ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ
ՀՐԱՄԱՆ
Թիվ 3-Լ
ՊԵՏԱԿԱՆ (ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ, ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ, ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ ԿԱՄ ՈՐԵՎԷ ԱՅԼ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՈՒՆԵՑՈՂ ՊԵՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ) ԿԱՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ (ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ ԿԱՄ ՈՐԵՎԷ ԱՅԼ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՈՒՆԵՑՈՂ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ) ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՄՐԱՑՎԱԾ (ՊԱՏԿԱՆՈՂ) ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԸ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՆՁՆԵԼԻՍ ՏՎՅԱԼ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԸ ՇԱՀԱԳՈՐԾՈՂ ԱՆՁԻ ՏՎՅԱԼՆԵՐՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասի և Հայաստանի Հանրապետության վարչապետի 11 հունիսի 2018 թվականի N 751-Լ որոշման 20-րդ կետի 8-րդ ենթակետի համաձայն`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել պետական (պետական մարմին, պետական կառավարչական հիմնարկ, պետական հիմնարկ կամ որևէ այլ կարգավիճակ ունեցող պետական կազմակերպություն) կամ համայնքային (համայնքային կառավարչական հիմնարկ կամ որևէ այլ կարգավիճակ ունեցող համայնքային կազմակերպություն) կազմակերպությանն ամրացված (պատկանող) տրանսպորտային միջոցը շահագործման հանձնելիս տվյալ տրանսպորտային միջոցը շահագործող անձի տվյալներն էլեկտրոնային եղանակով վարչական մարմնին տրամադրելու կարգը` համաձայն N 1 հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
Ժամանակավոր պաշտոնակատար
ոստիկանության գնդապետ Ա. Սարգսյան
2020 թվականի հունվարի 17
----------------------------------------------------------------
ԻՐՏԵԿ - սույն հրամանի նախաբանի համաձայն այն ընդունել է «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ համաձայն: Նշված կետով անորոշ թվով անձինք պարտավոր են կատարել օրենքով սահմանված պահանջը:
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանվում է, որ նորմատիվ իրավական ակտ` Հայաստանի Հանրապետության ժողովրդի, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեսված մարմինների կամ պաշտոնատար անձանց ընդունած գրավոր իրավական ակտ, որը պարունակում է վարքագծի պարտադիր կանոններ անորոշ թվով անձանց համար: Իսկ նույն մասի 6-րդ կետով սահմանվում է, որ ներքին իրավական ակտ` նորմատիվ իրավական ակտի հիման վրա և դրան համապատասխան ընդունված իրավական ակտ, որը սահմանում է վարքագծի կանոն այն անձանց խմբի համար, որոնք դա ընդունող մարմնի հետ աշխատանքային կամ վարչական հարաբերությունների մեջ են կամ օգտվում են դա ընդունող մարմնի ծառայություններից կամ աշխատանքներից:
Քանի որ սույն հրամանի պահանջները կատարելու պարտականություն ունեցող անորոշ թվով անձայն վրա, որոնք Ոստիկանության հետ չունեն աշխատանքային կամ վարչական հարաբերություններ կամ չեն օգտվում Ոստիկանության ծառայություններից կամ աշխատանքներից, ապա խնդրահարույց կարող է լինել օրենքի պահանջները չկատարելու նրանց պատասխանատվության ենթարկելու հարցը:
----------------------------------------------------------------
Հավելված
Հայաստանի Հանրապետության
ոստիկանության պետի
2020 թ. հունվարի 17-ի
N 3-Լ հրամանի
ԿԱՐԳ
ՊԵՏԱԿԱՆ (ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ, ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ, ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ ԿԱՄ ՈՐԵՎԷ ԱՅԼ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՈՒՆԵՑՈՂ ՊԵՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ) ԿԱՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ (ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ ԿԱՄ ՈՐԵՎԷ ԱՅԼ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՈՒՆԵՑՈՂ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ) ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՄՐԱՑՎԱԾ (ՊԱՏԿԱՆՈՂ) ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԸ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՆՁՆԵԼԻՍ ՏՎՅԱԼ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԸ ՇԱՀԱԳՈՐԾՈՂ ԱՆՁԻ ՏՎՅԱԼՆԵՐՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ
1. Սույն կարգով կարգավորվում են պետական (պետական մարմին, պետական կառավարչական հիմնարկ, պետական հիմնարկ կամ որևէ այլ կարգավիճակ ունեցող պետական կազմակերպություն) կամ համայնքային (համայնքային կառավարչական հիմնարկ կամ որևէ այլ կարգավիճակ ունեցող համայնքային կազմակերպություն) կազմակերպությանն (այսուհետ` Կազմակերպություն) ամրացված (պատկանող) տրանսպորտային միջոցը շահագործման հանձնելիս վարչական մարմնին` Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը, էլեկտրոնային եղանակով տրանսպորտային միջոցը շահագործող անձի տվյալները տրամադրելու (հասանելի դարձնելու) հետ կապված հարաբերությունները:
2. Կազմակերպությանն ամրացված (պատկանող) տրանսպորտային միջոցը շահագործող անձի տվյալներն էլեկտրոնային եղանակով վարչական մարմնին են տրամադրվում www.roadpolice.am ինտերնետային կայքի միջոցով:
3. Համապատասխան կազմակերպության (մարմնի) գլխավոր քարտուղարը կամ աշխատակազմի ղեկավարը, նրանց բացակայության դեպքում` կազմակերպության (մարմնի) ղեկավարը www.roadpolice.am ինտերնետային կայք մուտք գործելու և համակարգի օգտատեր դառնալու համար նախապես գրավոր դիմում է ճանապարհային ոստիկանություն և ստանում անհատական մուտքի օգտանուն և գաղտնաբառ (տրամադրված գաղտնաբառն օգտատիրոջ կողմից կարող է փոխվել):
4. Կազմակերպության (մարմնի) գլխավոր քարտուղարի կամ աշխատակազմի ղեկավարի, նրանց բացակայության դեպքում` կազմակերպության (մարմնի) ղեկավարի փոփոխության դեպքում դիմում է ներկայացվում ճանապարհային ոստիկանություն` նոր օգտանուն և գաղտնաբառ ստանալու նպատակով:
5. Օգտատերը, մուտք գործելով www.roadpolice.am ինտերնետային կայք, ընտրում է «Իրավաբանական անձանց մուտք» դաշտը և սեղմում «Մուտք» կոճակը:
6. Ընտրելով «Պետական և տեղական ինքնակառավարման մարմին, դիվանագիտական մարմին» դաշտը` մուտքագրում է անհատական մուտքի օգտանունը և գաղտնաբառը, որից հետո սեղմում է «Մուտք» կոճակը:
7. Ընտրելով «Շահագործում» կոճակը` նշում է Կազմակերպությանն ամրացված տրանսպորտային միջոցը և գրանցում հիմնական կամ ժամանակավոր շահագործող անձ:
8. Շահագործող անձի տվյալները լրացվում են համապատասխան դաշտերում պահանջվող տվյալները մուտքագրելու միջոցով` հետևելով կայքի հրահանգներին:
9. Գրանցված տվյալները հաստատվում են կազմակերպության (մարմնի) գլխավոր քարտուղարի կամ աշխատակազմի ղեկավարի, նրանց բացակայության դեպքում` կազմակերպության (մարմնի) ղեկավարի էլեկտրոնային ստորագրությամբ: