Սեղմել Esc փակելու համար:
«ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 75-ՐԴ Ե...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

«ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 75-ՐԴ ԵՎ 77-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ, ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական              Սնանկության գործ

    դատարանի որոշում                       թիվ ԵԿԴ/0059/04/16

    Սնանկության գործ թիվ ԵԿԴ/0059/04/16    2019 թ.

Նախագահող դատավոր` Ա. Մկրտչյան

 

Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող Ռ. Հակոբյան

զեկուցող  Գ. Հակոբյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Ս. Միքայելյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

2019 թվականի դեկտեմբերի 18-ին

գրավոր ընթացակարգով քննելով ըստ Սեդա Սաֆարյանի դիմումի ընդդեմ Արտավազդ Փարսադանյանի` սնանկ ճանաչելու պահանջի մասին, սնանկության գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25.02.2019 թվականի որոշման դեմ Արտավազդ և Նարինե Փարսադանյանների վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Սեդա Սաֆարյանը պահանջել է Արտավազդ Փարսադանյանին ճանաչել սնանկ:

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 30.05.2016 թվականի վճռով դիմումը բավարարվել է:

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 05.08.2016 թվականի որոշմամբ հաստատվել է Արտավազդ Փարսադանյանի սնանկության գործով պահանջների վերջնական ցուցակը:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ա. Սուքոյան) (այսուհետ` Դատարան) 05.12.2018 թվականի որոշմամբ դադարեցվել է գույքի աճուրդը և Արտավազդ Փարսադանյանի սնանկության գործով կառավարչին թույլատրվել է Արտավազդ Փարսադանյանին ու երրորդ անձ Նարինե Փարսադանյանին սեփականության իրավունքով պատկանող գույքն ուղղակի վաճառքով վաճառել Վարդիթեր Գևորգյանին:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 25.02.2019 թվականի որոշմամբ Արտավազդ և Նարինե Փարսադանյանների վերաքննիչ բողոքը մերժվել է, Դատարանի 05.12.2018 թվականի «Արտավազդ Փարսադանյանի գույքն ուղղակի գործարքով օտարելը թույլատրելու մասին» որոշումը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Արտավազդ և Նարինե Փարսադանյանները:

Վճռաբեկ բողոքի պատասխաններ են ներկայացրել դիմող (պարտատեր) Սեդա Սաֆարյանը և պարտատեր Հրաչյա Գրիգորյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 75-րդ և 77-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի հետազոտել գործում առկա ապացույցները:

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ թեև Հրաչյա Գրիգորյանը մասնակցել է 26.10.2018 թվականին և 02.11.2018 թվականին հրավիրված պարտատերերի ընդհանուր ժողովներին, սակայն չի քվեարկել, որի պայմաններում Դատարանը որևէ իրավական հիմք չուներ թույլատրելու ուղղակի գործարքով բնակարանի վաճառքը: Գույքի վաճառքի ծրագիրը հաստատելու համար անհրաժեշտ էր պարտատերերի ընդհանուր ժողովի համաձայնությունը, որը տվյալ դեպքում առկա չի եղել, ուստի գույքի վաճառքն ուղղակի գործարքով թույլատրելու մասին միջնորդությունը ենթակա էր մերժման:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ սնանկության գործով կառավարիչը, առանց քննության թողնելով Կարեն Հովհաննիսյանի դիմումը, ով առաջարկել էր գույքի դիմաց ավելի բարձր գին, որևէ իրավական նորմով չի ունեցել նման իրավասություն և հնարավորություն:

Վերաքննիչ դատարանը գնահատական չի տվել այն հանգամանքին, որ հավանության է արժանացել Կարեն Հովհաննիսյանի ներկայացրածից 500.000 ՀՀ դրամով ավելի պակաս առաջարկը:

Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև, որ Կարեն Հովհաննիսյանի կողմից 05.12.2018 թվականի դատական նիստի ծանուցման թերթիկի վրա կատարված գրառումը վերաբերվել է ոչ թե դիմումից հրաժարվելուն, այլ` դատական նիստին մասնակցելուց հրաժարվելուն: Ավելին` դիմումից հրաժարվելու համար Կարեն Հովհաննիսյանը պետք է այդ մասին ներկայացներ համապատասխան բովանդակությամբ դիմում:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 25.02.2019 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության:

2.1 Սեդա Սաֆարյանի վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Սնանկության գործի փաստերով հերքվում է վճռաբեկ բողոք ներկայացրած անձանց այն փաստարկը, որ 26.10.2018 թվականին և 02.11.2018 թվականին հրավիրված պարտատերերի ընդհանուր ժողովներին Հրաչյա Գրիգորյանը թեև մասնակցել է, սակայն չի քվեարկել:

Կարեն Հովհաննիսյանի դիմումն առանց քննության թողնելու հարցը դրվել է պարտատերերի ժողովի օրակարգ, և ժողովին մասնակից պահանջատերերը դրան քվեարկել են կողմ: Ավելին` Կարեն Հովհաննիսյանը 05.12.2018 թվականի դատական նիստի ծանուցման թերթիկի վրա գրառում է կատարել այն մասին, որ հրաժարվում է իր դիմումից:

Դատարանը չէր կարող մերժել սնանկության գործով կառավարչի միջնորդությունը` գույքն ուղղակի գործարքով օտարելու մասին, քանի որ առկա չի եղել դրա հիմքը` պարտատերերի ժողովի որոշումը` ուղղակի գործարքի վերաբերյալ կառավարչի մտադրությանը հավանություն չտալու մասին:

05.12.2018 թվականին տեղի ունեցած դատական նիստի ընթացքում Արտավազդ Փարսադանյանը որևէ առարկություն չի ներկայացրել սնանկության գործով կառավարչի միջնորդության դեմ:

2.2 Հրաչյա Գրիգորյանի վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Վճռաբեկ բողոք բերած անձինք նպատակ ունեն խոչընդոտելու գույքն ավելի բարձր գնով վաճառելուն, ինչպես նաև երկարացնելու տվյալ բնակարանում իրենց բնակվելու ժամանակահատվածը:

Պարտատերերի ժողովին մասնակցել են բոլոր կողմերը, և ժողովում հավանություն է տրվել գույքը Վարդիթեր Գևորգյանին ուղղակի վաճառքի ձևով օտարելու մասին:

Կարեն Հովհաննիսյանը պարտատերերի ժողովին չի ներկայացել, ինչպես նաև իր դիմումի ընթացքի լուծմանն ուղղված որևէ գործնական քայլ չի կատարել, իսկ հետագայում հրաժարվել է գույքը գնելուց` այդ մասին 05.12.2018 թվականի դատական նիստի ծանուցագրի վրա կատարելով համապատասխան գրառում:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Դատարանի 30.05.2016 թվականի վճռով բավարարվել է Սեդա Սաֆարյանի դիմումը, և Արտավազդ Փարսադանյանը ճանաչվել է սնանկ (հավելվածի հատոր 1-ին, գ.թ. 1-4).

2) Դատարանի 05.08.2016 թվականի որոշմամբ հաստատվել է Արտավազդ Փարսադանյանի սնանկության գործով պահանջների վերջնական ցուցակը` ըստ հետևյալ առաջնահերթության և ապահովվածության`

1. «Էյչ Էս Բի Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ - 2.199,61 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ և 111.242,95 ՀՀ դրամ - ապահովված

2. պետական տուրք - 100.000 ՀՀ դրամ - չապահովված «դ» հերթ

3. Հրաչյա Գրիգորյան - 76.192 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ - չապահովված «է» հերթ

4. «ՀՀ փորձագիտական Կենտրոն» ՊՈԱԿ - 115.700 ՀՀ դրամ - չապահովված «է» հերթ

5. Սեդա Սաֆարյան - 34.977 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ - չապահովված «է» հերթ (հավելվածի հատոր 1-ին, գ.թ. 5-8).

3) Դատարանի որոշմամբ թույլատրվել է պարտապան Արտավազդ Փարսադանյանին և երրորդ անձ Նարինե Փարսադանյանին սեփականության իրավունքով պատկանող, Երևանի Պուշկինի փողոցի թիվ 21/3 շենքի 6-րդ հասցեում գտնվող անշարժ գույքի` բնակարանի վաճառքը հրապարակային սակարկություններով: Իրականացվել են աճուրդներ, գույքը չի իրացվել գնորդ չլինելու հիմքով, որի արդյունքում մեկնարկային գինը նվազել է (հավելվածի հատոր 1-ին, գ.թ. 17).

4) 10.10.2018 թվականին քաղաքացի Վարդիթեր Գևորգյանը դիմում է ներկայացրել դատարան` վերը նշված բնակարանը 95.000.000 ՀՀ դրամով իրեն ուղղակի գործարքով վաճառելու մասին (հավելվածի հատոր 1-ին, գ.թ. 11).

5) 25.10.2018 թվականին քաղաքացի Կարեն Հովհաննիսյանը դիմում է ներկայացրել դատարան` վերը նշված բնակարանը 95.500.000 ՀՀ դրամով իրեն ուղղակի գործարքով վաճառելու մասին (հավելվածի հատոր 1-ին, գ.թ. 13).

6) 25.10.2018 թվականին քաղաքացի Շուշանիկ Գևորգյանը դիմում է ներկայացրել սնանկության դատավորին` վերը նշված բնակարանը 96.000.000 ՀՀ դրամով իրեն ուղղակի գործարքով վաճառելու մասին, ով 26.10.2018 թվականին հրաժարվել է իր դիմումից` խնդրելով այն թողել առանց քննության (հավելվածի հատոր 1-ին, գ.թ. 15, 45).

7) 02.11.2018 թվականին նշանակված ժողովի օրակարգում ներառված են եղել Վարդիթեր Գևորգյանի և Կարեն Հովհաննիսյանի դիմումները` պարտապան Արտավազդ Փարսադանյանին և երրորդ անձ Նարինե Փարսադանյանին պատկանող վերը նշված գույքն ուղղակի վաճառքով իրենց վաճառելու մասին քննարկելու հարցերը, որոնք դրվել են քվեարկության: Գրանցված պարտատերերից նշված ժողովին մասնակցել են Սեդա Սաֆարյանը և Հրաչյա Գրիգորյանը, ովքեր կողմ են քվեարկել պարտապան Արտավազդ Փարսադանյանին և երրորդ անձ Նարինե Փարսադանյանին պատկանող վերը նշված գույքի վաճառքը Վարդիթեր Գևորգյանին 95.000.000 ՀՀ դրամով ուղղակի գործարքով իրականացնելու և Կարեն Հովհաննիսյանի 25.10.2018 թվականի դիմումը` ՀՀ գործող օրենսդրության պահանջների խախտմամբ ներկայացված լինելու հիմքով, առանց քննության թողնելու հարցերին: Այդ մասին կազմվել է ժողովի արձանագրություն (հավելվածի հատոր 1-ին, գ.թ. 19-24).

8) 07.11.2018 թվականին Արտավազդ Փարսադանյանի սնանկության գործով կառավարիչ Ալեքսանդր Կարակելյանը միջնորդություն է ներկայացրել սնանկության դատավորին` վերը նշված անշարժ գույքը 95.000.000 ՀՀ դրամ արժեքով Վարդիթեր Գևորգյանին ուղղակի գործարքով վաճառելու մասին` միջնորդությանը կցելով նաև Վարդիթեր Գևորգյանի 10.10.2018 թվականի դիմումը, 02.11.2018 թվականի պարտատերերի ժողովի արձանագրությունը, ժողովի մասնակիցների գրանցման թերթիկը, քվեաթերթիկները, ժողովի մասին ծանուցման օրինակները և փոստային անդորրագրերը, Շուշանիկ Գևորգյանի կողմից ներկայացված դիմումից հրաժարվելու մասին փաստաթուղթը, Կարեն Հովհաննիսյանի 25.10.2018 թվականի դիմումը, գույքն ուղղակի վաճառքով վաճառելու թույլտվության մասին միջնորդություն ներկայացնելու վերաբերյալ ծանուցման օրինակը և փոստային անդորրագրերը (հավելվածի հատոր 1-ին, գ.թ. 17-50).

9) 14.11.2018 թվականին պարտապան Արտավազդ Փարսադանյանը և Նարինե Փարսադանյանը կառավարչի կողմից ներկայացված գույքն ուղղակի գործարքով վաճառելու մասին միջնորդության դեմ առարկություն են ներկայացրել դատարան (հավելվածի հատոր 1-ին, գ.թ. 51, 52).

10) Արտավազդ Փարսադանյանի և Նարինե Փարսադանյանի կողմից ներկայացված առարկության հիման վրա 05.12.2018 թվականին դատական նիստ հրավիրված լինելու մասին տեղեկացվել է նաև Կարեն Հովհաննիսյանը, ով ծանուցագրի վրա նշում է կատարել այն մասին, որ «ստացա ծանուցումը, միաժամանակ հայտնում եմ, որ հրաժարվում եմ ներկայացված դիմումից» (հավելվածի հատոր 1-ին, գ.թ. 59).

11) Դատարանի 05.12.2018 թվականի որոշմամբ Արտավազդ Փարսադանյանի սնանկության գործով կառավարիչ Ալեքսանդր Կարակելյանին թույլատրվել է Արտավազդ Փարսադանյանին և երրորդ անձ Նարինե Փարսադանյանին սեփականության իրավունքով պատկանող վերը նշված հասցեում գտնվող անշարժ գույքը 95.000.000 ՀՀ դրամով ուղղակի վաճառքով վաճառել Վարդիթեր Գևորգյանին (հավելվածի հատոր 1-ին, գ.թ. 68-71):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

 

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, ու գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումը` կապված պարտապանին պատկանող գույքի վաճառքն ուղղակի գործարքով իրականացնելու ընթացակարգային որոշ հարցերի հետ, կարող է էական նշանակություն ունենալ նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար:

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 75-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պարտապանի գույքի վաճառքն իրականացնում է կառավարիչը` իր կողմից գույքագրման արդյունքներով ներկայացված և պարտատերերի խորհրդի, իսկ խորհուրդ ձևավորված չլինելու դեպքում պարտատերերի ժողովի կողմից հաստատված գույքի վաճառքի ծրագրի համաձայն և դատարանի թույլտվությամբ` հրապարակային սակարկություններով կամ ուղղակի գործարքով:

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` եթե կառավարիչը մտադիր է պարտապանին պատկանող գույքի վաճառքն իրականացնել ուղղակի գործարքով, ապա նա հրավիրում է խորհրդի նիստ, իսկ վերջինի ձևավորված չլինելու դեպքում` ժողով` քննարկման դնելով այդ հարցը: Խորհրդի կամ ժողովի որոշումը` ուղղակի գործարքի վերաբերյալ կառավարչի մտադրությանը հավանություն տալու կամ չտալու վերաբերյալ, և խորհրդի նիստի արձանագրությունը կառավարիչն իր միջնորդության հետ ներկայացնում է դատարան: Միջնորդության մեջ նշվում են գույքի գտնվելու վայրը, գույքի նկարագրությունը, վաճառքի գինը և հնարավոր գնորդը: Դատավորն առանց դատական նիստ հրավիրելու որոշում է կայացնում միջնորդությունը բավարարելու կամ այն մերժելու մասին: Դատավորը մերժում է միջնորդությունը, եթե առկա է խորհրդի որոշումը` ուղղակի գործարքի վերաբերյալ կառավարչի մտադրությանը հավանություն չտալու մասին:

Վերը նշված նորմերի վերլուծությունից բխում է նաև, որ պարտապանի գույքի վաճառքը կառավարիչը կարող է իրականացնել ինչպես հրապարակային սակարկությունների, այնպես էլ ուղղակի գործարքի միջոցով: Ընդ որում, պարտապանի գույքի վաճառքն ուղղակի գործարքի միջոցով իրականացնելու մտադրություն ունենալու դեպքում կառավարիչը պարտավոր է հրավիրել խորհրդի նիստ, իսկ վերջինի ձևավորված չլինելու դեպքում` ժողով` քննարկման դնելով այդ հարցը:

Նշված հարցի վերաբերյալ խորհրդի կամ ժողովի կայացրած համապատասխան որոշումը և նիստի արձանագրությունը կառավարիչն իր միջնորդության հետ ներկայացնում է դատարան: Դատավորն առանց դատական նիստ հրավիրելու կարող է որոշում կայացնել միջնորդությունը բավարարելու կամ այն մերժելու մասին: Ընդ որում, դատավորը մերժում է միջնորդությունը, եթե առկա է ուղղակի գործարքի վերաբերյալ կառավարչի մտադրությանը հավանություն չտալու մասին որոշում:

Սույն գործի փաստերի համաձայն` հարկադրված սնանկության դիմումի հիման վրա Արտավազդ Փարսադանյանը ճանաչվել է սնանկ: Դատարանի 05.08.2016 թվականի որոշմամբ հաստատվել է վերջինիս սնանկության գործով պահանջների վերջնական ցուցակը` որպես պարտատերեր գրանցելով նաև Հրաչյա Գրիգորյանին և Սեդա Սաֆարյանին: Դատարանի որոշմամբ թույլատրվել է պարտապան Արտավազդ Փարսադանյանին և երրորդ անձ Նարինե Փարսադանյանին սեփականության իրավունքով պատկանող, Երևանի Պուշկինի փողոցի թիվ 21/3 շենքի 6-րդ հասցեում գտնվող անշարժ գույքի` բնակարանի վաճառքը հրապարակային սակարկություններով, սակայն գույքը չի իրացվել գնորդ չլինելու հիմքով:

10.10.2018 թվականին քաղաքացի Վարդիթեր Գևորգյանը դիմում է ներկայացրել սնանկության դատավորին` վերը նշված բնակարանը 95.000.000 ՀՀ դրամով իրեն ուղղակի գործարքով վաճառելու մասին: Նշված բնակարանն իրենց ուղղակի գործարքով վաճառելու մասին դիմումներ են ներկայացրել նաև Կարեն Հովհաննիսյանը և Շուշանիկ Գևորգյանը` համապատասխանաբար առաջարկելով 95.500.000 ՀՀ դրամ և 96.000.000 ՀՀ դրամ: Շուշանիկ Գևորգյանը 26.10.2018 թվականին հրաժարվել է իր դիմումից:

02.11.2018 թվականին Արտավազդ Փարսադանյանի սնանկության գործով կառավարիչ Ալեքսանդր Կարակելյանը հրավիրել է պարտատերերի ժողով` քննարկման դնելով պարտապան Արտավազդ Փարսադանյանին և երրորդ անձ Նարինե Փարսադանյանին պատկանող վերը նշված գույքի վաճառքը Վարդիթեր Գևորգյանին 95.000.000 ՀՀ դրամով ուղղակի գործարքով իրականացնելու և Կարեն Հովհաննիսյանի 25.10.2018 թվականի դիմումն առանց քննության թողնելու հարցերը: Գրանցված պարտատերերից նշված ժողովին մասնակցել են միայն Սեդա Սաֆարյանը և Հրաչյա Գրիգորյանը, ովքեր կողմ են քվեարկել այդ հարցերին: Այդ մասին կազմվել է ժողովի արձանագրություն: Ավելին` Հրաչյա Գրիգորյանն իր ստորագրությամբ հաստատել է իր քվեարկությունը:

Նման պայմաններում անհիմն է բողոք բերած անձանց կողմից վճռաբեկ բողոքում նշված այն հիմնավորումը, որ Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ թեև Հրաչյա Գրիգորյանը մասնակցել է 02.11.2018 թվականին հրավիրված պարտատերերի ընդհանուր ժողովին, սակայն չի քվեարկել:

07.11.2018 թվականին Արտավազդ Փարսադանյանի սնանկության գործով կառավարիչ Ալեքսանդր Կարակելյանը միջնորդություն է ներկայացրել դատարան` վերը նշված անշարժ գույքը 95.000.000 ՀՀ դրամ արժեքով Վարդիթեր Գևորգյանին ուղղակի գործարքով վաճառելու մասին` միջնորդությանը կցելով նաև Վարդիթեր Գևորգյանի 10.10.2018 թվականի դիմումը, 02.11.2018 թվականի պարտատերերի ժողովի արձանագրությունը, ժողովի մասնակիցների գրանցման թերթիկը, քվեաթերթիկները, ժողովի մասին ծանուցման օրինակները և փոստային անդորրագրերը, Շուշանիկ Գևորգյանի կողմից ներկայացված դիմումից հրաժարվելու մասին փաստաթուղթը, Կարեն Հովհաննիսյանի 25.10.2018 թվականի դիմումը, գույքն ուղղակի վաճառքով վաճառելու թույլտվության մասին միջնորդություն ներկայացնելու վերաբերյալ ծանուցման օրինակը և փոստային անդորրագրերը:

14.11.2018 թվականին պարտապան Արտավազդ Փարսադանյանը և Նարինե Փարսադանյանն առարկություն են ներկայացրել կառավարչի` վերը նշված միջնորդության դեմ` նշելով, որ Կարեն Հովհաննիսյանը ցանկություն է հայտնել այդ գույքը գնելու 95.500.000 ՀՀ դրամով: Դրա հիման վրա նշանակվել է դատական նիստ` այդ մասին տեղեկացնելով նաև քաղաքացի Կարեն Հովհաննիսյանին: Կարեն Հովհաննիսյանը դատական նիստին չի ներկայացել, և գրավոր նշել է, որ հրաժարվում է իր կողմից ներկայացված դիմումից:

Դատարանը, քննելով սնանկության գործով կառավարչի միջնորդությունը, 05.12.2018 թվականին որոշում է կայացրել վերը նշված անշարժ գույքը 95.000.000 ՀՀ դրամով ուղղակի վաճառքով Վարդիթեր Գևորգյանին վաճառելը սնանկության գործով կառավարչին թույլատրելու մասին` որոշման հիմքում դնելով նաև այն, որ Շուշանիկ Գևորգյանը խնդրել է իր հայտը թողնել առանց քննության, պարտատերերի ընդհանուր ժողովը որոշել է նշված գույքն ուղղակի վաճառել Վարդիթեր Գևորգյանին, Կարեն Հովհաննիսյանի դիմումը թողնել առանց քննության, իսկ աճուրդը շարունակելը չի բխում ո՛չ պարտատերերի և ո՛չ էլ պարտապանի շահերից, քանի որ գնորդ չլինելու արդյունքում գույքի մեկնարկային գինը նվազել է մինչև 73.870.000 ՀՀ դրամ, իսկ ուղղակի վաճառքը նախատեսվում է իրականացնել 95.000.000 ՀՀ դրամով, որպիսի պայմաններում միջնորդությունը բխում է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 75-րդ և 77-րդ հոդվածների պահանջներից:

Վերաքննիչ դատարանը, պատճառաբանելով, որ սնանկության գործով կառավարիչն օրենքով սահմանված կարգով հրավիրել է պարտատերերի ժողով, Կարեն Հովհաննիսյանի դիմումն առանց քննության թողնելու հարցը դրվել է քվեարկության, որին կողմ են քվեարկել պարտատերերի ժողովին մասնակից պահանջատերերը, ավելին` Կարեն Հովհաննիսյանը 2018 թվականի դեկտեմբերի 5-ի դատական նիստի ծանուցման թերթիկի վրա գրառում է կատարել այն մասին, որ հրաժարվում է իր դիմումից, Արտավազդ և Նարինե Փարսադանյանների վերաքննիչ բողոքը մերժել է:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նման պայմաններում ստորադաս դատարանի դատական ակտը հիմնավոր է և բխում է վերը նշված նորմատիվ ակտերի վերլուծության արդյունքում տրված մեկնաբանություններից:

Ինչ վերաբերում է բողոք բերած անձանց կողմից վճռաբեկ բողոքում նշված այն հիմնավորմանը, որ Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ թեև Հրաչյա Գրիգորյանը մասնակցել է 26.10.2018 թվականին հրավիրված պարտատերերի ընդհանուր ժողովին, սակայն չի քվեարկել, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն չի կարող հիմք հանդիսանալ վճռաբեկ բողոքը բավարարելու համար, քանի որ այդ օրը հրավիրված ժողովում Հրաչյա Գրիգորյանի մասնակցելու կամ քվեարկելու հանգամանքներն էական նշանակություն չեն կարող ունենալ սույն գործի լուծման համար այն առումով, որ պարտապան Արտավազդ Փարսադանյանին և երրորդ անձ Նարինե Փարսադանյանին պատկանող վերը նշված գույքի վաճառքը Վարդիթեր Գևորգյանին 95.000.000 ՀՀ դրամով ուղղակի գործարքով իրականացնելու և Կարեն Հովհաննիսյանի 25.10.2018 թվականի դիմումն առանց քննության թողնելու վերաբերյալ քվեարկությունները տեղի են ունեցել ոչ թե 26.10.2018 թվականին, այլ` 02.11.2018 թվականին հրավիրված պարտատերերի ընդհանուր ժողովում, որին մասնակցել և քվեարկել է նաև Հրաչյա Գրիգորյանը:

Անդրադառնալով բողոք բերած անձանց կողմից վճռաբեկ բողոքում նշված այն հիմնավորմանը, որ Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Կարեն Հովհաննիսյանի կողմից 05.12.2018 թվականի դատական նիստի ծանուցման թերթիկի վրա կատարված գրառումը վերաբերվել է ոչ թե դիմումից հրաժարվելուն, այլ` դատական նիստին մասնակցելուց հրաժարվելուն, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքի նշված հիմնավորումը ևս անհիմն է, քանի որ, նախ, այդ գրառման բովանդակությունից դա չի բխում, և երկրորդ, սույն գործի շրջանակներում Կարեն Հովհաննիսյանի կողմից ներկայացվել է միայն մեկ դիմում 25.10.2018 թվականին` վերը նշված բնակարանը 95.500.000 ՀՀ դրամով իրեն ուղղակի գործարքով վաճառելու մասին. այլ բովանդակությամբ դիմում գործում առկա չէ:

Նման պայմաններում, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Կարեն Հովհաննիսյանը, 05.12.2018 թվականին ստանալով դատական նիստ հրավիրված լինելու մասին համապատասխան փաստաթուղթը, հրաժարվել է իր` 25.10.2018 թվականի ամսաթվով թվագրված` վերը նշված բնակարանը 95.500.000 ՀՀ դրամով իրեն ուղղակի գործարքով վաճառելու մասին դիմումից, որպիսի հետևությունը պայմանավորված է նաև նրանով, որ վերջինս այդ դիմումը ներկայացնելուց հետո, ըստ էության, իրեն մեկուսացրել է սնանկության գործընթացին հետագայում մասնակցելուց, այդ թվում նաև` չի վիճարկել Դատարանի 05.12.2018 թվականի համապատասխան որոշումը:

Ինչ վերաբերում է բողոք բերած անձանց կողմից վճռաբեկ բողոքում նշված այն հիմնավորումներին, որ Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ սնանկության գործով կառավարիչը դիմումն առանց քննության թողնելու իրավասություն չի ունեցել, և հավանության է արժանացրել Կարեն Հովհաննիսյանի ներկայացրածից 500.000 ՀՀ դրամով ավելի պակաս առաջարկը, ապա Կարեն Հովհաննիսյանի կողմից իր դիմումից հրաժարվելու պարագայում նշված հանգամանքները չեն կարող հիմք հանդիսանալ Վերաքննիչ դատարանի 25.02.2019 թվականի որոշումը բեկանելու համար:

Ամփոփելով վերոգրյալ իրավական և փաստական վերլուծությունները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար չէ Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու համար, քանի որ սույն գործի փաստերի և հայտնած իրավական դիրքորոշումների համատեքստում Վերաքննիչ դատարանի որոշումն իրավաչափ է: Հետևաբար սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված` վճռաբեկ բողոքը մերժելու և դատական ակտն օրինական ուժի մեջ թողնելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը` սույն որոշման պատճառաբանություններով:

Վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկների մի մասը հիմնավորվում է վերոնշյալ պատճառաբանություններով:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը մերժել: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25.02.2019 թվականի որոշումը թողնել օրինական ուժի մեջ` սույն որոշման պատճառաբանություններով:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող Ռ. Հակոբյան

Զեկուցող  Գ. Հակոբյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Ս. Միքայելյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
18.12.2019
N ԵԿԴ/0059/04/16
Որոշում