Սեղմել Esc փակելու համար:
«ԳՈՎԱԶԴԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 15-ՐԴ ՀՈԴՎԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

«ԳՈՎԱԶԴԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 15-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 10-ՐԴ ՄԱՍԻ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

 

16 դեկտեմբերի 2019 թվականի թիվ 1

 

«ԳՈՎԱԶԴԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 15-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 10-ՐԴ ՄԱՍԻ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

ՆԵՐԱԾԱԿԱՆ ՄԱՍ

 

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով (այսուհետ` Հանձնաժողով) դիմել է «Արմենիա Թի-Վի» ՓԲԸ-ն (այսուհետ` Ընկերություն) 2020 թ-ի հունվարի 1-ից ուժի մեջ մտնող «Գովազդի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 10-րդ մասի դրույթների («Գովազդի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2019 թվականի հունիսի 19-ի ՀՕ-91-Ն ՀՀ օրենք) կիրառման մասով պարզաբանում տրամադրելու վերաբերյալ: Հաշվի առնելով այն փաստը, որ Հանձնաժողովը նշված փոփոխության նախագծի վերաբերյալ առաջարկներ և դիտողություններ է ներկայացրել, որոնք հաշվի չեն առնված «Գովազդի մասին» օրենքի փոփոխության մեջ, ինչի հետևանքով իրավական դրույթը ոչ բավարար հստակ և տարաբնույթ կարող է ընկալվել` Հանձնաժողովը գտնում է, որ կարիք կա պաշտոնական պարզաբանելու այն:

Ընկերությունը ներկայացրել է հետևյալ փաստարկները. «հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Գովազդի մասին» օրենքի վերը նշված փոփոխությունն ուժի մեջ է մտնելու 2020 թ-ի հունվարի 1-ից և այն հեռուստաընկերության կողմից ՀՀ օրենսդրության սահմաններում կիրառելու համար առաջացել են հստակություն պահանջող հարցեր` խնդրում ենք Ձեզ պարզաբանել մեր Ընկերության կողմից բարձրացված հետևյալ հարցերը:

Արդյոք ճիշտ ենք հասկանում, որ.

1. Ժամը 22:00-07:00-ն ընկած ժամանակահատվածում յուրաքանչյուր վիճակախաղի կամ յուրաքանչյուր վիճակախաղի կազմակերպչի մասին գովազդի ընդհանուր տևողությունը, այդ թվում` գովազդային հաղորդումները և գովազդային տեղեկատվությունները չի կարող գերազանցել 3 րոպեն և յուրաքանչյուր վիճակախաղի կամ վիճակախաղի կազմակերպչի մասին գովազդի ընդհանուր տևողությունը, այդ թվում` գովազդային հաղորդումները և գովազդային տեղեկատվությունները մեկ ժամվա ընթացքում կարող է հեռարձակվել երկու անգամից ավելի, և յուրաքանչյուրի ընդհանուր տևողությունը չի կարող գերազանցել 60 վայրկյանը:

2. Տարբեր իրավաբանական անձանց կողմից կարող են պատվիրվել նույն վիճակախաղի կամ նույն վիճակախաղի կազմակերպչի մասին գովազդային ծառայություններ և յուրաքանչյուր գովազդի ընդհանուր տևողությունը, այդ թվում` գովազդային հաղորդումները և գովազդային տեղեկատվությունները չի կարող գերազանցել 3 րոպեն:

3. Ժամը 07:00-22:00-ն ընկած ժամանակահատվածում մարզական միջոցառումների հեռարձակումների ժամանակ վիճակախաղի գովազդը թույլատրվում է ոչ ավելի, քան մեկ անգամ, իսկ ցանկացած այլ գովազդ թույլատրվում է անսահմանափակ:

4. Ժամը 07:00-22:00-ն ընկած ժամանակահատվածում մարզական միջոցառումների հեռարձակումների ժամանակ յուրաքանչյուր հաղորդումից հետո միայն հովանավոր կազմակերպության անվան հիշատակման ժամանակի սահմանափակում չկա:

 

ՆԿԱՐԱԳՐԱԿԱՆ ՄԱՍ

 

«Գովազդի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 10-րդ մասը, 2020 թ-ի հունվարի 1-ից ուժի մեջ մտնող տարբերակը, սահմանում է. «Յուրաքանչյուր հեռուստահաղորդակցության ալիքով հեռարձակվող յուրաքանչյուր վիճակախաղի գովազդը թույլատրվում է ժամը 22:00-07:00-ն ընկած ժամանակահատվածում, իսկ ռադիոյով` ժամը 08:00-20:00-ն ընկած ժամանակահատվածում: Գովազդը չի թույլատրվում մանկապատանեկան հաղորդումներին նախորդող և հաջորդող մեկ ժամվա ընթացքում: Այդ ժամանակահատվածում գովազդի ընդհանուր տևողությունն, այդ թվում` գովազդային հաղորդումները և գովազդային տեղեկատվությունները վիճակախաղի կամ վիճակախաղի կազմակերպչի մասին, չի կարող գերազանցել 3 րոպեն, որը մեկ ժամվա ընթացքում կարող է հեռարձակվել երկու անգամից ոչ ավելի, և ընդհանուր տևողությունը չի կարող գերազանցել 60 վայրկյանը:

Հեռուստահաղորդմամբ ժամը 07:00-22:00-ն ընկած ժամանակահատվածում մարզական միջոցառումների հեռարձակումների ժամանակ գովազդ թույլատրվում է ոչ ավելի, քան մեկ անգամ` յուրաքանչյուր հաղորդումից հետո և միայն հովանավոր կազմակերպության անվան հիշատակմամբ:

Խաղարկությունով կամ համակցված վիճակախաղի շահումային ֆոնդի խաղարկության հեռարձակում կարող է իրականացվել լիազոր մարմնի հետ համաձայնեցված` վիճակախաղի կազմակերպման և անցկացման կանոնակարգով սահմանված պարբերականությամբ, ընդ որում այն կարող է հեռարձակվել հեռուստահաղորդմամբ ժամը 22:00-07:00-ն ընկած ժամանակահատվածում, և դրա ընդհանուր տևողությունը չի կարող գերազանցել 30 րոպեն:»:

«Գովազդի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 10-րդ մասի, գործող տարբերակը սահմանում է. «Յուրաքանչյուր հեռուստահաղորդակցության ալիքով հեռարձակվող յուրաքանչյուր վիճակախաղի կազմակերպչի գովազդի ընդհանուր տևողությունը, այդ թվում` գովազդային հաղորդումները և գովազդային տեղեկատվությունները նրանց մասին, 24 ժամվա ընթացքում չի կարող գերազանցել 9 րոպեն, իսկ մեկ ժամվա ընթացքում կարող է հեռարձակվել երկու անգամից ոչ ավելի և չի կարող գերազանցել 60 վայրկյանը:»:

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 41-րդ հոդվածը սահմանում է. «Նորմատիվ իրավական ակտի նորմը մեկնաբանվում է` հաշվի առնելով նորմատիվ իրավական ակտն ընդունելիս այն ընդունող մարմնի նպատակը` ելնելով դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից, ամբողջ հոդվածի, գլխի, բաժնի կարգավորման համատեքստից, այն նորմատիվ իրավական ակտի դրույթներից, ի կատարումն որի ընդունվել է այդ ակտը, տվյալ նորմատիվ իրավական ակտով սահմանված սկզբունքներից, իսկ այդպիսի սկզբունքներ սահմանված չլինելու դեպքում` տվյալ իրավահարաբերությունը կարգավորող իրավունքի ճյուղի սկզբունքներից:»:

 

ՊԱՏՃԱՌԱԲԱՆԱԿԱՆ ՄԱՍ

 

Ընկերության կողմից առաջարկվող պարզաբանման տարբերակներին Հանձնաժողովն անդրադառնում է նույն հերթականությամբ:

1. Համադրելով պարզաբանման ենթակա նորմի գործող տարբերակը նոր ուժի մեջ մտնող տարբերակի հետ, հաշվի առնելով նորմատիվ իրավական ակտն ընդունելիս այն ընդունող մարմնի նպատակը` ելնելով դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից, ամբողջ հոդվածի, գլխի, բաժնի կարգավորման համատեքստից` պարզ է դառնում, որ «Գովազդի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 10-րդ մասի առաջին պարբերությունը պետք է կարդալ ընդհանուր համատեքստում: Մասնավորապես, առանձին կարդալու և մեկնաբանելու դեպքում «յուրաքանչյուր վիճակախաղ» բառակապակցության օգտագործումն իրավական իմաստ չի արտահայտի, եթե ժամանակային սահմանափակումները դրանց վրա չկիրառվի: Այս դեպքում պետք է այն կարդալ այն համատեքստում, որ յուրաքանչյուր վիճակախաղի գովազդն, օրենքով թույլատրելի ժամանակահատվածում, չի կարող գերազանցել 3 րոպեն, որը մեկ ժամվա ընթացքում կարող է հեռարձակվել երկու անգամից ոչ ավելի, և ընդհանուր տևողությունը չի կարող գերազանցել 60 վայրկյանը:

2. Պարզաբանման ենթակա նորմում տարբեր իրավաբանական անձանց կողմից գովազդ պատվիրելու վերաբերյալ դրույթը բացակայում է, և այս մասով տվյալ դրույթի տարաբնույթ ընկալման կամ իմաստի պարզմանն ուղղված, ինչպես նաև այլ իրավական պարզման հարցեր չկան, ուստի դրա պարզաբանման կարիք չկա:

3. Այս մասով պարզաբանման կարիք չկա, քանի որ պարզ է, որ այս դրույթը կարգավորում է վիճակախաղի և շահումով խաղերի վերաբերյալ գովազդի հետ կապված իրավահարաբերությունները, իսկ գովազդի մյուս տեսակի հետ կապված իրավահարաբերությունները հեռուստատեսությամբ և ռադիոյով կարգավորվում են ինչպես «Գովազդի մասին» օրենքի, այնպես նաև «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքով:

4. Ընկերության կողմից այս հարցադրումը հիմնավոր չէ, քանի որ հովանավոր կազմակերպության անվան հիշատակման ժամանակային սահմանափակումները ևս կարգավորվում են «Գովազդի մասին» օրենքով և «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքով:

 

ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ

 

Հիմք ընդունելով վերոգրյալը, ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 42-րդ հոդվածի 3-րդ մասով` Հանձնաժողովը պաշտոնապես պարզաբանում է.

Յուրաքանչյուր թվային եթերային հեռուստածրագրի եթերում ժամը 22:00-07:00-ն ընկած ժամանակահատվածում, իսկ ռադիոծրագրի եթերում` ժամը 08:00-20:00-ն ընկած ժամանակահատվածում հեռարձակվող յուրաքանչյուր վիճակախաղի գովազդի ընդհանուր տևողությունը չի կարող գերազանցել 3 րոպեն, որը մեկ ժամվա ընթացքում կարող է հեռարձակվել երկու անգամից ոչ ավելի, և ընդհանուր տևողությունը չի կարող գերազանցել 60 վայրկյանը:

Վիճակախաղի գովազդը չի թույլատրվում մանկապատանեկան հաղորդումներին նախորդող և հաջորդող մեկ ժամվա ընթացքում:

Հեռուստահաղորդմամբ ժամը 07:00-22:00-ն ընկած ժամանակահատվածում մարզական միջոցառումների հեռարձակումների ժամանակ միայն մեկ վիճակախաղի գովազդ է թույլատրվում` յուրաքանչյուր հաղորդումից հետո և միայն այն դեպքում, երբ նշվում է հովանավոր կազմակերպության անվանումը:

 

Հեռուստատեսության և ռադիոյի

    հանձնաժողովի նախագահի պաշտոնակատար     Վ. Օհանյան

 

 

pin
Հեռուստառադիոհանձնաժողով
16.12.2019
N 1
Պաշտոնական պարզաբանում