ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության ԱՐԱԴ/0008/01/16
վերաքննիչ քրեական դատարանի որոշում
Գործ թիվ ԱՐԱԴ/0008/01/16
Նախագահող դատավոր` Ռ. Մխիթարյան
Դատավորներ` Ս. Չիչոյան
Մ. Արղամանյան
ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ` Լ. Թադևոսյանի
մասնակցությամբ` դատավորներ Հ. Ասատրյանի
Ս. Ավետիսյանի
Ե. Դանիելյանի
Ա. Պողոսյանի
Ս. Օհանյանի
քարտուղարությամբ` Մ. Ավագյանի
մասնակցությամբ` դատախազ Ա. Նաղդալյանի
2019 թվականի հունիսի 12-ին ք. Երևանում
դռնբաց դատական նիստում, քննության առնելով դատապարտյալ Արթուր Միշայի Անտոնյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2017 թվականի մայիսի 18-ի որոշման դեմ դատապարտյալ Ա.Անտոնյանի պաշտպան Խ.Մկրտչյանի վճռաբեկ բողոքը,
ՊԱՐԶԵՑ
Գործի դատավարական նախապատմությունը.
1. 2015 թվականի մարտի 12-ին ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցվել է թիվ 54100815 քրեական գործը` ՀՀ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով:
2015 թվականի մարտի 14-ին Արթուր Միշայի Անտոնյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասով:
2016 թվականի մայիսի 18-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան):
2. Առաջին ատյանի դատարանի` 2016 թվականի դեկտեմբերի 12-ի դատավճռով Ա.Անտոնյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասով, և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում` 1 (մեկ) տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի կիրառմամբ` նշանակված պատժի ժամկետի մեջ հաշվակցվել է Ա.Անտոնյանի` կալանքի տակ գտնվելու 26 (քսանվեց) օրը` նրա նկատմամբ վերջնական պատիժ նշանակելով ազատազրկում` 11 (տասնմեկ) ամիս 4 (չորս) օր ժամկետով:
3. Ամբաստանյալ Ա.Անտոնյանի պաշտպան Խ.Մկրտչյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2017 թվականի մայիսի 18-ի որոշմամբ բողոքը մերժել է` օրինական ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի` 2016 թվականի դեկտեմբերի 12-ի դատավճիռը:
4. Վերաքննիչ դատարանի` 2017 թվականի մայիսի 18-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ամբաստանյալ Ա.Անտոնյանի պաշտպան Խ.Մկրտչյանը:
Նշված որոշման դեմ պաշտպանի վճռաբեկ բողոքը Վճռաբեկ դատարանի` 2017 թվականի օգոստոսի 28-ի որոշմամբ վերադարձվել է, որից հետո կրկին վճռաբեկ բողոք չի բերվել և դատական ակտը մտել է օրինական ուժի մեջ:
5. Ա.Անտոնյանի պաշտպան Խ.Մկրտչյանը 2017 թվականի հուլիսի 28-ին ներկայացրել է վերաքննիչ բողոք` խնդրելով նոր հանգամանքի հիմքով վերանայել Առաջին ատյանի դատարանի` 2016 թվականի դեկտեմբերի 12-ի դատավճիռը:
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2018 թվականի հունվարի 15-ի որոշմամբ Ա.Անտոնյանի պաշտպան Խ.Մկրտչյանի վերաքննիչ բողոքը թողնվել է առանց քննության:
6. Նշված որոշման դեմ Ա.Անտոնյանի պաշտպան Խ.Մկրտչյանի վճռաբեկ բողոքը Վճռաբեկ դատարանի` 2018 թվականի մայիսի 21-ի որոշմամբ մերժվել է:
7. 2018 թվականի հունիսի 27-ին Ա.Անտոնյանի պաշտպան Խ.Մկրտչյանը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածի 6-րդ մասի հիմքով բողոք է բերել Վճռաբեկ դատարան:
8. Վճռաբեկ դատարանի` 2018 թվականի օգոստոսի 24-ի որոշմամբ պաշտպան Խ.Մկրտչյանի վճռաբեկ բողոքն ընդունվել է վարույթ:
Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.
9. Ա.Անտոնյանին ՀՀ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա` «(...) 2015 թվականի մարտի 11-ին ժամը 16.00-ի սահմաններում, Արագածոտնի մարզի Արուճ գյուղում իր ազգական, Արմավիրի մարզի Հայթաղ գյուղի բնակիչ Արկադի Հարությունի Հարությունյանի միջոցով ծանոթացել է վերջինիս համագյուղացիներ Միշա Վալոդյայի Համբարձումյանի ու Հրաչիկ Նորիկի Ասատրյանի հետ, որոնց նախկինում չի ճանաչել և նրանց հետ որևէ հարաբերություններում չի գտնվել, և միասին որոշել են գնալ թռչնի որսի: Այդ նպատակով Արթուր Անտոնյանը, իր հետ վերցնելով իրեն պատկանող «ԻԺ-54» մոդելի Ա-2554 համարի որսորդական ողորկափող երկփողանի հրազենը, Արկադի Հարությունյանի, Միշա Համբարձումյանի ու Հրաչիկ Ասատրյանի հետ Արկադի Հարությունյանի վարած «ՎԱԶ-2107» մակնիշի 35 LP 893 հաշվառման համարանիշի ավտոմեքենայով նույն օրը գնացել են Արագածոտնի մարզի Ներքին Բազմաբերդ գյուղին հարող տարածք: Ժամը 17.30-ի սահմաններում, գտնվելով Ներքին Բազմաբերդ գյուղից մոտ 200մ հեռավորության վրա գտնվող դաշտամիջյան ճանապարհին, և նստած լինելով վերոհիշյալ ավտոմեքենայի առջևի ուղևորի նստատեղին, խախտել է ՀՀ «Ներքին գործերի մարմինների կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում քաղաքացիական ու ծառայողական զենքի և դրա փամփուշտների շրջանառության նկատմամբ իրականացվող վերահսկողության կարգի մասին» 2002 թվականի մարտի 15-ի թիվ 101 հրամանի թիվ 46 հավելվածով սահմանված ինքնապաշտպանական հրազենի հետ վարվելու անվտանգության կանոնների արգելող դրույթների թիվ 1 կետի պահանջը, այն է` «արգելվում է զենքը պահել մարդու վրա, նույնիսկ եթե այն լիցքավորված չէ» թռչնի որս կատարելու նպատակով, իր վերոհիշյալ որսորդական ողորկափող հրազենը լիցքավորելու ընթացքում անզգուշությամբ` հանցավոր անփութությամբ, հրազենի փողն ուղղել է նույն ավտոմեքենայի հետևի նստատեղի աջ կողմում նստած Միշա Համբարձումյանի վրա, ապա, բացելով փամփշտանոցը, լիցքավորել է այն որսորդական փամփուշտներով, սակայն չի ապահովել անվտանգ լիցքավորում, ինչի հետևանքով փամփշտանոցը փակելու ընթացքում Միշա Համբարձումյանի ուղղությամբ տեղի է ունեցել կրակոց, փամփշտային մանրագնդակները դիպել են Միշա Համբարձումյանի աջ ականջի ստորին հատվածին և ստացած մարմնական վնասվածքից Միշա Համբարձումյանը տեղում մահացել է»(1):
____________________
1) Տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթեր 76-77:
Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.
10. Բողոքի հեղինակը գտել է, որ քրեական գործի նախորդ դատական քննության ընթացքում Վերաքննիչ դատարանը թույլ է տվել նյութական իրավունքի նորմերի այնպիսի հիմնարար խախտումներ, որոնք խաթարել են արդարադատության բուն էությունը, խախտել սահմանադրորեն պաշտպանվող շահերի անհրաժեշտ հավասարակշռությունը:
Ի հիմնավորումն իր վերոնշյալ փաստարկի` բողոքաբերը վերլուծել է վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով քրեական պատասխանատվությունից ազատելու վերաբերյալ օրենսդրական նորմերը և եզրահանգել, որ 2017 թվականի մարտի 11-ին լրացել է ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածով նախատեսված քրեական պատասխանատվությունից Ա.Անտոնյանին ազատելու վաղեմության ժամկետը, հետևաբար, Վերաքննիչ դատարանը, նրան չազատելով քրեական պատասխանատվությունից, թույլ է տվել նյութական իրավունքի նորմերի խախտում:
11. Վերոշարադրյալի հիման վրա, բողոքաբերը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի` 2017 թվականի մայիսի 18-ի որոշումը և Ա.Անտոնյանին ազատել քրեական պատասխանատվությունից` քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու հիմքով:
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
12. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. արդյո՞ք Ա.Անտոնյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման` քրեական պատասխանատվության ենթարկվելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով:
13. ՀՀ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Անզգուշությամբ մահ պատճառելը` պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով»:
ՀՀ քրեական օրենսգրքի 19-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Ոչ մեծ ծանրության հանցագործություններ են համարվում դիտավորությամբ կատարված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում երկու տարի ժամկետով ազատազրկումը, կամ որոնց համար նախատեսված է ազատազրկման հետ կապ չունեցող պատիժ, ինչպես նաև անզգուշությամբ կատարված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում երեք տարի ժամկետով ազատազրկումը»:
ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի համաձայն` «1. Անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտված համարելու օրվանից անցել են հետևյալ ժամկետները.
1) երկու տարի` ոչ մեծ ծանրության հանցանքն ավարտված համարելու օրվանից.
2) (...)
2. Վաղեմության ժամկետը հաշվարկվում է հանցանքն ավարտված համարելու օրվանից` մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելու պահը: (...)
3. Վաղեմության ժամկետի ընթացքն ընդհատվում է, եթե մինչև նշված ժամկետներն անցնելն անձը կատարում է միջին ծանրության, ծանր կամ առանձնապես ծանր նոր հանցանք: Այս դեպքում` վաղեմության ժամկետի հաշվարկն սկսվում է նոր հանցանքի ավարտված համարելու պահից»:
14. ՀՀ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասում նկարագրված արարքն անզգույշ հանցագործություն է, իսկ դրա համար նախատեսված ազատազրկման ձևով պատժի ժամկետը չի գերազանցում երեք տարին, ուստի այն դասվում է ոչ մեծ ծանրության հանցագործությունների շարքին: Հետևաբար, ՀՀ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարքը կատարած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտված համարելու օրվանից մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելու պահն անցել է երկու տարի:
15. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե
(...)
6) անցել են վաղեմության ժամկետները.
(...)»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` «Սույն հոդվածի առաջին մասի 6-րդ կետում նշված հիմքով (...) գործի վարույթի կարճում և քրեական հետապնդման դադարեցում չի թույլատրվում, եթե դրա դեմ առարկում է մեղադրյալը: Այս դեպքում գործի վարույթը շարունակվում է սովորական կարգով»:
16. Մեջբերված նորմերի վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրը վաղեմության ժամկետն անցնելը դիտում է որպես քրեական գործի վարույթը և քրեական հետապնդումը բացառող հանգամանք` սահմանելով, որ քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե անցել են վաղեմության ժամկետները: Միևնույն ժամանակ, քրեադատավարական օրենքը վաղեմության ժամկետն անցնելու հիմքով քրեական պատասխանատվությունից ազատելու պարտադիր նախապայման է դիտում մեղադրյալի համաձայնությունը, որի բացակայությունը ենթադրում է վարույթի շարունակում ընդհանուր կարգով: Այսինքն` այն դեպքում, երբ անձը համաձայն չէ վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով քրեական գործի հարուցումը մերժելու, իր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և գործի վարույթը կարճելու հետ, նրան պետք է հնարավորություն ընձեռվի դատական քննության փուլում վիճարկելու իրեն առաջադրված մեղադրանքը:
16.1 Այն դեպքում, երբ անձին քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը լրանում է գործի դատական քննության փուլում, այդ հիմքով նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու ընթացակարգի իրականացման պարտականությունը կրում է դատարանը: Ընդ որում, դատական քննությունը ենթադրում է վարույթն ինչպես առաջին ատյանի, այնպես էլ վերաքննիչ ու վճռաբեկ դատարաններում(2): Մասնավորապես, դատարանը պետք է պարզի, թե արդյոք ամբաստանյալը համաձայն է, որ նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվի քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով: Անձի համաձայնությունը ստանալու դեպքում դատարանը պարտավոր է դադարեցնել նրա նկատմամբ քրեական հետապնդումը, իսկ համաձայնության բացակայության դեպքում պետք է դատական քննությունը շարունակի ընդհանուր կարգով, սակայն դատավճիռ կայացնելիս` դադարեցնի անձի նկատմամբ քրեական հետապնդումը: Ընդ որում, երբ անձն արդեն հնարավորություն է ունեցել առաջին ատյանի, վերաքննիչ և վճռաբեկ դատարաններում (վերջին դեպքում` վճռաբեկ բողոք բերելու միջոցով) վիճարկելու իրեն առաջադրված մեղադրանքը, ապա քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելիս նրա դիրքորոշումը լրացուցիչ ճշտելու անհրաժեշտությունը բացակայում է(3):
____________________
2) Տե՛ս, mutatis mutandis, Անահիտ Սաղաթելյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2011 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ ԳԴ5/0022/01/10 որոշումը, Սիրաժ Ղամբարյանի և այլոց գործով Վճռաբեկ դատարանի` 2014 թվականի մարտի 28-ի թիվ ԵՇԴ/0055/01/11 որոշումը, Ֆարիդա Ավագիմյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2017 թվականի ապրիլի 12-ի թիվ ԱՎԴ2/0016/01/14 որոշումը, Անդրանիկ Գրիգորյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2017 թվականի օգոստոսի 30-ի թիվ ԵԿԴ/0180/01/15 որոշումը:
3) Տե՛ս Սիրաժ Ղամբարյանի և այլոց գործով Վճռաբեկ դատարանի վերը հիշատակված որոշման 25-րդ կետը:
17. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ ամբաստանյալ Ա.Անտոնյանին ՀՀ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասով մեղսագրված արարքն ավարտվել է 2015 թվականի մարտի 11-ին(4): ՀՀ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասով` Ա.Անտոնյանին մեղսագրված արարքը կատարելու մեջ վերջինիս մեղավորությունը հաստատող մեղադրական դատավճիռը կայացվել է 2016 թվականի դեկտեմբերի 12-ին, որը բողոքարկվել է Վերաքննիչ դատարան, իսկ Վերաքննիչ դատարանը բողոքի քննության արդյունքում որոշում է կայացրել 2017 թվականի մայիսի 18-ին(5): Վերոշարադրյալից բխում է, որ Ա.Անտոնյանին ՀՀ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասով մեղսագրված հանցանքի համար ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված քրեական պատասխանատվության ենթարկելու երկամյա ժամկետը լրանալու օրվա` 2017 թվականի մարտի 11-ի դրությամբ` վերջինիս նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռը դեռևս օրինական ուժի մեջ մտած չի եղել:
____________________
4) Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը:
5) Տե՛ս սույն որոշման 2-3-րդ կետերը:
18. Նախորդ կետում մեջբերված և վերլուծված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 13-16.1-րդ կետերում շարադրված իրավական վերլուծության լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից 2017 թվականի մայիսի 18-ին որոշում կայացնելու օրվա դրությամբ Ա.Անտոնյանին քրեական պատասխանատվության ենթարկելու` ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված վաղեմության ժամկետն անցած է եղել: Ընդ որում, բողոքաբերն էլ խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի` 2017 թվականի մայիսի 18-ի որոշումը և Ա.Անտոնյանին ազատել քրեական պատասխանատվությունից` քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու հիմքով(6):
____________________
6) Տե՛ս սույն որոշման 11-րդ կետը:
Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով ամբաստանյալ Ա.Անտոնյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը պետք է դադարեցնել` քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով:
19. Հիմք ընդունելով վերոնշյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վաղեմության ժամկետն անցնելու հիմքով Ա.Անտոնյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը չդադարեցնելով Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի խախտում, որն իր բնույթով հիմնարար է և հիմք է ստորադաս դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատական ակտը բեկանելու և փոփոխելու համար` դադարեցնելով Ա.Անտոնյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը` քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու պատճառաբանությամբ:
20. Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 21-րդ, 35-րդ, 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2016 թվականի դեկտեմբերի 12-ի դատավճիռն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2017 թվականի մայիսի 18-ի որոշումը բեկանել ու փոփոխել: Արթուր Միշայի Անտոնյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը դադարեցնել քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու պատճառաբանությամբ:
2. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2017 թվականի մայիսի 18-ի որոշումը մնացած մասով թողնել անփոփոխ:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` Լ. Թադևոսյան
Դատավորներ` Հ. Ասատրյան
Ս. Ավետիսյան
Ե. Դանիելյան
Ա. Պողոսյան
Ս. Օհանյան