Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 219-ՐԴ, 220-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական              Քաղաքացիական գործ

    դատարանի որոշում                       թիվ ԵԿԴ/3128/02/15

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/3128/02/15   2019 թ.

Նախագահող դատավոր` Կ. Չիլինգարյան

    Դատավորներ`        Ա. Խառատյան

                       Ս. Թորոսյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող Ռ. Հակոբյան

զեկուցող Ս. Միքայելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Գ. Հակոբյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

2019 թվականի հունիսի 28-ին

գրավոր ընթացակարգով քննելով Արամազդ Կիվիրյանի և Դիանա Գրիգորյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 28.12.2017 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Արամազդ Կիվիրյանի և Դիանա Գրիգորյանի ընդդեմ ՀՀ փաստաբանների պալատի (այսուհետ` Պալատ)` ընդհանուր ժողովի կողմից 11.02.2012 թվականին հաստատված Փաստաբանի վարքագծի կանոնագրքի 2.7.2 և 3.5.5 ենթակետերի պահանջների խախտման համար մեղավոր ճանաչելու, որպես տույժ խիստ նկատողություն նշանակելու և որպես լրացուցիչ տույժ` 8 ակադեմիական ժամ ընդհանուր տևողությամբ «Դեոնթոլոգիա» թեմայով վերապատրաստման դասընթացներին մասնակցելուն պարտավորեցնելու մասով, Պալատի խորհրդի 05.05.2015 թվականի թիվ ԿԳ/69-Ա որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Արամազդ Կիվիրյանը և Դիանա Գրիգորյանը պահանջել են անվավեր ճանաչել Պալատի ընդհանուր ժողովի կողմից 11.02.2012 թվականին հաստատված Փաստաբանի վարքագծի կանոնագրքի 2.7.2 և 3.5.5 ենթակետերի պահանջների խախտման համար մեղավոր ճանաչելու, որպես տույժ խիստ նկատողություն նշանակելու և որպես լրացուցիչ տույժ` 8 ակադեմիական ժամ ընդհանուր տևողությամբ «Դեոնթոլոգիա» թեմայով վերապատրաստման դասընթացներին մասնակցելուն պարտավորեցնելու մասով Պալատի խորհրդի 05.05.2015 թվականի թիվ ԿԳ/69-Ա որոշումը:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Է. Ավետիսյան) (այսուհետ` Դատարան) 07.09.2017 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 28.12.2017 թվականի որոշմամբ Արամազդ Կիվիրյանի և Դիանա Գրիգորյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 07.09.2017 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Արամազդ Կիվիրյանը և Դիանա Գրիգորյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Պալատի ներկայացուցիչը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 61-րդ, 63-րդ, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ, իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 219-րդ, 220-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը դուրս է եկել բողոքի շրջանակներից, քննարկման առարկա է դարձրել և բողոքի մերժման հիմքում դրել է այնպիսի հանգամանքներ, որոնք ո՛չ առաջին ատյանի դատարանում են եղել քննարկման առարկա, ո՛չ էլ վերաքննիչ բողոքում են ներկայացվել: Վերաքննիչ դատարանը բողոքը մերժելիս պատճառաբանել է, որ հայցվորների փաստարկներն առնչվում են թիվ ԵԿԴ/0990/02/13 քաղաքացիական գործով Արմեն Ներսեսյանին իրավաբանական ծառայությունների մատուցման ու դրա դադարեցման հանգամանքներին, մինչդեռ կարգապահական վարույթ հարուցվել է Արմեն Ներսիսյանի դիմումի հիման վրա: Ընդ որում, Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ պատասխանողն ընդունել է, որ «Ներսիսյան» ազգանվան օգտագործումը վրիպակի արդյունք է: Փաստորեն Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Արմեն Ներսեսյանի և Արմեն Ներսիսյանի` նույն անձը հանդիսանալու կապակցությամբ կողմերի միջև որևէ վեճ առկա չի եղել:

Բացի այդ, Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ վիճարկվող որոշումը չի պարունակում նշում Պալատի խորհրդում հարցի քննության վայրի վերաբերյալ, ինչպես նաև որևէ անդրադարձ չի կատարել հայցվորների այն փաստարկին, որ նշանակված կարգապահական տույժը համաչափ չէ ենթադրյալ իրավախախտման ծանրությանը: Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Դատարանն Արմեն Ներսեսյանին իրավաբանական օգնություն ցույց չտալու հանգամանքը հիմնավորելու համար հիմք է ընդունել բացառապես վերջինիս պնդումները և իբրև թե Հայցվորների կողմից ապացույց չներկայացնելը:

Այսպիսով, Վերաքննիչ դատարանը չի անդրադարձել և գնահատական չի տվել վերաքննիչ բողոքի բոլոր հիմքերին, այլ բողոքը մերժել է վերաքննության սահմաններն անցնելով` չվիճարկվող փաստի հիմքով:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձինք պահանջել են բեկանել Վերաքննիչ դատարանի 28.12.2017 թվականի որոշումը և փոփոխել այն` հայցը բավարարել կամ գործն ուղարկել նոր քննության:

 

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները.

Բողոքաբերները նշել են, որ Վերաքննիչ դատարանը դուրս է եկել վերաքննության սահմաններից և ըստ էության չի քննել բողոքը, մինչդեռ Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ Դատարանը թույլ չի տվել վճռի բեկանման հիմք հանդիսացող դատական սխալներ, այսինքն` Վերաքննիչ դատարանի կողմից վճիռը ստուգման ենթարկվել է:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Դատարան ներկայացված հայցադիմումով պնդելով, որ վիճարկվող որոշումը կայացվել է իրենց կողմից թիվ ԵԿԴ/0990/02/13 քաղաքացիական գործի շրջանակներում Արմեն Ներսեսյանին բարեխիղճ իրավական օգնություն ցույց տալուց հրաժարվելու չհաստատված հիմքով, հայցվորները վկայակոչել և իրենց պահանջի հիմքում են դրել որոշակի փաստեր, որոնք առնչվում են վերը նշված գործով իրենց կողմից Արմեն Ներսեսյանին իրավաբանական ծառայությունների մատուցման ու դրա դադարեցման հանգամանքներին: Ներկայացված ապացույցները հիմնականում վերաբերել են թիվ ԵԿԴ/0990/02/13 քաղաքացիական գործի շրջանակներում Արմեն Ներսեսյանին իրավաբանական օգնություն ցույց տալու հանգամանքներին (հատոր 1-ին, գ.թ. 4-7, 82-123, հատոր 2-րդ, 1-101):

2) Պալատի խորհրդի 05.05.2015 թվականի թիվ ԿԳ/69-Ա որոշման համաձայն` Պալատին դիմել է Արմեն Ներսիսյանը` խնդրելով կարգապահական պատասխանատվության ենթարկել Արամազդ Կիվիրյանին և Դիանա Գրիգորյանին` իրեն պատշաճ իրավական օգնություն ցույց չտալու հիմքով (հատոր 1-ին, գ.թ. 11-19):

3) Պալատի կողմից ներկայացված հայցադիմումի պատասխանի, ինչպես նաև վերաքննիչ բողոքի պատասխանի տեքստում թեև օգտագործվել է Արմեն Ներսիսյան անուն-ազգանունը, սակայն Պալատը չի վիճարկել Արմեն Ներսեսյանի և Արմեն Ներսիսյանի` նույն անձը լինելու հանգամանքը (հատոր 1-ին, գ.թ. 35-42, հատոր 3-րդ, 47-51):

4) Հայցվորների վերաքննիչ բողոքի փաստարկները վերաբերել են Արմեն Ներսեսյանի դիմումի հիման վրա հարուցված կարգապահական վարույթի արդյունքում կայացված որոշման իրավաչափությանը` մասնավորապես այն հիմքերով, որ Դատարանն անտեսել է, որ Արմեն Ներսեսյանի բացատրությունները չէին կարող թույլատրելի ապացույց լինել հայցվորների կողմից բարեխիղճ իրավաբանական օգնություն ցույց չտալու հանգամանքը հաստատված համարելու համար, որ չփարատված կասկածները չէին կարող մեկնաբանվել ի վնաս փաստաբանների, և որ հայցվորները ձեռնարկել էին բոլոր անհրաժեշտ գործողություններն Արմեն Ներսեսյանի իրավունքների պաշտպանության համար: Վերաքննիչ բողոք ներկայացվել է նաև այն հիմքով, որ Դատարանը չի անդրադարձել կարգապահական տույժի համաչափությանը ենթադրյալ իրավախախտման ծանրությանը, ինչպես նաև անտեսել է, որ Պալատի խորհրդի որոշումը հարցի քննության վայրը չի պարունակում: Վերաքննիչ բողոքում չի վիճարկվել այն փաստը, որ թիվ ԵԿԴ/0990/02/13 քաղաքացիական գործով մասնակից Արմեն Ներսեսյանը Պալատի վիճարկվող Որոշման մեջ հիշատակված Արմեն Ներսիսյանն է (հատոր 3-րդ, գ.թ. 7-19):

5) 14.12.2017 թվականին Վերաքննիչ դատարանում դատական նիստի ժամանակ Պալատի ներկայացուցիչը, ի պատասխան նախագահող դատավորի հարցին, հայտնել է, որ Պալատի վիճարկվող որոշման մեջ «Ներսիսյան» ազգանունը պարզապես վրիպակի, տեխնիկական անհամապատասխանատվության հետևանք է, և իրականում խոսքը նույն անձի մասին է, որպիսի փաստը երբևէ չի վիճարկվել (հատոր 3-րդ, գ.թ. 72-73, 76, դատական նիստի արձանագրություն):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է վճռաբեկ բողոքը ներկայացնելու պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` ստորադաս դատարանի կողմից իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ վերաքննության սահմաններին` վերահաստատելով և զարգացնելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները:

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

Իրավահարաբերության ծագման պահին գործող` 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի համաձայն` քաղաքացիական դատավարությունն իրականացվում է կողմերի մրցակցության և իրավահավասարության հիման վրա:

Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում: Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն` վերաքննիչ դատարանում բողոքի քննության ժամանակ առաջին ատյանի դատարանում հաստատված փաստերն ընդունվում են որպես հիմք, բացառությամբ այն դեպքի, երբ բողոքում վիճարկվում է այդ փաստը, և վերաքննիչ դատարանը հանգում է այն եզրակացության, որ տվյալ փաստի վերաբերյալ եզրակացության հանգելիս առաջին ատյանի դատարանն ակնհայտ սխալ է թույլ տվել: Նման դեպքերում վերաքննիչ դատարանն իրավունք ունի հաստատված համարելու նոր փաստ կամ հաստատված չհամարելու ստորադաս դատարանի հաստատած փաստը, եթե առաջին ատյանի դատարանի հետազոտած ապացույցների հիման վրա հնարավոր է հանգել նման եզրակացության:

Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 220-րդ հոդվածի 5-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն` վերաքննիչ դատարանի որոշման պատճառաբանական մասը պետք է պարունակի եզրահանգում` բողոքի յուրաքանչյուր հիմքի հիմնավոր լինելու վերաբերյալ (...):

Վերաքննիչ դատարանի կողմից դատական ակտը բացառապես վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում վերանայելու, վերաքննիչ բողոքի բոլոր հիմքերին և հիմնավորումներին անդրադառնալու և յուրաքանչյուր հիմքի վերաբերյալ իր եզրահանգումն արտահայտելու անհրաժեշտության մասին ՀՀ վճռաբեկ դատարանն անդրադարձել է մասնավորապես Տիգրան Կիրակոսյանն ընդդեմ Վիկտոր Խոլոդնիյի թիվ ԵԷԴ/0871/02/09 քաղաքացիական գործով 27.05.2010 թվականի, Համայակ Ոսկանյանն ընդդեմ Վոլոդյա Հակոբյանի թիվ ԵԷԴ/1643/02/09 քաղաքացիական գործով 08.05.2014 թվականի որոշումներով:

ՀՀ վճռաբեկ դատարանը նաև արձանագրել է, որ վերաքննիչ դատարանն առաջին ատյանի դատարանի հաստատած փաստը կարող է հիմք չընդունել միայն հետևյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում.

1. երբ վերաքննիչ բողոքում վիճարկվում է այդ փաստը.

2. երբ վերաքննիչ դատարանը հանգում է այն եզրակացության, որ տվյալ փաստի վերաբերյալ եզրակացության հանգելիս առաջին ատյանի դատարանն ակնհայտ սխալ է թույլ տվել:

Վերաքննիչ բողոքում առաջին ատյանի դատարանի հաստատած փաստերը չվիճարկվելու պարագայում վերաքննիչ դատարանը դրանք պետք է ընդունի որպես հիմք և իր նախաձեռնությամբ չի կարող քննարկել, առավել ևս` կասկածի տակ դնել այդ փաստերի հավաստիությունը (տե՛ս, Արմեն Խուրշուդյանի ընդդեմ «Դանդի Փրիշս Մեթալս Կապան» ՓԲԸ-ի թիվ ՍԴ/0111/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2014 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում արձանագրել, որ օրենսդիրը վերաքննիչ բողոքի քննության սահմանների վերաբերյալ նախորդ դատավարական օրենսդրության կարգավորմանը համանման կարգավորում նախատեսել է նաև 09.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում.

Այսպես, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում, բացառությամբ նույն օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերի: Վերոնշյալ 365-րդ հոդվածի 3-րդ մասով թվարկվում են դատական ակտի անվերապահ բեկանման հիմքերը, որոնց առկայության դեպքում դատական ակտը ենթակա է բեկանման` անկախ բողոքի հիմքերից և հիմնավորումներից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` վերաքննիչ դատարանը պարտավոր է անդրադառնալ վերաքննիչ բողոքի բոլոր հիմքերին և հիմնավորումներին, բացառությամբ այն դեպքերի, երբ դատական ակտը բեկանում է նույն օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հիմքերով: Վերոնշյալ 365-րդ հոդվածի 2-րդ մասով թվարկվում են այն հիմքերը, որոնց առկայության դեպքում դատական ակտը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` վերաքննիչ դատարանում բողոքի քննության ժամանակ առաջին ատյանի դատարանում հաստատված փաստերն ընդունվում են որպես հիմք, բացառությամբ այն դեպքի, երբ բողոքում վիճարկվում է այդ փաստը, և վերաքննիչ դատարանը հանգում է այն եզրակացության, որ տվյալ փաստի վերաբերյալ եզրակացության հանգելիս դատարանը սխալ է թույլ տվել: Նման դեպքերում վերաքննիչ դատարանն իրավունք ունի հաստատված համարելու նոր փաստ կամ հաստատված չհամարելու ստորադաս դատարանի հաստատած փաստը, եթե դատարանի հետազոտած ապացույցների հիման վրա հնարավոր է հանգել նման եզրակացության:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գործող իրավակարգավորումների պայմաններում ևս Վերաքննիչ դատարանը կաշկանդված է առաջին ատյանի դատարանի հաստատած փաստական հանգամանքներով, իսկ վերաքննիչ բողոքի բոլոր հիմքերին և հիմնավորումներին կարող է չանդրադառնալ միայն այն դեպքում, երբ առկա է դատական ակտի անվերապահ բեկանման օրենքով սահմանված հիմք:

Սույն գործի փաստերի համաձայն` հայցվորներն ինչպես հայցադիմումում, այնպես էլ վերաքննիչ բողոքում իրենց փաստարկները ներկայացրել են Արմեն Ներսեսյանին մատուցած իրավաբանական ծառայությունների կապակցությամբ Պալատի խորհրդի կայացրած որոշման իրավաչափության կապակցությամբ: Պալատի խորհրդի 05.05.2015 թվականի թիվ ԿԳ/69-Ա որոշմամբ որպես դիմումատու նշվել է Արմեն Ներսիսյանը: Ինչպես հայցվորները, այնպես էլ պատասխանողը երբևէ չեն վիճարկել Արմեն Ներսեսյանի և Արմեն Ներսիսյանի` նույն անձը հանդիսանալու հանգամանքը: Ավելին, Վերաքննիչ դատարանում բողոքի քննության ժամանակ Պալատի ներկայացուցիչը հայտնել է, որ «Ներսիսյան» ազգանունը պարզապես վրիպակի, տեխնիկական անհամապատասխանատվության հետևանք է, խոսքը նույն անձի մասին է, որպիսի փաստը երբևէ չի վիճարկվել:

Դատարանը հայցը մերժելիս պատճառաբանել է, որ երբ դիմողը պնդում է որևէ գործողության բացակայության մասին, ապա ինքնին այդ պնդումը համարվում է ապացուցված, քանի դեռ հակառակը չի ապացուցել մյուս կողմը: Ինչ վերաբերում է հայցվորների այն պնդմանը, որ իրենք ձեռնարկել են բոլոր անհրաժեշտ գործողություններն Արմեն Ներսեսյանի իրավունքները և շահերը պատշաճ և բարեխիղճ ներկայացնելու համար, ապա այն անհիմն է, քանի որ հայցվորների կողմից չի ներկայացվել որևէ հիմնավորում և ապացույց այդ մասին:

Քննելով Արամազդ Կիվիրյանի և Դիանա Գրիգորյանի վերաքննիչ բողոքը` Վերաքննիչ դատարանը պատճառաբանել է, որ Դատարանին չի ներկայացվել որևէ գրավոր ապացույց` մասնավորապես խնդրո առարկա կարգապահական վարույթի նյութերը, որոնք կարող էին հնարավորություն ընձեռել` հավաստիանալու այն հարցում, որ վիճարկվող որոշմամբ իրականում եզրափակվել է ոչ թե ոմն Արմեն Ներսիսյանի, այլ հենց այն Արմեն Ներսեսյանի դիմումի հիման վրա հարուցված կարգապահական վարույթը, ում հետ հայցվորները որոշակի հարաբերություններ են ունեցել: Վերաքննիչ դատարանը գտել է, որ թույլատրելի, վերաբերելի և արժանահավատ ապացույցների բացակայության պայմաններում Վերաքննիչ դատարանի կողմից չի կարող հաստատվել նոր փաստ` վիճարկվող որոշման տեքստում Արմեն Ներսիսյանի վկայակոչումը վրիպակի արդյունք հանդիսանալու մասին: Վերոգրյալի հիման վրա Վերաքննիչ դատարանը եզրակացրել է, որ սույն գործի շրջանակներում հայցվորների վկայակոչած փաստերն ու դրանցից բխող փաստարկները, անկախ դրանց հիմնավորվածության աստիճանից, վերաբերելիության կանոնին չհամապատասխանելու պատճառով չէին կարող իրավաչափ կերպով հանգեցնել գործի քննության այլ ելքի, ուստի և այդպես վարվելով` Դատարանը թույլ չի տվել վճռի բեկանման հիմք հանդիսացող դատական սխալներ:

Մինչդեռ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գործում գտնվող ապացույցները սույն գործի հանգամանքներին վերաբերելի չլինելու փաստը վերաքննիչ բողոքում վիճարկված չլինելու պայմաններում Վերաքննիչ դատարանը սեփական նախաձեռնությամբ քննարկման առարկա է դարձրել Դատարանում չվիճարկված փաստը և իր որոշումը հիմնավորել է բացառապես այդ քննարկման արդյունքներով` չանդրադառնալով վերաքննիչ բողոքի հիմքերին և հիմնավորումներին: Ընդ որում, Վերաքննիչ դատարանն իր դիրքորոշումը փորձել է հիմնավորել այն հանգամանքով, որ Վերաքննիչ դատարանը չի կարող նոր փաստ հաստատել` այն դեպքում, երբ վերաքննիչ բողոքով որևէ նոր փաստ հաստատելու պահանջ և գործով էլ դրա անհրաժեշտությունը չի եղել, այսինքն` առկա չի եղել Դատարանում հաստատված փաստերի հավաստիությունը կասկածի տակ դնելու որևէ հիմք: Նման պայմաններում Վերաքննիչ դատարանը չէր կարող առանց բողոքի հիմքերն ու հիմնավորումները քննելու եզրահանգում կատարել գործի ճիշտ կամ սխալ լուծված լինելու վերաբերյալ, այլ պարտավոր էր հիմք ընդունել Դատարանում հաստատված փաստերը և անդրադառնալ վերաքննիչ բողոքի հիմքերին և հիմնավորումներին:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դուրս գալով վերաքննության սահմաններից, ինչպես նաև չքննելով բողոքի հիմքերը և հիմնավորումները` Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատավարական իրավունքի նորմերի խախտում, որը կարող էր հանգեցնել գործի սխալ լուծման:

Նշված պատճառաբանություններով հերքվում են վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները:

Այսպիսով` վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` սույն վճռաբեկ բողոքը ներկայացնելու պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար: Ընդ որում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ տրված դատավարական իրավունքի խախտման պայմաններում վճռաբեկ բողոքի մյուս հիմքերին անդրադառնալ հնարավոր չէ:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտն ամբողջությամբ բեկանելու և գործը նույն դատարան նոր քննության ուղարկելու լիազորությունը` Արամազդ Կիվիրյանի և Դիանա Գրիգորյանի վերաքննիչ բողոքում բերված հիմքերը և հիմնավորումները Վերաքննիչ դատարանի կողմից քննելու համար:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են «Դատական ծախսերը» վերտառությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլխի կանոններին համապատասխան:

Նկատի ունենալով, որ վճռաբեկ բողոքի բավարարման արդյունքում Վերաքննիչ դատարանի որոշումը ենթակա է բեկանման, իսկ գործն ուղարկվում է նոր քննության, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատական ծախսերի բաշխման հարցին պետք է անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 28.12.2017 թվականի որոշումը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող Ռ. Հակոբյան

Զեկուցող  Ս. Միքայելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Գ. Հակոբյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
28.06.2019
N ԵԿԴ/3128/02/15
Որոշում