Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 296-ՐԴ, 450...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 296-ՐԴ, 450-ՐԴ, 983-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ, ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Քաղաքացիական գործ

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական              թիվ ՇԴ3/0745/02/17

    դատարանի որոշում                       2019 թ.

Քաղաքացիական գործ թիվ ՇԴ3/0745/02/17

Նախագահող դատավոր` Հ. Ենոքյան

    Դատավորներ`        Լ. Գրիգորյան

                       Գ. Խանդանյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող Ռ. Հակոբյան

զեկուցող  Ն. Տավարացյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Գ. Հակոբյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

 

2019 թվականի դեկտեմբերի 02-ին

գրավոր ընթացակարգով քննելով «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) ներկայացուցիչ Գեղեցիկ Հովհաննիսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 07.06.2018 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Ընկերության ընդդեմ Կիրակոս Զաքարյանի` 180.000 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին,

(2-րդ մաս)

 

Հատուկ կարծիք

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատի կողմից թիվ ՇԴ3/0745/02/17 քաղաքացիական գործով 02.12.2019

թվականին կայացված որոշման պատճառաբանական մասի վերաբերյալ

 

02.12.2019 թվական

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), 2019 թվականի դեկտեմբերի 02-ին գրավոր ընթացակարգով քննելով «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) ներկայացուցիչ Գեղեցիկ Հովհաննիսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 07.06.2018 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Ընկերության ընդդեմ Կիրակոս Զաքարյանի` 180.000 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին, նույն պալատի ընդհանուր թվի մեծամասնությամբ որոշել է վճռաբեկ բողոքը բավարարել, բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 07.06.2018 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի դատավոր Գ. Հակոբյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշման պատճառաբանական մասի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կարծիքի հետ, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 9-րդ և 10-րդ մասերով, շարադրում եմ իմ հատուկ կարծիքն այդ մասի վերաբերյալ:

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է Կիրակոս Զաքարյանից հօգուտ Ընկերության բռնագանձել 180.000 ՀՀ դրամ:

ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Լ. Հովհաննիսյան) (այսուհետ` Դատարան) 01.11.2017 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 07.06.2018 թվականի որոշմամբ Դատարանի 01.11.2017 թվականի վճռի դեմ Ընկերության վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 01.11.2017 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերության ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ դատարանը Վերաքննիչ դատարանի 07.06.2018 թվականի որոշման օրինականության ստուգման հարցում դրել է վճռաբեկ բողոքի հետևյալ հիմքերը.

«Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 296-րդ հոդվածի 1-ին մասը, 450-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերը, 983-րդ հոդվածի 1-ին մասը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 9-րդ, 66-րդ և 74-րդ հոդվածները»:

Որպես բողոք բերած անձի նշված պնդման պատճառաբանություններ` վկայակոչվել են հետևյալ փաստարկները.

«Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ Դատարան են ներկայացվել մի շարք պատշաճ վավերացված գրավոր փաստաթղթեր` «իսկականի հետ ճիշտ է» նշումով, որը կատարվել է Ընկերության համապատասխան ստորաբաժանման կողմից, ինչը համարվում է փաստաթղթի պատշաճ վավերացում: Բոլոր փաստաթղթերը Դատարան են ներկայացվել միևնույն նշումով, սակայն Դատարանը չի պահանջել դրանց բնօրինակը: Միաժամանակ Դատարանը չի նշել, թե ինչու բոլոր պատշաճ վավերացված ապացույցներից հայցվորը պետք է ներկայացներ հենց վկայագրի ստորագրված տարբերակը: Այսինքն, թե՛ գործը դատաքննության նշանակելու վերաբերյալ որոշման մեջ և թե՛ վճռով Դատարանը չի անդրադարձել այն հարցին, թե ինչ հիմքով Դատարանը չի կարողացել ապացուցված համարել վկայագրի պատշաճ վավերացված պատճենի միջոցով Ընկերության և Կիրակոս Զաքարյանի միջև իրավահարաբերության առկայությունը կամ բացակայությունը:

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ սույն գործով կողմերի միջև առկա են պայմանագրային իրավահարաբերություններ, սակայն Կիրակոս Զաքարյանը պատահարից անմիջապես հետո չի տեղեկացրել Ընկերությանը, ինչի արդյունքում էլ Ընկերությունը ձեռք է բերել հետադարձ պահանջի իրավունք»:

Որպես բողոք բերած անձի պահանջ նշվել է, որ վերջինս պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 07.06.2018 թվականի որոշումը և փոփոխել այն` կայացնել նոր դատական ակտ:

 

3. Որպես վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստեր Վճռաբեկ դատարանը նշել է, որ`

«1) 29.07.2014 թվականի ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության թիվ SA385073 վկայագրի պատճենի համաձայն` Վկայագիրը գործակալ Անի Իսրայելյանի և ապահովադիր Կիրակոս Զաքարյանի կողմից ստորագրված չէ, առկա է միայն Ընկերության «իսկականի հետ ճիշտ է» մակագրությունը և կնիքը (հատոր 1-ին, գ.թ. 12):

2) ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների բաժնի տեսուչ Գ. Ծառուկյանի 24.12.2014 թվականի եզրակացության պատճենի համաձայն` 10.12.2014 թվականին ժամը 19:00-ի սահմաններում Կիրակոս Զաքարյանը «ՖՈԼԿՍՎԱԳԵՆ» մակնիշի 34SC260 համարանիշով ավտոմեքենայով բախվել է Անդրանիկ Մխիթարյանի կողմից վարվող «ՕՊԵԼ» մակնիշի 34ZS427 համարանիշով ավտոմեքենային, որի հետևանքով Կիրակոս Զաքարյանը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124.6-րդ հոդվածի 2-րդ մասով ենթարկվել է վարչական պատասխանատվության (հատոր 1-ին, գ.թ. 13):

3) Պատահարի վերաբերյալ հարցաթերթիկի պատճենի համաձայն` Կիրակոս Զաքարյանը Ընկերությանը զանգել է 10.12.2014 թվականին ժամը 20:16-ին (հատոր 1-ին, գ.թ. 11):

4) Ընկերության ավտոտրանսպորտային միջոցի պատճառված վնասի գնահատման թիվ Գ-0125/15 հաշվետվության համաձայն` Անդրանիկ Մխիթարյանի «ՕՊԵԼ» մակնիշի 34ZS427 հ/հ ավտոմեքենային պատճառված վնասի շուկայական արժեքը 19.01.2015 թվականի դրությամբ կազմել է 180.000 ՀՀ դրամ (հատոր 1-ին, գ.թ. 15-18):

5) 21.01.2015 թվականի թիվ 0127 որոշման պատճենի և թիվ 756 վճարման հանձնարարագրի համաձայն` Ընկերության կողմից Անդրանիկ Մխիթարյանին վճարվել է 180.000 ՀՀ դրամ (հատոր 1-ին, գ.թ. 9, 19)»:

 

4. Վճռաբեկ դատարանի` վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմնավորումը.

Վճռաբեկ դատարանը`

1) վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում անհրաժեշտ համարելով անդրադառնալ դատարանի կողմից գործում առկա բոլոր ապացույցների լրիվ և բազմակողմանի հետազոտման ու գնահատման խնդրին` վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումը,

2) արձանագրելով, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասը խախտելու հետևանքով առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում,

3) ՀՀ քաղաքացիական դատավարության 1998 թվականի հունիսի 17-ի օրենսգրքի (այսուհետ` Նախկին օրենսգիրք) 48-րդ հոդվածի 1-ին կետի, 48-րդ հոդվածի 2-րդ կետի, 53-րդ հոդվածի 1-ին կետի, 09.02.2018 թվականին ընդունված ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրք) 62-րդ հոդվածի 1-ին մասի, 66-րդ հոդվածի 1-ին մասի, 74-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 289-րդ հոդվածի, 290-րդ հոդվածի 1-ին կետի և 298-րդ հոդվածի 1-ին կետի վկայակոչմամբ վերը նշված խախտումը հիմնավորել է այն պատճառաբանությամբ, որ «սույն քաղաքացիական գործով Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Ընկերությունը Դատարան է ներկայացրել մի շարք պատշաճ վավերացված գրավոր փաստաթղթեր «իսկականի հետ ճիշտ է» նշումով, սակայն Դատարանը ինչպես ներկայացված ապացույցների, այնպես էլ Կիրակոս Զաքարյանի` որպես ապահովադրի, պատահարից 1 ժամ 16 րոպե անց Ընկերությանը զանգահարելու, 10.12.2014 թվականի վթարից հետո Անդրանիկ Մխիթարյանի կողմից Ընկերությունից 180.000 ՀՀ դրամ` որպես ավտոմեքենային պատճառված վնասի փոխհատուցում ստանալու հանգամանքների վերաբերյալ դատական ակտում որևէ դիրքորոշում չի հայտնել և գնահատման չարժանացնելով հիշյալ հանգամանքները, Կիրակոս Զաքարյանի կամահայտնությունը կասկածի տակ է դրել և եզրահանգել, որ կողմերի միջև բացակայում է ապահովագրական իրավահարաբերությունների առկայությունը: Այսպիսով, Դատարանը, ճիշտ չգնահատելով վերը նշված ապացույցները, դրանք համարել է վիճելի, իրավահարաբերության նկատմամբ ոչ թույլատրելի, ուստի Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում սույն գործով առկա է նոր քննության անհրաժեշտություն` գործում առկա բոլոր ապացույցների համակցության մեջ գնահատելու և պարզելու ապահովագրական հարաբերությունների առկայությունը»:

Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը նշել է, որ «ինչ վերաբերում է վճռաբեկ բողոքի հիմքում նշված մյուս փաստարկներին, ապա Ընկերության դատավարական իրավունքի վերը նշված տեսքով սահմանափակման արդյունքում Վճռաբեկ դատարանը դրանց հնարավոր չի համարում անդրադառնալ»:

Դրա արդյունքում Վճռաբեկ դատարանը եզրահանգել է, որ վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան նոր քննության ուղարկելու համար:

Վճռաբեկ դատարանի դատավոր Գ. Հակոբյանս, համաձայն չլինելով Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կողմից արտահայտած կարծիքի հետ` կապված Վերաքննիչ դատարանի 07.06.2018 թվականի որոշումը վերը նշված պատճառաբանությամբ բեկանելու շարժառիթների հետ, շարադրում եմ իմ հատուկ կարծիքն այդ մասի վերաբերյալ:

Նախ կարծում եմ, որ սույն գործով ներկայացված վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը պետք է անդրադառնար ոչ թե Դատարանի կողմից գործում առկա բոլոր ապացույցների լրիվ և բազմակողմանի հետազոտման ու գնահատման խնդրին` վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները, և սույն գործով վճռաբեկ բողոքը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքով վարույթ ընդունելը պայմանավորեր ոչ թե Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասը խախտելու հետևանքով առերևույթ մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտման առկայությամբ, այլ պետք է անդրադառնար Դատարանի վարույթում գտնվելու ժամանակ գործած Նախկին օրենսգրքի ստորև նշվելիք այն կարգավորումներին և դրանց վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից նախկինում արտահայտված դիրքորոշումներին, որոնք վերաբերում են գործը դատաքննության նախապատրաստելիս դատարանի կողմից պարտադիր իրականացվելիք գործողությունների շրջանակին, և սույն գործով վճռաբեկ բողոքը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքով վարույթ ընդունելը պայմանավորեր հենց այդ կարգավորումները սահմանող Նախկին օրենսգրքի դատավարական իրավունքի նորմերի խախտման առկայությամբ, քանի որ տվյալ դեպքում, իմ կարծիքով, թույլ է տրվել ոչ թե դատավարական իրավունքի նորմերի խախտում Դատարանի կողմից գործում առկա բոլոր ապացույցների լրիվ և բազմակողմանի հետազոտման ու գնահատման առումով, այլ վերջինիս կողմից գործը դատաքննության նախապատրաստելիս պարտադիր իրականացման ենթակա ոչ բոլոր գործողություններն իրականացնելու առումով:

 

Այսպես`

 

Նախկին օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` գործի լուծման համար էական նշանակություն ունեցող ապացուցման ենթակա փաստերը որոշում է դատարանը` գործին մասնակցող անձանց պահանջների և առարկությունների հիման վրա:

Նախկին օրենսգրքի 149.8-րդ հոդվածի 2-րդ կետի 5-րդ և 6-րդ ենթակետերի համաձայն` դատարանը նախնական դատական նիստում մասնավորապես կողմերի հետ քննարկում է ապացուցում պահանջող փաստերի շրջանակը և ապացուցման պարտականության բաշխման կանոններին համապատասխան` կողմերի միջև բաշխում է ապացուցման պարտականությունը, ինչպես նաև սահմանում է ապացույցներ ներկայացնելու ժամկետները, կողմերի միջնորդությամբ, իսկ նույն օրենսգրքով նախատեսված դեպքում` իր նախաձեռնությամբ, պահանջում է անհրաժեշտ ապացույցներ, լուծում է փորձաքննություն նշանակելու, դատական նիստին փորձագետներ, վկաներ կանչելու, թարգմանիչ ներգրավելու, տեղում իրեղեն և գրավոր ապացույցներն ուսումնասիրելու հարցերը:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ վերոնշյալ հոդվածներից հետևում է, որ գործի քննությունը դատաքննության նախապատրաստական փուլով իրականացնելիս դատարանը պարտավոր է կողմերի հետ քննարկել ապացուցում պահանջող փաստերի շրջանակը և ապացուցման պարտականությունը կողմերի միջև բաշխել ապացուցման պարտականության բաշխման կանոններին համապատասխան: Ընդ որում, գործի լուծման համար էական նշանակություն ունեցող ապացուցման ենթակա փաստերի շրջանակը որոշելն անմիջական կախվածության մեջ է գտնվում գործին մասնակցող անձանց վկայակոչած փաստերի վերաբերյալ մյուս կողմի ներկայացրած առարկություններից: ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է նաև, որ գործը դատաքննության նախապատրաստելու ինստիտուտը նպատակաուղղված է ապահովելու գործի արդյունավետ քննությունը: Այդ նպատակով օրենսդիրը գործը դատաքննության նախապատրաստելու ժամանակ սահմանում է ոչ միայն կողմերի, այլև դատարանի գործողությունները: ՀՀ քաղաքացիական դատավարությունն իրականացվում է կողմերի մրցակցության սկզբունքի հիման վրա: Սակայն գործը դատաքննության նախապատրաստելու վերաբերյալ նորմերը սահմանում են մրցակցային դատավարությունում դատարանի պարտականությունները: Միաժամանակ դատարանը, ղեկավարելով գործը դատաքննության նախապատրաստելու գործընթացը, պահպանում է անկախություն, օբյեկտիվություն և անաչառություն, իսկ գործը դատաքննության նախապատրաստելու ժամանակ դատարանի գործողություններն ուղղված են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածով նախատեսված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության համար համապատասխան պայմանների ապահովմանը, գործի համար նշանակություն ունեցող ապացուցման ենթակա փաստերի որոշմանը և գործը լուծելու համար ճիշտ իրավանորմերի կիրառմանը (տե՛ս, Երևանի քաղաքապետարանի «Երևանի Էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ-ն ընդդեմ Դավիթ Մարտիրոսյանի ու ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Էրեբունի անձնագրային բաժնի թիվ ԵԷԴ/1637/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.05.2011 թվականի որոշումը):

Միաժամանակ, նույն որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ, 49-րդ և 149.8-րդ հոդվածների համադրված վերլուծությունը ցույց է տալիս, որ ապացույցները ներկայացնում են գործին մասնակցող անձինք, սակայն դատարանը գործի նախապատրաստական փուլում ապացուցման առարկան և բեռը բաշխելուց հետո կողմերին հնարավորություն է ընձեռում ներկայացնելու այն ապացույցները, որոնցով վերջիններս կարող են հիմնավորել իրենց պահանջները և առարկությունները: Հետևաբար, գործը դատաքննության նախապատրաստելու դատավարական ինստիտուտի ամրագրումն օրենսդրի կողմից ինքնանպատակ չէ, և դատարանն այդ փուլով դատավարությունը պետք է անցկացնի իր առջև դրված խնդիրներն իրականացնելու համար:

Նախկին օրենսգրքի 54-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` գրավոր փաստաթղթերը ներկայացվում են բնօրինակով կամ պատշաճ վավերացված պատճենի ձևով: (...) Փաստաթղթերի բնօրինակները ներկայացվում են այն դեպքում, եթե գործի հանգամանքները, օրենքներին կամ այլ իրավական ակտերին համապատասխան, կարող են հաստատվել միայն նման փաստաթղթով, իսկ անհրաժեշտության դեպքում` դատարանի պահանջով:

ՀՀ վճռաբեկ դատարանը, վերը նշված որոշմամբ անդրադառնալով նաև վկայակոչված նորմի բովանդակությանը, արձանագրել է, որ գրավոր ապացույցները դատարան ներկայացվում են երկու ձևով` բնօրինակով կամ պատշաճ վավերացված պատճենի ձևով: Ընդ որում, դատարանը, պարզելով գործով ապացուցման ենթակա փաստերը, կողմից կարող է պահանջել համապատասխան գրավոր ապացույցներ, իսկ անհրաժեշտության դեպքում` փաստաթղթերի բնօրինակները:

Վերը նշված իրավական դիրքորոշումները կիրառելով սույն գործի փաստերի նկատմամբ` արձանագրում եմ հետևյալը.

Սույն գործի փաստերի համաձայն` Ընկերությունը պահանջել է Կիրակոս Զաքարյանից բռնագանձել 180.000 ՀՀ դրամ` հայցի հիմքում դնելով նաև այն, որ իր և Կիրակոս Զաքարյանի միջև 29.07.2014 թվականին կնքվել է ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության թիվ SA-385073 վկայագիրը, որով ապահովագրվել է «VOLKSWAGEN GOLF» մակնիշի 34 SC 260 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի օգտագործումից բխող պատասխանատվությունը: Նշված ավտոմեքենայի մասնակցությամբ 10.12.2014 թվականին տեղի է ունեցել ապահովագրական պատահար: ՀՀ ոստիկանության Ճանապարհային ոստիկանության եզրակացության համաձայն` պատահարը պայմանավորվել է նույն ավտոմեքենայի վարորդ Կիրակոս Զաքարյանի ոչ իրավաչափ գործողություններով: Ընկերությունը տուժող «OPEL ASTRA» մակնիշի 34 ZS 427 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի սեփականատեր Անդրանիկ Մխիթարյանի դիմումի հիման վրա հատուցել է վերջինիս 180.000 ՀՀ դրամի չափով պատճառված վնասը: Այժմ, Ընկերությունը, պատճառաբանելով, որ Կիրակոս Զաքարյանի կողմից չի կատարվել 29.07.2014 թվականին կնքված ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության թիվ SA-385073 վկայագրով և վերջինիս անբաժանելի մասը կազմող Պայմաններով նախատեսված պարտավորությունը, այն է` ապահովագրական պատահարի մասին իրեն հայտնվել է սահմանված ժամկետի ուշացումով` դրանից 1 ժամ 16 րոպե անց, ինչի հիման վրա Ընկերությունը ձեռք է բերել վերը նշված գումարը դատական կարգով պահանջելու իրավունք, խնդրել է Կիրակոս Զաքարյանից բռնագանձել 180.000 ՀՀ դրամ (հատոր 1-ին, գ.թ. 65-72):

Ընկերությունը հայցադիմումին կից ներկայացրել է 29.07.2014 թվականի ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության թիվ SA385073 վկայագրի պատճենը, որի վրա բացակայում են Ընկերության անունից հանդես եկող ապահովագրական գործակալ Անի Իսրայելյանի ստորագրությունը և Ընկերության կնիքը ու ապահովադիր Կիրակոս Զաքարյանի ստորագրությունը. նշված վկայագրի վրա առկա է նշում «իսկականի հետ ճիշտ է» (հատոր 1-ին, գ.թ. 12):

Դատարանը 11.07.2017 թվականին որոշում է կայացրել «Հայցադիմումը վարույթ ընդունելու և գործը դատաքննության նախապատրաստելու մասին»` նախնական դատական նիստ հրավիրելով 12.09.2017 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 1):

Կիրակոս Զաքարյանը հայցադիմումի վերաբերյալ պատասխան չի ներկայացրել, ինչպես նաև չի ներկայացել հրավիրված նախնական դատական նիստին:

12.09.2017 թվականին հրավիրված նախնական դատական նիստում Դատարանը որոշում է կայացրել նախնական դատական նիստը կողմերի բացակայությամբ շարունակելու մասին, պարզել է հայցի հիմքը և առարկան, որոշել է ապացուցման ենթակա փաստերի շրջանակը` դրա մեջ ներառելով միայն հետևյալ փաստերը`

«1) կողմերի միջև ապահովագրական հարաբերությունների, մասնավորապես` ապահովագրական պայմանագրի կամ վկայագրի առկայության փաստը,

2) պատասխանողի պատճառած վնասն Ընկերության կողմից ապահովագրական պատահար ճանաչելու և այն հատուցելու փաստը,

3) ապահովագրական պատահարը տեղի ունենալիս պատասխանողի կողմից Ընկերությանն անհապաղ չհայտնելու փաստը»:

Ընդ որում, Դատարանը վկայակոչված փաստերի ապացուցման բեռը դրել է Ընկերության վրա: Միաժամանակ Դատարանը որոշել է «կողմերի` դատական նիստին ներկայացած չլինելու պատճառաբանությամբ ապացուցման առարկան նշել գործը դատաքննության նշանակելու մասին որոշման մեջ, այն բաշխել կողմերի միջև և մինչև դատաքննության սկսվելը ժամանակ տրամադրել, որպեսզի վերջիններս ներկայացնեն համապատասխան ապացույցներ սույն գործով ապացուցում պահանջող փաստերի վերաբերյալ» (հատոր 1-ին, գ.թ. 44, 64):

Դատարանը 12.09.2017 թվականին որոշում է կայացրել «Գործը դատաքննության նշանակելու մասին», դրա մեջ նշել է ապացուցում պահանջող փաստերի շրջանակը, այն կողմին, ում վրա դրել է նշված փաստերի ապացուցման պարտականությունը (Ընկերությունն է), ինչպես նաև ապացույց ներկայացնելու ժամկետը: Նշված որոշումն ուղարկվել է նաև Ընկերությանը, որը 19.09.2017 թվականին ստանալով այդ որոշումը, 17.10.2017 թվականին միջնորդություն է հարուցել Դատարան` վեճն իր բացակայությամբ լուծելու մասին այն հիմքով, որ «հայցադիմումին կից ներկայացված փաստաթղթերն ամբողջությամբ բավարար են գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության համար, Ընկերությունն այլ փաստաթղթեր ներկայացնելու միջնորդություններ չունի, իսկ հայցը հիմնավորվում է հայցադիմումին կից նյութերով, ինչպես նաև` Պատասխանողի կողմից հայցադիմումի դեմ որևէ առարկություն չի ներկայացվել» (հատոր 1-ին, գ.թ. 45, 46, 52, 56):

Գործի դատաքննությանը կողմերը չեն ներկայացել, դատարանը գործի դատաքննությունը շարունակել է կողմերի բացակայությամբ:

Դատարանը 01.11.2017 թվականին վճիռ է կայացրել հայցը մերժելու մասին` պատճառաբանելով, որ «Ընկերության և Պատասխանողի միջև 29.07.2014 թվականին կազմված` «VOLKSWAGEN GOLF» մակնիշի 34 SC 260 պետական համարանիշով ավտոմեքենայի օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության թիվ SA385073 վկայագիրը չի համապատասխանում ինչպես ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 296-րդ հոդվածի 1-ին կետի, 450-րդ հոդվածի 3-րդ կետի, այնպես էլ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 983-րդ հոդվածի 1-ին կետի և 998-րդ հոդվածի իմպերատիվ պահանջներին, քանի որ դրանում բացակայում է գործարքը կնքող անձի կամ անձանց կամ նրանց կողմից պատշաճ ձևով լիազորված անձանց ստորագրությունները, որպիսի պարագայում թիվ SA385073 վկայագիրը չի կարող քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ սահմանել, փոփոխել կամ դրանք դադարեցնել», «ինչ վերաբերում է թիվ SA385073 վկայագրում առկա Ընկերության` «իսկականի հետ ճիշտ է», մակագրությանը և դրված կնիքին, ապա Դատարանն արձանագրում է, որ նշված հանգամանքը բավարար չէ հաստատված համարելու այն փաստը, որ թիվ SA385073 վկայագիրը ի սկզբանե պարունակել է կողմերի ստորագրությունները, սակայն դրա պատճենահանման կամ այլ եղանակով կրկնօրինակման արդյունքում այն վերացել է», 01.11.2017 թվականին վճիռ է կայացրել հայցը մերժելու մասին:

Նշված վճռի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել Ընկերությունը` վերաքննիչ բողոքի հիմքում դնելով նաև այն, որ`

1) «Դատարանը մինչև դատաքննություն նշանակելը, ինչպես նաև դատաքննության ընթացքում Հայցվորից չի պահանջել վկայագրի ստորագրված տարբերակը` չնայած այն հանգամանքին, որ օրենքով սահմանված կարգով ուներ այդ իրավունքը, իսկ հայցվորը չգիտեր և չէր կարող ենթադրել, որ Դատարանը, Ընկերության և պատասխանողի միջև ապահովագրական իրավահարաբերությունների առկայության փաստի ապացուցումը հայցվորի վրա դնելով, կարող էր ի նկատի ունենալ վկայագրի ստորագրված տարբերակը կամ բնօրինակը»,

2) «սույն քաղաքացիական գործով Դատարան են ներկայացվել մի շարք պատշաճ վավերացված գրավոր փաստաթղթեր` «իսկականի հետ ճիշտ է» նշումով: Հիշյալ նշումը կատարվում է Ընկերության համապատասխան ստորաբաժանման կողմից, ինչը համարվում է փաստաթղթի պատշաճ վավերացում: Բոլոր փաստաթղթերը Դատարան են ներկայացվել միևնույն նշումով, սակայն անհայտ պատճառներով Դատարանը մյուս բոլոր ապացույցների մասին որևէ նկատառում չունեցավ և չարձանագրեց: Միաժամանակ, Դատարանը չնշեց, չանդրադարձավ և չվերլուծեց, թե ինչու բոլոր պատշաճ վավերացված ապացույցներից հայցվորը պետք է ներկայացներ հենց վկայագրի ստորագրված տարբերակը: Ստացվում է, որ Ընկերությունը ներկայացրել է մի շարք «իսկականի հետ ճիշտ է» նշումով պատշաճ վավերացված պատճեններ` գրավոր ապացույցներ, որոնցից միայն վկայագիրն է դրվել անհիմն և չպատճառաբանված կասկածի տակ»,

3) «Դատարանը պետք է ապացույցներն ուսումնասիրեր նաև արժանահավատության տեսակետից, իսկ եթե գտներ, որ ապացույցներից մեկը կամ մի քանիսն անարժանահավատ են, ապա պետք է նախ` պատճառաբաներ ինչու և ինչ հիմքով է այս կամ այն ապացույցն անարժանահավատ և ապա` հեռացներ տվյալ ապացույցը ապացույցների շարքից, ինչը Դատարանի կողմից չի կատարվել» (հատոր 1-ին, գ.թ. 79-85):

Վերաքննիչ դատարանի 07.06.2018 թվականի որոշմամբ Դատարանի 01.11.2017 թվականի վճռի դեմ Ընկերության վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 01.11.2017 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ նաև այն պատճառաբանությամբ, որ «Դատարանը, «Գործը դատաքննության նշանակելու մասին» 12.09.2017 թվականին կայացված որոշմամբ որոշելով գործով ապացուցման առարկան և բաշխելով բեռը, Հայցվոր ընկերության վրա դրել է պարտականություն` ապացուցելու Ընկերության և պատասխանողի միջև ապահովագրական հարաբերությունների առկայության փաստը, Ընկերությունը 19.09.2017 թվականին ստանալով որոշումը, չի ներկայացել Դատարան և չի ներկայացրել ապահովագրական պայմանագրի կամ վկայագրի բնօրինակ փաստաթուղթը, մինչդեռ օբյեկտիվորեն զրկված չի եղել ներկայանալու հնարավորությունից, իսկ ապացուցման պարտականություն կրելով, պետք է հանգեր հետևության, որ նշված փաստը Դատարանի համար վիճելի և չապացուցված է: Նման պայմաններում չներկայանալով Դատարան և համապատասխան ապացույց չներկայացնելով` կրել է փաստի չապացուցման անբարենպաստ հետևանքները»:

Այժմ, սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերության ներկայացուցիչը` որպես վճռաբեկ բողոք բերելու հիմք նշելով նաև այն, որ Դատարանն Ընկերությունից չի պահանջել վերը նշված վկայագրի ստորագրված տարբերակը` չնայած այն հանգամանքին, որ օրենքով սահմանված կարգով ուներ այդ իրավունքը, իսկ Ընկերությունը չգիտեր և չէր էլ կարող ենթադրել, որ Դատարանը, Ընկերության և Կիրակոս Զաքարյանի միջև ապահովագրական հարաբերությունների առկայության փաստի ապացուցումն Ընկերության վրա դնելով, կարող էր ի նկատի ունենալ այդ վկայագրի ստորագրված տարբերակը կամ բնօրինակը:

Ինչպես արդեն իսկ նշվեց վերը, Ընկերությունն իր հայցի հիմքում դրել է նաև այն հանգամանքը, որ իր և Կիրակոս Զաքարյանի միջև 29.07.2014 թվականին կնքվել է ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության թիվ SA-385073 վկայագիրը, որով ապահովագրվել է «VOLKSWAGEN GOLF» մակնիշի 34 SC 260 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի օգտագործումից բխող պատասխանատվությունը: Նշված փաստը հաստատելու նպատակով Ընկերությունն ի սկզբանե իր հայցադիմումին կից ներկայացրել է 29.07.2014 թվականի ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության թիվ SA385073 վկայագիրը` պատճենի տեսքով, որի վրա բացակայում են Ընկերության անունից հանդես եկող ապահովագրական գործակալ Անի Իսրայելյանի ստորագրությունը, Ընկերության կնիքը և ապահովադիր Կիրակոս Զաքարյանի ստորագրությունը. նշված վկայագրի վրա առկա է նշում «իսկականի հետ ճիշտ է»:

Կիրակոս Զաքարյանն իր և Ընկերության միջև 29.07.2014 թվականին ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության թիվ SA-385073 վկայագիր կնքված լինելու փաստը չի վիճարկել (վերջինս ո՛չ հայցադիմումի պատասխան է ներկայացրել, ո՛չ էլ դատական նիստերին է ներկայացել):

Դատարանը, գործի քննությունն իրականացնելով դատաքննության նախապատրաստական փուլով, 12.09.2017 թվականին հրավիրված նախնական դատական նիստում, որին կողմերը չեն մասնակցել, որոշել է ապացուցում պահանջող փաստերի շրջանակը` դրա մեջ չներառելով այն փաստերը, որոնց վերաբերյալ իբրև Ընկերության կողմից ապացույցներ ներկայացված չլինելու պատճառաբանությամբ հետագայում մերժել է հայցը:

Դատարանն ապացուցում պահանջող փաստերի շրջանակի մեջ ներառել է նաև «կողմերի միջև ապահովագրական հարաբերությունների, մասնավորապես` ապահովագրական պայմանագրի կամ վկայագրի առկայության» փաստը, և նշված փաստի ապացուցման պարտականությունը դրել է Ընկերության վրա: Դատարանն այդ օրը հրավիրված նախնական նիստից հետո այլ նախնական դատական նիստ չի հրավիրել: Նույն օրը նշանակված նախնական դատական նիստում Դատարանը, գործը համարելով դատաքննության նախապատրաստված, անմիջապես գործը նշանակել է դատաքննության` նույն որոշմամբ Դատարան ապացույց ներկայացնելու ժամկետ սահմանելով մինչև դատաքննության սկսվելը, և այդ մասին տեղեկացրել է նաև Ընկերությանը:

Գործի դատաքննությունն սկսվել է և ավարտվել կողմերի բացակայությամբ: Գործի դատաքննության փուլում Դատարանը հետազոտել է նաև ի սկզբանե հայցադիմումին կից ներկայացված` Ընկերության և Կիրակոս Զաքարյանի միջև 29.07.2014 թվականին կնքված ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության թիվ SA-385073 վկայագրի պատճենը: Դատարանն Ընկերությունից չի պահանջել նշված փաստաթղթի` սահմանված ձևով կազմված ինչպես բնօրինակը, այնպես էլ դրա պատշաճ վավերացված պատճենը: Այդուհանդերձ, Դատարանը վերը նշված պատճառաբանությամբ հայցը մերժել է:

Կարծում եմ, որ Դատարանը, նախնական դատական նիստում գործը համարելով դատաքննության նախապատրաստված, և անմիջապես գործը նշանակելով դատաքննության, Ընկերությանը զրկել է ինչպես մինչև գործը դատաքննության նշանակելու մասին որոշում կայացնելը ապացուցում պահանջող փաստերի շրջանակի, այնպես էլ այդ փաստերի վերաբերյալ Նախկին օրենսգրքով սահմանված ժամկետում ապացույց ներկայացնելու, և ի սկզբանե հայցադիմումին կից ներկայացված փաստաթղթերը պատշաճ ապացույցների տեսքով փոխարինելու և դրանք Դատարան ներկայացնելու հնարավորությունից` չնայած նման պահանջ Դատարանի կողմից Ընկերությանը չի էլ առաջադրվել:

Իր հերթին Վերաքննիչ դատարանը 07.06.2018 թվականի որոշումը կայացրել է` անտեսելով, որ Դատարանը ապացուցում պահանջող փաստերի շրջանակի մեջ չի ներառել այն փաստերը, որոնց վերաբերյալ իբրև Ընկերության կողմից ապացույցներ ներկայացված չլինելու պատճառաբանությամբ հետագայում Դատարանը մերժել է հայցը, այդ փաստերի ապացուցման պարտականությունը չի դրել Ընկերության վրա, ինչպես նաև գործի դատաքննության ընթացքում վերը նշված վկայագիրը հետազոտելիս Ընկերությունից չի պահանջել այդ վկայագրի ինչպես բնօրինակը, այնպես էլ դրա վավերացված պատճենը: Այսինքն` Դատարանը, գործը դատաքննության նախապատրաստելիս համապատասխան փաստերը չներառելով ապացուցում պահանջող փաստերի շրջանակի մեջ, ընդունելով Ընկերության կողմից ներկայացված վերը նշված վկայագրի պատճենը, գործի դատաքննության ընթացքում հետազոտել է այն, սակայն հայցը մերժել է վերը նշված պատճառաբանությամբ:

Դրա հետևանքով, կարծում եմ, Վերաքննիչ դատարանի կողմից թույլ են տրվել Նախկին օրենսգրքի վերը նշված դատավարական իրավունքի նորմերի խախտումներ, որոնք խաթարել են արդարադատության բուն էությունը:

Նման պայմաններում վճռաբեկ բողոքում նշված հիմքի առկայությունը, որ «Դատարանն Ընկերությունից չի պահանջել վերը նշված վկայագրի ստորագրված տարբերակը` չնայած այն հանգամանքին, որ օրենքով սահմանված կարգով ուներ այդ իրավունքը, իսկ Ընկերությունը չգիտեր և չէր էլ կարող ենթադրել, որ Դատարանը, Ընկերության և Կիրակոս Զաքարյանի միջև ապահովագրական հարաբերությունների առկայության փաստի ապացուցումն Ընկերության վրա դնելով, կարող էր ի նկատի ունենալ այդ վկայագրի ստորագրված տարբերակը կամ բնօրինակը», վերը նշված դիրքորոշումների համատեքստում բավարար է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 07.06.2018 թվականի որոշումը բեկանելու համար, քանի որ առկա են գործի քննության ժամանակ գործած` վկայակոչված դատավարական իրավունքի նորմերի պահանջների խախտումներ, իսկ Վերաքննիչ դատարանը, նման դիրքորոշում արտահայտելով վերը նշված վերաքննիչ բողոքի հիմքերին, անտեսել է Դատարանի կողմից թույլ տրված դատավարական իրավունքի նորմերի խախտումները:

Համաձայն լինելով Վճռաբեկ դատարանի 02.12.2019 թվականի որոշման եզրափակիչ մասի հետ` գտնում եմ, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 07.06.2018 թվականի որոշումը պետք է բեկանել և գործն ուղարկել ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան` վերը նշված դատավարական իրավունքի նորմերի պահանջների պահպանմամբ ամբողջ ծավալով քննություն իրականացնելու համար:

 

Դատավոր` Գ. Հակոբյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
02.12.2019
N ՇԴ3/0745/02/17
Որոշում