Սեղմել Esc փակելու համար:
«ՄԱՍԴԱՐ ԱՐՄԵՆԻԱ ԾՐԱԳԻՐ» ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՄԱՍԴԱՐ ԱՐՄԵՆԻԱ ԾՐԱԳԻՐ» ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

26 դեկտեմբերի 2019 թվականի N 1922-Լ

 

«ՄԱՍԴԱՐ ԱՐՄԵՆԻԱ ԾՐԱԳԻՐ» ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆԱԽԱՊԱՅՄԱՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Մասդար Արմենիա ծրագիր» ներդրումային ծրագրին (այսուհետ` ծրագիր)` համաձայն հավելվածի:

i

2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին`

1) ծրագրի յուրաքանչյուր փուլի համար հրապարակային հրավերի միջոցով հայտարարել միջազգային մրցույթ` հնարավորություն ընձեռելով այլ կազմակերպությունների ներկայացնելու ծրագրի տվյալ փուլի համար Հայաստանի Հանրապետության կառավարության աջակցության համաձայնագրի նախագծով առաջարկված սակագնից առավել ցածր սակագնով ծրագիրն իրականացնելու հայտ.

2) ծրագրի յուրաքանչյուր փուլի համար հրապարակային հրավերի միջոցով իրականացվող միջազգային մրցույթի արդյունքներն ամփոփել և հաղթողին հայտարարել ոչ ուշ, քան 2020 թվականի հոկտեմբերի 15-ը` առաջին փուլի և 2021 թվականի հոկտեմբերի 15-ը` երկրորդ փուլի համար.

3) ծրագրի յուրաքանչյուր փուլի իրականացման համար մշակել և համապատասխանաբար` առաջին փուլի համար` մինչև 2020 թվականի օգոստոսի 1-ը, իսկ երկրորդ փուլի համար` մինչև 2021 թվականի ապրիլի 15-ը, Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել`

ա) տվյալ փուլի հրապարակային հրավերի միջոցով մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջները, մրցույթի անցկացման ընթացակարգը և հաղթողի ընտրության չափորոշիչները,

բ) տվյալ փուլի մրցույթի մասնակիցներին ներկայացվող` Հայաստանի Հանրապետության կառավարության աջակցության համաձայնագրի նախագիծը:

(2-րդ կետը փոփ. 14.05.2020 թիվ 744-Լ որոշում)

3. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետին և Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետին` աջակցել ծրագրի շրջանակներում արևային ֆոտովոլտային կայանների կառուցման համար Հայաստանի Հանրապետության Արագածոտնի և Կոտայքի մարզերի վարչական սահմաններում դիտարկված տեղանքների համար տեխնիկատնտեսական հիմնավորման աշխատանքների իրականացմանը:

i

4. Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի ղեկավարին, Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետին և Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետին` ծրագրի շրջանակներում նախատեսվող կայանների կառուցման համար անհրաժեշտ հողհատկացումների և հողամասերի նպատակային նշանակության վերաբերյալ առաջարկությունները ներկայացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո վեց ամսվա ընթացքում:

(4-րդ կետը փոփ. 14.05.2020 թիվ 744-Լ որոշում)

5. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին` սահմանված կարգով ներկայացնել առաջարկություն` ծրագրի շրջանակներում նախատեսվող կայանների կառուցման համար անհրաժեշտ հողհատկացումների և հողամասերի նպատակային նշանակության վերաբերյալ` դիտարկելով նվիրաբերության տարբերակը, ծրագիրը հավանության արժանանալուց հետո վեց ամսվա ընթացքում:

(5-րդ կետը փոփ. 14.05.2020 թիվ 744-Լ որոշում)

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2019 թ. դեկտեմբերի 27

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2019 թվականի դեկտեմբերի 26-ի

N 1922-Լ որոշման

 

ՄԱՍԴԱՐ ԱՐՄԵՆԻԱ ԾՐԱԳԻՐ

 

Ներդրումային ծրագրի նպատակը և ընդհանուր նկարագիրը

 

1. «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» փակ բաժնետիրական ընկերությունը (Գրանցման համար` 286.120.1075203, ՀՎՀՀ` 02697868, հասցե` ՀՀ, քաղ. Երևան, Մելիք-Ադամյան 2/2, 0010) (այսուհետ` ԱՆԻՖ կամ ANIF) կարևորում է Հայաստանի Հանրապետության էներգետիկ անվտանգության ապահովմանն ուղղված ներդրումային ծրագրերի իրականացումը:

2. Աբու Դաբի ապագա էներգետիկայի ընկերություն ՀԲԸ-ը (Abu Dhabi Future Energy Company (Masdar)) (այսուհետ` Մասդար կամ Masdar) (հիմնադրված և գործող Արաբական Միացյալ Էմիրությունների օրենսդրության հիման վրա, հասցե` Արաբական Միացյալ Էմիրություններ, Աբու Դաբի, փ.ա. 54115, կոմերցիոն լիցենզիայի համար` CN1137318) ցանկանում է վերականգնվող էներգիայի ոլորտում ներդրումներ իրականացնել Հայաստանի Հանրապետությունում` հաշվի առնելով երկրում արևային էներգիայի և հողմաէներգետիկայի ոլորտում զարգացումները և դեռևս չիրացված պոտենցիալը:

3. Masdar-ը հանդիսանում է վերականգնվող էներգետիկայի ոլորտում գործունեություն իրականացնող աշխարհում առաջատար ընկերություններից մեկը: Ընկերությունը վերականգնվող էներգետիկայի ծրագրեր է իրականացնում ԱՄՆ-ում, Գերմանիայում, Մոնտենեգրոյում, Օմանում, ԱՄԷ-ում, Աֆղանստանում, Հորդանանում, Մավրիտանիայում, Եգիպտոսում, Մարոկկոյում, Մեծ Բրիտանիայում, Սերբիայում, Իսպանիայում և այլ երկրներում:

4. «Հայաստանի Պետական Հետաքրքրությունների Ֆոնդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի 100%-ը պատկանում է Հայաստանի Հանրապետությանը: ANIF-ը մեծամասշտաբ ծրագրերի շրջանակներում աջակցում, ինչպես նաև համաներդրումներ է իրականացնում օտարերկրյա ներդրողների և ոլորտային գործընկերների հետ: ANIF-ի գործունեությունը, ի թիվս գործառնությունների, միտված է տնտեսության կարևորագույն ոլորտներում ներդրումներ գեներացնելուն և դյուրացնելուն:

5. Masdar-ի և ANIF-ի միջև 12.07.2019թ. կնքվել է փոխըմբռնման հուշագիր, որով նախատեսվում է արդյունավետ համագործակցություն իրականացնել արևային ֆոտովոլտային, հողմային և լողացող արևային էներգիայի կայանների կառուցման ուղղություններով:

6. ANIF-ի և Masdar-ի միջև կնքված Համատեղ զարգացման համաձայնագրի (այսուհետ` «Համատեղ զարգացման համաձայնագրի») (Joint Development Agreement) համաձայն` կողմերը նախատեսում են Հայաստանի Հանրապետությունում իրականացնել 400 ՄՎտ հզորությամբ արևային ֆոտովոլտային կայանների կառուցում (այսուհետ` «Ծրագիր»):

7. Համատեղ զարգացման համաձայնագրի շրջանակներում ANIF-ի և Masdar-ի կողմից հիմնադրվելիք ընկերությունը նախագծելու, ֆինանսավորելու, կառուցելու, տնօրինելու և շահագործելու է արդյունաբերական մասշտաբի ֆոտովոլտային էլեկտրակայանները: Ծրագիրը նախագծվելու, կառուցվելու և շահագործվելու է Ծրագրի ընկերության ֆինանսական միջոցների և ռիսկերի հաշվին: Masdar-ը հանձնառություն է ստանձնել ապահովել Ծրագրի ֆինանսավորումը:

8. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» փակ բաժնետիրական ընկերության, «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերության և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության հետ քննարկումների արդյունքում պարզվել է, որ Ծրագրի համար դիտարկվող տարածքներում առկա ներկայիս ենթակառուցվածքները սույն Ծրագրում նախանշված ժամկետներում թույլ են տալու ապահովել 400 ՄՎտ հզորությամբ արևային ֆոտովոլտային կայանների միացումը:

9. Ծրագրի իրականացման նպատակով ANIF-ը և Masdar-ը նախատեսում են հիմնել ընկերություն (այսուհետ` «Ծրագրի ընկերություն»), որում ANIF-ն ունենալու է 15% բաժնեմասնակցություն, իսկ Masdar-ի բաժնեմասնակցության չափը կազմելու է 85%: Համատեղ զարգացման համաձայնագրի շրջանակներում նախատեսվում է Ծրագրի ընկերությունում ANIF-ի բաժնեմասնակցության դիմաց վճարման տարաժամկետում, որը վճարվելու է Ծրագրի ընկերության գործունեության արդյունքում ստացված ANIF-ի բաժնեմասնակցության շահաբաժնից: Ակնկալվում է, որ Ծրագրի իրականացման համար անհրաժեշտ հողամասերը, էներգետիկայի նպատակային նշանակության փոփոխված վիճակում անհատույց սեփականության իրավունքով տրամադրվելու են ANIF-ին:

10. Ծրագիրն ունի համապետական կարևոր նշանակություն, քանի որ նպաստելու է Հայաստանի Հանրապետության ընդհանուր էներգետիկ հաշվեկշռում վերականգնվող էներգիայի մասնաբաժնի մեծացմանը, էներգետիկ անվտանգության բարձրացմանը:

11. Ներդրումային ծրագրի իրականացման ռազմավարական խնդիրներն են`

1) Հայաստանի Հանրապետության էներգետիկ անկախության մակարդակի բարձրացումը.

2) էներգետիկայի բնագավառում ներդրումների ներգրավումը:

12. Ծրագիրը բաղկացած է հետևյալ փուլերից.

1) առաջին փուլով նախատեսվում է մինչև 2023 թ. դեկտեմբեր ամիսն իրականացնել 200 ՄՎտ հզորությամբ արևային ֆոտովոլտային կայանի, սույն Ծրագրի 15-րդ կետում նշված այլ անհրաժեշտ ենթակառուցվածքների, շենքերի և շինությունների կառուցում, միացում հաղորդման ցանցին և գործարկում: Այս փուլի ներքո նախատեսվող սակագինը համաձայնեցվել է Masdar-ի հետ և արժեքը 1 կՎտժ-ի դիմաց կազմելու է 2.99 ԱՄՆ ցենտ/կՎտժ (առանց ԱԱՀ): Սակագինը հաշվարկվել է ելնելով հետևյալ հիմնական ենթադրություններից.

ա) Ծրագրի իրականացման նպատակով կկնքվի Հայաստանի Հանրապետության կառավարության աջակցության համաձայնագիր, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից կտրամադրվի համապատասխան լիցենզիա և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի հետ կկնքվի էլեկտրական էներգիայի պարտադիր գնումը երաշխավորող համապատասխան պայմանագիր (Power Purchase Agreement)` 20 տարի ժամկետով, ինչպես նաև կտրամադրվի հաղորդման ցանցին միացման կետ և տեխնիկական պայմաններ, որի համար գանձվող ծառայության վճարը Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական համակարգի ցանցային կանոնների համաձայն կազմում է 500,000 դրամ.

բ) Ծրագրի շրջանակում ներմուծման ենթակա տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը կազատվեն ներմուծման մաքսատուրքից, ինչպես նաև կտրամադրվի ԱԱՀ վճարման ժամկետի հետաձգման արտոնություն (համապատասխան արտոնությունները կտրամադրվեն Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1118-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1225-Ն որոշումներով սահմանված կարգերով).

գ) Ծրագրի առաջին փուլի իրականացման համար Թալին, Դաշտադեմ, Կաթնաղբյուր և Եղնիկ համայնքների վարչական սահմաններում, օրենսդրությամբ սահմանված կարգով, կտրամադրվի շուրջ 520 հա հողատարածք.

2) երկրորդ փուլով նախատեսվում է մինչև 2024 թ. դեկտեմբեր ամիսն իրականացնել 200 ՄՎտ հզորությամբ արևային ֆոտովոլտային կայանների կառուցում, սույն Ծրագրի 15-րդ կետում նշված այլ անհրաժեշտ ենթակառուցվածքների, շենքերի և շինությունների մնացած հատվածի կառուցման ավարտ, միացում հաղորդման ցանցին և գործարկում: Այս փուլերի ներքո նախատեսվող սակագինը համաձայնեցվել է Masdar-ի հետ և արժեքը 1 կՎտժ-ի դիմաց կազմելու է 2.95 ԱՄՆ ցենտ/կՎտժ (առանց ԱԱՀ): Սակագինը հաշվարկվել է հիմնվելով սույն Ծրագրի 15-րդ կետի 1) ա) և բ) ենթակետերում նշված հիմնական ենթադրությունների վրա, ինչպես նաև հաշվի առնելով, որ Ծրագրի երկրորդ փուլի համար Եղվարդ համայնքի, ինչպես նաև Նոր Եդեսիա համայնքի վարչական սահմաններում, օրենսդրությամբ սահմանված կարգով, կտրամադրվի շուրջ 520 հա հողատարածք.

13. Սույն Ծրագրի առաջին և երկրորդ փուլերը, ներառյալ դրանց համար առաջարկված սակագները կապակցված չեն միմյանց հետ որևէ պայմանով:

14. Հաղորդման ցանցին միացումը ամբողջությամբ իրականացվելու է Ծրագրի ընկերության կողմից: Նախատեսվում է Ծրագրի շրջանակում կառուցված բարձր լարման ենթակայանները ու գծերն անհատույց փոխանցել «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը սեփականության իրավունքով:

15. Այլ անհրաժեշտ ենթակառուցվածքներ, շենքեր և շինություններ, որոնք կառուցվելու են Ծրագրի ընկերության կողմից.

. Կենտրոնական ինվերտորային կայաններ, որոնք վահանակներից էլեկտրականությունը փոխակերպում են Հաստատուն հոսանքից (DC) Փոփոխական հոսանքի (AC): Ինվերտորային կայանները միացվելու են ենթակայաններին ստորգետնյա մալուխների միջոցով.

. Ենթակայան, որը փոխակերպում է մինչև 220 կՎ լարում` հաղորդման ցանցի հետ միացման սահմանված տեխնիկական պահանջներին համապատասխան, ներառյալ Ծրագրի տարածքից հաղորդման ցանցին միացումը.

. Շենք և շինություններ, որը հիմնականում ներառելու է գրասենյակներ ամենօրյա բնականոն աշխատանքի համար, ինչպես նաև սարքավորումներ և տեխնիկա պահեստավորելու համար անհրաժեշտ պահեստ.

. Ճանապարհային ցանց, որը պետք է ներառի ներքին ճանապարհներ, որով կապահովվի շահագործման և պահպանման նպատակներով դեպի սարքավորումների խումբը մուտքի դյուրինությունը, ինչպես նաև Ծրագրի տարածքի շուրջ անվտանգության համար նախատեսված ճանապարհներ, որոնցով կապահովվի պարեկային հսկողություն.

. Ծրագրի տարածքի ցանկապատում և անվտանգության ապահովում` հանցավոր գործողություններից և Ծրագրի տարածքը հսկող անձնակազմի հսկողությունից անցնելու փորձերը կանխարգելելու համար.

. Ծրագրի տարածքի աշխատանքի համար անհրաժեշտ կոմունալ ծառայությունների, ինչպես նաև կապի միջոցների ապահովում, որն իրականացվելու է Ծրագրի ընկերության կողմից.

16. Masdar-ի ներկայացուցիչների և Հայաստանի Հանրապետության համապատասխան տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինների հետ հանդիպումների և ուսումնասիրությունների արդյունքում կողմերը եկել են այն եզրահանգմանը, որ Ծրագրի իրականացման համար անհրաժեշտ է լինելու հողատարածքներ Հայաստանի Հանրապետության Արագածոտնի և Կոտայքի մարզերի սահմաններում: Նշյալ նույնականացված հողատարածքները հիմնականում հանդիսանում են համայնքային և պետական սեփականություն: Ծրագրի համար դիտարկվող տարածքներից ուսումնասիրությունների արդյունքում կառանձնացվեն Ծրագրի իրականացման համար անհրաժեշտ հողատարածքները:

17. Մինչև ծրագրի մեկնարկը Ծրագրի ընկերության միջոցներով նախատեսվում են իրականացնել հետևյալ տեխնիկական գործառնությունները` գեոտեխնիկական ուսումնասիրություններ, արեգակնային ճառագայթահարման գնահատում, էլեկտրական ցանցի վրա ազդեցության գնահատում (Grid Impact Studies), տեխնոլոգիաների ընտրություն և մանրամասն նախագծում:

18. Նախատեսվում են ներգրավել անհրաժեշտ մասնագետներ շրջակա միջավայրի և սոցիալական ազդեցության գնահատում իրականացնելու վերաբերյալ, ինչի արդյունքում հնարավոր կլինի գալ եզրահանգման, որ արևային էլեկտրակայանների տեղադրումը բացասական ազդեցություն չի ունենա շրջակա միջավայրի վրա և դրականորեն կազդի համայնքի զարգացմանը:

 

 

pin
ՀՀ կառավարություն
26.12.2019
N 1922-Լ
Որոշում