Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 13-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 13-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԵԿԴ/0164/01/12

ՇԴ/0100/01/11

ԵԱՔԴ/0069/01/09

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` նաև Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ`            Լ. Թադևոսյանի

                   մասնակցությամբ` դատավորներ Հ. Ասատրյանի

                                              Ս. Ավետիսյանի

                                              Ե. Դանիելյանի

                                              Ա. Պողոսյանի

                                              Ս. Օհանյանի

                   քարտուղարությամբ`          Մ. Ավագյանի

 

    2019 թվականի հունիսի 12-ին                            ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով նոր հանգամանքի հիմքով դատապարտյալ Ահարոն Անուշավանի Հակոբյանի վճռաբեկ բողոքները,

 

ՊԱՐԶԵՑ

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2009 թվականի օգոստոսի 28-ի դատավճռով (քրեական գործ թիվ ԵԱՔԴ/0069/01/09) Ահարոն Անուշավանի Հակոբյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ կետերով և դատապարտվել ազատազրկման` 1 տարի ժամկետով, 268-րդ հոդվածի 1-ին մասով` ազատազրկման` 1 տարի ժամկետով, 316-րդ հոդվածի 1-ին մասով` ազատազրկման` 2 տարի ժամկետով, 355-րդ հոդվածի 1-ին մասով` ազատազրկման` 2 տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 66-67-րդ հոդվածների կիրառմամբ Ա. Հակոբյանի նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում` 13 տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի կարգով` Ա. Հակոբյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում` 12 տարի 7 ամիս 4 օր ժամկետով:

2. Ա. Հակոբյանի և մեղադրողի վերաքննիչ բողոքների քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը 2009 թվականի հոկտեմբերի 9-ին որոշում է կայացրել Ա. Հակոբյանի բողոքը մերժելու, մեղադրողի բողոքը բավարարելու, Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2009 թվականի օգոստոսի 28-ի դատավճիռը` բեկանելու և պատժի մասով փոփոխելու մասին: Ա. Հակոբյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ կետերով և դատապարտվել ազատազրկման` 1 տարի ժամկետով, 268-րդ հոդվածի 1-ին մասով` ազատազրկման` 1 տարի ժամկետով, 316-րդ հոդվածի 1-ին մասով` ազատազրկման` 2 տարի ժամկետով, 355-րդ հոդվածի 1-ին մասով` ազատազրկման` 2 տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի կիրառմամբ Ա. Հակոբյանի նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում` 4 տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 67-րդ հոդվածի կարգով` նշանակված պատժին գումարվել է նախորդ` Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2007 թվականի հունիսի 19-ի դատավճռով նշանակված պատիժը` 10 տարի ժամկետով ազատազրկումը, և Ա. Հակոբյանը դատապարտվել է ազատազրկման` 14 տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի կիրառմամբ` Ա. Հակոբյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում` 13 տարի 7 ամիս 2 օր ժամկետով:

3. Նշված որոշման դեմ Ա. Հակոբյանի վճռաբեկ բողոքը Վճռաբեկ դատարանի` 2009 թվականի նոյեմբերի 17-ի որոշմամբ վերադարձվել է:

4. Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2011 թվականի հուլիսի 15-ի դատավճռով (քրեական գործ թիվ ՇԴ/0100/01/11) Ա.Հակոբյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-268-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտվել ազատազրկման` 6 ամիս ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 67-րդ հոդվածի կանոններով` նշանակված պատժին մասնակիորեն գումարվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2009 թվականի հոկտեմբերի 9-ի որոշմամբ նշանակված պատժի չկրած մասից 11 տարի ժամկետով ազատազրկումը, և վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում` 11 տարի 6 ամիս ժամկետով:

5. Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2013 թվականի փետրվարի 14-ի դատավճռով (քրեական գործ թիվ ԵԿԴ/0164/01/12) Ա. Հակոբյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 319-րդ հոդվածի 2-րդ մասով և դատապարտվել ազատազրկման` 4 տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 67-րդ հոդվածի կարգով` նշանակված պատժին մասնակիորեն գումարվել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2011 թվականի հուլիսի 15-ի դատավճռով նշանակված պատժի չկրած մասից 8 տարի ժամկետով ազատազրկումը և վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում` 12 տարի ժամկետով:

Պատժի սկիզբը հաշվվել է 2013 թվականի փետրվարի 14-ից:

6. 2018 թվականի նոյեմբերի 14-ին դատապարտյալ Ա. Հակոբյանի կողմից բերված վճռաբեկ բողոքի հիման վրա Վճռաբեկ դատարանը 2019 թվականի փետրվարի 18-ի որոշմամբ նոր հանգամանքի հիմքով հարուցել է դատական ակտերի վերանայման վարույթ և բողոքն ընդունել է վարույթ:

7. 2019 թվականի մարտի 11-ին դատապարտյալ Ա. Հակոբյանի` նոր հանգամանքի հիմքով բերված վճռաբեկ բողոքը Վճռաբեկ դատարանը 2019 թվականի հունիսի 3-ի որոշմամբ ընդունել է վարույթ: Միաժամանակ որոշվել է ներկայացված բողոքը քննության առնել Վճռաբեկ դատարանի` 2019 թվականի փետրվարի 18-ի որոշմամբ նոր հանգամանքի հիմքով հարուցված դատական ակտերի վերանայման վարույթի շրջանակներում:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքների պատասխաններ չեն ներկայացվել:

 

Վճռաբեկ բողոքների քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

8. Ա. Հակոբյանը թիվ ԵԱՔԴ/0069/01/09 քրեական գործով ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով դատապարտվել է այն բանի համար, որ «(...) նա կանեփի թփեր հավաքելով ապօրինաբար ձեռք է բերել, պատրաստել, իր մոտ պահել է մարիխուանա տեսակի 0.7 գրամ քաշով չորացված թմրամիջոց (...)»(1):

 

---------------------

1) Տե՛ս թիվ ԵԱՔԴ/0069/01/09 քրեական գործ, հատոր 7-րդ, թերթեր 113-115:

 

8.1 Ա. Հակոբյանը թիվ ՇԴ/0100/01/11 քրեական գործով ՀՀ քրեական օրենսգրքի 34-268-րդ հոդվածի 1-ին մասով դատապարտվել է այն բանի համար, որ «(...) նա անհայտ անձից առանց իրացնելու նպատակի, փորձել է ապօրինի ձեռք բերել 0.0146 գրամ զգալի չափի «բուպրենորֆին» տեսակի թմրամիջոց (...)»(2):

 

--------------------

2) Տե՛ս թիվ ՇԴ/0100/01/11 քրեական գործ, հատոր 2-րդ, թերթեր 38-39:

 

Վճռաբեկ բողոքների հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքները քննվում են հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոշարադրյալ հիմնավորումներով.

9. Բողոք բերած անձը, հղում կատարելով թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի չափերի վերաբերյալ օրենսդրական փոփոխություններին, ինչպես նաև վկայակոչելով ՀՀ Սահմանադրության 73-րդ հոդվածը և ՀՀ քրեական օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին մասը, փաստարկել է, որ նշված փոփոխություններով բարելավվել է իր վիճակը, հետևաբար դրանք ենթակա են կիրառման իր նկատմամբ:

10. Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը խնդրել է իր վերաբերյալ կայացված դատական ակտերով հաստատված արարքները համապատասխանեցնել «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2017 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ ՀՕ-241-Ն ՀՀ օրենքին և փոփոխել իր նկատմամբ նշանակված վերջնական պատիժը կամ ազատել հետագա պատիժը կրելուց` արարքի ապաքրեականացման հիմքով:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

11. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. արդյո՞ք ՀՀ սահմանադրական դատարանի` 2017 թվականի փետրվարի 14-ի թիվ ՍԴՈ-1348 որոշման ուժով «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2017 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ ՀՕ-241-Ն ՀՀ օրենքը նոր հանգամանք է դատապարտյալ Ահարոն Հակոբյանի վերաբերյալ դատական ակտերը վերանայելու համար:

12. ՀՀ Սահմանադրության 72-րդ հոդվածի համաձայն` «(...) Արարքի պատժելիությունը վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենքն ունի հետադարձ ուժ»:

ՀՀ քրեական օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Արարքի հանցավորությունը վերացնող, պատիժը մեղմացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենքը հետադարձ ուժ ունի, այսինքն` տարածվում է մինչև այդ օրենքն ուժի մեջ մտնելը համապատասխան արարք կատարած անձանց, այդ թվում` այն անձանց վրա, ովքեր կրում են պատիժը կամ կրել են դա, սակայն ունեն դատվածություն»:

13. Քրեական օրենքը հետադարձ ուժով կիրառելու նորմերի համակարգային վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը մշտապես ընդգծել է, որ «չկա հանցագործություն և պատիժ, եթե այն սահմանված չէ օրենքով» (nullum crimen, nulla poena sine lege) կանոնը համընդհանուր ճանաչում ստացած հիմնարար սկզբունք է և իրավունքի գերակայության կարևորագույն տարր: Այն բացառիկ նշանակություն ունի մարդու իրավունքների պաշտպանության համակարգում, հետևաբար նշված սկզբունքից շեղումը բացարձակապես անթույլատրելի է: Դրա հետ մեկտեղ ժամանակի ընթացքում քրեական օրենքի գործողության ընդհանուր կանոնն ունի նաև բացառություն: Մասնավորապես, քրեական օրենքի հետադարձության կանոնը սկսում է գործել այն դեպքերում, երբ նոր օրենքը կա՛մ վերացնում է արարքի հանցավորությունը (ապաքրեականացում), կա՛մ մեղմացնում է պատիժը, կա՛մ այլ կերպ բարելավում է հանցանք կատարած անձի վիճակը: Թվարկված պայմաններն ունեն իմպերատիվ բնույթ, և նոր օրենքն ուժի մեջ մտնելուց հետո դրանցից առնվազն մեկի առկայության պարագայում նոր օրենքի գործողությունը տարածվում է մինչև այն ուժի մեջ մտնելը համապատասխան արարք կատարած անձանց, այդ թվում` այն անձանց վրա, ովքեր կրում են պատիժը կամ կրել են այն, սակայն ունեն դատվածություն(3):

 

------------------------

3) Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Գասպար Պողոսյանի գործով 2011 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ ԳԴ1/0013/01/11 որոշման 16-17-րդ կետերը:

 

14. ՀՀ սահմանադրական դատարանը (այսուհետ` նաև Սահմանադրական դատարան), 2017 թվականի փետրվարի 14-ի թիվ ՍԴՈ-1348 որոշման շրջանակներում` անդրադառնալով արարքի պատժելիությունը վերացնող օրենքը հետադարձությամբ կիրառելու կառուցակարգին, արձանագրել է. «(...) Ելնելով ՀՀ Սահմանադրության 72-րդ հոդվածի անմիջական գործողությունից և վերջինիս` սույն որոշման մեջ բացահայտված բովանդակությամբ կիրառումն ապահովելու համար իրավակիրառ պրակտիկայի շրջանակներում արարքի պատժելիությունը վերացնող օրենքի հետադարձ կիրառումը պատիժ կրող անձանց նկատմամբ անհրաժեշտ է իրականացնել նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայման վերաբերյալ իրավակարգավորումների շրջանակներում` արարքի պատժելիությունը վերացնող օրենքի ուժի մեջ մտնելը դիտարկելով որպես դատական ակտը վերանայելու համար նոր հանգամանք (...)»(4):

 

-----------------------

4) Տե՛ս ՀՀ սահմանադրական դատարանի` 2017 թվականի փետրվարի 14-ի թիվ ՍԴՈ-1348 որոշման 7-րդ կետը:

 

Արդյունքում Սահմանադրական դատարանն արձանագրել է. «(...) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.2-րդ հոդվածը և դրա հետ համակարգային առումով փոխկապակցվածության մեջ գտնվող` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.4-րդ հոդվածի 1-ին մասը համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն այնպիսի սահմանադրաիրավական բովանդակությամբ, համաձայն որի` ելնելով ՀՀ Սահմանադրության 72-րդ հոդվածի անմիջական գործողությունից` արարքի պատժելիությունը վերացնող օրենքն ուժի մեջ մտնելն իրավակիրառ պրակտիկայի շրջանակներում պետք է ընկալվի որպես նոր հանգամանք, և օրինական ուժի մեջ մտած դատական ակտը նոր հանգամանքի հիմքով ենթակա է վերանայման ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով (...)»(5):

 

-----------------

5) Տե՛ս ՀՀ սահմանադրական դատարանի` 2017 թվականի փետրվարի 14-ի թիվ ՍԴՈ-1348 որոշման եզրափակիչ մասը:

 

15. Նախորդ կետում մեջբերված Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումների հաշվառմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ արարքի հանցավորությունը վերացնող, պատիժը մեղմացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենքի ընդունմամբ նախկինում կայացված և օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը ենթակա են վերանայման ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 49.1-րդ գլխով սահմանված` նոր հանգամանքներով դատական ակտերի վերանայման կանոններով: Այլ կերպ` Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ արարքի հանցավորությունը վերացնող, պատիժը մեղմացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենքը նոր հանգամանք է օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը վերանայելու համար:

16. ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Առանց իրացնելու նպատակի զգալի չափերով թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ առաքելը`

պատժվում է կալանքով` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով»:

Մինչև «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2017 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ ՀՕ-241-Ն ՀՀ օրենքն ուժի մեջ մտնելը թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի զգալի, խոշոր և առանձնապես խոշոր չափերը սահմանող ՀՀ քրեական օրենսգրքի 1-ին հավելվածում «մարիխուանա» տեսակի թմրամիջոցի համար որպես զգալի չափ է սահմանված եղել 0.5 գրամից մինչև 5.0 գրամը ներառյալ, «բուպրենորֆին» տեսակի թմրամիջոցի համար որպես զգալի չափ` 0.002 գրամից մինչև 0.02 գրամը ներառյալ:

Վերոնշյալ օրենքի 4-րդ հոդվածով ՀՀ քրեական օրենսգրքի 1-5-րդ հավելվածներն ուժը կորցրած ճանաչելուց հետո ՀՀ կառավարության` 2018 թվականի հունիսի 27-ի թիվ 707-Ն որոշման 1-ին հավելվածով «մարիխուանա» տեսակի թմրամիջոցի համար որպես մանր չափ է սահմանվել 0.5 գրամից մինչև 2.5 գրամը ներառյալ, իսկ որպես զգալի չափ` 2.5 գրամից մինչև 12.5 գրամը ներառյալ: Միևնույն ժամանակ, «բուպրենորֆին» տեսակի թմրամիջոցի համար որպես զգալի չափ է սահմանվել 0.001 գրամից մինչև 0.005 գրամը ներառյալ, որպես խոշոր չափ` 0.005 գրամից մինչև 0.025 գրամը ներառյալ:

17. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Ա. Հակոբյանը դատապարտվել է`

- ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով` առանց իրացնելու նպատակի զգալի չափի` 0.7 գրամ «մարիխուանա» տեսակի թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու, պատրաստելու և պահելու համար(6),

 

---------------------

6) Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը:

 

- ՀՀ քրեական օրենսգրքի 34-268-րդ հոդվածի 1-ին մասով` առանց իրացնելու նպատակի զգալի չափի` 0.0146 գրամ «բուպրենորֆին» տեսակի թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու փորձի համար(7):

 

----------------------

7) Տե՛ս սույն որոշման 8.1-րդ կետը:

 

18. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 12-16-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ թմրամիջոցների չափերի վերաբերյալ օրենսդրական փոփոխությունները ՀՀ քրեական օրենսգրքի 34-268-րդ հոդվածի 1-ին մասով չեն բարելավում Ա. Հակոբյանի վիճակը, ուստի դրանք հիմք չեն Ա.Հակոբյանի վերաբերյալ կայացված և օրինական ուժի մեջ մտած դատական ակտերով հաստատված` ՀՀ քրեական օրենսգրքի 34-268-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքի իրավական որակման փոփոխության:

19. Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ թմրամիջոցների չափերի վերաբերյալ օրենսդրական փոփոխությունները վերացնում են Ա. Հակոբյանի` ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքի հանցավորությունը:

Մասնավորապես, «մարիխուանա» տեսակի թմրամիջոցի զգալի չափի նվազագույն և առավելագույն սահմանների օրենսդրական փոփոխությունների համեմատական ուսումնասիրությունից երևում է, որ դրանց արդյունքում 0.7 գրամ «մարիխուանա» տեսակի թմրամիջոցն այսուհետ ոչ թե զգալի, այլ մանր չափի է: Այսինքն` ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում Ա. Հակոբյանին պետք է արդարացնել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով, այն է` արարքում հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:

Նման պայմաններում թմրամիջոցների չափերի վերաբերյալ օրենսդրական փոփոխություններին պետք է տալ հետադարձ ուժ և դրանց գործողությունը տարածել մինչև դրանց ուժի մեջ մտնելը Ա. Հակոբյանի կողմից կատարված արարքի վրա:

20. Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Սահմանադրական դատարանի` 2017 թվականի փետրվարի 14-ի թիվ ՍԴՈ-1348 որոշման ուժով «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2017 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ ՀՕ-241-Ն ՀՀ օրենքը նոր հանգամանք է դատապարտյալ Ահարոն Հակոբյանի վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի` 2009 թվականի նոյեմբերի 17-ի որոշումը, Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2011 թվականի հուլիսի 15-ի դատավճիռը և Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2013 թվականի փետրվարի 14-ի դատավճիռը վերանայելու համար:

21. Վերանայման արդյունքում անհրաժեշտ է բեկանել ու փոփոխել դատապարտյալ Ա. Հակոբյանի վերաբերյալ Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2009 թվականի օգոստոսի 28-ի դատավճիռը և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2009 թվականի հոկտեմբերի 9-ի որոշումը:

Ա. Հակոբյանին ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում պետք է արդարացնել` հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ: Ա. Հակոբյանի նկատմամբ նշանակված 4 (չորս) տարի ժամկետով ազատազրկման ժամկետից պետք է հանել 6 (վեց) ամիս ժամկետով ազատազրկումը և պատիժ նշանակել ազատազրկում` 3 (երեք) տարի 6 (վեց) ամիս ժամկետով: Նշանակված պատժին ՀՀ քրեական օրենսգրքի 67-րդ հոդվածի կանոնների կիրառմամբ պետք է լրիվ գումարել Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2007 թվականի հունիսի 19-ի դատավճռով նշանակված պատիժը` 10 (տասը) տարի ժամկետով ազատազրկումը, և Ա. Հակոբյանի նկատմամբ վերջնական պատիժ նշանակել ազատազրկում` 13 (տասներեք) տարի 6 (վեց) ամիս ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի կանոններով նշանակված պատժին պետք է հաշվակցել Ա. Հակոբյանի` կալանքի տակ գտնվելու 4 (չորս) ամիս 28 (քսանութ) օր ժամկետը և թողնել կրելու ազատազրկում` 13 (տասներեք) տարի 1 (մեկ) ամիս 2 (երկու) օր ժամկետով:

Միևնույն ժամանակ, դատապարտյալ Ա. Հակոբյանի վերաբերյալ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2011 թվականի հուլիսի 15-ի դատավճիռը պետք է բեկանել և փոփոխել: ՀՀ քրեական օրենսգրքի 67-րդ հոդվածի կանոնների կիրառմամբ Ա. Հակոբյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 34-268-րդ հոդվածի 1-ին մասով նշանակված 6 (վեց) ամիս ժամկետով ազատազրկմանը պետք է մասնակիորեն գումարել 13 (տասներեք) տարի 1 (մեկ) ամիս 2 (երկու) օր ազատազրկման` 2011 թվականի հուլիսի 15-ի դրությամբ չկրած մասից` 10 (տասը) տարի 5 (հինգ) ամիս 18 (տասնութ) օր ժամկետով ազատազրկումից 10 (տասը) տարի 3 (երեք) ամիս ժամկետով ազատազրկումը և վերջնական պատիժ նշանակել` ազատազրկում` 10 (տասը) տարի 9 (ինը) ամիս ժամկետով:

Բացի այդ, անհրաժեշտ է բեկանել ու փոփոխել դատապարտյալ Ա. Հակոբյանի վերաբերյալ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2013 թվականի փետրվարի 14-ի դատավճիռը: ՀՀ քրեական օրենսգրքի 67-րդ հոդվածի կանոնների կիրառմամբ Ա. Հակոբյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 319-րդ հոդվածի 2-րդ մասով նշանակված պատժին` 4 (չորս) տարի ժամկետով ազատազրկմանը, պետք է մասնակիորեն գումարել 10 (տասը) տարի 9 (ինը) ամիս ժամկետով ազատազրկման 2013 թվականի փետրվարի 14-ի դրությամբ չկրած մասից` 8 (ութ) տարի 11 (տասնմեկ) ամիս 20 (քսան) օր ազատազրկումից 7 (յոթ) տարի 6 (վեց) ամիս ժամկետով ազատազրկումը և վերջնական պատիժ նշանակել` ազատազրկում` 11 (տասնմեկ) տարի 6 (վեց) ամիս ժամկետով:

Պատժի սկիզբը պետք է հաշվել 2013 թվականի փետրվարի 14-ից:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 35-րդ, 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ, 426.1-րդ, 426.2-րդ, 426.4-րդ, 426.7-րդ և 426.9-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքները բավարարել: Դատապարտյալ Ահարոն Անուշավանի Հակոբյանի վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի` 2009 թվականի նոյեմբերի 17-ի որոշումը, Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2011 թվականի հուլիսի 15-ի դատավճիռը և Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2013 թվականի փետրվարի 14-ի դատավճիռը նոր հանգամանքի հիմքով վերանայել:

2. Դատապարտյալ Ահարոն Անուշավանի Հակոբյանի վերաբերյալ Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2009 թվականի օգոստոսի 28-ի դատավճիռը և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2009 թվականի հոկտեմբերի 9-ի որոշումը բեկանել ու փոփոխել:

Ահարոն Անուշավանի Հակոբյանին ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում արդարացնել` հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ: Ահարոն Անուշավանի Հակոբյանի նկատմամբ նշանակված 4 (չորս) տարի ժամկետով ազատազրկման ժամկետից հանել 6 (վեց) ամիս ժամկետով ազատազրկումը և պատիժ նշանակել ազատազրկում` 3 (երեք) տարի 6 (վեց) ամիս ժամկետով: Նշանակված պատժին ՀՀ քրեական օրենսգրքի 67-րդ հոդվածի կանոնների կիրառմամբ լրիվ գումարել Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2007 թվականի հունիսի 19-ի դատավճռով նշանակված պատիժը` 10 (տասը) տարի ժամկետով ազատազրկումը, և Ա. Հակոբյանի նկատմամբ վերջնական պատիժ նշանակել ազատազրկում` 13 (տասներեք) տարի 6 (վեց) ամիս ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի կանոններով նշանակված պատժին հաշվակցել Ա. Հակոբյանի` կալանքի տակ գտնվելու 4 (չորս) ամիս 28 (քսանութ) օր ժամկետը և թողնել կրելու ազատազրկում` 13 (տասներեք) տարի 1 (մեկ) ամիս 2 (երկու) օր ժամկետով:

3. Ահարոն Անուշավանի Հակոբյանի վերաբերյալ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2011 թվականի հուլիսի 15-ի դատավճիռը բեկանել ու փոփոխել:

ՀՀ քրեական օրենսգրքի 67-րդ հոդվածի կանոնների կիրառմամբ Ահարոն Հակոբյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 34-268-րդ հոդվածի 1-ին մասով նշանակված 6 (վեց) ամիս ժամկետով ազատազրկմանը մասնակիորեն գումարել 13 (տասներեք) տարի 1 (մեկ) ամիս 2 (երկու) օր ազատազրկման` 2011 թվականի հուլիսի 15-ի դրությամբ չկրած մասից` 10 (տասը) տարի 5 (հինգ) ամիս 18 (տասնութ) օր ժամկետով ազատազրկումից 10 (տասը) տարի 3 (երեք) ամիս ժամկետով ազատազրկումը և վերջնական պատիժ նշանակել` ազատազրկում` 10 (տասը) տարի 9 (ինը) ամիս ժամկետով:

4. Ահարոն Անուշավանի Հակոբյանի վերաբերյալ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2013 թվականի փետրվարի 14-ի դատավճիռը բեկանել ու փոփոխել:

ՀՀ քրեական օրենսգրքի 67-րդ հոդվածի կանոնների կիրառմամբ Ահարոն Հակոբյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 319-րդ հոդվածի 2-րդ մասով նշանակված պատժին` 4 (չորս) տարի ժամկետով ազատազրկմանը, մասնակիորեն գումարել 10 (տասը) տարի 9 (ինը) ամիս ժամկետով ազատազրկման 2013 թվականի փետրվարի 14-ի դրությամբ չկրած մասից` 8 (ութ) տարի 11 (տասնմեկ) ամիս 20 (քսան) օր ազատազրկումից 7 (յոթ) տարի 6 (վեց) ամիս ժամկետով ազատազրկումը և վերջնական պատիժ նշանակել ազատազրկում` 11 (տասնմեկ) տարի 6 (վեց) ամիս ժամկետով:

Պատժի սկիզբը հաշվել 2013 թվականի փետրվարի 14-ից:

5. Ստորադաս դատարանների դատական ակտերը մնացած մասով թողնել անփոփոխ:

6. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Լ. Թադևոսյան

Դատավորներ` Հ. Ասատրյան

Ս. Ավետիսյան

Ե. Դանիելյան

Ա. Պողոսյան

Ս. Օհանյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
12.06.2019
N ԵԿԴ/0164/01/12
Որոշում