Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 105-ՐԴ, 221-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական              Քաղաքացիական գործ

    դատարանի որոշում                       թիվ ԵԱՆԴ/1159/02/17

Քաղաքացիական գործ թիվ ԵԱՆԴ/1159/02/17  2019 թ.

Նախագահող դատավոր` Կ. Հակոբյան

    Դատավորներ`        Ա. Հունանյան

                       Ա. Մկրտչյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող Ռ. Հակոբյան

զեկուցող Մ. Դրմեյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Ե. Խունդկարյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Տ. Պետրոսյան

Ն. Տավարացյան

 

2019 թվականի դեկտեմբերի 27-ին

գրավոր ընթացակարգով քննելով Տաթևիկ Իսրայելյանի ներկայացուցիչ Դավիթ Սարգսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 20.02.2018 թվականի որոշման դեմ` ըստ հայցի «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» ՓԲԸ-ի (այսուհետ` Բանկ) ընդդեմ Տաթևիկ Իսրայելյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Բանկը պահանջել է Տաթևիկ Իսրայելյանից բռնագանձել 13.190,64 եվրոյին համարժեք ՀՀ դրամ` սկսած 27.03.2017 թվականից մինչև պարտավորության ամբողջական կատարման օրը, գերածախսի գումարի և տոկոսագումարի հանրագումարի վրա հաշվարկել և բռնագանձել տուժանք` «Վճարային քարտերի տրամադրման և սպասարկման պայմանների» 9.3 կետով նախատեսված օրական 0,2 տոկոսի չափով:

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Էդ. Սեդրակյան) (այսուհետ` Դատարան) 16.10.2017 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 20.02.2018 թվականի որոշմամբ Տաթևիկ Իսրայելյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 16.10.2017 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Տաթևիկ Իսրայելյանի ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Բանկը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը, իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 105-րդ, 221-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հանգել է այն եզրակացության, որ բողոքաբերը «հետաձգված բողոքարկման» կարգով վիճարկում է Դատարանի` գործի վարույթը կասեցնելու միջնորդությունը մերժելու մասին որոշման օրինականությունը, մինչդեռ բողոքաբերը Դատարանում նման միջնորդություն չի ներկայացրել, այլ միայն նշել է, որ Դատարանը հնարավորություն չի տվել ներկայացնելու ապացույցներ, որոնք պետք է տրամադրվեին քրեական գործը քննող և արձակուրդում գտնվող քննիչի կողմից:

Բողոքաբերը գործի վարույթը կասեցնելու միջնորդությունը ներկայացրել է միայն Վերաքննիչ դատարանում և որպես հիմնավորում կցել է «Քրեական գործ հարուցելու մասին» որոշման, Տաթևիկ Իսրայելյանին հարցաքննության հրավիրելու մասին ծանուցագրի պատճենները: Որպես միջնորդության հիմնավորում` նշել է, որ ՀՀ ԱԱԾ վարույթում քննվում է Բանկի գլխավոր գործադիր տնօրենի հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործը, որի համաձայն` 04.03.2017 թվականին ժամը 11:14-ից մինչև 13:15-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձինք իրականացրել են «Արմենիան Քարտ» պրոցեսինգային կենտրոնում վարվող 19.01.2017 թվականից մինչև 01.03.2017 թվականն ընկած ժամանակահատվածում Բանկ դիմած թվով 17 քաղաքացիների քարտային հաշիվների մնացորդների, ինչպես նաև քարտերի կանխիկացման սահմանաչափերի փոփոխություն` առանց համապատասխան իրավասության առկայության, որի արդյունքում Բանկը կրել է 23.753.278 ՀՀ դրամի, 36.498 ԱՄՆ դոլարի, 69.861 եվրոյի վնաս, որի քննության արդյունքում պարզ կդառնան սույն քաղաքացիական գործի լուծման համար էական նշանակություն ունեցող հանգամանքներ:

Վերաքննիչ դատարանը չի անդրադարձել գործի վարույթը կասեցնելու վերաբերյալ միջնորդությանը և չի կասեցրել գործի վարույթը, մինչդեռ Տաթևիկ Իսրայելյանի ոչ պատշաճ պատասխանող լինելու փաստը կարող էր ի հայտ գալ միայն քրեական գործի ավարտից հետո:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 20.02.2018 թվականի որոշումը և գործն ուղարկել ստորադաս դատարան նոր քննության:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները.

Պատասխանողի կողմից չի ներկայացվել որևէ թույլատրելի և վերաբերելի ապացույց այն մասին, թե ինչու չի կարողացել ներկայացնել քրեական գործը հարուցելու մասին որոշումները, և միայն նշել է, որ քննիչը գտնվել է արձակուրդում: Բողոքաբերը հաշվի չի առել, որ Վերաքննիչ դատարանն իրավունք չունի նոր ապացույց ընդունել և կարող է բողոքը քննել միայն գործում առկա ապացույցների հիման վրա, հետևաբար վճռաբեկ բողոքն անհիմն է և չի կարող վճռի բեկանման հիմք հանդիսանալ:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1. Տաթևիկ Իսրայելյանի կողմից 14.02.2017 թվականին Բանկ է ներկայացվել դեբետային քարտի դիմում և 17.02.2017 թվականին նրան տրամադրվել է MASTERCARD STANDART եվրո արժույթով քարտ (հատոր 1-ին, գ.թ. 6-7, 43).

2. Համաձայն Բանկի կողմից ներկայացված քարտային հաշվի թիվ 1983816 քաղվածքի` Տաթևիկ Իսրայելյանի քարտով 04.03.2017 թվականին կատարվել են գործարքներ, որի արդյունքում առաջացել է 13.056,64 եվրոյին համարժեք ՀՀ դրամի չափով գերածախս (հատոր 1-ին, գ.թ. 8-9).

3. 04.04.2017 թվականին Բանկին ուղղված դիմումի համաձայն` Տաթևիկ Իսրայելյանը խնդրել է պարզաբանել, թե ինչպես է առաջացել 13.000 եվրոյի չափով գերածախսը, քանի որ ինքը նշված քարտով որևէ գործարք չի արել (հատոր 1-ին, գ.թ. 42).

4. Տաթևիկ Իսրայելյանը 21.07.2017 թվականին Դատարան է ներկայացրել դիմում, որով հայտնել է, որ ՀՀ ԱԱԾ-ից պահանջել է տեղեկանք քրեական գործ հարուցված լինելու վերաբերյալ, որը մերժվել է այն պատճառաբանությամբ, որ դրա վերաբերյալ դատարանը պետք է հարցում անի (հատոր 1-ին, գ.թ. 51).

5. 03.10.2017 թվականի դատական նիստի ընթացքում Տաթևիկ Իսրայելյանը չի ընդունել հայցը և հայտնել է, որ որպես ապացույց ՀՀ ԱԱԾ-ից պետք է տեղեկանք ներկայացներ, սակայն քննիչի արձակուրդում գտնվելու պատճառաբանությամբ տեղեկանքն իրեն չի տրամադրվել: Դատարանը վճռի հրապարակման ամսաթիվ է հայտարարել 16.10.2017 թվականը (հատոր 1-ին, գ.թ. 66-67).

6. Տաթևիկ Իսրայելյանը 06.10.2017 թվականին դատարան ներկայացված դիմումին կից ներկայացրել է ՀՀ ԱԱԾ քննչական վարչության 13.03.2017 թվականի քրեական գործ հարուցելու մասին որոշումը (հատոր 1-ին, գ.թ. 69-70).

7. Տաթևիկ Իսրայելյանը ներկայացրել է Դատարանի 16.10.2017 թվականի վճռի դեմ վերաքննիչ բողոք և դրան կից ներկայացրել է քաղաքացիական գործի վարույթը կասեցնելու մասին միջնորդություն: Ներկայացվել են ՀՀ ԱԱԾ քննչական վարչության 13.03.2017 թվականի քրեական գործ հարուցելու մասին որոշման և հարուցված քրեական գործով 10.05.2017 թվականին որպես վկա հարցաքննության հրավիրվելու մասին ծանուցագրի պատճենները: ՀՀ ԱԱԾ քննչական վարչության 13.03.2017 թվականի քրեական գործ հարուցելու մասին որոշմամբ արձանագրվել է, որ Բանկի գլխավոր գործադիր տնօրենից հաղորդում են ստացել այն մասին, որ 04.03.2017 թվականին ժամը 11:14-ից մինչև 13:15-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձինք իրականացրել են «Արմենիան քարտ» ՓԲԸ-ի պրոցեսինգային կենտրոնում վարվող թվով 17 քաղաքացիների քարտային հաշիվների մնացորդների, ինչպես նաև քարտերի կանխիկացման սահմանաչափերի փոփոխություն առանց համապատասխան իրավասության առկայության, որին զուգահեռ ժամը 11:50-ից մինչև 14:34-ն ընկած ժամանակահատվածում Մոսկվա, Ռիգա և Սանկտ-Պետերբուրգ քաղաքներում գործող բանկոմատներում վերոնշյալ քարտերով իրականացվել են կանխիկի ստացման գործարքներ, ինչի արդյունքում բանկը կրել է 23.753.278 ՀՀ դրամի, 36.498 ԱՄՆ դոլարի և 699.861 եվրոյի վնաս (հատոր 2-րդ, գ.թ. 9-10, 15-16):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ դատական ակտը կայացնելիս ստորադաս դատարանը թույլ է տվել իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 105-րդ և 221-րդ հոդվածների այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ Վերաքննիչ դատարանի կողմից գործի վարույթը կասեցնելու միջնորդությունը քննության առնելու հարցին:

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված իրավունքների և ազատությունների դատական պաշտպանության, ինչպես նաև արդար դատաքննության իրավունքների կարևորությունը բազմիցս նշվել է ինչպես ՀՀ վճռաբեկ դատարանի, այնպես էլ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` Եվրոպական դատարան) որոշումներում:

Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի համաձայն` արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ տարրն է դատարանի մատչելիության իրավունքը: Կրեուզն ընդդեմ Լեհաստանի գործով Եվրոպական դատարանը նշել է, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը երաշխավորում է անձի քաղաքացիական իրավունքներին և պարտականություններին առնչվող հայցով դատարան դիմելու իրավունքը: Այդ դրույթը մարմնավորում է դատարան դիմելու, այն է` քաղաքացիական գործով դատարանում հայց հարուցելու իրավունքը: Այդուհանդերձ, դա է, որ հնարավորություն է տալիս օգտվելու Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի հիմքում ընկած մնացած երաշխիքներից: Դատական վարույթի արդար, հրապարակային և արագ բնութագրիչները, անշուշտ, արժեք չեն ունենա, եթե այդ գործընթացներին ընթացք չի տրվում: Դժվար է պատկերացնել իրավունքի գերակայություն քաղաքացիական գործերով արդարադատություն իրականացնելիս, եթե դատարան դիմելու իրավունքը չի ապահովվում (տե՛ս, Կրեուզն ընդդեմ Լեհաստանի գործով Եվրոպական դատարանի 19.06.2001 թվականի վճիռը, կետ 52):

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի համապատասխան հոդվածներով ամրագրված է անձի դատական պաշտպանության իրավունքը, որի կարևոր բաղադրիչներից մեկը դատական ակտերի բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովելու դատական սխալների բացահայտումը և ուղղումը` դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը (տե՛ս, Սուսաննա Արարատի Միրզոյանն ընդդեմ Սուսաննա Միհրանի Միրզոյանի թիվ ԱՐԱԴ/0170/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի որոշումը):

Վերոգրյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ գործին մասնակցող անձանց համար երաշխավորված դատարանի մատչելիության, դատական պաշտպանության իրավունքը դրսևորվում է նաև դատական ակտը բողոքարկելու իրավունքով և դրա իրացման ընթացակարգով, որը կոչված է վերացնելու ստորադաս դատարանում թույլ տրված և բողոք բերող անձի իրավունքներին և օրինական շահերին առնչվող դատական սխալը:

Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի համաձայն` դատարանը պարտավոր է կասեցնել գործի վարույթը, եթե`

1) անհնարին է տվյալ գործի քննությունը մինչև սահմանադրական, քաղաքացիական, քրեական կամ վարչական դատավարության կարգով քննվող այլ գործով կամ հարցով որոշում կայացնելը.

2) պատասխանողը գտնվում է ռազմական դրության մեջ գտնվող զինված ուժերի կազմում, կամ ռազմական դրության մեջ գտնվող զինված ուժերի կազմում գտնվող հայցվորը դիմել է համապատասխան միջնորդությամբ.

3) գործին մասնակցող քաղաքացու մահից հետո վիճելի իրավահարաբերությունը թույլ է տալիս իրավահաջորդություն.

4) գործին մասնակցող քաղաքացին ճանաչվել է անգործունակ:

Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 221-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` գործի վարույթը կասեցնելու հիմքերի առկայության դեպքում վերաքննիչ դատարանը կարող է կասեցնել գործի վարույթը:

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած իր որոշմամբ անդրադառնալով գործի վարույթը կասեցնելու իրավական խնդրին, արձանագրել է, որ գործի վարույթի կասեցման հիմքը գործի քննության ընթացքում այնպիսի հանգամանքի ի հայտ գալն է, որն ըստ էության արգելակում է գործի հետագա ընթացքը: Գործի վարույթի կասեցումը չի կարող կրել ձևական բնույթ, իսկ դրա միակ նպատակը գործի շարունակմանը խոչընդոտող հանգամանքների վերացումն է: Միաժամանակ նույն որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ չնայած կասեցման հիմքերի ընդհանրությանը, վերաքննիչ դատարանում գործի վարույթի կասեցումն օժտված է որոշակի առանձնահատկությամբ` պայմանավորված վերաքննության բովանդակությամբ և ծավալով: Նշված առանձնահատկությունը հանգում է նրան, որ եթե առաջին ատյանի դատարանում իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածում ամրագրված` գործի վարույթը կասեցնելու հիմքերը պարտադիր հիմքեր են, որոնց առկայության դեպքում առաջին ատյանի դատարանը պարտավոր է կասեցնել գործի վարույթը, ապա նույն օրենսգրքի 221-րդ հոդվածի 3-րդ կետում «կարող է կասեցնել գործի վարույթը» ձևակերպումը ենթադրում է, որ գործի վարույթը կասեցնելու հիմքերի առկայության դեպքում վերաքննիչ դատարանն օժտված է հայեցողական լիազորությամբ և տվյալ գործի կոնկրետ հանգամանքների համատեքստում վերաքննիչ դատարանն է որոշում, թե արդյո՞ք վերաքննիչ վարույթում ի հայտ եկած տվյալ հանգամանքը խոչընդոտում է վերաքննիչ բողոքի քննության հետագա ընթացքին: Նման իրավակարգավորումը թույլ է տալիս վերաքննիչ դատարանին ստուգել և գնահատել կոնկրետ գործի հանգամանքների համակցությունը` օրենքով նախատեսված հիմքերի առկայության դեպքում կասեցման անհրաժեշտության և նպատակահարմարության հարցը լուծելիս (տե՛ս, Սամվել, Սահակ և Սուլթան Մարկոսյաններն ընդդեմ Լուսիկ Գևորգյանի և մյուսների թիվ ԵԿԴ/0808/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 06.11.2013 թվականի որոշումը):

Նախկինում կայացրած մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ դատարանի պարտականությունն է կասեցնել գործի վարույթը, եթե դրա քննությունն անհնարին է մինչև սահմանադրական, քաղաքացիական, քրեական կամ վարչական դատավարության կարգով քննվող այլ գործով կամ հարցով որոշում կայացնելը, իսկ գործի վարույթը կասեցնելու մասին դատարանի որոշման մեջ պետք է նշվեն շարժառիթները, օրենքները, այլ իրավական ակտերը, որոնցով դատարանը հանգել է հետևությունների: Ընդ որում, իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին կետի հիման վրա գործի վարույթը կասեցնելու վերաբերյալ որոշում կայացնելիս դատարանը պարտավոր է նշել այն կապը, որն առկա է քննվող գործի և այլ դատարանում սահմանադրական, քաղաքացիական, քրեական կամ վարչական դատավարության կարգով քննվող գործի միջև, այսինքն` նշել այլ դատավարության կարգով քննվող այն իրավահարաբերությունները կամ փաստերը, որոնք քննվող գործի համար իրավաբանական նշանակություն ունեն, ինչպես նաև պարտավոր է նշել, թե ինչու տվյալ իրավահարաբերությունը կամ փաստը չի կարող հաստատվել տվյալ գործի քննության շրջանակներում, այսինքն` ցույց տալ գործի քննության անհնարինությունը (տե՛ս, Վերա Ազիզյանն ընդդեմ Նունե Սարգսյանի թիվ ԵԱԴԴ/0452/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 13.01.2010 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է նաև, որ շահագրգիռ անձն իր դատական պաշտպանության իրավունքն իրացնելիս, դատավարական օրենքով նախատեսված որևէ միջնորդություն հարուցելով, ակնկալում է իր կողմից բարձրացված հարցի որոշակի լուծում` դատարանի կողմից համապատասխան որոշման կայացման ձևով: Այսինքն` դատավարության մասնակցի` միջնորդություն հարուցելու իրավունքին համապատասխանում է տվյալ հարցով որոշում կայացնելու դատարանի պարտականությունը (տե՛ս, Հուսիկ Թադևոսյանն ընդդեմ Արմեն Արիստակեսյանի, ՀՀ Արմավիրի նոտարական տարածքի նոտար Անժելա Ցականյանի թիվ ԱՐԴ1/0019/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 28.11.2014 թվականի որոշումը):

Վերահաստատելով վերոնշյալ իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ իրավահարաբերության ծագման պահին գործող քաղաքացիադատավարական կարգավորումների համատեքստում գործին մասնակցող անձը վերաքննության փուլում ևս կարող էր ներկայացնել գործի վարույթը կասեցնելու մասին միջնորդություն և ակնկալել, որ կստանա իր կողմից բարձրացված հարցի լուծում` դատարանի կողմից համապատասխան որոշման կայացման ձևով:

Սույն գործով Դատարանը, հայցը բավարարելով, պատճառաբանել է նաև, որ թեև գործի քննության ընթացքում Տաթևիկ Իսրայելյանը հայտնել է, որ կատարվել է հակերային հարձակում, սակայն Տաթևիկ Իսրայելյանի կողմից որևէ թույլատրելի և վերաբերելի ապացույց չի ներկայացվել իր կողմից վկայակոչած փաստերը հաստատելու վերաբերյալ:

Դատարանի վճիռը վերաքննության կարգով բողոքարկվել է, ի թիվս այլնի, նաև այն հիմքով և հիմնավորմամբ, որ Դատարանը զրկել է բողոքաբերին գործի վարույթը կասեցնելու անհրաժեշտությունը հավաստող ապացույց ներկայացնելու հնարավորությունից և վերջինս համապատասխան ապացույցը կարողացել է ներկայացնել միայն գործի քննության ավարտից հետո:

Միաժամանակ բողոքաբերը բողոքին կցել է ՀՀ ԱԱԾ քննչական վարչության 13.03.2017 թվականի քրեական գործ հարուցելու մասին որոշման և հարուցված քրեական գործով 10.05.2017 թվականին որպես վկա հարցաքննության կանչվելու մասին ծանուցագրի պատճենները և միջնորդել է կասեցնել քաղաքացիական գործի վարույթը մինչև քրեական գործով վերջնական դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը: Վերաքննիչ դատարանը, բողոքը մերժելով, արձանագրել է, որ Տաթևիկ Իսրայելյանը, Դատարանում միջնորդելով կասեցնել քաղաքացիական գործի վարույթը, որևէ ապացույց չի ներկայացրել ՀՀ ԱԱԾ-ի վարույթում քննվող քրեական գործի վերաբերյալ, որպիսի պայմաններում Դատարանին դատավարական նորմի խախտում չի կարող վերագրվել: Վերաքննիչ դատարանի որոշումը չի բովանդակում որևէ եզրահանգում վերաքննության փուլում ներկայացված` գործի վարույթը կասեցնելու վերաբերյալ միջնորդության լուծման վերաբերյալ: Գործում ևս առկա չէ նշված միջնորդության քննության կապակցությամբ կայացված որևէ դատական ակտ:

Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով վերաքննիչ դատարանի պատճառաբանություններին և քաղաքացիական գործի վարույթը կասեցնելու մասին միջնորդությանը չանդրադառնալու հարցին, արձանագրում է հետևյալը.

Վերաքննիչ դատարանը բողոքի մերժման հիմքում դրել է Տաթևիկ Իսրայելյանի կողմից քաղաքացիական գործի վարույթը կասեցնելու միջնորդություն ներկայացրած լինելու և այդ մասով որևէ ապացույց ներկայացված չլինելու հանգամանքին այն պարագայում, երբ Դատարանն ինքն էլ արձանագրել է, որ Տաթևիկ Իսրայելյանն ընդամենը գործի քննության ընթացքում հայտնել է, որ կատարվել է հակերային հարձակում, սակայն որևէ միջնորդություն, ըստ էության, չի ներկայացվել:

Ավելին, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը, չանդրադառնալով վերաքննիչ բողոքին կից ներկայացված քաղաքացիական գործի վարույթը կասեցնելու մասին միջնորդությանը, չի կատարել տվյալ հարցի վերաբերյալ որոշում կայացնելու իր պարտականությունը, մինչդեռ շահագրգիռ անձն իր դատական պաշտպանության իրավունքն իրացնելիս, դատավարական օրենքով նախատեսված որևէ միջնորդություն հարուցելով, ակնկալում է իր կողմից բարձրացված հարցի որոշակի լուծում` դատարանի կողմից համապատասխան որոշման կայացման ձևով: Ավելին, միայն տվյալ միջնորդության քննության և լուծման արդյունքում Վերաքննիչ դատարանն իրավասու էր գնահատական տալ վերաքննիչ բողոքի հիմքերին` նկատի ունենալով միջնորդության հարուցման հիմքը և դրա հնարավոր ազդեցությունը վերաքննիչ բողոքի քննության հետագա ընթացքի վրա:

Վերոգրյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը, չանդրադառնալով բողոքաբերի` գործի վարույթը կասեցնելու մասին միջնորդությանը, թույլ է տվել դատավարական նորմի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, հետևաբար առկա է գործը նույն դատարան ուղարկելու անհրաժեշտություն` վերաքննիչ վարույթում ներկայացված գործի վարույթը կասեցնելու միջնորդությունը քննարկման առարկա դարձնելու համար:

Վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները հերքվում են վերը նշված պատճառաբանությամբ:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը Վերաքննիչ դատարան նոր քննության ուղարկելու համար:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` գործին մասնակցող անձը, որի դեմ կայացվել է եզրափակիչ դատական ակտ, կրում է Հայաստանի Հանրապետության կողմից վկաներին, փորձագետներին, մասնագետներին և թարգմանիչներին վճարված գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև դատարանի և գործին մասնակցող անձանց կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունն այնքանով, որքանով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են «Դատական ծախսերը» վերտառությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլխի կանոններին համապատասխան:

Տվյալ դեպքում նկատի ունենալով, որ Վերաքննիչ դատարանի 30.11.2017 թվականի որոշմամբ հետաձգվել է վերաքննիչ բողոքի համար սահմանված պետական տուրքի վճարումը և որոշվել է այդ հարցին անդրադառնալ գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելիս, ինչպես նաև Վճռաբեկ դատարանի 02.08.2018 թվականի որոշմամբ հետաձգվել է սույն վճռաբեկ բողոքի համար սահմանված պետական տուրքի վճարումը և որոշվել է այդ հարցին անդրադառնալ գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելիս, իսկ Տաթևիկ Իսրայելյանի ներկայացուցչի վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման և գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ, 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 20.02.2018 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան` նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին այդ թվում նաև` վերաքննիչ բողոքի համար սահմանված և ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 30.11.2017 թվականի որոշմամբ հետաձգված և վճռաբեկ բողոքի համար սահմանված և ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 02.08.2018 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի հարցերին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող Ռ. Հակոբյան

Զեկուցող Մ. Դրմեյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Ե. Խունդկարյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Տ. Պետրոսյան

Ն. Տավարացյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
27.12.2019
N ԵԱՆԴ/1159/02/17
Որոշում