Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 42...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 426.1-ՐԴ, 426.4-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԵՔՐԴ/0396/01/08 ԵԿԴ/0052/11/08 ԵԿԴ/0123/06/08

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

 

                   նախագահությամբ`            Լ. Թադևոսյանի

                   մասնակցությամբ` դատավորներ Ս. Ավետիսյանի

                                              Ե. Դանիելյանի

                                              Ս. Օհանյանի

                   քարտուղարությամբ`          Մ. Ավագյանի

                   մասնակցությամբ` դատախազներ Հ. Ասլանյանի

                                              Դ. Կարապետյանի

 

    2019 թվականի հունիսի 12-ին                            ք. Երևանում

                               (1-ին մաս)

 

դռնբաց դատական նիստում քննության առնելով նոր հանգամանքի հիմքով ՀՀ գլխավոր դատախազ Ա. Դավթյանի և Մուշեղ Ագունի Սաղաթելյանի պաշտպաններ Ս. Սաֆարյանի ու Վ. Գրիգորյանի վճռաբեկ բողոքները,

 

ՊԱՐԶԵՑ

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2008 թվականի մարտի 1-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է թիվ 62202508 քրեական գործը` ՀՀ քրեական օրենսգրքի 225.1-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, 235-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով և 316-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով:

Նույն օրը Մուշեղ Ագունի Սաղաթելյանը ձերբակալվել է:

1.1 Նախաքննության մարմնի` 2008 թվականի մարտի 2-ի որոշմամբ հարուցվել է թիվ 62202608 քրեական գործը` ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 3-րդ մասով և 235-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով: Նախաքննության մարմնի նույն օրվա որոշմամբ թիվ 62202508 քրեական գործը միացվել է թիվ 62202608 քրեական գործին:

2008 թվականի մարտի 3-ին Մ. Սաղաթելյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225.1-րդ հոդվածի 2-րդ մասով, 301-րդ հոդվածով, 316-րդ հոդվածի 2-րդ մասով և 318-րդ հոդվածի 1-ին մասով:

2. Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի` 2008 թվականի մարտի 4-ի որոշմամբ (գործ թիվ ԵԿԴ/0123/06/08) Մ. Սաղաթելյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը` 2 (երկու) ամիս ժամկետով:

Պաշտպան Ս. Սաֆարյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը 2008 թվականի մարտի 21-ի որոշմամբ բողոքը մերժել է` վիճարկվող դատական ակտը թողնելով օրինական ուժի մեջ:

Վերոնշյալ որոշման դեմ ներկայացված վճռաբեկ բողոքը Վճռաբեկ դատարանի` 2008 թվականի մայիսի 7-ի որոշմամբ վերադարձվել է:

2.1 Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի` 2008 թվականի ապրիլի 25-ի որոշմամբ Մ. Սաղաթելյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացվել է երկու ամիս ժամկետով: Նշված որոշման դեմ պաշտպան Ս. Սաֆարյանը բողոք է ներկայացրել Վճռաբեկ դատարան, որը 2008 թվականի մայիսի 29-ի որոշմամբ թողնվել է առանց քննության:

2.2 Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի` 2008 թվականի հունիսի 26-ի որոշմամբ (գործ թիվ ԵԿԴ/0123/06/08) Մ. Սաղաթելյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացվել է երկու ամիս ժամկետով:

Մ. Սաղաթելյանի և պաշտպան Ս. Սաֆարյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը 2008 թվականի հուլիսի 15-ի որոշմամբ բողոքը մերժել է` վիճարկվող դատական ակտը թողնելով օրինական ուժի մեջ:

Վերոնշյալ որոշման դեմ ներկայացված վճռաբեկ բողոքը Վճռաբեկ դատարանի` 2008 թվականի օգոստոսի 28-ի որոշմամբ վերադարձվել է:

3. 2008 թվականի հունիսի 13-ին դիմող Մ. Սաղաթելյանը և ներկայացուցիչ Ս. Սաֆարյանը բողոք են ներկայացրել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան` խնդրելով վերացնել Մ. Սաղաթելյանի իրավունքների և ազատությունների խախտումը, ապօրինի և չհիմնավորված ճանաչել ՀՀ ոստիկանության` 2008 թվականի մարտի 1-ի հրահանգը, դրա հիման վրա կատարված գործողություններն ու քրեական գործի հարուցման որոշումը, և պարտավորեցնել նախաքննական մարմնին դադարեցնելու Մ. Սաղաթելյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումն ու կարճելու գործի վարույթը:

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը 2008 թվականի հուլիսի 8-ի որոշմամբ (գործ թիվ ԵԿԴ/0052/11/08) դիմող Մ. Սաղաթելյանի և ներկայացուցիչ Ս.Սաֆարյանի բողոքը մերժել է` գտնելով, որ ՀՀ ոստիկանության պետի հրահանգը չի հանդիսանում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված հետաքննության մարմնի աշխատակցի գործողություն կամ որոշում, իսկ քրեական գործ հարուցելու և Մ.Սաղաթելյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումների դեմ բողոքը դատարան է ներկայացվել առանց դատախազին բողոքարկելու:

Ս. Սաֆարյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը 2008 թվականի օգոստոսի 19-ի որոշմամբ բողոքը մերժել է` վիճարկվող դատական ակտը թողնելով օրինական ուժի մեջ:

Վերոնշյալ որոշման դեմ ներկայացված վճռաբեկ բողոքը Վճռաբեկ դատարանի` 2008 թվականի նոյեմբերի 21-ի որոշմամբ թողնվել է առանց քննության:

4. Նախաքննության մարմնի` 2008 թվականի օգոստոսի 5-ի որոշմամբ Մ. Սաղաթելյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել և լրացվել է, և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերով և 235-րդ հոդվածի 4-րդ մասով:

2008 թվականի օգոստոսի 6-ի որոշմամբ թիվ 62202608 քրեական գործից անջատվել են Մ. Սաղաթելյանի վերաբերյալ քրեական գործի նյութերը:

2008 թվականի օգոստոսի 13-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևանի քրեական դատարան:

5. Երևանի քրեական դատարանի` 2008 թվականի հոկտեմբերի 23-ի դատավճռով (գործ թիվ ԵՔՐԴ/0396/01/08) Մ. Սաղաթելյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերով և 235-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված հանցագործությունների կատարման մեջ: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 4-րդ մասի կանոնների կիրառմամբ, պատիժները լրիվ գումարելու միջոցով, Մ. Սաղաթելյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում` 5 (հինգ) տարի ժամկետով և տուգանք` 900.000 (ինը հարյուր հազար) ՀՀ դրամի չափով: Պատժի սկիզբը հաշվվել է 2008 թվականի մարտի 1-ից:

6. Մ. Սաղաթելյանի և պաշտպան Ս.Սաֆարյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը 2008 թվականի դեկտեմբերի 10-ի որոշմամբ բողոքը մերժել է` Երևանի քրեական դատարանի` 2008 թվականի հոկտեմբերի 23-ի դատավճիռը թողնելով օրինական ուժի մեջ:

7. Վերոնշյալ որոշման դեմ Մ. Սաղաթելյանի և պաշտպան Ս. Սաֆարյանի վճռաբեկ բողոքը Վճռաբեկ դատարանի` 2009 թվականի մարտի 10-ի որոշմամբ վերադարձվել է:

8. Մ. Սաղաթելյանի գանգատի հիման վրա Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ` նաև Եվրոպական դատարան) Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի (գանգատ թիվ 23086/08) գործով 2018 թվականի սեպտեմբերի 20-ին վճիռ է կայացրել, որով ճանաչել է Մ. Սաղաթելյանի` «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` նաև Կոնվենցիա) 3-րդ հոդվածով, 5-րդ հոդվածի 1-ին և 3-րդ կետերով, 6-րդ հոդվածի 1-ին կետով և 11-րդ հոդվածով երաշխավորված իրավունքների խախտման փաստը:

9. Որպես նոր հանգամանք վկայակոչելով Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի գործով վճիռը` Մ. Սաղաթելյանի պաշտպաններ Վ. Գրիգորյանն ու Ս. Սաֆարյանը և ՀՀ գլխավոր դատախազ Ա. Դավթյանը համապատասխանաբար` 2018 թվականի դեկտեմբերի 24-ին և դեկտեմբերի 25-ին բողոքներ են ներկայացրել Վճռաբեկ դատարան:

Վճռաբեկ դատարանի` 2019 թվականի փետրվարի 4-ի որոշմամբ հարուցվել է նոր հանգամանքի հիմքով ՀՀ վճռաբեկ դատարանի դատական ակտերի վերանայման վարույթ և բողոքներն ընդունվել են Վճռաբեկ դատարանի վարույթ:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքների պատասխաններ չեն ներկայացվել:

 

Վճռաբեկ բողոքների քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

10. Մուշեղ Ագունի Սաղաթելյանը դատապարտվել է ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով և 235-րդ հոդվածի 4-րդ մասով այն բանի համար, որ. «(...) Նա, պարբերաբար մասնակցելով 2008 թ. փետրվարի 19-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո Երևան քաղաքում օրենքով սահմանված կարգի խախտմամբ իրականացվող զանգվածային հրապարակային միջոցառումներին, 2008 թ. մարտի 1-ին` ժամը 07-ի սահմաններում, գտնվել է «Ազատության» հրապարակում, որտեղ` իրականացվող հրապարակային զանգվածային միջոցառումների մասնակիցների մոտ հրազենի, ռազմամթերքի, պայթուցիկ նյութերի, մարմնական վնասվածքներ պատճառելու, հրկիզումներ կամ ավերումներ առաջացնելու համար հարմարեցված այլ առարկաների առկայության ու ապօրինի շրջանառության մասին օպերատիվ տեղեկություններն իրացնելիս իշխանության ներկայացուցիչ հանդիսացող` ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների ծառայողները հանրահավաքի մասնակիցներից պահանջել են հնարավորություն ընձեռել ստուգելու նրանց մոտ զենքի ու ռազմամթերքի առկայության վերաբերյալ տեղեկատվության իսկությունը, որից հետո մասնակիցների մի մասը, չենթարկվելով ոստիկանության աշխատակիցների օրինական պահանջներին, բռնություն են գործադրել նրանց նկատմամբ` ինքնաշեն մահակներով, ձողերով և մարմնական վնասվածքներ պատճառելու համար հարմարեցված այլ առարկաներով հարվածել վերջիններիս: Երբ ոստիկանության ծառայողները մոտեցել են «Ազատության» հրապարակին` օպերատիվ-քննչական գործողություններին խոչընդոտելու հանգամանքները բացառելու և հասարակական անվտանգությունը ապահովելու նպատակով, Հովհաննես Թումանյանի արձանի դիմացի հատվածում Մուշեղ Սաղաթելյանը, չենթարկվելով ոստիկանության աշխատակիցների օրինական պահանջներին, հարձակվելով ոստիկանության ՊՊԾ գնդի 8-րդ վաշտի 2-րդ դասակի հրամանատար Արսեն Արշակյանի վրա, վերջինիս ծառայողական պարտականությունները կատարելու հետ կապված կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն է գործադրել նրա նկատմամբ` փայտով երկու անգամ հարվածելով Արսեն Արշակյանի գլխին, պատճառելով առողջության թեթև վնաս` առողջության կարճատև քայքայումով, ու թաքնվել ամբոխի մեջ:

Ամբոխի մեջ խառնվելու պատճառով դեպքին ականատես, նույն վայրում ծառայություն իրականացնող ոստիկանության ՊՊԾ գնդի 3-րդ վաշտի ոստիկան Արմեն Առուշանյանին չի հաջողվել բերման ենթարկել Մուշեղ Սաղաթելյանին:

Այնուհետև Արմեն Առուշանյանը, շարունակելով ծառայությունը Արշակունյաց պողոտայում գտնվող «Տիգրան Մեծ» հրատարակչության հարակից տարածքում, կրկին նկատելով Մուշեղ Սաղաթելյանին, փորձել է նրան բերման ենթարկել, սակայն վերջինս, չենթարկվելով Արմեն Առուշանյանի` ոստիկանության բաժին ներկայանալու պահանջին, հրելու, քաշքշելու և ոտքով հարվածելու եղանակով առողջության համար ոչ վտանգավոր բռնություն է գործադրել նրա նկատմամբ և փախուստի փորձ կատարել` նստելով պատահական տաքսի ավտոմեքենան: Նշված տարածքում ծառայություն իրականացնող ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի գումարտակի ոստիկաններ Ա. Ապերյանը, Է. Ռշտունին և Հ. Սարգսյանը, նկատելով այդ, Մուշեղ Սաղաթելյանին բերման են ենթարկել ոստիկանության Կենտրոնական բաժին:

Պարզվել է նաև, որ Մուշեղ Սաղաթելյանը ապօրինի կրել է քաղաքացիական շեղբավոր սառը զենք հանդիսացող գործարանային արտադրության դանակ, որը հայտնաբերվել է անձնական այլ իրերի հետ` բերման ենթարկելիս:

Այսինքն` Մուշեղ Սաղաթելյանը կատարել է հանրորեն վտանգավոր արարք, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, 235-րդ հոդվածի 4-րդ մասով (...)»(1):

 

---------------------

1) Տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթեր 246-254:

 

11. Երևանի քրեական դատարանը 2008 թվականի հոկտեմբերի 23-ի դատավճռով արձանագրել է. «(...) Վերլուծելով ամբաստանյալ Մուշեղ Ագունի Սաղաթելյանին առաջադրված մեղադրանքը, նրա ցուցմունքը և գործով ձեռք բերված ապացույցները, դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Մուշեղ Ագունի Սաղաթելյանի կողմից, նրա մեղավորությամբ, իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը` կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ, ապացուցված է, նրա արարքը ճիշտ է որակված և համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներին:

Ապացուցված է նաև ամբաստանյալ Մուշեղ Ագունի Սաղաթելյանի կողմից, նրա մեղավորությամբ, իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելը` կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ, նրա այդ արարքը նույնպես ճիշտ է որակված և համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներին:

Ապացուցված է նաև ամբաստանյալ Մուշեղ Ագունի Սաղաթելյանի կողմից, նրա մեղավորությամբ, սառը զենք կրելը, նրա այդ արարքը նույնպես ճիշտ է որակված և համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 4-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներին (...)»(2):

 

---------------------

2) Տե՛ս քրեական գործ, հատոր 3-րդ, թերթ 189:

 

12. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը, Երևանի քրեական դատարանի դատական ակտը թողնելով անփոփոխ, 2008 թվականի դեկտեմբերի 10-ի որոշմամբ փաստել է. «(...) Վերաքննիչ դատարանը վերլուծելով քրեական գործով ձեռք բերված ապացույցները, գնահատելով դրանք վերաբերելիության, թույլատրելիության, իսկ ամբողջ ապացույցներն իրենց համակցությամբ, գործի լուծման համար բավարարության տեսանկյունից, գտնում է, որ ինչպես նախաքննության այնպես էլ դատաքննության ընթացքում քրեադատավարական օրենքի էական խախտումներ, որոնք գործին մասնակցող անձանց` օրենքով երաշխավորված իրավունքներից գրկելու կամ դրանցում սահմանափակելու կամ այլ ճանապարհով խոչընդոտել են գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտմանը, ազդել են կամ կարող են ազդել գործով ճիշտ որոշում կայացնելու վրա թույլ չեն տրվել (...)»(3):

 

---------------------

3) Տե՛ս քրեական գործ, հատոր 3-րդ, թերթեր 273-274:

 

Վճռաբեկ բողոքների հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքները քննվում են հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

13. Բողոքաբեր` ՀՀ գլխավոր դատախազ Ա. Դավթյանը, փաստել է, որ Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի վճռով արձանագրված արդար դատաքննության իրավունքի խախտումն իր բնույթով այնպիսին է, որ այն հնարավոր է վերացնել մրցակցության սկզբունքի հիման վրա պատշաճ իրավական ընթացակարգով, արդար դատաքննության բոլոր պահանջներին համապատասխան նոր քննության արդյունքում:

13.1. Հետևաբար, բողոք բերած անձը խնդրել է վերանայել թիվ ԵՔՐԴ/0396/01/08 գործով Վճռաբեկ դատարանի` 2009 թվականի մարտի 10-ի որոշումը, բեկանել Երևանի քրեական դատարանի` 2008 թվականի հոկտեմբերի 23-ի դատավճիռն ու այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2008 թվականի դեկտեմբերի 10-ի որոշումը և գործն ուղարկել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` նոր քննության:

14. Բողոքաբերներ` Մ. Սաղաթելյանի պաշտպաններ Ս. Սաֆարյանը և Վ. Գրիգորյանը փաստել են, որ Եվրոպական դատարանի` Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի վճռով ճանաչվել են Մ. Սաղաթելյանի իրավունքների խախտումներ, որոնք առնչվում են նրա վերաբերյալ կայացված դատական ակտերով թույլ տրված նյութական և դատավարական իրավունքների կոպիտ և էական սխալներին:

14.1. Վերոգրյալի հիման վրա բողոք բերած պաշտպանները խնդրել են.

- հարուցել թիվ ԵՔՐԴ/0396/01/08 գործով Երևանի քրեական դատարանի` 2008 թվականի հոկտեմբերի 23-ի դատավճիռն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2008 թվականի դեկտեմբերի 10-ի որոշման նոր հանգամանքի հիմքով վերանայման վարույթ, բեկանել այն և առաջնորդվելով արդարադատության արդյունավետության շահով, ճանաչել և հռչակել Մ. Սաղաթելյանի անմեղությունը` հանցադեպի բացակայության հիմքով,

- հարուցել թիվ ԵԿԴ/0123/06/08 գործով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2008 թվականի մարտի 21-ի և հուլիսի 15-ի որոշումների նոր հանգամանքի հիմքով վերանայման վարույթ, բեկանել դրանք և, առաջնորդվելով արդարադատության արդյունավետության շահով, վերացնել դրանցով անփոփոխ թողնված կալանավորման մասին որոշումները,

- հարուցել թիվ ԵԿԴ/0052/11/08 գործով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2008 թվականի օգոստոսի 19-ի որոշման նոր հանգամանքի հիմքով վերանայման վարույթ, բեկանել այն և, առաջնորդվելով արդարադատության արդյունավետության շահով, վերացնել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի` բողոքը մերժելու մասին 2008 թվականի հուլիսի 8-ի որոշումը` բավարարելով դիմողի ներկայացուցչի բողոքը:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանություններն ու եզրահանգումը.

 

I. Ներպետական դատական ակտերի վերանայումը.

 

15. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված առաջին իրավական հարցը հետևյալն է. արդյո՞ք Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի` ուժի մեջ մտած վճռով` Կոնվենցիայի 3-րդ հոդվածի, 5-րդ հոդվածի 1-ին և 3-րդ կետերի, 6-րդ հոդվածի 1-ին կետի և 11-րդ հոդվածի խախտումների արձանագրման փաստը ՀՀ վճռաբեկ դատարանի` 2008 թվականի մայիսի 7-ի, 2008 թվականի օգոստոսի 28-ի, 2009 թվականի մարտի 10-ի և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2008 թվականի օգոստոսի 19-ի որոշումները վերանայելու հիմք է:

16. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.1-րդ հոդվածի համաձայն` «1.Նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով վերանայման ենթակա է միայն օրինական ուժի մեջ մտած դատական ակտը:

2. Նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով առաջին ատյանի դատարանի դատական ակտը վերանայում է վերաքննիչ դատարանը, իսկ վերաքննիչ և վճռաբեկ դատարանների դատական ակտերը` վճռաբեկ դատարանը»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.4-րդ հոդվածի համաձայն` «1. Նոր հանգամանքների հետևանքով դատական ակտերը վերանայվում են հետևյալ դեպքերում.

(...)

2) Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրի հիման վրա գործող միջազգային դատարանի` ուժի մեջ մտած վճռով կամ որոշմամբ հիմնավորվել է անձի` Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրով նախատեսված իրավունքի խախտման փաստը.

(...):

2. Սույն հոդվածի առաջին մասի (...) 2-րդ կետով նախատեսված նոր հանգամանքը հաստատված է համարվում (...) Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող տվյալ միջազգային դատարանի որոշմամբ դրա ուժի մեջ մտնելու պահից:

(...)»:

17. Մեջբերված նորմերի բովանդակությունից բխում է, որ նոր հանգամանքով դատական ակտի վերանայման հիմք է նաև Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային դատարանի, այդ թվում` Եվրոպական դատարանի` ուժի մեջ մտած վճիռը, որով հիմնավորվել է անձի` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով նախատեսված իրավունքի խախտման փաստը(4):

 

---------------------

4) Տե՛ս mutatis mutandis, ՀՀ վճռաբեկ դատարանի` Գրիշա Վիրաբյանի գործով 2013 թվականի նոյեմբերի 28-ի թիվ ՎԲ-05/13, Ժիրայր Սեֆիլյանի գործով 2014 թվականի մայիսի 31-ի թիվ ՎԲ-07/13, Արայիկ Զալյանի գործով 2017 թվականի ապրիլի 12-ի թիվ ՎԲ-02/16, Դավիթ Ավետիսյանի գործով 2017 թվականի օգոստոսի 21-ի թիվ ՍԴ3/0088/01/09, Ալիկ Մաթևոսյանի գործով 2018 թվականի հունիսի 15-ի թիվ ՎԲ-05/12 որոշումները:

 

Եվրոպական դատարանի` Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի 2018 թվականի սեպտեմբերի 20-ի ուժի մեջ մտած վճռով արձանագրվել են.

Կոնվենցիայի 3-րդ հոդվածի նյութաիրավական և դատավարական հայեցակետերի խախտումներ.

18. Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանը, վերահաստատելով Կոնվենցիայի 3-րդ հոդվածով սահմանված իրավունքի վերաբերյալ նախկինում ձևավորած դիրքորոշումները(5), փաստել է. «(...) Կառավարությունը չի ներկայացրել ապացույցներ և չի տրամադրել բավարար և համոզիչ բացատրություն Կենտրոն վարչական շրջանի ոստիկանությունից տեղափոխելուց հետո արձանագրված` դիմումատուի վնասվածքների համար: Մյուս կողմից դիմումատուն հետևողականորեն և բազմիցս բարձրացրել է իր նկատմամբ վատ վերաբերմունքի մասին հայտարարությունները տարբեր ներպետական մարմիններում (...): Հաշվի առնելով այն փաստը, որ այդ պարզաբանումը բացակայում է և՛ ներպետական մակարդակում քննության փուլում, և՛ Դատարանում, Դատարանը եզրակացնում է, որ ոստիկանությունը դիմումատուի նկատմամբ ցուցաբերել է Կոնվենցիայի 3-րդ հոդվածի պահանջներին հակասող վերաբերմունք (...)»(6):

 

---------------------

5) Տե՛ս Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի վճռի 140-142-րդ կետերը:

6) Տե՛ս Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի վճռի 146-րդ կետը:

 

18.1 Վերոգրյալի հիման վրա Եվրոպական դատարանը գտել է, որ Մ. Սաղաթելյանի վնասվածքների բնույթը և ծանրությունը, ինչպես նաև դատարանի տրամադրության տակ եղած նյութերի ամբողջությունը, այդ թվում` Մ. Սաղաթելյանի` իր նկատմամբ ցուցաբերած վերաբերմունքի մասին նկարագրությունը, թույլ են տալիս եզրակացնել, որ վերջինիս նկատմամբ ցուցաբերվել է Կոնվենցիայի 3-րդ հոդվածի իմաստով անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք(7):

 

---------------------

7) Տե՛ս Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի վճռի 147-րդ կետը:

 

18.2 Արդյունքում Եվրոպական դատարանն արձանագրել է Կոնվենցիայի 3-րդ հոդվածի նյութաիրավական հայեցակետի խախտում(8):

 

---------------------

8) Տե՛ս Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի վճռի 148-րդ կետը:

 

19. Անդրադառնալով դիմումատուի նկատմամբ դրսևորված վերաբերմունքի կապակցությամբ իրականացված քննության արդյունավետությանը` Եվրոպական դատարանը, վկայակոչելով իր նախադեպային իրավունքը` Կոնվենցիայի 3-րդ հոդվածով պաշտոնական արդյունավետ քննություն իրականացնելու պահանջների վերաբերյալ(9), փաստել է. «(...) Դիմումատուն վատ վերաբերմունքի մասին հայտարարությունները պարբերաբար ներկայացրել է տեղական իշխանություններին, առաջին նման հայտարարությունն արվել է իր ձերբակալման երկրորդ օրը (...): Այնուամենայնիվ, ի հակադրություն Կառավարության պնդմանը, ո՛չ դիմումատուն, ո՛չ ոստիկանության որևէ ծառայող կամ այլ վկաներ կամ կասկածյալներ երբևէ չեն հարցաքննվել այս հայտարարությունների առնչությամբ` լինի դա թիվ 62202608 քրեական գործի, թե այլ գործի շրջանակներում: Ավելին, այդ քրեական գործի փաստական հիմքերն ուղղված են եղել բացառապես ընդդիմության առաջնորդների և կողմնակիցների, այդ թվում` դիմումատուի կողմից ենթադրաբար կատարված գործողությունների վրա` ի հակադրություն ոստիկանության ծառայողների կողմից դրսևորված որևէ անօրինական վարքի: Ձեռնարկված միակ քննչական միջոցառումը, որը կարելի է համարել վատ վերաբերմունքի մասին դիմումատուի հայտարարություններին առնչվող, եղել է 2008 թվականի մարտի 10-ին կատարված դատաբժշկական փորձաքննությունը: Այնուամենայնիվ, հաշվի առնելով, որ այն կարգադրվել էր կատարել 2008 թվականի մարտի 2-ին, նույնիսկ այդ միջոցառումը չի իրականացվել բավարար հրատապությամբ և կարող էր հանգեցնել ապացույցի կորստի կամ ոչ ճշգրիտ եզրակացության (...): Բոլոր դեպքերում, ըստ երևույթին, վարույթի ոչ մի փուլում չի իրականացվել այդ զննման եզրակացությունների գնահատում: Բացի այդ, մեղադրական եզրակացության մեջ արված հայտարարությունը, համաձայն որի` դիմումատուի վնասվածքներն առաջացել են բախումների ժամանակ, ի հակադրություն այլ հանգամանքներում ստացված վնասվածքների, այդ թվում` հնարավոր վատ վերաբերմունքը չունեն որևէ փաստական հիմք, և ըստ երևույթին, չեն արվել ապացույցների ուսումնասիրության և գնահատման կամ փաստերի քննության արդյունքում (...):

 

---------------------

9) Տե՛ս Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի վճռի 151-152-րդ կետերը:

 

Հետագայում պարզ է դառնում, որ դատարանները ևս չեն ուսումնասիրել դիմումատուի հայտարարությունները վատ վերաբերմունքի մասին և չեն գնահատել դրանք: Երևանի քրեական դատարանն ընդհանրապես չի անդրադարձել այս հարցին, իսկ Վերաքննիչ դատարանը կարծես ընդունել է նույն` մեղադրական եզրակացության մեջ առկա դիրքորոշումը` անուղղակիորեն համարելով, որ դիմումատուի նշված վնասվածքներն առաջացել են բախումների ժամանակ, և ոչ թե որևէ տեսակի վատ վերաբերմունքի արդյունքում, և այդ պատճառով չեն ուսումնասիրվել դիմումատուի քրեական գործի շրջանակներում (...): Այնուամենայնիվ, Դատարանը նշում է, որ ո՛չ քրեական հետապնդում իրականացնող մարմինները, ո՛չ դատարանները չեն տրամադրել որևիցե պարզաբանում այն մասին, թե ինչու են նրանք համարում ոստիկանների կողմից տրված ցուցմունքներն արժանահավատ, իսկ դիմումատուի ցուցմունքները` ոչ վստահելի: Իրադարձությունների` ոստիկանության ծառայողների կողմից ներկայացված տարբերակը, այդ թվում` ենթադրյալ հանցագործություն կատարող անձանց մասին տեղեկությունները պատրաստակամորեն ընդունվել են, և նրանք երբևէ լրջորեն չեն հարցաքննվել իշխանությունների, այդ թվում` դատարանների կողմից, մինչդեռ դիմումատուի պահանջը` կանչելու վկաներին, ովքեր ենթադրաբար կարող էին հաստատել իր կողմից տրված ցուցմունքները, մերժվել է (...)»(10):

 

---------------------

10) Տե՛ս Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի վճռի 153-154-րդ կետերը:

 

19.1 Վերոգրյալի հիման վրա Եվրոպական դատարանը եզրակացրել է, որ դիմումատուի` վատ վերաբերմունքի մասին հայտարարությունների վերաբերյալ պաշտոնական քննություն չի իրականացվել(11):

 

---------------------

11) Տե՛ս Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի վճռի 155-րդ կետը:

 

19.2 Արդյունքում, Եվրոպական դատարանն արձանագրել է Կոնվենցիայի 3-րդ հոդվածի դատավարական հայեցակետի խախտում(12):

 

---------------------

12) Տե՛ս Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի վճռի 156-րդ կետը:

 

Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին և 3-րդ կետերի խախտումներ.

20. Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի վճռով Եվրոպական դատարանը, վերահաստատելով Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի իմաստով ազատությունից զրկելու օրինականության վերաբերյալ իր իրավական դիրքորոշումները(13), ընդգծել է. «(...) Դիմումատուն տարվել է ոստիկանություն ուժի գործադրմամբ, և ոչինչ չի վկայում այն մասին, որ նա ցանկացած պահի կարող էր հեռանալ: Ավելին, ըստ երևույթին, այդ ամբողջ կամ հիմնական ժամանակահատվածում նա փակված է եղել խցում: Կառավարությունը նաև չի հերքել այն, որ այդ ժամանակահատվածում դիմումատուն զրկված է եղել ազատությունից: Հետևաբար Դատարանը պատճառներ չունի կասկածելու, որ դիմումատուն 2008 թվականի մարտի 1-ին` 6:30-ի և 22:30-ի միջև ընկած ժամանակահատվածում, Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի իմաստով ազատությունից զրկված է եղել: Ավելին, հիմնվելով իր տրամադրության տակ եղած նյութերի ամբողջականության վրա, Դատարանն ընդունում է, որ այս դեպքում ազատությունից զրկելն իրականացվել է Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետի նպատակով:

 

---------------------

13) Տե՛ս Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի վճռի 164-165-րդ կետերը:

 

(...) Դատարանը նշում է, որ չնայած դիմումատուն, de facto (փաստացի), զրկվել է ազատությունից և տարվել է ոստիկանություն 2008 թվականի մարտի 1-ին` մոտավորապես 6:30-ին, նրա ձերբակալման արձանագրությունը նույն օրը` մինչև 22:30-ը, պաշտոնապես չի կազմվել: Այդ ամբողջ ժամանակահատվածում դիմումատուին պաշտոնապես չեն վերաբերվել որպես ձերբակալված անձի, ինչպես նաև նրա նկատմամբ չեն կիրառվել ձերբակալված անձանց մասով կիրառելի ներպետական դրույթները: Նա հարցաքննվել է որպես վկա, և նրան տվել է կարգավիճակ, և նա համարվել է «ձերբակալված» ու հետևաբար «կասկածյալ»` ոստիկանություն հարկադրաբար ներկայանալուց միայն 16 ժամ հետո: Դա ոչ միայն խախտում է ՔԴՕ-ի 131.1 հոդվածով սահմանված այն մասով պահանջները, որ կասկածյալի ձերբակալման արձանագրությունը պետք է կազմվի համապատասխան մարմիններ նրան բերելուց հետո` երեք ժամվա ընթացքում (...), սակայն այն նաև դիմումատուին թողել է առանց որոշակիության զգացումի, ինչ վերաբերում է նրա անձնական ազատությանը և անվտանգությանը, ինչպես նաև զրկել է նրան ՔԴՕ-ով` ձերբակալված կասկածյալի համար սահմանված բոլոր իրավունքներից, այդ թվում` փաստաբան ունենալու և իր ընտանիքին անմիջապես տեղեկացնելու իրավունքից (...): Ավելին, դիմումատուի ձերբակալման արձանագրությունը կազմելիս 22:30-ը նշվել է որպես նրան ձերբակալելու պահ` ի տարբերություն այն ժամի, երբ դիմումատուն փաստացի զրկվել է ազատությունից` այդպիսով, ըստ էության, դիմումատուին ազատությունից զրկելու սկզբնական տասնվեց ժամը թողնելով պաշտոնապես չհաստատված: (...)

Դատարանն այնուհետև նշում է, որ (...) սույն գործում դիմումատուն ՔԴՕ-ի 129-րդ հոդվածի իմաստով արգելանքի է վերցվել 2008 թվականի մարտի 1-ին` մոտավորապես 6:30-ին, մինչդեռ նրա կալանավորման հարցով դատական նիստը տեղի է ունեցել 2008 թվականի մարտի 4-ին` 19:00-ին (...): Համապատասխանաբար, նախքան դատավորի մոտ բերվելը դիմումատուն ոստիկանությունում ձերբակալվածներին պահելու վայրում մնացել է նվազագույնը 84 ժամ, դա մոտավորապես տասներկու ու կես ժամ ավելի է ներպետական օրենսդրությամբ թույլատրելի առավելագույն ժամանակահատվածից: Առանց դատարանի որոշման այդպիսի երկարատև ձերբակալությունը, որը գերազանցում էր ՔԴՕ-ի 129-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված 72-ժամյա ժամկետը, անհամատեղելի էր ներպետական օրենսդրության հետ և հետևաբար Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի իմաստով անօրինական էր (...)»(14):

 

---------------------

14) Տե՛ս Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի վճռի 168-րդ և 174-րդ կետերը:

 

20.1 Վերոգրյալի հիման վրա Եվրոպական դատարանն արձանագրել է Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի խախտում` Մ. Սաղաթելյանի ձերբակալման օրինականության մասով(15):

 

---------------------

15) Տե՛ս Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի վճռի 179-րդ կետը:

 

21. Միևնույն ժամանակ, Եվրոպական դատարանը, հղում կատարելով Հայաստանի դեմ քննված մի շարք գործերին, որոնց դեպքում տեղի է ունեցել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետի խախտում` գտել է, որ Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի գործով որևէ պատճառ չունի այլ եզրահանգման գալու և համարում է, որ ներպետական դատարանները դիմումատուին կալանավորելու համար հիմնավոր և բավարար պատճառներ չեն ներկայացրել(16):

 

---------------------

16) Տե՛ս Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի վճռի 191-րդ կետը:

 

21.1 Արդյունքում, Եվրոպական դատարանն արձանագրել է նաև Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետի խախտում(17):

 

---------------------

17) Տե՛ս Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի վճռի 192-րդ կետը:

 

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտում.

22. Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի վճռով Եվրոպական դատարանը, վերահաստատելով արդար դատաքննության իրավունքի վերաբերյալ նախադեպային իրավունքում ձևավորած դիրքորոշումները(18), ընդգծել է. «(...) Չնայած դիմումատուին դատապարտելիս ներպետական դատարանները, ոստիկանության ծառայողների ցուցմունքներից բացի, հղում են կատարել այլ ապացույցների, միակ ապացույցը, որով ուղղակիորեն ենթադրվում էր դիմումատուի մասնակցությունն այդ արարքների կատարմանը, և որով տրամադրվում էր դրանց մանրամասները, տվյալ ցուցմունքներն էին (...): Բոլոր մյուս ապացույցները, որոնց դատարանները հղում են կատարել, անուղղակի ապացույցներ են, և չի կարելի ասել, որ դրանք ուղղակիորեն ցույց են տալիս դիմումատուի առնչությունը մեղսագրվող արարքներին:

 

---------------------

18) Տե՛ս Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի վճռի 202-205-րդ կետերը:

 

(...) Դատարանը նշում է, որ այն արդեն քննել է մի շարք գործեր, որոնց դեպքում հրապարակային միջոցառման ժամանակ անհատին իր պահվածքի պատճառով քրեական հետապնդման են ենթարկել և դատապարտել` հիմնվելով բացառապես այն ոստիկանության ծառայողների ցուցմունքների վրա, որոնք ակտիվորեն ներգրավված են եղել վիճարկվող իրադարձություններում: (...): Այն վճռել է, որ այս մեղադրանքների հիմքում ընկած այն հիմնական փաստերի վերաբերյալ վեճի դեպքում, երբ մեղադրանքի կողմի միակ վկաներն այն ոստիկանության ծառայողներն են եղել, որոնք ակտիվ դեր են ունեցել վիճարկվող իրադարձություններում, դատարանները պետք է պարտադիր օգտագործեին յուրաքանչյուր ողջամիտ հնարավորություն` ստուգելու նրանց մեղադրական ցուցմունքները (...): Դատարանը նաև գտել է, որ պաշտպանության օգտին բոլոր ապացույցներն առանց հիմնավորման մերժելով` ներպետական դատարանները դիմումատուի վրա ծայրահեղ և անհասանելի ապացուցման բեռ են դրել, որը հակասում է այն հիմնական պահանջին, որ մեղադրանքի կողմը պետք է ապացուցի գործով իր կողմից առաջ քաշված վարկածը, ինչպես նաև քրեական իրավունքի հիմնարար սկզբունքներին, մասնավորապես` կասկածանքները հօգուտ մեղադրյալի մեկնաբանումը (in dubio pro reo) (...):

Ըստ երևույթին, դիմումատուի դեմ քրեական գործով վարույթն իրականացվել է նույն կերպ: Դիմումատուին առաջադրված մեղադրանքի հիմքում ընկած հանգամանքները, այդ թվում` Ազատության հրապարակում ոստիկանության գործողությունների հետ կապված հանգամանքները և ոստիկանության երկու ծառայողների վրա ենթադրյալ հարձակումը վիճարկվել են կողմերի կողմից: Այնուամենայնիվ, ներպետական դատարանները, ներկայացնելով իրադարձությունների երկու հակասական տարբերակներ, չեն ստուգել ոստիկանության ծառայողների կողմից արված փաստական պնդումները և որոշել են վճիռների հիմքում դնել բացառապես նրանց կողմից ներկայացված տարբերակը` պատրաստակամորեն և անվերապահորեն ընդունելով նրանց ցուցմունքները և դիմումատուին որևէ հնարավորություն չտալով հակառակ ապացույցներ բերելու: Դիմումատուի` մի շարք վկաներ դատարան կանչելու և քննելու պահանջները, որոնք բավականաչափ հիմնավորված են եղել և ուղղակիորեն վերաբերել են իրեն առաջադրված մեղադրանքներին, նույնպես մերժվել են` առանց որևէ հիմնավորման կամ համառոտ և ոչ համոզիչ հիմնավորմամբ: Դատարանը գտնում է, որ սա հատկապես խնդրահարույց է` հաշվի առնելով քրեական գործի նյութերում, այդ թվում` վկաների ցուցմունքներում մի շարք էական անհստակությունների, անհամապատասխանությունների և հակասությունների առկայությունն այնպիսի կարևոր հարցերի առնչությամբ, ինչպիսիք են ոստիկանության գործողությունների ժամը, նպատակը և իրականացումը և դիմումատուին ձերբակալելու ժամն ու հանգամանքները, ինչպես նաև այն փաստը, որ հարձակման մասով մեղադրանքների համար մեծապես հիմք ծառայող ապացույցներն ի հայտ են եկել տվյալ երկու ոստիկանության ծառայողների կողմից դիմումատուի ինքնությունը հաստատելու արդյունքում` ենթադրյալ պատահարներից ավելի քան հինգ ամիս հետո, ինչը զգալիորեն նվազեցրել է այդ ապացույցների արժանահավատությունը: Դեռ ավելին կարելի է ասել, եթե հաշվի առնենք այն փաստը, որ վիճարկվող պատահարները` առնվազն Ազատության հրապարակում տեղի ունեցածը, ըստ երևույթին, տեղի են ունեցել այդ օրը բավականին վաղ, երբ ամբողջովին լույս չէր, և քաոսային հանգամանքներում, որում ներգրավված էին հարյուրավոր ցուցարարներ և ոստիկանության ծառայողներ: Նույնիսկ եթե այն մարդիկ, որոնց դիմումատուն ցանկանում էր որպես վկա կանչել, կարող էին առաջին հերթին լույս սփռել Ազատության հրապարակում տեղի ունեցած իրադարձությունների վրա, Դատարանը համարում է, որ, այնուամենայնիվ, այդպիսի ապացույցները դիմումատուին թույլ են տվել վիճարկել իրեն առաջադրված բոլոր մեղադրանքները` հաշվի առնելով իրեն վերագրվող տարբեր արարքների միջև և՛ ժամանակային, և՛ հետևանքային կապը:

(...) Ներպետական դատարաններն այդպես էլ գրեթե չեն անդրադարձել դիմումատուի փաստարկներին ու պնդումներին` անկախ դրանց ծանրակշռությունից կամ վերաբերելիությունից, ներառյալ` քրեական գործի նյութերում առկա` վերը նշված անհամապատասխանությունները մատնանշող և որոշակի ապացույցների մասով կասկած հարուցող փաստարկներն ու պնդումները: Սա ներառում է դիմումատուի կողմից ոստիկանության ծառայողներ Է.Ռ.-ի, Հ.Ս.-ի և Ա.Ա.-ի մինչդատական ցուցմունքների վերաբերյալ ներկայացված բավականին ծանրակշիռ և հիմնավորված փաստարկը, համաձայն որի` դրանք բառացիորեն նույնն են եղել, ինչպես նաև հակասել են դատարանում այդ վկաների կողմից արված հայտարարություններին: Ներպետական դատարանները չեն անդրադարձել այդ փաստարկին և հաշվի չեն առել այն, երբ հիմնվել են վկաների այդ ցուցմունքների վրա` որպես դիմումատուին դատապարտելու համար հիմք, թեև այդ վկաների հուսալիությունը, վստահելիությունը և անձնական բարեվարքությունը խիստ կասկածի տեղիք են տվել: Եթե դիմումատուի փաստարկը համոզիչ լիներ, ապա այն կարող էր ազդել անաչառ տրիբունալի այն ամբողջական գնահատականի վրա` արդյոք բավականաչափ ծանրակշիռ ապացույցներ եղել են դիմումատուի մեղքը հաստատելու համար (...): Հատկանշական է, որ տվյալ ոստիկանության ծառայողների ցուցմունքներն այն միակ ապացույցներն են եղել, որոնց հիման վրա դիմումատուն ապօրինի սառը զենք կրելու համար դատապարտվել է, ինչպես նաև դրանք կազմել են այն ապացույցների որոշիչ մասը, որոնց վրա հիմնված է եղել ոստիկանության ծառայող Ա.Առ.-ի վրա Արշակունյաց փողոցում հարձակվելու համար դիմումատուի դատապարտումը: Դատարանը նախկինում կայացրել է վճիռ, որ տարբեր ժամանակահատվածներում տրված` վկայի սեփական ցուցմունքների միջև անհամապատասխանությունները, ինչպես նաև քրեական հետապնդման ժամանակ ձեռք բերված տարբեր տեսակի ապացույցների միջև խիստ անհամապատասխանությունները լուրջ հիմքեր են ստեղծում վկայի վստահելիությունը և նրա ցուցմունքի ապացուցողական նշանակությունը վիճարկելու համար. որպես այդպիսին, այսպիսի վիճարկումն այնպիսի անառարկելի փաստ է համարվում, որ կարող է ազդել գործի փաստական հանգամանքների` այդ ապացույցի վրա հիմնված գնահատականի և վերջապես դատավարության ելքի վրա (...)»(19):

 

---------------------

19) Տե՛ս Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի վճռի 206-210-րդ կետերը:

 

22.1 Վերոգրյալի հիման վրա Եվրոպական դատարանը գտել է, որ ներպետական դատարանները չեն օգտագործել յուրաքանչյուր ողջամիտ հնարավորություն` ստուգելու այն ոստիկանության ծառայողների մեղադրական ցուցմունքները, որոնք քրեական հետապնդման համար միակ վկաներն էին և ակտիվ դեր են ունեցել վիճարկվող իրադարձություններում: Բացի այդ, նշված իրադարձությունների վերաբերյալ ոստիկանության կողմից ներկայացված տարբերակն անվերապահորեն հաստատելը, դիմումատուի փաստարկներից որևէ մեկին պատշաճ կերպով չանդրադառնալը և պաշտպանության կողմի վկաներին քննելու հարցում մերժելը` առանց պատշաճ կերպով ուսումնասիրելու նրանց ցուցմունքների վերաբերելիությունը, Եվրոպական դատարանի համոզմամբ հանգեցրել են պաշտպանության կողմի իրավունքների սահմանափակման, ինչը հակասում է արդար դատաքննության երաշխիքներին և բավարար է եզրակացնելու համար, որ դիմումատուի դեմ քրեական վարույթը, ընդհանուր առմամբ, իրականացվել է Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված արդար դատաքննության իրավունքի խախտմամբ(20):

 

---------------------

20) Տե՛ս Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի վճռի 210-211-րդ կետերը:

 

Կոնվենցիայի 11-րդ հոդվածի խախտում.

23. Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանը, վերահաստատելով Կոնվենցիայի 11-րդ հոդվածի վերաբերյալ նախադեպային իրավունքում արտահայտված իրավական դիրքորոշումները(21), փաստել է. «(...) Կառավարությունը սույն գործով պնդել է, որ առաջինը ցուցարարներն են հարձակվել ոստիկանության վրա, ինչը հաստատում է այն փաստը, որ նրանք բռնի մտադրություններ են ունեցել: (...) Դատարանը նշում է, որ Կառավարության պնդումը, ըստ երևույթին, հիմնված է եղել Հայաստանի ոստիկանության պետի տեղակալի` (...) գրության մեջ ներկայացված իրադարձությունների պաշտոնական նկարագրության վրա (...): Այնուամենայնիվ, նրանք, ըստ երևույթին, այդ եզրահանգումներին չեն եկել անկողմնակալ և անկախ քննության արդյունքում, և դրանք, կարծես թե, լիովին հիմնված են եղել այն ոստիկանության ծառայողների ցուցմունքների վրա, որոնք ակտիվ դեր են ունեցել 2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձություններում, այդ թվում` Ազատության հրապարակում տեղի ունեցած բախումներում, և ավելին, ենթադրաբար չափից ավելի ուժ են օգտագործել ցուցարարների նկատմամբ: Տվյալ եզրահանգումները հիմնավորված չեն որևէ օբյեկտիվ ապացույցով և, ավելին, ինչպես երևում է, դրանք հակասում են քրեական գործի մի շարք այլ նյութերի, այդ թվում` թիվ 62202508 քրեական գործը հարուցելու մասին որոշմանը և մի քանի այլ փաստաթղթերի, որոնցից երևում է, որ Ազատության հրապարակում ցուցարարների և ոստիկանության միջև տեղի ունեցած բախումը կարող է իսկապես լինել ոստիկանության կողմից ձեռնարկված` որոշ չպարզված միջոցառումների հետևանք, որի նպատակը եղել է ցույցը հարկադրաբար դադարեցնելը` ի հակադրություն ցուցարարների կողմից նախազգուշական հարձակման, ինչպես պնդել է Կառավարությունը (...): Հատկանշական է, որ դիմումատուի քրեական գործը քննող դատարանները որևէ ձևով չեն անդրադարձել բախման հանգամանքներին, այդ թվում` այն հարցին, թե ով է հրահրել այն` իրենց վճիռներում չներառելով համապատասխան մանրամասները: Նույնիսկ դիմումատուի կողմից վիճարկվող` ոստիկանության ծառայող Ա. Արշ.-ի վրա հարձակումն է ներկայացվել որպես սպորադիկ բնույթ ունեցող գործողություն, առանց գնահատելու, թե արդյոք բռնությունը դիտավորությամբ է տեղի ունեցել, թե չպլանավորված զարգացումներ են եղել (...): Ճիշտ է, որ պարզվել է նաև, որ դիմումատուի մոտ հայտնաբերվել է ծալովի դանակ, որից կարելի է ենթադրել, որ նա բռնի մտադրություններ է ունեցել: Այնուամենայնիվ, հաշվի առնելով այն եղանակը, որի միջոցով այդ եզրահանգմանն են եկել, և այն ապացույցները, որոնց վրա հիմնվել են (...), ինչպես նաև այն մասին որևէ ապացույցի կամ տեղեկությունների բացակայությունը, որ դիմումատուն երբևէ փորձել է օգտագործել ենթադրյալ դանակը, Դատարանը գործի հատուկ հանգամանքներում այն չի համարում Կոնվենցիայի 11-րդ հոդվածով նախատեսված պաշտպանությունից նրան զրկելու բավարար և հուսալի տարր: (...)»(22):

 

---------------------

21) Տե՛ս Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի վճռի 226-228-րդ, 230-232-րդ, 234-րդ կետերը:

22) Տե՛ս Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի վճռի 232-րդ կետը:

 

23.1 Վերոգրյալի հիման վրա Եվրոպական դատարանը գտել է, որ առկա չեն բավարար և համոզիչ ապացույցներ, որոնք թույլ կտան եզրակացնելու, որ Ազատության հրապարակում տեղի ունեցած հավաքի կազմակերպիչները և մասնակիցները` այդ թվում` նաև դիմումատուն, բռնի մտադրություններ են ունեցել, և որ այդ հավաքը խաղաղ բնույթ չի կրել(23):

 

---------------------

23) Տե՛ս Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի վճռի 233-րդ կետը:

 

24. Միևնույն ժամանակ, Եվրոպական դատարանը նշել է, որ հետագայում կիրառված պատժամիջոցները ներառել են դիմումատուի նկատմամբ քրեական հետապնդումը և կալանավորումը` Ազատության հրապարակում տեղի ունեցած հավաքի ժամանակ ենթադրաբար գործած մի շարք արարքների, այդ թվում` իշխանությունը բռնությամբ զավթելուն, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելուն ուղղված կոչեր հնչեցնելու, ոստիկանության ծառայողների` հավաքը դադարեցնելու վերաբերյալ կարգադրություններին չենթարկվելու և ոստիկանության ծառայողների վրա հարձակվելու համար, ընդ որում վերջինը միակ մեղադրանքն է եղել, որը հանգեցրել է դիմումատուի դատապարտմանը: Եվրոպական դատարանը փաստել է նաև, որ դժվարանում է սույն գործի շրջանակներում ընդհանուր առմամբ տարանջատել իրադարձությունները դիմումատուի գործի հետ կապված մյուս իրադարձություններից` Կոնվենցիայի 11-րդ հոդվածի առնչությամբ` ենթադրելով, որ այն փաստերի ամբողջականությունը, որոնց հիման վրա իրականացվել է դիմումատուի քրեական հետապնդումն ու դատապարտումը, վիճելի հիմքով կարող է համարվել խաղաղ հավաքների ազատության իրավունքին «միջամտության» դեպք(24):

 

---------------------

24) Տե՛ս Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի վճռի 234-րդ կետը:

 

24.1 Արդյունքում, Եվրոպական դատարանը եզրահանգել է, որ տեղի է ունեցել դիմումատուի` խաղաղ հավաքների ազատության իրավունքին միջամտություն` և՛ ցույցի ցրման, և՛ դիմումատուի նկատմամբ քրեական հետապնդման, կալանավորման և դատապարտման մասով(25):

 

---------------------

25) Տե՛ս Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի վճռի 235-րդ կետը:

 

25. Անդրադառնալով Մ.Սաղաթելյանի` խաղաղ հավաքների ազատության իրավունքի միջամտության հիմնավորվածությանը` Եվրոպական դատարանն արձանագրել է. «(...) Դատարանն արդեն վճռել է, որ Ազատության հրապարակում անցկացված հավաքը խաղաղ է եղել, և ոչինչ չի վկայում այն մասին, որ այդպես չէր շարունակվելու (...): Իսկապես, պարզ է դառնում, որ իշխանությունները թույլ են տվել հավաք կազմակերպել, այդ թվում` ցուցարարներին թույլ են տվել ճամբար կառուցել ու շարունակել այդ կերպ և ինն օր շարունակ այն քանդելու փորձեր չեն կատարել, մինչև հավաքը չի դադարեցվել 2008 թվականի մարտի 1-ի վաղ առավոտյան ոստիկանական գործողությունների արդյունքում: (...) Դատարանը, այնուամենայնիվ, մտահոգված է իր այն եզրահանգմամբ, որ Կառավարությունը չի ներկայացրել իրադարձությունների վերաբերյալ իրենց այն տարբերակը հիմնավորող ապացույցներ, որ 2008 թվականի մարտի 1-ին ցուցարարներին ռազմամթերք է մատակարարվել: Ավելին, Կառավարությունը տվյալ ոստիկանական գործողության պլանավորման, կազմակերպման և հրամանի վերաբերյալ որևէ ապացույց կամ մանրամասներ չի տրամադրել, այդ թվում` թե ով է կարգադրել կամ վերահսկել այն, ներգրավված ոստիկանության հատուկ նշանակության ստորաբաժանումները և ձեռնարկված հատուկ միջոցառումները: Միևնույն ժամանակ, պարզ է դառնում, որ սա լայնածավալ գործողություն է եղել, որում ներգրավված են եղել մի քանի հարյուր ոստիկանության ծառայողներ և ոստիկանության տարբեր ուժեր, այդ թվում` ոստիկանության հատուկ նշանակության ստորաբաժանումներ: Այդպիսի ծավալի գործողություններ պլանավորելու և կազմակերպելու համար անկասկած որոշակի ժամանակ է պահանջվել, և պարզ չէ, թե ինչպես է սա կատարվել 24 ժամից պակաս ժամանակահատվածում, եթե ենթադրվում է, որ հետախուզական տեղեկությունները ոստիկանության կողմից ստացվել են գործողության նախորդ օրը, մասնավորապես` 2008 թվականի փետրվարի 29-ին: Վերջապես, ինչպես արդեն վերևում նշվել է, թիվ 62202508 քրեական գործը հարուցելու մասին որոշումից և մի քանի այլ փաստաթղթերից, այդ թվում` ոստիկանական գործողություններին ենթադրաբար մասնակցած` ոստիկանության ծառայողների ցուցմունքներից պարզ է դառնում, որ գործողությունների միակ նպատակն է եղել ցրել Ազատության հրապարակում անցկացվող հավաքը, և որ այդ առավոտյան ոստիկանության կողմից ձեռնարկված միջոցառումներն այդ նպատակով են կատարվել (...): Իրադարձությունների վերաբերյալ այս տարբերակը սկզբում մասամբ, իսկ հետագայում ամբողջովին քննությամբ հերքվել է, և զենքերի ստուգումը ներկայացվել է որպես ոստիկանական գործողությունների միակ նպատակ (...): Ոչ իշխանությունների և ոչ էլ Կառավարության կողմից այդպիսի ակնհայտ հակասությունների մասով որևէ բացատրություն չի տրամադրվել: Դատարանը, այնուամենայնիվ, դժվարանում է հավատալ, որ սա կարող է ուղղակի բացթողում լինել, և իրականում տպավորություն է ստեղծվում, որ ոստիկանական գործողությունների` եթե ոչ միակ, ապա հիմնական նպատակը քողարկելու կամ առնվազն չբացահայտելու միտումնավոր փորձ է կատարվել: Այսպիսով, Դատարանը չի գտնում, որ ոստիկանության` 2008 թվականի մարտի 1-ի գործողությունների նպատակի վերաբերյալ պաշտոնական բացատրությունը բավականաչափ արժանահավատ է, և հաշվի առնելով իր տրամադրության տակ գտնվող բոլոր նյութերը` պատճառ չունի կասկածելու, որ 2008 թվականի մարտի 1-ի վաղ առավոտյան ոստիկանության միջամտության նպատակն Ազատության հրապարակում առկա ճամբարը և ներկա գտնվողներին ցրելն ու հետագայում հավաքների անցկացումը կանխելն է եղել:

(...) Հավաքը ոչ թե այլոց կողմից գործունեության օրինական իրականացումը խաթարելու, այլ բանավիճելու և քաղաքական նշանակություն ունեցող հասարակական այնպիսի հարցի մասին արտահայտվելու հարթակ ստեղծելու նպատակ է ունեցել, որն ուղղակիորեն կապված է ժողովրդավարության իրականացման հետ և լուրջ մտահոգության առարկա է եղել Հայաստանի հասարակության լայն հատվածի համար: Հետևաբար առավել բարձր աստիճանի հանդուրժողականություն էր պետք ցուցաբերել սույն գործով, քան իշխանություններն են ցուցաբերել:

(...) Դատարանը նաև չի կարող չնկատել հավաքը ցրելու եղանակը: Այն մատնանշում է մի շարք հավաստի զեկույցների առկայությունը, որոնցից պարզ է դառնում, որ ոստիկանությունը ցուցարարների դեմ անհիմն և չափից ավելի ուժ է օգտագործել: (...): Հատկանշական է, որ ոստիկանության գործողությունները, ըստ երևույթին, երբևէ անկախ և անաչառ քննության չեն ենթարկվել: Վերջապես, Դատարանը նշում է ոստիկանական գործողություններին առնչվող բոլոր հակասությունների և թափանցիկության բացակայության մասին, այդ թվում` այդ գործողությունների նպատակի հաճախակի փոփոխվող տարբերակը»(26):

 

---------------------

26) Տե՛ս Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի վճռի 236-րդ, 244-247-րդ կետերը:

 

25.1 Արդյունքում Եվրոպական դատարանը եզրակացրել է, որ առանց բավարար հիմնավորման և ակնհայտորեն առանց ցրելու մասին նախազգուշացման, ինչպես նաև չհիմնավորված և չափից ավելի ուժի օգտագործմամբ Ազատության հրապարակի հավաքը ցրելն անհամաչափ միջոց է եղել, որը իշխանությունների կողմից հավաքների ազատությունը սահմանափակելիս անցել է ողջամտության սահմանները(27):

 

---------------------

27) Տե՛ս Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի վճռի 248-րդ կետը:

 

26. Անդրադառնալով Մ.Սաղաթելյանին մեղսագրվող արարքներին` Եվրոպական դատարանը նշել է. «(...) Դիմումատուն մեղադրվել և կալանավորվել է ՀՀ քրեական օրենսգրքի (...) 225.1 հոդվածի 2-րդ մասի և 316-րդ հոդվածի 2-րդ մասի, ինչպես նաև 301-րդ հոդվածի և 318-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, որոնցով պատժամիջոցներ են սահմանվում իշխանությունը զավթելու և իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու կոչեր անելու համար (...): Դատարանը նշում է, այնուամենայնիվ, որ հավաքի կամ այն ցրելու ժամանակ դիմումատուի կողմից ենթադրաբար կատարված արարքների մասով այս մեղադրանքների կապակցությամբ չի տրամադրվել որևէ կոնկրետ ապացույց կամ փաստական հիմք: (...): Չի նշվել, թե արդյոք դիմումատուն ինքն արել է կոչեր կամ բռնություն գործադրելուն ուղղված կոչեր, և եթե արել է, ապա այդպիսի կոչերի կամ բռնություն գործադրելուն ուղղված կոչերի բնույթը: Ոչ էլ նշվել է ենթադրյալ հարձակումներ կատարելու բնույթը և ձևը, ինչպես նաև այդպիսի հարձակումների ենթադրյալ զոհերի ինքնությունը: Նույնը վերաբերում է անհնազանդության ենթադրյալ հրահրմանը: (...): Հետևաբար պարզ է դառնում, որ դիմումատուի նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվել, և նա կալանավորվել է ուղղակի Ազատության հրապարակի հավաքին ակտիվորեն մասնակցելու և այն կազմակերպելու և ոչ թե դրա ընթացքում կատարած հատուկ դատապարտելի արարքի համար: Ավելին, (...) դիմումատուի ձերբակալման հանգամանքներից պարզ է դառնում, որ նա հնարավոր է իշխանություններին հայտնի է եղել որպես ակտիվ ցուցարար: Նույնը պարզ է դառնում Կենտրոն վարչական շրջանի ոստիկանության բաժնի պետի զեկուցագրից, որում նշվել է, որ դիմումատուն արգելանքի է վերցվել Ազատության հրապարակում տեղի ունեցող հավաքի «ակտիվիստ» լինելու համար (...): Դատարանը համարում է, որ խաղաղ հավաքը ցրելը և այնուհետև դադարեցնելը, ինչպես նաև դրա ակտիվիստներին կամ այլ խաղաղ մասնակիցներին կալանավորելն առանց որևէ ապացույցի առ այն, որ նրանք անձամբ գործել են որևէ դատապարտելի արարք, ինչպես դիմումատուի դեպքում է եղել, չեն կարող համարվել «ժողովրդավարական հասարակության մեջ անհրաժեշտ» միջոց:

(...) Չնայած վերը նշվածը լուրջ մտահոգության առարկա է, Դատարանը, այնուամենայնիվ, այն կարգավիճակում չէ, ոչ էլ իր պարտականությունն է որոշելու, թե արդյոք դիմումատուին առաջադրված մեղադրանքները հիմնավորված են եղել, և ներպետական դատարանների պարտականությունն է ստուգելու դրա հիմքում ընկած փաստերի հավաստիությունը: Դատարանն այս կապակցությամբ կրկին նշում է, որ որոշման համար հիմնավորում ներկայացնելը Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված էական դատավարական երաշխիք է, քանի որ դրանով կողմերին ցույց է տրվում, որ իրենց փաստարկները լսվել են, նրանց հնարավորություն է ընձեռում որոշման մասով առարկություններ ներկայացնելու կամ այն բողոքարկելու, ինչպես նաև հիմք է ծառայում հանրության շրջանում դատական որոշման պատճառաբանությունները հիմնավորելու համար: Ավելին, այս ընդհանուր կանոնն ապահովվում է Կոնվենցիայի 10-րդ և 11-րդ հոդվածներով սահմանված հատուկ պարտավորություններով` ներպետական դատարաններից պահանջելով միջամտության համար «համապատասխան» և «բավարար» հիմնավորումներ ներկայացնել: Այս պարտավորությամբ անհատներին հնարավորություն է տրվում, ի թիվս այլնի, ծանոթանալ դատարանի` իրենց արտահայտվելու ազատությունը կամ հավաքների ազատությունը սահմանափակող որոշման հիմքում ընկած հիմնավորումներին և վիճարկել դրանք, և հետևաբար այն կարևոր դատավարական երաշխիք Է` ընդդեմ Կոնվենցիայի 10-րդ և 11-րդ հոդվածներով պաշտպանված իրավունքներին կամայական միջամտության (...):

Դատարանը գտնում է, որ ներպետական դատարանները սույն գործով պատշաճ կերպով չեն կատարել նշված պարտավորությունը` դիմումատուին որոշ բռնության արարքներ կատարելու և ապօրինի զենք կրելու համար դատապարտելիս: (...): Այն նշում է, որ միայն արդյունքում կայացված վճիռներով է ամփոփվել դիմումատուի դեմ քրեական գործով մեղադրական եզրակացությունը, որն իր հերթին լիովին հիմնված է եղել գործի հետ առնչություն ունեցող ոստիկանության ծառայողների ցուցմունքների վրա: Ավելին, ինչպես և ներպետական դատարաններն են հաստատել, փաստերում բացակայել են մանրամասներ, և դրանք լի են եղել անհստակություններով: Այնպիսի կարևոր փաստեր, ինչպիսիք Ազատության հրապարակում ցուցարարների և ոստիկանության միջև բախումների հանգամանքներն են, լիովին անտեսվել են և նույնիսկ չեն նշվել` չնայած նրան, որ այդ հանգամանքները, այդ թվում` ոստիկանության գործողությունների գնահատումն ուղղակիորեն առնչվել են դիմումատուին առաջադրված մեղադրանքներին: Որոշ կարևոր հակասությունների այդպես էլ անդրադարձ չի կատարվել, և դրանք մնացել են չբացատրված, այդ թվում` այն փաստը, թե դիմումատուն ինչպես կարող էր կատարել տվյալ մեղսագրվող արարքներն այն ժամանակ, երբ նա, համապատասխան զեկույցի համաձայն, արդեն ոստիկանությունում ձերբակալվածներին պահելու վայրում էր: Ներպետական դատարանները, հետևաբար, չեն իրականացրել դիմումատուին առաջադրված մեղադրանքի հիմքում ընկած փաստերի մանրամասն և օբյեկտիվ քննություն, ինչպես նաև չեն կատարել մանրակրկիտ ուսումնասիրություն, որը, գործի հատուկ հանգամանքներում և ընդհանուր համատեքստը հաշվի առնելով, պահանջվում էր նրանցից` 11-րդ հոդվածով երաշխավորված` խաղաղ հավաքների ազատության իրավունքի արդյունավետ իրականացումն ապահովելու համար: Այսպիսի հանգամանքներում չի կարելի ասել, որ ներպետական դատարանների կողմից ներկայացված` միջամտությունը հիմնավորող պատճառներն իսկապես «համապատասխան և բավարար» են եղել, ինչի հետևանքով դիմումատուն զրկվել է պաշտպանության այն դատավարական երաշխիքից, որը նա ունեցել է 11-րդ հոդվածով սահմանված իրավունքի ուժով (...): Ոչ էլ կարելի է ասել, որ դատարաններն իրենց որոշումները հիմնել են համապատասխան փաստերի ընդունելի գնահատականի վրա»(28):

 

---------------------

28) Տե՛ս Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի վճռի 250-րդ, 252-253-րդ կետերը:

 

26.1 Վերոգրյալի հիման վրա Եվրոպական դատարանը նշել է, որ նույնիսկ եթե ենթադրենք, որ ցույցի ցրումը և դիմումատուի նկատմամբ քրեական հետապնդումը, կալանավորումը և դատապարտումը համապատասխանել են ներպետական օրենսդրությանն ու հետապնդել են Կոնվենցիայի 11-րդ հոդվածի 2-րդ կետում թվարկված իրավաչափ նպատակներից որևէ մեկը, ենթադրաբար` անկարգությունները և հանցագործությունները կանխելու նպատակը, տվյալ միջոցներն անհրաժեշտ չեն եղել ժողովրդավարական հասարակությունում(29):

 

---------------------

29) Տե՛ս Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի վճռի 254-րդ կետը:

 

26.2 Արդյունքում, Եվրոպական դատարանը եզրակացրել է, որ դիմումատու Մուշեղ Սաղաթելյանի նկատմամբ տեղի է ունեցել Կոնվենցիայի 11-րդ հոդվածի խախտում(30):

 

---------------------

30) Տե՛ս Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի վճռի 255-րդ կետը:

 

27. Հաշվի առնելով սույն որոշման 18-26.1-րդ կետերում ներկայացված փաստերը, ինչպես նաև հիմք ընդունելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.4-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի` ուժի մեջ մտած վճռով` Կոնվենցիայի 3-րդ հոդվածի, 5-րդ հոդվածի 1-ին և 3-րդ կետերի, 6-րդ հոդվածի 1-ին կետի և 11-րդ հոդվածի խախտումների արձանագրման փաստը ՀՀ վճռաբեկ դատարանի` 2008 թվականի մայիսի 7-ի, 2008 թվականի օգոստոսի 28-ի, 2009 թվականի մարտի 10-ի և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2008 թվականի օգոստոսի 19-ի որոշումները վերանայելու հիմք է:

 

------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում

 

 

pin
Վճռաբեկ դատարան
12.06.2019
N ԵՔՐԴ/0396/01/08
Որոշում