(ուժը կորցրել է 17.12.2021 թիվ 1442-Ա որոշում)
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
30 դեկտեմբերի 2019 թվականի N 1986-Ա
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ ՍԿՍԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 10-ի «Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագրերը հաստատելու մասին» N 1441-Լ որոշման համաձայն սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով (այսուհետ` հանձնաժողով) ստեղծելու նպատակով`
1. Սահմանել, որ`
i
1) հանձնաժողովը կազմված է լինելու 16 հիմնական անդամներից.
2) հանձնաժողովի ստեղծման ժամանակ հանձնաժողովի կազմում ընդգրկվելու են`
ա. ի պաշտոնե` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը և Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչը,
բ. ի պաշտոնե` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը (համաձայնությամբ) և Մարդու իրավունքների պաշտպանը (համաձայնությամբ),
գ. մեկական ներկայացուցիչ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի յուրաքանչյուր խմբակցությունից (համաձայնությամբ),
դ. մեկ ներկայացուցիչ` Բարձրագույն դատական խորհրդից (համաձայնությամբ),
ե. իրավաբանական գիտությունների դոկտորի կամ իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան և իրավունքի ոլորտում առնվազն յոթ տարվա մասնագիտական աշխատանքի փորձառություն ունեցող վեց իրավաբան-գիտնական (համաձայնությամբ),
զ. հասարակական կազմակերպությունների կողմից առաջադրված երկու ներկայացուցիչ (համաձայնությամբ), ընդ որում, ներկայացուցիչների առաջադրման գործընթացին կարող են մասնակցել այն հասարակական կազմակերպությունները, որոնց կանոնադրական նպատակներից և խնդիրներից են մարդու իրավունքների պաշտպանությունը, ժողովրդավարական համակարգի ամրապնդմանը, օրենսդրության կատարելագործմանը, դատաիրավական համակարգի զարգացմանն աջակցելը, և ներկայացուցիչ առաջադրելու պահին նախորդող առնվազն 5 տարվա ընթացքում անընդմեջ նշված ոլորտներից որևէ մեկում գործունեություն են ծավալել.
3) հանձնաժողովի կազմում որպես լրացուցիչ անդամ` խորհրդակցական ձայնի իրավունքով, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի ներկայացմամբ կարող է ընդգրկվել նաև երկու ներկայացուցիչ միջազգային կազմակերպություններից.
4) հանձնաժողովը համարվելու է կազմավորված սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետում նշված անդամների` հանձնաժողովի կազմում ընդգրկվելու դեպքում: Սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետի «բ», «գ» և «դ» պարբերություններում նշված որևէ անդամի` հանձնաժողովի կազմում ընդգրկվելու վերաբերյալ համաձայնություն չներկայացվելու կամ համապատասխան անդամի թեկնածություն չառաջադրվելու դեպքում հանձնաժողովը կարող է կազմավորվել առանց այդ անդամին հանձնաժողովի կազմում ընդգրկելու:
(1-ին կետը փոփ. 22.01.2020 թիվ 67-Ա, 24.01.2020 թիվ 83-Ա որոշումներ)
2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին` մինչև 2020 թվականի հունվարի 27-ը`
1) կազմել հանձնաժողովի անդամների թեկնածուների ցանկը` սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետի «բ», «գ» և «դ» պարբերություններում նշված անդամների դեպքում` համաձայնեցման, իսկ սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետի «ե» և «զ» պարբերություններում նշված անդամների դեպքում` մրցութային ընթացակարգերի միջոցով.
2) կազմել և վարչապետի աշխատակազմ ներկայացնել հանձնաժողովի ստեղծման, ինչպես նաև հանձնաժողովի անհատական կազմը, գործունեության կարգը և աշխատանքների իրականացման ժամանակացույցը հաստատելու մասին վարչապետի որոշման նախագիծը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2019 թ. դեկտեմբերի 30
Երևան