ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ
12 մարտի 2019 թվականի N 611-Ա
ԱՐՏԱԳՆԱ ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ «ԱՐԱԳ ԱՐՁԱԳԱՆՔՄԱՆ» ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՈՒՂՂԱԹԻՌՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԿԱՐԳԸ, ՊԱՑԻԵՆՏԻ ՈՒՂՂԱԹԻՌՈՎ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՎԻՃԱԿՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հայաստանի Հանրապետության հեռավոր մարզերում առավել որակյալ շտապ բժշկական օգնության կազմակերպման նպատակով` ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի թիվ 728-Լ որոշման հավելվածով հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 18-րդ կետի 20-րդ ենթակետով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել`
1) պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում արտագնա անհետաձգելի բժշկական օգնության «արագ արձագանքման» ծառայության կողմից պացիենտի` ուղղաթիռով տեղափոխման կարգը` համաձայն Հավելված 1-ի,
2) պացիենտի` ուղղաթիռով տեղափոխման ենթակա հիվանդությունների և վիճակների ցանկը` համաձայն Հավելված 2-ի,
3) ուղղաթիռի վայրէջքների համար հարմար հարթակ կամ հարթակը փոխարինող տարածք ունեցող ՀՀ Լոռու, ՀՀ Շիրակի, ՀՀ Վայոց ձորի, ՀՀ Գեղարքունիքի, ՀՀ Տավուշի, ՀՀ Սյունիքի մարզերի բժշկական կազմակերպությունների ցանկը` համաձայն Հավելված 3-ի,
4) արտագնա անհետաձգելի բժշկական օգնության «արագ արձագանքման» ծառայության կողմից վճարովի հիմունքներով իրականացվող պացիենտի` ուղղաթիռով տեղափոխման սկզբունքները` համաձայն Հավելված 4-ի:
2. ՀՀ Լոռու, ՀՀ Շիրակի, ՀՀ Վայոց ձորի, ՀՀ Գեղարքունիքի, ՀՀ Տավուշի, ՀՀ Սյունիքի մարզպետարանների առողջապահության և սոցիալական ապահովության վարչությունների պետերին (համաձայնությամբ)` տասնօրյա ժամանակահատվածում ապահովել ՀՀ Լոռու, ՀՀ Շիրակի, ՀՀ Վայոց ձորի, ՀՀ Գեղարքունիքի, ՀՀ Տավուշի, ՀՀ Սյունիքի մարզերի բժշկական կազմակերպությունների շտապ բժշկական օգնության ծառայության անձնակազմի իրազեկումը սույն հրամանի Հավելված 1-ով հաստատված կարգի և ընթացակարգերի վերաբերյալ:
3. «Էրեբունի բժշկական կենտրոնի», ԱՆ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի», «Արաբկիր» Բժշկական համալիր - Երեխաների և Դեռահասների առողջության ինստիտուտի, Երևանի քաղաքապետարանի «Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնի», Երևանի Մխ. Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի «Մուրացան» հիվանդանոցային համալիրի և «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական կենտրոնի» տնօրեններին (համաձայնությամբ)` սահմանել և հաստատել վերակենդանացման բրիգադների կազմը:
4. «Էրեբունի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն Միքայել Մանուկյանին (համաձայնությամբ)`
սույն հրամանի ընդունումից հետո տասնօրյա ժամկետում կազմակերպել «արագ արձագանքման» ծառայության կողմից պացիենտի` ուղղաթիռով տեղափոխման աշխատանքները, ընդ որում ուղղաթիռային կազմակերպության հետ կնքվող պայմանագրի օրինակելի ձևը նախապես համաձայնեցնել առողջապահության նախարարության հետ:
5. Առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալության պետ Ծաղիկ Վարդանյանին`
պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում արտագնա անհետաձգելի բժշկական օգնության «արագ արձագանքման» ծառայության կողմից պացիենտի` ուղղաթիռով տեղափոխման դեպքերը փոխհատուցելու նպատակով` կազմակերպել «Էրեբունի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության հետ պայմանագրի կնքման գործընթացը:
6. «Լոկատոր» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն Արման Խաչատրյանին (համաձայնությամբ)`
1) պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում պացիենտի` ուղղաթիռով տեղափոխումը կազմակերպելու նպատակով, սույն հրամանի 2-րդ կետում նշված ՀՀ մարզերի բժշկական կազմակերպությունների կողմից տրված կանչերը գրանցելու և կազմակերպելու համար «Էրեբունի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը ընդգրկել կենտրոնական դիսպետչերական համակարգում,
2) կենտրոնական դիսպետչերական համակարգում ստեղծել հնարավորություն ուղղաթիռի կոորդինատները ցուցադրելու համար` կանչը ստանալու պահից մինչ կանչի սպասարկման ավարտը:
7. Առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լիլիթ Բաբախանյանին`
ապահովել սույն հրամանի տեղադրումը առողջապահության նախարարության պաշտոնական կայքում:
8. Առողջապահության նախարարության քարտուղարության պետ Զարուհի Դարբինյանին`
մեկօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը հրամանում նշված բժշկական կազմակերպություններին և ՀՀ մարզպետարաններին:
9. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել առողջապահության նախարարի տեղակալ Արսեն Դավթյանին:
Ա. ԹՈՐՈՍՅԱՆ
ԻՐՏԵԿ |
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն` անհատական իրավական ակտը նորմատիվ իրավական ակտի հիման վրա և դրան համապատասխան ընդունված գրավոր իրավական ակտ է, որը սահմանում է վարքագծի կանոն կամ առաջացնում է փաստական հետևանքներ և վերաբերում է միայն դրանում անհատապես նշված անձի կամ անձանց: Սույն հրամանը չի ընդունվել նորմատիվ իրավական ակտի հիման վրա: Բացի այդ սույն հրամանի պահանջները տարածվում են ոչ միայն դրանում նշված կազմակերպությունների վրա, այլև անորոշ թվով անձանց` պացիենտների այն շրջանակների վրա, ովքեր իրավունք ունեն օգտվել արտագնա անհետաձգելի բժշկական օգնության «արագ արձագանքման» ծառայության կողմից պացիենտի ուղղաթիռով տեղափոխման ծառայությունից: Հետևաբար, սույն հրամանը կարող էր ընդունվել միայն նորմատիվ իրավական ակտի տեսքով: |
Հավելված 1
ՀՀ առողջապահության նախարարի
2019 թվականի մարտ 12-ի
N 611-Ա հրամանի
ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱՐՏԱԳՆԱ ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ «ԱՐԱԳ ԱՐՁԱԳԱՆՔՄԱՆ» ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՊԱՑԻԵՆՏԻ ՈՒՂՂԱԹԻՌՈՎ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԿԱՐԳԸ
1. Սույն կարգով կարգավորվում է պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում արտագնա անհետաձգելի բժշկական օգնության «Արագ արձագանքման» ծառայության կողմից պացիենտի ուղղաթիռով տեղափոխման գործընթացը:
2. Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում պացիենտի ուղղաթիռով տեղափոխումը կազմակերպվում է «Էրեբունի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի կողմից` «Էրեբունի բժշկական կենտրոնի» ՓԲԸ և շտապ բժշկական օգնություն և սպասարկում և երրորդ մակարդակի վերակենդանացման ծառայություն մատուցող ԱՆ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն», «Արաբկիր» Բժշկական համալիր - Երեխաների և Դեռահասների առողջության ինստիտուտ, Երևանի քաղաքապետարանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, Երևանի Մխ. Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի «Մուրացան» հիվանդանոցային համալիրի և «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական կենտրոն» ՓԲԸ-ների վերակենդանացման բրիգադների միջոցով:
3. «Էրեբունի բժշկական կենտրոն» ՓԲԸ կանչը կազմակերպում է բժշկական կենտրոնի վերակենդանացման բրիգադի միջոցով: Ընկերության ծանրաբեռնվածության (ռեանիմատոլոգների զբաղվածություն, վերակենդանացման ծառայությունում ազատ մահճակալների բացակայություն) կամ մինչև 18 տարեկան երեխաների համար տրված կանչերի դեպքում «Էրեբունի բժշկական կենտրոն» ՓԲԸ դիմում է սույն կարգի 2-րդ կետում նշված բժշկական կազմակերպություններին կամ երրորդ մակարդակի վերակենդանացման ծառայություն մատուցող այլ բժշկական կազմակերպություններին:
4. Սույն կարգի 2-րդ կետում նշված բժշկական կազմակերպություններին կանչը փոխանցելու գործընթացը կազմակերպվում է` հաշվի առնելով նշված բժշկական կազմակերպություններում տվյալ պահին վերակենդանացման բրիգադի ձևավորման հնարավորությունները, վերակենդանացման ծառայությունում ազատ մահճակալների առկայությունը:
5. Միաժամանակ մեկից ավելի կանչ ստանալու դեպքում, կանչի առաջնահերթ լինելու որոշումը կայացվում է բժիշկ-ռեանիմատոլոգի կողմից` ելնելով պացիենտի առողջական վիճակի ծանրությունից և նախատեսվող անհետաձգելի բժշկական միջամտությունների հրատապությունից:
6. Վերակենդանացման բրիգադի կազմում ընդգրկվում են անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ, բուժքույր:
7. Պացիենտի տեղափոխումն իրականացվում է օրենքով սահմանված կարգով օդանավ շահագործողի վկայական ունեցող կազմակերպության ուղղաթիռով` առաջնորդվելով ՀՀ ԿԱ Քաղաքացիական Ավիացիայի Գլխավոր վարչության 20.10.2010թ. թիվ 188 հրամանով հաստատված Միացյալ ավիացիոն իշխանությունների/Եվրոպական ավիացիոն անվտանգության գործակալության «Կոմերցիոն օդանավերի շահագործում» ԱՐՄ ԷՅՐ ՕՊՍ-ի վիզուալ թռիչքների կանոններով: Կազմակերպության օդաչուները պետք է ունենան ինքնուրույն վայրէջքի նախընտրելի վայրի որոշման համապատասխան թույլտվություն:
8. Ուղղաթիռով տեղափոխումը կազմակերպվում է սույն հրամանի Հավելված 2-ով հաստատված հիվանդությունների և վիճակների դեպքերում` ՀՀ Լոռու, ՀՀ Շիրակի, ՀՀ Վայոց ձորի, ՀՀ Գեղարքունիքի, ՀՀ Տավուշի, ՀՀ Սյունիքի մարզերի բժշկական կազմակերպություններից ստացած կանչերի հիման վրա:
9. Սույն կարգի 8-րդ կետում նշված մարզային բժշկական կազմակերպությունների շտապ բժշկական օգնության ծառայության շտապ բժշկական օգնության կանչը սպասարկող բրիգադի բժիշկը տեղում` գնահատելով պացիենտի վիճակը, առաջին և անհետաձգելի բժշկական օգնություն ցուցաբերելուց հետո (օգտագործելով շտապ բժշկական մեքենայում առկա սարքավորումները` էլեկտրասրտագրության, թոքերի արհեստական օդափոխության սարք, դեֆիբրիլյատոր մոնիտորով ինֆուզոմատ, պացիենտի մոնիտոր), հաշվի առնելով ուղղաթիռի թռիչքային ժամերը (արևածագից մինչև մայրամուտ)`
1) սույն հրամանի Հավելված 2-ով հաստատված հիվանդությունների և վիճակների դեպքում, կազմակերպում է շտապ բժշկական օգնության մեքենայով պացիենտի տեղափոխումը կանչի սպասարկման վայրին առավել մոտ գտնվող և ուղղաթիռի վայրէջքի համար հնարավոր հարթակ ունեցող հիվանդանոցային բժշկական կազմակերպություն` առաջարկելով տվյալ բժշկական կազմակերպության տնօրենին անհապաղ կազմակերպել պացիենտի տեղափոխումը ուղղաթիռի միջոցով Երևանի երրորդ մակարդակի վերակենդանացման ծառայություն մատուցող կամ այլ մասնագիտացված բժշկական կազմակերպություն,
2) մինչև ուղղաթիռով տեղափոխման անհրաժեշտության մասին որոշումը բժշկական կազմակերպության տնօրենին ներկայացնելը ընդունարանի տվյալ օրվա պատասխանատուն/ընդունող բժիշկը ուղղաթիռով տեղափոխվող պացիենտի հարազատներին առավելագույնը 15 րոպեի ընթացքում ներկայացնում է ուղղաթիռով տեղափոխման ընթացքում հնարավոր զարգացման բարդությունները և ստանում է վերջիններիս գրավոր համաձայնությունը` ուղղաթիռով տեղափոխելու վերաբերյալ,
3) բժշկական կազմակերպության ընդունարանի տվյալ օրվա պատասխանատուն/ ընդունող բժիշկը տեղափոխված պացիենտի առողջական վիճակի կայունացմանն ուղղված միջոցառումները ձեռնարկելուց հետո (գործընթացին ընդգրկելով անհրաժեշտ նեղ մասնագետների, կազմակերպելով լրացուցիչ լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններ), ևս մեկ անգամ գնահատում է պացիենտի տեղափոխման ռիսկերը և ուղղաթիռով տեղափոխման անհրաժեշտության մասին որոշումը, անհապաղ` առավելագույնը 15 րոպեի ընթացքում, ներկայացնում է բժշկական կազմակերպության տնօրենին, կատարելով համապատասխան գրառում ընդունարանի մատյանում,
4) ուղղաթիռով տեղափոխման անհրաժեշտության մասին որոշումը և պացիենտի հարազատների գրավոր համաձայնությունը ստանալուց հետո տվյալ բժշկական կազմակերպության տնօրենն առավելագույնը 15 րոպեի ընթացքում դեպքի մասին անհապաղ հաղորդում է «Էրեբունի բժշկական կենտրոն» ՓԲԸ հեռախոսահամարին (010-47-70-70 կամ 8119), որը, ստանալով պացիենտի առողջական վիճակի մասին անհրաժեշտ տեղեկատվությունը, այդ թվում` կանչի պատճառը, պացիենտի անձնական տվյալները, հասակը, քաշը (պացիենտի քաշը չպետք է գերազանցի 120 կգ), իրականացրած անհետաձգելի միջամտությունները և գրանցելով կանչը, գնահատելով պացիենտի տեղափոխման ընթացքում հնարավոր բարդությունների զարգացումը, կայացնում է վերջնական որոշում կանչի սպասարկման վերաբերյալ և կազմակերպում է վերակենդանացման բրիգադի ձևավորումը, իսկ ձևավորման անհնարինության դեպքում կանչը փոխանցում է սույն կարգի 2-րդ կետում նշված բժշկական կազմակերպություններից մեկին և ուղղաթիռային կազմակերպությանը` ուղղաթիռը թռիչքին նախապատրաստելու նպատակով,
5) եթե շտապ բժշկական օգնության մեքենայի միջոցով տեղափոխված պացիենտը գտնվում է անգիտակից վիճակում և հնարավոր չէ կապ հաստատել վերջինիս հարազատների հետ (կամ հարազատ չունենալու պարագայում) ուղղաթիռով տեղափոխման անհրաժեշտության մասին որոշումն առավելագույնը 15 րոպեի ընթացքում կայացվում է կանչը իրականացված շտապ բժշկական օգնության բրիգադի, տվյալ կազմակերպության ընդունարանի տվյալ օրվա պատասխանատուն/ընդունող բժշկի և տվյալ մարզային բժշկական կազմակերպության տնօրենի կողմից համատեղ:
10. Այրվածքների դեպքում ուղղաթիռով տեղափոխված պացիենտի բժշկական օգնությունը կազմակերպվում է «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն» ՓԲԸ-ում, ընդ որում «Էրեբունի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ը մինչև ուղղաթիռի վերադարձը պայմանավորվածություն է ձեռք բերում «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն» ՓԲԸ հետ` պացիենտին ընդունելու վերաբերյալ և ապահովում է պացիենտի տեղափոխումը «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն» ՓԲԸ:
11. Էկզոգեն թունավորումների դեպքում ուղղաթիռով տեղափոխված պացիենտի բժշկական օգնությունը կազմակերպվում է «Արմենիա բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում, ընդ որում «Էրեբունի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ը մինչև ուղղաթիռի վերադարձը պայմանավորվածություն է ձեռք բերում «Արմենիա բժշկական կենտրոն» ՓԲԸ հետ` պացիենտին ընդունելու վերաբերյալ և ապահովում է պացիենտի տեղափոխումը «Արմենիա բժշկական կենտրոն» ՓԲԸ:
12. Ուղղաթիռով տեղափոխված մինչև 18 տարեկան երեխայի հետագա բժշկական օգնության կազմակերպումը կանոնակարգվում է առողջապահության նախարարի 2014 թվականի ապրիլի 9-ի թիվ 723-Ա հրամանով, իսկ վերակենդանացման բրիգադը ձևավորվում է սույն կարգի 2-րդ կետում նշված մասնագիտացված կենտրոնների կողմից:
13. Ծննդկանների, որոնց կյանքին վտանգ է սպառնում, տեղափոխումը կազմակերպվում է «Էրեբունի բժշկական կենտրոն ՓԲԸ կողմից, անհնարինության դեպքում` «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական կենտրոն» ՓԲԸ-ի կողմից ձևավորված վերակենդանացման բրիգադով:
14. «Էրեբունի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի համապատասխան ծառայությունը, ստանալով պացիենտի առողջական վիճակի մասին անհրաժեշտ տեղեկատվությունը և գրանցելով կանչը (համաձայն առողջապահության նախարարի 2013 թվականի հուլիսի 24-ի 24.07.2013 թ. թիվ 39-Ն հրամանի) ձևավորում է վերակենդանացման բրիգադ կամ բրիգադի ձևավորման անհնարինության դեպքում այն ուղղորդում է սույն կարգի 2-րդ կետում նշված բժշկական կազմակերպություններից մեկին, էլեկտրոնային փոստով ուղարկելով նաև պացիենտի վերաբերյալ ստացված տեղեկատվությունը` շտապ և անհետաձգելի բժշկական օգնության կանչի և սանավիայի թերթիկների էլեկտրոնային տարբերակները:
Սույն կարգի 2-րդ կետում նշված բժշկական կազմակերպությունը, ստանալով «Էրեբունի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի կողմից ուղղորդված կանչը և էլեկտրոնային փոստի միջոցով ուղարկված շտապ և անհետաձգելի բժշկական օգնության կանչի և սանավիայի թերթիկները (առողջապահության նախարարի 2013 թվականի հուլիսի 24-ի 24.07.2013 թ. թիվ 39-Ն հրամանի Հավելվածներ 2 և 6), կապ է հաստատում կանչը տված մարզային բժշկական կազմակերպության տնօրենի հետ` պացիենտի առողջական վիճակի վերաբերյալ անհրաժեշտ լրացուցիչ տեղեկատվություն ստանալու կամ մասնագիտական խորհրդատվություն ցուցաբերելու համար: Ընդ որում, եթե`
1) պացիենտը գտնվում է մարզային բժշկական կազմակերպությունում հիվանդանոցային բուժման մեջ, ապա «Էրեբունի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի էլեկտրոնային հասցեին ([email protected]) է ուղարկվում պացիենտի հիվանդության պատմագրի պատճենը,
2) պացիենտը գտնվում է բժշկական կազմակերպությունից դուրս` տնային կամ այլ պայմաններում, տվյալ կանչը սպասարկող մարզային բժշկական կազմակերպության շտապ բժշկական օգնության բրիգադի բժիշկը, ներկայացնելով տվյալ բժշկական կազմակերպության տնօրենին ուղղաթիռով պացիենտի տեղափոխումը կազմակերպելու անհրաժեշտությունը, տրամադրում է նաև պացիենտին վերաբերող տեղեկատվությունը (շտապ և անհետաձգելի բժշկական օգնության կանչի թերթիկի Էլեկտրոնային ձև), որն ուղարկվում է «Էրեբունի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի էլեկտրոնային հասցեին ([email protected]):
15. Սույն կարգի 2-րդ կետում նշված բժշկական կազմակերպությունը, ստանալով «Էրեբունի բժշկական կենտրոն» ՓԲԸ ուղղորդված կանչը, շտապ և անհետաձգելի բժշկական օգնության կանչի և սանավիայի էլեկտրոնային թերթիկները, անհապաղ ձևավորում է վերակենդանացման բրիգադ:
16. Վերակենդանացման բրիգադի ձևավորման և ուղղաթիռը թռիչքին նախապատրաստելու համար սահմանվում է 30 րոպե,
17. Վերակենդանացման բրիգադը կանչի վայր հասնելուց և բժշկական օգնությունը ցուցաբերելուց հետո լրացնում է սանավիայի թերթիկի` իր գործառույթներին վերաբերող մասը և այն ներկայացնում կանչ տված բժշկական կազմակերպության տնօրենին` վավերացման համար:
18. Սույն կարգի 2-րդ կետում նշված բժշկական կազմակերպությունների, բացառությամբ «Էրեբունի բժշկական կենտրոնի», վերակենդանացման բրիգադը սանավիայի լրացված և վավերացված թերթիկը ուղարկում է «Էրեբունի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի էլեկտրոնային հասցեին ([email protected]):
19. Այն դեպքում, երբ մինչև ուղղաթիռի ժամանելը մարզային բժշկական կազմակերպությունում արձանագրվում է պացիենտի մահը, ապա տվյալ բժշկական կազմակերպության տնօրենն անհապաղ կապ է հաստատում «Էրեբունի բժշկական կենտրոն ՓԲԸ-ի հետ` հաղորդելով մահվան դեպքի մասին:
20. «Էրեբունի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ն, ստանալով պացիենտի մահվան վերաբերյալ տեղեկատվությունը, անհապաղ կապ է հաստատում ուղղաթիռային կազմակերպության հետ: Եթե`
1) ուղղաթիռն արդեն գտնվում է թռիչքի մեջ, ապա վերջինս վերադառնում է «Զվարթնոց օդանավակայան» ՓԲԸ,
2) պացիենտի մահը արձանագրվում է թռիչքի ընթացքում, իսկ ուղղաթիռը աշխարհագրորեն ավելի մոտ է գտնվում կանչի վայրից, ապա վերջինս վերադառնում է տվյալ մարզային բժշկական կազմակերպություն.
3) պացիենտի մահը արձանագրվում է թռիչքի ընթացքում, իսկ ուղղաթիռը աշխարհագրորեն ավելի մոտ է գտնվում Երևանին, ապա վերջինս վայրէջք է կատարում կանչն իրականացնող բժշկական կազմակերպությունում կամ Երևանի «Զվարթնոց օդանավակայան» ՓԲԸ-ում, որտեղից դիակը տեղափոխում են ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՓԲԸ: Ստանալով իրավապահ մարմնի որոշումը, «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՓԲԸ կողմից կանչ է տրվում Երևանի «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ը` շտապ բժշկական օգնության մեքենայով (սանիտարական ավիացիայի կանչ)` դիակը համապատասխան մարզ տեղափոխելու նպատակով: Դիակի տեղափոխումն իրականացվում է անվճար` պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում (փոխհատուցումն իրականացվում է համաձայն առողջապահության նախարարի 2019 թվականի հունվարի 9-ի թիվ 12-Ա հրամանի Հավելվածի 5-րդ կետի 3-րդ ենթակետի):
21. Այն դեպքում, երբ թռիչքն իրականացնելու համար որոշակի խոչընդոտներ են առաջանում (անբարենպաստ եղանակային պայմանները), կանչը ստացած բժշկական կազմակերպության կողմից ձևավորված վերակենդանացման բրիգադի բժիշկը, լրացնելով սանավիայի թերթիկը, նշում է թռիչքը չիրականացնելու կամ հետաձգելու պատճառը և այն ուղարկվում է «Էրեբունի բժշկական կենտրոն» ՓԲԸ էլեկտրոնային հասցեին: Այս դեպքում պացիենտի տեղափոխման գործընթացը կազմակերպվում է համաձայն առողջապահության նախարարի 2013 թվականի հուլիսի 24-ի թիվ 39-Ն հրամանի և 2014 թվականի ապրիլի 9-ի թիվ 723-Ա հրամանի:
22. Ուղղաթիռով պացիենտի տեղափոխման վերաբերյալ տեղեկատվությունը «Էրեբունի բժշկական կենտրոն» ՓԲԸ կողմից մուտքագրվում է շտապ բժշկական օգնության էլեկտրոնային համակարգ:
23. Առանձին դեպքերում, ելնելով պացիենտի առողջական վիճակի ծանրությունից և նախատեսվող անհետաձգելի բժշկական միջամտությունների հրատապությունից, սույն կարգի 8-րդ կետում չընդգրկված մարզերի բժշկական կազմակերպություններից ստացած կանչերի հիման վրա և/կամ սույն հրամանի Հավելված 2-ով հաստատված պացիենտի ուղղաթիռով տեղափոխման ենթակա հիվանդությունների և վիճակների ցանկից դուրս դեպքերում, արտագնա անհետաձգելի բժշկական օգնության «արագ արձագանքման» ծառայության կողմից պացիենտի ուղղաթիռով տեղափոխումն կազմակերպվում է պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում առողջապահության նախարարի հրամանով:
Հավելված 2
ՀՀ առողջապահության նախարարի
2019 թվականի մարտ 12-ի
N 611-Ա հրամանի
ՑԱՆԿ
ՊԱՑԻԵՆՏԻ ՈՒՂՂԱԹԻՌՈՎ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՎԻՃԱԿՆԵՐԻ
1. Գանգուղեղային և ողնաշարի ծանր վնասվածքներ` տրավմատիկ շոկի ուղեկցումով
2. պոլիտրավմա (խոշոր ոսկրերի և/կամ ներքին օրգանների համակցված վնասվածքներ),
3. կյանքին վտանգ սպառնացող ուղեղի արյան շրջանառության սուր խանգարում` գիտակցության կորստով,
4. էկզոգեն թունավորումներ (կենդանիների խայթոցից, դեղորայքային և քիմիական նյութերով թունավորումներ)` պոլիօրգանային անբավարարության ախտանիշներով,
5. մարմնի արտաքին ծածկույթի 3-րդ, 4-րդ աստիճանների այրվածքներ, այրվածքային հիվանդություն,
6. ինֆեկցիոն-տոքսիկ շոկով ուղեկցվող հիվանդություններ և վիճակներ,
7. կյանքին վտանգ սպառնացող անհայտ էթիոլոգիայի գիտակցության կորուստ
8. հղիներ և ծննդկաններ, որոնց կյանքին վտանգ է սպառնում,
9. ռեսպիրատոր դիսթրես սինդրոմ` ծանր աստիճանի (նորածնային շրջանում)
10. սուր երիկամային անբավարարություն (մինչև 18 տարեկան երեխաների դեպքում)
11. սրտային անբավարարություն, պարոքսիզմալ տախիկարդիա (մինչև 18 տարեկան երեխաների դեպքում)
12. կոմա` անհայտ էթիոլոգիայի (մինչև 18 տարեկան երեխաների դեպքում)
13. գլխուղեղի սպոնտան արյունազեղումներ (մինչև 18 տարեկան երեխաների դեպքում):
Հավելված 3
ՀՀ առողջապահության նախարարի
2019 թվականի մարտ 12-ի
N 611-Ա հրամանի
ՑԱՆԿ
ՈՒՂՂԱԹԻՌԻ ՎԱՅՐԷՋՔԻ ՀԱՄԱՐ ՀԱՐՄԱՐ ՀԱՐԹԱԿ ԿԱՄ ՀԱՐԹԱԿԸ ՓՈԽԱՐԻՆՈՂ ՏԱՐԱԾՔ ՈՒՆԵՑՈՂ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
.___________________________________________________________________.
| |ՀՀ մարզի|Հարթակ ունեցող |Հարթակը փոխարինող տարածք ունեցող |
| |անվանում|բժշկական կենտրոնի |բժշկական կենտրոնի անվանումը |
| | |անվանումը | |
|__|________|__________________|____________________________________|
|1.|Լոռու |«Վանաձորի բժշկական|«Ալավերդու բժշկական կենտրոն» ՓԲԸ |
| |մարզ |կենտրոն» ՓԲԸ |(Ալավերդի քաղաքի «Մետալուրգ» |
| | | |մարզադաշտ) |
| | | |____________________________________|
| | | |«Սպիտակի բժշկական կենտրոն» ՓԲԸ |
| | | |(բժշկական կենտրոնից 40 մետր) |
| | | |____________________________________|
| | | |«Ստեփանավանի բժշկական կենտրոն» |
| | | |____________________________________|
| | | |«Տաշիրի բժշկական կենտրոն» ՓԲԸ |
|__|________|__________________|____________________________________|
|2.|Գեղար- |«Գավառի բժշկական |«Ճամբարակ առողջության կենտրոն» ՓԲԸ |
| |քունիքի |կենտրոն» ՓԲԸ | |
| |մարզ |__________________|____________________________________|
| | |«Վարդենիսի |«Մարտունու բժշկական կենտրոն» ՓԲԸ |
| | |հիվանդանոց» ՓԲԸ |____________________________________|
| | | |«Մարտունու ծննդատուն» ՓԲԸ |
|__|________|__________________|____________________________________|
|3.|Սյունիքի|«Գորիսի բժշկական |«Սիսիանի բժշկական կենտրոն» ՓԲԸ |
| |մարզ |կենտրոն» ՓԲԸ |____________________________________|
| | | |«Մեղրու տարածաշրջանային բժշկական |
| | | |կենտրոն» ՓԲԸ |
| | | |____________________________________|
| | | |«Կապանի բժշկական կենտրոն» ՓԲԸ |
| | | |____________________________________|
| | | |«Քաջարանի բժշկական կենտրոն» ՓԲԸ |
| | | |(Քաջարան քաղաքի մարզադաշտ) |
|__|________|__________________|____________________________________|
|4.|Շիրակի | |«Գյումրու բժշկական կենտրոն» ՓԲԸ |
| |մարզ | |(«Գյումրու մարզամշակութային կենտրոն»|
| | | |ՍՊԸ մարզադաշտ) |
| | | |____________________________________|
| | | |«Գյումրու մոր ու մանկան ավստրիական |
| | | |մանկական հիվանդանոց» ՓԲԸ («Գյումրու |
| | | |մարզամշակութային կենտրոն» ՍՊԸ |
| | | |մարզադաշտ) |
| | | |____________________________________|
| | | |«Մարալիկի առողջության կենտրոն» ՓԲԸ |
| | | |(Մարալիկ համայնքի մարզադաշտ) |
| | | |____________________________________|
| | | |«Արթիկի բժշկական կենտրոն» ՓԲԸ (Արթիկ|
| | | |համայնքի մարզադաշտ) |
|__|________|__________________|____________________________________|
|5.|Վայոց | |«Եղեգնաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ |
| |ձոր | |(մարզադաշտ` 1.8 հա) |
| | | |____________________________________|
| | | |«Վայքի բուժական միավորում» ՓԲԸ |
| | | |(մարզադաշտ` 2.3 հա) |
| | | |____________________________________|
| | | |«Ջերմուկի առողջության կենտրոն» ՓԲԸ |
| | | |(հին օդանավակայանի դաշտ) |
|__|________|__________________|____________________________________|
|6.|Տավուշի | |«Իջևանի բժշկական կենտրոն» ՓԲԸ |
| |մարզ | |____________________________________|
| | | |«ԻՌ-ՎԻՆԳ» ՍՊԸ |
| | | |____________________________________|
| | | |«Բերդի բժշկական կենտրոն» ՓԲԸ |
| | | |____________________________________|
| | | |«Ն. Նասիբյանի անվան Նոյեմբերյանի |
| | | |բժշկական կենտրոն» ՓԲԸ |
.___________________________________________________________________.
Հավելված 4
ՀՀ առողջապահության նախարարի
2019 թվականի մարտ 12-ի
N 611-Ա հրամանի
ԱՐՏԱԳՆԱ ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ «ԱՐԱԳ ԱՐՁԱԳԱՆՔՄԱՆ» ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՊԱՑԻԵՆՏԻ ՈՒՂՂԱԹԻՌՈՎ ՎՃԱՐՈՎԻ ՀԻՄՈՒՆՔՆԵՐՈՎ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ
1. Վճարովի հիմունքներով պացիենտի տեղափոխումը ուղղաթիռով կարող է կազմակերպվել «Էրեբունի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կողմից` սույն հրամանի Հավելված 2-ով սահմանված հիվանդությունների և վիճակների ցանկում չներառված դեպքերում:
2. Պացիենտը կամ նրա հարազատները (կամ օրինական ներկայացուցիչը) կամ մարզային բժշկական կազմակերպությունը կանչ է տալիս «Էրեբունի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ին` նշելով պացիենտի ուղղաթիռով տեղափոխման պատճառները:
3. Այն դեպքում, երբ միաժամանակ արձանագրվում է երկու կանչ, «Էրեբունի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ն տեղեկացնում է վճարովի հիմունքներով ուղղաթիռով տեղափոխելու համար կանչ տվողին` որ առաջնահերթությունը տրվում է պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում իրականացվող կանչին, որն ավարտելուց հետո կկազմակերպվի վճարովի հիմունքներով պացիենտի տեղափոխումը:
4. Վճարովի հիմունքներով պացիենտի տեղափոխումը կազմակերպվում է պացիենտի կամ նրա հարազատների (կամ օրինական ներկայացուցչի) հետ վճարովի ծառայությունների մատուցման պայմանագիր (որի ձևը նախապես համաձայնեցվում է առողջապահության նախարարության հետ) կնքելուց հետո, ընդ որում պայմանագիրը «Էրեբունի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունից ուղարկվում է պացիենտի կամ նրա հարազատների (կամ օրինական ներկայացուցչի) էլեկտրոնային հասցեին: Ստորագրված ու սկանավորված պայմանագիրը հետ է ուղարկվում «Էրեբունի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության նույն էլեկտրոնային հասցեին: «Էրեբունի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը հաստատված պայմանագիրը տրամադրում է պացիենտին կամ նրա հարազատներին (կամ օրինական ներկայացուցչին), այնուհետև կազմակերպվում է պացիենտի տեղափոխումը:
5. Վճարովի հիմունքներով իրականացվող կանչի գինը չի կարող գերազանցել պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում արտագնա անհետաձգելի բժշկական օգնության «արագ արձագանքման» ծառայության կանչի համար հաստատված գինը:
6. Վճարովի հիմունքներով պացիենտի տեղափոխումն ուղղաթիռով իրականացվում է թռիչքի համար բարենպաստ եղանակի դեպքում (արևածագից մինչև մայրամուտ)` վայրէջքի համար հնարավոր վայրում, որի գնահատումը կատարվում է տվյալ ուղղաթիռային կազմակերպության կողմից` հիմք ընդունելով կանչը տվողի կողմից տրամադրած տեղեկատվությունը:
7. «Էրեբունի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը վճարովի հիմունքներով իրականացված կանչերի վերաբերյալ ամսական կտրվածքով հաշվետվություն է ներկայացնում առողջապահության նախարարություն: