Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 13-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 13-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԵԿԴ/0234/01/10

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` նաև Վճռաբեկ դատարան),

 

                   նախագահությամբ`            Լ. Թադևոսյանի

                   մասնակցությամբ` դատավորներ Հ. Ասատրյանի

                                              Ս. Ավետիսյանի

                                              Ե. Դանիելյանի

                                              Ա. Պողոսյանի

                                              Ս. Օհանյանի

                   քարտուղարությամբ`          Մ. Ավագյանի

 

    2019 թվականի հունիսի 12-ին                            ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով նոր հանգամանքի հիմքով դատապարտյալ Թամո Ֆայզոյի Քալաշյանի վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան)` 2011 թվականի հուլիսի 22-ի դատավճռով Թամո Քալաշյանը դատապարտվել է ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով` Թ.Քալաշյանը դատապարտվել է ազատազրկման` 9 (ինը) տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ` նրա սեփականությունը համարվող ամբողջ գույքի չափով, ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով` ազատազրկման` 7 (յոթ) տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ` նրա սեփականությունը համարվող ամբողջ գույքի չափով: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի կանոններով նշանակված պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով` ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով` նշանակված պատժին` նրա սեփականությունը համարվող ամբողջ գույքի չափով գույքի բռնագրավմամբ 9 (ինը) տարի ժամկետով ազատազրկմանը, գումարելով ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նշանակված` առանց գույքի բռնագրավման 7 (յոթ) տարի ժամկետով ազատազրկում պատժից` 4 (չորս) տարի ժամկետով ազատազրկումը` Թ.Քալաշյանի նկատմամբ վերջնական պատիժ է սահմանվել ազատազրկում` 13 (տասներեք) տարի ժամկետով, գույքի բռնագրավումով` նրա սեփականությունը համարվող ամբողջ գույքի չափով, սակայն ոչ ավելի քան հանցավոր ճանապարհով ձեռք բերված օգուտի` 2.500.000 (երկու միլիոն հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ գումարի չափը:

Պատժի կրման սկիզբը հաշվվել է 2009թ. դեկտեմբերի 20-ից:

Նույն դատավճռով դատապարտվել են նաև Հոսեին Մոհամմադ Ամին Խալեկանի Թազեհկանդին, Մոստաֆա Հասսանի Ադվաին, Էբրահիմ Սոլեյմանի Աշրաֆյանը, Արսեն Ֆրեդիկի Մելքոնյանը և Արթուր Բախտիբեկի Եղիազարյանը:

2. Ամբաստանյալ Թ.Քալաշյանի պաշտպան Ա.Մարտիրոսյանի և ամբաստանյալ Ա.Մելքոնյանի վերաքննիչ բողոքների քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան)` 2011 թվականի հոկտեմբերի 17-ի որոշմամբ բողոքները մերժվել են` Առաջին ատյանի դատարանի` 2011 թվականի հուլիսի 22-ի դատավճիռը թողնելով օրինական ուժի մեջ:

3. ՀՀ վճռաբեկ դատարանի` 2011 թվականի դեկտեմբերի 5-ի որոշմամբ ամբաստանյալ Թ.Քալաշյանի պաշտպան Ա.Մարտիրոսյանի և ամբաստանյալ Ա.Մելքոնյանի վճռաբեկ բողոքները վերադարձվել են:

4. Դատապարտյալ Թամո Քալաշյանի կողմից նոր հանգամանքի հիմքով բերված բողոքի հիման վրա Վճռաբեկ դատարանը 2019 թվականի հունվարի 15-ի որոշմամբ հարուցել է դատական ակտի վերանայման վարույթ և վճռաբեկ բողոքն ընդունել է վարույթ:

5. Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

6. Թամո Քալաշյանը ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով դատապարտվել է այն բանի համար, որ «(...) նա, գործի քննությամբ չպարզված աղբյուրից, իրացնելու նպատակով ձեռք բերած թմրամիջոցի ընդհանուր 1260 գ քանակությունից առանձնապես խոշոր չափերի «ափիոն» և քննությամբ չպարզված հանգամանքներում իրացնելու նպատակով ապօրինի ձեռք բերած և պահած խոշոր չափերի «մարիխուանա» տեսակների թմրամիջոցները ՀՀ առողջապահության նախարարության «Հոգեբուժական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում հարկադրական բուժման մեջ գտնվող, Հակոբ Հրայրի Հովհաննիսյանին ապօրինի իրացնելու վերաբերյալ հեռախոսակապի միջոցով նախնական պայմանավորվածություն է ձեռք բերել: Որից հետո 2009թ. հոկտեմբերին Թամո Քալաշյանը այցելել է նշված կենտրոն, որտեղ Հակոբ Հովհաննիսյանին ապօրինի իրացրել է առանձնապես խոշոր չափերի` 60 գրամ «ափիոն» տեսակի թմրամիջոց` յուրաքանչյուր գրամը 12.000 ՀՀ դրամով, և խոշոր չափերի` 6.05 գրամ հաստատուն քաշով չորացված «մարիխուանա» տեսակի թմրամիջոց:

«Ափիոն» տեսակի թմրամիջոցի մնացած առանձնապես խոշոր չափերի` 1 կգ «ափիոն» տեսակի թմրամիջոցը 2009թ. հոկտեմբեր ամսվա վերջերին Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղում ապօրինի իրացրել է Խդր Մամոյի Բրոյանին` հետագայում վերջինիս կողմից այլ անձանց իրացնելու և ստացված եկամուտից 5.000 ԱՄՆ դոլար գումարը Թամո Քալաշյանին հանձնելու պայմանով:

Բացի այդ, առանձնապես խոշոր չափերի «ափիոն» տեսակի թմրամիջոց ապօրինի իրացնելու վերաբերյալ 2009թ. հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներն ընկած ժամանակահատվածում Թամո Քալաշյանը հեռախոսակապի միջոցով նախնական պայմանավորվածություն է ձեռք բերել ամբաստանյալ Արսեն Մելքոնյանի հետ, ապա նույն ժամանակահատվածում Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքի մոտ, պարբերաբար` 6-7 անգամ, հանդիպել է վերջինիս, որտեղ 1 գրամը 10.000 ՀՀ դրամով, մաս-մաս, յուրաքանչյուր անգամ 20-30 գրամ քաշով Արսեն Մելքոնյանին, ապօրինի իրացրել է ընդհանուր` առանձնապես խոշոր չափերի` 200 գրամ «ափիոն» տեսակի թմրամիջոց: (...)»(1):

____________________

1) Տե՛ս քրեական գործ, հատոր 10-րդ, թերթեր 40-41:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոշարադրյալ հիմնավորումներով.

7. Բողոք բերած անձը, հղում կատարելով թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի չափերի վերաբերյալ օրենսդրական փոփոխություններին, ինչպես նաև վկայակոչելով ՀՀ Սահմանադրության 73-րդ հոդվածը և ՀՀ քրեական օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին մասը` փաստարկել է, որ նշված փոփոխություններով բարելավվել է իր վիճակը, հետևաբար դրանք ենթակա են կիրառման իր նկատմամբ:

8. Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը խնդրել է իր վերաբերյալ կայացված դատական ակտերով հաստատված արարքը համապատասխանեցնել «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2017 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ ՀՕ-241-Ն ՀՀ օրենքին, և փոփոխել իր նկատմամբ նշանակված վերջնական պատիժը կամ ազատել հետագա պատիժը կրելուց` արարքի ապաքրեականացման հիմքով:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

9. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. արդյո՞ք ՀՀ սահմանադրական դատարանի` 2017 թվականի փետրվարի 14-ի թիվ ՍԴՈ-1348 որոշման ուժով «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2017 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ ՀՕ-241-Ն ՀՀ օրենքը նոր հանգամանք է դատապարտյալ Թամո Քալաշյանի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի` 2011 թվականի դեկտեմբերի 5-ի որոշումը վերանայելու համար:

10. ՀՀ Սահմանադրության 72-րդ հոդվածի համաձայն` «(...) Արարքի պատժելիությունը վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենքն ունի հետադարձ ուժ»:

ՀՀ քրեական օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Արարքի հանցավորությունը վերացնող, պատիժը մեղմացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենքը հետադարձ ուժ ունի, այսինքն` տարածվում է մինչև այդ օրենքն ուժի մեջ մտնելը համապատասխան արարք կատարած անձանց, այդ թվում` այն անձանց վրա, ովքեր կրում են պատիժը կամ կրել են դա, սակայն ունեն դատվածություն»:

11. Քրեական օրենքը հետադարձ ուժով կիրառելու նորմերի համակարգային վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը մշտապես ընդգծել է, որ «չկա հանցագործություն և պատիժ, եթե այն սահմանված չէ օրենքով» (nullum crimen, nulla poena sine lege) կանոնը համընդհանուր ճանաչում ստացած հիմնարար սկզբունք է և իրավունքի գերակայության կարևորագույն տարր: Այն բացառիկ նշանակություն ունի մարդու իրավունքների պաշտպանության համակարգում, հետևաբար նշված սկզբունքից շեղումը բացարձակապես անթույլատրելի է: Դրա հետ մեկտեղ, ժամանակի ընթացքում քրեական օրենքի գործողության ընդհանուր կանոնն ունի նաև բացառություն: Մասնավորապես, քրեական օրենքի հետադարձության կանոնը սկսում է գործել այն դեպքերում, երբ նոր օրենքը կա'մ վերացնում է արարքի հանցավորությունը (ապաքրեականացում), կա'մ մեղմացնում է պատիժը, կա'մ այլ կերպ բարելավում է հանցանք կատարած անձի վիճակը: Թվարկված պայմաններն ունեն իմպերատիվ բնույթ, և նոր օրենքն ուժի մեջ մտնելուց հետո դրանցից առնվազն մեկի առկայության պարագայում նոր օրենքի գործողությունը տարածվում է մինչև այն ուժի մեջ մտնելը համապատասխան արարք կատարած անձանց, այդ թվում` այն անձանց վրա, ովքեր կրում են պատիժը կամ կրել են այն, սակայն ունեն դատվածություն(2):

____________________

2) Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Գասպար Պողոսյանի գործով 2011 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ ԳԴ1/0013/01/11 որոշման 16-17-րդ կետերը:

 

12. ՀՀ սահմանադրական դատարանը (այսուհետ` նաև Սահմանադրական դատարան), 2017 թվականի փետրվարի 14-ի թիվ ՍԴՈ-1348 որոշման շրջանակներում` անդրադառնալով արարքի պատժելիությունը վերացնող օրենքը հետադարձությամբ կիրառելու կառուցակարգին, արձանագրել է. «(...) Ելնելով ՀՀ Սահմանադրության 72-րդ հոդվածի անմիջական գործողությունից և վերջինիս` սույն որոշման մեջ բացահայտված բովանդակությամբ կիրառումն ապահովելու համար իրավակիրառ պրակտիկայի շրջանակներում արարքի պատժելիությունը վերացնող օրենքի հետադարձ կիրառումը պատիժ կրող անձանց նկատմամբ անհրաժեշտ է իրականացնել նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայման վերաբերյալ իրավակարգավորումների շրջանակներում` արարքի պատժելիությունը վերացնող օրենքի ուժի մեջ մտնելը դիտարկելով որպես դատական ակտը վերանայելու համար նոր հանգամանք (...)»(3):

____________________

3) Տե՛ս ՀՀ սահմանադրական դատարանի` 2017 թվականի փետրվարի 14-ի թիվ ՍԴՈ-1348 որոշման 7-րդ կետը:

 

Արդյունքում Սահմանադրական դատարանն արձանագրել է. «(...) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.2-րդ հոդվածը և դրա հետ համակարգային առումով փոխկապակցվածության մեջ գտնվող` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.4-րդ հոդվածի 1-ին մասը համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն այնպիսի սահմանադրաիրավական բովանդակությամբ, համաձայն որի` ելնելով ՀՀ Սահմանադրության 72-րդ հոդվածի անմիջական գործողությունից` արարքի պատժելիությունը վերացնող օրենքն ուժի մեջ մտնելն իրավակիրառ պրակտիկայի շրջանակներում պետք է ընկալվի որպես նոր հանգամանք, և օրինական ուժի մեջ մտած դատական ակտը նոր հանգամանքի հիմքով ենթակա է վերանայման ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով (...)»(4):

____________________

4) Տե՛ս ՀՀ սահմանադրական դատարանի` 2017 թվականի փետրվարի 14-ի թիվ ՍԴՈ-1348 որոշման եզրափակիչ մասը:

 

13. Նախորդ կետում մեջբերված Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումների հաշվառմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ արարքի հանցավորությունը վերացնող, պատիժը մեղմացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենքի ընդունմամբ նախկինում կայացված և օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը ենթակա են վերանայման ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 49.1-րդ գլխով սահմանված` նոր հանգամանքներով դատական ակտերի վերանայման կանոններով: Այլ կերպ` Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ արարքի հանցավորությունը վերացնող, պատիժը մեղմացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենքը նոր հանգամանք է օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը վերանայելու համար:

14. ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի համաձայն` «1. Իրացնելու նպատակով թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը, առաքելը կամ դրանք ապօրինի իրացնելը`

պատժվում է ազատազրկմամբ` երեքից յոթ տարի ժամկետով:

2. Նույն արարքները, որոնք կատարվել են`

(...)

2) խոշոր չափերով,

(...)

պատժվում են ազատազրկմամբ` հինգից տասը տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:

3. Սույն հոդվածի առաջին և երկրորդ մասով նախատեսված արարքները, որոնք կատարվել են`

(...)

2) առանձնապես խոշոր չափերով`

պատժվում են ազատազրկմամբ` յոթից տասնհինգ տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա (...)»:

Մինչև «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2017 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ ՀՕ-241-Ն ՀՀ օրենքն ուժի մեջ մտնելը թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի զգալի, խոշոր և առանձնապես խոշոր չափերը սահմանող ՀՀ քրեական օրենսգրքի 1-ին հավելվածում «ափիոն» տեսակի թմրամիջոցի համար որպես առանձնապես խոշոր չափ է սահմանված եղել` ավելի քան 10.0 գրամը, «մարիխուանա» տեսակի թմրամիջոցի համար որպես խոշոր չափ` 5.0 գրամից մինչև 500.0 գրամը ներառյալ:

Վերոնշյալ օրենքի 4-րդ հոդվածով ՀՀ քրեական օրենսգրքի 1-5-րդ հավելվածներն ուժը կորցրած ճանաչելուց հետո ՀՀ կառավարության` 2018 թվականի հունիսի 27-ի թիվ 707-Ն որոշման 1-ին հավելվածով «ափիոն» տեսակի թմրամիջոցի համար որպես առանձնապես խոշոր չափ է սահմանվել` ավելի քան 12.5 գրամը, «մարիխուանա» տեսակի թմրամիջոցի համար որպես զգալի չափ` 2.5 գրամից մինչև 12.5 գրամը ներառյալ, խոշոր չափ` 12.5 գրամից մինչև 62.5 գրամը ներառյալ:

15. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Թամո Քալաշյանը դատապարտվել է`

- ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով` իրացնելու նպատակով առանձնապես խոշոր չափի ընդհանուր` 1260 գրամ «ափիոն» տեսակի թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու, պահելու և իրացնելու համար,

- ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով` իրացնելու նպատակով խոշոր չափի` 6.05 գրամ «մարիխուանա» տեսակի թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու, պահելու և իրացնելու համար(5):

___________________

5) Տե՛ս սույն որոշման 6-րդ կետը:

 

16. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 10-14-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի չափերի վերաբերյալ օրենսդրական փոփոխությունները հիմք չեն Թ.Քալաշյանի վերաբերյալ կայացված և օրինական ուժի մեջ մտած դատական ակտերով հաստատված` ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված արարքի իրավական որակման փոփոխության:

17. Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ թմրամիջոցների չափերի վերաբերյալ օրենսդրական փոփոխությունները հիմք են Թ.Քալաշյանի վերաբերյալ կայացված և օրինական ուժի մեջ մտած դատական ակտերով հաստատված` ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված արարքի իրավական որակման փոփոխության:

Մասնավորապես, «մարիխուանա» տեսակի թմրամիջոցի խոշոր չափի նվազագույն և առավելագույն սահմանների օրենսդրական փոփոխությունների համեմատական ուսումնասիրությունից երևում է, որ դրանց արդյունքում 6.05 գրամ «մարիխուանա» տեսակի թմրամիջոցն այսուհետ ոչ թե խոշոր, այլ զգալի չափի է: ՈՒստի` դատապարտյալ Թ.Քալաշյանի արարքը համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասին:

Նման պայմաններում թմրամիջոցի չափերի վերաբերյալ օրենսդրական փոփոխություններին պետք է տալ հետադարձ ուժ և դրանց գործողությունը տարածել մինչև դրանց ուժի մեջ մտնելը Թ.Քալաշյանի կողմից կատարված արարքի վրա:

18. Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ սահմանադրական դատարանի` 2017 թվականի փետրվարի 14-ի թիվ ՍԴՈ-1348 որոշման ուժով «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2017 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ ՀՕ-241-Ն ՀՀ օրենքը նոր հանգամանք է դատապարտյալ Թ.Քալաշյանի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի` 2011 թվականի դեկտեմբերի 5-ի որոշումը վերանայելու համար:

19. Վերանայման արդյունքում, անհրաժեշտ է բեկանել ու փոփոխել դատապարտյալ Թամո Քալաշյանի վերաբերյալ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2011 թվականի հուլիսի 22-ի դատավճիռը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2011 թվականի հոկտեմբերի 17-ի որոշումը:

Թ.Քալաշյանի` ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով որակված արարքը պետք է վերաորակել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով և նրա նկատմամբ պատիժ նշանակել ազատազրկում` 4 (չորս) տարի 6 (վեց) ամիս ժամկետով` հաշվի առնելով պատժի նշանակման ընդհանուր սկզբունքները, ինչպես նաև գործի նյութերում առկա` Թ.Քալաշյանի անձը բնութագրող հանգամանքները, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքները, ինչպես նաև պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայությունը: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 4-րդ մասի կիրառմամբ` Թ.Քալաշյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նշանակված 9 (ինը) տարի ժամկետով ազատազրկմանը պետք է մասնակիորեն գումարել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով նշանակված 4 (չորս) տարի 6 (վեց) ամիս ժամկետով ազատազրկումից` 2 (երկու) տարի 6 (վեց) ամիս ժամկետով ազատազրկումը և Թ.Քալաշյանի նկատմամբ վերջնական պատիժ նշանակել ազատազրկում` 11 (տասնմեկ) տարի 6 (վեց) ամիս ժամկետով` գույքի բռնագրավմամբ` նրա սեփականությունը համարվող ամբողջ գույքի չափով, որը չի կարող գերազանցել հանցավոր ճանապարհով ձեռք բերված օգուտի` 2.500.000 (երկու միլիոն հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ գումարի չափը: Պատժի սկիզբը հաշվել` 2009 թվականի դեկտեմբերի 20-ից:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ, 426.1-426.2-րդ, 426.4-րդ, 426.7-րդ և 426.9-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Դատապարտյալ Թամո Ֆայզոյի Քալաշյանի վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի` 2011 թվականի դեկտեմբերի 5-ի որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայել:

2. Դատապարտյալ Թամո Ֆայզոյի Քալաշյանի վերաբերյալ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2011 թվականի հուլիսի 22-ի դատավճիռը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2011 թվականի հոկտեմբերի 17-ի որոշումը բեկանել ու փոփոխել:

3. Թամո Ֆայզոյի Քալաշյանի` ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով որակված արարքը վերաորակել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով, և նրա նկատմամբ պատիժ նշանակել ազատազրկում` 4 (չորս) տարի 6 (վեց) ամիս ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 4-րդ մասի կանոնների կիրառմամբ` Թամո Ֆայզոյի Քալաշյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նշանակված 9 (ինը) տարի ժամկետով ազատազրկմանը` մասնակիորեն գումարել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով նշանակված 4 (չորս) տարի 6 (վեց) ամիս ժամկետով ազատազրկումից 2 (երկու) տարի 6 (վեց) ամիս ժամկետով ազատազրկումը, և Թամո Ֆայզոյի Քալաշյանի նկատմամբ վերջնական պատիժ նշանակել ազատազրկում` 11 (տասնմեկ) տարի 6 (վեց) ամիս ժամկետով` գույքի բռնագրավմամբ` նրա սեփականությունը համարվող ամբողջ գույքի չափով, որը չի կարող գերազանցել հանցավոր ճանապարհով ձեռք բերված օգուտի` 2.500.000 (երկու միլիոն հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ գումարի չափը:

Պատժի սկիզբը հաշվել 2009 թվականի դեկտեմբերի 20-ից:

4. Ստորադաս դատարանների դատական ակտերը մնացած մասով թողնել անփոփոխ:

5. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Լ. Թադևոսյան

Դատավորներ` Հ. Ասատրյան

Ս. Ավետիսյան

Ե. Դանիելյան

Ա. Պողոսյան

Ս. Օհանյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
12.06.2019
N ԵԿԴ/0234/01/10
Որոշում