Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 75-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 75-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

     Հայաստանի Հանրապետության                        ԵԱԴԴ/0002/01/17

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Գործ թիվ ԵԱԴԴ/0002/01/17

Նախագահող դատավոր` Տ. Սիմոնյան

     Դատավորներ`        Ա. Ազարյան

                        Ն. Հովակիմյան

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

 

                   նախագահությամբ`            Լ. Թադևոսյանի

                   մասնակցությամբ` դատավորներ Հ. Ասատրյանի

                                              Ս. Ավետիսյանի

                                              Ե. Դանիելյանի

                                              Ա. Պողոսյանի

                                              Ս. Օհանյանի

                   քարտուղարությամբ`          Մ. Ավագյանի

                   մասնակցությամբ` պաշտպան    Ս. Հարությունյանի

 

    2019 թվականի հունիսի 12-ին                            ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով Գայանե Համլետի Բարսեղյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2018 թվականի հուլիսի 18-ի որոշման դեմ ամբաստանյալ Գ. Բարսեղյանի վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2016 թվականի դեկտեմբերի 6-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Շենգավիթի բաժնում հարուցվել է թիվ 11179716 քրեական գործը` ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով:

1.1 2017 թվականի հունվարի 8-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մաշտոցի բաժնում հարուցվել է թիվ 10151017 քրեական գործը` ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով:

1.2 2017 թվականի հունվարի 9-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մաշտոցի բաժնում հարուցվել է թիվ 10151417 քրեական գործը` ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով:

1.3 2017 թվականի հունվարի 12-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի քննիչ Ս. Բեսալյանի որոշմամբ թիվ 11179716 քրեական գործով Գայանե Համլետի Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասով:

1.4 2017 թվականի հունվարի 18-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ Ռ. Սարգսյանը որոշում է կայացրել թիվ 10151417 քրեական գործը թիվ 10151017 քրեական գործին միացնելու և նախաքննությունը 10151017 համարով շարունակելու մասին:

1.5 2017 թվականի հունվարի 29-ին Գ. Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասով` երկու դրվագով:

1.6 2017 թվականի փետրվարի 3-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի քննիչ Ս. Բեսալյանը որոշում է կայացրել թիվ 11179716 քրեական գործն ըստ քննչական ենթակայության ուղարկելու մասին:

1.7 2017 թվականի փետրվարի 6-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ Ռ. Սարգսյանը որոշում է կայացրել թիվ 11179716 քրեական գործը վարույթ ընդունելու, այն թիվ 10151017 քրեական գործին միացնելու և նախաքննությունը 10151017 համարով շարունակելու մասին:

1.8 2017 թվականի փետրվարի 9-ին նախաքննության մարմինը որոշում է կայացրել Գ. Բարսեղյանին առաջադրված մեղադրանքները փոփոխելու և լրացնելու մասին ու նրան մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասով` երեք դրվագով:

1.9 2017 թվականի փետրվարի 16-ին թիվ 10151017 քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան, որտեղ գործին շնորհվել է թիվ ԵԱԴԴ/0002/01/17 համարը և այն ընդունվել է նույն դատարանի դատավոր Ա. Խաչատրյանի վարույթ:

2. 2017 թվականի փետրվարի 16-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մաշտոցի բաժնում հարուցվել է թիվ 10156717 քրեական գործը` ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով:

2.1 2017 թվականի փետրվարի 17-ին նույն բաժնի ավագ տեսուչ Հ. Ազարյանը որոշում է կայացրել թիվ 10156717 քրեական գործն ըստ քննչական ենթակայության ուղարկելու մասին:

2.2 2017 թվականի մարտի 2-ին թիվ 10156717 քրեական գործով Գ.Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասով:

2.3 2017 թվականի մարտի 10-ին թիվ 10156717 քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան, որտեղ գործին շնորհվել է ԵԱԴԴ/0007/01/17 համարը, իսկ 2017 թվականի մարտի 14-ին այն ընդունվել է նույն դատարանի դատավոր Տ. Գրիգորյանի վարույթ:

2.4 2017 թվականի մարտի 14-ին դատավոր Տ. Գրիգորյանի զեկուցագրի հիման վրա թիվ ԵԱԴԴ/0007/01/17 քրեական գործը փոխանցվել է դատավոր Ա. Խաչատրյանին:

2.5 2017 թվականի մարտի 15-ին դատավոր Ա. Խաչատրյանը որոշում է կայացրել թիվ ԵԱԴԴ/0007/01/17 քրեական գործը վարույթ ընդունելու, թիվ ԵԱԴԴ/0002/01/17 քրեական գործը թիվ ԵԱԴԴ/0007/01/17 քրեական գործին միացնելու և գործի քննությունը ԵԱԴԴ/0002/01/17 համարով շարունակելու մասին:

3. 2017 թվականի մարտի 21-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մաշտոցի բաժնում հարուցվել է թիվ 10162717 քրեական գործը` ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով:

3.1 2017 թվականի մարտի 30-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մաշտոցի բաժնում հարուցվել է թիվ 10163817 քրեական գործը` ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով:

3.2 2017 թվականի ապրիլի 5-ին նախաքննության մարմինը որոշում է կայացրել թիվ 10163817 քրեական գործը թիվ 10162717 քրեական գործին միացնելու և նախաքննությունը 10162717 համարով շարունակելու մասին:

3.3 2017 թվականի մայիսի 30-ին թիվ 10162717 քրեական գործով Գ. Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասով` երկու դրվագով:

3.4 2017 թվականի հուլիսի 7-ին թիվ 10162717 քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան, որտեղ գործին շնորհվել է ԵԱԴԴ/0055/01/17 համարը, իսկ 2017 թվականի հուլիսի 10-ին այն ընդունվել է նույն դատարանի դատավոր Վ. Աբրահամյանի վարույթ:

3.5 2017 թվականի հուլիսի 14-ին դատավոր Վ. Աբրահամյանի գրության հիման վրա թիվ ԵԱԴԴ/0055/01/17 քրեական գործը փոխանցվել է դատավոր Ա. Խաչատրյանին:

3.6 2017 թվականի հուլիսի 18-ին դատավոր Ա. Խաչատրյանը որոշում է կայացրել թիվ ԵԱԴԴ/0055/01/17 քրեական գործը վարույթ ընդունելու մասին, իսկ հաջորդ օրը` թիվ ԵԱԴԴ/0055/01/17 քրեական գործը թիվ ԵԱԴԴ/0002/01/17 քրեական գործին միացնելու և գործի քննությունը ԵԱԴԴ/0002/01/17 համարով շարունակելու մասին:

4. Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան) արագացված կարգով դատական քննության արդյունքում 2018 թվականի մայիսի 24-ին կայացված դատավճռով Գ. Բարսեղյանին մեղավոր է ճանաչել 6 (վեց) դրվագով` ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքներ կատարելու մեջ: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի համաձայն` հանցանքների համակցությամբ պատիժները մասնակի գումարելու միջոցով Գ. Բարսեղյանի նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում` 2 (երկու) տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 67-րդ հոդվածի համաձայն` դատավճիռների համակցությամբ պատիժները լրիվ գումարելու միջոցով Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2016 թվականի մայիսի 27-ի դատավճռով սահմանված 200.000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամ տուգանքը լրիվ գումարվել է ազատազրկման ձևով նշանակված պատժին, և Գ. Բարսեղյանի նկատմամբ վերջնական պատիժ է սահմանվել ազատազրկում` 2 (երկու) տարի ժամկետով և տուգանք` 200.000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամի չափով:

Գ. Բարսեղյանի նկատմամբ կիրառված ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը թողնվել է անփոփոխ` մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:

5. Վերոնշյալ դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է բերել ամբաստանյալ Գ. Բարսեղյանի պաշտպանը` խնդրելով իր պաշտպանյալի նկատմամբ համաչափ մեղմ պատիժ նշանակել և կիրառել ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը:

5.1 ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան)` 2018 թվականի հուլիսի 18-ի որոշմամբ ամբաստանյալ Գ. Բարսեղյանի պաշտպանի վերաքննիչ բողոքը մերժվել է, իսկ Առաջին ատյանի դատարանի` 2018 թվականի մայիսի 24-ի դատավճիռը` թողնվել անփոփոխ:

6. Վերաքննիչ դատարանի` 2018 թվականի հուլիսի 18-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ամբաստանյալ Գ. Բարսեղյանը:

6.1 Վճռաբեկ դատարանը 2018 թվականի սեպտեմբերի 19-ի և դեկտեմբերի 26-ի որոշումներով ամբաստանյալ Գ.Բարսեղյանի վճռաբեկ բողոքները վերադարձրել է` տրամադրելով համապատասխանաբար 25-օրյա և 5-օրյա ժամկետ` բողոքի ձևական սխալները շտկելու և այն կրկին ներկայացնելու համար:

6.2 Բողոքի ձևական սխալները շտկելով` ամբաստանյալ Գ. Բարսեղյանը Վերաքննիչ դատարանի` 2018 թվականի հուլիսի 18-ի որոշման դեմ կրկին վճռաբեկ բողոք է բերել, որը Վճռաբեկ դատարանի` 2019 թվականի փետրվարի 5-ի որոշմամբ ընդունվել է վարույթ:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

7. Գ. Բարսեղյանին ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասով (վեց դրվագով) մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա. «(...) Ուրիշի գույքը խարդախությամբ հափշտակելու նախնական դիտավորությամբ, 2016 թվականի սեպտեմբերի 13-ին` ժամը 18:00-ի սահմաններում, Երևանի մետրոպոլիտենի «Շենգավիթ» կայարանի հարևանությամբ Սարգիս Վարդանի Նահապետյանից, վերջինիս աներոջը` Միքայել Անդրանիկի Ղուկասյանին պատկանող, զգալի չափերի` ընդհանուր 100.000 ՀՀ դրամ արժողության «Մաքբուքպրո» և «Սիմենս» մոդելի համակարգիչներն իր երեխայի համար գնելու և գումարը 2016 թվականի հոկտեմբերի 15-ին Սարգիս Նահապետյանին տալու կեղծ խոստմամբ վերցրել է համակարգիչները և հափշտակել դրանք:

(...) «List.am» ինտերնետային կայքում ծանոթանալով Գագիկ Արայիկի Բարսեղյանի տեղադրած «Մաքբուքպրո» մոդելի դյուրակիր համակարգչի վաճառքի վերաբերյալ հայտարարությանը, խարդախությամբ նշված գույքը հափշտակելու դիտավորությամբ 2016 թվականի նոյեմբերի 10-ին` ժամը 21:00-ի սահմաններում գնացել է վերջինիս` Երևան քաղաքի Դավթաշեն 2-րդ թաղամասի 15-րդ շենքի 7-րդ բնակարան, որտեղ խարդախությամբ` համակարգչի գումարը մաս-մաս` մինչև 2016 թվականի դեկտեմբերի 25-ը վճարելու կեղծ խոստումով, Գագիկ Արայիկի Բարսեղյանից վերցրել է վերջինիս պատկանող զգալի չափերի` 450.000 ՀՀ դրամ արժողության վերը նշված դյուրակիր համակարգիչը և հափշտակել այն:

(...) «List.am» ինտերնետային կայքում ծանոթանալով Անդրանիկ Հայկի Իսրայելյանի տեղադրած «DELL» տեսակի դյուրակիր համակարգչի վաճառքի վերաբերյալ հայտարարությանը, խարդախությամբ նշված գույքը հափշտակելու դիտավորությամբ 2016 թվականի դեկտեմբերի 4-ին գնացել է վերջինիս` Երևան քաղաքի 16-րդ թաղամասի 28-րդ շենքի 138-րդ բնակարան, որտեղ խաբեությամբ` համակարգչի գումարը մաս-մաս` մինչև 2016 թվականի դեկտեմբերի 25-ը վճարելու կեղծ խոստումով Անդրանիկ Հայկի Իսրայելյանից վերցրել է վերջինիս պատկանող զգալի չափերի` 100.000 ՀՀ դրամ արժողության վերը նշված դյուրակիր համակարգիչը և հափշտակել այն:

(...) «List.am» ինտերնետային կայքում ծանոթանալով Գևորգ Աշոտի Սահակյանի տեղադրած «DELL» մոդելի դյուրակիր համակարգչի վաճառքի վերաբերյալ հայտարարությանը, խարդախությամբ նշված գույքը հափշտակելու դիտավորությամբ 2017 թվականի հունվարի 27-ին գնացել է վերջինիս` Երևան քաղաքի Դավթաշեն 1-ին թաղամասի 33-րդ շենքի 24-րդ բնակարան, որտեղ խաբեությամբ` 220.000 ՀՀ դրամ արժողության համակարգիչը 250.000 ՀՀ դրամով գնելու և մաս-մաս` մինչև 2017 թվականի փետրվարի 5-ը վճարելու կեղծ խոստումով, Գևորգ Աշոտի Սահակյանից վերցրել է վերջինիս պատկանող զգալի չափերի` 220.000 ՀՀ դրամ արժողության վերը նշված դյուրակիր համակարգիչը և հափշտակել այն:

(...) «List.am» ինտերնետային կայքում ծանոթանալով Արեգ Կարենի Չաթալյանի կողմից տեղադրված «Lenovo» մոդելի դյուրակիր համակարգչի վաճառքի վերաբերյալ հայտարարությանը, խարդախությամբ նշված գույքը հափշտակելու դիտավորությամբ 2017 թվականի հունվարի 11-ին գնացել է վերջինիս` Երևան քաղաքի Դավթաշեն 4-րդ թաղամասի 37 շենքի 11 բնակարան, որտեղ խաբեությամբ` գումարը մաս-մաս` մինչև 2017 թվականի հունվար ամսվա վերջը վճարելու կեղծ խոստումով, Արեգ Կարենի Չաթալյանից վերցրել է վերջինիս պատկանող զգալի չափերի` 350.000 ՀՀ դրամ արժողության վերը նշված դյուրակիր համակարգիչը և հափշտակել այն:

(...) «List.am» ինտերնետային կայքում ծանոթանալով Աշոտ Սեյրանի Ջահանգիրյանի տեղադրած «LG» մոդելի հեռուստացույցի վաճառքի վերաբերյալ հայտարարությանը, խարդախությամբ նշված գույքը հափշտակելու դիտավորությամբ 2017 թվականի փետրվարի 9-ին գնացել է վերջինիս` Երևան քաղաքի Մազմանյան փողոցի 16 շենքի 9 բնակարան, որտեղ խաբեությամբ` 300.000 ՀՀ դրամ արժողության հեռուստացույցը 350.000 ՀՀ դրամով գնելու և գումարը մաս-մաս` մինչև 2017 թվականի մարտի 10-ը վճարելու կեղծ խոստումով, Աշոտ Սեյրանի Ջահանգիրյանից վերցրել է վերջինիս պատկանող զգալի չափերի` 300.000 ՀՀ դրամ արժողության վերը նշված հեռուստացույցը և հափշտակել այն»(1):

 

---------------------

1) Տե՛ս քրեական գործ, հատոր 7, թերթեր 97-101:

 

8. Առաջին ատյանի դատարանն իր դատավճռում արձանագրել է հետևյալը. «(...) Ամբաստանյալ Գայանե Բարսեղյանը Սարգիս Նահապետյանից հափշտակություն կատարելու դրվագով ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասով, Արայիկ Բարսեղյանից հափշտակություն կատարելու դրվագով ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասով, Անդրանիկ Իսրայելյանից հափշտակություն կատարելու դրվագով ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասով, Արեգ Չաթալյանից հափշտակություն կատարելու դրվագով ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասով, Աշոտ Ջահանգիրյանից հափշտակություն կատարելու դրվագով ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասով, Գևորգ Սահակյանից հափշտակություն կատարելու դրվագով ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու համար ենթակա է քրեական պատասխանատվության:

(...) Ամբաստանյալ Գայանե Բարսեղյանը ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասով 6 /վեց/ դրվագով իր կատարած հանցանքների համար ենթակա է պատժի ազատազրկման ձևով, որը պետք է կրի:

(...) Գայանե Բարսեղյանի նկատմամբ նշանակվող պատժին պետք է գումարել ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2016 թվականի մայիսի 27-ի դատավճռով սահմանված պատժի չկրած մասը (...)»(2):

 

---------------------

2) Տե՛ս քրեական գործ, հատոր 7, թերթեր 97-101:

 

9. Վերաքննիչ դատարանն իր դատական ակտում նշել է, որ. «(...) Հաշվի առնելով Գայանե Բարսեղյանի պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքները` մասնավորապես նրա արարքում հանցագործությունների ռեցիդիվի առկայությունը, ինչպես նաև այն, որ 2017 թվականի փետրվարի 9-ին Գ.Բարսեղյանին ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասով` երեք դրվագով, մեղադրանք է առաջադրվել և դրանից հետո վերջինս շարունակել է կատարել նույնաբնույթ հանցագործություններ, չի հատուցել տուժողներին պատճառված վնասը, վկայում են նրա անձի հանրային վտանգավորության բարձր աստիճանի մասին և իրական հիմք են տալիս հանգելու հետևության, որ Գ. Բարսեղյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու միջոցով հնարավոր չէ հասնել պատժի նպատակների իրականացմանը:

(...) Վերաքննիչ դատարանը գտնում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված մյուս պատժատեսակները կոնկրետ դեպքում ի զորու չեն ապահովելու պատժի նպատակների իրականացումը:

(...) Ընդհանուր իրավասության դատարանի` 2018 թվականի մայիսի 24-ի թիվ ԵԱԴԴ/0002/01/17 դատավճիռն ամբաստանյալ Գ. Բարսեղյանի նկատմամբ նշանակված պատժի մասով փոփոխելու և նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու իրավաչափ հիմքեր չկան (...)»(3):

 

---------------------

3) Տե՛ս քրեական գործ, հատոր 8, թերթեր 38-49:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

10. Բողոքաբերը նշել է, որ Առաջին ատյանի դատարանը, իրեն դատապարտելով միայն ազատազրկման ձևով պատժի և չկիրառելով ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը, իսկ Վերաքննիչ դատարանն էլ Առաջին ատյանի դատարանի դատավճիռն անփոփոխ թողնելով, չեն պահպանել ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ, 48-րդ և 61-րդ հոդվածների պահանջները:

11. Բողոքաբերը փաստարկել է, որ ինչպես նախաքննության, այնպես էլ դատաքննության ընթացքում ինքն ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքները, աջակցել է քննությանը: Բացի այդ, բողոքաբերի պնդմամբ` ինքը վատառողջ է, և դատաքննության ընթացքում բազմաթիվ դատական նիստեր հետաձգվել են հենց իր վատառողջ լինելու և հիվանդանոցում բուժում ստանալու կապակցությամբ:

Բողոքաբերը նշել է, որ միայն ազատազրկման ձևով պատիժ սահմանելը չի կարող արդարացի լինել, քանի որ գտնվելով ազատության մեջ` ինքը հնարավորություն կունենա ինչպես իր առողջական վիճակով զբաղվել, այնպես էլ որևէ կերպ հարթել տուժողներին պատճառված վնասը: Բողոք բերած անձը նաև նշել է, որ դատաքննության ընթացքում տուժողներին պատճառված վնասը հատուցելու խնդիրը լուծելուն խանգարել են օբյեկտիվ հանգամանքներ` իր հիվանդությունը, երկար ժամանակ հիվանդանոցում գտնվելը, որպիսի պայմաններում ինքը չի կարողացել կատարել տուժողներին տրված խոստումը և հարթել նրանց պատճառած վնասը:

12. Վերոշարադրյալի հիման վրա բողոքաբերը խնդրել է բեկանել և փոփոխել Վերաքննիչ դատարանի` 2018 թվականի հուլիսի 18-ի որոշումը, իր նկատմամբ նշանակված` 2 (երկու) տարի ժամկետով ազատազրկման ձևով պատիժը ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա պայմանականորեն չկիրառել և սահմանել փորձաշրջան:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

13. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով բողոքաբեր Գ. Բարսեղյանի կողմից բարձրացված իրավական հարցը վերաբերում է նրա նկատմամբ նշանակված պատժի իրավաչափությանը: Միևնույն ժամանակ հաշվի առնելով, որ սույն գործով առերևույթ առկա է քրեական հետապնդումը և քրեական գործի վարույթը բացառող հանգամանք և կրկնելով նախկինում արտահայտված դիրքորոշումն առ այն, որ վճռաբեկ վերանայման սահմանները չունեն բացարձակ բնույթ և դրանք պետք է դիտարկվեն, ի թիվս այլնի, քրեական գործով վարույթի կարճման հիմքերը սահմանող հոդվածի (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մաս) համատեքստում(4)` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ մինչ բողոքաբերի կողմից բարձրացրած իրավական խնդրին անդրադառնալն անհրաժեշտ է քննարկման առարկա դարձնել այն հարցը, թե արդյո՞ք ամբաստանյալ Գ.Բարսեղյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասով` 6 (վեց) դրվագով քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման` քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով:

 

---------------------

4) Տե՛ս, mutatis mutandis, Մխիթար Էլոյանի և այլոց գործով Վճռաբեկ դատարանի` 2011 թվականի հուլիսի 13-ի թիվ ԵԿԴ/0211/01/10 որոշման 14-րդ կետը:

 

14. ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Խարդախությունը` խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով ուրիշի գույքի զգալի չափերով հափշտակությունը կամ ուրիշի գույքի նկատմամբ իրավունք ձեռք բերելը`

պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով»:

ՀՀ քրեական օրենսգրքի 19-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Ոչ մեծ ծանրության հանցագործություններ են համարվում դիտավորությամբ կատարված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում երկու տարի ժամկետով ազատազրկումը (...)»:

ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի համաձայն` «1. Անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտված համարելու օրվանից անցել են հետևյալ ժամկետները.

1) երկու տարի` ոչ մեծ ծանրության հանցանքն ավարտված համարելու օրվանից.

(...)

2. Վաղեմության ժամկետը հաշվարկվում է հանցանքն ավարտված համարելու օրվանից մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելու պահը: (...)

3. Վաղեմության ժամկետի ընթացքն ընդհատվում է, եթե մինչև նշված ժամկետներն անցնելն անձը կատարում է միջին ծանրության, ծանր կամ առանձնապես ծանր նոր հանցանք: Այս դեպքում վաղեմության ժամկետի հաշվարկն սկսվում է նոր հանցանքի ավարտված համարելու պահից»:

15. ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասում նկարագրված արարքը դիտավորյալ հանցագործություն է, իսկ դրա համար նախատեսված ազատազրկման ձևով պատժի ժամկետը չի գերազանցում երկու տարին, ուստի այն դասվում է ոչ մեծ ծանրության հանցագործությունների շարքին: Հետևաբար, ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված հանցավոր արարքը կատարած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտված համարելու օրվանից մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելու պահն անցել է երկու տարի:

15.1 ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված նորմի վերլուծությունից հետևում է, որ դրանով նախատեսված հանցակազմը նյութական է: Մասնավորապես, խարդախությունը` խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով ուրիշի գույքի զգալի չափերով հափշտակությունը, համարվում է ավարտված, երբ հանցավորը գույքը վերցնելուց, իրենը կամ մեկ ուրիշինը դարձնելուց հետո իրական հնարավորություն ունի իր հայեցողությամբ այն տնօրինելու կամ օգտագործելու(5):

 

---------------------

5) Տե՛ս Լուսինե Նավասարդյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2015 թվականի օգոստոսի 28-ի թիվ ԵՄԴ/0064/01/13 որոշման 10-րդ կետը:

 

16. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե

(...)

6) անցել են վաղեմության ժամկետները.

(...)»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` «Սույն հոդվածի առաջին մասի 6-րդ կետում նշված հիմքով (...) գործի վարույթի կարճում և քրեական հետապնդման դադարեցում չի թույլատրվում, եթե դրա դեմ առարկում է մեղադրյալը: Այս դեպքում գործի վարույթը շարունակվում է սովորական կարգով»:

Մեջբերված նորմերի վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրը վաղեմության ժամկետն անցնելը դիտում է որպես քրեական գործի վարույթը և քրեական հետապնդումը բացառող հանգամանք` սահմանելով, որ քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե անցել են վաղեմության ժամկետները: Միևնույն ժամանակ քրեադատավարական օրենքը վաղեմության ժամկետն անցնելու հիմքով քրեական պատասխանատվությունից ազատելու պարտադիր նախապայման է դիտում մեղադրյալի համաձայնությունը, որի բացակայությունը ենթադրում է վարույթի շարունակում ընդհանուր կարգով: Այսինքն` այն դեպքում, երբ անձը համաձայն չէ վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով քրեական գործի հարուցումը մերժելու, իր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և գործի վարույթը կարճելու հետ, նրան պետք է հնարավորություն ընձեռվի դատական քննության փուլում վիճարկելու իրեն առաջադրված մեղադրանքը:

Այն դեպքում, երբ անձին քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը լրանում է գործի դատական քննության փուլում, այդ հիմքով նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու ընթացակարգի իրականացման պարտականությունը կրում է դատարանը: Ընդ որում, դատական քննությունը ենթադրում է վարույթն ինչպես առաջին ատյանի, այնպես էլ վերաքննիչ ու վճռաբեկ դատարաններում(6): Մասնավորապես, դատարանը պետք է պարզի, թե արդյոք ամբաստանյալը համաձայն է, որ նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվի քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով: Անձի համաձայնությունը ստանալու դեպքում դատարանը պարտավոր է դադարեցնել նրա նկատմամբ քրեական հետապնդումը, իսկ համաձայնության բացակայության դեպքում պետք է դատական քննությունը շարունակի ընդհանուր կարգով, սակայն դատավճիռ կայացնելիս` դադարեցնի անձի նկատմամբ քրեական հետապնդումը: Ընդ որում, երբ անձն արդեն հնարավորություն է ունեցել առաջին ատյանի, վերաքննիչ և վճռաբեկ դատարաններում (վերջին դեպքում` վճռաբեկ բողոք բերելու միջոցով) վիճարկելու իրեն առաջադրված մեղադրանքը, ապա քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելիս նրա դիրքորոշումը լրացուցիչ ճշտելու անհրաժեշտությունը բացակայում է(7):

 

---------------------

6) Տե՛ս, mutatis mutandis, Անահիտ Սաղաթելյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2011 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ ԳԴ5/0022/01/10 որոշումը, Սիրաժ Ղամբարյանի և այլոց գործով Վճռաբեկ դատարանի` 2014 թվականի մարտի 28-ի թիվ ԵՇԴ/0055/01/11 որոշումը, Հրանտ Մազմանյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2015 թվականի մարտի 27-ի թիվ ԵԿԴ/0121/11/14 որոշումը, Ֆարիդա Ավագիմյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2017 թվականի ապրիլի 12-ի թիվ ԱՎԴ2/0016/01/14 որոշումը, Անդրանիկ Գրիգորյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2017 թվականի օգոստոսի 30-ի թիվ ԵԿԴ/0180/01/15 որոշումը:

7) Տե՛ս Սիրաժ Ղամբարյանի և այլոց գործով Վճռաբեկ դատարանի վերը հիշատակված որոշման 25-րդ կետը:

 

17. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ ամբաստանյալ Գ. Բարսեղյանին ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասով մեղսագրված վեց արարքներից վերջինն ավարտվել է 2017 թվականի փետրվարի 9-ին(8): ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասով` վեց դրվագով Գ. Բարսեղյանին մեղսագրված արանքները կատարելու մեջ վերջինիս մեղավորությունը հաստատող մեղադրական դատավճիռը կայացվել է 2018 թվականի մայիսի 24-ին, որը բողոքարկվել է Վերաքննիչ դատարան, իսկ Վերաքննիչ դատարանը բողոքի քննության արդյունքում որոշում է կայացրել 2018 թվականի հուլիսի 18-ին: Նշված որոշման դեմ Գ. Բարսեղյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2019 թվականի փետրվարի 5-ի որոշմամբ ընդունվել է վարույթ: Վերոշարադրյալից բխում է, որ Գ. Բարսեղյանին ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասով մեղսագրված վեց արարքներից վերջինի` որպես ոչ մեծ ծանրության հանցանքի համար ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված քրեական պատասխանատվության ենթարկելու երկամյա ժամկետը լրանալու օրվա` 2019 թվականի փետրվարի 9-ի դրությամբ վերջինիս նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռը դեռևս օրինական ուժի մեջ մտած չի եղել:

 

---------------------

8) Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:

 

18. Նախորդ կետում մեջբերված և վերլուծված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 14-16-րդ կետերում շարադրված իրավական վերլուծության լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն դատական ակտը կայացնելու օրվա դրությամբ Գ. Բարսեղյանին վեց դրվագով մեղսագրված` ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքների համար քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցել է:

Ուստի, սույն գործով ամբաստանյալ Գ.Բարսեղյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասով` վեց դրվագով քրեական հետապնդումը պետք է դադարեցնել` քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով, և քրեական գործով վարույթը կարճել:

19. Հիշյալ հիմքով անձի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելիս Վճռաբեկ դատարանը հաշվի է առնում այն հանգամանքը, որ անձն արդեն իրացրել է օրենքով սահմանված կարգով իր մեղավորության հարցը համապատասխան դատական ատյաններում վիճարկելու իր իրավունքը: Այլ խոսքով` քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով անձի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելիս Վճռաբեկ դատարանը հաշվի է առնում, որ անձն արդեն հնարավորություն ունեցել է ինչպես առաջին ատյանի դատարանում, այնպես էլ վերաքննիչ և վճռաբեկ դատարաններում (վերջին դեպքում` վճռաբեկ բողոք բերելու միջոցով) վիճարկելու իրեն առաջադրված մեղադրանքը, հետևաբար, պարտավոր չէ անձից լրացուցիչ ճշտել, թե նա չի առարկում արդյոք, որ իր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվի քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով(9):

 

---------------------

9) Տե՛ս, mutatis mutandis, Սիրաժ Ղամբարյանի և այլոց գործով Վճռաբեկ դատարանի վերը հիշատակված որոշման 25-րդ կետը:

 

20. Վերոգրյալի հիման Վճռաբեկ դատարանն այլևս չի անդրադառնում բողոքաբերի` սույն որոշման 10-11-րդ կետերում ներկայացված փաստարկներին:

21. Հաշվի առնելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 163-րդ հոդվածի պահանջն առ այն, որ` «Քրեական դատավարությունում քաղաքացիական հայցը լուծվում է դատավճռով»(10), Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տուժողներ Գագիկ Բարսեղյանի և Միքայել Ղուկասյանի քաղաքացիական հայցերը պետք է թողնել առանց քննության:

 

---------------------

10) Տե՛ս, mutatis mutandis, Դավիթ Գալստյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2009 թվականի նոյեմբերի 26-ի թիվ ՇԴ/0008/01/09 որոշման 17-րդ կետը:

 

Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 155-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, քրեական դատավարությունում հարուցված քաղաքացիական հայցը, որը դատարանի կողմից թողնվել է առանց քննության, կարող է հետագայում հարուցվել քաղաքացիական դատավարության կարգով:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Գայանե Համլետի Բարսեղյանի վերաբերյալ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` 2018 թվականի մայիսի 24-ի դատավճիռն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2018 թվականի հուլիսի 18-ի որոշումը բեկանել: Ամբաստանյալ Գայանե Համլետի Բարսեղյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասով (վեց դրվագ) քրեական հետապնդումը դադարեցնել` քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու պատճառաբանությամբ, և քրեական գործի վարույթը կարճել:

2. Տուժողներ Գագիկ Բարսեղյանի և Միքայել Ղուկասյանի քաղաքացիական հայցերը թողնել առանց քննության:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Լ. Թադևոսյան

Դատավորներ` Հ. Ասատրյան

Ս. Ավետիսյան

Ե. Դանիելյան

Ա. Պողոսյան

Ս. Օհանյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
12.06.2019
N ԵԱԴԴ/0002/01/17
Որոշում