Սեղմել Esc փակելու համար:
ԱՐԴՅՈ՞Ք ՀԱՄԱՆԵՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՆ ԱՄԲԱՍ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԱՐԴՅՈ՞Ք ՀԱՄԱՆԵՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՆ ԱՄԲԱՍՏԱՆՅԱԼԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 242-Ր ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    Հայաստանի Հանրապետության                         ԵԱՆԴ/0054/01/16

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Գործ թիվ ԵԱՆԴ/0054/01/16

Նախագահող դատավոր` Մ. Պապոյան

    Դատավորներ`        Ռ. Բարսեղյան

                       Ա. Մնացականյան

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ`             Լ. Թադևոսյանի

                   մասնակցությամբ` դատավորներ  Հ. Ասատրյանի

                                               Ս. Ավետիսյանի

                                               Ե. Դանիելյանի

                                               Ա. Պողոսյանի

                                               Ս. Օհանյանի

 

                   քարտուղարությամբ`           Մ. Ավագյանի

                   մասնակցությամբ` ամբաստանյալ Ս. Հարությունյանի

 

    2019 թվականի փետրվարի 7-ին                            ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2018 թվականի մարտի 13-ի որոշման դեմ ամբաստանյալ Արսեն Հենրիկի Հարությունյանի պաշտպան Ա.Հոբոսյանի վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2015 թվականի սեպտեմբերի 6-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 60110115 քրեական գործը:

Նախաքննության մարմնի` 2016 թվականի հոկտեմբերի 12-ի որոշմամբ Արսեն Հարությունյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով:

Նախաքննության մարմնի` նույն օրվա մեկ այլ որոշմամբ Ա.Հարությունյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

2016 թվականի հոկտեմբերի 18-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան):

2. Առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի նոյեմբերի 3-ի դատավճռով Արսեն Հարությունյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով, և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում` 2 (երկու) տարի ժամկետով` տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկելով` 2 (երկու) տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ` ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել, և սահմանվել է փորձաշրջան` 2 (երկու) տարի ժամկետով:

3. Ամբաստանյալ Ա.Հարությունյանի պաշտպան Ա.Հոբոսյանի և մեղադրող Գ.Գևորգյանի վերաքննիչ բողոքների քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2018 թվականի մարտի 13-ի որոշմամբ պաշտպանի վերաքննիչ բողոքը մերժել է, իսկ մեղադրողի վերաքննիչ բողոքը բավարարել է մասնակիորեն, Առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի նոյեմբերի 3-ի դատավճիռը` ամբաստանյալ Ա.Հարությունյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու մասով, բեկանել է, պատիժը պայմանականորեն չկիրառելը վերացրել` թողնելով կրելու ազատազրկում` 2 (երկու) տարի ժամկետով: Դատավճիռը մնացած մասով թողնվել է անփոփոխ:

4. Վերաքննիչ դատարանի` 2018 թվականի մարտի 13-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ամբաստանյալ Ա.Հարությունյանի պաշտպան Ա.Հոբոսյանը, որը Վճռաբեկ դատարանի` 2018 թվականի հուլիսի 13-ի որոշմամբ ընդունվել է վարույթ:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

5. 2019 թվականի հունվարի 9-ին Վճռաբեկ դատարանում ստացվել է ամբաստանյալ Ա.Հարությունյանի դիմումը` իր նկատմամբ «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» 2018 թվականի նոյեմբերի 1-ի ՀՀ օրենքը (այսուհետ` նաև Համաներման մասին օրենք) կիրառելու խնդրանքով(1):

___________________

1) Տե՛ս քրեական գործ, հատոր 3-րդ, թերթ 137:

 

6. 2019 թվականի հունվարի 11-ին Վճռաբեկ դատարանում ստացվել է տուժողի իրավահաջորդ Ս.Հայրիկյանի դիմումը, որով վերջինս իր համաձայնությունն է հայտնել Ա.Հարությունյանի նկատմամբ Համաներման մասին օրենքը կիրառելուն(2):

___________________

2) Տե՛ս քրեական գործ, հատոր 3-րդ, թերթ 139:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

7. Ա.Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով այն բանի համար, որ. «(...) Նա 2015թ. սեպտեմբերի 6-ին, ժամը 20.10-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի 34 PA 222 հ/հ ավտոմեքենան վարել է Երևան քաղաքի Մոլդովական փողոցի կողմից` Բագրևանդ փողոցով դեպի Քոչինյան փողոցի կողմը, մոտ 60-70 կմ/ժամ արագությամբ, ձախ կողային մասը 60-70 սմ հեռավորությամբ գտնվելով հանդիպակաց ուղեմասում: Հասնելով Բագրևանդ փողոցի թիվ 20 հասցեի դիմաց` թույլ է տվել ՃԵԿ-ի 129 կետի պահանջին հակասող գործողություններ, այն է` իր երթևեկության համար վտանգ առաջանալու, հանդիպակաց ուղղությամբ ընթացող ավտոմեքենայի հեռահար լույսերից շլանալու պահից սկսած, չփոխելով երթևեկության գոտին, ժամանակին կատարած արգելակումով չի կանգնեցրել ավտոմեքենան մինչև վրաերթի տեղին հասնելը, այլ` շլացած վիճակում շարունակել է երթևեկությունը, շլացումն ավարտվելուց հետո տեսնելով հետիոտնի ձեռքին գտնվող ծառի ճյուղը, աջ է մանևրել, ինքն իրեն զրկել է վրաերթը կանխելու տեխնիկական հնարավորությունից, որի հետևանքով ավտոմեքենայի առջևի աջ մասով վրաերթի է ենթարկել իր ընթացքի ուղղությամբ ճանապարհը աջից դեպի ձախ հատող հետիոտն Ամալիկ Գեղամի Հայրիկյանին և անզգուշությամբ նրան պատճառել է մահ (...)»(3):

___________________

3) Տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթ 185:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը բերվել է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

8. Բողոքի հեղինակը գտել է, որ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ, այն է` խախտել է ՀՀ քրեական օրենսգրքի 3-րդ, 4-րդ, 5-րդ, 9-րդ, 70-րդ հոդվածների և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 7-րդ, 8-րդ, 17-րդ, 18-րդ, 25-րդ, 124-127-րդ և 358-րդ հոդվածների պահանջները, որոնք ազդել են գործի ելքի վրա և հանգեցրել օրենքի պահանջներին չհամապատասխանող դատական ակտ կայացնելուն:

Ի հիմնավորումն վերոնշյալի` բողոք բերած անձը նշել է, որ Վերաքննիչ դատարանը, անտեսելով քրեական ու քրեադատավարական նորմերի խախտումները, ինչպես նաև Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումները, բավարար ու օրենքով ձեռքբերված ապացույցներով չի պարզել Ա.Հարությունյանի մեղավորությունն առաջադրված մեղադրանքում: Բողոքաբերի պնդմամբ Ա.Հարությունյանը գիտակցաբար ՃԵԿ-ի խախտում թույլ չի տվել, կոնկրետ իրադրությունում վրաերթի վտանգ չի նկատել, և նրա համար ակնհայտ չի եղել իր երթևեկության ու տուժողին վնաս պատճառելու միջև պատճառական կապի զարգացման հավանականությունը: Բողոքաբերը նաև կասկածի տակ է դրել գործով ձեռքբերված թիվ 161ա-16 դատաավտոտեխնիկական փորձաքննության եզրակացությունը և նշել, որ Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ չի անդրադարձել պաշտպանական կողմի` նոր ելակետային տվյալների հիման վրա կրկնակի դատաավտոտեխնիկական փորձաքննություն նշանակելու մասին միջնորդությանը:

8.1 Բողոքաբերը նշել է նաև, որ Վերաքննիչ դատարանը նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելը վերացնելիս հաշվի չի առել ամբաստանյալի անձը բնութագրող, նրա պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող բազմաթիվ հանգամանքների առկայությունը, ինչպես նաև պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայությունը:

9. Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը խնդրել է ամբողջությամբ բեկանել Վերաքննիչ դատարանի դատական ակտը և գործն ուղարկել համապատասխան ստորադաս դատարան` նոր քննության կամ բեկանել Վերաքննիչ դատարանի որոշումը և օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի դատավճռին:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

10. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով բողոքաբերի կողմից ըստ էության բարձրացվել է երկու իրավական հարց` վերաբերող ամբաստանյալի մեղավորությանը և նրա նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելուն: Սակայն, հիմք ընդունելով Համաներման մասին օրենքի կիրառման վերաբերյալ ամբաստանյալ Ա.Հարությունյանի` Վճռաբեկ դատարան ներկայացրած համաձայնությունը, ինչպես նաև դատական վերանայման սահմաններով կաշկանդված չլինելու հիմքերի վերաբերյալ Մ.Էլոյանի և այլոց վերաբերյալ գործով Վճռաբեկ դատարանի ձևավորած իրավական դիրքորոշումները(4)` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է դուրս գալ վճռաբեկ բողոքարկման սահմաններից:

___________________

4) Տե՛ս Մ.Էլոյանի և մյուսների վերաբերյալ գործով Վճռաբեկ դատարանի` 2011 թվականի հուլիսի 13-ի թիվ ԵԿԴ/0211/01/10 որոշման 13-14-րդ կետերը:

 

10.1 Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. արդյո՞ք Համաներման մասին օրենքն ամբաստանյալ Ա.Հարությունյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով քրեական հետապնդումը բացառող հանգամանք է:

11. ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Ավտոմոբիլի կամ մեխանիկական այլ տրանսպորտային միջոցի վարորդի կողմից ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ`

պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը հինգ տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի համաձայն` «1.Քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե`

(...)

13) ընդունվել է համաներման մասին օրենք:

(...)

5. Դատարանը, հայտնաբերելով քրեական հետապնդումը բացառող հանգամանքներ, լուծում է ամբաստանյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու հարցը:

6. Սույն հոդվածի առաջին մասի (...) 13-րդ կետում նշված հիմքով գործի վարույթի կարճում և քրեական հետապնդման դադարեցում չի թույլատրվում, եթե դրա դեմ առարկում է մեղադրյալը: Այս դեպքում գործի վարույթը շարունակվում է սովորական կարգով»:

Համաներման մասին օրենքի 2-րդ հոդվածի 5-րդ մասի 3-րդ կետի համաձայն` «Քրեական գործի հարուցումը մերժել, հարուցված քրեական գործը կարճել, ինչպես նաև դադարեցնել քրեական հետապնդումը կամ չիրականացնել քրեական հետապնդում 2018 թվականի հոկտեմբերի 21-ը ներառյալ կատարած հանցագործությունների դեպքերով (բացառությամբ անմիջականորեն մարդու մահվան հանգեցրած դեպքերի, որոնցով առկա է տուժողի իրավահաջորդի առարկությունը), որոնցով`

(...) անձինք կարող են մեղադրվել կամ մեղադրվում են անզգուշությամբ հանցագործություն կատարելու մեջ, որոնց համար նախատեսված է պատիժ` ոչ ավելի, քան վեց տարի ժամկետով ազատազրկում»:

Համաներման մասին օրենքի 4-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն` «Սույն օրենքի կատարումը վերապահել`

(...)

3) Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանին` այն անձանց նկատմամբ, որոնց վերաբերյալ գործերով վճռաբեկ բողոքներն ընդունվել են Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարույթ (...)»:

12. Համաներման մասին օրենքի ընդունման` որպես քրեական հետապնդումը բացառող հանգամանքի վերաբերյալ Վճռաբեկ դատարանը Թադևոս Գևորգյանի գործով արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը. «(...) Համաներման ակտի ընդունումը քրեական դատավարության ցանկացած փուլում բացառում է քրեական գործի վարույթը: Համաներման ակտի ընդունման հիմքով քրեական գործի վարույթը կարճելու` վարույթն իրականացնող մարմնի վերոնշյալ պարտականությունը, սակայն, որոշակի վերապահում ունի, մասնավորապես` համաներման ակտի ընդունման հիմքով քրեական գործի վարույթը ենթակա է կարճման այն դեպքում, երբ մեղադրյալը դրա դեմ չի առարկում:

Հիմք ընդունելով վերոշարադրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, (...) որ համաներման ակտի ընդունման հիմքով քրեական գործ չհարուցելու, քրեական հետապնդում չիրականացնելու և հարուցված քրեական գործը կարճելու` վարույթն իրականացնող մարմնի լիազորության իրականացման համար անհրաժեշտ իմպերատիվ պահանջ է հանդիսանում անձի համաձայնությունը: Համաներման ակտի կիրառման հիմքով քրեական գործի վարույթը կարճելու դեպքում անձի համաձայնությունը հանդիսանում է վերջինիս իրավունքների և օրինական շահերի պաշտպանության լրացուցիչ երաշխիք և կապված է բացառապես իր նկատմամբ համաներման ակտ կիրառելու կամ չկիրառելու վերաբերյալ անձի ցանկության հետ: Հետևաբար, համաներման ակտի ընդունման հիմքով քրեական գործի վարույթը կարճելու` վարույթն իրականացնող մարմնի պարտականությունն ենթադրում է, որ վերջինս յուրաքանչյուր դեպքում պարտավոր է քննարկման առարկա դարձնել համաներման ակտի կիրառման հարցը, սակայն բոլոր այն դեպքերում, երբ ամբաստանյալը համաձայն չէ համաներման ակտի կիրառման հետ, պարտավոր է բացառել դրա կիրառումը:

Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ իր նկատմամբ համաներման ակտի կիրառման դեպքում անձի համաձայնությունը վերաբերում է բացառապես նշված ակտի կիրառմանը, և դրա բացակայության դեպքում գործի վարույթը շարունակվում է ընդհանուր կանոններով` հնարավորություն տալով անձին հասնելու ամբողջական «ռեաբիլիտացիայի»: Հետևաբար, Համաներման ակտի կիրառմամբ քրեական գործի վարույթի կարճման հնարավորության դեպքում որևէ այլ, այդ թվում` անձի կողմից հանցանք կատարելն ընդունելու կամ չընդունելու հիմքով համաներման ակտի չկիրառումը հանդիսանում է անձի իրավունքների խախտում (...)»(5):

___________________

5) Տե՛ս Թադևոս Գևորգյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2012 թվականի օգոստոսի 24-ի թիվ ԼԴ/0203/01/11 որոշման 16-18-րդ կետերը:

 

12.1 Վերահաստատելով նախորդ կետում մեջբերված իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ այն դեպքում, երբ համաներման մասին օրենքն ընդունվում է գործը դատական քննության փուլում գտնվելու ժամանակահատվածում, այդ հիմքով անձի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու հարցը լուծելու պարտականությունը կրում է դատարանը: Ընդ որում, դատական քննությունը ենթադրում է վարույթն ինչպես առաջին ատյանի, այնպես էլ վերաքննիչ ու վճռաբեկ դատարաններում: Մասնավորապես, այն դեպքում, երբ ամբաստանյալը համաձայն է, որ իր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվի համաներման մասին օրենքի ընդունման հիմքով, և առկա են նաև այդ հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու համար անհրաժեշտ օրենքով նախատեսված վավերապայմանները, ապա դատարանը, կաշկանդված չլինելով բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններով, պարտավոր է անձի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել:

13. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Ա.Հարությունյանին ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-ին մասով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2015 թվականի սեպտեմբերի 6-ին` ժամը 20:10-ի սահմաններում, Բագրևանդ փողոցի թիվ 20 հասցեի դիմաց թույլ է տվել ՃԵԿ-ի 129-րդ կետի պահանջին հակասող գործողություններ, այն է` իր երթևեկության համար վտանգ առաջանալու, հանդիպակաց ուղղությամբ ընթացող ավտոմեքենայի հեռահար լույսերից շլանալու պահից սկսած, չփոխելով երթևեկության գոտին, ժամանակին կատարած արգելակումով չի կանգնեցրել ավտոմեքենան մինչև վրաերթի տեղին հասնելը, այլ` շլացած վիճակում շարունակել է երթևեկությունը, շլացումն ավարտվելուց հետո տեսնելով հետիոտնի ձեռքին գտնվող ծառի ճյուղը, աջ է մանևրել, ինքն իրեն զրկել է վրաերթը կանխելու տեխնիկական հնարավորությունից, որի հետևանքով ավտոմեքենայի առջևի աջ մասով վրաերթի է ենթարկել իր ընթացքի ուղղությամբ ճանապարհն աջից դեպի ձախ հատող հետիոտն Ա.Հայրիկյանին և անզգուշությամբ նրան պատճառել է մահ(6):

___________________

6) Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:

 

Առաջին ատյանի դատարանի դատավճռով Ա.Հարությունյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով առաջադրված մեղադրանքում, և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում` 2 (երկու) տարի ժամկետով` տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկելով` 2 (երկու) տարի ժամկետով: Ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել, և սահմանվել է փորձաշրջան` 2 (երկու) տարի ժամկետով(7):

___________________

7) Տե՛ս սույն որոշման 2-րդ կետը:

 

Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ Առաջին ատյանի դատարանի դատավճիռը` ամբաստանյալ Ա.Հարությունյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու մասով, բեկանել է, վերացրել այն` թողնելով կրելու ազատազրկում` 2 (երկու) տարի ժամկետով(8):

___________________

8) Տե՛ս սույն որոշման 3-րդ կետը:

 

Վճռաբեկ բողոք ներկայացնելուց հետո Վճռաբեկ դատարանում ստացվել է ամբաստանյալ Ա.Հարությունյանի դիմումը` իր նկատմամբ Համաներման մասին օրենքը կիրառելու խնդրանքով(9), ինչպես նաև այդ կապակցությամբ իր համաձայնությունը հայտնելու վերաբերյալ տուժողի իրավահաջորդ Ս.Հայրիկյանի դիմումը(10):

___________________

9) Տե՛ս սույն որոշման 5-րդ կետը:

10) Տե՛ս սույն որոշման 6-րդ կետը:

 

14. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 11-12.1-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ`

ա) ամբաստանյալ Ա.Հարությունյանը մեղադրվում է 2015 թվականի սեպտեմբերի 6-ին կատարված հանցագործության մեջ,

բ) ամբաստանյալ Ա.Հարությունյանին ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով մեղսագրվում է անզգուշությամբ կատարված հանցագործություն, որի համար որպես պատիժ է նախատեսված ազատազրկում` առավելագույնը հինգ տարի ժամկետով,

գ) թեև ամբաստանյալ Ա.Հարությունյանի պաշտպան Ա.Հոբոսյանն իր վճռաբեկ բողոքով ըստ էության վիճարկել է նաև ամբաստանյալի մեղավորությունը և խնդրել բեկանել Վերաքննիչ դատարանի դատական ակտն ու գործն ուղարկել ստորադաս դատարան` նոր քննության, սակայն վճռաբեկ բողոք բերելուց հետո ամբաստանյալ Ա.Հարությունյանը համաձայնություն է հայտնել իր նկատմամբ Համաներման մասին օրենքի կիրառմանը,

դ) առկա է տուժողի իրավահաջորդ Ս.Հայրիկյանի համաձայնությունը` ամբաստանյալ Ա.Հարությունյանի նկատմամբ Համաներման մասին օրենքի կիրառմանը:

Այսինքն` վերը նշված հանգամանքների համակցությունից հետևում է, որ Ա.Հարությունյանը մեղադրվում է անզգուշությամբ հանցագործություն կատարելու մեջ, որը տեղի է ունեցել մինչև 2018 թվականի հոկտեմբերի 21-ը, և որի համար նախատեսված պատիժը չի գերազանցում վեց տարի ժամկետով ազատազրկումը, ամբաստանյալը և տուժողի իրավահաջորդը համաձայն են և չեն առարկում Համաներման մասին օրենքի կիրառմանը: Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ առկա են ամբաստանյալ Ա.Հարությունյանի նկատմամբ Համաներման մասին օրենքի կիրառման անհրաժեշտ վավերապայմանները: Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ քրեական գործի նյութերում բացակայում է Համաներման մասին օրենքն ամբաստանյալ Ա.Հարությունյանի նկատմամբ կիրառելուն խոչընդոտող որևէ հանգամանք:

Հետևաբար Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ Համաներման մասին օրենքն ամբաստանյալ Ա.Հարությունյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով քրեական հետապնդումը բացառող հանգամանք է:

15. Ամփոփելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Ա.Հարությունյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման, իսկ գործի վարույթը` կարճման` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետի, այն է` համաներման մասին օրենքի ընդունման հիմքով:

16. Վերոշարադրյալը Վճռաբեկ դատարանին հիմք է տալիս ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի հիման վրա բեկանելու Առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի նոյեմբերի 3-ի և Վերաքննիչ դատարանի` 2018 թվականի մարտի 13-ի դատական ակտերը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետով ամբաստանյալ Ա.Հարությունյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով քրեական հետապնդումը դադարեցնելու և գործի վարույթը կարճելու:

Վճռաբեկ դատարանը գտնում է նաև, որ ամբաստանյալ Ա.Հարությունյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված չհեռանալու մասին ստորագրությունը ենթակա է վերացման:

17. Նշված պայմաններում Վճռաբեկ դատարանը չի անդրադառնում ամբաստանյալ Ա.Հարությունյանի պաշտպան Ա.Հոբոսյանի` սույն որոշման 8-րդ և 8.1-րդ կետերում բարձրացված փաստարկներին:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 35-րդ, 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Ամբաստանյալ Արսեն Հենրիկի Հարությունյանի վերաբերյալ Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի նոյեմբերի 3-ի դատավճիռը և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2018 թվականի մարտի 13-ի որոշումը բեկանել:

2. «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» 2018 թվականի նոյեմբերի 1-ի ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 5-րդ մասի 3-րդ կետի հիման վրա Արսեն Հենրիկի Հարությունյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով քրեական հետապնդումը դադարեցնել և քրեական գործի վարույթը կարճել:

3. Արսեն Հենրիկի Հարությունյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը վերացնել:

Քրեական գործով իրեղեն ապացույց ճանաչված և ամբաստանյալ Ա.Հարությունյանին ի պահ հանձնված «Մերսեդես-Բենց» մակնիշի 34 PA 222 հ/հ ավտոմեքենան թողնել վերջինիս տնօրինմանը, իսկ տուժող Ա.Հայրիկյանի հագուստներն ու կոշիկները` ոչնչացնել:

4. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Լ. Թադևոսյան

Դատավորներ` Հ. Ասատրյան

Ս. Ավետիսյան

Ե. Դանիելյան

Ա. Պողոսյան

Ս. Օհանյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
07.02.2019
N ԵԱՆԴ/0054/01/16
Որոշում