Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 371-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 4-ՐԴ ՄԱՍԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական              Քաղաքացիական գործ

    դատարանի որոշում                       թիվ ՇԴ/4595/02/15

    Քաղաքացիական գործ թիվ ՇԴ/4595/02/15    2019 թ.

Նախագահող դատավոր` Ն. Կարապետյան

    Դատավորներ`        Ա. Մխիթարյան

                       Ն. Մարգարյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող Ռ. Հակոբյան

զեկուցող  Ն. Տավարացյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

 

2019 թվականի դեկտեմբերի 06-ին

գրավոր ընթացակարգով քննելով «Մագնոն» ԲԲԸ-ի (այսուհետ` Ընկերություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 04.03.2019 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշման դեմ` ըստ հայցի Ժասմենա Մանուկյանի ընդդեմ Ընկերության` նախկին աշխատանքում վերականգնելու և հարկադիր պարապուրդի գումարը վճարելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Ժասմենա Մանուկյանը պահանջել է վերականգնել իրեն նախկին աշխատանքում և վճարել հարկադիր պարապուրդի գումարը:

ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Բ. Մկրտչյան) 27.04.2016 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (նախագահող դատավոր` Ա. Սմբատյան, դատավորներ` Կ. Հակոբյան, Ա. Հունանյան) 22.09.2016 թվականի որոշմամբ Ընկերության և Ժասմենա Մանուկյանի վերաքննիչ բողոքները բավարարվել են` ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 27.04.2016 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է նոր քննության:

ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Մ. Գևորգյան) 30.05.2017 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (նախագահող դատավոր` Տ. Նազարյան, դատավորներ` Ն. Բարսեղյան, Ա. Պետրոսյան) 16.11.2017 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը բավարարվել է, իսկ Ժասմենա Մանուկյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն` ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 30.05.2017 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է նոր քննության:

ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Լ. Խաչատրյան) (այսուհետ` Դատարան) 11.12.2018 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 07.02.2019 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը վերադարձվել է, և սահմանվել է ժամկետ` վերաքննիչ բողոքում թույլ տրված խախտումները վերացնելու և այն կրկին ներկայացնելու համար:

Վերաքննիչ դատարանի 04.03.2019 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը վերադարձվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Ժասմենա Մանուկյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 4-րդ մասը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» 07.02.2019 թվականի որոշմամբ վերադարձնելով Ընկերության վերաքննիչ բողոքը` որոշմանը կից ուղարկել է Ընկերության վերաքննիչ բողոքի պատճենը, որն էլ ստանալուց հետո Ընկերությունն այն կրկին ներկայացրել է պատճենի տեսքով:

Տվյալ դեպքում Ընկերության ներկայացրած վերաքննիչ բողոքի բնօրինակը գտնվում է քաղաքացիական գործում և վերաքննիչ բողոք բերած անձը, չունենալով հնարավորություն որևէ ձևով ապացուցելու, որ վերաքննիչ բողոքն առաջին անգամ իրեն ոչ բնօրինակով է ուղարկվել, Վերաքննիչ դատարանի 04.03.2019 թվականի որոշմամբ անհիմն կերպով զրկվել է դատական պաշտպանության իրավունքի իրացման հնարավորությունից, որպիսի պայմաններում խաթարվել է նաև արդարադատության բուն էությունը:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 04.03.2019 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը:

2.1 Ժասմենա Մանուկյանի վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները.

Ընկերությունը, ստանալով «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը, չի կատարել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված պահանջը, այն է` խախտումները վերացնելուց հետո Վերաքննիչ դատարան է ուղարկել ոչ թե վերաքննիչ բողոքի բնօրինակ, այլ` Վերաքննիչ դատարանի կողմից ուղարկված վերաքննիչ բողոքի պատճենը:

Ընկերության կողմից կրկին ներկայացվել է վերաքննիչ բողոքի պատճենը, ինչը չի կարող համարվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջների պահպանմամբ ներկայացված:

 

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

 

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքի վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ` նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 4-րդ մասի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 07.02.1995 թվականի թիվ R(95)5 հանձնարարականի 1-ին հոդվածի (a) կետով նախատեսված սկզբունքի համաձայն` պետք է առկա լինի վերադաս դատարանի (երկրորդ ատյանի դատարան) կողմից ստորադաս դատարանի (առաջին ատյանի դատարան) ցանկացած որոշման վերանայման հնարավորություն:

ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված իրավունքների և ազատությունների դատական պաշտպանության, ինչպես նաև արդար դատաքննության իրավունքների կարևորությունը բազմիցս նշվել է ինչպես ՀՀ վճռաբեկ դատարանի, այնպես էլ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` Եվրոպական դատարան) որոշումներում:

Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի համաձայն` արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ տարրն է դատարանի մատչելիության իրավունքը: Կրեուզն ընդդեմ Լեհաստանի գործով Եվրոպական դատարանը նշել է, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը երաշխավորում է անձի քաղաքացիական իրավունքներին և պարտականություններին առնչվող հայցով դատարան դիմելու իրավունքը: Այդ դրույթը մարմնավորում է դատարան դիմելու, այն է` քաղաքացիական գործով դատարանում հայց հարուցելու իրավունքը: Այդուհանդերձ, դա է, որ հնարավորություն է տալիս օգտվելու Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի հիմքում ընկած մնացած երաշխիքներից: Դատական վարույթի արդար, հրապարակային և արագ բնութագրիչները, անշուշտ, արժեք չեն ունենա, եթե այդ գործընթացներին ընթացք չի տրվում: Դժվար է պատկերացնել իրավունքի գերակայություն քաղաքացիական գործերով արդարադատություն իրականացնելիս, եթե դատարան դիմելու իրավունքը չի ապահովվում (տե՛ս, Կրեուզն ընդդեմ Լեհաստանի գործով Եվրոպական դատարանի 19.06.2001 թվականի վճիռը, կետ 52):

Եվրոպական դատարանի կողմից արտահայտված մեկ այլ դիրքորոշման համաձայն` պետությունը դատարան դիմելու իրավունքից օգտվելու համար կարող է սահմանել որոշակի պայմաններ, «(...) պարզապես պետության կողմից կիրառված սահմանափակումները չպետք է այն կերպ կամ այն աստիճանի սահմանափակեն անձի դատարանի մատչելիության իրավունքը, որ վնաս հասցվի այդ իրավունքի բուն էությանը: Բացի այդ, սահմանափակումը չի համապատասխանի Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետին, եթե այն չհետապնդի իրավաչափ նպատակ, և եթե կիրառված միջոցների ու հետապնդվող նպատակի միջև չլինի համաչափության ողջամիտ հարաբերակցություն» (տե՛ս, Խալֆաուին ընդդեմ Ֆրանսիայի գործով Եվրոպական դատարանի 14.03.2000 թվականի վճիռը, կետ 36):

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացված որոշմամբ արձանագրել է, որ ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի համապատասխան հոդվածներով ամրագրված անձի դատական պաշտպանության իրավունքի կարևոր բաղադրիչներից մեկը դատական ակտերի բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովելու դատական սխալների բացահայտումը և ուղղումը` դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը (տե՛ս, Սուսաննա Արարատի Միրզոյանն ընդդեմ Սուսաննա Միհրանի Միրզոյանի թիվ ԱՐԱԴ/0170/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը սահմանում է վերաքննիչ բողոք բերելու իրավունքի իրացման կարգը և պայմանները: Այսպես`

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ բողոքը կազմվում է գրավոր` նույն օրենսգրքի 16-րդ հոդվածի 2-րդ մասում նշված պահանջների պահպանմամբ: Վերաքննիչ բողոքը պետք է լինի ընթեռնելի:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի համաձայն` վերաքննիչ բողոքում նշվում են`(...) բողոքին կցվող փաստաթղթերի ցանկը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` բողոքին կցվում են պետական տուրքը վճարելու, բողոքը գործին մասնակցող անձանց, իսկ բողոքի պատճենը` դատական ակտը կայացրած դատարան ուղարկելու մասին ապացույցները: Այն դեպքերում, երբ օրենքով նախատեսված է պետական տուրքի վճարման գծով արտոնություն, ապա վերաքննիչ բողոքին կցվում է կամ բողոքում ներառվում է դրա վերաբերյալ միջնորդությունը, եթե բողոք բերողն ազատված չէ պետական տուրք վճարելու պարտականությունից: Բողոքին կարող են կցվել բողոք բերող անձի այլ միջնորդությունները: Ներկայացուցչի ստորագրած բողոքին կցվում է նրա լիազորությունը հավաստող փաստաթուղթը, եթե գործում բացակայում է լիազորագիրը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու հիմքերի բացակայության դեպքում վերաքննիչ բողոքը վերադարձվում է, եթե չեն պահպանվել նույն օրենսգրքի 368-րդ հոդվածի պահանջները:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` նույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 4-րդ և 5-րդ կետերով նախատեսված հիմքերով վերաքննիչ բողոքը վերադարձնելուց հետո բողոքում թույլ տրված խախտումները վերացնելու ու որոշումն ստանալուց հետո` վճռի դեմ ներկայացված բողոքով 15-օրյա ժամկետում, (...) սահմանված կարգով կրկին վերաքննիչ բողոք ներկայացնելու դեպքում այն համարվում է վերաքննիչ դատարան ներկայացված սկզբնական ներկայացման օրը: Կրկին ներկայացված վերաքննիչ բողոքում առկա խախտումները վերացնելու համար նոր ժամկետ չի տրվում:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշում ընդունելու դեպքում բողոք բերած անձին ուղարկվում են վերաքննիչ դատարանի որոշումը, վերաքննիչ բողոքը և դրան կից ներկայացված փաստաթղթերը` գործին կցելով դրանց պատճենները: Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշումն ուղարկվում է նաև գործին մասնակցող այլ անձանց:

Վերը նշված հոդվածների վերլուծությունից հետևում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի համապատասխան նորմերով սահմանվել են վերաքննիչ բողոք ներկայացնելու կարգը, ինչպես նաև վերաքննիչ բողոքի ձևին և բովանդակությանը ներկայացվող պահանջները: Ընդ որում, օրենսդիրն ամրագրել է այն բացասական հետևանքները, որոնք կարող են վրա հասնել այն պարագայում, երբ բողոք բերած անձը չի պահպանել վերաքննիչ բողոքի ներկայացման կարգին կամ ձևին և բովանդակությանը ներկայացվող պահանջները: Միևնույն ժամանակ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը բողոք բերող անձին հնարավորություն է տվել օրենքով սահմանված ժամկետում վերացնել վերաքննիչ դատարանի կողմից մատնանշված խախտումները և վերաքննիչ բողոքը կրկին ներկայացնել վերաքննիչ դատարան:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ անդրադարձել է վերաքննիչ բողոքը վերադարձնելու և այն կրկին ներկայացնելու դատավարական նորմերի վերլուծությանը: Մասնավորապես` ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ այն դեպքերում, երբ վերաքննիչ բողոք բերած անձի կողմից չեն պահպանվել վերաքննիչ բողոքին ներկայացվող և օրենքով սահմանված պահանջները, դատարանը վերադարձնում է վերաքննիչ բողոքը: Այն դեպքերում, երբ վերաքննիչ բողոքում թույլ տրված խախտումները վերաբերում են բողոքի ձևին և բովանդակությանը, ապա դատարանը տրամադրում է օրենքով սահմանված ժամկետ դրանք վերացնելու և բողոքը կրկին ներկայացնելու համար: Ընդ որում, նշված ժամկետը բողոք բերած անձին տրամադրվում է օրենքի ուժով և ենթակա չէ որևէ սահմանափակման: ՀՀ վճռաբեկ դատարանը նաև արձանագրել է, որ վերաքննիչ բողոքին ներկայացվող պահանջները, ըստ էության, դասակարգվում են երկու խմբի` առաջինն այն պայմաններն են, որոնք վերաբերում են վերաքննիչ բողոքի բովանդակությանը և ներառում են այն տեղեկությունների շրջանակը, որոնք պետք է արտացոլվեն վերաքննիչ բողոքում (...):

Երկրորդն այն պայմաններն են, որոնք վերաբերում են բողոքին կցվող նյութերի ցանկին: Մասնավորապես` բողոքին կցվում են պետական տուրքը վճարելու, բողոքի պատճենները` դատական ակտ կայացրած դատարանին և գործին մասնակցող այլ անձանց ուղարկելու մասին ապացույցները: Այն դեպքերում, երբ օրենքով նախատեսված է պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու կամ դրա չափը նվազեցնելու հնարավորություն, ապա վերաքննիչ բողոքին կցվում է (կամ բողոքում ներառվում է) դրա վերաբերյալ միջնորդությունը: (...) (տե՛ս, Գեորգի Ավետիսյանն ընդդեմ «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի թիվ ԵԷԴ/0327/02/17 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.03.2018 թվականի որոշումը):

Ի հավելումն վերը նշվածին` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում փաստել, որ վերաքննիչ դատարանի կողմից վերաքննիչ բողոքը` խախտումները վերացնելու համար որոշակի ժամկետի տրամադրմամբ վերադարձնելը նպատակ է հետապնդում հնարավորություն տալ դատական ակտը բողոքարկած անձին վերացնելու մատնանշված խախտումները և բողոքը կրկին ներկայացնել դատարան: Ընդ որում, օրենսդիրը, վերաքննիչ վարույթում սահմանելով վերաքննիչ բողոքը վերադարձնելու վերաքննիչ դատարանի լիազորությունը, միաժամանակ նախատեսել է պարտականություն` բողոք բերած անձին ուղարկելու վերաքննիչ դատարանի որոշումը, վերաքննիչ բողոքը և դրան կից ներկայացված փաստաթղթերը:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշում կայացնելու պայմաններում վերաքննիչ դատարանի կողմից բողոք բերած անձին պետք է ուղարկվեն միայն վերը նշված փաստաթղթերի բնօրինակները` գործին կցելով դրանց պատճենները: Վճռաբեկ դատարանը փաստում է, որ օրենսդրի նման մոտեցումը պայմանավորված է վերաքննիչ վարույթի առանձնահատկությամբ: Վերաքննության վարույթը բաղկացած է մի քանի փուլերից, որոնցից է` վերաքննիչ վարույթի հարուցման փուլը, ինչն իր մեջ ներառում է վերաքննիչ բողոքարկման իրավունքի իրացմանը և վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելուն ուղղված դատավարական գործողությունների ամբողջությունը: Ըստ այդմ, վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշման կայացման դեպքում վերաքննության վարույթն այդպես էլ չի հարուցվում, ինչն իր հերթին պահանջում է վերաքննիչ բողոքարկման իրավունքից օգտված անձին վերադարձնելու այն բոլոր փաստաթղթերի բնօրինակները, որոնք անհրաժեշտ են նրան հետագայում` օրենքով սահմանված ժամկետում և կարգով իր բողոքարկման իրավունքը կրկին իրացնելու համար: Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն դեպքում, երբ վերաքննիչ դատարանի կողմից չի պահպանվել վերը նշված օրենսդրական պահանջը, դատական ակտը բողոքարկած անձը չի կարող կրել դրանից բխող բացասական հետևանքները:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով Ընկերությունը Դատարանի 11.12.2018 թվականի վճռի դեմ փոստային ծառայության միջոցով 11.01.2019 թվականին ներկայացրել է վերաքննիչ բողոք (հավելված, գ.թ. 43-56):

Վերաքննիչ դատարանի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» 07.02.2019 թվականի որոշմամբ Ընկերության կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը վերադարձվել է այն պատճառաբանությամբ, որ Ընկերության կողմից պետական տուրքը պակաս է վճարվել և չի ներկայացվել չվճարված մասով պետական տուրքի գծով արտոնություն սահմանելու մասին միջնորդություն: Միաժամանակ նշված որոշմամբ սահմանվել է 15-օրյա ժամկետ վերաքննիչ բողոքում թույլ տրված խախտումները վերացնելու և այն կրկին ներկայացնելու համար (հավելված, գ.թ. 58-60):

Ընկերությունը փոստային ծառայության միջոցով 15.02.2019 թվականին դիմումով կրկին ներկայացրել է վերաքննիչ բողոք` մասնավորապես ներկայացնելով առաջին անգամ ներկայացրած վերաքննիչ բողոքի պատճենը: Նշված վերաքննիչ բողոքին կից Ընկերության կողմից ներկայացվել են պետական տուրքի վճարման անդորրագրերը (հավելված, գ.թ. 66-86):

Վերաքննիչ դատարանը «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» 04.03.2019 թվականի որոշմամբ վերաքննիչ բողոքը կրկին վերադարձրել է այն պատճառաբանությամբ, որ Վերաքննիչ դատարան մուտքագրված վերաքննիչ բողոքը ներկայացված է պատճենի տեսքով, որի մասին Վերաքննիչ դատարանի գրասենյակի կողմից կազմվել է համապատասխան ակտ, ուստի Վերաքննիչ դատարանի գնահատմամբ այն ստորագրված չէ (ստորագրությունը պատճենի ձևով է): Վերը նշվածի հիման վրա Վերաքննիչ դատարանը հանգել է այն հետևության, որ ներկայացված վերաքննիչ բողոքը չի կարող գնահատվել որպես ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջների պահպանմամբ ներկայացված, որպիսի պայմաններում այն ենթակա է վերադարձման` առանց ժամկետի սահմանման (հավելված, գ.թ. 88-89):

Մինչդեռ վերը նշված իրավական դիրքորոշումների համատեքստում անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրահանգման հիմնավորվածությանը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից Վճռաբեկ դատարան է ուղարկվել քաղաքացիական գործի հավելվածը` ամբողջությամբ պատճենի տեսքով, որպիսի պայմաններում սույն գործում առկա և՛ առաջին անգամ, և՛ կրկին ներկայացված վերաքննիչ բողոքները պատճենների տեսքով են:

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Վճռաբեկ դատարանին հայտնի միակ տեղեկությունը վճռաբեկ բողոքում նշված հետևյալ փաստարկն է. «Վերաքննիչ դատարանն առաջին անգամ` 07.02.2019 թվականի որոշմամբ, վերադարձնելով Ընկերության վերաքննիչ բողոքը, որոշմանը կից ուղարկել է Ընկերության վերաքննիչ բողոքի պատճենը, որն էլ ստանալուց հետո Ընկերությունը, վերացնելով համապատասխան խախտումը, այն նորից ուղարկել է Վերաքննիչ դատարան: Ընդ որում, Ընկերության ներկայացրած վերաքննիչ բողոքի բնօրինակը գտնվում է քաղաքացիական գործում» (հիմք` վճռաբեկ բողոք):

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն քաղաքացիական գործի հավելվածում առկա պատճեններից հնարավոր չէ պարզել վերաքննիչ բողոքն առաջին անգամ բնօրինակի տեսքով վերադարձված լինելու կամ չլինելու հանգամանքը, որպիսի պայմաններում առկա են չփարատված կասկածներ, որոնք պետք է մեկնաբանվեն հօգուտ բողոք բերած անձի` վերջինիս դատարանի մատչելիության իրավունքն ապահովելու համար: Ըստ այդմ, վճռաբեկ բողոք բերած անձի վերը նշված փաստարկը պետք է համարել հավաստի:

Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը չի կատարել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված իր պարտականությունը, ինչի հետևանքով բողոք բերած անձը զրկված է եղել վերաքննիչ բողոքը բնօրինակի ձևով կրկին ներկայացնելու հնարավորությունից:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված պահանջը չպահպանվելու դեպքում դատական ակտը բողոքարկած անձը չի կարող կրել դրանից բխող բացասական հետևանքները:

Այսպիսով, վերադարձնելով կրկին ներկայացված վերաքննիչ բողոքը` Վերաքննիչ դատարանը սահմանափակել է բողոք բերած անձի` դատարանի մատչելիության իրավունքը` խաթարելով այդ իրավունքի բուն էությունը: Ընդ որում, Վճռաբեկ դատարանի գնահատմամբ այդ սահմանափակումը չի համապատասխանում Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետին, քանի որ չի հետապնդում որևէ իրավաչափ նպատակ, և կիրառված միջոցների ու հետապնդվող նպատակի միջև առկա չէ համաչափության ողջամիտ հարաբերակցություն: Արդյունքում Ընկերությունը զրկվել է իր արդար դատաքննության իրավունքն արդյունավետորեն իրացնելու հնարավորությունից, քանի որ գործնականում չի ապահովվել բողոքարկման ընթացակարգի միջոցով ենթադրյալ դատական սխալի բացահայտումը և ուղղումը:

Վերը նշված պատճառաբանություններով հերքվում է վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկը:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 04.03.2019 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող Ռ. Հակոբյան

Զեկուցող  Ն. Տավարացյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

 

Հատուկ կարծիք

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի կողմից թիվ ՇԴ/4595/02/15 սնանկության գործով 06.12.2019 թվականին կայացված որոշման վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), գրավոր ընթացակարգով քննելով «Մագնոն» ԲԲԸ-ի (այսուհետ` Ընկերություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 04.03.2019 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշման դեմ` ըստ հայցի Ժասմենա Մանուկյանի ընդդեմ Ընկերության` նախկին աշխատանքում վերականգնելու և հարկադիր պարապուրդի գումարը վճարելու պահանջների մասին, 2019 թվականի դեկտեմբերի 06-ին որոշել է «Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 04.03.2019 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը»:

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորներ Ս. Անտոնյանս և Ա. Բարսեղյանս, համաձայն չլինելով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի կողմից 06.12.2019 թվականին թիվ ՇԴ/4595/02/15 սնանկության գործով կայացված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի հետ, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 9-րդ և 10-րդ մասերով, շարադրում ենք մեր հատուկ կարծիքը նույն որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ:

Դիմելով դատարան` Ժասմենա Մանուկյանը պահանջել է վերականգնել իրեն նախկին աշխատանքում և վճարել հարկադիր պարապուրդի գումարը:

ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Բ. Մկրտչյան) 27.04.2016 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (նախագահող դատավոր` Ա. Սմբատյան, դատավորներ` Կ. Հակոբյան, Ա. Հունանյան) 22.09.2016 թվականի որոշմամբ Ընկերության և Ժասմենա Մանուկյանի վերաքննիչ բողոքները բավարարվել են` ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 27.04.2016 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է նոր քննության:

ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Մ. Գևորգյան) 30.05.2017 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (նախագահող դատավոր` Տ. Նազարյան, դատավորներ` Ն. Բարսեղյան, Ա. Պետրոսյան) 16.11.2017 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը բավարարվել է, իսկ Ժասմենա Մանուկյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն` ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 30.05.2017 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է նոր քննության:

ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Լ. Խաչատրյան) (այսուհետ` Դատարան) 11.12.2018 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 07.02.2019 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը վերադարձվել է, և սահմանվել է ժամկետ` վերաքննիչ բողոքում թույլ տրված խախտումները վերացնելու և այն կրկին ներկայացնելու համար:

Վերաքննիչ դատարանի 04.03.2019 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը վերադարձվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Ժասմենա Մանուկյանը:

Սույն վճռաբեկ բողոքը քննվել է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 4-րդ մասը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» 07.02.2019 թվականի որոշմամբ վերադարձնելով Ընկերության վերաքննիչ բողոքը` որոշմանը կից ուղարկել է Ընկերության վերաքննիչ բողոքի պատճենը, որն էլ ստանալուց հետո Ընկերությունն այն կրկին ներկայացրել է պատճենի տեսքով:

Տվյալ դեպքում Ընկերության ներկայացրած վերաքննիչ բողոքի բնօրինակը գտնվում է քաղաքացիական գործում և վերաքննիչ բողոք բերած անձը, չունենալով հնարավորություն որևէ ձևով ապացուցելու, որ վերաքննիչ բողոքն առաջին անգամ իրեն ոչ բնօրինակով է ուղարկվել, Վերաքննիչ դատարանի 04.03.2019 թվականի որոշմամբ անհիմն կերպով զրկվել է դատական պաշտպանության իրավունքի իրացման հնարավորությունից, որպիսի պայմաններում խաթարվել է նաև արդարադատության բուն էությունը:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 04.03.2019 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Ժասմենա Մանուկյանը հետևյալ հիմնավորումներով.

Ընկերությունը, ստանալով «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը, չի կատարել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված պահանջը, այն է` խախտումները վերացնելուց հետո Վերաքննիչ դատարան է ուղարկել ոչ թե վերաքննիչ բողոքի բնօրինակ, այլ` Վերաքննիչ դատարանի կողմից ուղարկված վերաքննիչ բողոքի պատճենը:

Ընկերության կողմից կրկին ներկայացվել է վերաքննիչ բողոքի պատճենը, ինչը չի կարող համարվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջների պահպանմամբ ներկայացված:

Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ սույն գործով Ընկերությունը Դատարանի 11.12.2018 թվականի վճռի դեմ փոստային ծառայության միջոցով 11.01.2019 թվականին ներկայացրել է վերաքննիչ բողոք (հավելված, գ.թ. 43-56):

Վերաքննիչ դատարանի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» 07.02.2019 թվականի որոշմամբ Ընկերության կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը վերադարձվել է այն պատճառաբանությամբ, որ Ընկերության կողմից պետական տուրքը պակաս է վճարվել և չի ներկայացվել չվճարված մասով պետական տուրքի գծով արտոնություն սահմանելու մասին միջնորդություն: Միաժամանակ նշված որոշմամբ սահմանվել է 15-օրյա ժամկետ վերաքննիչ բողոքում թույլ տրված խախտումները վերացնելու և այն կրկին ներկայացնելու համար (հավելված, գ.թ. 58-60):

Ընկերությունը փոստային ծառայության միջոցով 15.02.2019 թվականին դիմումով կրկին ներկայացրել է վերաքննիչ բողոք` մասնավորապես ներկայացնելով առաջին անգամ ներկայացրած վերաքննիչ բողոքի պատճենը: Նշված վերաքննիչ բողոքին կից Ընկերության կողմից ներկայացվել են պետական տուրքի վճարման անդորրագրերը (հավելված, գ.թ. 66-86):

Վերաքննիչ դատարանը «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» 04.03.2019 թվականի որոշմամբ վերաքննիչ բողոքը կրկին վերադարձրել է այն պատճառաբանությամբ, որ Վերաքննիչ դատարան մուտքագրված վերաքննիչ բողոքը ներկայացված է պատճենի տեսքով, որի մասին Վերաքննիչ դատարանի գրասենյակի կողմից կազմվել է համապատասխան ակտ, ուստի Վերաքննիչ դատարանի գնահատմամբ այն ստորագրված չէ (ստորագրությունը պատճենի ձևով է): Վերը նշվածի հիման վրա Վերաքննիչ դատարանը հանգել է այն հետևության, որ ներկայացված վերաքննիչ բողոքը չի կարող գնահատվել որպես ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջների պահպանմամբ ներկայացված, որպիսի պայմաններում այն ենթակա է վերադարձման` առանց ժամկետի սահմանման (հավելված, գ.թ. 88-89):

Վճռաբեկ դատարանը փաստել է, որ Վճռաբեկ դատարանին հայտնի միակ տեղեկությունը վճռաբեկ բողոքում նշված հետևյալ փաստարկն է. «Վերաքննիչ դատարանն առաջին անգամ` 07.02.2019 թվականի որոշմամբ, վերադարձնելով Ընկերության վերաքննիչ բողոքը, որոշմանը կից ուղարկել է Ընկերության վերաքննիչ բողոքի պատճենը, որն էլ ստանալուց հետո Ընկերությունը, վերացնելով համապատասխան խախտումը, այն նորից ուղարկել է Վերաքննիչ դատարան: Ընդ որում, Ընկերության ներկայացրած վերաքննիչ բողոքի բնօրինակը գտնվում է քաղաքացիական գործում» (հիմք` վճռաբեկ բողոք):

Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ սույն քաղաքացիական գործի հավելվածում առկա պատճեններից հնարավոր չէ պարզել վերաքննիչ բողոքն առաջին անգամ բնօրինակի տեսքով վերադարձված լինելու կամ չլինելու հանգամանքը, որպիսի պայմաններում առկա են չփարատված կասկածներ, որոնք պետք է մեկնաբանվեն հօգուտ բողոք բերած անձի` վերջինիս դատարանի մատչելիության իրավունքն ապահովելու համար: Ըստ այդմ, վճռաբեկ բողոք բերած անձի վերը նշված փաստարկը պետք է համարել հավաստի:

Հետևաբար` Վճռաբեկ դատարանը գտել է, որ Վերաքննիչ դատարանը չի կատարել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված իր պարտականությունը, ինչի հետևանքով բողոք բերած անձը զրկված է եղել վերաքննիչ բողոքը բնօրինակի ձևով կրկին ներկայացնելու հնարավորությունից:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտել է, որ Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված պահանջը չպահպանվելու դեպքում դատական ակտը բողոքարկած անձը չի կարող կրել դրանից բխող բացասական հետևանքները:

Վճռաբեկ դատարանի որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի հետ համաձայն չեմ, գտնում եմ, որ վճռաբեկ բողոքը պետք է մերժվեր հետևյալ պատճառաբանությամբ.

Վերաքննիչ դատարանը 04.03.2019 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշմամբ արձանագրել է, որ 20.02.2019 թվականին մուտքագրված վերաքննիչ բողոքը ներկայացված է պատճենի տեսքով, որի մասին Վերաքննիչ դատարանի գրասենյակի կողմից 20.02.2019 թվականին կազմվել է համապատասխան ակտ: Վերաքննիչ դատարանը հարկ է համարել նշել, որ այն դեպքում, երբ բողոքը վերադարձնելու հետո կողմը այն ներկայացնում է պատճենի տեսքով, բողոքը չի կարող գնահատվել որպես ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջների պահպանմամբ ներկայացված վերաքննիչ բողոք: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` նույն հոդվածի 1-ին մասի 2-րդ և 4-րդ կետերով նախատեսված հիմքերով վերաքննիչ բողոքը վերադարձնելուց հետո բողոքում թույլ տրված խախտումները վերացնելու և որոշումն ստանալուց հետո` վճռի դեմ ներկայացված բողոքով 15-օրյա ժամկետում սահմանված կարգով կրկին վերաքննիչ բողոք ներկայացնելու դեպքում այն համարվում է վերաքննիչ դատարան ներկայացված սկզբնական ներկայացման օրը: Կրկին ներկայացված վերաքննիչ բողոքում առկա խախտումները վերացնելու համար նոր ժամկետ չի տրվում:

Վերոգրյալի հիման վրա Վերաքննիչ դատարանը եկել է այն եզրակացության, որ վերաքննիչ բողոքը ենթակա է վերադարձման այն հիմնավորմամբ, որ այն ստորագրված չէ (ստորագրությունը պատճենի ձևով է):

Վճռաբեկ դատարանը հիմնավոր է համարել բողոք բերած անձի պատճառաբանությունները այն մասին, որ վերաքննիչ բողոքը պատճենի ձևով ներկայացնելը պայմանավորված է եղել Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված պարտավորությունը, ինչի հետևանքով բողոք բերած անձը զրկված է եղել վերաքննիչ բողոքը բնօրինակի ձևով կրկին ներկայացնելու հնարավորությունից:

Անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրահանգման հիմնավորվածությանը Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ սույն քաղաքացիական գործի հավելվածում առկա պատճեններից հնարավոր չէ պարզել վերաքննիչ բողոքն առաջին անգամ բնօրինակի տեսքով վերադարձված լինելու կամ չլինելու հանգամանքը, որպիսի պայմաններում առկա են չփարատված կասկածներ, որոնք պետք է մեկնաբանվեն հօգուտ բողոք բերած անձի` վերջինիս դատարանի մատչելիության իրավունքն ապահովելու համար: Ըստ այդմ, վճռաբեկ բողոք բերած անձի վերը նշված փաստարկը պետք է համարել հավաստի:

Գտնում ենք, որ վճռաբեկ բողոքի հիմքերն ու հիմնավորումները, այն մասին, որ Վերաքննիչ դատարանի կողմից վերաքննիչ բողոքը վերադարձնելուց հետո թերությունները շտկված նոր բողոքը չի ստորագրվել և ներկայացվել է պատճենի ձևով` Վերաքննիչ դատարանի կողմից սկզբնական բողոքի ու կից փաստաթղթերի բնագրերը չվերադարձնելու պատճառով, բավարար հիմքեր չեն վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշումը վերացնելու համար, քանի որ թերությունները շտկված նոր վերաքննիչ բողոքը ստորագրելու համար և օրենքի պահանջին համապատասխան ստորագրված բողոքը Վերաքննիչ դատարան կրկին ներկայացնելու համար չի կարող էական լինել վերաքննիչ դատարանի կողմից վերադարձված բողոքի բնօրինակի գտնվելու վայրը:

Այլ հարց կարող էր լինել, եթե Վերաքննիչ դատարանը բողոքին կից ներկայացված փաստաթղթերի բնօրինակները չվերադարձնելով կրկին ներկայացված բողոքը վերադարձներ որպես թերություն նշեր դրանց բնօրինակների բացակայությունը, ինչը չենք կարող ասել չստորագրելու դեպքում:

Այլ հարց կարող էր լինել, եթե Վերաքննիչ դատարանը բողոքին կից ներկայացված փաստաթղթերի բնօրինակները չվերադարձնելով, նոր բերված բողոքի դեպքում որպես թերություն նշելով դրանց բնօրինակների բացակայությունը:

Վերաքննիչ բողոքը, բողոք բերած անձի ստորագրության պատճենի ձևով ներկայացնելը, թույլ չի տալիս դատարանին եզրահանգելու դատական ակտը կողմի բողոքարկելու դատավարական իրավունքն իրացնելու հստակ ցանկության մասին, որն իրականացվում է բացառապես բողոքը ստորագրելով (այդ թվում նաև օրենքով թույլատրելի էլեկտրոնային ձևով):

Բացի այդ, հարկ ենք համարում նշել, որ վճռաբեկ բողոքում վկայակոչված հանգամանքները, Վճռաբեկ դատարան ներկայացված քաղաքացիական գործի հավելվածում առկա նյութերով հիմնավորված չլինելու պայմաններում, չենք կարող խոսել «չփարատված կասկած» իրավական կանխավարկածի և այդ հիմքով քաղաքացիական գործով ներկայացված բողոքի փաստարկը հավաստի լինելու մասին, քանի որ քաղաքացիական դատավարության կարգով ապացուցման կանոնները նման սկզբունք չեն նախատեսել, հետևաբար` բողոքի փաստարկը հիմնավոր կամ անհիմն պետք է որակվի բացառապես գործում առկա փաստական հանգամանքների և տվյալների հիման վրա: Իսկ վճռաբեկ բողոքի հիման վրա Վճռաբեկ դատարան ուղարկված քաղաքացիական գործի հավելվածում գործի նյութերի անբավարար լինելու պայմաններում վերադաս դատարանը պետք է ձեռնարկի օրենքով և այլ նորմատիվ իրավական ակտերով նախատեսված միջոցները բողոքի քննության համար անհրաժեշտ նյութերը հիմնական քաղաքացիական գործից ստանալու համար:

Հետևաբար` գտնում ենք, որ վճռաբեկ բողոքը պետք է մերժել, իսկ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 04.03.2019 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը պետք է թողնել օրինական ուժի մեջ:

 

Դատավորներ` Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
06.12.2019
N ՇԴ/4595/02/15
Որոշում