Սեղմել Esc փակելու համար:
ՀԻՄՆԱՎՈ՞Ր ԵՆ ԱՐԴՅՈՔ ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀԻՄՆԱՎՈ՞Ր ԵՆ ԱՐԴՅՈՔ ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆԻ ՀԵՏԵՎՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՅՆ ՄԱՍԻՆ, ՈՐ ՊԱՇՏՊԱՆԻ Կ ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    Հայաստանի Հանրապետության                         ԵԴ/0630/06/18

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Գործ թիվ ԵԴ/0630/06/18

Նախագահող դատավոր` Ա. Նիկողոսյան

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

 

                   նախագահությամբ`            Լ. Թադևոսյանի

                   մասնակցությամբ` դատավորներ Հ. Ասատրյանի

                                              Ս. Ավետիսյանի

                                              Ե. Դանիելյանի

                                              Ա. Պողոսյանի

                                              Ս. Օհանյանի

                   քարտուղարությամբ`          Մ. Ավագյանի

                   մասնակցությամբ պաշտպան`    Լ. Ասլանյանի

 

    2019 թվականի փետրվարի 7-ին                            ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2018 թվականի հոկտեմբերի 2-ի որոշման դեմ Սոֆիո Զուրաբի Անդրեևայի պաշտպան Լ.Ասլանյանի վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության ՀԿԳ ավագ քննիչ Հ.Մարտիրոսյանի` 2018 թվականի մայիսի 31-ի որոշմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է թիվ 50101018 քրեական գործը:

2018 թվականի հունիսի 1-ին Սոֆիո Զուրաբի Անդրեևան ձերբակալվել է:

Նախաքննության մարմնի` 2018 թվականի հունիսի 4-ի որոշմամբ Ս.Անդրեևան ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով:

2. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան)` 2018 թվականի հունիսի 4-ի որոշմամբ Ս.Անդրեևայի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը` երկու ամիս ժամկետով:

3. Առաջին ատյանի դատարանի` 2018 թվականի հուլիսի 26-ի որոշմամբ Ս.Անդրեևային կալանքի տակ պահելու ժամկետը երկարացվել է երկու ամսով` մինչև 2018 թվականի հոկտեմբերի 1-ը:

4. Պաշտպան Լ.Ասլանյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2018 թվականի հոկտեմբերի 2-ի որոշմամբ բողոքը մերժել է, Առաջին ատյանի դատարանի` 2018 թվականի հուլիսի 26-ի որոշումը` թողել օրինական ուժի մեջ:

5. Վերաքննիչ դատարանի` 2018 թվականի հոկտեմբերի 2-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել պաշտպան Լ.Ասլանյանը:

Վճռաբեկ դատարանի` 2019 թվականի հունվարի 17-ի որոշմամբ պաշտպանի վճռաբեկ բողոքն ընդունվել է վարույթ:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

6. Վերաքննիչ դատարանն իր` 2018 թվականի հոկտեմբերի 2-ի որոշմամբ արձանագրել է. «(...) Թիվ ԵԴ/0630/06/18 գործով ստացված օրինականությունը և հիմնավորվածությունը հաստատող նյութերից պարզ է դառնում, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2018 թվականի հուլիսի 26-ին տեղի ունեցած դատական նիստին մասնակցել են դատավարության բոլոր կողմերը` քննիչը, մեղադրյալը և վերջինիս պաշտպանը` վերաքննիչ բողոք ներկայացրած անձը:

Բացի այդ, Առաջին ատյանի դատարանի կողմից որոշումը հրապարակելուց հետո դատական ակտը փաստացի տրամադրվել է թե՛ քննիչին և թե՛ մեղադրյալին, իսկ պաշտպան Լուսինե Ասլանյանը որոշման օրինակն Առաջին ատյանի դատարանից առձեռն ստացել է միայն 2018 թվականի օգոստոսի 3-ին, այսինքն` որոշման հրապարակումից 8 օր անց:

Վերոգրյալի կապակցությամբ Վերաքննիչ դատարանը փաստում է, որ բողոքաբերի պատճառաբանությունն առ այն, որ որոշումը ստացվել է 2018 թվականի օգոստոսի 3-ին (փաստացի բողոքարկման ժամկետի ավարտվելուց հետո) չի կարող դիտարկվել որպես օբյեկտիվ պատճառաբանություն և վկայել բողոքարկման ժամկետի պահպանված լինելու մասին, քանզի դատական ակտի` հասանելի դառնալը կապված է եղել պաշտպանի սուբյեկտիվ հայեցողությամբ պայմանավորված խնդրի հետ, իսկ Առաջին ատյանի դատարանը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված պարտականությունների հիման վրա որոշումը կայացնելու օրն այն ստորագրությամբ հանձնել է կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու մասին միջնորդություն հարուցած անձին և մեղադրյալին, մինչդեռ պաշտպանի կողմից, ով, ինչպես նշվեց, մասնակցել է միջնորդության քննության վերաբերյալ դատական նիստին, չեն ձեռնարկվել համապատասխան գործողությունները, որոնք կարող էին ավելի վաղ հասանելի դարձնել որոշումը (այդ թվում` սեփական պաշտպանյալի միջոցով), որի բացասական հետևանքների կրողը տվյալ դեպքում հենց ինքը բողոքաբերն է:

Արդյունքում պետք է փաստել, որ պաշտպանի` դատական ակտը ստանալու իրավունքն օբյեկտիվորեն պետք է իրացվեր հենց 2018 թվականի հուլիսի 26-ին, հետևաբար` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2018 թվականի հուլիսի 26-ի դատական ակտի բողոքարկման ժամկետը պետք է հաշվարկել հուլիսի 26-ից 5 օրվա ընթացքում, ուստի ստացվում է, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` 2018 թվականի հուլիսի 26-ի դատական ակտի բողոքարկման ժամկետը սպառվում է 2018 թվականի հուլիսի 31-ին` ժամը 24:00-ին, մինչդեռ բողոքաբերի կողմից վերաքննիչ բողոքը Վերաքննիչ դատարանին է հանձնվել միայն 2018 թվականի օգոստոսի 7-ին:

(...):

Սույն պարագայում, մեղադրյալ Սոֆիո Զուրաբի Անդրեևայի պաշտպան Լուսինե Ասլանյանի վերաքննիչ բողոքը վարույթ է ընդունվել նկատի ունենալով, որ առերևույթ (prima facie) պահպանվել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 381-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի պահանջները, մինչդեռ վերաքննիչ բողոքի լիարժեք քննության ընթացքում է վեր հանվել վերջինիս` վերաքննիչ բողոքարկման ժամկետը բաց թողած լինելու հանգամանքը, ուստի նման պայմաններում Վերաքննիչ դատարանը, ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածով տրված լիազորություններով, իրավունք ունի կայացնելու միայն վերաքննիչ բողոքը մերժելու վերաբերյալ որոշում: (...)»1:

____________________

1 Տե՛ս նյութեր, հատոր 3-րդ, թերթեր 31-32:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

7. Բողոքի հեղինակի կարծիքով Վերաքննիչ դատարանը թույլ է տվել մեղադրյալի իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, այն է` պատշաճ կերպով չի գնահատել բոլոր այն օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոնները, որոնց պատճառով ինքը բաց է թողել Առաջին ատյանի դատարանի` 2018 թվականի հուլիսի 26-ի որոշման բողոքարկման ժամկետը: Մասնավորապես, բողոքաբերի պնդմամբ Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն, որ Առաջին ատյանի դատարանի որոշումն առձեռն ստացել է այն բողոքարկելու համար նախատեսված ժամկետն ավարտվելուց հետո, ինչի պատճառով զրկվել է օրենքով սահմանված ժամկետում վերաքննիչ բողոք ներկայացնելու հնարավորությունից:

7.1. Բողոքաբերը փաստել է, որ Վերաքննիչ դատարանը պաշտպանի կողմից Առաջին ատյանի դատարանի` 2018 թվականի հուլիսի 26-ի դատական ակտի բողոքարկման ժամկետի սկիզբը հաշվել է մեղադրյալ Ս.Անդրեևայի կողմից որոշումը ստանալու պահից: Մինչդեռ պաշտպանը համապատասխան դատական ակտն առձեռն ստացել է ավելի ուշ` 2018 թվականի օգոստոսի 3-ին, ուստի բողոքաբերի պնդմամբ Առաջին ատյանի դատարանի որոշման բողոքարկման ժամկետի սկիզբն անհրաժեշտ էր հաշվարկել այն պահից, երբ որոշումը փաստացի հասու էր դարձել իրեն:

7.2. Բողոքաբերը նշել է, որ 2018 թվականի հուլիսի 26-ին Առաջին ատյանի դատարանում տեղի ունեցած` Ս.Անդրեևայի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորման ժամկետը երկու ամսով երկարացնելու վերաբերյալ նիստին մասնակցել է նաև ինքը, սակայն դատական ակտի հրապարակմանը չի սպասել, քանի որ նույն օրն այլ դատական նիստ է նշանակված եղել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում, իսկ Վերաքննիչ դատարանը դատական ակտը հրապարակելու կոնկրետ ժամկետ չի նշել:

Բողոքաբերն իր անհամաձայնությունն է արտահայտել Վերաքննիչ դատարանի այն պատճառաբանությանը, որ եթե պաշտպանը ներկա է եղել դատական նիստին, սակայն հարգելի պատճառներով հեռացել է և չի սպասել որոշման հրապարակմանը, ապա դատարանը դատական ակտը պատշաճ ձևով վերջինիս ուղարկելու պարտավորություն այլևս չի կրել, ավելին` դատական ակտը հասանելի դարձնելու համար պաշտպանն ինքը պետք է միջոցներ ձեռնարկեր: Բողոքաբերի պնդմամբ Վերաքննիչ դատարանը նույնիսկ չի փորձել պարզել պաշտպանի կողմից դատարանի որոշումը նույն օրն առձեռն չստանալու պատճառները և եկել է եզրահանգման, որ վերջինս չի օգտվել այդ հնարավորությունից սուբյեկտիվ պատճառաբանությամբ, ինչի բացասական հետևանքների կրողը տվյալ դեպքում ինքն է:

8. Վերոշարադրյալի հիման վրա բողոքի հեղինակը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի` 2018 թվականի հոկտեմբերի 2-ի որոշումը, կայացնել նոր դատական ակտ` նյութերն ուղարկելով համապատասխան ստորադաս դատարան` նոր քննության:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

9. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավո՞ր են արդյոք Վերաքննիչ դատարանի հետևություններն այն մասին, որ պաշտպանի կողմից Առաջին ատյանի դատարանի` 2018 թվականի հուլիսի 26-ի որոշմանը բողոքարկման ժամկետի սկիզբը պետք է հաշվել մեղադրյալի և քննիչի կողմից այդ որոշումն ստանալու պահից:

i

10. ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք»:

i

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք»:

i

11. Մեջբերված սահմանադրական նորմերի, ինչպես նաև «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 13-րդ, ՄԱԿ-ի «Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի» 8-րդ, «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրի 2-րդ հոդվածների համակարգային վերլուծության հիման վրա Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ իրավունքների պաշտպանության միջոցների շարքում դատական պաշտպանությունն առանձնահատուկ տեղ է գրավում, քանի որ իրականացվում է իշխանությունների տարանջատման համակարգում ինքնուրույն և անկախ կարգավիճակ ունեցող մարմնի կողմից: Դատական պաշտպանության իրավունքն անձի անօտարելի իրավունքներից մեկն է և միաժամանակ այլ իրավունքների ու ազատությունների ապահովման միջոց է ու երաշխիք: Սակայն խնդրո առարկա հիմնարար իրավունքը բացարձակ չէ, այն սահմանափակված է որոշակի օբյեկտիվ պայմաններով: Մասնավորապես, դատական ակտերը վերադասության կարգով բողոքարկելու համար օրենսդիրը սահմանել է որոշակի ժամկետներ, որոնք նպատակ են հետապնդում ապահովելու քրեական դատավարության պատշաճ իրականացումը: Նշված ժամկետները, սակայն, չեն կարող լինել կամայական, դրանք պետք է լինեն ողջամիտ, ինչը ենթադրում է գործի մասնակից բոլոր անձանց շահերի հավասարակշռված հաշվառում, որպեսզի բացառվեն մի կողմից դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելու անհիմն ուշացումները, մյուս կողմից` այդ ակտի դեմ բողոք բերելու անհամաչափ բարդությունները: Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ դատական ակտի բողոքարկման ժամկետի ողջամտությունն ապահովված կհամարվի նախ և առաջ այն դեպքում, եթե շահագրգիռ անձին բավարար ժամանակ տրամադրվի բողոքն օրենսդրությամբ սահմանված պահանջների պահպանմամբ նախապատրաստելու և համապատասխան դատարան ներկայացնելու համար: Իրավունքների ենթադրյալ խախտումներից դատարանի առջև իրավական պաշտպանություն հայցող անձի կողմից հիմնավոր բողոք ներկայացնելու համար անհրաժեշտ և բավարար ժամանակահատվածի տևողությունը պայմանավորված է նաև այդ ժամկետի հաշվարկման ողջամիտ սկզբի սահմանմամբ2:

____________________

2 Տե՛ս, mutatis mutandis, Տիգրան Հովհաննիսյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2012 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ ԵԿԴ/0066/11/12, Մինաս Մկրտչյանի և Միքայել Միքայելյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2016 թվականի նոյեմբերի 1-ի թիվ ԵԷԴ/0110/01/12, Վահան Թորոսյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2016 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ ԵԱԴԴ/0005/15/16, Նավասարդ Ալավերդյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2017 թվականի օգոստոսի 30-ի թիվ ԿԴ1/0143/01/14 որոշումները:

 

i

12. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 19-րդ հոդվածի 4-րդ մասը սահմանում է. «Կասկածյալը և մեղադրյալն իրավունք ունեն մեղադրանքից պաշտպանվել ինչպես անձամբ, այնպես էլ պաշտպանի (...) միջոցով (...)»:

13. Վերոնշյալ իրավադրույթի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ մեղադրյալը (կամ կասկածյալը) և պաշտպանը քրեական դատավարության ինքնուրույն սուբյեկտներ են, ովքեր ունեն իրավունքների և պարտականությունների ինքնուրույն շրջանակ: Նրանց գործունեությունն ուղղված է միևնույն` պաշտպանության գործառույթի իրականացմանը, որի ուժով էլ նրանք լրացնում են միմյանց: Կասկածյալը կամ մեղադրյալն իր բոլոր իրավունքները կամ դրանց մի մասը չի զիջում պաշտպանին, պաշտպանի իրավունքներն էլ ածանցյալ չեն կասկածյալի կամ մեղադրյալի իրավունքներից: Պաշտպանը քրեական դատավարությանը մասնակցում է մեկ հիմնական նպատակով` պաշտպանել կասկածյալի կամ մեղադրյալի իրավունքներն ու օրինական շահերը:

i

14. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 285-րդ հոդվածի 5-րդ մասը սահմանում է. «(...) Որոշումը կայացնելու օրը դատարանը այն ստորագրությամբ հանձնում է կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու կամ կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու մասին միջնորդություն հարուցած անձին, մեղադրյալին, պաշտպանին և տուժողին, իսկ դատական նիստին վերջիններիս չներկայանալու դեպքում` պատշաճ ձևով ուղարկում է նրանց (...)»:

i

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն` «Վերաքննիչ բողոք բերվում են.

(...)

3). «առաջին ատյանի դատարանի` կալանավորման, կալանքի ժամկետի երկարաձգման, բժշկական հաստատությունում անձանց տեղավորման մասին որոշումները` հրապարակվելու պահից հնգօրյա ժամկետում, իսկ գործն ըստ էության չլուծող մյուս ակտերը` հրապարակվելու պահից տասնօրյա ժամկետում. (...)»:

i

15. ՀՀ սահմանադրական դատարանը (այսուհետ` նաև Սահմանադրական դատարան) 2017 թվականի հունիսի 13-ի թիվ ՍԴՈ-1373 որոշման շրջանակներում փաստել է. «(...) բ/ (...) Օրենսգրքի 285-րդ հոդվածի 5-րդ մասն ամրագրում է այն անձանց շրջանակը, որոնց հանձնվում կամ ուղարկվում է մեղադրյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու, կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու կամ միջնորդությունը մերժելու մասին դատական ակտը: Դրանք են` կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու կամ կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու մասին միջնորդություն հարուցած անձը, այսինքն` դատախազը կամ քննիչը, ինչպես նաև մեղադրյալը, պաշտպանը և տուժողը»3:

____________________

3 Տե՛ս, ՀՀ սահմանադրական դատարանի` 2017 թվականի հունիսի 13-ի թիվ ՍԴՈ-1373 որոշման 6-րդ կետը:

 

16. Անդրադառնալով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 375-րդ հոդվածով նախատեսված` դատավճռի պատճենը ոչ միայն դատապարտվածին կամ արդարացվածին, այլև պաշտպանին հանձնելու համանման օրենսդրական պահանջին` Վճռաբեկ դատարանը Ն.Ալավերդյանի գործով իրավական դիրքորոշում է արտահայտել այն մասին, որ. «(...) Դա առավելապես պայմանավորված է պաշտպանի` քրեական դատավարության ինքնուրույն սուբյեկտ լինելու հանգամանքով. այն նաև կասկածյալի ու մեղադրյալի պաշտպանության, դատական պաշտպանության իրավունքների արդյունավետ իրացումն ապահովելու երաշխիք է: (...) Պաշտպանի կողմից դատական ակտի բողոքարկման ժամկետի հաշվարկման սկիզբ չի կարող սահմանվել պաշտպանյալի կողմից նաև պաշտպանին հանձնման ենթակա դատավճռի պատճենը դատարանից ստանալու պահը, եթե այն փաստացի ավելի ուշ է հասու դառնում պաշտպանին: (...) Չբացառելով պաշտպանին հանձնման ենթակա դատավճռի պատճենը պաշտպանյալի կողմից ստանալու հնարավորությունը, միևնույն ժամանակ արձանագրում է, որ նման դեպքում պաշտպանի կողմից դատական ակտի բողոքարկման ժամկետի սկիզբը պետք է հաշվարկվի ոչ թե պաշտպանին հանձնման ենթակա դատավճռի պատճենը պաշտպանյալի կողմից ստանալու պահից, այլ այն պահից, երբ այդ փաստաթուղթը հասու է դարձել պաշտպանին: (...) Դատավճռի պատճենը պաշտպանյալի միջոցով պաշտպանին փոխանցելիս վերջինիս կողմից այն ստանալու պահի առնչությամբ գործնականում հնարավոր խնդիրների առաջացումից և չարաշահումներից խուսափելու համար դատարանը պաշտպանին հանձնման ենթակա դատավճռի պատճենն օրենքով սահմանված կարգով պետք է հանձնի (ուղարկի) վերջինիս նույնիսկ այն դեպքում, երբ պաշտպանյալը դատարանից ստանում է նաև պաշտպանին հանձնման ենթակա համապատասխան փաստաթուղթը: Այլ խոսքով` պաշտպանին հանձնման ենթակա դատավճռի պատճենը պաշտպանյալի կողմից դատարանից ստանալը դատարանին չի ազատում այդ փաստաթուղթն օրենքով սահմանված կարգով պաշտպանին հանձնելու պարտավորությունից»:

17. Ելնելով վերոնշյալ իրավական նորմերի և ներկայացված իրավական դիրքորոշումների վերլուծությունից` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ կալանքի վերաբերյալ դատական ակտն առաջին ատյանի դատարանը պետք է փաստացի հասու դարձնի միջնորդություն հարուցած անձին, տուժողին, մեղադրյալին, ինչպես նաև վերջինիս պաշտպանին` դատական ակտը նրանց հանձնելու կամ ուղարկելու եղանակով` կախված վերջիններիս` դատական նիստին ներկայացած լինելու կամ չլինելու հանգամանքից: Ընդ որում, համապատասխան դատական ակտը մեղադրյալին հանձնած (ուղարկած) լինելու հանգամանքն առաջին ատյանի դատարանին չի ազատում այն նաև պաշտպանին հանձնելու (ուղարկելու) պարտականությունից, ինչը վերջինիս կողմից կալանավորման օրինականության և հիմնավորվածության վիճարկման իրավունքի արդյունավետ իրացման, և ըստ այդմ` իր պաշտպանյալի շահերի պաշտպանության երաշխիք է:

18. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Վերաքննիչ դատարանը 2018 թվականի հոկտեմբերի 2-ի որոշմամբ արձանագրել է, որ Առաջին ատյանի դատարանի դատական նիստին մասնակցել են քննիչը, մեղադրյալը և վերջինիս պաշտպանը, և որ որոշումը հրապարակելուց հետո դատական ակտը փաստացի տրամադրվել է քննիչին և մեղադրյալին: Վերաքննիչ դատարանը, փաստելով, որ պաշտպան Լ.Ասլանյանը որոշման օրինակն Առաջին ատյանի դատարանից առձեռն ստացել է միայն 2018 թվականի օգոստոսի 3-ին, այսինքն` որոշման հրապարակումից 8 օր անց, այդուհանդերձ գտել է, որ դա չի կարող դիտարկվել որպես օբյեկտիվ պատճառաբանություն և վկայել բողոքարկման ժամկետի պահպանված լինելու մասին, քանի որ դատական ակտի հասանելի դառնալը կապված է եղել պաշտպանի սուբյեկտիվ հայեցողությամբ պայմանավորված խնդրի հետ: Վերաքննիչ դատարանը գտել է, որ Առաջին ատյանի դատարանը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված պարտականությունների հիման վրա, որոշումը կայացնելու օրն այն ստորագրությամբ հանձնել է կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու մասին միջնորդություն հարուցած անձին և մեղադրյալին, մինչդեռ պաշտպանի կողմից, ով մասնակցել է միջնորդության քննության վերաբերյալ դատական նիստին, չեն ձեռնարկվել համապատասխան գործողություններ, որոնք կարող էին ավելի վաղ հասանելի դարձնել որոշումը (այդ թվում` պաշտպանյալի միջոցով), որի բացասական հետևանքների կրողը հենց պաշտպանն է: Արդյունքում Վերաքննիչ դատարանը եզրահանգել է, որ պաշտպանի` դատական ակտը ստանալու իրավունքն օբյեկտիվորեն պետք է իրացվեր հենց 2018 թվականի հուլիսի 26-ին, հետևաբար Առաջին ատյանի դատարանի դատական ակտի բողոքարկման ժամկետը պետք է հաշվարկվեր հուլիսի 26-ից 5 օրվա ընթացքում4:

____________________

4 Տե՛ս սույն որոշման 6-րդ կետը:

 

19. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 10-17-րդ կետերում շարադրված իրավական նորմերի և դրանց վերլուծության լույսի ներքո` Վճռաբեկ դատարանը հիմնավոր չի համարում Վերաքննիչ դատարանի փաստարկներն առ այն, որ Առաջին ատյանի դատարանի դատական ակտը պաշտպանի կողմից չստանալը նրա սուբյեկտիվ հայեցողության արդյունքն է, և որ վերջինս համապատասխան դատական ակտը ստանալու համար որոշակի գործողություններ կատարելու պարտականություն է ունեցել:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանն է կրում իր կայացրած դատական ակտը պաշտպանին փաստացի հասու դարձնելու պարտականությունը` օրենքով նախատեսված եղանակներից որևէ մեկով` հանձնելով կամ ուղարկելով: Ընդ որում, դատական ակտն առձեռն հանձնելու օբյեկտիվ անհնարինության դեպքում Առաջին ատյանի դատարանը շարունակում է կրել այն պաշտպանին ուղարկելու պարտականությունը` անկախ մեղադրյալին համապատասխան որոշումը հանձնած (ուղարկած) լինելու կամ չլինելու հանգամանքից:

20. Ամփոփելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ հիմնավոր չեն Վերաքննիչ դատարանի հետևություններն այն մասին, որ պաշտպանի կողմից Առաջին ատյանի դատարանի` 2018 թվականի հուլիսի 26-ի որոշման բողոքարկման ժամկետի սկիզբը պետք է հաշվել մեղադրյալի և քննիչի կողմից այդ որոշումը ստանալու պահից: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ պաշտպանի կողմից քննարկվող որոշման բողոքարկման ժամկետի հաշվարկման սկիզբն անհրաժեշտ է հաշվել այն պահից, երբ համապատասխան որոշումը փաստացի հասու է դարձել վերջինիս, այսինքն` 2018 թվականի օգոստոսի 3-ից:

21. Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը դատական ակտ կայացնելիս թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 285-րդ և 379-րդ հոդվածների պահանջների խախտումներ, որոնք իրենց բնույթով էական են և, համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի, հիմք են ստորադաս դատարանի որոշումը բեկանելու և գործը նույն դատարան` նոր քննության ուղարկելու համար:

Նոր քննության ընթացքում Վերաքննիչ դատարանը պետք է ըստ էության քննության առնի Առաջին ատյանի դատարանի` 2018 թվականի հուլիսի 26-ի որոշման դեմ պաշտպանի ներկայացրած վերաքննիչ բողոքը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Մեղադրյալ Սոֆիո Զուրաբի Անդրեևայի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2018 թվականի հոկտեմբերի 2-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Լ. Թադևոսյան

Դատավորներ` Հ. Ասատրյան

Ս. Ավետիսյան

Ե. Դանիելյան

Ա. Պողոսյան

Ս. Օհանյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
07.02.2019
N ԵԴ/0630/06/18
Որոշում