ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության ԵԴ/0078/01/18
վերաքննիչ քրեական դատարանի որոշում
Գործ թիվ ԵԴ/0078/01/18
Նախագահող դատավոր` Մ. Պետրոսյան
Դատավորներ` Մ. Պապոյան
Ռ. Բարսեղյան
ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),
նախագահությամբ` Լ. Թադևոսյանի
մասնակցությամբ` դատավորներ Հ. Ասատրյանի
Ս. Ավետիսյանի
Ե. Դանիելյանի
Ա. Պողոսյանի
Ս. Օհանյանի
քարտուղարությամբ` Մ. Ավագյանի
մասնակցությամբ դատախազ` Դ. Մելքոնյանի
2019 թվականի հունիսի 12-ին ք. Երևանում
դռնբաց դատական նիստում քննության առնելով ամբաստանյալ Արամ Զավենի Գրիգորյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2018 թվականի օգոստոսի 30-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի վճռաբեկ բողոքը,
ՊԱՐԶԵՑ
Գործի դատավարական նախապատմությունը.
1. 2018 թվականի փետրվարի 21-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 60104018 քրեական գործը:
Նախաքննության մարմնի նույն օրվա մեկ այլ որոշմամբ Արամ Գրիգորյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի 2-րդ մասով:
2018 թվականի փետրվարի 23-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան):
2. Առաջին ատյանի դատարանի` 2018 թվականի հունիսի 19-ի դատավճռով ամբաստանյալ Ա.Գրիգորյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի 2-րդ մասով, և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել տուգանք` 500.000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամի չափով: Նշանակված տուգանքի վճարման համար ՀՀ քրեական օրենսգրքի 51-րդ հոդվածի հիման վրա սահմանվել է ժամկետ` մինչև 2019 թվականի հուլիսի 1-ը: Ա.Գրիգորյանի նկատմամբ կիրառված ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը թողնվել է անփոփոխ` մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:
3. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2018 թվականի օգոստոսի 30-ի որոշմամբ մեղադրողի ներկայացրած վերաքննիչ բողոքը մերժել է, իսկ բողոքարկված դատական ակտը` թողել անփոփոխ:
4. Վերաքննիչ դատարանի` 2018 թվականի օգոստոսի 30-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դ.Մելքոնյանը ներկայացրել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2019 թվականի հունվարի 21-ի որոշմամբ ընդունվել է վարույթ:
Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.
5. Ա.Գրիգորյանին ՀՀ քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի 2-րդ մասով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա «2018 թվականի հունվարի 27-ին` ժամը 1:20-ին, Երևան քաղաքի Վազգեն Սարգսյան փողոցում, առանց տրանսպորտային միջոց վարելու իրավունքի և ոչ սթափ` 0.26 մգ/լ ալկոհոլ օգտագործած վիճակում վարել է «Տոյոտա» մակնիշի 22 NN 211 պ/հ ավտոմեքենան, որի համար ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության ծառայության 1-ին սպայական գումարտակի 3-րդ սպայական դասակի տեսուչ Ռոբերտ Համլետի Գրիգորյանի կողմից կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ թիվ ԱԴ 422397 արձանագրությունը, որը ՃՈ համակարգչային բազա մուտքագրելիս պարզվել է, որ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2016 թվականի ապրիլի 1-ին հրապարակված և 2017 թվականի մարտի 17-ին օրինական ուժի մեջ մտած դատավճռով ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործություն կատարելու համար Արամ Գրիգորյանը դատապարտվել է ազատազրկման` երկու տարի ժամկետով` տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկվելով մեկ տարի ժամկետով և պատիժը պայմանականորեն չի կիրառվել ու նշանակվել է փորձաշրջան` մեկ տարի ժամկետով: Այսպիսով, Արամ Զավենի Գրիգորյանը մեկ տարի ժամկետով զրկված լինելով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից և գտնվելով փորձաշրջանի մեջ, 2018 թվականի հունվարի 27-ին` ժամը 1:20-ին, Երևան քաղաքի Վազգեն Սարգսյանի փողոցում, առանց տրանսպորտային միջոց վարելու իրավունքի և ոչ սթափ` 0.26 մգ/լ ալկոհոլ օգտագործած վիճակում վարել է «Տոյոտա» մակնիշի 22 NN 211 պ/հ ավտոմեքենան»(1):
---------------------
1) Տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթեր 45-46:
6. Առաջին ատյանի դատարանն իր դատական ակտում արձանագրել է. «(...) Ամբաստանյալ Արամ Գրիգորյանի նկատմամբ պատիժ նշանակելիս դատարանը հաշվի է առնում ինչպես կատարած հանցագործության բնույթն ու հանրության համար վտանգավորության աստիճանը, այնպես էլ ամբաստանյալի անձը բնութագրող տվյալները` այն, որ ամբաստանյալը հարևանների կողմից բնութագրվում է դրականորեն:
Որպես ամբաստանյալ Արամ Գրիգորյանի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանք է դիտում այն, որ վերջինիս խնամքի տակ են գտնվում նրա մայրը, կինը, քույրը և չորս երեխաները, որոնցից երկուսը` մինչև տասնչորս տարեկան (...):
Որպես ամբաստանյալի պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանք դատարանը չի հայտնաբերել: Դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Արամ Գրիգորյանն իր կատարած հանցանքի համար ենթակա է պատժի, որը պետք է կրի: Նման պայմաններում և հաշվի առնելով, որ ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` Եթե դատապարտյալը փորձաշրջանի ընթացքում (...) ինչպես նաև անզգույշ կամ ոչ մեծ ծանրության դիտավորյալ հանցանք կատարելու դեպքում պատիժը պայմանականորեն չկիրառելու վերացման հարցը լուծում է դատարանը, ուստի դատարանը գտնում է, որ թիվ ԵԿԴ/0127/01/15 քրեական գործով Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2016 թվականի ապրիլի 1-ի դատավճռով սահմանված պատիժը պայմանականորեն չկիրառելը նպատակահարմար չէ վերացնել»(2):
---------------------
2) Տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթ 33:
7. Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ նշել է. «(...) Վերաքննիչ դատարանը հանգում է (...) հետևության, որ Դատարանի կողմից ամբաստանյալ Ա.Գրիգորյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի 2-րդ մասի սանկցիայի սահմաններում տուգանքի ձևով պատիժ նշանակելը բխում է ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ հոդվածով ամրագրված արդարության և պատասխանատվության անհատականացման սկզբունքից, կարող է ապահովել ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով նախատեսված պատժի նպատակները (...):
(...)
ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի 6-րդ մասի վերլուծությունից երևում է, որ դատապարտյալի կողմից փորձաշրջանի ընթացքում անզգույշ կամ ոչ մեծ ծանրության դիտավորյալ հանցանք կատարելու դեպքում պատիժը պայմանականորեն չկիրառելը վերացնելու հարցը գտնվում է դատարանի հայեցողության շրջանակներում:
(...)
Վերաքննիչ դատարանը, հաշվի առնելով ամբաստանյալ Ա.Գրիգորյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի 2-րդ մասով կատարած ոչ մեծ ծանրության հանցանքի բնույթն ու վտանգավորության աստիճանը, սույն գործով հաստատված վերջինիս անձը բնութագրող տվյալները, այդ թվում պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքները, պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայությունն իրենց համակցությամբ, նպատակահարմար չի գտնվում վերացնել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 01.04.2016 թվականի դատավճռով ամբաստանյալի նկատմամբ նշանակված պատիժը ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ պայմանականորեն չկիրառելը:
Վերաքննիչ դատարանի վերոնշյալ հետևությունը, ի թիվս վերոգրյալ հանգամանքների, կայանում է նրանում, որ ամբաստանյալ Ա.Գրիգորյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ պայմանականորեն չկիրառելը վերացնելու և նույն օրենսգրքի 67-րդ հոդվածի կանոններով պատիժ նշանակելու արդյունքում, գործով հաստատված վերջինիս ընտանեկան դրությունը, նրա խնամքին գտնվող անձանց առկայությունը (մայրը, կինը, քույրը և չորս երեխաները, որոնցից երկուսն անչափահաս են) կարող է բացասական ազդեցություն ունենալ նրա ընտանիքի կյանքի պայմանների վրա: (...)»(3):
---------------------
3) Տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթեր 71-72:
Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
8. Բողոքի հեղինակի պնդմամբ` Վերաքննիչ դատարանի` 2018 թվականի օգոստոսի 30-ի որոշումն օրինական և հիմնավորված չէ:
Բողոքաբերը փաստարկել է, որ Ա.Գրիգորյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործություն կատարելու համար ազատազրկման ձևով պատիժ չնշանակելը և նրա նկատմամբ նախկին դատավճռով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելը չվերացնելը չեն բխում ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ և 48-րդ հոդվածների պահանջներից: Մասնավորապես, ըստ բողոքաբերի` դատարանները պետք է համակարգային վերլուծության ենթարկեին դատապարտյալի կողմից ինչպես նախկինում կատարած, այնպես էլ փորձաշրջանի ընթացքում թույլ տված հանրորեն վտանգավոր արարքների բնույթը և վտանգավորությունը, դրանք գնահատեին մեկ ամբողջական իրավական տիրույթում:
Բողոքի հեղինակն ընդգծել է, որ Ա.Գրիգորյանը Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2016 թվականի ապրիլի 1-ի դատավճռով մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության համար: Չնայած ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանքը սուբյեկտիվ կողմից բնութագրվում է անզգուշությամբ, սակայն այն առավել բարձր հանրային վտանգավորություն ներկայացնող արարք է, քանի որ դրա հետևանքով առաջանում է ծանր հետևանք` մարդու մահ: ՈՒստի, նման հանցագործության համար դատապարտվելուց հետո, գտնվելով փորձաշրջանի մեջ, Ա.Գրիգորյանը չի ուղղվել, կատարել է նոր դիտավորյալ հանցանք, ընդ որում` ոչ սթափ վիճակում, ինչն իր հերթին իրական վտանգ է ներկայացրել հասարակության և երթևեկության մասնակիցների համար:
Հետևաբար, ստորադաս դատարաններն ամբաստանյալի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանքի համար պատժի տեսակը որոշելիս և վերջինիս նկատմամբ նախորդ դատավճռով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելը վերացնելու հարցը քննարկելիս պատշաճ գնահատականի չեն արժանացրել կատարված արարքների բնույթն ու վտանգավորության աստիճանը, արարքի և հանրորեն վտանգավոր հետևանքների նկատմամբ ամբաստանյալի հոգեբանական վերաբերմունքը, հաշվի չեն առել սուբյեկտիվ կողմի դինամիկան, այն է` անզգուշությամբ կատարվող հանցագործությունից հետո կրկին համասեռ` հասարակական անվտանգության դեմ ուղղված, սակայն արդեն ուղղակի դիտավորությամբ հանցանք կատարելը:
Բողոքի հեղինակը փաստարկել է նաև, որ փորձաշրջանի ժամանակ նոր հանցանք կատարելու դեպքում ամբաստանյալի նկատմամբ պատիժը պայմանականորեն չկիրառելը վերացնելու հարցը յուրաքանչյուր դեպքում ենթակա է պատճառաբանման:
9. Վերոշարադրյալի հիման վրա բողոքաբերը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի` 2018 թվականի օգոստոսի 30-ի որոշումը և գործն ուղարկել ստորադաս դատարան` նոր քննության:
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
10. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով բողոքաբերի կողմից բարձրացված իրավական հարցերն ըստ էության վերաբերում են ամբաստանյալի նկատմամբ նշանակված պատժի համաչափությանը և նախկին դատավճռով սահմանված` Ա.Գրիգորյանի պայմանական դատապարտումը չվերացնելու իրավաչափությանը:
Մասնավորապես, սույն գործի փաստական տվյալներից հետևում է, որ Առաջին ատյանի դատարանն Ա.Գրիգորյանին ՀՀ քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարքի համար դատապարտել է տուգանքի, իսկ նախորդ` Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2016 թվականի ապրիլի 1-ի դատավճռով սահմանված պատիժը պայմանականորեն չկիրառելը չի վերացրել(4): Վերաքննիչ դատարանը գտել է, որ Առաջին ատյանի դատարանն Ա.Գրիգորյանի նկատմամբ նշանակված պատժի հարցում եկել է ճիշտ հետևության: Միևնույն ժամանակ Վերաքննիչ դատարանն ընդգծել է, որ փորձաշրջանի ընթացքում անզգույշ կամ ոչ մեծ ծանրության դիտավորյալ հանցանք կատարելու դեպքում պատիժը պայմանականորեն չկիրառելը վերացնելու հարցը գտնվում է դատարանի հայեցողության շրջանակներում(5):
---------------------
4) Տե՛ս սույն որոշման 6-րդ կետը:
5) Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ թեև ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի 6-րդ մասի իրավակարգավորմամբ փորձաշրջանի ընթացքում անզգույշ կամ ոչ մեծ ծանրության դիտավորյալ հանցանք կատարելու դեպքում պատիժը պայմանականորեն չկիրառելը վերացնելու հարցը թողնվում է դատարանի հայեցողությանը, այնուամենայնիվ դա չի ենթադրում, որ դատարանի վերոնշյալ լիազորությունը բացարձակ բնույթ է կրում. պատիժը պայմանականորեն չկիրառելը վերացնելու կամ չվերացնելու վերաբերյալ դատարանի հետևությունը պետք է լինի պատճառաբանված և բխի տվյալ գործի հանգամանքների բազմակողմանի վերլուծությունից(6):
---------------------
6) Դատական հայեցողության սահմանների վերաբերյալ տե՛ս mutatis mutandis Վճռաբեկ դատարանի` Հ.Դավթյանի վերաբերյալ 2013 թվականի մայիսի 8-ի թիվ ՇԴ/0126/01/12 որոշման 22-րդ կետը:
Սույն գործով Ա.Գրիգորյանը, ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով դատապարտված լինելով երկու տարի ժամկետով ազատազրկման, գտնվելով փորձաշրջանի մեջ և զրկված լինելով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից, ոչ սթափ վիճակում վարել է տրանսպորտային միջոց: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները, ամբաստանյալի նկատմամբ տուգանքի ձևով պատիժ նշանակելով և պատիժը պայմանականորեն չկիրառելը չվերացնելով, պատշաճ գնահատականի չեն արժանացրել կատարված հանցագործությունների բնույթը, այն է` ամբաստանյալի կողմից կատարվել են համասեռ հանցավոր արարքներ, որոնք ոտնձգում են միևնույն օբյեկտի` հասարակական անվտանգության դեմ: Այսպես` նախկինում դատապարտված լինելով տուժողի մահն առաջացրած ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու համար և գտնվելով փորձաշրջանի մեջ` Ա.Գրիգորյանը կատարել է միաբնույթ հանցավոր արարք, ինչն իր հերթին իրական վտանգ է ներկայացրել երթևեկության մասնակիցների համար: Վերոնշյալը վկայում է, որ նշանակված պատիժը բավարար չի եղել պատժի նպատակների իրացման, այն է` հանցավորի ուղղման և նոր հանցագործությունների կանխարգելման տեսանկյունից:
Հետևաբար, հիմնավոր են բողոքաբերի` սույն որոշման 8-րդ կետում բարձրացված փաստարկներն առ այն, որ ստորադաս դատարաններն ամբաստանյալի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանքի համար պատժի տեսակը որոշելիս և վերջինիս նկատմամբ նախորդ դատավճռով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելը վերացնելու հարցը քննարկելիս պատշաճ գնահատականի չեն արժանացրել կատարված արարքի բնույթն ու վտանգավորության աստիճանը, արարքի և հանրորեն վտանգավոր հետևանքների նկատմամբ ամբաստանյալի հոգեբանական վերաբերմունքը:
Սակայն, հաշվի առնելով սույն գործով վարույթը բացառող` «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» 2018 թվականի նոյեմբերի 1-ի ՀՀ օրենքը (այսուհետ` նաև Համաներման մասին օրենք) ամբաստանյալ Ա.Գրիգորյանի նկատմամբ կիրառելի լինելու հանգամանքը` Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով դատական վերանայման սահմաններով կաշկանդված չլինելու հիմքերի վերաբերյալ Մ.Էլոյանի և այլոց վերաբերյալ գործով Վճռաբեկ դատարանի ձևավորած իրավական դիրքորոշումները(7), գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է դուրս գալ վճռաբեկ բողոքարկման սահմաններից:
---------------------
7) Տե՛ս Մ. Էլոյանի և մյուսների վերաբերյալ գործով Վճռաբեկ դատարանի` 2011 թվականի հուլիսի 13-ի թիվ ԵԿԴ/0211/01/10 որոշման 13-14-րդ կետերը:
11. ՀՀ քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված անձի կողմից ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելը կամ այդ անձի կողմից սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելը կամ խուսափելը`
պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` վեց ամսից մեկ տարի ժամկետով»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի համաձայն` «1.Քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե`
(...)
13) ընդունվել է համաներման մասին օրենք:
(...)
5. Դատարանը, հայտնաբերելով քրեական հետապնդումը բացառող հանգամանքներ, լուծում է ամբաստանյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու հարցը:
6. Սույն հոդվածի առաջին մասի (...) 13-րդ կետում նշված հիմքով գործի վարույթի կարճում և քրեական հետապնդման դադարեցում չի թույլատրվում, եթե դրա դեմ առարկում է մեղադրյալը: Այս դեպքում գործի վարույթը շարունակվում է սովորական կարգով»:
Համաներման մասին օրենքի 2-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետի համաձայն` «Քրեական գործի հարուցումը մերժել, հարուցված քրեական գործը կարճել, ինչպես նաև դադարեցնել քրեական հետապնդումը կամ չիրականացնել քրեական հետապնդում 2018 թվականի հոկտեմբերի 21-ը ներառյալ կատարած հանցագործությունների դեպքերով (բացառությամբ անմիջականորեն մարդու մահվան հանգեցրած դեպքերի, որոնցով առկա է տուժողի իրավահաջորդի առարկությունը), որոնցով`
(...) անձինք կարող են մեղադրվել կամ մեղադրվում են այնպիսի հանցագործություններ կատարելու մեջ, որոնց համար նախատեսված է պատիժ` ոչ ավելի, քան չորս տարի ժամկետով ազատազրկում»:
Համաներման մասին օրենքի 4-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն` «Սույն օրենքի կատարումը վերապահել`
(...)
3) Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանին` այն անձանց նկատմամբ, որոնց վերաբերյալ գործերով վճռաբեկ բողոքներն ընդունվել են Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարույթ (...)»:
12. Վճռաբեկ դատարանը փաստում է, որ այն դեպքում, երբ համաներման մասին օրենքն ընդունվում է գործը դատական քննության փուլում գտնվելու ժամանակահատվածում, այդ հիմքով անձի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու հարցը լուծելու պարտականությունը կրում է դատարանը: Ընդ որում, դատական քննությունը ենթադրում է վարույթն ինչպես առաջին ատյանի, այնպես էլ վերաքննիչ ու վճռաբեկ դատարաններում: Մասնավորապես, այն դեպքում, երբ ամբաստանյալը համաձայն է, որ իր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվի համաներման մասին օրենքի ընդունման հիմքով, և առկա են նաև այդ հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու համար անհրաժեշտ օրենքով նախատեսված վավերապայմանները, ապա դատարանը, կաշկանդված չլինելով բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններով, պարտավոր է անձի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել:
13. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Ա.Գրիգորյանին ՀՀ քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի 2-րդ մասով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, մեկ տարի ժամկետով զրկված լինելով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից և գտնվելով փորձաշրջանի մեջ, 2018 թվականի հունվարի 27-ին` ժամը 1:20-ին, Երևան քաղաքի Վազգեն Սարգսյան փողոցում, առանց տրանսպորտային միջոց վարելու իրավունքի և ոչ սթափ` 0.26 մգ/լ ալկոհոլ օգտագործած վիճակում, վարել է «Տոյոտա» մակնիշի 22 NN 211 պ/հ ավտոմեքենան(8):
---------------------
8) Տե՛ս սույն որոշման 5-րդ կետը:
Առաջին ատյանի դատարանի դատավճռով ամբաստանյալ Ա.Գրիգորյանի նկատմամբ պատիժ է նշանակվել տուգանք` 500.000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամի չափով: Նշանակված տուգանքի վճարման համար ՀՀ քրեական օրենսգրքի 51-րդ հոդվածի հիման վրա սահմանվել է ժամկետ` մինչև 2019 թվականի հուլիսի 1-ը(9):
---------------------
9) Տե՛ս սույն որոշման 2-րդ կետը:
Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ մեղադրողի վերաքննիչ բողոքը մերժել է` բողոքարկված ակտը թողնելով անփոփոխ(10):
---------------------
10) Տե՛ս սույն որոշման 3-րդ կետը:
14. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 11-12-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ամբաստանյալ Ա.Գրիգորյանին ՀՀ քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի 2-րդ մասով մեղսագրվում է դիտավորությամբ կատարված հանցագործություն, որի համար որպես պատիժ է նախատեսված տուգանք` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկում` վեց ամսից մեկ տարի ժամկետով, և որը կատարվել է 2018 թվականի հունվարի 27-ին:
Այսինքն` վերը նշված հանգամանքների համակցությունից հետևում է, որ Ա.Գրիգորյանը մեղադրվում է դիտավորությամբ կատարված ոչ մեծ ծանրության հանցագործություն համար, որը տեղի է ունեցել մինչև 2018 թվականի հոկտեմբերի 21-ը, և որի համար նախատեսված պատիժը չի գերազանցում չորս տարի ժամկետով ազատազրկումը: Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ առկա են ամբաստանյալ Ա.Գրիգորյանի նկատմամբ Համաներման մասին օրենքի կիրառման անհրաժեշտ վավերապայմանները: Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ քրեական գործի նյութերում բացակայում է Համաներման մասին օրենքն ամբաստանյալ Ա.Գրիգորյանի նկատմամբ կիրառելուն խոչընդոտող որևէ հանգամանք:
Հետևաբար Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ Համաներման մասին օրենքն ամբաստանյալ Ա.Գրիգորյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի 2-րդ մասով քրեական հետապնդումը բացառող հանգամանք է:
15. Համաներման մասին օրենքի կիրառմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի 2-րդ մասով Ա.Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելիս Վճռաբեկ դատարանը հաշվի է առնում նաև այն, որ Ա.Գրիգորյանն իր նկատմամբ կայացված դատական ակտը վերադաս ատյան չի բողոքարկել. այն բողոքարկվել է միայն դատախազի կողմից: Այլ կերպ` ամբաստանյալն իր մեղավորության հարցը վերադաս դատական ատյաններում չի վիճարկել, հետևաբար Վճռաբեկ դատարանը պարտավոր չէ ամբաստանյալից լրացուցիչ ճշտել` արդյոք նա չի առարկում, որ իր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվի` Համաներման մասին օրենքի ընդունման հիմքով(11):
---------------------
11) Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի` Ֆ. Ավագիմյանի վերաբերյալ գործով 2017 թվականի ապրիլի 12-ի թիվ ԱՎԴ2/0016/01/14, Ս. Ղամբարյանի և այլոց վերաբերյալ գործով 2014 թվականի մարտի 28-ի թիվ ԵՇԴ/0055/01/11 որոշումները:
16. Ամփոփելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Ա.Գրիգորյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի 2-րդ մասով քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման, իսկ գործի վարույթը` կարճման` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետի, այն է` համաներման մասին օրենքի ընդունման հիմքով:
17. Վերոշարադրյալը Վճռաբեկ դատարանին հիմք է տալիս ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի հիման վրա բեկանելու Առաջին ատյանի դատարանի` 2018 թվականի հունիսի 19-ի և Վերաքննիչ դատարանի` 2018 թվականի օգոստոսի 30-ի դատական ակտերը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետի հիման վրա` ամբաստանյալ Ա.Գրիգորյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի 2-րդ մասով քրեական հետապնդումը դադարեցնելու և գործի վարույթը կարճելու:
18. Վճռաբեկ դատարանը գտնում է նաև, որ ամբաստանյալ Ա.Գրիգորյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված չհեռանալու մասին ստորագրությունը ենթակա է վերացման:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 35-րդ, 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Ամբաստանյալ Արամ Զավենի Գրիգորյանի վերաբերյալ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` 2018 թվականի հունիսի 19-ի դատավճիռը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2018 թվականի օգոստոսի 30-ի որոշումը բեկանել:
2. «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» 2018 թվականի նոյեմբերի 1-ի ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետի հիման վրա Արամ Զավենի Գրիգորյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի 2-րդ մասով քրեական հետապնդումը դադարեցնել և քրեական գործի վարույթը կարճել:
3. Արամ Զավենի Գրիգորյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը վերացնել:
4. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` Լ. Թադևոսյան
Դատավորներ` Հ. Ասատրյան
Ս. Ավետիսյան
Ե. Դանիելյան
Ա. Պողոսյան
Ս. Օհանյան