ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԵԿԴ/0091/01/12
ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` նաև Վճռաբեկ դատարան),
նախագահությամբ` Լ. Թադևոսյանի
մասնակցությամբ` դատավորներ Հ. Ասատրյանի
Ս. Ավետիսյանի
Ե. Դանիելյանի
Ա. Պողոսյանի
Ս. Օհանյանի
քարտուղարությամբ` Մ. Ավագյանի
մասնակցությամբ` Կ. Գրեյանի
պաշտպան
2019 թվականի հունիսի 12-ին ք. Երևանում
դռնբաց դատական նիստում, քննության առնելով նոր հանգամանքի հիմքով դատապարտյալ Վլադիմիր Հայկազի Խաչյանի և նրա պաշտպան Կ. Գրեյանի վճռաբեկ բողոքը,
ՊԱՐԶԵՑ
Գործի դատավարական նախապատմությունը.
1. Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան)` 2013 թվականի հունիսի 1-ի դատավճռով Վլադիմիր Հայկազի Խաչյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով: ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով Վ.Խաչյանը դատապարտվել է ազատազրկման` 11 (տասնմեկ) տարի 3 (երեք) ամիս ժամկետով` առանց գույքի բռնագրավման, ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով` ազատազրկման` 2 (երկու) տարի 1 (մեկ) ամիս ժամկետով, ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով` ազատազրկման` 5 (հինգ) տարի 3 (երեք) ամիս ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի կիրառմամբ, նշանակված պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով, Վ.Խաչյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում` 13 (տասներեք) տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման: Պատժի սկիզբը հաշվվել է` 2012 թվականի հունվարի 25-ից: Վ. Խաչյանի նկատմամբ նշանակվել է հոգեբույժի մոտ արտահիվանդանոցային հսկողություն և հարկադիր բուժում:
Նույն դատավճռով դատապարտվել են նաև Թոլիբ Սոյիմի Պարտոևը, Սաիդ Ահմադի Դոուդքանլուի Միլանիին, Արթուր Միհրանի Ալեքսանյանը և Կարապետ Լեռնիկի Բաղդասարյանը:
2. Վ. Խաչյանի և նրա պաշտպան Ռ. Սաֆարյանի, Ա. Ալեքսանյանի պաշտպան Կ. Հակոբյանի, Թ. Պարտոևի, Կ. Բաղդասարյանի պաշտպան Ա. Ստեփանյանի վերաքննիչ բողոքների քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2013 թվականի օգոստոսի 2-ի որոշմամբ բողոքները մերժել է, Առաջին ատյանի դատարանի` 2013 թվականի հունիսի 1-ի դատավճիռը թողել օրինական ուժի մեջ:
3. Վերոնշյալ որոշման դեմ ամբաստանյալ Վ. Խաչյանի վճռաբեկ բողոքը Վճռաբեկ դատարանի` 2013 թվականի սեպտեմբերի 30-ի որոշմամբ վերադարձվել է:
4. Դատապարտյալ Վ. Խաչյանի և նրա պաշտպան Կ. Գրեյանի` նոր հանգամանքի հիմքով բերված բողոքի հիման վրա Վճռաբեկ դատարանը 2019 թվականի ապրիլի 1-ի որոշմամբ հարուցել է դատական ակտի վերանայման վարույթ և վճռաբեկ բողոքն ընդունել է վարույթ:
Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
5. Դատապարտյալ Վ. Խաչյանը ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով, ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով դատապարտվել է այն բանի համար, որ «(...) նա Թոլիբ Սոյիմի Պարտոևից իրացնելու նպատակով ապօրինի ձեռք է բերել և պահել, (...) 200 գրամ «ափիոն» տեսակի թմրամիջոց, որոնք նույն ժամանակահատվածում, (...) ապօրինի իրացրել է քննությամբ չպարզված անձին:
Վլադիմիր Խաչյանը, (...) Թոլիբ Սոյիմի Պարտոևից անվճար, առանց իրացնելու նպատակի, իր գործածման համար ապօրինի ձեռք է բերել և պահել խոշոր չափերի` 1.8 գրամ «ափիոն» տեսակի թմրամիջոց (...):
Բացի այդ, Վլադիմիր Խաչյանը, (...) Թոլիբ Պարտոևին ապօրինի իրացրել է 0.45 գրամ «մարիխուանա» տեսակի թմրամիջոց (...)»(1):
---------------------
1) Տե՛ս քրեական գործ, հատոր 6-րդ, թերթեր 6-7:
Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոշարադրյալ հիմնավորումներով.
6. Բողոք բերած անձինք, հղում կատարելով թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի չափերի վերաբերյալ օրենսդրական փոփոխություններին, ինչպես նաև վկայակոչելով ՀՀ Սահմանադրության 73-րդ հոդվածը և ՀՀ քրեական օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին մասը, փաստարկել են, որ նշված փոփոխություններով բարելավվել է Վ. Խաչյանի վիճակը, հետևաբար, դրանք ենթակա են կիրառման Վ. Խաչյանի նկատմամբ:
7. Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձինք խնդրել են Վ. Խաչյանի վերաբերյալ կայացված դատական ակտերով հաստատված արարքները համապատասխանեցնել «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2017 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ ՀՕ-241-Ն ՀՀ օրենքին, և փոփոխել նրա նկատմամբ նշանակված վերջնական պատիժը:
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
8. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. արդյո՞ք ՀՀ սահմանադրական դատարանի` 2017 թվականի փետրվարի 14-ի թիվ ՍԴՈ-1348 որոշման ուժով «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2017 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ ՀՕ-241-Ն ՀՀ օրենքը նոր հանգամանք է դատապարտյալ Վլադիմիր Խաչյանի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի` 2013 թվականի սեպտեմբերի 30-ի որոշումը վերանայելու համար:
9. ՀՀ Սահմանադրության 72-րդ հոդվածի համաձայն` «(...) Արարքի պատժելիությունը վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենքն ունի հետադարձ ուժ»:
ՀՀ քրեական օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Արարքի հանցավորությունը վերացնող, պատիժը մեղմացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենքը հետադարձ ուժ ունի, այսինքն` տարածվում է մինչև այդ օրենքն ուժի մեջ մտնելը համապատասխան արարք կատարած անձանց, այդ թվում` այն անձանց վրա, ովքեր կրում են պատիժը կամ կրել են դա, սակայն ունեն դատվածություն»:
10. Քրեական օրենքը հետադարձ ուժով կիրառելու նորմերի համակարգային վերլուծության արդյունքում` Վճռաբեկ դատարանը մշտապես ընդգծել է, որ «չկա հանցագործություն և պատիժ, եթե այն սահմանված չէ օրենքով» (nullum crimen, nulla poena sine lege) կանոնը համընդհանուր ճանաչում ստացած հիմնարար սկզբունք է և իրավունքի գերակայության կարևորագույն տարր: Այն բացառիկ նշանակություն ունի մարդու իրավունքների պաշտպանության համակարգում, հետևաբար, նշված սկզբունքից շեղումը բացարձակապես անթույլատրելի է: Դրա հետ մեկտեղ, ժամանակի ընթացքում քրեական օրենքի գործողության ընդհանուր կանոնն ունի նաև բացառություն: Մասնավորապես, քրեական օրենքի հետադարձության կանոնը սկսում է գործել այն դեպքերում, երբ նոր օրենքը կամ վերացնում է արարքի հանցավորությունը (ապաքրեականացում), կամ մեղմացնում է պատիժը, կամ այլ կերպ բարելավում է հանցանք կատարած անձի վիճակը: Թվարկված պայմաններն ունեն իմպերատիվ բնույթ, և նոր օրենքն ուժի մեջ մտնելուց հետո դրանցից առնվազն մեկի առկայության պարագայում նոր օրենքի գործողությունը տարածվում է մինչև այն ուժի մեջ մտնելը համապատասխան արարք կատարած անձանց, այդ թվում` այն անձանց վրա, ովքեր կրում են պատիժը կամ կրել են այն, սակայն ունեն դատվածություն(2):
----------------
2) Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Գասպար Պողոսյանի գործով 2011 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ ԳԴ1/0013/01/11 որոշման 16-17-րդ կետերը:
11. ՀՀ սահմանադրական դատարանը (այսուհետ` նաև Սահմանադրական դատարան), 2017 թվականի փետրվարի 14-ի թիվ ՍԴՈ-1348 որոշման շրջանակներում` անդրադառնալով արարքի պատժելիությունը վերացնող օրենքը հետադարձությամբ կիրառելու կառուցակարգին, արձանագրել է. «(...) Ելնելով ՀՀ Սահմանադրության 72-րդ հոդվածի անմիջական գործողությունից և վերջինիս` սույն որոշման մեջ բացահայտված բովանդակությամբ կիրառումն ապահովելու համար իրավակիրառ պրակտիկայի շրջանակներում արարքի պատժելիությունը վերացնող օրենքի հետադարձ կիրառումը պատիժ կրող անձանց նկատմամբ անհրաժեշտ է իրականացնել նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայման վերաբերյալ իրավակարգավորումների շրջանակներում` արարքի պատժելիությունը վերացնող օրենքի ուժի մեջ մտնելը դիտարկելով` որպես դատական ակտը վերանայելու համար նոր հանգամանք (...)»(3):
----------------------
3) Տե՛ս ՀՀ սահմանադրական դատարանի` 2017 թվականի փետրվարի 14-ի թիվ ՍԴՈ-1348 որոշման 7-րդ կետը:
Արդյունքում Սահմանադրական դատարանն արձանագրել է. «(...) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.2-րդ հոդվածը և դրա հետ համակարգային առումով փոխկապակցվածության մեջ գտնվող` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.4-րդ հոդվածի 1-ին մասը համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն այնպիսի սահմանադրաիրավական բովանդակությամբ, համաձայն որի` ելնելով ՀՀ Սահմանադրության 72-րդ հոդվածի անմիջական գործողությունից` արարքի պատժելիությունը վերացնող օրենքն ուժի մեջ մտնելն իրավակիրառ պրակտիկայի շրջանակներում պետք է ընկալվի որպես նոր հանգամանք, և օրինական ուժի մեջ մտած դատական ակտը նոր հանգամանքի հիմքով ենթակա է վերանայման ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով (...)»(4):
-----------------------
4) Տե՛ս ՀՀ սահմանադրական դատարանի` 2017 թվականի փետրվարի 14-ի թիվ ՍԴՈ-1348 որոշման եզրափակիչ մասը:
12. Նախորդ կետում մեջբերված Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումների հաշվառմամբ` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ արարքի հանցավորությունը վերացնող, պատիժը մեղմացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենքի ընդունմամբ` նախկինում կայացված և օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը ենթակա են վերանայման ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 49.1-րդ գլխով սահմանված` նոր հանգամանքներով դատական ակտերի վերանայման կանոններով: Այլ կերպ` Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ արարքի հանցավորությունը վերացնող, պատիժը մեղմացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենքը նոր հանգամանք է օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը վերանայելու համար:
13. ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի համաձայն` «1. Իրացնելու նպատակով թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը, առաքելը կամ դրանք ապօրինի իրացնելը`
պատժվում է ազատազրկմամբ` երեքից յոթ տարի ժամկետով:
(...)
3. Սույն հոդվածի առաջին և երկրորդ մասով նախատեսված արարքները, որոնք կատարվել են`
(...)
2) առանձնապես խոշոր չափերով`
պատժվում են ազատազրկմամբ` յոթից տասնհինգ տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա (...)»:
ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի համաձայն` «1. Առանց իրացնելու նպատակի զգալի չափերով թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ առաքելը`
պատժվում է կալանքով` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով»:
2. Նույն արարքները, որոնք կատարվել են`
(...)
2) խոշոր չափերով,
պատժվում են ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով (...)»:
Մինչև «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2017 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ ՀՕ-241-Ն ՀՀ օրենքն ուժի մեջ մտնելը թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի զգալի, խոշոր և առանձնապես խոշոր չափերը սահմանող ՀՀ քրեական օրենսգրքի 1-ին հավելվածում «ափիոն» տեսակի թմրամիջոցի համար որպես խոշոր չափ է սահմանված եղել` 0.5 գրամից մինչև 10.0 գրամը ներառյալ, որպես առանձնապես խոշոր չափ` ավելի քան 10.0 գրամը, «մարիխուանա» տեսակի թմրամիջոցի համար որպես զգալի չափ` 0.5 գրամից մինչև 5.0 գրամը ներառյալ:
Վերոնշյալ օրենքի 4-րդ հոդվածով ՀՀ քրեական օրենսգրքի 1-5-րդ հավելվածներն ուժը կորցրած ճանաչելուց հետո ՀՀ կառավարության` 2018 թվականի հունիսի 27-ի թիվ 707-Ն որոշման 1-ին հավելվածով «ափիոն» տեսակի թմրամիջոցի համար որպես զգալի չափ է սահմանվել 0.5 գրամից մինչև 2.5 գրամը ներառյալ, որպես խոշոր չափ` 2.5 գրամից մինչև 12.5 գրամը ներառյալ, որպես առանձնապես խոշոր չափ` ավելի քան 12.5 գրամը, «մարիխուանա» տեսակի թմրամիջոցի համար որպես մանր չափ` 0.5 գրամից մինչև 2.5 գրամը ներառյալ:
14. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Վլադիմիր Խաչյանը դատապարտվել է`
- ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով` իրացնելու նպատակով ընդհանուր` 200 գրամ «ափիոն» տեսակի թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու, պահելու և իրացնելու համար,
- ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով` 0.45 գրամ «մարիխուանա» տեսակի թմրամիջոց ապօրինի իրացնելու համար,
- ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով` առանց իրացնելու նպատակի, խոշոր չափի` 1.8 գրամ «ափիոն» տեսակի թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու և պահելու համար(5):
------------------
5) Տե՛ս սույն որոշման 5-րդ կետը:
15. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 9-13-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի չափերի վերաբերյալ օրենսդրական փոփոխությունները հիմք չեն Վ. Խաչյանի վերաբերյալ կայացված և օրինական ուժի մեջ մտած դատական ակտերով հաստատված` ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 266-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքների իրավական որակման փոփոխության:
16. Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ թմրամիջոցների չափերի վերաբերյալ օրենսդրական փոփոխությունները հիմք են Վ. Խաչյանի վերաբերյալ կայացված և օրինական ուժի մեջ մտած դատական ակտերով հաստատված` ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված արարքի իրավական որակման փոփոխության:
Մասնավորապես, «ափիոն» տեսակի թմրամիջոցի խոշոր չափի նվազագույն և առավելագույն սահմանների օրենսդրական փոփոխությունների համեմատական ուսումնասիրությունից երևում է, որ դրանց արդյունքում` 1.8 գրամ «ափիոն» տեսակի թմրամիջոցն այսուհետ ոչ թե խոշոր, այլ զգալի չափի է: Ուստի` դատապարտյալ Վ. Խաչյանի արարքը համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասին:
Նման պայմաններում թմրամիջոցի չափերի վերաբերյալ օրենսդրական փոփոխություններին պետք է տալ հետադարձ ուժ և դրանց գործողությունը տարածել մինչև դրանց ուժի մեջ մտնելը Վ. Խաչյանի կողմից կատարված արարքի վրա:
17. Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ սահմանադրական դատարանի` 2017 թվականի փետրվարի 14-ի թիվ ՍԴՈ-1348 որոշման ուժով «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2017 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ ՀՕ-241-Ն ՀՀ օրենքը նոր հանգամանք է դատապարտյալ Վ. Խաչյանի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի` 2013 թվականի սեպտեմբերի 30-ի որոշումը վերանայելու համար:
18. Վերանայման արդյունքում, անհրաժեշտ է բեկանել ու փոփոխել դատապարտյալ Վլադիմիր Խաչյանի վերաբերյալ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2013 թվականի հունիսի 1-ի դատավճիռը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2013 թվականի օգոստոսի 2-ի որոշումը:
Վ. Խաչյանի` ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով որակված արարքը պետք է վերաորակել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով և նրա նկատմամբ պատիժ նշանակել ազատազրկում` 9 (ինը) ամիս ժամկետով` հաշվի առնելով պատժի նշանակման ընդհանուր սկզբունքները, ինչպես նաև գործի նյութերում առկա` Վ. Խաչյանի անձը բնութագրող տվյալները, պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքը: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի կանոնների կիրառմամբ Վ. Խաչյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նշանակված առանց գույքի բռնագրավման` 11 (տասնմեկ) տարի 3 (երեք) ամիս ժամկետով ազատազրկմանը պետք է մասնակիորեն գումարել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով նշանակված 5 (հինգ) տարի 3 (երեք) ամիս ժամկետով ազատազրկումից` 1 (մեկ) տարի ժամկետով ազատազրկումը, ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով նշանակված 9 (ինը) ամիս ժամկետով ազատազրկումից` 3 (երեք) ամիս ժամկետով ազատազրկումը և Վ. Խաչյանի նկատմամբ վերջնական պատիժ նշանակել ազատազրկում` 12 (տասներկու) տարի 6 (վեց) ամիս ժամկետով` առանց գույքի բռնագրավման, պատժի սկիզբը հաշվելով` 2012 թվականի հունվարի 25-ից:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ, 426.1-426.2-րդ, 426.4-րդ, 426.7-րդ և 426.9-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Դատապարտյալ Վլադիմիր Հայկազի Խաչյանի վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի` 2013 թվականի սեպտեմբերի 30-ի որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայել:
2. Դատապարտյալ Վլադիմիր Հայկազի Խաչյանի վերաբերյալ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2013 թվականի հունիսի 1-ի դատավճիռը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2013 թվականի օգոստոսի 2-ի որոշումը բեկանել ու փոփոխել:
3. Վլադիմիր Հայկազի Խաչյանի` ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով որակված արարքը վերաորակել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով և նրա նկատմամբ պատիժ նշանակել ազատազրկում` 9 (ինը) ամիս ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի կանոնների կիրառմամբ Վլադիմիր Հայկազի Խաչյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նշանակված առանց գույքի բռնագրավման` 11 (տասնմեկ) տարի 3 (երեք) ամիս ժամկետով ազատազրկմանը մասնակիորեն գումարել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով նշանակված 5 (հինգ) տարի 3 (երեք) ամիս ժամկետով ազատազրկումից` 1 (մեկ) տարի ժամկետով ազատազրկումը, ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով նշանակված 9 (ինը) ամիս ժամկետով ազատազրկումից` 3 (երեք) ամիս ժամկետով ազատազրկումը և Վլադիմիր Հայկազի Խաչյանի նկատմամբ վերջնական պատիժ նշանակել ազատազրկում` 12 (տասներկու) տարի 6 (վեց) ամիս ժամկետով` առանց գույքի բռնագրավման: Պատժի սկիզբը հաշվել` 2012 թվականի հունվարի 25-ից:
4. Ստորադաս դատարանների դատական ակտերը մնացած մասով թողնել անփոփոխ:
5. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` Լ. Թադևոսյան
Դատավորներ` Հ. Ասատրյան
Ս. Ավետիսյան
Ե. Դանիելյան
Ա. Պողոսյան
Ս. Օհանյան