Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 13-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 13-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    Հայաստանի Հանրապետության                         ԵԷԴ/0151/01/17

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Գործ թիվ ԵԷԴ/0151/01/17

Նախագահող դատավոր` Կ. Մարդանյան

    Դատավորներ`        Ա. Մնացականյան

                       Մ. Արղամանյան

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

 

                   նախագահությամբ`            Լ. Թադևոսյանի

                   մասնակցությամբ` դատավորներ Հ. Ասատրյանի

                                              Ս. Ավետիսյանի

                                              Ե. Դանիելյանի

                                              Ա. Պողոսյանի

                                              Ս. Օհանյանի

                   քարտուղարությամբ`          Մ. Ավագյանի

                   մասնակցությամբ` պաշտպան    Ս. Հարությունյանի

 

    2019 թվականի փետրվարի 7-ին                            ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2018 թվականի հունիսի 20-ի որոշման դեմ ամբաստանյալ Արմեն Համլետի Ալեքսանյանի պաշտպան Ս.Հարությունյանի վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2017 թվականի նոյեմբերի 4-ին ՀՀ կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է թիվ 58216317 քրեական գործը:

Նախաքննության մարմնի` 2017 թվականի նոյեմբերի 9-ի որոշմամբ Արմեն Ալեքսանյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով:

Նախաքննության մարմնի` նույն օրվա մեկ այլ որոշմամբ Ա.Ալեքսանյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Նախաքննության մարմնի` 2017 թվականի դեկտեմբերի 20-ի որոշմամբ Ա.Ալեքսանյանի կողմից ապօրինի կերպով զգալի չափերի հասնող թմրամիջոց ձեռք բերելու և պահելու մասով թիվ 58216317 քրեական գործից անջատվել է նոր քրեական գործ, որին շնորհվել է 58219717 համարը:

2017 թվականի դեկտեմբերի 27-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան):

2. Առաջին ատյանի դատարանի` 2018 թվականի մարտի 21-ի դատավճռով Ա.Ալեքսանյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով և նրա նկատմամբ պատիժ նշանակվել ազատազրկում` 10 (տասը) ամիս ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի կարգով, նշանակված պատժի ժամկետի մեջ հաշվակցվել է Ա.Ալեքսանյանի` 2017 թվականի նոյեմբերի 7-ից մինչև 2017 թվականի նոյեմբերի 9-ը կալանքի տակ գտնվելու ժամկետը` նրա նկատմամբ վերջնական պատիժ նշանակելով ազատազրկում` 9 (ինը) ամիս 27 (քսանյոթ) օր ժամկետով:

3. Ամբաստանյալ Ա.Ալեքսանյանի պաշտպան Ս.Հարությունյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2018 թվականի հունիսի 20-ի որոշմամբ բողոքը մերժել է, Առաջին ատյանի դատարանի` 2018 թվականի մարտի 21-ի դատավճիռը թողել անփոփոխ:

4. Վերաքննիչ դատարանի վերոհիշյալ որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ամբաստանյալ Ա.Ալեքսանյանի պաշտպան Ս.Հարությունյանը, որը Վճռաբեկ դատարանի` 2018 թվականի դեկտեմբերի 13-ի որոշմամբ ընդունվել է վարույթ:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

5. Արմեն Ալեքսանյանին ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա. «(...) 2017 թվականի հուլիս ամսին, քննությամբ չպարզված օրը, առանց իրացնելու նպատակի, իր օգտագործման համար տնայնագործական եղանակով ապօրինի կերպով պատրաստել է ացետիլացված «ափիոն» տեսակի թմրամիջոց, որից մի մասը ներարկման եղանակով օգտագործել է, իսկ մնացած` զգալի չափերի հասնող 0.095 գրամը հետագայում օգտագործելու նպատակով պահել է տան խոհանոցում` շերեփի մեջ, որն էլ 2017 թվականի նոյեմբերի 7-ին հայտնաբերվել է նրա տան խուզարկությամբ (...)»(1):

___________________

1) Տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթ 105:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

6. Բողոք բերած անձը, հղում կատարելով թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի չափերի վերաբերյալ օրենսդրական փոփոխություններին, ինչպես նաև վկայակոչելով ՀՀ քրեական օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին մասը և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասը, փաստարկել է, որ նշված փոփոխություններով վերացվել է ամբաստանյալին վերագրվող արարքի հանցավորությունը, հետևաբար, դրանք ենթակա են կիրառման վերջինիս նկատմամբ:

7. Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի` 2018 թվականի մարտի 21-ի որոշումը, Ա.Ալեքսանյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը դադարեցնել` հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ, և քրեական գործով վարույթը կարճել:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

8. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. առկա՞ է արդյոք ամբաստանյալ Ա.Ալեքսանյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը բացառող հանգամանք:

9. ՀՀ Սահմանադրության 72-րդ հոդվածի համաձայն` «(...) Արարքի պատժելիությունը վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենքն ունի հետադարձ ուժ»:

ՀՀ քրեական օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Արարքի հանցավորությունը վերացնող, պատիժը մեղմացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենքը հետադարձ ուժ ունի, այսինքն` տարածվում է մինչև այդ օրենքն ուժի մեջ մտնելը համապատասխան արարք կատարած անձանց, այդ թվում` այն անձանց վրա, ովքեր կրում են պատիժը կամ կրել են դա, սակայն ունեն դատվածություն»:

10. Քրեական օրենքը հետադարձ ուժով կիրառելու նորմերի համակարգային վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը մշտապես ընդգծել է, որ «չկա հանցագործություն և պատիժ, եթե այն սահմանված չէ օրենքով» (nullum crimen, nulla poena sine lege) կանոնը համընդհանուր ճանաչում ստացած հիմնարար սկզբունք է և իրավունքի գերակայության կարևորագույն տարր: Այն բացառիկ նշանակություն ունի մարդու իրավունքների պաշտպանության համակարգում, հետևաբար նշված սկզբունքից շեղումը բացարձակապես անթույլատրելի է: Դրա հետ մեկտեղ ժամանակի ընթացքում քրեական օրենքի գործողության ընդհանուր կանոնն ունի նաև բացառություն: Մասնավորապես, քրեական օրենքի հետադարձության կանոնը սկսում է գործել այն դեպքերում, երբ նոր օրենքը կա՛մ վերացնում է արարքի հանցավորությունը (ապաքրեականացում), կա՛մ մեղմացնում է պատիժը, կա՛մ այլ կերպ բարելավում է հանցանք կատարած անձի վիճակը: Թվարկված պայմաններն ունեն իմպերատիվ բնույթ, և նոր օրենքն ուժի մեջ մտնելուց հետո դրանցից առնվազն մեկի առկայության պարագայում նոր օրենքի գործողությունը տարածվում է մինչև այն ուժի մեջ մտնելը համապատասխան արարք կատարած անձանց, այդ թվում` այն անձանց վրա, ովքեր կրում են պատիժը կամ կրել են այն, սակայն ունեն դատվածություն(2):

___________________

2) Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Գասպար Պողոսյանի գործով 2011 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ ԳԴ1/0013/01/11 որոշման 16-17-րդ կետերը:

 

11. ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Առանց իրացնելու նպատակի զգալի չափերով թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ առաքելը (...)»:

Մինչև «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2017 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ ՀՕ-241-Ն ՀՀ օրենքն ուժի մեջ մտնելը թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի զգալի, խոշոր և առանձնապես խոշոր չափերը սահմանող ՀՀ քրեական օրենսգրքի 1-ին հավելվածում «ափիոն» տեսակի թմրամիջոցի համար որպես զգալի չափ է սահմանված եղել 0.1 գրամից մինչև 0.5 գրամը ներառյալ:

Վերոնշյալ օրենքի 4-րդ հոդվածով ՀՀ քրեական օրենսգրքի 1-5-րդ հավելվածներն ուժը կորցրած ճանաչելուց հետո ՀՀ կառավարության` 2018 թվականի հունիսի 27-ի թիվ 707-Ն որոշման 1-ին հավելվածով «ափիոն» տեսակի թմրամիջոցի համար որպես մանր չափ է սահմանվել 0.1 գրամից մինչև 0.5 գրամը ներառյալ, որպես զգալի չափ` 0.5 գրամից մինչև 2.5 գրամը ներառյալ:

12. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Ա.Ալեքսանյանին ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել զգալի չափի` 0.095 գրամ «ափիոն» տեսակի թմրամիջոցն առանց իրացնելու նպատակի պահելու համար(3):

___________________

3) Տե՛ս սույն որոշման 5-րդ կետը:

 

Առաջին ատյանի դատարանն Ա.Ալեքսանյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում(4):

___________________

4) Տե՛ս սույն որոշման 2-րդ կետը:

 

Վերաքննիչ դատարանը, մերժելով ամբաստանյալի պաշտպանի վերաքննիչ բողոքը, Առաջին ատյանի դատարանի դատավճիռը թողել է օրինական ուժի մեջ(5):

___________________

5) Տե՛ս սույն որոշման 3-րդ կետը:

 

13. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 9-11-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ թմրամիջոցների չափերի վերաբերյալ օրենսդրական փոփոխությունները վերացնում են Ա.Ալեքսանյանին մեղսագրված արարքի հանցավորությունը:

Մասնավորապես, «ափիոն» տեսակի թմրամիջոցի զգալի չափի նվազագույն և առավելագույն սահմանների փոփոխությունների համեմատական ուսումնասիրությունից երևում է, որ դրանք վերացնում են 0.095 գրամ «ափիոն» տեսակի թմրամիջոցն առանց իրացնելու նպատակի ապօրինի պահելու արարքի հանցավորությունը: ՈՒստի, այդ փոփոխություններին պետք է տալ հետադարձ ուժ և գործողությունը տարածել մինչև դրանց ուժի մեջ մտնելը կատարված հանցանքի վրա:

14. Այսպիսով, ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով` 0.095 գրամ «ափիոն» տեսակի թմրամիջոցն առանց իրացնելու նպատակի ապօրինի պահելու մեղադրանքով Ա.Ալեքսանյանի նկատմամբ քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, այն է` արարքում հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:

15. Վերոշարադրյալը Վճռաբեկ դատարանին հիմք է տալիս ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի հիման վրա բեկանելու Առաջին ատյանի դատարանի` 2018 թվականի մարտի 21-ի դատավճիռը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի` 2018 թվականի հունիսի 21-ի որոշումը, ճանաչելու Ա.Ալեքսանյանի անմեղությունն առաջադրված մեղադրանքում, նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով` հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ, և քրեական գործի վարույթը կարճելու:

Վճռաբեկ դատարանը գտնում է նաև, որ Ա.Ալեքսանյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը` չհեռանալու մասին ստորագրությունը, ենթակա է վերացման:

17. Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 35-րդ, 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Ամբաստանյալ Արմեն Համլետի Ալեքսանյանի վերաբերյալ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` 2018 թվականի մարտի 21-ի դատավճիռը և այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2018 թվականի հունիսի 20-ի որոշումը բեկանել ու փոփոխել, ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում ամբաստանյալ Արմեն Համլետի Ալեքսանյանին արդարացնել, նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել` հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ, և քրեական գործով վարույթը կարճել:

2. Ամբաստանյալ Արմեն Համլետի Ալեքսանյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը վերացնել: Քրեական գործով իրեղեն ապացույց ճանաչված` 0.095 գրամ հաստատուն քաշով ացետիլացված «ափիոն» տեսակի թմրամիջոցը ոչնչացնել:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Լ. Թադևոսյան

Դատավորներ` Հ. Ասատրյան

Ս. Ավետիսյան

Ե. Դանիելյան

Ա. Պողոսյան

Ս. Օհանյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
07.02.2019
N ԵԷԴ/0151/01/17
Որոշում