Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 13-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 13-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԵԷԴ/0044/01/12

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` նաև Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ`            Լ. Թադևոսյանի

                   մասնակցությամբ` դատավորներ Հ. Ասատրյանի

                                              Ս. Ավետիսյանի

                                              Ե. Դանիելյանի

                                              Ա. Պողոսյանի

                                              Ս. Օհանյանի

                   քարտուղարությամբ`          Մ. Ավագյանի

 

    2019 թվականի հունիսի 12-ին                            ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով նոր հանգամանքի հիմքով դատապարտյալ Տիգրան Ռոլանդի Չավուշյանի վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան)` 2013 թվականի մարտի 19-ի դատավճռով Տիգրան Ռոլանդի Չավուշյանը մեղավոր է ճանաչվել երեք դրվագով` ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, ութ դրվագով` ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով, 34-266-րդ հոդվածի 1-ին մասով, երեք դրվագով` ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 3-րդ մասով, 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և երկու դրվագով` 266-րդ հոդվածի 4-րդ մասով: Տ. Չավուշյանը երեք դրվագով` ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով դատապարտվել է ազատազրկման` 7 (յոթ) տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման, ութ դրվագով` ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով` ազատազրկման` 5 (հինգ) տարի ժամկետով, ՀՀ քրեական օրենսգրքի 34-266-րդ հոդվածի 1-ին մասով` ազատազրկման` 5 (հինգ) տարի ժամկետով, երեք դրվագով` ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 3-րդ մասով` ազատազրկման` 4 (չորս) տարի ժամկետով, ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով` ազատազրկման` 2 (երկու) տարի ժամկետով, երկու դրվագով` ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 4-րդ մասով` տուգանքի` 150.000 (հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամի չափով: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 4-րդ մասի կիրառմամբ Տ. Չավուշյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում` 12 (տասներկու) տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման և տուգանք` 200.000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամի չափով: Պատժի սկիզբը հաշվվել է` 2011 թվականի հոկտեմբերի 12-ից: Պատիժը կրելու ընթացքում Տ. Չավուշյանի նկատմամբ նշանակվել է հարկադիր բուժում` ափիոնային թմրամոլության դեմ:

Նույն դատավճռով դատապարտվել են նաև Արմեն Լյովայի Մարկոսյանը, Արայիկ Կոլյայի Առաքելյանը, Կարո Սուրենի Մուրադյանը:

2. Ամբաստանյալներ Տ. Չավուշյանի, Կ. Մուրադյանի, Ա. Առաքելյանի և ամբաստանյալ Ա. Մարկոսյանի պաշտպան Ա. Ալվանդյանի վերաքննիչ բողոքների քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2013 թվականի հունիսի 6-ի որոշմամբ բողոքները մերժել է, Առաջին ատյանի դատարանի` 2013 թվականի մարտի 19-ի դատավճիռը` թողել օրինական ուժի մեջ:

3. Վճռաբեկ դատարանը 2013 թվականի օգոստոսի 7-ի որոշմամբ ամբաստանյալներ Տ. Չավուշյանի, Ա. Առաքելյանի, Կ. Մուրադյանի և ամբաստանյալ Ա. Մարկոսյանի պաշտպան Ա. Ալվանդյանի վճռաբեկ բողոքները վերադարձրել է:

4. Դատապարտյալ Տ. Չավուշյանի կողմից նոր հանգամանքի հիմքով բերված բողոքի հիման վրա Վճռաբեկ դատարանը 2019 թվականի մարտի 28-ի որոշմամբ հարուցել է դատական ակտի վերանայման վարույթ և վճռաբեկ բողոքն ընդունել է վարույթ:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

5. Դատապարտյալ Տ. Չավուշյանը` երեք դրվագով` ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, ութ դրվագով` ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով, 34-266-րդ հոդվածի 1-ին մասով, երեք դրվագով` ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 3-րդ մասով, 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և երկու դրվագով` ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 4-րդ մասով դատապարտվել է այն բանի համար, որ «(...) նա իրացնելու և իր գործածման նպատակով (...) ապօրինի ձեռք է բերել ընդհանուր, խոշոր չափի` շուրջ 10 գրամ «ափիոն» տեսակի թմրամիջոց: Նույն օրը Երևան վերադառնալուց հետո, Տիգրան Չավուշյանը ձեռք բերված թմրամիջոցից չպարզված քանակություններով, անհատույց` հյուրասիրության կարգով, մեկական դեպքերով ապօրինի իրացրել է Արայիկ Առաքելյանին և Կարո Մուրադյանին:

Դրանից բացի, Տիգրան Չավուշյանն առանց իրացնելու նպատակի` (...) ապօրինի ձեռք է բերել ընդհանուր, առանձնապես խոշոր չափի` շուրջ 15 գրամ «ափիոն» տեսակի թմրամիջոց, որը հետագա օրերին գործածել է:

Բացի այդ, Տիգրան Չավուշյանը կրկին իրացնելու և իր գործածման նպատակով, (...) ապօրինի ձեռք է բերել ընդհանուր, առանձնապես խոշոր չափի` շուրջ 20 գրամ «ափիոն» տեսակի թմրամիջոց, որից հետագա ժամանակահատվածում նախապես Կարո Մուրադյանից ապօրինի ձեռք բերած` թմրամիջոցի պատրաստման համար պրեկուրսոր հանդիսացող «քացախաթթվի անհիդրիդի» հետ բացելու եղանակով, պարբերաբար, տարբեր չափաբաժիններով պատրաստել է ներարկման համար պիտանի լուծույթ և իր վարձակալած` Երևան քաղաքի Դիմիտրով 36 հասցեի տանը, մի քանի դեպքով անհատույց` հյուրասիրության կարգով, ապօրինի իրացրել է Արայիկ Առաքելյանին, Կարո Մուրադյանին, իր քրոջ որդի` Արմեն Մարկոսյանին, վերջինիս օժանդակությամբ` ներարկելու միջոցով, նաև նրա ծանոթ Վանիկ Եփրեմյանին` նրա կողմից երկու անգամ ներարկվելու համար վճարած 15.000 ՀՀ դրամի դիմաց:

Բացի այդ, Արմեն Մարկոսյանի օժանդակությամբ 2 դեպքով, (...) յուրաքանչյուր անգամ խոշոր չափի` շուրջ 1-ական գրամ «ափիոն» տեսակի թմրամիջոցից ապօրինի իրացրել է նաև գործով դեռևս չպարզված անձին:

Շարադրվածներից բացի, Տիգրան Չավուշյանը կրկին իրացնելու և իր գործածման նպատակով (...) ապօրինի ձեռք է բերել ընդհանուր, առանձնապես խոշոր չափի` շուրջ 34 գրամ «ափիոն» տեսակի թմրամիջոց, որից հետագա ժամանակահատվածում նախապես Կարո Սուրադյանից ապօրինի ձեռք բերած թմրամիջոցի պատրաստման համար պրեկուրսոր հանդիսացող «քացախաթթվի անհիդրիդի» հետ բացելու եղանակով, պարբերաբար, տարբեր չափաբաժիններով պատրաստել է ներարկման համար պիտանի լուծույթ և իր վարձակալած նույն տանը, մի քանի դեպքով, անհատույց` հյուրասիրության կարգով, ապօրինի իրացրել է Արայիկ Առաքելյանին, Կարո Մուրադյանին, Յուրի Կառլենի Հովհաննիսյանին, իսկ Վանիկ Եփրեմյանին` Արմեն Մարկոսյանի օժանդակությամբ` չի հասցրել ապօրինի իրացնել, քանի որ նույն պահին իր տանից վերջիններիս հետ միասին թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու կասկածանքով բերման է ենթարկվել ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչություն, որտեղ էլ իր անձնական խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել է մնացած` առանձնապես խոշոր չափի` ընդհանուր 23.3 գրամ «ափիոն» տեսակի թմրամիջոցը, 15 մլ ծավալով պրեկուրսոր հանդիսացող «քացախաթթվի անհիդրիդը», իսկ Կարո Մուրադյանի անձնական խուզարկությամբ` ներարկիչի մեջ լցված` խոշոր չափով` 0.3264 գրամ «ացետիլացված ափիոնի» պարունակությամբ լուծույթը (...)»(1):

 

-----------------------

1) Տե՛ս քրեական գործ, հատոր 5-րդ, թերթեր 128-129:

 

6. ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի` 2019 թվականի ապրիլի 11-ի թիվ 6/7-1214 գրության համաձայն` Տիգրան Չավուշյանի վերաբերյալ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի հուլիսի 28-ի որոշմամբ Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2013 թվականի մարտի 19-ի դատավճռով նշանակված 200.000 ՀՀ դրամ տուգանքի վճարումը տարաժամկետվել է 10 ամիս ժամկետով, յուրաքանչյուր ամիս` 20.000 ՀՀ դրամ վճարելու պայմանով(2):

 

-----------------------

2) Տե՛ս քրեական գործ, հատոր 6-րդ, թերթ 101:

 

7. ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության Կոտայքի մարզային բաժնի` 2018 թվականի փետրվարի 20-ի թիվ Ե/Պ/14-207 գրության համաձայն` ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության Կոտայքի բաժնում հաշվառման մեջ գտնվող դատապարտյալ Տիգրան Չավուշյանը` դատավճռով նշանակված 200.000 ՀՀ դրամ տուգանքը վճարել է և 2018 թվականի փետրվարի 26-ից հանվել հաշվառումից(3):

 

-----------------------

3) Տե՛ս քրեական գործ, հատոր 6-րդ, թերթ 110:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

8. Բողոք բերած անձը, հղում կատարելով թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի չափերի վերաբերյալ օրենսդրական փոփոխություններին, ինչպես նաև վկայակոչելով ՀՀ Սահմանադրության 73-րդ հոդվածը և ՀՀ քրեական օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին մասը, փաստարկել է, որ նշված փոփոխություններով բարելավվել է իր վիճակը, հետևաբար դրանք ենթակա են կիրառման իր նկատմամբ:

9. Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը խնդրել է իր վերաբերյալ կայացված դատական ակտերով հաստատված արարքները համապատասխանեցնել «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2017 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ ՀՕ-241-Ն ՀՀ օրենքին, և փոփոխել իր նկատմամբ նշանակված վերջնական պատիժը կամ ազատել հետագա պատիժը կրելուց` արարքի ապաքրեականացման հիմքով:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

10. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. արդյո՞ք ՀՀ սահմանադրական դատարանի` 2017 թվականի փետրվարի 14-ի թիվ ՍԴՈ-1348 որոշման ուժով «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2017 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ ՀՕ-241-Ն ՀՀ օրենքը նոր հանգամանք է դատապարտյալ Տիգրան Չավուշյանի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի` 2013 թվականի օգոստոսի 7-ի որոշումը վերանայելու համար:

11. ՀՀ Սահմանադրության 72-րդ հոդվածի համաձայն` «(...) Արարքի պատժելիությունը վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենքն ունի հետադարձ ուժ»:

ՀՀ քրեական օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Արարքի հանցավորությունը վերացնող, պատիժը մեղմացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենքը հետադարձ ուժ ունի, այսինքն` տարածվում է մինչև այդ օրենքն ուժի մեջ մտնելը համապատասխան արարք կատարած անձանց, այդ թվում` այն անձանց վրա, ովքեր կրում են պատիժը կամ կրել են դա, սակայն ունեն դատվածություն»:

12. Քրեական օրենքը հետադարձ ուժով կիրառելու նորմերի համակարգային վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը մշտապես ընդգծել է, որ «չկա հանցագործություն և պատիժ, եթե այն սահմանված չէ օրենքով» (nullum crimen, nulla poena sine lege) կանոնը համընդհանուր ճանաչում ստացած հիմնարար սկզբունք է և իրավունքի գերակայության կարևորագույն տարր: Այն բացառիկ նշանակություն ունի մարդու իրավունքների պաշտպանության համակարգում, հետևաբար նշված սկզբունքից շեղումը բացարձակապես անթույլատրելի է: Դրա հետ մեկտեղ ժամանակի ընթացքում քրեական օրենքի գործողության ընդհանուր կանոնն ունի նաև բացառություն: Մասնավորապես, քրեական օրենքի հետադարձության կանոնը սկսում է գործել այն դեպքերում, երբ նոր օրենքը կա՛մ վերացնում է արարքի հանցավորությունը (ապաքրեականացում), կա՛մ մեղմացնում է պատիժը, կա՛մ այլ կերպ բարելավում է հանցանք կատարած անձի վիճակը: Թվարկված պայմաններն ունեն իմպերատիվ բնույթ, և նոր օրենքն ուժի մեջ մտնելուց հետո դրանցից առնվազն մեկի առկայության պարագայում նոր օրենքի գործողությունը տարածվում է մինչև այն ուժի մեջ մտնելը համապատասխան արարք կատարած անձանց, այդ թվում` այն անձանց վրա, ովքեր կրում են պատիժը կամ կրել են այն, սակայն ունեն դատվածություն(4):

 

-----------------------

4) Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Գասպար Պողոսյանի գործով 2011 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ ԳԴ1/0013/01/11 որոշման 16-17-րդ կետերը:

 

13. ՀՀ սահմանադրական դատարանը (այսուհետ` նաև Սահմանադրական դատարան), 2017 թվականի փետրվարի 14-ի թիվ ՍԴՈ-1348 որոշման շրջանակներում անդրադառնալով արարքի պատժելիությունը վերացնող օրենքը հետադարձությամբ կիրառելու կառուցակարգին, արձանագրել է. «(...) Ելնելով ՀՀ Սահմանադրության 72-րդ հոդվածի անմիջական գործողությունից և վերջինիս` սույն որոշման մեջ բացահայտված բովանդակությամբ կիրառումն ապահովելու համար իրավակիրառ պրակտիկայի շրջանակներում արարքի պատժելիությունը վերացնող օրենքի հետադարձ կիրառումը պատիժ կրող անձանց նկատմամբ անհրաժեշտ է իրականացնել նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայման վերաբերյալ իրավակարգավորումների շրջանակներում` արարքի պատժելիությունը վերացնող օրենքի ուժի մեջ մտնելը դիտարկելով որպես դատական ակտը վերանայելու համար նոր հանգամանք (...)(5):

 

-----------------------

5 Տե՛ս ՀՀ սահմանադրական դատարանի` 2017 թվականի փետրվարի 14-ի թիվ ՍԴՈ-1348 որոշման 7-րդ կետը:

 

Արդյունքում Սահմանադրական դատարանն արձանագրել է. «(...) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.2-րդ հոդվածը և դրա հետ համակարգային առումով փոխկապակցվածության մեջ գտնվող` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.4-րդ հոդվածի 1-ին մասը համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն այնպիսի սահմանադրաիրավական բովանդակությամբ, համաձայն որի` ելնելով ՀՀ Սահմանադրության 72-րդ հոդվածի անմիջական գործողությունից` արարքի պատժելիությունը վերացնող օրենքն ուժի մեջ մտնելն իրավակիրառ պրակտիկայի շրջանակներում պետք է ընկալվի որպես նոր հանգամանք, և օրինական ուժի մեջ մտած դատական ակտը նոր հանգամանքի հիմքով ենթակա է վերանայման ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով (...)»(6):

 

-----------------------

6 Տե՛ս ՀՀ սահմանադրական դատարանի` 2017 թվականի փետրվարի 14-ի թիվ ՍԴՈ-1348 որոշման եզրափակիչ մասը:

 

14. Նախորդ կետում մեջբերված Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումների հաշվառմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ արարքի հանցավորությունը վերացնող, պատիժը մեղմացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենքի ընդունմամբ նախկինում կայացված և օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը ենթակա են վերանայման ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 49.1-րդ գլխով սահմանված` նոր հանգամանքներով դատական ակտերի վերանայման կանոններով: Այլ կերպ` Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ արարքի հանցավորությունը վերացնող, պատիժը մեղմացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենքը նոր հանգամանք է օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը վերանայելու համար:

15. ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի համաձայն` «1. Իրացնելու նպատակով թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը, առաքելը կամ դրանք ապօրինի իրացնելը`

պատժվում է ազատազրկմամբ` երեքից յոթ տարի ժամկետով:

2. Նույն արարքները, որոնք կատարվել են`

(...)

2) խոշոր չափերով`

(...)

պատժվում են ազատազրկմամբ` հինգից տասը տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:

(...)

4. Թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պատրաստելու նպատակով պրեկուրսորներ ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը, առաքելը կամ դրանք ապօրինի իրացնելը`

պատժվում են տուգանքով` նվազագույն աշխատավարձի առավելագույնը չորսհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը երեք ամիս ժամկետով (...)»:

ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի համաձայն` «1. Առանց իրացնելու նպատակի զգալի չափերով թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ առաքելը`

պատժվում է կալանքով` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով:

2. Նույն արարքները, որոնք կատարվել են`

(...)

2) խոշոր չափերով`

պատժվում են ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով:

3. Նույն արարքները, որոնք կատարվել են առանձնապես խոշոր չափերով`

պատժվում են ազատազրկմամբ` երկուսից վեց տարի ժամկետով»:

Մինչև «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2017 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ ՀՕ-241-Ն ՀՀ օրենքն ուժի մեջ մտնելը թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի զգալի, խոշոր և առանձնապես խոշոր չափերը սահմանող ՀՀ քրեական օրենսգրքի 1-ին հավելվածում «ափիոն» տեսակի թմրամիջոցի համար որպես խոշոր չափ է սահմանված եղել 0.5 գրամից մինչև 10.0 գրամը ներառյալ, որպես առանձնապես խոշոր չափ` ավելի քան 10.0 գրամը, «ացետիլացված ափիոն» տեսակի թմրամիջոցի համար որպես խոշոր չափ է սահմանված եղել 0.2 գրամից մինչև 5.0 գրամը ներառյալ: Նույն օրենսգրքի թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի պրեկուրսորների խոշոր և առանձնապես խոշոր չափերը սահմանող 4-րդ հավելվածում «քացախաթթվի անհիդրիդ» տեսակի պրեկուրսորի համար որպես խոշոր չափ է սահմանվել 0.23-2.3 կիլոգրամը ներառյալ, իսկ որպես առանձնապես խոշոր չափ` ավելի քան 2.3 կիլոգրամը:

Վերոնշյալ օրենքի 4-րդ հոդվածով ՀՀ քրեական օրենսգրքի 1-5-րդ հավելվածներն ուժը կորցրած ճանաչելուց հետո ՀՀ կառավարության` 2018 թվականի հունիսի 27-ի թիվ 707-Ն որոշման 1-ին հավելվածով «ափիոն» տեսակի թմրամիջոցի համար որպես զգալի չափ է սահմանվել 0.5 գրամից մինչև 2.5 գրամը ներառյալ, որպես խոշոր չափ` 2.5 գրամից մինչև 12.5 գրամը ներառյալ, որպես առանձնապես խոշոր չափ` ավելի քան 12.5 գրամը, «ացետիլացված ափիոն» տեսակի թմրամիջոցի համար որպես զգալի չափ է սահմանվել 0.1 գրամից մինչև 0.5 գրամը ներառյալ, որպես խոշոր չափ` 0.5 գրամից մինչև 2.5 գրամը ներառյալ: Նույն որոշման 3-րդ հավելվածով «քացախաթթվի անհիդրիդ» տեսակի պրեկուրսորի համար նախկինում սահմանված չափերը փոփոխության չեն ենթարկվել:

16. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Տիգրան Չավուշյանը դատապարտվել է`

- ութ դրվագով` ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով` «ափիոն» տեսակի թմրամիջոց ապօրինի իրացնելու համար,

- ՀՀ քրեական օրենսգրքի 34-266-րդ հոդվածի 1-ին մասով «ափիոն» տեսակի թմրամիջոց ապօրինի իրացնելու փորձի համար,

- երկու դրվագով` ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով` խոշոր չափի` 1 գրամ «ափիոն» տեսակի թմրամիջոց ապօրինի իրացնելու համար,

- ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով` խոշոր չափի` 0.3264 գրամ «ացետիլացված ափիոն» տեսակի թմրամիջոց ապօրինի իրացնելու համար,

- երկու դրվագով` ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 4-րդ մասով` թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի պրեկուրսոր հանդիսացող «քացախաթթվի անհիդրիդ» ապօրինի ձեռք բերելու և իրացնելու համար,

- ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով` խոշոր չափի` 10 գրամ «ափիոն» տեսակի թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու համար,

- երեք դրվագով` ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 3-րդ մասով` առանձնապես խոշոր չափի` 15 գրամ, 20 գրամ և 34 գրամ «ափիոն» տեսակի թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու համար(7):

 

-----------------------

7) Տե՛ս սույն որոշման 5-րդ կետը:

 

17. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 11-15-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պրեկուրսորների չափերի վերաբերյալ օրենսդրական փոփոխությունները հիմք չեն Տ. Չավուշյանի վերաբերյալ կայացված և օրինական ուժի մեջ մտած դատական ակտերով հաստատված` ութ դրվագով` ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով, 34-266-րդ հոդվածի 1-ին մասով, երկու դրվագով` ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 4-րդ մասով, 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, երեք դրվագով` ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված արարքների իրավական որակման փոփոխության:

18. Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի չափերի վերաբերյալ օրենսդրական փոփոխությունները հիմք են Տ. Չավուշյանի վերաբերյալ կայացված և օրինական ուժի մեջ մտած դատական ակտերով հաստատված` երեք դրվագով` ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված արարքների իրավական որակման փոփոխության:

Մասնավորապես, «ափիոն» և «ացետիլացված ափիոն» տեսակի թմրամիջոցների խոշոր չափերի նվազագույն և առավելագույն սահմանների օրենսդրական փոփոխությունների համեմատական ուսումնասիրությունից երևում է, որ դրանց արդյունքում 1 գրամ «ափիոն» տեսակի թմրամիջոցը և 0.3264 գրամ «ացետիլացված ափիոն» տեսակի թմրամիջոցը այսուհետ ոչ թե խոշոր, այլ զգալի չափի են: Ուստի` դատապարտյալ Տ. Չավուշյանի արարքները համապատասխանում են երեք դրվագով` ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասին:

19. Նման պայմաններում թմրամիջոցների չափերի վերաբերյալ օրենսդրական փոփոխություններին պետք է տալ հետադարձ ուժ և դրանց գործողությունը տարածել մինչև դրանց ուժի մեջ մտնելը Տ. Չավուշյանի կողմից կատարված հանցանքների վրա:

20. Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Սահմանադրական դատարանի` 2017 թվականի փետրվարի 14-ի թիվ ՍԴՈ-1348 որոշման ուժով «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2017 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ ՀՕ-241-Ն ՀՀ օրենքը նոր հանգամանք է դատապարտյալ Տ. Չավուշյանի վերաբերյալ կայացված Վճռաբեկ դատարանի` 2013 թվականի օգոստոսի 7-ի որոշումը վերանայելու համար:

21. Վերանայման արդյունքում անհրաժեշտ է բեկանել և փոփոխել դատապարտյալ Տիգրան Չավուշյանի վերաբերյալ Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2013 թվականի մարտի 19-ի դատավճիռը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2013 թվականի հունիսի 6-ի որոշումը:

Տ. Չավուշյանի` ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով` երեք դրվագով որակված արարքները պետք է վերաորակել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով` երեք դրվագով և նրա նկատմամբ պատիժ նշանակել ազատազրկում` 5 (հինգ) տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի կանոնների կիրառմամբ Տիգրան Ռոլանդի Չավուշյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով` երեք դրվագով նշանակված 5 (հինգ) տարի ժամկետով ազատազրկմանը պետք է մասնակիորեն գումարել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով` ութ դրվագով նշանակված 5 (հինգ) տարի ժամկետով ազատազրկումից 2 (երկու) տարի ժամկետով ազատազրկումը, ՀՀ քրեական օրենսգրքի 34-266-րդ հոդվածի 1-ին մասով նշանակված 5 (հինգ) տարի ժամկետով ազատազրկումից 2 (երկու) տարի ժամկետով ազատազրկումը, ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 3-րդ մասով` երեք դրվագով նշանակված 4 (չորս) տարի ժամկետով ազատազրկումից 1 (մեկ) տարի 6 (վեց) ամիս ժամկետով ազատազրկումը, ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նշանակված 2 (երկու) տարի ժամկետով ազատազրկումից 6 (վեց) ամիս ժամկետով ազատազրկումը, և Տ. Չավուշյանի նկատմամբ վերջնական պատիժ նշանակել ազատազրկում` 11 (տասնմեկ) տարի ժամկետով` պատժի սկիզբը հաշվելով` 2011 թվականի հոկտեմբերի 12-ից:

Միևնույն ժամանակ, հաշվի առնելով, որ ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության Կոտայքի մարզային բաժնի` 2018 թվականի փետրվարի 20-ի թիվ Ե/Պ/14-207 գրության համաձայն` Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2013 թվականի մարտի 19-ի դատավճռով նշանակված 200.000 ՀՀ դրամ տուգանքը Տ. Չավուշյանը վճարել է(8), ուստի այն պետք է համարել կրած:

 

--------------------

8) Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ, 426.1-րդ, 426.2-րդ, 426.4-րդ, 426.7-րդ և 426.9-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Դատապարտյալ Տիգրան Ռոլանդի Չավուշյանի վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի` 2013 թվականի օգոստոսի 7-ի որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայել:

(1-ին կետը փոփ. 14.06.2019 ԵԷԴ/0044/01/12 որոշում)

2. Դատապարտյալ Տիգրան Ռոլանդի Չավուշյանի վերաբերյալ Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2013 թվականի մարտի 19-ի դատավճիռը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2013 թվականի հունիսի 6-ի որոշումը բեկանել ու փոփոխել:

3. Տիգրան Ռոլանդի Չավուշյանի` ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով` երեք դրվագով որակված արարքը վերաորակել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով` երեք դրվագով և նրա նկատմամբ պատիժ նշանակել ազատազրկում` 5 (հինգ) տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի կանոնների կիրառմամբ Տիգրան Ռոլանդի Չավուշյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով` երեք դրվագով նշանակված 5 (հինգ) տարի ժամկետով ազատազրկմանը մասնակիորեն գումարել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով` ութ դրվագով նշանակված 5 (հինգ) տարի ժամկետով ազատազրկումից 2 (երկու) տարի ժամկետով ազատազրկումը, ՀՀ քրեական օրենսգրքի 34-266-րդ հոդվածի 1-ին մասով նշանակված 5 (հինգ) տարի ժամկետով ազատազրկումից 2 (երկու) տարի ժամկետով ազատազրկումը, ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 3-րդ մասով` երեք դրվագով նշանակված 4 (չորս) տարի ժամկետով ազատազրկումից 1 (մեկ) տարի 6 (վեց) ամիս ժամկետով ազատազրկումը, ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նշանակված 2 (երկու) տարի ժամկետով ազատազրկումից 6 (վեց) ամիս ժամկետով ազատազրկումը, ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 4-րդ մասով` երկու դրվագով նշանակված տուգանքը` 150.000 (հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամի չափով և Տիգրան Ռոլանդի Չավուշյանի նկատմամբ վերջնական պատիժ նշանակել ազատազրկում` 11 (տասնմեկ) տարի ժամկետով և տուգանք` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի` 200.000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամի չափով: Պատժի սկիզբը հաշվել` 2011 թվականի հոկտեմբերի 12-ից, իսկ 200.000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամ տուգանքի ձևով նշանակված պատիժը համարել կրած:

(3-րդ կետը փոփ. 14.06.2019 ԵԷԴ/0044/01/12 որոշում)

4. Ստորադաս դատարանների դատական ակտերը մնացած մասով թողնել անփոփոխ:

5. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Լ. Թադևոսյան

Դատավորներ` Հ. Ասատրյան

Ս. Ավետիսյան

Ե. Դանիելյան

Ա. Պողոսյան

Ս. Օհանյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
12.06.2019
N ԵԷԴ/0044/01/12
Որոշում