ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ
11 ապրիլի 2019 թվականի N 854-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՎԱԳ ԵՎ ՄԻՋԻՆ ԲՈՒԺԱՇԽԱՏՈՂՆԵՐԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՈՒՂԵԳՐԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից ավագ և միջին բուժաշխատողներին պետական պատվերի շրջանակներում վերապատրաստման ուղեգրեր տրամադրելու գործընթացը կանոնակարգելու նպատակով, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի թիվ 728-Լ որոշման Հավելվածով հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 18-րդ կետի 20-րդ ենթակետը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Սահմանել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից ավագ և միջին բուժաշխատողներին պետական պատվերի շրջանակներում վերապատրաստման ուղեգրեր տրամադրելու կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանին:
Ա. ԹՈՐՈՍՅԱՆ
ԻՐՏԵԿ |
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն` անհատական իրավական ակտը նորմատիվ իրավական ակտի հիման վրա և դրան համապատասխան ընդունված գրավոր իրավական ակտ է, որը սահմանում է վարքագծի կանոն կամ առաջացնում է փաստական հետևանքներ և վերաբերում է միայն դրանում անհատապես նշված անձի կամ անձանց: Սույն հրամանը չի ընդունվել նորմատիվ իրավական ակտի հիման վրա: Բացի այդ սույն անհատական հրամանի պահանջները տարածվում են անորոշ թվով բուժաշխատողների վրա: Հետևաբար, սույն հրամանը կարող էր ընդունվել միայն նորմատիվ իրավական ակտի տեսքով: |
Հավելված
ՀՀ առողջապահության նախարարի
2019 թվականի ապրիլի 11-ի
N 854-Ա հրամանի
ԿԱՐԳ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՎԱԳ ԵՎ ՄԻՋԻՆ ԲՈՒԺԱՇԽԱՏՈՂՆԵՐԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՈՒՂԵԳՐԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության (այսուհետ` նախարարություն) կողմից ավագ և միջին բուժաշխատողներին (այսուհետ` բուժաշխատողներ) պետական պատվերի շրջանակներում վերապատրաստման ուղեգրեր (այսուհետ` ուղեգիր) տրամադրելու ընթացակարգը:
2. Յուրաքանչյուր տարի Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը առողջապահության նախարարությանը հատկացնում է որոշակի քանակով պետական պատվերի վերապատրաստման տեղեր` ուղեգրեր:
2. ՈՒՂԵԳՐԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
3. Նախարարությունը հատկացված ուղեգրերը տրամադրում է Հայաստանի Հանրապետության մարզային և նախարարության ենթակայության բժշկական հաստատությունների բուժաշխատողներին` նախապատվությունը տալով Հայաստանի Հանրապետության մարզային ենթակայության բժշկական հաստատությունների բուժաշխատողներին:
4. Ուղեգիր տրամադրվում է`
1) պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բնակչության սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) հետևյալ խմբերում ընդգրկված բուժաշխատողներին.
ա. ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված` նպաստառու բուժաշխատողներ,
բ. հաշմանդամության խումբ ունեցող բուժաշխատողներ,
գ. հաշմանդամության խումբ ունեցող անչափահաս երեխա(ներ) ունեցող բուժաշխատողներ,
դ. բազմազավակ` մինչև 18 տարեկան 4 և ավելի անչափահաս երեխաներ ունեցող բուժաշխատողներ,
ե. ընտանիքում ժամկետային պարտադիր զինծառայողներ (ամուսին/կին, զավակ) ունեցող բուժաշխատողներ,
զ. ընտանիքում Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ, ինչպես նաև ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված (մահացած) զինծառայողներ (ամուսին/կին, զավակ) ունեցող բուժաշխատողներ,
2) սույն հավելվածի 4-րդ կետի 1-ին ենթակետում չընդգրկված այն բուժաշխատողներին, որոնք իրենց անվճարունակ լինելու վերաբերյալ նախարարություն են ներկայացնում միջնորդագիր բուժհաստատության տնօրենի կամ լիազոր մարմնի կողմից:
5. Ուղեգիր ստանալու համար բուժաշխատողը նախարարություն է ներկայացնում դիմում և սույն հավելվածի 4-րդ կետի պահանջներից բխող փաստաթղթեր:
6. Ուղեգիր տրամադրելը մերժվում է սույն հավելվածի 5-րդ կետով նախատեսված փաստաթղթերի թերի լինելու կամ դիմումին կից պահանջվող փաստաթղթերը չներկայացնելու դեպքում: