Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 3-ՐԴ, 53-ՐԴ, 219-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական                   Քաղաքացիական գործ              

    դատարանի որոշում                            թիվ ԱՐԴ1/0064/02/15

    Քաղաքացիական գործ                                     2019 թ.         

թիվ ԱՐԴ1/0064/02/15

Նախագահող դատավոր` Ս. Միքայելյան

    Դատավորներ`        Ա. Սմբատյան

                       Հ. Ենոքյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

                   նախագահող                  Ռ. Հակոբյան

                   զեկուցող                   Ն. Տավարացյան

                                              Ս. Անտոնյան

                                              Վ. Ավանեսյան

                                              Ա. Բարսեղյան

                                              Մ. Դրմեյան

                                              Ե. Խունդկարյան

                                              Գ. Հակոբյան

                                              Տ. Պետրոսյան

                                              Է. Սեդրակյան

 

2019 թվականի դեկտեմբերի 27-ին

գրավոր ընթացակարգով քննելով Վրեժ Դավթյանի ներկայացուցիչ Նիկոլայ Բաղդասարյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 30.11.2017 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Նշան Աբգարյանի ընդդեմ Արթուր Սիմոնյանի և Վրեժ Դավթյանի` ավտոմեքենայի առուվաճառքի գործարքներն անվավեր ճանաչելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Նշան Աբգարյանը պահանջել է անվավեր ճանաչել իր և Արթուր Սիմոնյանի միջև 26.09.2014 թվականին կնքված և Արթուր Սիմոնյանի և Վրեժ Դավթյանի միջև 19.11.2014 թվականին կնքված ավտոմեքենայի առուվաճառքի պայմանագրերը, որպես պայմանագրերի անվավերության հետևանք` Վրեժ Դավթյանին պատկանող ավտոմեքենայի նկատմամբ վերականգնել հայցվորի սեփականության իրավունքը և ավտոմեքենան հանձնել հայցվորին:

ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ն. Գրիգորյան) (այսուհետ` Դատարան) 30.05.2017 թվականի վճռով հայցը բավարարվել է, վճռվել է անվավեր ճանաչել Նշան Աբգարյանի և Արթուր Սիմոնյանի միջև 26.09.2014 թվականին կնքված և Արթուր Սիմոնյանի և Վրեժ Դավթյանի միջև 19.11.2014 թվականին կնքված «LEXUS LX 570» մակնիշի 01 OD 045 պետհամարանիշի ավտոմեքենայի առուվաճառքի պայմանագրերը, որպես առոչինչ գործարքների անվավերության հետևանքներ` Վրեժ Դավթյանի անվամբ սեփականության իրավունքով հաշվառված «LEXUS LX 570» մակնիշի, 11 VD 111 պետհամարանիշի ավտոմեքենայի նկատմամբ վերականգնել Նշան Աբգարյանի սեփականության իրավունքը և ավտոմեքենան հանձնել վերջինիս:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 30.11.2017 թվականի որոշմամբ Վրեժ Դավթյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն` Դատարանի 30.05.2017 թվականի վճիռը մասնակիորեն բեկանվել և փոփոխվել է հետևյալ կերպ. Նշան Աբգարյանի հայցը բավարարվել է մասնակիորեն, այն է` Վրեժ Դավթյանի անվամբ սեփականության իրավունքով հաշվառված «ԼEXUS LX 570» մակնիշի 11 VD 111 պետհամարանիշի ավտոմեքենայի նկատմամբ վերականգնվել է Նշան Աբգարյանի սեփականության իրավունքը և ավտոմեքենան որոշվել է հանձնել Նշան Աբգարյանին, հայցը` մնացած մասով, մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Վրեժ Դավթյանի ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 4-րդ մասը, 63-րդ հոդվածը, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը, իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 3-րդ, 53-րդ, 219-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ հայցվորը, ղեկավարվելով օրենսդրությամբ ամրագրված տնօրինչականության սկզբունքով, ինքնուրույն է որոշում իր հայցապահանջի բնույթը և շրջանակը, իսկ դատարաններն էլ պարտավոր են գործի քննությունն իրականացնել ներկայացված հայցապահանջի և դրանում առկա հիմնավորումների շրջանակում: Հայցվորը, գտնելով, որ իր իրավունքները խախտվել են ավտոմեքենայի առուվաճառքի շինծու պայմանագիր կնքելով, խնդրել է անվավեր ճանաչել այդ պայմանագիրը և կիրառել առոչինչ պայմանագրի անվավերության հետևանքներ, մինչդեռ Վերաքննիչ դատարանը, դուրս գալով վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների շրջանակից, գտել է, որ հայցվորի իրավունքները խախտվել են ոչ թե շինծու գործարք կնքելով, այլ տարաժամկետ վճարման պայմանով պայմանագրի դրույթները չկիրառելու հետևանքով: Վերաքննիչ դատարանը դուրս է եկել վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների շրջանակից, հետևաբար նաև վեճի առարկայի շրջանակից և անտեսել է վերաքննիչ բողոքում նշված հանգամանքները, այն է` Դատարանը կատարել է ապացույցների սխալ բաշխում, դուրս է եկել հայցի հիմքի և առարկայի շրջանակից, սխալ է մեկնաբանել գույքի նկատմամբ արգելանք կիրառելու նորմերը, առանց պատճառաբանությունների հաստատել է գործարքի շինծու լինելու փաստը:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 30.11.2017 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունի հետևյալ փաստը`

Վրեժ Դավթյանի կողմից 17.08.2017 թվականին ներկայացված վերաքննիչ բողոքում Դատարանի վճիռը բողոքարկվել է հետևյալ հիմքերի և հիմնավորումների սահմաններում.

- Դատարանը թույլ է տվել ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 275-րդ հոդվածի, իրավահարաբերության ծագման պահին գործող` 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի խախտումներ, այն է` խախտվել է անձի սեփականության անձեռնմխելիության իրավունքը, անտեսվել է, որ Վրեժ Դավթյանը հանդիսացել է բարեխիղճ ձեռք բերող և առկա չեն օրենքով սահմանված` բարեխիղճ ձեռք բերողից գույքը հետ պահանջելու համար նախատեսված պայմաններից և ոչ մեկը:

- Դատարանը չի իրականացրել գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտություն, հաշվի չի առել գործի փաստական հանգամանքները, որոնք բավարար էին հաստատված համարելու փաստերն այն մասին, որ Վրեժ Դավթյանն ավտոմեքենան ձեռք է բերել այն օտարելու իրավունք ունեցող անձից` Արթուր Սիմոնյանից, այն ձեռք է բերել հատուցմամբ և ավտոմեքենան հայցվորի տիրապետությունից դուրս չի եկել հափշտակման հետևանքով կամ նրա կամքից անկախ այլ պատճառներով (հատոր 4-րդ, գ.թ. 38-47):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է սույն վճռաբեկ բողոքը ներկայացնելու պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` ստորադաս դատարանի կողմից իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ Վերաքննիչ դատարանի` վերաքննիչ բողոքի բոլոր հիմքերը և հիմնավորումներն ըստ էության քննության առարկա դարձնելու պարտականությանը` վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները:

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված իրավունքների և ազատությունների դատական պաշտպանության, ինչպես նաև արդար դատաքննության իրավունքների կարևորությունը բազմիցս նշվել է ինչպես ՀՀ վճռաբեկ դատարանի, այնպես էլ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` Եվրոպական դատարան) որոշումներում:

Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի համաձայն` արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ տարրն է դատարանի մատչելիության իրավունքը: Կրեուզն ընդդեմ Լեհաստանի գործով Եվրոպական դատարանը նշել է, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը երաշխավորում է անձի քաղաքացիական իրավունքներին և պարտականություններին առնչվող հայցով դատարան դիմելու իրավունքը: Այդ դրույթը մարմնավորում է դատարան դիմելու, այն է` քաղաքացիական գործով դատարանում հայց հարուցելու իրավունքը: Այդուհանդերձ, դա է, որ հնարավորություն է տալիս օգտվելու Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի հիմքում ընկած մնացած երաշխիքներից: Դատական վարույթի արդար, հրապարակային և արագ բնութագրիչները, անշուշտ, արժեք չեն ունենա, եթե այդ գործընթացներին ընթացք չի տրվում: Դժվար է պատկերացնել իրավունքի գերակայություն քաղաքացիական գործերով արդարադատություն իրականացնելիս, եթե դատարան դիմելու իրավունքը չի ապահովվում (տե՛ս, Կրեուզն ընդդեմ Լեհաստանի գործով Եվրոպական դատարանի 19.06.2001 թվականի վճիռը, կետ 52):

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի համապատասխան հոդվածներով ամրագրված անձի դատական պաշտպանության իրավունքի կարևոր բաղադրիչներից մեկը դատական ակտերի բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովելու դատական սխալների բացահայտումը և ուղղումը` դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը (տե՛ս, Սուսաննա Արարատի Միրզոյանն ընդդեմ Սուսաննա Միհրանի Միրզոյանի թիվ ԱՐԱԴ/0170/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի որոշումը):

Վերոգրյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ գործին մասնակցող անձանց համար երաշխավորված դատարանի մատչելիության, դատական պաշտպանության իրավունքը դրսևորվում է նաև դատական ակտը բողոքարկելու իրավունքով և դրա իրացման ընթացակարգով, որը կոչված է վերացնելու ստորադաս դատարանում թույլ տրված և բողոք բերող անձի իրավունքներին և օրինական շահերին առնչվող դատական սխալը:

Իրավահարաբերության ծագման պահին գործող` 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում:

Վերոնշյալ իրավանորմից հետևում է, որ վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է և վերաքննիչ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը որոշում է վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում: Ընդ որում, Վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայելիս պետք է պարտադիր անդրադառնա վերաքննիչ բողոքում նշված բոլոր հիմքերին և հիմնավորումներին:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ նշված նորմը ոչ միայն նշանակում է, որ Վերաքննիչ դատարանը կաշկանդված է վերաքննիչ բողոքի հիմքերով, այլ նաև նշանակում է, որ Վերաքննիչ դատարանը պարտավոր է քննության առարկա դարձնել վերաքննիչ բողոքում նշված բոլոր հիմքերը` իր դիրքորոշումն ու եզրահանգումներն արտահայտելով ներկայացված յուրաքանչյուր հիմքի վերաբերյալ: Հակառակ դեպքում իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին կետի դրույթը կկրի հռչակագրային բնույթ, եթե դատարանները սահմանափակվեն զուտ այդ դրույթին համահունչ վերաքննիչ բողոքի հիմքերը դատական ակտում շարադրելով և չանդրադառնան այդ հիմքերի հիմնավորվածության հարցին: Հետևաբար բողոքում բարձրացված հիմքերը պարտադիր քննության առարկա պետք է դառնան վերադաս դատական ատյանում, և դատարանի կայացրած որոշումը պետք է պարունակի այդ հիմքերի վերաբերյալ եզրահանգումներ (տե՛ս, Համայակ Ոսկանյանի ընդդեմ Վոլոդյա Հակոբյանի թիվ ԵԷԴ/1643/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 08.05.2014 թվականի որոշումը):

Սույն գործով Դատարանը, հայցը բավարարելով, պատճառաբանել է, որ կողմերը, 26.09.2014 թվականին կնքելով «LEXUS LX 570» մակնիշի 01 OD 045 պետհամարանիշի ավտոմեքենայի առուվաճառքի պայմանագիրը, իրականում ցանկացել են կնքել հայցվորի ավտոմեքենայի վաճառքն ապահովելու նպատակով պայմանագիր, իսկ պատասխանող Արթուր Սիմոնյանը հետագայում խաբեությամբ այն վաճառել է պատասխանող Վրեժ Դավթյանին, ուստի Դատարանը գտել է, որ Նշան Աբգարյանի և Արթուր Սիմոնյանի միջև 26.09.2014 թվականին, ինչպես նաև Արթուր Սիմոնյանի և Վրեժ Դավթյանի 19.11.2014 թվականին կնքված «LEXUS LX 570» մակնիշի 01 OD 045 պետհամարանիշի ավտոմեքենայի առուվաճառքի պայմանագրերը պետք է ճանաչել անվավեր և նշված գործարքների նկատմամբ պետք է կիրառվեն առոչինչ գործարքի անվավերության հետևանքներ, այն է`. պետք է պատասխանող Վրեժ Դավթյանի անվամբ սեփականության իրավունքով հաշվառված «LEXUS LX 570» մակնիշի, 11 VD 111 պետհամարանիշի (2010 թվականի թողարկման, թեթև մարդատար, նույնականացման համարը` JTJHY00W6A4052773, գույքը` սպիտակ մարգարիտ) ավտոմեքենայի նկատմամբ վերականգնել Նշան Աբգարյանի սեփականության իրավունքը և ավտոմեքենան հանձնել նրան:

Վերաքննիչ դատարանը, վերաքննիչ բողոքը մասնակիորեն բավարարելով, պատճառաբանել է, որ սույն գործի նյութերով հիմնավորվել է, որ Նշան Աբգարյանի և Արթուր Սիմոնյանի միջև ապրանքի գնի վճարման վերաբերյալ ձեռք է բերվել պայմանավորվածություն` այն հետագայում վճարելու վերաբերյալ, հետևաբար վիճելի իրավահարաբերության կարգավորման համար հարկ է ղեկավարվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 504-րդ հոդվածի դրույթներով: Արթուր Սիմոնյանի վճարման պարտավորությունը չի դադարել և վիճելի գույքը գնորդին` Արթուր Սիմոնյանին, հանձնելու պահից մինչև դրա համար վճարելու պահը, շարունակվում է համարվել վաճառողի` Նշան Աբգարյանի մոտ գրավ դրված` որպես ապրանքի համար վճարելու գնորդի պարտականության կատարման ապահովում:

Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ Նշան Աբգարյանի և Արթուր Սիմոնյանի միջև 26.09.2014 թվականին կնքված պայմանագրի հիման վրա վիճելի գույքը հաշվառվել է Արթուր Սիմոնյանի անվամբ, այսինքն` գույքի նկատմամբ գրանցվել է վերջինիս սեփականության իրավունքը և գտել է, որ Դատարանի վճիռը պետք է բեկանել և փոփոխել` հայցը բավարարել մասնակիորեն` վեճի առարկա ավտոմեքենայի նկատմամբ վերականգնել հայցվորի սեփականության իրավունքը և այն հանձնել նրան, իսկ մնացած մասով հայցը մերժել:

 

Մինչդեռ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Դատարանի վճիռը վերաքննության կարգով բողոքարկվել է այն հիմքերով և հիմնավորումներով, որ Դատարանը խախտել է անձի սեփականության անձեռնմխելիության իրավունքը, հաշվի չի առել, որ Վրեժ Դավթյանը հանդիսացել է բարեխիղճ ձեռք բերող և առկա չեն օրենքով սահմանված բարեխիղճ ձեռք բերողից գույքը հետ պահանջելու համար նախատեսված պայմաններից և ոչ մեկը, որ Դատարանը չի իրականացրել գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտություն, հաշվի չի առել գործի փաստական հանգամանքները, որոնք բավարար էին հաստատված համարելու փաստերն այն մասին, որ Վրեժ Դավթյանն ավտոմեքենան ձեռք է բերել այն օտարելու իրավունք ունեցող անձից` Արթուր Սիմոնյանից, ձեռք է բերել հատուցմամբ և ավտոմեքենան հայցվորի տիրապետումից դուրս չի եկել հափշտակման հետևանքով կամ նրա կամքից անկախ այլ պատճառներով:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովելու դատական սխալների բացահայտումը և ուղղումը` դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը, իսկ այդ գործառույթը կարող է իրագործվել միայն այն դեպքում, երբ վերաքննիչ դատարանն անդրադառնա վերաքննիչ բողոքի բոլոր հիմքերին և հիմնավորումներին` դրանով իսկ բացահայտելով ենթադրյալ դատական սխալի առկայությունը կամ բացակայությունը: Այնինչ տվյալ պարագայում Վերաքննիչ դատարանը սահմանափակել է անձի` ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված բողոքարկման իրավունքի իրացման հնարավորությունը` ընդհանրապես չիրականացնելով բողոքում առկա հիմքերի և հիմնավորումների ըստ էության քննություն` դուրս գալով վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններից: Մասնավորապես` Նշան Աբգարյանի և Արթուր Սիմոնյանի միջև 26.09.2014 թվականի պայմանագիրը որակել է որպես տարաժամկետ վճարելու պայմանով ապրանքի ապառիկ վաճառքի պայմանագիր և կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 504-րդ հոդվածը, արդյունքում Վերաքննիչ դատարանը վերլուծություններ է կատարել ապրանքի ապառիկ վաճառքի պայմանագիր կնքված լինելու դեպքում պայմանագրի կողմերի վարքագծի վերաբերյալ և այդ կապակցությամբ կատարել է եզրահանգումներ` անտեսելով վերաքննիչ բողոքում այդպիսի հիմքի և հիմնավորման բացակայությունը:

Ավելին, հայցվորը ներկայացված հայցադիմումով խնդրել է անվավեր ճանաչել իր և Արթուր Սիմոնյանի միջև 26.09.2014 թվականին կնքված և Արթուր Սիմոնյանի և Վրեժ Դավթյանի միջև 19.11.2014 թվականին կնքված ավտոմեքենայի առուվաճառքի պայմանագրերը` որպես հիմնական պահանջ, իսկ որպես պայմանագրերի անվավերության հետևանք` Վրեժ Դավթյանին պատկանող ավտոմեքենայի նկատմամբ վերականգնել հայցվորի սեփականության իրավունքը և ավտոմեքենան հանձնել հայցվորին, մինչդեռ Վերաքննիչ դատարանը ավտոմեքենան հայցվորին հանձնելու ածանցյալ պահանջը դիտարկել է որպես հիմնական, ինքնուրույն պահանջ: Վերաքննիչ դատարանը իր որոշմամբ նշել է, որ Դատարանի վճիռը պետք է բեկանել և փոփոխել` հայցը բավարարել մասնակիորեն` վեճի առարկա ավտոմեքենայի նկատմամբ վերականգնել հայցվորի սեփականության իրավունքը և այն հանձնել նրան, իսկ մնացած մասով հայցը պետք է մերժել, այսինքն` Վերաքննիչ դատարանը բավարարել է ածանցյալ պահանջը` մերժելով հիմնական պահանջը:

Վերոգրյալի հաշվառմամբ` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանն իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի խախտմամբ ոչ միայն դուրս է եկել վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների, այլև Դատարանում ներկայացված հայցապահանջի շրջանակներից և արդյունքում թույլ է տվել այնպիսի դատավարական սխալ, որն ազդել է գործի ելքի վրա: Միաժամանակ նկատի ունենալով, որ Վերաքննիչ դատարանը բողոքարկվող որոշմամբ այդպես էլ չի անդրադարձել վերաքննիչ բողոքի հիմքերին և հիմնավորումներին` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործն անհրաժեշտ է ուղարկել Վերաքննիչ դատարան` վերաքննիչ բողոքի հիմքերին ու հիմնավորումներին համապատասխան գնահատական տալու միջոցով անձի վերաքննիչ բողոքարկման իրավունքի իրացումն ապահովելու համար:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` սույն վճռաբեկ բողոքը ներկայացնելու պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը Վերաքննիչ դատարան նոր քննության ուղարկելու համար:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` գործին մասնակցող անձը, որի դեմ կայացվել է եզրափակիչ դատական ակտ, կրում է Հայաստանի Հանրապետության կողմից վկաներին, փորձագետներին, մասնագետներին և թարգմանիչներին վճարված գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև դատարանի և գործին մասնակցող անձանց կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունն այնքանով, որքանով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են «Դատական ծախսերը» վերտառությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլխի կանոններին համապատասխան:

Նկատի ունենալով, որ սույն գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ, 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 30.11.2017 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան` նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող Ռ. Հակոբյան

Զեկուցող  Ն. Տավարացյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Գ. Հակոբյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
27.12.2019
N ԱՐԴ1/0064/02/15
Որոշում