանձել 40.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի ներկայացման համար նախապես վճարված պետական տուրքի գումար:

7. Պետական տուրքի հարցը «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի հիմքով համարել լուծված:

8. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

նախագահող Ռ. Հակոբյան

զեկուցող  Է. Սեդրակյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Տ. Պետրոսյան

 

Հատուկ կարծիք

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատի կողմից թիվ ԵԱԴԴ/3172/02/15 քաղաքացիական գործով 15.11.2019

թվականին կայացված որոշման պատճառաբանական և եզրափակիչ

մասերի վերաբերյալ

 

15.11.2019 թվական

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), 2019 թվականի նոյեմբերի 15-ին գրավոր ընթացակարգով քննելով «Էքսպրես Կրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի (այսուհետ` Ընկերություն) ներկայացուցիչ Մարիամ Ղուլյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25.07.2018 թվականի որոշման դեմ` ըստ Ընկերության հայցի ընդդեմ Համլետ և Վարդան Հովսեփյանների, «Վենտմայն» ՍՊԸ-ի, երրորդ անձ Կարինե Հովսեփյանի` գումար բռնագանձելու, բռնագանձումը գրավադրված գույքերի վրա տարածելու պահանջների մասին և ըստ Համլետ ու Վարդան Հովսեփյանների հակընդդեմ հայցի ընդդեմ Ընկերության` գումար բռնագանձելու, հաշվանց կատարելու, պայմանագրի դադարման մասին փաստաթղթեր տրամադրելուն պարտավորեցնելու, ընկերության գրավի իրավունքը գրավով ապահովված պահանջի դադարման հիմքով դադարեցնելու պահանջների մասին, նույն պալատի ընդհանուր թվի մեծամասնությամբ որոշել է վճռաբեկ բողոքը բավարարել, բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25.07.2018 թվականի որոշումը` օրինական ուժ տալով Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 06.03.2018 թվականի վճռին:

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի դատավոր Գ. Հակոբյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կարծիքի հետ, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 9-րդ և 10-րդ մասերով, շարադրում եմ իմ հատուկ կարծիքն այդ մասերի վերաբերյալ:

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է Համլետ և Վարդան Հովսեփյաններից համապարտության կարգով բռնագանձել վարկի, համապատասխան տոկոսների և տույժերի գումարը` բռնագանձումը տարածելով վերջիններիս պատկանող գույքի և գրավի առարկայի վրա, «Վենտմայն» ՍՊԸ-ից և Համլետ Հովսեփյանից համապարտության կարգով բռնագանձել վարկի, համապատասխան տոկոսների և տույժերի գումարը` բռնագանձումը տարածելով վերջիններիս պատկանող գույքի և գրավի առարկայի վրա:

Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Համլետ և Վարդան Հովսեփյանները պահանջել են Ընկերությունից բռնագանձել համապատասխան գումար և կատարել հաշվանց սկզբնական հայցով ներկայացված գումարի բռնագանձման պահանջի հետ, տրամադրել թիվ համապատասխան պայմանագրերի դադարման մասին փաստաթղթերը, ինչպես նաև դադարեցնել Համլետ Հովսեփյանին պատկանող բնակելի տան և հողամասի նկատմամբ Ընկերության գրավի իրավունքը` գրավով ապահովված պահանջի դադարման հիմքով:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Գ. Թորոսյան) (այսուհետ` Դատարան) 06.03.2018 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն` վճռվել է, համապատասխանաբար, Համլետ և Վարդան Հովսեփյաններից, «Վենտմայն» ՍՊԸ-ից ու Համլետ Հովսեփյանից համապարտության կարգով հօգուտ Ընկերության բռնագանձել որոշակի գումարներ` բռնագանձումը տարածելով համապատասխան գրավի առարկաների վրա, քաղաքացիական գործի վարույթն ըստ Ընկերության հայցի ընդդեմ Համլետ և Վարդան Հովսեփյանների, «Վենտմայն» ՍՊԸ-ի ու երրորդ անձ Կարինե Հովսեփյանի` գրավի առարկան չբավարարելու դեպքում բռնագանձումը պատասխանողների այլ գույքի վրա տարածելու մասով, կարճվել է, իսկ հակընդդեմ հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 25.07.2018 թվականի որոշմամբ «Վենտմայն» ՍՊԸ-ի և Համլետ ու Վարդան Հովսեփյանների վերաքննիչ բողոքները բավարարվել են` Դատարանի 06.03.2018 թվականի վճիռը մասնակիորեն` Ընկերության հայցը բավարարելու, Վարդան և Համլետ Հովսեփյանների հակընդդեմ հայցը մերժելու, համապատասխանաբար դատական ծախսերի մասերով, բեկանվել է, ու գործն այդ մասերով ուղարկվել է նոր քննության. մնացած մասով վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերության ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան են ներկայացրել Համլետ և Վարդան Հովսեփյանները:

 

2. Վճռաբեկ դատարանը Վերաքննիչ դատարանի 25.07.2018 թվականի որոշման օրինականության ստուգման հարցում դրել է վճռաբեկ բողոքի հետևյալ հիմքերը.

«Վերաքննիչ դատարանը խախտել է առաջին ատյանում գործի քննության ժամանակ գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ, 48-րդ, 53-րդ, 60-րդ, 611-րդ և 62-րդ հոդվածները, 09.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 381-րդ հոդվածը»:

Որպես բողոք բերած անձի նշված պնդման պատճառաբանություններ` վկայակոչվել են հետևյալ փաստարկները.

«Վերաքննիչ դատարանը չի իրականացրել ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտում:

Մասնավորապես` Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ փորձագետի եզրակացություն հանդիսացող փաստաթղթի վերնագրին որևէ օրենսդրական պահանջ ներկայացված չէ, ուստի սույն քաղաքացիական գործով «Բեյքեր Թիլլի Արմենիա» ՓԲԸ-ի կողմից կազմված եզրակացության անվանումը` «Արձանագրություն», որևէ նորմի խախտում չէ:

Բացի այդ, ըստ էության ճիշտ եզրակացության պարագայում զուտ վերնագրի հետ կապված որևէ հետևանք օրենսդիրը չի նախատեսում և դա հանդիսանում է բացառապես ձևական հանգամանք: Ինչ վերաբերում է փորձագետի եզրակացության բովանդակությանը ներկայացվող օրենսդրական պահանջներին, ապա եզրակացությունում հստակ նշվել են առաջադրված հարցերի պատասխանները, ինչպես նաև հետազոտությունների արդյունքում արված հետևությունները: Միաժամանակ թե՛ եզրակացության հիմնական տեքստում, թե՛ կցված երկու հավելվածների միջոցով մանրամասն ներկայացված են կատարված հաշվարկները, ուստի կատարված հետազոտությունների մանրամասն նկարագրությունը եզրակացությունում նույնպես առկա է: Նման պայմաններում անհասկանալի է Վերաքննիչ դատարանի այն հետևությունը, որ հետազոտությունների մանրամասն նկարագրություն եզրակացությունում ներկայացված չէ:

Ավելին, Վերաքննիչ դատարանն անտեսել է այն, որ փորձագետները, դատարան ներկայանալով, ինչպես նաև գրավոր դիմում ներկայացնելով, նշել են, թե ինչ մեթոդներով են իրականացրել փորձաքննությունը: Հետևաբար ակնհայտ է, որ կողմը չի ներկայացրել եզրակացության արժանահավատության և հիմնավորվածության վերաբերյալ որևէ օբյեկտիվ կասկած, որևէ փաստ, որը կվկայեր, որ փորձագետների կողմից կատարված հաշվարկները և դրանց արդյունքում կատարված հետևությունները հիմնավոր չեն:

Վերաքննիչ դատարանը որևէ կերպ չի պատճառաբանել, թե ինչու ներկայացված եզրակացությունը չի համապատասխանում թույլատրելիության և արժանահավատության պահանջներին: Մասնավորապես` Վերաքննիչ դատարանի կողմից որևէ եզրահանգում չի կատարվել փորձաքննությունն իրականացնող անձի որակավորման և ձեռնհասության, նշված անձի օբյեկտիվության, սահմանված դատավարական կարգի պահպանված լինելու, հետազոտության ընթացքի և արդյունքների պատշաճ դատավարական ձևակերպման հետ կապված: Նմանապես որևէ եզրահանգում չի կատարվել նաև փորձաքննության ընթացքում կիրառված մեթոդների գիտական հիմնավորվածության աստիճանի, փորձաքննությանը տրամադրված նյութի որակի և բավարարության, ելակետային տվյալների բնույթի, փորձագետի հետևությունների փաստարկվածության աստիճանի, գործին մասնակցող անձանց` փորձաքննությանը ներկա գտնվելու իրական հնարավորության հետ կապված:

Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև, որ Դատարանին հաջողվել է դատական նիստի ընթացքում վերացնել եզրակացության արժանահավատության և հիմնավորվածության, ինչպես նաև ՀՀ «Փորձաքննության ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի կողմից տրված եզրակացությանը հակասելու վերաբերյալ բոլոր օբյեկտիվորեն հնարավոր կասկածները, ինչի արդյունքում վերացել է կրկնակի փորձաքննություն նշանակելու անհրաժեշտությունը»:

Որպես բողոք բերած անձի պահանջ նշվել է, որ վերջինս պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 25.07.2018 թվականի որոշումը` ամբողջությամբ օրինական ուժ տալով Դատարանի 06.03.2018 թվականի վճռին:

 

4. Վճռաբեկ դատարանի` վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմնավորումը.

Վճռաբեկ դատարանը`

1) վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումների համատեքստում անհրաժեշտ համարելով անդրադառնալ այն իրավական հարցադրմանը, թե արդյո՞ք իրավաչափ է դատարանի կողմից կրկնակի փորձաքննություն նշանակելու միջնորդության մերժումն այն դեպքում, երբ փորձագիտական եզրակացությունը թեև չի պարունակում նշում կիրառված մեթոդների մասին, այդուհանդերձ, եզրակացություն ներկայացրած փորձագետները կիրառված մեթոդների վերաբերյալ դատական նիստում տվել են անհրաժեշտ բացատրություն,

2) արձանագրելով, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, և գտնելով, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները կարող են էական նշանակություն ունենալ 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ` Նախկին օրենսգիրք) 62-րդ հոդվածի 1-ին կետի միատեսակ կիրառության, մասնավորապես` փորձագետի` փորձաքննության ընթացքում կիրառված մեթոդների վերաբերյալ նշում չպարունակող եզրակացությունը գնահատելիս միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար,

3) արձանագրելով, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` Վերաքննիչ դատարանի կողմից Նախկին օրենսգրքի 53-րդ հոդվածի, 62-րդ հոդվածի 1-ին, 3-րդ և 5-րդ կետերի խախտելու հետևանքով առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում,

4) Նախկին օրենսգրքի 47-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերի, 53-րդ հոդվածի 1-ին կետի, 60-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին պարբերության, 62-րդ հոդվածի 1-ին, 3-րդ և 5-րդ կետերի վկայակոչմամբ նշելով, որ`

«այն դեպքերում, երբ փորձագիտական եզրակացությունում բացակայում է նշումը` կիրառված մեթոդների մասին, ապա նման խոչընդոտը վերացնելու համար դատարանն իրավասու է ղեկավարվել Նախկին օրենսգրքի համապատասխան նորմով և դատարան հրավիրել գրավոր եզրակացություն ներկայացրած փորձագետին` եզրակացությունը կազմելիս կիրառված մեթոդների վերաբերյալ բանավոր բացատրություններ տալու համար»,

«բոլոր այն դեպքերում, երբ դատարան հրավիրված փորձագետի բանավոր բացատրությամբ պարզվում են փորձաքննության ընթացքում կիրառված մեթոդները, հաստատվում են այդ մեթոդների թույլատրելի լինելու, գիտական հիմնավորվածություն ունենալու և նման փորձաքննությունների ժամանակ սովորաբար կիրառման ենթակա լինելու հանգամանքները, ապա տվյալ դեպքում փորձագետի եզրակացությունում կիրառված մեթոդների մասին նշման բացակայությունն ինքնին այդ եզրակացությունն անարժանահավատ չի դարձնում, հետևաբար նաև բացակայում է կրկնակի փորձաքննություն նշանակելու անհրաժեշտությունը»,

արձանագրել է, որ «03.05.2017 թվականին Դատարան ներկայացված` «Արձանագրություն» վերնագրված եզրակացությունը թեև նշում չի պարունակել կիրառված մեթոդների վերաբերյալ, սակայն Դատարանը, ղեկավարվելով գործի քննության ժամանակ գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածի 3-րդ կետով, դատարան է հրավիրել գրավոր եզրակացություն ներկայացրած փորձագետներին` բանավոր բացատրություններ տալու համար (...) կիրառված մեթոդները պարզելուն ուղղված դատավարական գործողություններ իրականացնելու միջոցով բացահայտել է փորձաքննության ընթացքում կիրառված մեթոդները և դրանց բովանդակությունը», «Դատարանի կողմից պարզվել են կիրառված մեթոդների էությունը, դրանց կիրառման ընթացակարգը, գիտական հիմնավորվածության աստիճանը»:

Վերը նշվածի արդյունքում Վճռաբեկ դատարանը եզրահանգել է, որ վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի և 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի 25.07.2018 թվականի որոշումը բեկանելու և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով սահմանված լիազորությունը կիրառելու հիմքով Դատարանի 06.03.2018 թվականի վճռին օրինական ուժ տալու համար:

Վճռաբեկ դատարանի դատավոր Գ. Հակոբյանս, համաձայն չլինելով Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կողմից արտահայտած կարծիքի հետ` կապված Վերաքննիչ դատարանի 25.07.2018 թվականի որոշումը վերը նշված պատճառաբանությամբ բեկանելու շարժառիթների հետ, շարադրում եմ իմ հատուկ կարծիքն այդ մասի վերաբերյալ:

Այսպես`

Դատարանում գործի քննության ժամանակ գործած Նախկին օրենսգրքի 1-ին հոդվածի 1-ին կետը նախատեսել է, որ Հայաստանի Հանրապետության դատարաններում քաղաքացիական գործերով դատավարության կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, նույն օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքով և դրանց համապատասխան ընդունված այլ օրենքներով:

Նույն հոդվածի 3-րդ կետը նախատեսել է, որ քաղաքացիական գործերով դատավարությունն իրականացվում է գործի քննության ժամանակ գործող օրենքներով:

Նույն օրենսգրքի 47-րդ հոդվածի 1-ին կետը նախատեսել է, որ գործով ապացույցներ են նույն օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված կարգով ձեռք բերված տեղեկությունները, որոնց հիման վրա դատարանը պարզում է գործին մասնակցող անձանց պահանջները և առարկությունները հիմնավորող, ինչպես նաև վեճի լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը:

Այդ տեղեկությունները հաստատվում են (...) փորձագետների եզրակացություններով (...):

Նույն հոդվածի 2-րդ կետը նախատեսել է, որ օրենքի խախտմամբ ձեռք բերված ապացույցներն իրավաբանական ուժ չունեն և չեն կարող դրվել դատարանի վճռի հիմքում:

Նույն օրենսգրքի 62-րդ հոդվածի 1-ին կետը նախատեսել է, որ փորձագետի եզրակացությունը կազմվում է գրավոր: Այն պետք է պարունակի`

1) նշում` կիրառված մեթոդների մասին.

2) կատարված հետազոտությունների մանրամասն նկարագրությունը.

3) հետազոտությունների արդյունքում արված հետևությունները.

4) առաջադրված հարցերի հիմնավորված պատասխանները:

Նույն հոդվածի 3-րդ կետը նախատեսել է, որ փորձագետի եզրակացությունը հետազոտվում է դատական նիստում և գնահատվում մյուս ապացույցների հետ:

Դատարանը կարող է հրավիրել գրավոր եզրակացություն ներկայացրած փորձագետին դրա վերաբերյալ բանավոր բացատրություններ տալու համար, եթե գործի հանգամանքներից բխում է դրա անհրաժեշտությունն ու նպատակահարմարությունը (...):

Նույն հոդվածի 4-րդ կետը նախատեսել է, որ փորձագիտական եզրակացության պարզ կամ ամբողջական չլինելու դեպքերում դատարանը կարող է նշանակել լրացուցիչ փորձաքննություն` դրա կատարումը հանձնարարելով միևնույն կամ մեկ այլ փորձագետի (մասնագիտացված փորձագիտական հաստատության):

Նույն հոդվածի 5-րդ կետը նախատեսել է, որ եթե դատարանի կամ դատավարության մասնակիցների մեջ կասկածներ են առաջանում փորձագիտական եզրակացության արժանահավատության կամ հիմնավորվածության վերաբերյալ, կամ առկա են հակասություններ մի քանի փորձագետների եզրակացություններում, ապա դատարանը միևնույն հարցերի վերաբերյալ կարող է նշանակել կրկնակի փորձաքննություն, որի կատարումը հանձնարարվում է մեկ այլ փորձագետի (փորձագետների, մասնագիտացված փորձագիտական հաստատության):

Նշված օրենսդրական կարգավորումները մեկնաբանելով դրանցում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից, ամբողջ այդ հոդվածների կարգավորման համատեքստից ելնելով` գտնում եմ, որ Դատարանում գործի քննության ժամանակ գործած Նախկին օրենսգրքով սահմանված է եղել քաղաքացիական գործերով դատավարության որոշակի կարգ, որի համաձայն` գործով ապացույց է հանդիսացել նաև փորձագետի եզրակացությունը: Ընդ որում, այդ եզրակացությամբ հաստատվող տեղեկությունները պետք է ձեռք բերվեին նույն օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված կարգով: Այդպիսի կարգ է հանդիսացել նաև այն, որ փորձագետի եզրակացությունը պետք է բովանդակի նշում փորձաքննությունն իրականացնելիս կիրառված մեթոդների մասին: Այն դեպքում, երբ փորձագետի եզրակացությունը նման նշում չի պարունակում, ուստի համարվում է, որ այն հակասում է վերը նշված դատավարական կարգին, քանի որ ձեռք է բերվել օրենքի խախտմամբ: Նման պայմաններում այդ ապացույցը չի կարող իրավաբանական ուժ ունենալ և դրվել դատարանի վճռի հիմքում: Նշված հետևությունը բխում է նաև ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից նախկինում կայացված որոշումներով արտահայտված հետևյալ դիրքորոշումներից:

Այսպես`

ՀՀ վճռաբեկ դատարանը, առանձնացնելով այն հիմնական չափորոշիչները, որոնք ենթակա են կիրառման փորձագետի եզրակացությունը արժանահավատության տեսանկյունից իրականացնելիս` արձանագրել է, որ այդ տեսանկյունից փորձագետի եզրակացության գնահատում իրականացնելիս պետք է նաև հաշվի առնել փորձաքննության ընթացքում կիրառված մեթոդների գիտական հիմնավորվածության աստիճանը: Միևնույն ժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով փորձագիտական եզրակացության արժանահավատության կամ հիմնավորվածության վերաբերյալ դատարանի կամ դատավարության մասնակիցների մոտ առաջացած կասկածներին, գտել է, որ դրանք չեն կարող կրել բացառապես սուբյեկտիվ բնույթ, այլ պետք է հիմնավորվեն օբյեկտիվ հանգամանքներով: Մասնավորապես, փորձագիտական եզրակացության արժանահավատության կամ հիմնավորվածության վերաբերյալ կասկածների համար օբյեկտիվ հիմք կարող են հանդիսանալ այնպիսի հանգամանքները, ինչպիսիք են, օրինակ, երբ փորձագետի եզրակացությունը հակասում է գործով ձեռք բերված մյուս ապացույցներին, փորձագետի եզրահանգումները ձևակերպված են առանց գործի հանգամանքները հաշվի առնելու, փորձագիտական եզրակացությունը կազմվել է գիտական տեսանկյունից անթույլատրելի մեթոդների կիրառմամբ, եզրակացությունը տրվել է այն անձի կողմից, որը նշված բնագավառում եզրակացություն տալու իրավասություն չունի, եզրակացությամբ հաստատված փաստական հանգամանքները հակասության մեջ են գտնվում գործով ձեռք բերված մյուս ապացույցների, ամբողջությամբ հաստատված այլ փաստական հանգամանքների հետ և այլն (տե՛ս, «Կանաչապատում» ՊՓԲԸ-ի սնանկության գործով կառավարիչ Հովհաննես Եղյանն ընդդեմ Կարեն Ախիկյանի և մյուսների թիվ ԵԷԴ/1284/02/12 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.07.2015 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ (...) իրազեկվելով, թե ինչ մեթոդներ են կիրառվել փորձաքննություն իրականացնելիս` կողմերը և դատարանը հնարավորություն են ունենում, օրինակ, բացահայտելու փորձաքննության ընթացքում անթույլատրելի մեթոդների կիրառման դեպքերը: ՈՒստի, եթե փորձագետի եզրակացությունը չի պարունակում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով պարտադիր համարվող պահանջները, այդ թվում` չի պարունակում նշում կիրառված մեթոդների մասին, ապա նման եզրակացությունը չի կարող համարվել պատշաճ ապացույց` մասնավորապես դրա արժանահավատության տեսանկյունից (տե՛ս, Ղուկաս Ավագյանն ընդդեմ Հայկ Միրզախանի Մալխասսյանի թիվ ԱՐԴ/0303/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 20.07.2017 թվականի որոշումը):

Այսինքն, եթե փորձագետի եզրակացության գնահատում իրականացնելիս հնարավոր չէ հաշվի առնել փորձաքննության ընթացքում կիրառված մեթոդների գիտական հիմնավորվածության աստիճանը` դրանց վերաբերյալ եզրակացության մեջ նշման բացակայության պատճառով, որի պայմաններում կողմերը և դատարանը զրկվում են փորձաքննության ընթացքում անթույլատրելի մեթոդների կիրառման դեպքերը բացահայտելու հնարավորությունից, ուստի նաև անհնարին է հետևություն անել այդ եզրակացության արժանահավատության վերաբերյալ: Նման պայմաններում ինչպես դատարանի, այնպես էլ դատավարության մասնակիցների մոտ կարող են կասկածներ առաջանալ առնվազն այդ եզրակացության արժանահավատության վերաբերյալ:

ՀՀ վճռաբեկ դատարանն անդրադարձել է նաև լրացուցիչ և կրկնակի փորձաքննությունների նպատակների ու նշանակման հիմքերի միջև առկա էական և առանցքային տարբերություններին: Մասնավորապես` անդրադառնալով կրկնակի փորձաքննությանը, ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ առաջին ատյանում գործի քննության ժամանակ գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածի 5-րդ կետով օրենսդիրը սպառիչ կերպով սահմանել է վերջինիս հիմքերը, այն է` փորձագիտական եզրակացության արժանահավատության կամ հիմնավորվածության վերաբերյալ դատարանի կամ դատավարության մասնակիցների մեջ կասկածներ առաջանալը կամ մի քանի փորձագետների եզրակացություններում հակասությունների առկայությունը (տե՛ս, «Կանաչապատում» ՊՓԲԸ-ի սնանկության գործով կառավարիչ Հովհաննես Եղյանն ընդդեմ Կարեն Ախիկյանի և մյուսների թիվ ԵԷԴ/1284/02/12 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.07.2015 թվականի որոշումը):

Այսինքն` գործի քննության ժամանակ գործած Նախկին օրենսգրքով սահմանված դատավարական կարգի համաձայն` կրկնակի փորձաքննություն նշանակելու հիմք է հանդիսացել նաև այն, որ դատարանի կամ դատավարության մասնակիցների մոտ կասկածներ են առաջացել փորձագիտական եզրակացության արժանահավատության վերաբերյալ, որը, վերը նշված դիրքորոշումների համատեքստում, կարող է պայմանավորված լինել փորձագետի եզրակացության մեջ նաև կիրառված մեթոդների մասին նշման բացակայությամբ:

Միևնույն ժամանակ անհրաժեշտ համարելով անդրադառնալ գրավոր եզրակացություն ներկայացրած փորձագետին դատարան հրավիրելու հիմքերին` ցանկանում եմ նշել, որ Նախկին օրենսգրքի 62-րդ հոդվածի 3-րդ կետն այդ մասով նախատեսել է որոշակի դատավարության կարգ, որի համաձայն` օրենսդիրը դատարաններին իրավունք է վերապահել գրավոր եզրակացություն ներկայացրած փորձագետին դատարան հրավիրելու բացառապես իր տված եզրակացության վերաբերյալ բանավոր բացատրություններ տալու համար: Ինչ վերաբերում է գրավոր փորձագետի եզրակացությունը տալուց կիրառված մեթոդի մասին նշման բացակայության հիմքով փորձագետին դատարան հրավիրելուն և այդ «բացը» դատական կարգով լրացնելուն` ենթադրյալ մեթոդների մասին նրա բացատրությունը լսելուն, ապա նման դատավարության կարգ գործի քննության ժամանակ գործած Նախկին օրենսգրքով սահմանված չի եղել: Ընդ որում, նման կարգավորումը բխել է նաև հենց Նախկին օրենսգրքի 62-րդ հոդվածի 3-րդ կետի տրամաբանությունից, որի համաձայն` գրավոր եզրակացություն ներկայացրած փորձագետը չէր կարող դատարան հրավիրվել գոյություն չունեցող նշման վերաբերյալ բացատրություն տալու համար, և նոր միայն դատարանում փորձեր բացատրել, թե ինչ մեթոդ է կիրառել:

Վերը նշված իրավական դիրքորոշումները կիրառելով սույն գործի փաստերի նկատմամբ` արձանագրում եմ հետևյալը.

Վճռաբեկ դատարանը որպես վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստեր նշել է նաև, որ`

1) 26.10.2016 թվականին հակընդդեմ հայցվոր Համլետ Հովսեփյանը ներկայացրել է «Փորձաքննություն նշանակելու մասին» միջնորդություն (...).

2) Դատարանի 22.11.2016 թվականի «Դատահաշվապահական և ֆինանսատնտեսական համալիր փորձաքննություն նշանակելու և գործի վարույթը կասեցնելու մասին» որոշմամբ բավարարվել է հակընդդեմ հայցվորի միջնորդությունը և նշանակվել է դատահաշվապահական և ֆինանսատնտեսական համալիր փորձաքննություն, որի կատարումը հանձնարարվել է «Բեյքեր Թիլլի Արմենիա» ՓԲԸ-ին (...).

3) «Բեյքեր Թիլլի Արմենիա» ՓԲԸ-ի կողմից 03.05.2017 թվականին Դատարան է ներկայացվել «Արձանագրություն» վերնագրված 17.03.2017 թվականի փորձագիտական եզրակացությունը, որով Դատարանի կողմից առաջադրված վերոհիշյալ հարցերի կապակցությամբ հայտնվել է հետևյալը (...).

4) Պատասխանող Համլետ Հովսեփյանի ներկայացուցիչը, պատճառաբանելով, որ դատարան ներկայացված «Արձանագրություն» վերնագրված փաստաթուղթը չի համապատասխանում փորձագետի եզրակացությանը ներկայացվող պահանջներին, այն է` եզրակացությունում բացակայում է նշում կիրառված մեթոդների մասին, 24.07.2017 թվականին կայացած նախնական դատական նիստի ընթացքում միջնորդություն է ներկայացրել կրկնակի փորձաքննություն նշանակելու վերաբերյալ.

5) Դատարանը 08.08.2017 թվականի որոշմամբ մերժել է կրկնակի փորձաքննություն նշանակելու վերաբերյալ Համլետ Հովսեփյանի ներկայացուցչի միջնորդությունը: Մասնավորապես, Դատարանը, հիմք ընդունելով գործի քննության ժամանակ գործող Նախկին օրենսգրքի 62-րդ հոդվածի 3-րդ կետը, պատճառաբանել է, որ «ելնելով արդարադատության արդյունավետության շահերից` փորձագիտական եզրակացության անհստակությունները պետք է առաջնային վերացվեն այդ եզրակացությունը ներկայացրած փորձագետին բանավոր բացատրություններ տալու համար դատական նիստին հրավիրելու եղանակով: Այսինքն, (...) եզրակացությունում կիրառված մեթոդների վերաբերյալ նշման բացակայությունը կարող է հիմք հանդիսանալ Դատարանի կողմից կրկնակի փորձաքննություն նշանակելու համար այն դեպքում, երբ կսպառվի կատարված հետազոտության մեթոդների վերհանման օրենսդրի կողմից սահմանված հնարավորությունը».

6) 27.11.2017 թվականին կայացած նախնական դատական նիստի ընթացքում (...) ի պատասխան պատասխանող կողմի ներկայացուցչի այն հարցին, թե ի՞նչ մեթոդ է կիրառվել «Արձանագրություն» վերնագրված 17.03.2017 թվականի փորձագիտական եզրակացությունը կազմելիս, «Բեյքեր Թիլլի Արմենիա» ՓԲԸ-ի տնօրեն Փառանձեմ Գևորգյանը հայտնել է, որ սույն գործով հաշվապահական և ֆինանսատնտեսական համալիր փորձաքննությունն իրականացվել է փաստաթղթային ստուգման մեթոդով, իսկ «ի՞նչ գիտական հիմնավորվածություն ունի տվյալ մեթոդը» հարցին` պատասխանվել է` «լիովին»: Միաժամանակ, Դատարանի այն հարցին, թե ի՞նչ մեթոդ է կիրառվել և ի՞նչ է այն իրենից ներկայացնում, Փառանձեմ Գևորգյանը նշել է, որ տրված եզրակացությամբ կիրառվել է փաստաթղթային և թվաբանական մեթոդը: Մասնավորապես, «թվաբանական մեթոդը բխում է ներկայացված փաստաթղթերի մեջ ներառված թվերի համադրությունից, հաշվարկներից և վերլուծությունից: Ինչ վերաբերում է փաստաթղթայինին, ապա այն Դատարանի կողմից ներկայացված և կազմված գործն է, երկու կողմերից պահանջված փաստաթղթերն են, ինչը հնարավորություն է տալիս հիմնավորելու վարկային կազմակերպության կողմից Ընկերությանը և ֆիզիկական անձին տրված վարկերը, երկու կողմի պայմանավորվածությունը (համապատասխան պայմանագրեր) և դրա հիման վրա համապատասխան օրենսդրական դաշտի կիրառում».

7) թիվ 13136614 քրեական գործի շրջանակներում ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ավագ քննիչ Հ. Վ. Սարգսյանի 02.11.2015 թվականի որոշմամբ նշանակվել է «Հանձնաժողովային դատահաշվապահական և ֆինանսատնտեսական համալիր փորձաքննություն» ու դրա կատարումը հանձնարարվել է ՀՀ ԱՆ «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի փորձագետներին` հանձնաժողովի կազմում ընդգրկելով նաև ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի փորձագետներին, այդ թվում` փորձագետ Գարիկ Ջալալյանին (...).

8) ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի 30.06.2016 թվականի հմ. 15-3139 եզրակացությամբ փորձագետներ Եսթեր Զադոյանը և Գարիկ Ջալալյանը Երևան քաղաքի քննչական վարչության ավագ քննիչ Հ. Վ. Սարգսյանի` հանձնաժողովային դատահաշվապահական և ֆինանսատնտեսական համալիր փորձաքննություն նշանակելու մասին 02.11.2015 թվականի որոշմամբ փորձագետներին առաջադրված վերոհիշյալ հարցերի կապակցությամբ հայտնել են հետևյալը (...).

9) Պատասխանող Համլետ Հովսեփյանի ներկայացուցիչը 27.11.2017 թվականին կայացած նախնական դատական նիստի ընթացքում կրկին միջնորդություն է ներկայացրել կրկնակի փորձաքննություն նշանակելու վերաբերյալ, ինչպես նաև միջնորդել է Դատարան հրավիրել ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի փորձագետներին` պատճառաբանելով, որ նշված եզրակացությամբ փորձագետներն արձանագրել են, որ հայցվորի կողմից ճիշտ չեն հաշվարկվել քաղաքացի Համլետ Հովսեփյանի, ինչպես նաև Ընկերության ընթացիկ և ամփոփ վարկային պարտավորությունները.

10) Դատարանը 30.11.2017 թվականի «Դատահաշվապահական և ֆինանսատնտեսական համալիր կրկնակի փորձաքննություն նշանակելու և փորձագետներին բացատրություն տալու համար դատարան հրավիրելու միջնորդությունները մերժելու մասին» որոշմամբ մերժել է Համլետ Հովսեփյանի ներկայացուցչի` կրկնակի փորձաքննություն նշանակելու և 30.06.2016 թվականի ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի եզրակացությունը տված փորձագետներ` Եսթեր Զադոյանին և Գարիկ Ջալալյանին դատարան հրավիրելու վերաբերյալ միջնորդությունները: Տվյալ որոշմամբ Դատարանն արձանագրել է, որ վերը նշված փորձաքննությունը սույն գործի քննության ընթացքում չի նշանակվել, նշված փորձագետները դատարանի կողմից, որպես այդպիսին ճանաչված փորձագետներ չեն, հետևաբար չունենալով դատավարական կարգավիճակ, նշված անձինք չեն կարող բացատրություն տալ իրենց կողմից տրված եզրակացության վերաբերյալ.

11) Պատասխանող Համլետ Հովսեփյանի ներկայացուցիչը 30.11.2017 թվականին կայացած նախնական դատական նիստի ընթացքում միջնորդել է ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի փորձագետներ Եսթեր Զադոյանին և Գարիկ Ջալալյանին դատարան հրավիրել որպես վկա, որը Դատարանի արձանագրային որոշմամբ բավարարվել է.

12) 22.01.2018 թվականին կայացած դատական նիստի ընթացքում որպես վկա հարցաքննված Գարիկ Ջալալյանը ցուցմունք է տվել այն մասին, որ «իր կողմից քրեական գործի շրջանակներում տրված փորձագետի եզրակացությամբ նշված խնդրի իրավական կողմը փորձագետի լուծման խնդիրը չէ, դա նշվել է միայն փորձագիտական տեսանկյունից, իսկ նշված իրավական խնդրի վերջնական գնահատական տվողը քրեական վարույթն իրականացնող մարմինն է կամ դատարանը: Եզրակացության մեջ հաշվարկը համարել են անընդունելի` հաշվի առնելով եզրակացության մեջ նշված օրենքի կոնկրետ հոդվածը, բայց դա չի նշանակում, որ հաշվարկն անընդունելի է ընդհանրապես»: Միաժամանակ ի պատասխան պատասխանողի ներկայացուցչի այն հարցին, թե ինչում է կայացել եզրակացության մեջ նշված սխալ հաշվարկված եզրահանգումը, վկայի կողմից նշվել է, որ «նախաձեռնողի կողմից փորձագետներին չի առաջադրվել հարց որքան է կազմում, այլ ընդամենը ճիշտ է հաշվարկվել, թե ոչ», բացի այդ այն կապված է նախորդ հարցերի և դրանց վերաբերյալ իրավական նորմի հետ կապված եզրահանգումների հետ: «Վենտմայն» ՍՊԸ-ի և Համլետ Հովսեփյանի պարտավորությունները ճիշտ են հաշվարկված պայմանագիր-քաղվածքի տեսանկյունից, պայմանագրի դրույթները և պարտավորության վերաբերյալ քաղվածքն իրար համապատասխանում են:

Սույն գործով Դատարանն արձանագրել է, որ փորձագետի եզրակացության մեջ մեթոդների մասին նշում պարունակելու օրենսդրական պահանջն ուղղված է կիրառված մեթոդների բացահայտման, դրանց կիրառման թույլատրելիության կամ գիտական հիմնավորվածության հարցը պարզելու, դրա հիման վրա կրկնակի կամ լրացուցիչ փորձաքննություն նշանակելու հարցը քննարկելու համար, ու գտել է, որ այն դեպքերում, երբ դատարանը փորձագետին դատարան հրավիրելու, կիրառված մեթոդները բացահայտելու կամ պարզելու, հստակեցնելու դատավարական գործողությունների միջոցով արդեն իսկ պարզել է կիրառված մեթոդները, բացահայտել դրանց բովանդակությունը` պահպանելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի պահանջները, նշված դեպքում կրկնակի կամ լրացուցիչ փորձաքննության նշանակումը կարող է լինել ինքնանպատակ` հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ բացի մեթոդները զուտ նշված չլինելը փորձագետի բացատրությունից հետո այդ մեթոդների անթույլատրելի լինելու, գիտական հիմնավորվածություն չունենալու կամ նշված մեթոդով փորձագետի` եզրահանգման գալու անհնարինության վերաբերյալ փաստարկներ կամ այլ ապացույցներ առկա չեն:

Եթե գործի քննության ընթացքում դատարանը հետամուտ է եղել փորձաքննությամբ առաջադրված հարցերի պարզաբանմանը, փորձագետի բացատրության միջոցով պարզել կամ մանրամասնել է կիրառված մեթոդները և փորձագետի եզրահանգման համար հիմք հանդիսացած ելակետային տվյալները, այլ հանգամանքները, դատարանն ըստ էության իրականացրել է փորձաքննություն նշանակելու և եզրակացություն ստանալու օրենսդրի կողմից սահմանված նպատակները: Գործով առկա չեն նաև նշված եզրակացությունը ոչ արժանահավատ դիտելու հիմքեր, քանի որ գործում առկա չեն այլ ապացույցներ, որոնք հիմք կհանդիսանան փորձագետի եզրակացության մեջ արտացոլված տվյալները կասկածի տակ դնելու համար (...): Հավելել է նաև, որ քրեական գործի շրջանակներում (...) եզրակացություն տված փորձագետ, սույն գործով վկա Գարիկ Ջալալյանի ցուցմունքով արդեն պարզվել են այն հիմքերը, որոնցով հաշվարկները դիտվել են անընդունելի:

Վերաքննիչ դատարանը, Նախկին օրենսգրքի 47-րդ, 48-րդ, 60-րդ և 62-րդ հոդվածների, ինչպես նաև Ռազմիկ Սարգսյանը և Լիդա Սևոյանն ընդդեմ Ռաֆիկ Հախվերդյանի թիվ 3-259(ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 02.03.2007 թվականի, «Օրիենթ Սթոն» ՍՊԸ-ն ընդդեմ «Վագ քար» ՍՊԸ-ի թիվ ԱՎԴ1/0074/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 24.05.2013 թվականի, ՀՀ ֆինանսների նախարարությունն ընդդեմ Սայեն Ղազարյանի և այլոց թիվ ԱՎԴ/0011/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 28.12.2015 թվականի և Ռաֆայել Ավետիսյանն ընդդեմ Սեյրան Վարդանյանի իրավահաջորդներ Արթուր և Անժելա Վարդանյանների թիվ ԿԴ3/0133/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.04.2013 թվականի որոշումների վկայակոչմամբ պատճառաբանելով նաև, որ ««Բեյքեր Թիլի Արմենիա» ՓԲԸ-ի կողմից 17.03.2017 թվականին կազմված և դատարանին է ներկայացված «Արձանագրություն»-ը չի համապատասխանում փորձագետի եզրակացությանն առաջադրվող վերը նշված պահանջներին, հետևաբար թույլատրելիության և արժանահավատության տեսանկյունից այն չէր կարող դրվել դատական ակտի հիմքում», «սույն գործում առկա «Բեյքեր Թիլլի Արմենիա» ՓԲԸ-ի կողմից 17.03.2017 թվականին կազմված և Դատարանին ներկայացված «Արձանագրության» թույլատրելիության, արժանահավատության կամ հիմնավորվածության վերաբերյալ կասկածների առկայության, ինչպես նաև մի քանի փորձագետների եզրակացություններում հակասությունների (...) առկայության պայմաններում առկա էր կրկնակի փորձաքննություն նշանակելու անհրաժեշտություն, ինչն էլ անտեսվել է Դատարանի կողմից և դա այն դեպքում, երբ «Էքսպրես Կրեդիտ» ունիվերսալ վարկային կազմակերպություն ՓԲԸ-ի ներկայացրած հայցադիմումում, հայցային պահանջների չափը ավելացնելու վերաբերյալ դիմումում և գործի քննության ընթացքում բռնագանձման ենթակա գումարի վերաբերյալ որևէ հաշվարկ չի ներկայացվել, հետևաբար սույն գործով Դատարանը չի ապահովել գործի փաստական հանգամանքների լրիվ և բազմակողմանի քննություն», «Վենտմայն» ՍՊԸ-ի, Վարդան և Համլետ Հովսեփյանների վերաքննիչ բողոքները բավարարել է, Դատարանի 06.03.2018 թվականի վճիռը մասնակիորեն` Ընկերության հայցը բավարարելու, Վարդան Հովսեփյանի և Համլետ Հովսեփյանի հակընդդեմ հայցը մերժելու, համապատասխանաբար դատական ծախսերի մասերով, բեկանել է և գործն այդ մասերով ուղարկել է նույն դատարան` նոր քննության:

Այժմ, Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով այն հարցին, թե արդյոք «Բեյքեր Թիլլի Արմենիա» ՓԲԸ-ի կողմից 17.03.2017 թվականին կազմված և 03.05.2017 թվականին Դատարան ներկայացված` «Արձանագրություն» վերնագրված եզրակացությունն արժանահավատության տեսանկյունից կարող էր դրվել դատական ակտի հիմքում, արձանագրել է, որ «վերոհիշյալ եզրակացությունը թեև նշում չի պարունակել կիրառված մեթոդների վերաբերյալ, սակայն Դատարանը, ղեկավարվելով գործի քննության ժամանակ գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածի 3-րդ կետով, դատարան է հրավիրել գրավոր եզրակացություն ներկայացրած փորձագետներին` բանավոր բացատրություններ տալու համար: Այսինքն` կիրառված մեթոդները պարզելուն ուղղված դատավարական գործողություններ իրականացնելու միջոցով բացահայտել է փորձաքննության ընթացքում կիրառված մեթոդները և դրանց բովանդակությունը, մասնավորապես` «Բեյքեր Թիլլի Արմենիա» ՓԲԸ-ի տնօրեն Փառանձեմ Գևորգյանի, փորձագետ Մերի Պոնամարևայի, արձանագրող Շուշան Թաշչիյանի կողմից 27.11.2017 թվականին կայացած նախնական դատական նիստի ընթացքում տրված բացատրությունների (Դատարանի կողմից նաև դատական նիստի շրջանակներում նախազգուշացված լինելով ՀՀ քրեական օրենսգրքի 338-րդ հոդվածով նախատեսված քրեական պատասխանատվության մասին` քաղաքացիական դատավարության գործով փորձագետի կողմից ակնհայտ կեղծ եզրակացություն տալու համար) հիման վրա, ինչպես նաև նույն օրը «Բեյքեր Թիլլի Արմենիա» ՓԲԸ-ի կողմից Դատարան ներկայացված գրավոր գրությամբ պարզվել է, որ հաշվապահական և ֆինանսատնտեսական համալիր փորձաքննությունն իրականացվել է փաստաթղթային ստուգման և թվաբանական մեթոդով: Միաժամանակ Դատարանի կողմից պարզվել են կիրառված մեթոդների էությունը, դրանց կիրառման ընթացակարգը, գիտական հիմնավորվածության աստիճանը»: Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը նշել է, որ «Բեյքեր Թիլլի Արմենիա» ՓԲԸ-ի կողմից 17.03.2017 թվականին կազմված և 03.05.2017 թվականին Դատարան ներկայացված «Արձանագրություն» վերնագրված եզրակացությունն արժանահավատ ապացույց է, ուստի իրավաչափ է նաև սույն գործով կրկնակի փորձաքննություն նշանակելու մասին պատասխանող կողմի միջնորդության մերժումը:

Հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի կողմից նախկինում արտահայտված վերը նշված իրավական դիրքորոշումները, գործի քննության ժամանակ գործած Նախկին օրենսգրքով սահմանված դատավարական կարգի վերաբերյալ սույն հատուկ կարծիքում նշված իմ մեկնաբանությունները, դրանք կիրառելով սույն գործի փաստերի նկատմամբ` գտնում եմ, որ Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունները հիմնավոր են, որի պայմաններում հիմնավոր է նաև Դատարանի 06.03.2018 թվականի վճիռը մասնակիորեն` Ընկերության հայցը բավարարելու, Վարդան և Համլետ Հովսեփյանների հակընդդեմ հայցը մերժելու, համապատասխանաբար դատական ծախսերի մասերով, բեկանելու ու գործն այդ մասերով նոր քննության ուղարկելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշումը, և բացակայում է Վերաքննիչ դատարանի 25.07.2018 թվականի որոշումը բեկանելու ու Դատարանի 06.03.2018 թվականի վճռին օրինական ուժ տալու Վճռաբեկ դատարանի լիազորությունը կիրառելու հիմքը, քանի որ կարծում եմ սույն գործով առկա չէ Վերաքննիչ դատարանի կողմից որոշում կայացնելիս թույլ տրված դատավարական իրավունքի նորմի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:

Նման պայմաններում, գտնում եմ, որ վճռաբեկ բողոքը ենթակա է մերժման:

 

Դատավոր` Գ. Հակոբյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
15.11.2019
N ԵԱԴԴ/3172/02/15
Որոշում