Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 13-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 13-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԵԿԴ/0164/01/15

ԵԱՆԴ/0073/01/14

ԵԱՆԴ/0006/01/11

ԵԷԴ/0126/01/11

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` նաև Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ`            Հ. Ասատրյանի

                   մասնակցությամբ` դատավորներ Ս. Ավետիսյանի

                                              Ե. Դանիելյանի

                                              Ա. Պողոսյանի

                                              Ս. Օհանյանի

                   քարտուղարությամբ`          Մ. Ավագյանի

                   մասնակցությամբ`

                   պաշտպան                    Ս. Հարությունյանի

 

    2019 թվականի հունիսի 12-ին                            ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով նոր հանգամանքի հիմքով դատապարտյալ Աշոտ Ռազմիկի Հովհաննիսյանի վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2011 թվականի հոկտեմբերի 5-ի դատավճռով (քրեական գործ թիվ ԵԷԴ/0126/01/11), դատական քննության արագացված կարգի կիրառմամբ, Աշոտ Հովհաննիսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցանքի կատարման մեջ և դատապարտվել է ազատազրկման` 1 (մեկ) տարի 6 (վեց) ամիս ժամկետով:

2. Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2012 թվականի մայիսի 4-ի դատավճռով (քրեական գործ թիվ ԵԱՆԴ/0006/01/11) Ա.Հովհաննիսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով, ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 4-րդ մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցանքների կատարման մեջ: Աշոտ Հովհաննիսյանը` ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով դատապարտվել է ազատազրկման 3 (երեք) տարի 6 (վեց) ամիս ժամկետով, ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով` ազատազրկման` 7 (յոթ) տարի ժամկետով, ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 4-րդ մասով` տուգանքի` 100.000 (հարյուր հազար) ՀՀ դրամի չափով, ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով` ազատազրկման` 2 (երկու) տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի կիրառմամբ` պատիժները մասնակի գումարելու միջոցով, Ա.Հովհաննիսյանի նկատմամբ վերջնական պատիժ է սահմանվել` ազատազրկում` 8 (ութ) տարի ժամկետով և տուգանք` 50.000 (հիսուն հազար) ՀՀ դրամի չափով:

2.1 ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2012 թվականի հոկտեմբերի 9-ի որոշմամբ մեղադրողի վերաքննիչ բողոքը բավարարվել է, Երևանի Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2012 թվականի մայիսի 4-ի դատավճիռը բեկանվել և փոփոխվել է` ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 6-րդ մասի կիրառմամբ վերոնշյալ դատավճռով նշանակված պատժին մասնակիորեն գումարվել է Ա.Հովհաննիսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 34-268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2011 թվականի հոկտեմբերի 5-ի դատավճռով նշանակված պատժից` 1 (մեկ) տարի 6 (վեց) ամիս ժամկետով ազատազրկումից` 6 (վեց) ամիս ժամկետով ազատազրկումն ու վերջնական պատիժ է սահմանվել ազատազրկում` 8 (ութ) տարի 6 (վեց) ամիս ժամկետով և տուգանք` 50.000 (հիսուն հազար) ՀՀ դրամի չափով:

2.2 ՀՀ վճռաբեկ դատարանի` 2012 թվականի դեկտեմբերի 13-ի որոշմամբ Ա.Հովհաննիսյանի պաշտպան Գ.Մալխասյանի վճռաբեկ բողոքը վերադարձվել է:

3. Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2014 թվականի դեկտեմբերի 29-ի դատավճռով (քրեական գործ թիվ ԵԱՆԴ/0073/01/14), դատական քննության արագացված կարգի կիրառմամբ, Ա.Հովհաննիսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում` 2 (երկու) տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 67-րդ հոդվածի կիրառմամբ նշանակված պատժին լրիվ գումարվել է նախորդ` ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2012 թվականի հոկտեմբերի 9-ի որոշմամբ նշանակված պատժի չկրած մասը` 4 (չորս) տարի 4 (չորս) ամիս 20 (քսան) օր ժամկետով ազատազրկումը և Ա.Հովհաննիսյանի նկատմամբ վերջնական պատիժ է սահմանվել ազատազրկում` 6 (վեց) տարի 4 (չորս) ամիս 20 (քսան) օր ժամկետով:

4. Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (քրեական գործ թիվ ԵԿԴ/0164/01/15)` 2016 թվականի հոկտեմբերի 20-ի դատավճռով Ա.Հովհաննիսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 34-268-րդ հոդվածի 3-րդ մասով: Ա.Հովհաննիսյանը ՀՀ քրեական օրենսգրքի 38-268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով դատապարտվել է ազատազրկման` 2 (երկու) տարի 6 (վեց) ամիս ժամկետով, ՀՀ քրեական օրենսգրքի 34-268-րդ հոդվածի 3-րդ մասով` ազատազրկման` 4 (չորս) տարի 6 (վեց) ամիս ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 3-րդ մասի կիրառմամբ պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով, Ա.Հովհաննիսյանի նկատմամբ վերջնական պատիժ է սահմանվել ազատազրկում` 6 (վեց) տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` սույն ու Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2014 թվականի դեկտեմբերի 29-ի դատավճռով նշանակված ազատազրկման ձևով պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով և վերջնական պատժի ժամկետին Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2014 թվականի դեկտեմբերի 29-ի դատավճռով նշանակված պատժի կրած մասը` 1 (մեկ) տարի 9 (ինը) ամիս 21 (քսանմեկ) օրը, հաշվակցելով, Ա.Հովհաննիսյանի նկատմամբ վերջնական պատիժ է սահմանվել ազատազրկում` 8 (ութ) տարի ժամկետով:

Պատժի սկիզբը հաշվվել է 2014 թվականի դեկտեմբերի 29-ից:

 

Նույն դատավճռով դատապարտվել է նաև Սարգիս Շավարշի Գալստյանը:

4.1. Պաշտպան Ս.Հարությունյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2017 թվականի հունվարի 27-ի որոշմամբ բողոքը մերժվել է, Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2016 թվականի հոկտեմբերի 20-ի դատավճիռը թողնվել է անփոփոխ:

5. Դատապարտյալ Ա.Հովհաննիսյանի կողմից բերված վճռաբեկ բողոքի հիման վրա Վճռաբեկ դատարանը 2019 թվականի հունվարի 15-ի որոշմամբ նոր հանգամանքի հիմքով հարուցել է դատական ակտերի վերանայման վարույթ և բողոքն ընդունել է վարույթ:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

6. Ա.Հովհաննիսյանը թիվ ԵԷԴ/0126/01/11 քրեական գործով ՀՀ քրեական օրենսգրքի 34-268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով դատապարտվել է այն բանի համար, որ «(...) նա (...) ցանկացել է առանց իրացնելու նպատակի, իր անձնական օգտագործման նպատակով ձեռք բերել խոշոր չափի 0,062 գրամ «բուպրենորֆին» տեսակի թմրամիջոց: (...):»(1):

____________________

1) Տե՛ս թիվ ԵԷԴ/0126/01/11 քրեական գործ, հատոր 2-րդ, թերթեր 77-79:

 

7. Ա. Հովհաննիսյանը թիվ ԵԱՆԴ/0006/01/11 քրեական գործով ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով, ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 4-րդ մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով դատապարտվել է այն բանի համար, որ «(...) նա (...) զգալի չափի` 0.36 գրամ քաշով ափիոն տեսակի թմրամիջոց և թմրամիջոց պատրաստելու համար պրեկուրսոր հանդիսացող` 0.5 միլիլիտր քացախաթթվի անհիդրիդ է իրացրել Արտաշես Ալեքսանդրի Խոնչանչյանին, որից հետո (...), կրկին անգամ, (...) խոշոր չափի` 1.58 գրամ քաշով ափիոն տեսակի թմրամիջոց և թմրամիջոց պատրաստելու համար պրեկուրսոր հանդիսացող` 1.53 մլ քացախաթթվի անհիդրիդ է իրացրել Ա.Խոնչանչյանին (...):

Բացի այդ ամբաստանյալն առանց իրացնելու նպատակի (...) ապօրինի ձեռք է բերել և իր մոտ պահել խոշոր չափերի` 0.29 գրամ հաստատուն քաշով ացետիլացված ափիոն տեսակի թմրամիջոց (...)»(2):

____________________

2) Տե՛ս թիվ ԵԱՆԴ/0006/01/11 քրեական գործ, հատոր 6-րդ, թերթեր 34-36:

 

8. Ա.Հովհաննիսյանը թիվ ԵԱՆԴ/0073/01/14 քրեական գործով ՀՀ քրեական օրենսգրքի 34-268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով դատապարտվել է այն բանի համար, որ «(...) նա (...)` առանց իրացնելու նպատակի, իր օգտագործման համար, փորձել է ձեռք բերել խոշոր չափի` 1.53 գրամ հաստատուն քաշով ացետիլացված ափիոն տեսակի թմրամիջոց, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներով: (...)»(3):

____________________

3) Տե՛ս թիվ ԵԱՆԴ/0073/01/14 քրեական գործ, հատոր 2-րդ, թերթեր 46-48:

 

9. Ա.Հովհաննիսյանը թիվ ԵԿԴ/0164/01/15 քրեական գործով ՀՀ քրեական օրենսգրքի 38-268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 34-268-րդ հոդվածի 3-րդ մասով դատապարտվել է այն բանի համար, որ «(...) նա թմրամիջոցի ձեռք բերմանն օժանդակելու միասնական դիտավորությամբ (...) Անդրանիկ Գրիգորյանի առաջարկով թմրամիջոցների արժեքը` 50.000-ական ՀՀ դրամը ստանալու նպատակով Մարատ Հարությունյանին Հովհաննես Կարապետյանի կողմից Սուրեն Ազիզյանի համար թմրամիջոցների ձեռք բերման նպատակով վերջինիս, ինչպես նաև Արթուր Բարոյանին օժանդակող Հարություն Գարեգինյանին ուղարկել է ք.Երևանի «Գումի շուկա» կոչվող վայր, որտեղ վերջիններս հանդիպելով միմյանց` 150.000 ՀՀ դրամ ընդհանուր գումարը Սուրեն Ազիզյանի միջոցով փոխանցել են ամբաստանյալ Ա.Հովհաննիսյանի նշած անձին` Անդրանիկ Գրիգորյանի ազգականին:

Դրանից հետո, ամբաստանյալ Ա.Հովհաննիսյանի ցուցումով Սուրեն Ազիզյանը և Հարություն Գարեգինյանը` վերջինիս վարած ավտոմեքենայով, մեկնել են Արարատի մարզի Այնթապ գյուղ, որտեղ Սուրեն Ազիզյանն ամբաստանյալ Ա.Հովհաննիսյանի նշած վայրից` Անդրանիկ Գրիգորյանի հանցակիցների կողմից պատրաստված թաքստոցից, վերցրել է խոշոր չափով` մոտ 0.021 գրամ «Բուպրենորֆին» տեսակի թմրամիջոց պարունակող երեք դեղահատ (...):

Բացի դա, ամբաստանյալ Ա.Հովհաննիսյանը, առանց իրացնելու նպատակի առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու շուրջ համաձայնության գալով գործով չպարզված անձի հետ, նրան է փոխանցել թմրամիջոցների ապօրինի ձեռք բերման հարցում իրեն օժանդակելու համաձայնություն տված ամբաստանյալ Սարգիս Գալստյանի ընկերոջ` վկա Գագիկ Հակոբյանի անձնագրային տվյալները ում անվամբ անհայտ անձը Ֆրանսիայի Հանրապետությունից փոստային առաքման եղանակով Հայաստանի Հանրապետություն է ուղարկել առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների պարունակությամբ ծանրոց: (...)

Հիշյալ ծանրոցն ստանալու, այնուհետև` ամբաստանյալ Ա.Հովհաննիսյանին փոխանցելու նպատակով նրա նշած անձին հանձնելու համար ամբաստանյալ Ս.Գալստյանի ուղղորդմամբ վկա Գ.Հակոբյանը, 2014թ. հուլիսի 1-ին` ժամը 10-ի սահմաններում, գնալով «Հայփոստ» ՓԲ ընկերության թիվ 40 փոստային բաժանմունք ստացել է առաքված ծանրոցն ու այն հանձնել է ամբաստանյալ Ս.Գալստյանին, սակայն ամբաստանյալ Ա.Հովհաննիսյանի կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չի հասցվել, քանի որ առաքված ծանրոցն ստանալուց հետո ամբաստանյալ Ս.Գալստյանը բերման է ենթարկվել ոստիկանություն, որտեղ նրա անձնական խուզարկությամբ` ձեռքին գտնվող ծանրոցից հայտնաբերվել և առգրավվել է ամբաստանյալ Ա.Հովհաննիսյանի համար նախատեսված առանձնապես խոշոր չափով` 1.76 ընդհանուր գրամ, «Բուպրենորֆին» տեսակի թմրամիջոց պարունակող 220 հատ դեղահաբը»(4):

____________________

4) Տե՛ս թիվ ԵԿԴ/0164/01/15 քրեական գործ, հատոր 6-րդ, թերթեր 101-102:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոշարադրյալ հիմնավորումներով.

10. Բողոք բերած անձը, հղում կատարելով թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի չափերի վերաբերյալ օրենսդրական փոփոխություններին, ինչպես նաև վկայակոչելով ՀՀ Սահմանադրության 73-րդ հոդվածը և ՀՀ քրեական օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին մասը` փաստարկել է, որ նշված փոփոխություններով բարելավվել է իր վիճակը, հետևաբար դրանք ենթակա են կիրառման իր նկատմամբ:

11. Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը խնդրել է իր վերաբերյալ կայացված դատական ակտերով հաստատված արարքները համապատասխանեցնել «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2017 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ ՀՕ-241-Ն ՀՀ օրենքին, և փոփոխել իր նկատմամբ նշանակված վերջնական պատիժը կամ ազատել հետագա պատիժը կրելուց` արարքի ապաքրեականացման հիմքով:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

12. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. արդյո՞ք ՀՀ սահմանադրական դատարանի` 2017 թվականի փետրվարի 14-ի թիվ ՍԴՈ-1348 որոշման ուժով «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2017 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ ՀՕ-241-Ն ՀՀ օրենքը նոր հանգամանք է դատապարտյալ Աշոտ Հովհաննիսյանի վերաբերյալ դատական ակտերը վերանայելու համար:

13. ՀՀ Սահմանադրության 72-րդ հոդվածի համաձայն` «(...) Արարքի պատժելիությունը վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենքն ունի հետադարձ ուժ»:

ՀՀ քրեական օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Արարքի հանցավորությունը վերացնող, պատիժը մեղմացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենքը հետադարձ ուժ ունի, այսինքն` տարածվում է մինչև այդ օրենքն ուժի մեջ մտնելը համապատասխան արարք կատարած անձանց, այդ թվում` այն անձանց վրա, ովքեր կրում են պատիժը կամ կրել են դա, սակայն ունեն դատվածություն»:

14. Քրեական օրենքը հետադարձ ուժով կիրառելու նորմերի համակարգային վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը մշտապես ընդգծել է, որ «չկա հանցագործություն և պատիժ, եթե այն սահմանված չէ օրենքով» (nullum crimen, nulla poena sine lege) կանոնը համընդհանուր ճանաչում ստացած հիմնարար սկզբունք է և իրավունքի գերակայության կարևորագույն տարր: Այն բացառիկ նշանակություն ունի մարդու իրավունքների պաշտպանության համակարգում, հետևաբար նշված սկզբունքից շեղումը բացարձակապես անթույլատրելի է: Դրա հետ մեկտեղ ժամանակի ընթացքում քրեական օրենքի գործողության ընդհանուր կանոնն ունի նաև բացառություն: Մասնավորապես, քրեական օրենքի հետադարձության կանոնը սկսում է գործել այն դեպքերում, երբ նոր օրենքը կա՛մ վերացնում է արարքի հանցավորությունը (ապաքրեականացում), կա՛մ մեղմացնում է պատիժը, կա՛մ այլ կերպ բարելավում է հանցանք կատարած անձի վիճակը: Թվարկված պայմաններն ունեն իմպերատիվ բնույթ, և նոր օրենքն ուժի մեջ մտնելուց հետո դրանցից առնվազն մեկի առկայության պարագայում նոր օրենքի գործողությունը տարածվում է մինչև այն ուժի մեջ մտնելը համապատասխան արարք կատարած անձանց, այդ թվում` այն անձանց վրա, ովքեր կրում են պատիժը կամ կրել են այն, սակայն ունեն դատվածություն(5):

____________________

5) Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Գասպար Պողոսյանի գործով 2011 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ ԳԴ1/0013/01/11 որոշման 16-17-րդ կետերը:

 

15. ՀՀ սահմանադրական դատարանը (այսուհետ` նաև Սահմանադրական դատարան), 2017 թվականի փետրվարի 14-ի թիվ ՍԴՈ-1348 որոշման շրջանակներում անդրադառնալով արարքի պատժելիությունը վերացնող օրենքը հետադարձությամբ կիրառելու կառուցակարգին, արձանագրել է. «(...) Ելնելով ՀՀ Սահմանադրության 72-րդ հոդվածի անմիջական գործողությունից և վերջինիս` սույն որոշման մեջ բացահայտված բովանդակությամբ կիրառումն ապահովելու համար իրավակիրառ պրակտիկայի շրջանակներում արարքի պատժելիությունը վերացնող օրենքի հետադարձ կիրառումը պատիժ կրող անձանց նկատմամբ անհրաժեշտ է իրականացնել նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայման վերաբերյալ իրավակարգավորումների շրջանակներում` արարքի պատժելիությունը վերացնող օրենքի ուժի մեջ մտնելը դիտարկելով որպես դատական ակտը վերանայելու համար նոր հանգամանք (...)»(6):

____________________

6) Տե՛ս ՀՀ սահմանադրական դատարանի` 2017 թվականի փետրվարի 14-ի թիվ ՍԴՈ-1348 որոշման 7-րդ կետը:

 

Արդյունքում Սահմանադրական դատարանն արձանագրել է. «(...) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.2-րդ հոդվածը և դրա հետ համակարգային առումով փոխկապակցվածության մեջ գտնվող` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.4-րդ հոդվածի 1-ին մասը համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն այնպիսի սահմանադրաիրավական բովանդակությամբ, համաձայն որի` ելնելով ՀՀ Սահմանադրության 72-րդ հոդվածի անմիջական գործողությունից` արարքի պատժելիությունը վերացնող օրենքն ուժի մեջ մտնելն իրավակիրառ պրակտիկայի շրջանակներում պետք է ընկալվի որպես նոր հանգամանք, և օրինական ուժի մեջ մտած դատական ակտը նոր հանգամանքի հիմքով ենթակա է վերանայման ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով (...)»(7):

____________________

7) Տե՛ս ՀՀ սահմանադրական դատարանի` 2017 թվականի փետրվարի 14-ի թիվ ՍԴՈ-1348 որոշման եզրափակիչ մասը:

 

16. Նախորդ կետում մեջբերված Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումների հաշվառմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ արարքի հանցավորությունը վերացնող, պատիժը մեղմացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենքի ընդունմամբ նախկինում կայացված և օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը ենթակա են վերանայման ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 49.1-րդ գլխով սահմանված` նոր հանգամանքներով դատական ակտերի վերանայման կանոններով: Այլ կերպ` Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ արարքի հանցավորությունը վերացնող, պատիժը մեղմացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենքը նոր հանգամանք է օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը վերանայելու համար:

17. ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի համաձայն` «1. Իրացնելու նպատակով թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը, առաքելը կամ դրանք ապօրինի իրացնելը`

պատժվում է ազատազրկմամբ` երեքից յոթ տարի ժամկետով:

2. Նույն արարքները, որոնք կատարվել են`

(...)

2) խոշոր չափերով,

(...)

պատժվում են ազատազրկմամբ` հինգից տասը տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:

(...)

4. Թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պատրաստելու նպատակով պրեկուրսորներ ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը, առաքելը կամ դրանք ապօրինի իրացնելը`

պատժվում են տուգանքով` նվազագույն աշխատավարձի առավելագույնը չորսհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը երեք ամիս ժամկետով (...)»:

ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի համաձայն` «1. Առանց իրացնելու նպատակի զգալի չափերով թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ առաքելը`

պատժվում է կալանքով` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով:

2. Նույն արարքները, որոնք կատարվել են`

(...)

2) խոշոր չափերով`

պատժվում են ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով:

3. Նույն արարքները, որոնք կատարվել են առանձնապես խոշոր չափերով`

պատժվում են ազատազրկմամբ` երկուսից վեց տարի ժամկետով»:

Մինչև «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2017 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ ՀՕ-241-Ն ՀՀ օրենքն ուժի մեջ մտնելը թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի զգալի, խոշոր և առանձնապես խոշոր չափերը սահմանող ՀՀ քրեական օրենսգրքի 1-ին հավելվածում «բուպրենորֆին» տեսակի թմրամիջոցի համար որպես խոշոր չափ է սահմանված եղել 0.02 գրամից մինչև 0.2 գրամը ներառյալ, որպես առանձնապես խոշոր չափ` ավելի քան 0.2 գրամը, «ափիոն» տեսակի թմրամիջոցի համար որպես զգալի չափ` 0.1 գրամից մինչև 0.5 գրամը ներառյալ, որպես խոշոր չափ` 0.5 գրամից մինչև 10.0 գրամը ներառյալ, «ացետիլացված ափիոն» տեսակի թմրամիջոցի համար որպես խոշոր չափ` 0.2 գրամից մինչև 5.0 գրամը ներառյալ: Նույն օրենսգրքի թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի պրեկուրսորների խոշոր և առանձնապես խոշոր չափերը սահմանող 4-րդ հավելվածում «քացախաթթվի անհիդրիդ» տեսակի պրեկուրսորի համար որպես խոշոր չափ է սահմանված եղել 0.23 կիլոգրամից մինչև 2.3 կիլոգրամը ներառյալ:

Վերոնշյալ օրենքի 4-րդ հոդվածով ՀՀ քրեական օրենսգրքի 1-5-րդ հավելվածներն ուժը կորցրած ճանաչելուց հետո ՀՀ կառավարության` 2018 թվականի հունիսի 27-ի թիվ 707-Ն որոշման 1-ին հավելվածով «բուպրենորֆին» տեսակի թմրամիջոցի համար որպես խոշոր չափ է սահմանվել 0.005 գրամից մինչև 0.025 գրամը ներառյալ, որպես առանձնապես խոշոր չափ` ավելի քան 0.025 գրամը, «ափիոն» տեսակի թմրամիջոցի համար որպես մանր չափ` 0.1 գրամից մինչև 0.5 գրամը ներառյալ, որպես զգալի չափ` 0.5 գրամից մինչև 2.5 գրամը ներառյալ, որպես խոշոր չափ` 2.5 գրամից մինչև 12.5 գրամը ներառյալ, «ացետիլացված ափիոն» տեսակի թմրամիջոցի համար որպես զգալի չափ` 0.1 գրամից մինչև 0.5 գրամը ներառյալ, որպես խոշոր չափ` 0.5 գրամից մինչև 2.5 գրամը ներառյալ: Նույն որոշման 3-րդ հավելվածով «քացախաթթվի անհիդրիդ» տեսակի պրեկուրսորի համար նախկինում սահմանված չափերը փոփոխության չեն ենթարկվել:

18. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Ա.Հովհաննիսյանը դատապարտվել է`

- թիվ ԵԷԴ/0126/01/11 քրեական գործով` ՀՀ քրեական օրենսգրքի 34-268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով` առանց իրացնելու նպատակի խոշոր չափի` 0.062 գրամ «բուպրենորֆին» տեսակի թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու փորձի համար(8),

____________________

8) Տե՛ս սույն որոշման 6-րդ կետը:

 

- թիվ ԵԱՆԴ/0006/01/11 քրեական գործով`

1) ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով` զգալի չափի` 0.36 գրամ «ափիոն» տեսակի թմրամիջոց ապօրինի իրացնելու համար,

2) ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով` խոշոր չափի` 1.58 գրամ «ափիոն» տեսակի թմրամիջոց ապօրինի իրացնելու համար,

3) ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով` առանց իրացնելու նպատակի խոշոր չափի` 0.29 գրամ «ացետիլացված ափիոն» տեսակի թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու և պահելու համար,

4) ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 4-րդ մասով` 0.5 մլ և 1.53 մլ «քացախաթթվի անհիդրիդ» ապօրինի իրացնելու համար(9),

____________________

9) Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:

 

- թիվ ԵԱՆԴ/0073/01/14 քրեական գործով` ՀՀ քրեական օրենսգրքի 34-268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով` առանց իրացնելու նպատակի խոշոր չափի` 1.53 գրամ «ացետիլացված ափիոն» տեսակի թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու փորձի համար(10),

____________________

10) Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը:

 

- թիվ ԵԿԴ/0164/01/15 քրեական գործով`

1) ՀՀ քրեական օրենսգրքի 38-268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով` առանց իրացնելու նպատակի խոշոր չափի` 0.021 գրամ «բուպրենորֆին» տեսակի թմրամիջոց ապօրինի ձեռք բերելուն օժանդակելու համար,

2) ՀՀ քրեական օրենսգրքի 34-268-րդ հոդվածի 3-րդ մասով` առանց իրացնելու նպատակի առանձնապես խոշոր չափի` 1.76 գրամ «բուպրենորֆին» տեսակի թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու փորձի համար(11):

____________________

11) Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը:

 

19. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 13-17-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ թմրամիջոցների չափերի վերաբերյալ օրենսդրական փոփոխությունները հիմք չեն Ա.Հովհաննիսյանի վերաբերյալ կայացված և օրինական ուժի մեջ մտած դատական ակտերով հաստատված` ՀՀ քրեական օրենսգրքի 34-268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (թիվ ԵԷԴ/0126/01/11 քրեական գործ), 266-րդ հոդվածի 1-ին մասով և 266-րդ հոդվածի 4-րդ մասով (թիվ ԵԱՆԴ/0006/01/11 քրեական գործ), 34-268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (թիվ ԵԱՆԴ/0073/01/14 քրեական գործ), 38-268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 34-268-րդ հոդվածի 3-րդ մասով (թիվ ԵԿԴ/0164/01/15 քրեական գործ) նախատեսված արարքների իրավական որակման փոփոխության:

20. Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ թմրամիջոցների չափերի վերաբերյալ օրենսդրական փոփոխությունները հիմք են Ա.Հովաննիսյանի վերաբերյալ թիվ ԵԱՆԴ/0006/01/11 քրեական գործով կայացված և օրինական ուժի մեջ մտած դատական ակտերով հաստատված` ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված արարքների իրավական որակման փոփոխության:

Մասնավորապես, «ափիոն» տեսակի թմրամիջոցի խոշոր չափի նվազագույն և առավելագույն սահմանների օրենսդրական փոփոխությունների համեմատական ուսումնասիրությունից երևում է, որ դրանց արդյունքում 1.58 գրամ «ափիոն» տեսակի թմրամիջոցն այսուհետ ոչ թե խոշոր, այլ զգալի չափի է: ՈՒստի` դատապարտյալ Ա.Հովհաննիսյանի արարքը համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասին: Բացի այդ, «ացետիլացված ափիոն» տեսակի թմրամիջոցի խոշոր չափի նվազագույն և առավելագույն սահմանների օրենսդրական փոփոխությունների համեմատական ուսումնասիրությունից երևում է, որ դրանց արդյունքում 0.29 գրամ «ացետիլացված ափիոն» տեսակի թմրամիջոցն այսուհետ ոչ թե խոշոր, այլ զգալի չափի է: ՈՒստի` դատապարտյալ Ա.Հովհաննիսյանի արարքը համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասին:

Նման պայմաններում թմրամիջոցների չափերի վերաբերյալ օրենսդրական փոփոխություններին պետք է տալ հետադարձ ուժ և դրանց գործողությունը տարածել մինչև դրանց ուժի մեջ մտնելը Ա.Հովհաննիսյանի կողմից կատարված արարքների վրա:

21. Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Սահմանադրական դատարանի` 2017 թվականի փետրվարի 14-ի թիվ ՍԴՈ-1348 որոշման ուժով «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2017 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ ՀՕ-241-Ն ՀՀ օրենքը նոր հանգամանք է դատապարտյալ Աշոտ Հովհաննիսյանի վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի` 2012 թվականի դեկտեմբերի 13-ի որոշումը, Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2014 թվականի դեկտեմբերի 29-ի դատավճիռը, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2017 թվականի հունվարի 27-ի որոշումը վերանայելու համար:

22. Վերանայման արդյունքում անհրաժեշտ է բեկանել ու փոփոխել դատապարտյալ Ա.Հովհաննիսյանի վերաբերյալ քրեական գործով Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2012 թվականի մայիսի 4-ի դատավճիռը և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2012 թվականի հոկտեմբերի 9-ի որոշումը:

Աշոտ Ռազմիկի Հովհաննիսյանի` ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով որակված արարքը պետք է վերաորակել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով և պատիժ նշանակել ազատազրկում` 4 (չորս) տարի 6 (վեց) ամիս ժամկետով, ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով որակված արարքը պետք է վերաորակել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով և պատիժ նշանակել ազատազրկում` 9 (ինը) ամիս ժամկետով:

ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 4-րդ մասի կանոններով` ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով նշանակված` 4 (չորս) տարի 6 (վեց) ամիս ժամկետով ազատազրկմանը պետք է մասնակիորեն գումարել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով նշանակված 3 (երեք) տարի 6 (վեց) ամիս ժամկետով ազատազրկումից 6 (վեց) ամիս ժամկետով ազատազրկումը, ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով նշանակված` 9 (ինը) ամիս ժամկետով ազատազրկումից` 3 (երեք) ամիս ժամկետով ազատազրկումը, ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 4-րդ մասով նշանակված 100.000 (հարյուր հազար) ՀՀ դրամի չափով տուգանքից` 50.000 (հիսուն հազար) ՀՀ դրամը և Ա.Հովհաննիսյանի նկատմամբ վերջնական պատիժ սահմանել ազատազրկում` 5 (հինգ) տարի 3 (երեք) ամիս ժամկետով և տուգանք` 50.000 (հիսուն հազար) ՀՀ դրամի չափով:

ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 6-րդ մասի կիրառմամբ` նշանակված պատժին պետք է մասնակիորեն գումարել Ա.Հովհաննիսյանի նկատմամբ Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2011 թվականի հոկտեմբերի 5-ի դատավճռով նշանակված պատժից` 1 (մեկ) տարի 6 (վեց) ամիս ժամկետով ազատազրկումից` 6 (վեց) ամիս ժամկետով ազատազրկումը և Ա.Հովհաննիսյանի նկատմամբ վերջնական պատիժ սահմանել ազատազրկում` 5 (հինգ) տարի 9 (ինը) ամիս ժամկետով և տուգանք` 50.000 (հիսուն հազար) ՀՀ դրամի չափով:

22.1 Միևնույն ժամանակ դատապարտյալ Ա.Հովհաննիսյանի վերաբերյալ թիվ ԵԱՆԴ/0073/01/14 քրեական գործով Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2014 թվականի դեկտեմբերի 29-ի դատավճիռը` ՀՀ քրեական օրենսգրքի 67-րդ հոդվածի կանոններով նշանակված պատժի մասով, պետք է բեկանել և փոփոխել: Ա.Հովհաննիսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 34-268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով որպես պատիժ նշանակված` 2 (երկու) տարի ժամկետով ազատազրկմանը` ՀՀ քրեական օրենսգրքի 67-րդ հոդվածի կիրառմամբ, պետք է լրիվ գումարել նշանակված` 5 (հինգ) տարի 9 (ինը) ամիս ժամկետով պատժի` 2014 թվականի դեկտեմբերի 29-ի դրությամբ չկրած` 1 (մեկ) տարի 7 (յոթ) ամիս 20 (քսան) օր ժամկետով ազատազրկումը և Ա.Հովհաննիսյանի նկատմամբ վերջնական պատիժ սահմանել ազատազրկում` 3 (երեք) տարի 7 (յոթ) ամիս 20 (քսան) օր ժամկետով:

22.2 Բացի այդ, անհրաժեշտ է բեկանել ու փոփոխել դատապարտյալ Ա.Հովհաննիսյանի վերաբերյալ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2016 թվականի հոկտեմբերի 20-ի դատավճիռը և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2017 թվականի հունվարի 27-ի որոշումը` ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 6-րդ մասի կանոններով նշանակված պատժի մասով: Աշոտ Ռազմիկի Հովհաննիսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 38-268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 34-268-րդ հոդվածի 3-րդ մասով` ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 3-րդ մասի կանոններով նշանակված` 6 (վեց) տարի ժամկետով ազատազրկմանը` նույն հոդվածի 6-րդ մասի կանոններով նշանակված` 3 (երեք) տարի 7 (յոթ) ամիս 20 (քսան) օր ժամկետով պատժից պետք է մասնակիորեն գումարել 2 (երկու) տարի 6 (վեց) ամիսը և պատիժ սահմանել ազատազրկում` 8 (ութ) տարի 6 (վեց) ամիս ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 6-րդ մասի կանոններով, վերջնական պատժի ժամկետին պետք է հաշվակցել 2016 թվականի հոկտեմբերի 20-ի դրությամբ կրած` 1 (մեկ) տարի 9 (ինը) ամիս 21 (քսանմեկ) օրը, և Ա.Հովհաննիսյանի նկատմամբ որպես վերջնական պատիժ սահմանել ազատազրկում` 6 (վեց) տարի 8 (ութ) ամիս 9 (ինը) օր ժամկետով:

Պատժի սկիզբը պետք է հաշվել 2014 թվականի դեկտեմբերի 29-ից:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ, 426.1-րդ, 426.2-րդ, 426.4-րդ, 426.7-րդ և 426.9-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Դատապարտյալ Աշոտ Ռազմիկի Հովհաննիսյանի վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի` 2012 թվականի դեկտեմբերի 13-ի որոշումը, Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2014 թվականի դեկտեմբերի 29-ի դատավճիռը, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2017 թվականի հունվարի 27-ի որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայել:

2. Դատապարտյալ Աշոտ Ռազմիկի Հովհաննիսյանի վերաբերյալ Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2012 թվականի մայիսի 4-ի դատավճիռը և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2012 թվականի հոկտեմբերի 9-ի որոշումը բեկանել ու փոփոխել: Աշոտ Ռազմիկի Հովհաննիսյանի` ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով որակված արարքը վերաորակել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով և պատիժ նշանակել ազատազրկում` 4 (չորս) տարի 6 (վեց) ամիս ժամկետով, ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով որակված արարքը վերաորակել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով և պատիժ նշանակել ազատազրկում` 9 (ինը) ամիս ժամկետով:

ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 4-րդ մասի կանոններով` ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով նշանակված` 4 (չորս) տարի 6 (վեց) ամիս ժամկետով ազատազրկմանը մասնակիորեն գումարել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով նշանակված 3 (երեք) տարի 6 (վեց) ամիս ժամկետով ազատազրկումից 6 (վեց) ամիս ժամկետով ազատազրկումը, ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով նշանակված` 9 (ինը) ամիս ժամկետով ազատազրկումից` 3 (երեք) ամիս ժամկետով ազատազրկումը, ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 4-րդ մասով նշանակված 100.000 (հարյուր հազար) ՀՀ դրամի չափով տուգանքից` 50.000 (հիսուն հազար) ՀՀ դրամը և Աշոտ Ռազմիկի Հովհաննիսյանի նկատմամբ վերջնական պատիժ սահմանել ազատազրկում` 5 (հինգ) տարի 3 (երեք) ամիս ժամկետով և տուգանք 50.000 (հիսուն հազար) ՀՀ դրամի չափով:

ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 6-րդ մասի կիրառմամբ` նշանակված պատժին մասնակիորեն գումարել Աշոտ Ռազմիկի Հովհաննիսյանի նկատմամբ Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2011 թվականի հոկտեմբերի 5-ի դատավճռով նշանակված պատժից` 1 (մեկ) տարի 6 (վեց) ամիս ժամկետով ազատազրկումից` 6 (վեց) ամիս ժամկետով ազատազրկումը և Աշոտ Ռազմիկի Հովհաննիսյանի նկատմամբ վերջնական պատիժ սահմանել ազատազրկում` 5 (հինգ) տարի 9 (ինը) ամիս ժամկետով և տուգանք` 50.000 (հիսուն հազար) ՀՀ դրամի չափով:

3. Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2014 թվականի դեկտեմբերի 29-ի դատավճիռը` ՀՀ քրեական օրենսգրքի 67-րդ հոդվածի կանոններով նշանակված պատժի մասով, բեկանել և փոփոխել: Աշոտ Ռազմիկի Հովհաննիսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 34-268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով որպես պատիժ նշանակված` 2 (երկու) տարի ժամկետով ազատազրկմանը` ՀՀ քրեական օրենսգրքի 67-րդ հոդվածի կիրառմամբ, լրիվ գումարել նշանակված` 5 (հինգ) տարի 9 (ինը) ամիս ժամկետով պատժի` 2014 թվականի դեկտեմբերի 29-ի դրությամբ չկրած` 1 (մեկ) տարի 7 (յոթ) ամիս 20 (քսան) օր ժամկետով ազատազրկումը և Աշոտ Ռազմիկի Հովհաննիսյանի նկատմամբ վերջնական պատիժ սահմանել ազատազրկում` 3 (երեք) տարի 7 (յոթ) ամիս 20 (քսան) օր ժամկետով:

4. Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2016 թվականի հոկտեմբերի 20-ի դատավճիռը և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2017 թվականի հունվարի 27-ի որոշումը` ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 6-րդ մասի կանոններով նշանակված պատժի մասով, բեկանել և փոփոխել: Աշոտ Ռազմիկի Հովհաննիսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 38-268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 34-268-րդ հոդվածի 3-րդ մասով` ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 3-րդ մասի կանոններով նշանակված` 6 (վեց) տարի ժամկետով ազատազրկմանը` նույն հոդվածի 6-րդ մասի կանոններով նշանակված` 3 (երեք) տարի 7 (յոթ) ամիս 20 (քսան) օր ժամկետով պատժից մասնակիորեն գումարել 2 (երկու) տարի 6 (վեց) ամիսը և պատիժ սահմանել ազատազրկում` 8 (ութ) տարի 6 (վեց) ամիս ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 6-րդ մասի կանոններով, վերջնական պատժի ժամկետին հաշվակցել 2016 թվականի հոկտեմբերի 20-ի դրությամբ կրած` 1 (մեկ) տարի 9 (ինը) ամիս 21 (քսանմեկ) օրը, և Աշոտ Ռազմիկի Հովհաննիսյանի նկատմամբ որպես վերջնական պատիժ սահմանել ազատազրկում` 6 (վեց) տարի 8 (ութ) ամիս 9 (ինը) օրը ժամկետով:

Պատժի սկիզբը հաշվվել 2014 թվականի դեկտեմբերի 29-ից:

5. Ստորադաս դատարանների դատական ակտերը մնացած մասով թողնել անփոփոխ:

6. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Հ. Ասատրյան

Դատավորներ` Ս. Ավետիսյան

Ե. Դանիելյան

Ա. Պողոսյան

Ս. Օհանյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
12.06.2019
N ԵԿԴ/0164/01/15
Որոշում