ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՆՀՍՏԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ԵԷԴ/0044/01/12
14 հունիսի 2019 թվական ք. Երևան
ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` նաև Վճռաբեկ դատարան),
նախագահությամբ` Լ. Թադևոսյանի
մասնակցությամբ` դատավորներ Հ. Ասատրյանի
Ս. Ավետիսյանի
Ե. Դանիելյանի
Ա. Պողոսյանի
Ս. Օհանյանի
քննարկելով դատապարտյալ Տիգրան Ռոլանդի Չավուշյանի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի` 2019 թվականի հունիսի 12-ի որոշման մեջ առկա անհստակությունների լուծման հարցը,
ՊԱՐԶԵՑ
Դատապարտյալ Տիգրան Չավուշյանի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի` 2019 թվականի հունիսի 12-ի որոշման եզրափակիչ մասի 1-ի կետում նշվել է` «ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2013 թվականի հունիսի 6-ի որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայել»: Մինչդեռ, նույն որոշման բովանդակությունից հետևում է, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նշված որոշման դեմ Տիգրան Չավուշյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2013 թվականի օգոստոսի 7-ի որոշմամբ վերադարձվել է:
Բացի այդ, Վճռաբեկ դատարանի` 2019 թվականի հունիսի 12-ի որոշման եզրափակիչ մասի 3-րդ կետի համաձայն Տիգրան Չավուշյանի նկատմամբ նշանակվող ազատազրկման ձևով պատժին գումարվել է նաև ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 4-րդ մասով` երկու դրվագով նշանակված տուգանքը` 150.000 (հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամի չափով և վերջնական պատիժ նշանակվել ազատազրկում` 11 (տասնմեկ) տարի ժամկետով ու տուգանք` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի` 200.000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամի չափով, որը ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության Կոտայքի մարզային բաժնի` 2018 թվականի փետրվարի 20-ի թիվ Ե/Պ/14-207 գրության համաձայն` Տ. Չավուշյանը կրել է:
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ առկա են անհստակություններ, որոնք անհրաժեշտ է լուծել:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 430-րդ հոդվածի համաձայն. «Դատավճիռ կամ այլ դատական որոշում կայացրած դատարանն իրավունք ունի լուծել դրա ի կատար ածման ընթացքում ծագած կասկածները և անհստակությունները (...) «:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 430-րդ հոդվածով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. ՀՀ վճռաբեկ դատարանի` 2019 թվականի հունիսի 12-ի որոշման եզրափակիչ մասի 1-ին կետում նշված` «ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2013 թվականի հունիսի 6-ի որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայել:» նախադասությունը փոխարինել «ՀՀ վճռաբեկ դատարանի` 2013 թվականի օգոստոսի 7-ի որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայել:» նախադասությամբ:
2. ՀՀ վճռաբեկ դատարանի` 2019 թվականի հունիսի 12-ի որոշման եզրափակիչ մասի 3-րդ կետում «2011 թվականի հոկտեմբերի 12-ից» բառերից հետո ավելացնել «, իսկ 200.000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամ տուգանքի ձևով նշանակված պատիժը համարել կրած:» բառերը:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` Լ. Թադևոսյան
Դատավորներ` Հ. Ասատրյան
Ս. Ավետիսյան
Ե. Դանիելյան
Ա. Պողոսյան
Ս. Օհանյան