ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության ԱՐԴ/0175/01/13
վերաքննիչ քրեական դատարանի որոշում
Գործ թիվ ԱՐԴ/0175/01/13
Նախագահող դատավոր` Մ. Պետրոսյան
Դատավորներ` Ս. Համբարձումյան
Գ. Մելիք-Սարգսյան
ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ` Լ. Թադևոսյանի
մասնակցությամբ` դատավորներ Հ. Ասատրյանի
Ս. Ավետիսյանի
Ե. Դանիելյանի
Ա. Պողոսյանի
Ս. Օհանյանի
քարտուղարությամբ` Մ. Ավագյանի
մասնակցությամբ` դատախազ Ա. Նաղդալյանի
պաշտպան Հ. Գալստյանի
2019 թվականի փետրվարի 7-ին ք. Երևանում
դռնբաց դատական նիստում, քննության առնելով դատապարտյալ Ռազմիկ Հրաչի Խաչատրյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2015 թվականի նոյեմբերի 6-ի որոշման դեմ դատապարտյալ Ռ.Խաչատրյանի պաշտպան Հ.Գալստյանի` հիմնարար խախտման հիմքով ներկայացված բողոքը,
ՊԱՐԶԵՑ
Գործի դատավարական նախապատմությունը.
1. Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան)` 2015 թվականի հուլիսի 8-ի դատավճռով Ռազմիկ Խաչատրյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով, 333-րդ հոդվածի 1-ին մասով: ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով Ռ.Խաչատրյանը դատապարտվել է ազատազրկման` 4 (չորս) տարի ժամկետով, 333-րդ հոդվածի 1-ին մասով` ազատազրկման` 3 (երեք) ամիս ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի կիրառմամբ` Ռ.Խաչատրյանի նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում` 4 (չորս) տարի 2 (երկու) ամիս ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կարգով նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել, և սահմանվել է փորձաշրջան` 3 (երեք) տարի ժամկետով:
2. Դատախազի և պաշտպանի վերաքննիչ բողոքների հիման վրա քննության առնելով քրեական գործը` ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2015 թվականի նոյեմբերի 6-ին որոշում է կայացրել պաշտպանի բողոքը մերժելու և դատախազի բողոքը բավարարելու մասին: Վերաքննիչ դատարանն Առաջին ատյանի դատարանի` 2015 թվականի հուլիսի 8-ի դատավճիռը բեկանել է, Ռ.Խաչատրյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելը վերացրել` թողնելով կրելու ազատազրկում` 4 (չորս) տարի 2 (երկու) ամիս ժամկետով:
3. Վճռաբեկ դատարանի` 2016 թվականի մարտի 9-ի որոշմամբ պաշտպանի ներկայացրած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է:
4. 2018 թվականի դեկտեմբերի 14-ին Ռ.Խաչատրյանի պաշտպան Հ.Գալստյանը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածի 6-րդ մասի հիմքով բողոք է բերել Վճռաբեկ դատարան:
Վճռաբեկ դատարանի` 2019 թվականի հունվարի 31-ի որոշմամբ պաշտպան Հ.Գալստյանի վճռաբեկ բողոքն ընդունվել է Վճռաբեկ դատարանի վարույթ:
Դատավարության մասնակիցները վճռաբեկ բողոքի պատասխան չեն ներկայացրել:
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.
5. Ռ.Խաչատրյանը ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով և 333-րդ հոդվածի 1-ին մասով մեղավոր է ճանաչվել այն բանի համար, որ նա «(...) Որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դիտավորությամբ 2013 թվականի մայիսի 22-ին` ժամը 3-ի սահմաններում, ալկոհոլային խմիչքի ազդեցության տակ, Արմավիր քաղաքի «Ցեզար» գիշերային ակումբի պարասրահում, քաշքշելով պարահարթակում պարող պարուհիների ձեռքերից ու հագուստներից և չենթարկվելով անվտանգության աշխատակիցների ու տնօրենի օրինական պահանջներին, անհիմն վիճաբանության մեջ է մտել վերջիններիս հետ, որի ընթացքում ակումբի աշխատակիցների հասցեին տալով սեռական բնույթի հայհոյանքներ ու շուրջ 20 րոպե շարունակ խախտելով ակումբի բնականոն աշխատանքն ու հաճախորդների ժամանցը, խուլիգանական մղումներով կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, որն արտահայտվել է ակումբի տնօրեն Ա.Գևորգյանի, անվտանգության աշխատակիցներ Ա.Դավթյանի ու Մ.Սարիբեկյանի նկատմամբ բռնություն գործադրելով և բռնություն գործադրելու սպառնալիքներով, մասնավորապես կծել է Ա.Գևորգյանի վիզը` պատճառելով առողջությանը թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ, գլխով հարվածել է անվտանգության աշխատակից Ա.Դավթյանի ծնոտին` պատճառելով ֆիզիկական ցավ: Ռ.Խաչատրյանի գործողությունները զուգորդվել են նաև ակումբի գույքը ոչնչացնելով և վնասելով, այն է` կոտրել է սրահում դրված մոխրամանն ու ձեռքի հարվածով վնասել միջանցքի պատի երեսպատվածքը, որպես զենք օգտագործվող առարկաներով փորձել է հարվածել` ապակյա մոխրամանով Ա.Գևորգյանին, մետաղյա մոխրամանով` Մ.Սարիբեկյանին:
Բացի այդ, Ռ.Խաչատրյանը, թիվ 48110313 քրեական գործի նախաքննության ընթացքում գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկություններն ակնհայտ կեղծ են և չեն համապատասխանում իրականությանը, կատարել է սուտ մատնություն և որպես մեղադրյալ տված ցուցմունքներով հաղորդել է հանցագործությանն ակնհայտորեն առնչություն չունեցող, ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արմավիրի մարզի քննչական բաժնի ավագ քննիչ Գոռ Գևորգյանի կողմից 2013 թվականի մայիսի 22-ին` ժամը 3-ի սահմաններում, «Ցեզար» գիշերային ակումբում տեղի ունեցած դեպքին մասնակցելու, իրեն ծեծի ենթարկելու, այսինքն` հանցագործություն կատարելու մասին»(1):
___________________
1) Տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթեր 205-220:
6. Ռ.Խաչատրյանը ենթադրյալ հանցագործության և հանցավորի մասին կեղծ տեղեկությունները վարույթն իրականացնող մարմնին հայտնել է 2013 թվականի օգոստոսի 22-ին(2):
___________________
2) Տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթեր 262-263:
7. Վերաքննիչ դատարանի որոշման համաձայն` «(...) Վերաքննիչ դատարանը հանգում է այն հետևության, որ ամբաստանյալ Ռ.Խաչատրյանին ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով և 333-րդ հոդվածի 1-ին մասով մեղսագրված արարքները հիմնավորված և հաստատված են գործին վերաբերվող փոխկապակցված, հավաստի ապացույցների բավարար ամբողջությամբ (...)»(3):
___________________
3) Տե՛ս քրեական գործ, հատոր 5-րդ, թերթեր 88-103:
Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
8. Բողոքի հեղինակը գտել է, որ քրեական գործի նախորդ դատական քննության ընթացքում Վերաքննիչ դատարանը թույլ է տվել նյութական և դատավարական իրավունքի նորմերի այնպիսի հիմնարար խախտումներ, որոնք խաթարել են արդարադատության բուն էությունը:
Մասնավորապես բողոքաբերը վերլուծել է վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով քրեական պատասխանատվությունից ազատելու վերաբերյալ օրենսդրական նորմերը, ինչպես նաև այդ կապակցությամբ Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումներն ու եզրահանգել, որ Ռ.Խաչատրյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը ենթակա էր դադարեցման` վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով, քանի որ 2015 թվականի օգոստոսի 19-ի դրությամբ Առաջին ատյանի դատավճիռը դեռևս չէր մտել օրինական ուժի մեջ:
9. Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը խնդրել է բեկանել և փոփոխել Վերաքննիչ դատարանի` 2015 թվականի նոյեմբերի 6-ի որոշումը, այն է` ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը դադարեցնել` վաղեմության ժամկետն անցնելու հիմքով, կիրառել համաներման ակտն ու Ռ.Խաչատրյանին ազատել պատիժը կրելուց:
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
10. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. Ռ.Խաչատրյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը ենթակա՞ է արդյոք դադարեցման` քրեական պատասխանատվության ենթարկվելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով:
11. ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Հանցագործության մասին սուտ մատնությունը, եթե անձը գործել է` գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է`
պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով»:
ՀՀ քրեական օրենսգրքի 19-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Ոչ մեծ ծանրության հանցագործություններ են համարվում դիտավորությամբ կատարված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում երկու տարի ժամկետով ազատազրկումը (...)»:
ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի համաձայն` «1. Անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտված համարելու օրվանից անցել են հետևյալ ժամկետները.
1) երկու տարի` ոչ մեծ ծանրության հանցանքն ավարտված համարելու օրվանից.
(...)
2. Վաղեմության ժամկետը հաշվարկվում է հանցանքն ավարտված համարելու օրվանից մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելու պահը (...)»:
Վերոնշյալ քրեաիրավական նորմերի վերլուծությունից հետևում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասում նկարագրված արարքը դիտավորյալ հանցագործություն է, իսկ հոդվածի սանկցիայով նախատեսված ազատազրկման ձևով պատժի ժամկետը չի գերազանցում երկու տարին, ուստի քննարկվող հանցավոր արարքը դասվում է ոչ մեծ ծանրության հանցագործությունների թվին: Հետևաբար այն կատարած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտված համարելու օրվանից մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելու պահն անցել է երկու տարի:
ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված նորմի վերլուծությունից հետևում է, որ դրանով նախատեսված հանցակազմը ձևական է. այդ հանցագործությունը համարվում է ավարտված հոդվածի դիսպոզիցիայում նշված գործողությունները կատարելու պահից: Մասնավորապես, այն ավարտված է համարվում այն պահից, երբ հասցեատերը ստանում է հանցագործության կամ հանցավորի մասին կեղծ տեղեկությունները(4):
___________________
4) Տե՛ս Հեղինե Գալստյանի վերաբերյալ գործով Վճռաբեկ դատարանի` 2015 թվականի հունիսի 5-ի թիվ ԼԴ/0051/01/14 որոշման 23-րդ կետը:
12. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի համաձայն` «1. Քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե`
(...)
6) անցել են վաղեմության ժամկետները.
(...)»:
Նույն օրենսգրքի 35-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` «Դատարանը, հայտնաբերելով քրեական հետապնդումը բացառող հանգամանքներ, լուծում է ամբաստանյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու հարցը»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` «Սույն հոդվածի առաջին մասի 6-րդ կետում նշված հիմքով գործի վարույթի կարճում և քրեական հետապնդման դադարեցում չի թույլատրվում, եթե դրա դեմ առարկում է մեղադրյալը: Այս դեպքում գործի վարույթը շարունակվում է սովորական կարգով»:
Վերոգրյալ հոդվածի վերլուծությունից երևում է, որ օրենսդիրը վաղեմության ժամկետն անցնելը դիտում է որպես քրեական գործի վարույթը և քրեական հետապնդումը բացառող հանգամանք` սահմանելով, որ քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե անցել են վաղեմության ժամկետները: Միևնույն ժամանակ քրեադատավարական օրենքը վաղեմության ժամկետն անցնելու հիմքով քրեական պատասխանատվությունից ազատելու պարտադիր նախապայման է դիտում մեղադրյալի համաձայնությունը, որի բացակայությունը ենթադրում է վարույթի շարունակում ընդհանուր կարգով(5):
___________________
5) Տե՛ս mutatis mutandis Լուսինե Նավասարդյանի վերաբերյալ գործով Վճռաբեկ դատարանի` 2015 թվականի օգոստոսի 28-ի թիվ ԵՄԴ/0064/01/13 որոշումը:
Դատական քննության փուլում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածով սահմանված հիմքերի կիրառման առնչությամբ Վճռաբեկ դատարանը մշտապես ընդգծել է, որ այն դեպքում, երբ անձին քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը լրանում է գործի դատական քննության փուլում, այդ հիմքով նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու ընթացակարգի իրականացման պարտականությունը կրում է դատարանը: Ընդ որում, դատական քննությունը ենթադրում է վարույթն ինչպես առաջին ատյանի, այնպես էլ վերաքննիչ ու վճռաբեկ դատարաններում:
Մասնավորապես, դատարանը պետք է պարզի, թե արդյոք ամբաստանյալը համաձայն է, որ նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվի քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով: Անձի համաձայնությունը ստանալու դեպքում դատարանը պարտավոր է դադարեցնել նրա նկատմամբ քրեական հետապնդումը, իսկ համաձայնության բացակայության դեպքում պետք է դատական քննությունը շարունակի ընդհանուր կարգով, սակայն դատավճիռ կայացնելիս` դադարեցնի անձի նկատմամբ քրեական հետապնդումը(6):
___________________
6) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի և 6-րդ մասի մանրամասն վերլուծությունը տե՛ս mutatis mutandis Անահիտ Սաղաթելյանի վերաբերյալ գործով Վճռաբեկ դատարանի` 2011 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ ԳԴ5/0022/01/10, Սիրաժ Ղամբարյանի և այլոց վերաբերյալ գործով Վճռաբեկ դատարանի` 2014 թվականի մարտի 28-ի թիվ ԵՇԴ/0055/01/11, Հրանտ Մազմանյանի վերաբերյալ գործով Վճռաբեկ դատարանի` 2015 թվականի մարտի 27-ի թիվ ԵԿԴ/0121/11/14 և Անդրանիկ Գրիգորյանի վերաբերյալ գործով Վճռաբեկ դատարանի` 2017 թվականի օգոստոսի 30-ի թիվ ԵԿԴ/0180/01/15 որոշումները:
13. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ թիվ 48110313 քրեական գործի նախաքննության ընթացքում Ռ.Խաչատրյանը, գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկությունները կեղծ են, 2013 թվականի օգոստոսի 22-ին կատարել է սուտ մատնություն` հաղորդել է հանցագործությանն ակնհայտորեն առնչություն չունեցող Գ.Գևորգյանի կողմից 2013 թվականի մայիսի 22-ին` ժամը 03-ի սահմաններում, «Ցեզար» գիշերային ակումբում տեղի ունեցած դեպքին մասնակցելու, իրեն ծեծի ենթարկելու վերաբերյալ(7):
___________________
7) Տե՛ս սույն որոշման 5-6-րդ կետերը:
Ռ.Խաչատրյանի վերաբերյալ մեղադրական դատավճիռը, որով հաստատվել է վերջինիս մեղքը ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքը կատարելու մեջ, կայացվել է 2015 թվականի հուլիսի 8-ին, իսկ Վերաքննիչ դատարանի որոշումը` 2015 թվականի նոյեմբերի 6-ին(8):
___________________
8) Տե՛ս սույն որոշման 1-2-րդ և 7-րդ կետերը:
14. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 11-12-րդ կետերում շարադրված իրավադրույթների և իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ռ.Խաչատրյանին ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով մեղսագրված արարքն ավարտվել է 2013 թվականի օգոստոսի 22-ին, իսկ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռը 2015 թվականի օգոստոսի 22-ի դրությամբ օրինական ուժի մեջ մտած չի եղել, հետևաբար Ռ.Խաչատրյանին քրեական պատասխանատվության ենթարկելու` ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված վաղեմության ժամկետն անցել է:
Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ռ.Խաչատրյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման` քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով:
15. Հիմք ընդունելով վերոնշյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վաղեմության ժամկետն անցնելու հիմքով Ռ.Խաչատրյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը չդադարեցվելու արդյունքում թույլ է տրվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի խախտում, որն իր բնույթով հիմնարար է և հիմք է ստորադաս դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատական ակտը բեկանելու և փոփոխելու համար: Այսպես` դատապարտյալ Ռ.Խաչատրյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը պետք է դադարեցնել` քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու պատճառաբանությամբ, իսկ նրա նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով նշանակված պատիժը` 4 (չորս) տարի ժամկետով ազատազրկումը, թողնել անփոփոխ:
16. Վերոգրյալի հետ մեկտեղ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նշել, որ «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» 2018 թվականի նոյեմբերի 1-ի ՀՀ օրենքի (այսուհետ` նաև Համաներման մասին օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` «Համաներում հայտարարելով` պատժից ազատել` առավելագույնը չորս տարի ժամկետով ազատությունից զրկելու հետ կապված պատժի դատապարտված անձանց (...)»:
Համաներման մասին օրենքի 4-րդ հոդվածի 9-րդ մասի 3-րդ կետի համաձայն` «Սույն օրենքի կատարումը վերապահել (...) Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանին` այն անձանց նկատմամբ, որոնց վերաբերյալ գործերով վճռաբեկ բողոքներն ընդունվել են Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարույթ (...)»:
Նկատի ունենալով, որ Ռ.Խաչատրյանի նկատմամբ նշանակված պատիժը չի գերազանցում չորս տարի ժամկետով ազատազրկումը, ինչպես նաև քրեական գործի նյութերում բացակայում է Համաներման մասին օրենքի կիրառմանը խոչընդոտող որևէ հանգամանք, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատապարտյալ Ռ.Խաչատրյանին պետք է ազատել նշանակված պատիժը կրելուց:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 21-րդ, 35-րդ, 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2015 թվականի նոյեմբերի 6-ի որոշումը բեկանել ու փոփոխել: Դատապարտյալ Ռազմիկ Հրաչի Խաչատրյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը դադարեցնել` քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու պատճառաբանությամբ:
2. Ռազմիկ Խաչատրյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով նշանակված պատիժը` 4 (չորս) տարի ժամկետով ազատազրկումը, թողնել անփոփոխ: «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիման վրա Ռազմիկ Խաչատրյանին ազատել նշանակված պատժից:
3. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2015 թվականի նոյեմբերի 6-ի որոշումը մնացած մասով թողնել անփոփոխ:
4. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` Լ. Թադևոսյան
Դատավորներ` Հ. Ասատրյան
Ս. Ավետիսյան
Ե. Դանիելյան
Ա. Պողոսյան
Ս. Օհանյան