Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 29...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 290-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 5-ՐԴ ՄԱՍԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    Հայաստանի Հանրապետության                         ԱՐԴ1/0003/11/16

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Գործ թիվ ԱՐԴ1/0003/11/16

Նախագահող դատավոր` Տ. Սահակյան

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ`            Լ. Թադևոսյանի

                   մասնակցությամբ` դատավորներ Հ. Ասատրյանի

                                              Ս. Ավետիսյանի

                                              Ե. Դանիելյանի

                                              Ա. Պողոսյանի

                                              Ս. Օհանյանի

                   քարտուղարությամբ`          Մ. Ավագյանի

                   մասնակցությամբ` դատախազ`   Ա. Հակոբյանի

 

    2019 թվականի փետրվարի 7-ին                            ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2018 թվականի հունվարի 31-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Հարությունյանի վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. ՀՀ ոստիկանության Վաղարշապատի բաժնի հետաքննիչ Ա.Բաբայանի` 2015 թվականի մարտի 27-ի որոշմամբ Ալետա Միսակյանի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է` Լյուդմիլա Շմավոնյանի արարքում հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:

Հետաքննության մարմնի նշված որոշման դեմ Ա.Միսակյանի ներկայացուցչի բողոքն Արմավիրի մարզի դատախազի` 2015 թվականի ապրիլի 10-ի որոշմամբ մերժվել է:

1.1 Վերը նշված որոշումների դեմ դիմողի ներկայացուցչի բողոքն Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2015 թվականի հուլիսի 16-ի որոշմամբ բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը 2015 թվականի սեպտեմբերի 23-ի որոշմամբ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2015 թվականի հուլիսի 16-ի որոշումը թողել է օրինական ուժի մեջ:

2. Արմավիրի մարզի դատախազի տեղակալի` 2015 թվականի հոկտեմբերի 12-ի որոշմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցվել է թիվ 57200615 քրեական գործը:

Նախաքննության մարմնի` 2015 թվականի դեկտեմբերի 25-ի որոշմամբ քրեական գործի վարույթը կարճվել է, և Լ.Շմավոնյանի ու Հ.Հավադյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, իսկ Ա.Միսակյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածով քրեական հետապնդում չի իրականացվել` հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:

Վերը նշված որոշման դեմ Ա.Միսակյանի ներկայացուցիչ Լ.Մանասերյանը բողոք է ներկայացրել Արմավիրի մարզի դատախազություն, որն Արմավիրի մարզի դատախազի` 2016 թվականի հունվարի 27-ի որոշմամբ մերժվել է:

3. Դիմողի ներկայացուցիչ Լ.Մանասերյանի բողոքի քննության արդյունքում Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան) 2017 թվականի նոյեմբերի 22-ի որոշմամբ բողոքը բավարարել է` պարտավորեցնելով վարույթն իրականացնող մարմնին վերացնել դիմող Ա.Միսակյանի իրավունքների և ազատությունների խախտումը:

4. Արմավիրի մարզի դատախազի տեղակալ Ա.Դոլինյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2018 թվականի հունվարի 31-ի որոշմամբ բողոքը մերժել է` Առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի նոյեմբերի 22-ի որոշումը թողնելով օրինական ուժի մեջ:

5. Վերը նշված որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Հարությունյանը, որը Վճռաբեկ դատարանի` 2018 թվականի հուլիսի 11-ի որոշմամբ ընդունվել է վարույթ:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

6. Քրեական գործի նախաքննության ընթացքում որպես վկա հարցաքննված Ալետա Միսակյանը ցուցմունք է տվել այն մասին, որ 2013 թվականի օգոստոս ամսին Լյուդմիլա Շմավոնյանի խնդրանքով` էժան գնով ավիատոմսեր գնելու և ավելի թանկ գնով վաճառելու նպատակով, իր տանը վերջինիս է տվել 5.000 ԱՄՆ դոլար գումար, իսկ հաջորդ օրը` Լ.Շմավոնյանին փոխանցելու նպատակով նրա ամուսնուն` Հ.Հավադյանին է տվել ևս 4.000 ԱՄՆ դոլար գումար(1):

___________________

1) Տե՛ս նյութեր, հատոր 1-ին, թերթեր 54-57:

 

6.1 Քրեական գործի նախաքննության ընթացքում որպես վկա հարցաքննված Լ.Շմավոնյանն իր ցուցմունքով հաստատել է Ա.Միսակյանից 9.000 ԱՄՆ դոլար գումար ստանալու հանգամանքը և նշել, որ դա եղել է ամսական 10 տոկոսով: Գումարային խնդիրներ ունենալու պատճառով չի կարողացել վճարել ո՛չ տոկոսը, ո՛չ էլ մայր գումարը: Ընդունել է, որ Ա.Միսակյանին պարտք է 9.000 ԱՄՆ դոլար գումար և խնդրել է իրեն տրամադրել ժամանակ այն վերադարձնելու նպատակով` միաժամանակ նշելով, որ նպատակ չի ունեցել Ա.Միսակյանից գումար հափշտակելու(2):

___________________

2) Տե՛ս նյութեր, հատոր 1-ին, թերթեր 64-67:

 

6.2. 2013 թվականի օգոստոսի 7-ի պարտավորագրի համաձայն` Լ.Շմավոնյանը պարտավորվել է Ա.Միսակյանից վերցված 9000 ԱՄՆ դոլարը վերադարձնել 2014 թվականի մայիսի 30-ին(3):

___________________

3) Տե՛ս նյութեր, հատոր 1-ին, թերթ 116:

 

6.3. Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2014 թվականի հոկտեմբերի 13-ի վճռով բավարարվել է Ա.Միսակյանի հայցն ընդդեմ Լ.Շմավոնյանի` վճռելով վերջինից հօգուտ Ա.Միսակյանի բռնագանձել 9.000 (ինը հազար) ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ` բռնագանձման օրվա հաշվարկային փոխարժեքով` որպես փոխառության գումար(4): Առաջին ատյանի դատարանի հիշյալ դատական ակտը մտել է օրինական ուժի մեջ:

___________________

4) Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթ 12:

 

7. Նախաքննության մարմնի` քրեական գործով վարույթը կարճելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշման համաձայն` «(...) Ձեռք չեն բերվել բավարար փաստական տվյալներ, որոնք հիմք կհանդիսանային ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածով քրեական հետապնդում իրականացնելու համար և սպառվել են նոր ապացույցներ ձեռք բերելու բոլոր հնարավորությունները:

(...) Ալետա Միսակյանի կողմից Լյուդմիլա Շմավոնյանին գումարը տալու հանգամանքի ապացուցման հիմնախնդիրը վերաբերում է մասնավոր իրավունքի ոլորտին, և այդ հարցով հանրային շահը չի գերակայում մասնավոր շահի նկատմամբ և նրանց միջև առկա վեճը ենթակա է լուծման քաղաքացիական իրավունքի նորմերին համապատասխան և քաղաքացիական դատավարության կարգով:

(...)

Քրեական գործով ձեռք բերված ապացույցներով հիմնավորված պետք է համարել, որ Ա.Միսակյանը ցանկանալով օգնել Լ.Շմավոնյանին պարտքով 9000 ԱՄՆ դոլար գումար է տվել: (...) Քրեական գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Լ.Շմավոնյանի արարքում խարդախության հանցակազմի սուբյեկտիվ կողմի առկայությունը հավաստող տվյալ (...) ձեռք չի բերվել (...) այն մասին, որ վերջինս դրսևորել է գույքի հափշտակման ուղղակի դիտավորություն և ունեցել է այն հափշտակելու նպատակ, ավելին` Լ.Շմավոնյանն ինչպես գործի քննության ընթացքում, այնպես էլ դատարանում քննվող քաղաքացիական գործով պարտավորվել է առաջին իսկ հնարավորության դեպքում վերադարձնել Ա.Միսակյանից վերցված գումարը: (...) Ա.Միսակյանի և Լ.Շմավոնյանի միջև առկա հարաբերությունները կրում են քաղաքացիաիրավական բնույթ և ենթակա են լուծման քաղաքացիական դատավարության կարգով: (...)»(5):

___________________

5) Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 286-290:

 

8. Առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի նոյեմբերի 22-ի որոշման համաձայն` «(...) Նախաքննության մարմինը` պատշաճ իրավական ընթացակարգի պահպանմամբ (...) պետք է վերսկսի, նորոգի քրեական գործի նախաքննությունը, հարցաքննի անձանց, ճշտի դիրքորոշումները, վերացնի գործի հանգամանքների բազմաթիվ և ակնհայտ հակասությունները, անհրաժեշտության դեպքում կատարի առերեսումներ: (...) Անձի` Ալետա Միսակյանի երաշխավորված իրավունքներն անտեսվել են, գերակայություն է տրվել հավաքված մի խումբ (...) ապացույցների, չի կարևորվել այն, որ անձի շարունակական, իրար հաջորդող ոչ իրավաչափ գործողություններն ինքնին ասում են իր (...) դիտավորության մասին, թե ինչին է այն ուղղված: Այդ են վկայում Լ.Շմավոնյանի կողմից դրսևորած տևական, խուսափողական, անորոշ, ոչ կոնկրետ, ձգձգվող վարքագիծը, պահվածքը` ողջ իրավահարաբերության ընթացքում և հետագայում:

(...) Ե՛վ քննիչի, և՛ դատախազի կողմից կայացված որոշումներով, խախտվել են բողոքաբեր (...) Ա.Միսակյանի իրավունքները և ազատությունները (...)»(6):

___________________

6) Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 321-322:

 

9. Վերաքննիչ դատարանի` 2018 թվականի հունվարի 31-ի որոշման համաձայն` «(...) Սույն գործով իրականացվել է թերի քննություն, իսկ դրա արդյունքում ձեռք բերված փաստական տվյալների միջև ծագած հակասությունները պարզելու ուղղությամբ վարույթն իրականացնող մարմինը որևէ քայլ չի ձեռնարկել: Այսպես`

1) Նախաքննական մարմինը չի պարզել, թե դիմող Ա.Միսակյանից վերցրած գումարն ինչ նպատակով է տնօրինել Լ.Շմավոնյանն, ավելին` որևէ գործողություն չի ձեռնարկել նրանց ցուցմունքներում առկա հակասությունները պարզելու կապակցությամբ, մասնավորապես դիմողը նշել էր, որ գումարը տվել է անտոկոս, իսկ Լ.Շմավոնյանը ցուցմունքներում նշել է հակառակը` գումարը տրվել է տոկոսով,

2) Դիմող Ա.Միսակյանն իր ցուցմունքներում հիշատակել էր «տետրի» մասին, որում նշված են եղել այն անձանց անուններն ում պետք է Լ.Շմավոնյանն արդեն իսկ դիմողից վերցրած գումարով գնած ավիատոմսերը (...) վաճառեր, այդ «տետրի» հայտնաբերման ուղղությամբ վարույթն իրականացնող մարմինը որևէ գործողություն չի ձեռնարկել,

3) Նախորդ կետում նշված հանգամանքը պարզելու կապակցությամբ նախաքննական մարմինը միջոցներ չի ձեռնարկել հարցաքննելու Լ.Շմավոնյանի հետ աշխատող մյուս անձանց, ավելին` աշխատավայրում խուզարկություն չի կատարել,

4) Վարույթն իրականացնող մարմինը միջոցներ չի ձեռնարկել պարզելու, թե ինչ նպատակով է Լ.Շմավոնյանը վաճառել իր բնակարանը:

(...) Վարույթն իրականացնող մարմինը չի ձեռնարկել բավարար միջոցներ պարզելու դեպքի իրական հանգամանքները և առանց բավարար հիմնավորումների հապճեպ կայացրել է որոշում` քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդում չիրականացնելու վերաբերյալ` հաշվի չառնելով, որ գործով սպառված չեն նոր ապացույցներ ձեռք բերելու հնարավորությունները (...)»(7):

___________________

7) Տե՛ս նյութեր, հատոր 2, թերթեր 38-49:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

10. Բողոքի հեղինակն արձանագրել է, որ Վերաքննիչ դատարանը, փաստելով, որ Առաջին ատյանի դատարանը կայացրել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածի պահանջներին անհամապատասխան դատական ակտ, որը հանգեցրել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածով նախատեսված դատավարական օրենքի էական խախտման, այդուհանդերձ այն թողել է օրինական ուժի մեջ:

Բողոքի հեղինակը նշել է, որ ստորադաս դատարանները դատական ակտեր կայացնելիս ճիշտ չեն մեկնաբանել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի հատկանիշները, անտեսել են Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումները:

10.1. Մասնավորապես, բողոք բերած անձը հայտնել է, որ Լ.Շմավոնյանն իրականում զբաղվել է ավիատոմսերի առուվաճառքով և նպատակ է ունեցել ավիատոմսերի առուվաճառքից ստացված եկամուտներով մարելու պարտքը, ինչից հետևում է, որ Լ.Շմավոնյանն ի սկզբանե դիտավորություն չի ունեցել հափշտակելու Ա.Միսակյանի գումարը և պարտավորվել է մարել պարտքը: Այսինքն, ըստ բողոքաբերի, կողմերի միջև հաստատվել են քաղաքացիաիրավական հարաբերություններ, ինչի մասին է վկայում նաև այն, որ Լ.Շմավոնյանը 5000 ԱՄՆ դոլար վերցնելու օրը որպես երաշխիք Ա.Միսակյանին է տվել ոսկյա զարդեր:

Բացի այդ, ըստ բողոքի հեղինակի, Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը դեռևս 2014 թվականի հոկտեմբերի 13-ի վճռով բավարարել է Ա.Միսակյանի հայցն ընդդեմ Լ.Շմավոնյանի` նշված 9000 ԱՄՆ դոլար գումարը բռնագանձելու վերաբերյալ, ինչով հաստատվել է Ա.Միսակյանի և Լ.Շմավոնյանի միջև ծագած իրավահարաբերությունների բնույթի քաղաքացիաիրավական լինելու հանգամանքը:

10.2 Բողոքաբերը նաև հայտնել է, որ Վերաքննիչ դատարանի այն հետևությունը, թե սույն գործով իրականացվել է թերի քննություն, իսկ դրա արդյունքում ձեռք բերված փաստական տվյալների միջև ծագած հակասությունները պարզելու ուղղությամբ վարույթն իրականացնող մարմինը որևէ քայլ չի ձեռնարկել, չի բխում գործի փաստական տվյալների ամբողջական և համակարգված վերլուծությունից:

11. Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը խնդրել է ամբողջությամբ բեկանել Առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի նոյեմբերի 22-ի որոշումը, այն օրինական ուժի մեջ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի` 2018 թվականի հունվարի 31-ի որոշումը և կայացնել նոր դատական ակտ` մերժելով Ա.Միսակյանի ներկայացուցիչ Լ.Մանասերյանի բողոքը:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

12. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավո՞ր են արդյոք դիմող Ա.Միսակյանի իրավունքների խախտման և վարույթն իրականացնող մարմնին այդ խախտումը վերացնելուն պարտավորեցնելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները:

13. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` «Բողոքը ճանաչելով հիմնավորված` դատավորը որոշում է կայացնում անձի իրավունքների և ազատությունների խախտումը վերացնելու` վարույթն իրականացնող մարմնի պարտականության մասին (...)»:

Վերոնշյալ իրավադրույթի կապակցությամբ Վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում է արտահայտել այն մասին, որ «(...) դատարանը մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնելու շրջանակներում ներկայացված բողոքը հիմնավորված ճանաչելու դեպքում իր դատական ակտում պետք է հստակ պատճառաբանի`

ա) վարույթն իրականացնող մարմնի կողմից քրեադատավարական օրենսդրության որ պահանջն է խախտվել և ինչում է այն դրսևորվել,

բ) դրա հետևանքով անձի որ իրավունքը կամ ազատությունն է խախտվել»(8):

___________________

8) Տե՛ս Մանվել և Լիդա Հովհաննիսյանների գործով Վճռաբեկ դատարանի` 2015 թվականի փետրվարի 27-ի թիվ ԱՐԱԴ/0001/11/14 որոշման 13-րդ կետը:

 

14. Քաղաքացիական իրավունքների ենթադրյալ խախտման դեպքերում քրեադատավարական կառուցակարգերի գործադրմամբ իրավական պաշտպանություն հայցելու հնարավորության կապակցությամբ Վճռաբեկ դատարանը կայուն նախադեպային իրավունք է ձևավորել այն մասին, որ քրեադատավարական ռեսուրսները չեն կարող օգտագործվել քաղաքացիական բնույթի իրավահարաբերությունները (վեճը) պարզելու և այդպիսի վեճի առարկան կազմող իրավաբանական փաստերը հաստատելու ուղղությամբ: Վերջինս պայմանավորված է համապատասխան փաստերը հաստատելու քաղաքացիադատավարական կանոնների` քրեադատավարական կանոններից սկզբունքային տարբերությամբ և դրանք մեկը մյուսով փոխարինելու անթույլատրելիությամբ: Այսպես, եթե քաղաքացիաիրավական հարաբերության հենքը վերաբերում է կարգավորիչ գործառույթ իրականացնող իրավունքի ճյուղին, ապա քրեական իրավունքը և դատավարությունը, մարմնավորելով իրավունքի պահպանիչ գործառույթը, իրենց բնույթով ածանցյալ են իրավունքի տվյալ ճյուղերից, մասնավորապես` քաղաքացիական իրավունքից և դատավարությունից: ՈՒստի, ներգործության քրեաիրավական և քրեադատավարական միջոցները չպետք է այնպիսին լինեն, որ խաթարեն քաղաքացիաիրավական ու քաղաքացիադատավարական հարաբերությունների ներքին տրամաբանությունը, անորոշություն ու անկանխատեսելիություն ստեղծեն քաղաքացիաիրավական շրջանառության մեջ: Հակառակ պարագայում կարող է առաջանալ իրավիճակ, երբ նույն փաստի վերաբերյալ առկա լինեն քաղաքացիական դատավարության կարգով և քրեական դատավարության կարգով կայացված օրինական ուժի մեջ մտած իրար հակասող դատական ակտեր, ինչն անթույլատրելի է, քանի որ իրավական որոշակիության սկզբունքի տեսանկյունից եթե դատարանները վերջնականապես որոշել են որևէ հարց, նրանց որոշումը չպետք է կասկածի տակ դրվի(9):

___________________

9) Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Լիա Ավետիսյանի վերաբերյալ թիվ ԵԿԴ/0176/01/09 գործով 2011 թվականի փետրվարի 29-ի որոշման 30-րդ կետը, Վարդան Մաթևոսյանի վերաբերյալ թիվ ԵՇԴ/0037/01/11 գործով 2012 թվականի հունիսի 8-ի որոշման 25-27-րդ կետերը, Ռուդիկ Բալասանյանի վերաբերյալ թիվ ԵԿԴ/0199/01/13 գործով 2014 թվականի դեկտեմբերի 16-ի որոշման 17-րդ կետը:

 

14.1. Վերահաստատելով նախորդ կետում վկայակոչված իրավական դիրքորոշումները` Տատյանա Բելյավցևայի և Շահեն Գևորգյանի վերաբերյալ գործով Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ քրեադատավարական իրավահարաբերություններում իրավական պաշտպանություն հայցելու մեխանիզմները չեն կարող օգտագործվել այն դեպքերում, երբ պաշտպանության առարկան կազմող իրավահարաբերություններն իրենց բնույթով ենթակա են կարգավորման քաղաքացիական իրավանորմերի գործադրման արդյունքում: Այլ կերպ` քրեադատավարական կառուցակարգերը, այդ թվում` վերջնական որոշումների օրինականության նկատմամբ հետագա դատական վերահսկողությունը, չեն կարող կիրառվել քաղաքացիական իրավունքների ենթադրյալ խախտումները վերացնելու ուղղությամբ(10):

___________________

10) Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Տատյանա Բելյավցևայի և Շահեն Գևորգյանի վերաբերյալ 2017 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ ԵԱՆԴ/0025/11/16 գործով որոշման 12.1-րդ կետը:

 

15. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ նախաքննության մարմինը դիմող Ա.Միսակյանի հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործի վարույթը կարճել է և քրեական հետապնդում չի իրականացրել այն պատճառաբանությամբ, որ Ա.Միսակյանի և Լ.Շմավոնյանի միջև առկա վեճը ենթակա է լուծման քաղաքացիական իրավունքի նորմերին համապատասխան և քաղաքացիական դատավարության կարգով(11):

___________________

11) Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 286-290:

 

Վերոնշյալ որոշման դեմ ներկայացված բողոքն Առաջին ատյանի դատարանը ճանաչել է հիմնավորված` պարտավորեցնելով վարույթն իրականացնող մարմնին վերացնել դիմող Ա.Միսակյանի իրավունքների և ազատությունների խախտումը(12):

___________________

12) Տե՛ս սույն որոշման 6-րդ կետը:

 

Վերաքննիչ դատարանն Առաջին ատյանի դատարանի որոշումը թողել է օրինական ուժի մեջ` արձանագրելով, որ սույն գործով իրականացվել է թերի քննություն, իսկ դրա արդյունքում ձեռք բերված փաստական տվյալների միջև ծագած հակասությունները պարզելու ուղղությամբ վարույթն իրականացնող մարմինը որևէ քայլ չի ձեռնարկել(13):

___________________

13) Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:

 

16. Նախորդ կետում մեջբերված փաստական տվյալները գնահատելով սույն որոշման 13-14.1-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները բավարարել են դիմողի ներկայացուցչի բողոքը և վարույթն իրականացնող մարմնին պարտավորեցրել վերացնել դիմողի իրավունքների ենթադրյալ խախտումները, առանց պատշաճ իրավական գնահատականի արժանացնելու այն, որ վիճարկվող որոշումների դեմ ներկայացված բողոքով հայցվող իրավական պաշտպանության առարկան կազմում են բացառապես քաղաքացիական իրավանորմերի գործադրմամբ լուծման ենթակա և այդ ընթացակարգերով արդեն իսկ քննարկված հարցերը:

Այսպես` ստորադաս դատարանները հաշվի չեն առել այն, որ Ա.Միսակյանի և Լ.Շմավոնյանի միջև ծագած իրավահարաբերություններն իրենց բնույթով քաղաքացիական են, ձևավորվել են կողմերի փոխադարձ կամահայտնության հիման վրա: Ընդ որում, այդ մասին հայտնել է հենց Ա.Միսակյանը նախաքննության ընթացքում որպես վկա տված իր ցուցմունքում` նշելով, որ ինքը, հավատալով Լ.Շմավոնյանին, նույն օրն իր տանը նրան է տվել 5.000 ԱՄՆ դոլար գումար, իսկ հաջորդ օրը` Լ.Շմավոնյանին փոխանցելու նպատակով նրա ամուսնուն` Հ.Հավադյանին է տվել ևս 4.000 ԱՄՆ դոլար գումար(14): Բացի այդ, Լ.Շմավոնյանն էլ իր հերթին նախաքննության ընթացքում որպես վկա տված ցուցմունքով հաստատել է, որ Ա.Միսակյանին պարտք է 9.000 ԱՄՆ դոլար գումար, սակայն գումարային խնդիրների պատճառով չի կարողացել վճարել ո՛չ մայր գումարը, ո՛չ էլ դրա տոկոսը(15):

___________________

14) Տե՛ս սույն որոշման 6-րդ կետը:

15) Տե՛ս սույն որոշման 6.1-րդ կետը:

 

Ավելին` հարկ է նշել, որ կողմերի միջև ձևավորված քաղաքացիական իրավահարաբերության փաստը հաստատվել է նաև 2013 թվականի օգոստոսի 7-ի պարտավորագրով, որի համաձայն` Լ.Շմավոնյանը պարտավորվել է Ա.Միսակյանից վերցված 9000 ԱՄՆ դոլարը վերադարձնել 2014 թվականի մայիսի 30-ին(16):

___________________

16) Տե՛ս սույն որոշման 6.2-րդ կետը:

 

Այսինքն` վերոնշյալ հանգամանքների համակցությունը վկայում է, որ Ա.Միսակյանի և Լ.Շմավոնյանի միջև ձևավորված իրավահարաբերությունները կրում են բացառապես քաղաքացիական բնույթ, սակայն ստորադաս դատարանները պատշաճ գնահատման չեն ենթարկել վերոնշյալ փաստական տվյալները, ավելին` մատնանշել են վարույթն իրականացնող մարմնի կողմից պարզման ենթակա հանգամանքներ, որոնք իրավահարաբերության քաղաքացիաիրավական բնույթի պայմաններում գործի համար էական նշանակություն ունենալ չեն կարող: Բացի այդ, ստորադաս դատարանների կողմից ուշադրության չի արժանացվել այն հանգամանքը, որ, ըստ էության, նշված փաստական հանգամանքների վերաբերյալ առկա է քաղաքացիական օրենսդրության պահանջներին համապատասխան կայացված և օրինական ուժի մեջ մտած դատական ակտ(17):

___________________

17) Տե՛ս սույն որոշման 6.3-րդ կետը:

 

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը, հաշվի առնելով վեճի առարկա իրավահարաբերության քաղաքացիաիրավական բնույթը, գտնում է, որ վարույթն իրականացնող մարմինը պատշաճ քննություն է կատարել Ա.Միսակյանի հաղորդման առթիվ, և կայացված որոշումներով չեն խախտվել դիմողի իրավունքները:

Հետևաբար Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ դիմող Ա.Միսակյանի իրավունքների խախտման և վարույթն իրականացնող մարմնին այդ խախտումը վերացնելուն պարտավորեցնելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները հիմնավոր չեն:

17. Վերոգրյալի հետ մեկտեղ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նշել, որ Վերաքննիչ դատարանի դատական ակտի ուսումնասիրությունից երևում է, որ դրա նկարագրական-պատճառաբանական մասում Վերաքննիչ դատարանը, հանգելով հետևության այն մասին, որ դատախազի վերաքննիչ բողոքը պետք է բավարարել, դատական ակտի եզրափակիչ մասում արձանագրել է, որ Առաջին ատյանի դատարանի որոշումը պետք է թողնել օրինական ուժի մեջ, իսկ դատախազի վերաքննիչ բողոքը` մերժել: Բացի այդ, դատական ակտի նկարագրական-պատճառաբանական մասում Վերաքննիչ դատարանն արձանագրելով, որ Առաջին ատյանի դատարանի կողմից կայացվել է բավարար չափով պատճառաբանված դատական ակտ, միաժամանակ եզրահանգել է, որ թեև Առաջին ատյանի դատարանը կայացրել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածի պահանջներին անհամապատասխան դատական ակտ, այնուամենայնիվ ճիշտ է կանխորոշել գործի ելքը(18):

___________________

18) Տե՛ս նյութեր, հատոր 2, թերթեր 38-49:

 

Վերոնշյալ մեջբերումների լույսի ներքո Վճռաբեկ դատարանը, վերահաստատելով իր նախադեպային որոշումներում արտահայտված դիրքորոշումներն այն մասին, որ դատական ակտի տարբեր կառուցվածքային մասերում (ներածական, նկարագրական-պատճառաբանական, եզրափակիչ) արտացոլված տեղեկատվությունը պետք է ունենա ներքին միասնություն և տրամաբանական կապ(19), փաստում է, որ Վերաքննիչ դատարանի դատական ակտի տարբեր մասերում առկա հակասությունների պայմաններում այն չի համապատասխանում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածի պահանջներին:

___________________

19) Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Գեղամ Ղազարյանի գործով 2012 թվականի մարտի 30-ի թիվ ԱՐԴ/0121/01/11 որոշման 19-20-րդ կետերը, Աննա Հարությունյանի գործով 2012 թվականի նոյեմբերի 1-ի թիվ ԵՇԴ/0110/01/11 որոշման 14-րդ կետը:

 

18. Ամփոփելով վերոշարադրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանները դատական ակտեր կայացնելիս թույլ են տվել քրեադատավարական օրենքի խախտումներ, որոնք էական են, քանի որ ազդել են գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, ինչը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի հիման վրա, Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի նոյեմբերի 22-ի որոշումը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2018 թվականի հունվարի 31-ի որոշումը բեկանելու հիմք է: Միևնույն ժամանակ, հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դիմող Ա.Միսակյանի ներկայացուցիչ Լ.Մանասերյանի բողոքը պետք է մերժել:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի նոյեմբերի 22-ի և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2018 թվականի հունվարի 31-ի որոշումները բեկանել և դիմող Ալետա Միսակյանի ներկայացուցիչ Լ.Մանասերյանի բողոքը մերժել:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող Լ. Թադևոսյան

Դատավորներ` Հ. Ասատրյան

Ս. Ավետիսյան

Ե. Դանիելյան

Ա. Պողոսյան

Ս. Օհանյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
07.02.2019
N ԱՐԴ1/0003/11/16
Որոշում