Սեղմել Esc փակելու համար:
«ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 11-13-Ր...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 11-13-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական              Սնանկության գործ

    դատարանի որոշում                       թիվ ԼԴ4/0022/04/18

    Սնանկության գործ թիվ ԼԴ4/0022/04/18    2019 թ.

Նախագահող դատավոր` Ա. Խառատյան

    Դատավորներ`        Մ. Հարթենյան

                       Կ. Չիլինգարյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող Ռ. Հակոբյան

զեկուցող  Գ. Հակոբյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Ս. Միքայելյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

2019 թվականի դեկտեմբերի 26-ին

գրավոր ընթացակարգով քննելով ըստ Սարգիս Ոսկանյանի դիմումի` սնանկ ճանաչելու պահանջի մասին, սնանկության գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25.10.2018 թվականի որոշման դեմ Սարգիս Ոսկանյանի ներկայացուցիչ Ալեքսանդր Ծատինյանի վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Սարգիս Ոսկանյանը պահանջել է իրեն ճանաչել սնանկ:

ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ա. Աթաբեկյան) (այսուհետ` Դատարան) 01.06.2018 թվականի վճռով դիմումը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 25.10.2018 թվականի որոշմամբ Սարգիս Ոսկանյանի ներկայացուցչի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 01.06.2018 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Սարգիս Ոսկանյանի ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 63-րդ և 81-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածը, «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 11-13-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը խուսափել է իրավական գնահատական տալ այն հարցին, թե արդյոք դատական տեղեկատվական համակարգից արտատպված դատական ակտերը հանդիսանում են պարտավորությունների չափի վերաբերյալ հիմք հանդիսացող փաստաթղթեր, ինչպես նաև այն հանգամանքին, թե արդյոք պարտատերերի կողմից տրված` պարտավորությունների չափի մասին տեղեկանքները պարտավորության բնույթի մասին բավարար ապացույց են:

Սնանկության գործով դիմումատուի վրա պարտավորության չափի մասին տեղեկանքից բացի նաև պարտավորության հիմք հանդիսացող այլ փաստաթղթեր ներկայացնելու պարտականություն դնելը, ինչպես նաև պարտավորության չափը հաստատող դատական ակտերի բնօրինակներ ներկայացնելու պարտականություն դնելն այն դեպքում, երբ դրանք հասանելի են դատական տեղեկատվական համակարգում, անհամաչափ պարտականություններ են և այն աստիճան ու այն կերպ են դժվարացնում դիմումատուի դատարան դիմելու իրավունքը, որ խաթարում են այդ իրավունքի բուն էությունը:

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ օրենսդիրը սնանկության գործով դիմումատուի վրա պարտականություն է դրել սնանկության դիմումը և կից փաստաթղթերը ներկայացնել օրենքով սահմանված որոշակի պահանջների պահպանմամբ, իսկ դատարանի վրա պարտականություն է դրել քաղաքացիական գործի հարուցման փուլում ստուգել ներկայացված դիմումի և կից փաստաթղթերի համապատասխանությունը օրենքի պահանջներին ու ըստ այդմ` կայացնել օրենքով սահմանված կոնկրետ որոշումներից որևէ մեկը (դիմումն ընդունել վարույթ, մերժել ընդունումը կամ այն վերադարձնել): Ընդ որում, այն դեպքում, երբ դատարանը «դիմումը վարույթ ընդունելու մասին» որոշմամբ փաստում է դիմումի և կից փաստաթղթերի համապատասխանությունը «Սնանկության մասին» ՀՀ օրենքի և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի պահանջներին, ապա այդ հանգամանքը, այլևս, իրավական արգելք է դատարանի համար, որպեսզի վերջինս հետագայում կայացնի սնանկության մասին դիմումը մերժելու վերաբերյալ վճիռ և, ընդհակառակը, դատարանի համար առաջանում է պարտականություն` կայացնել սնանկ ճանաչելու մասին վճիռ:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 25.10.2018 թվականի որոշումը և փոփոխել այն` դիմումը բավարարել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Սարգիս Ոսկանյանը կամավոր սնանկության դիմում է ներկայացրել ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան` դիմումում որպես կից ներկայացվող փաստաթղթեր նշելով և ներկայացնելով նաև ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի 14.10.2016 թվականի թիվ ԼԴ1/0250/02/16 քաղաքացիական գործով վճռի, «Ֆինքա» ՈՒՎԿ ՓԲԸ-ի կողմից 03.07.2014 թվականից մինչև 22.01.2018 թվականն ընկած ժամանակահատվածի համար 22.01.2018 թվականին տրված վարկի քաղվածքի, ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի 13.10.2017 թվականի թիվ ԼԴ1/0801/02/17 քաղաքացիական գործով վճռի, «Արդշինբանկ» ՓԲԸ-ի կողմից 26.01.2018 թվականի դրությամբ նույն թվականին տրված հաճախորդի պարտավորությունների վերաբերյալ տեղեկանքի, Սարգիս Ոսկանյանի ներկայացուցչին ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Լոռու մարզային բաժնի Ալավերդի-Թումանյան տարածաշրջանի բաժանմունքի պետ Գ. Անտաշյանի կողմից 23.01.2018 թվականին հասցեագրված թիվ 648 գրության և դրան կից փաստաթղթերի (19 թերթից), Սարգիս Ոսկանյանի ներկայացուցչին ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Լոռու մարզային բաժնի Ալավերդի-Թումանյան տարածաշրջանի բաժանմունքի պետ Գ. Անտաշյանի կողմից 06.02.2018 թվականին հասցեագրված թիվ 1091 գրության և դրան կից փաստաթղթերի (16 թերթից), ՀՀ սահմանադրական դատարանի 25.02.2008 թվականի թիվ ՍԴՈ-735 որոշման, ՀՀ վճռաբեկ դատարանի 23.03.2012 թվականի թիվ ԵՇԴ/0220/02/11 որոշման պատճենները (հատոր 1-ին, գ.թ. 4-73).

2) դատական տեղեկատվական համակարգից արտատպված և կամավոր սնանկության դիմումին կից ներկայացված` ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից թիվ ԼԴ1/0250/02/16 քաղաքացիական գործով 14.10.2016 թվականին կայացված վճռի համաձայն` հայցը բավարարվել է, պատասխանողներ ԱՁ Սարգիս Սուրենի Ոսկանյանից, Աննա Գեղամի Միքայելյանից և Արսեն Ռաֆիկի Առաքելյանից համապարտության կարգով հօգուտ «ՖԻՆՔԱ» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության բռնագանձվել է 3.731,16 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ` վճարման պահի փոխարժեքով, որից 3.141,34 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամը` որպես մայր գումարի գծով գումար, 577,60 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամը` որպես տոկոսագումարի մնացորդ, 12,22 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամը` որպես ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված կարգով ամսական կետանցված մայր գումարի և տոկոսագումարի նկատմամբ հաշվարկված տույժ: Միաժամանակ վարկի ժամկետանց գումարին հաշվարկել և ԱՁ Սարգիս Սուրենի Ոսկանյանից, Աննա Գեղամի Միքայելյանից և Արսեն Ռաֆիկի Առաքելյանից համապարտության կարգով հօգուտ «ՖԻՆՔԱ» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության բռնագանձվել են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսները` սկսած 17.03.2016 թվականից մինչև պարտավորության ամբողջ մարումը (...) (հատոր 1-ին, գ.թ. 11-16).

3) կամավոր սնանկության դիմումին կից ներկայացված` «Ֆինքա» ՈՒՎԿ ՓԲԸ-ի կողմից 03.07.2014 թվականից մինչև 22.01.2018 թվականն ընկած ժամանակահատվածի համար 22.01.2018 թվականին տրված վարկի (պայմանագրի համար` 340826) քաղվածքի համաձայն` վարկի մարման վերջնաժամկետ է նշված 06.07.2017 թվականը, իսկ 22.01.2018 թվականի դրությամբ Սարգիս Ոսկանյանի ժամկետանց պարտավորությունների հանրագումարը կազմել է 2.602,37 ԱՄՆ դոլար (հատոր 1-ին, գ.թ. 17-20).

4) դատական տեղեկատվական համակարգից արտատպված և կամավոր սնանկության դիմումին կից ներկայացված ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից թիվ ԼԴ1/0801/02/17 քաղաքացիական գործով 13.10.2017 թվականին կայացված վճռի պատճենի համաձայն` հայցը բավարարվել է, պատասխանող Սարգիս Սուրենի Ոսկանյանից հօգուտ «Արդշինբանկ» փակ բաժնետիրական ընկերության բռնագանձվել է վարկային պարտավորության ընդհանուր գումարը` 141.529,90 (մեկ հարյուր քառասունմեկ հազար հինգ հարյուր քսանինը ամբողջ 90) ՀՀ դրամ, որից` վարկի հիմնական պարտքը կազմում է 107.510 ՀՀ դրամ, վճարման ենթակա տոկոսները` 23.564,80 ՀՀ դրամ, այլ միջնորդավճարների գծով պարտքը` 5.800 ՀՀ դրամ (...) (հատոր 1-ին, գ.թ. 21-25).

5) կամավոր սնանկության դիմումին կից ներկայացված` «Արդշինբանկ» ՓԲԸ-ի կողմից տրված հաճախորդի պարտավորությունների վերաբերյալ տեղեկանքի համաձայն` 26.01.2018 թվականի դրությամբ Սարգիս Ոսկանյանի վարկի մնացորդը կազմել է 107.510,00 ՀՀ դրամ (հատոր 1-ին, գ.թ. 26-27).

6) ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը 26.02.2018 թվականին որոշում է կայացրել դիմումը վերադարձնելու մասին` պատճառաբանելով նաև, որ «տվյալ դեպքում Սարգիս Ոսկանյանի ներկայացուցչի կողմից ներկայացված դիմումում վերջինս նշել է, որ ունի պարտավորություններ, մինչդեռ դիմումին կից ներկայացվել են պարտատերերի նկատմամբ ունեցած պարտավորությունների չափի վերաբերյալ պարտատերերի կողմից տրված տեղեկություններ, սակայն չեն ներկայացվել այդ տեղեկությունների հիմք կազմող փաստաթղթերը, դիմումին կից ներկայացվել են դատական ակտերի արտատպված տարբերակներ, որոնցով հնարավոր չէ հաստատված համարել վերոնշյալ փաստերը: Իսկ ինչ վերաբերվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից տրված փաստաթղթերին, ապա պետք է փաստել, որ դրանցով հնարավոր չէ պարզել պարտապանի կողմից ամուսնության ընթացքում ձեռք բերված և օրենքի ուժով նրան համատեղ սեփականության իրավունքով պատկանող, ինչպես նաև այլ պետական մարմիններում գրանցման ենթակա այլ գույքի առկայության կամ բացակայության փաստը (բացակայում են կնոջ կողմից համատեղ ամուսնության ընթացքում գույքի ձեռք բերման վերաբերյալ տեղեկություններ)» (հատոր 1-ին, գ.թ. 2, 3).

7) ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը, քննելով վերը նշված որոշման դեմ Սարգիս Ոսկանյանի վերաքննիչ բողոքը, 04.04.2018 թվականին որոշում է կայացրել վերաքննիչ բողոքը բավարարելու` ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի 26.02.2018 թվականի որոշումը վերացնելու և դիմումը վարույթ ընդունված համարելու մասին` պատճառաբանելով նաև, որ «Տվյալ դեպքում դիմումատուի կողմից սնանկ ճանաչելու պահանջի մասին դիմումին կից ներկայացված փաստաթղթերի, մասնավորապես` «Ֆինքա» ՈՒՎԿ ՓԲԸ-ի կողմից 21.01.2018 թվականի դրությամբ պարտապան Սարգիս Ոսկանյանի վարկի քաղվածքի, «Արդշինբանկ» ՓԲԸ-ի կողմից 26.01.2018 թվականին տրված հաճախորդի պարտավորությունների վերաբերյալ տեղեկանքի, ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի 14.10.2016 թվականի թիվ ԼԴ1/0250/02/16, 13.10.2017 թվականի թիվ ԼԴ1/0801/02/17 վճիռների` «Դատալեքս» տեղեկատվական ծրագրի միջոցով արտատպված օրինակների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հարկադիր կատարումն ապահովող ծառայության Լոռու մարզային բաժնի Ալավերդի-Թումանյան տարածաշրջանի բաժանմունքում պարտապան Սարգիս Ոսկանյանի վերաբերյալ 25.12.2017 թվականին հարուցված թիվ 03917933 կատարողական վարույթի շրջանակներում կայացված որոշումների, էլեկտրոնային հարցումների, պատասխանների պատճենների ուսումնասիրությունից հետևում է, որ Սարգիս Ոսկանյանի ժամկետանց պարտավորությունների չափը «Ֆինքա» ՈՒՎԿ ՓԲԸ-ի հանդեպ 22.01.2018 թվականի դրությամբ կազմել է 2.602,37 ԱՄՆ դոլար, իսկ ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԼԴ1/0801/02/17 կատարողական թերթի հիման վրա հարուցված կատարողական վարույթը` Սարգիս Ոսկանյանից հօգուտ «Արդշինբանկ» ՓԲԸ-ի 141.529, 90 ՀՀ դրամ բռնագանձելու վերաբերյալ, ավարտվել է` կատարողական գործողությունների ընթացքում բռնագանձման ենթակա պարտապանին պատկանող գույք և դրամական միջոցներ չհայտնաբերվելու հիմքով: Բացի այդ, Վերաքննիչ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված օրինադրույթի վերլուծությունից հետևում է, որ յուրաքանչյուր դեպքում սեփական սնանկությունը ճանաչելու դիմում ներկայացրած պարտապանն ինքն է կրում սույն հոդվածով նախատեսված փաստաթղթերը չներկայացնելու կամ թերի ներկայացնելու, ինչպես նաև դրանք ներկայացնելու անհնարինության դեպքում դրա վերաբերյալ պատճառաբանված հիմնավորում ներկայացնելու հետ կապված բոլոր ռիսկերը: Հետևում է, որ տվյալ դեպքում ընդհանուր իրավասության դատարանը զրկված չէր առկա նյութերի հիման վրա դիմումը վարույթ ընդունելու և «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված փաստաթղթերի ներկայացման հանգամանքին, ինչպես նաև դիմումատուի իրավական պահանջի հիմնավորվածությանը դատաքննությամբ անդրադառնալու հնարավորությունից: Շարադրյալի հիման վրա Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ ընդհանուր իրավասության դատարանն անհարկի սահմանափակել է դիմումատուի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված դատական մատչելիության իրավունքը» (հատոր 2-րդ, գ.թ. 120-122).

8) Դատարանը 25.05.2018 թվականին որոշում է կայացրել դիմումը վարույթ ընդունելու մասին (հատոր 3-րդ, գ.թ. 3, 4):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

 

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, ու գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները` կամավոր սնանկության վարույթում պարտապանի կողմից ներկայացված ապացույցների գնահատման առանձնահատկությունների վերաբերյալ, կարող են էական նշանակություն ունենալ նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար: Միաժամանակ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս ստորադաս դատարանը թույլ է տվել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 11-րդ, 12-րդ և 13-րդ հոդվածների այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ հարցադրումներին.

1) արդյո՞ք կամավոր սնանկության վարույթում պարտատեր-վարկային կազմակերպության կողմից տրված հաճախորդի պարտավորությունների վերաբերյալ տեղեկանքը կարող է բավարար գնահատվել պարտավորության բնույթը պարզելու համար,

2) արդյո՞ք դատական տեղեկատվական համակարգից արտատպված վճռի օրինակը կարող է որակվել պարտավորության առկայությունը և դրա չափը հիմնավորող թույլատրելի ապացույց:

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պարտապանը կարող է սնանկ ճանաչվել դատարանի վճռով` սեփական նախաձեռնությամբ (կամավոր սնանկության դիմում) կամ պարտատիրոջ պահանջով (հարկադրված սնանկության դիմում), եթե պարտապանն անվճարունակ է:

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պարտապանը սեփական սնանկության ճանաչման նպատակով պարտավոր է դիմել դատարան, եթե առկա են նույն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով սահմանված հիմքերը:

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի համաձայն` պարտապանը դատարանի վճռով կարող է սնանկ ճանաչվել` սեփական նախաձեռնությամբ` (կամավոր սնանկության դիմում) եթե պարտապանի պարտավորություններն օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի և ավելի չափով գերազանցում են պարտապանի ակտիվների արժեքը` իրավաբանական անձի դեպքում` հաշվապահական հաշվառման կանոնների հիման վրա կատարված գնահատմամբ, ֆիզիկական անձի դեպքում` գնահատման ստանդարտների հիման վրա կատարված գնահատմամբ (հաշվեկշռային անվճարունակություն): Ակտիվների արժեքի մեջ չի ներառվում այն ակտիվների արժեքը, որոնց վրա օրենքի համաձայն բռնագանձում չի կարող տարածվել:

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 2.1-րդ կետի համաձայն` պարտապանը դատարանի վճռով կարող է սնանկ ճանաչվել` սեփական նախաձեռնությամբ (կամավոր սնանկության դիմում)` եթե պարտապանի հանրային իրավական դրամական պահանջներով կատարման ենթակա պարտավորությունները գերազանցում են պարտապանի ակտիվների արժեքը` իրավաբանական անձի դեպքում` հաշվապահական հաշվառման կանոնների հիման վրա կատարված գնահատմամբ, ֆիզիկական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ դեպքում` գնահատման ստանդարտների հիման վրա կատարված գնահատմամբ (հաշվեկշռային անվճարունակություն): Ակտիվների արժեքի մեջ չի ներառվում այն ակտիվների արժեքը, որոնց վրա, օրենքի համաձայն, բռնագանձում չի կարող տարածվել:

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետի համաձայն` կամավոր սնանկության դիմում ներկայացնելու և այն հետ վերցնելու իրավունք ունեն` ֆիզիկական անձի անունից` տվյալ ֆիզիկական անձը կամ նրա ներկայացուցիչը:

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` դիմումում պետք է նշվեն նաև պարտատիրոջ դրամական պահանջի չափը, պարտքի, վնասների, տուժանքի (տուգանքի, տույժի) չափերը` համապատասխան հաշվարկներով, պարտավորության կամ դրա մասի (մասերի) կատարման ժամկետը, առաջարկ` ժամանակավոր կառավարչի թեկնածության կամ համաձայնություն` ընտրությունը դատարանին թողնելու վերաբերյալ:

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի համաձայն` պարտապանի կողմից սեփական սնանկությունը ճանաչելու կամ սնանկության վտանգի նպատակով դիմում ներկայացնելու դեպքում դիմումին կից ներկայացվում են (իսկ նույն օրենքի 19-րդ հոդվածի առաջին մասի «զ» կետով սահմանված դեպքերում պարտապանը պարտավոր է ներկայացնել) հետևյալ փաստաթղթերը`

բ) պարտապանի պարտատերերի և պարտապանների (այդ թվում` այն քաղաքացիների, որոնց առջև պարտապանը պատասխանատվություն է կրում նրանց կյանքին և առողջությանը վնաս պատճառելու համար) ցուցակը, նրանց անունները (անվանումները), բնակության (գտնվելու) վայրը և առանձին պարտավորությունների, ներառյալ` արտահաշվեկշռային պարտավորությունների բնույթը և չափը: Նշված տեղեկությունները պետք է ներառեն նաև այն պարտավորությունները, որոնց ժամկետը չի լրացել, ինչպես նաև պարտապանի տված երաշխիքները և ստանձնած այլ պարտավորությունները:

Վերը նշված իրավական նորմերի վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը սահմանել է պարտապանին սնանկ ճանաչելու երկու ընթացակարգ` սեփական նախաձեռնությամբ (կամավոր սնանկության դիմում) կամ պարտատիրոջ պահանջով (հարկադրված սնանկության դիմում):

Սեփական սնանկությունը ճանաչելու դիմումի ձևը և բովանդակությունը սահմանված են «Սնանկության մասին» ՀՀ օրենքով: Մասնավորապես` օրենսդիրը, հաշվի առնելով սեփական սնանկության ճանաչման նպատակով դատարան դիմելու պարտականության ծագման հիմքերը և սեփական նախաձեռնությամբ սնանկ ճանաչվելու հիմքերը, իմպերատիվ ձևով ամրագրել է կամավոր սնանկության դիմողի կողմից պարտատիրոջ դրամական պահանջի չափի, պարտքի, վնասների, տուժանքի (տուգանքի, տույժի) չափերի` համապատասխան հաշվարկներով, պարտավորության կամ դրա մասի (մասերի) կատարման ժամկետի, ժամանակավոր կառավարչի թեկնածության վերաբերյալ առաջարկության կամ դատարանի ընտրությանը թողնելու վերաբերյալ համաձայնության մասին դիմումում նշելու պարտականությունը: Օրենսդիրը դիմողի վրա է դրել նաև առանձին պարտավորությունների, ներառյալ` արտահաշվեկշռային պարտավորությունների բնույթի և չափի վերաբերյալ դիմումին կից ապացույց ներկայացնելու պարտականություն` չմասնավորեցնելով ապացույցի այն տեսակը, որով կարող են հավաստվել դիմումի քննության համար նշանակություն ունեցող վերոգրյալ փաստական հանգամանքները: Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ կամավոր սնանկության դիմումին կից ներկայացված` պարտատիրոջ կողմից տրված տեղեկանքը, որը պարունակում է պարտավորության ծագման հիմքի վերաբերյալ համապատասխան տեղեկություններ, և որով բացահայտվում է պարտավորության բնույթը, ևս կարող է բավարար ապացույց գնահատվել: Վճռաբեկ դատարանի գնահատմամբ սնանկության վարույթի այս փուլում օրենսդիրը կարևորել է միայն պարտավորության բնույթի և չափի բացահայտումը, ինչը պայմանավորված է սնանկության վարույթի հետագա փուլերի, մասնավորապես` պարտատերերի կողմից պահանջների ներկայացման փուլի առանձնահատկություններով: Պահանջի հիմքում ընկած փաստական հանգամանքները հիմնավորելու առավել խիստ ապացուցողական շեմ օրենսդիրը սահմանել է այս փուլում` պահանջատիրոջ վրա դնելով իր պահանջը հիմնավորող փաստաթղթերը ներկայացնելու ապացուցման բեռը («Սնանկության մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մաս):

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ կամավոր սնանկության վարույթի առանձնահատկություններից ելնելով գործում է այն կանխավարկածը, որ դիմողը չի առարկում իր` պարտատիրոջ հանդեպ ստանձնած պարտավորության գոյության կապակցությամբ, երբ կամավոր սնանկության դիմումին կից դատարան է ներկայացնում պարտավորությունը հավաստող համապատասխան ապացույցներ: Այդ ապացույցները վերաբերելիության, թույլատրելիության և արժանահավատության տեսանկյունից գնահատելուց հետո դատարանը դրանք գնահատում է իրենց համակցության մեջ բավարարության տեսանկյունից` պարզելու համար պարտապանին սնանկ ճանաչելու «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 2.1-րդ կետերով սահմանված հատկանիշների առկայությունը:

Վերոգրյալից ելնելով` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ կամավոր սնանկության վարույթում պարտատիրոջ կողմից տրված տեղեկանքը, որը պարունակում է նաև պարտավորության հիմքի վերաբերյալ համապատասխան տեղեկություններ, բավարար է պարտավորությունների բնույթը պարզված համարելու համար:

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` դիմումին կից ներկայացվող փաստաթղթերը ներկայացվում են բնօրինակով կամ պատշաճ վավերացված պատճենի ձևով: Դիմումին կից ներկայացվող փաստաթղթերը բնօրինակով կամ պատշաճ վավերացված պատճենը ներկայացնելու անհնարինությունը պետք է հիմնավորվի դիմողի կողմից:

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նույն օրենքով նախատեսված պահանջների պահպանմամբ ներկայացված դիմումը դատավորն ընդունում է վարույթ` դիմումն ստանալու օրը (...):

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` դատավորը վերադարձնում է սնանկության վերաբերյալ դիմումը, եթե չեն պահպանվել նույն օրենքի 11-րդ և 12-րդ հոդվածների պահանջները, և դատավորը հիմնավոր չի համարել համապատասխան փաստաթղթերի ներկայացման անհնարինությունը:

Նշված օրենսդրական կարգավորումները մեկնաբանելով դրանցում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից, ամբողջ այդ հոդվածների կարգավորման համատեքստից ելնելով` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ օրենսդիրն իմպերատիվ ձևով ամրագրել է դիմումատուի պարտականությունը` դիմումին կից ներկայացվող փաստաթղթերը ներկայացնել բնօրինակով կամ պատշաճ վավերացված պատճենի ձևով: Ընդ որում, փաստաթղթերի բնօրինակը կամ պատշաճ վավերացված պատճենը ներկայացնելու անհնարինության ապացուցման պարտականությունն օրենսդրի կողմից դրվել է հենց դիմողի վրա: Միաժամանակ դատարանին իրավունք է վերապահվել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի հիմքով վերադարձնել դիմումը, եթե վերը նշված պահանջը դիմողի կողմից չի պահպանվել, և դատավորը հիմնավոր չի համարել համապատասխան փաստաթղթերի ներկայացման անհնարինությունը: Այսպիսով, հաշվի առնելով դատավարության յուրաքանչյուր փուլի դերը, նշանակությունն ու առանձնահատկությունները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գործի հարուցման փուլի նպատակը տվյալ դեպքում դիմումը վարույթ ընդունելու հարցի լուծումն է: Օրենսդիրը, այդ իսկ նկատառումից ելնելով, սահմանել է, որ այն պետք է ավարտվի որոշակի ակտի ընդունմամբ, այն է` դատարանի կողմից դիմումը վարույթ ընդունելու, ընդունումը մերժելու կամ վերադարձնելու մասին որոշում կայացնելով:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ինչպես դատավարության յուրաքանչյուր փուլ, այնպես էլ գործի հարուցման փուլն ուղղված է յուրաքանչյուր անձի արդար դատաքննության իրավունքի իրացման ապահովմանը: Վճռաբեկ դատարանի նման մոտեցումը պայմանավորված է այն հանգամանքով, որ յուրաքանչյուր անձի արդար դատաքննության իրավունքը պահպանված է համարվում նաև այն դեպքում, երբ անձը հնարավորություն ունի ստանալու որոշակի, հաստատուն որոշում` կապված իր իրավունքների և պարտականությունների հետ, ու կարող է համոզված լինել, որ որոշ ժամանակ անց այդ որոշումը չի վերացվի (տե՛ս, Գայանե Վարդանյանն ընդդեմ Վարդան և Միշա Վարդանյանների ու մյուսների թիվ ԱՐԴ/0062/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 13.02.2009 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում հավելել, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված արդար դատաքննության իրավունքն անհրաժեշտ է մեկնաբանել Կոնվենցիայի նախաբանի լույսի ներքո, որն, ի թիվս այլոց, իրավունքի գերակայությունն ամրագրում է որպես Պայմանավորվող պետությունների ընդհանուր ժառանգության մաս: Իրավունքի գերակայության հիմնարար հայեցակետերից է իրավական որոշակիության սկզբունքը, որը պահանջում է, inter alia, որպեսզի դատարանի կողմից որևէ հարցի կապակցությամբ կայացված վերջնական դատական ակտը կասկած չհարուցի (տե՛ս, Բրումարեսկուն ընդդեմ Ռումինիայի թիվ 28342/95 գանգատով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 28.10.1999 թվականի վճիռը, պարբ. 61):

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ կամավոր սնանկության դիմումն արդեն իսկ վարույթ ընդունված լինելու պարագայում դիմումին կից ներկայացված` դատական տեղեկատվական համակարգից արտատպված վճռի օրինակի` որպես պարտավորության առկայությունը հիմնավորող ապացույցի թույլատրելիության և արժանահավատության հարցին ՀՀ սահմանադրական դատարանի 2016 թվականի հուլիսի 12-ի թիվ ՍԴՈ-1293 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո:

ՀՀ սահմանադրական դատարանը 2016 թվականի հուլիսի 12-ի թիվ ՍԴՈ-1293 որոշմամբ նշել է. «(...) վեճի առարկա իրավանորմի շրջանակներում վկայակոչվող դատական ակտերը բողոքին կցելու պահանջը ոչ իրավաչափ կերպով ծանրաբեռնում է բողոքաբերին: Ավելին, նման պահանջը ոչ միայն ոչ համարժեք սահմանափակում է դատարանի մատչելիության և դատական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքների իրացումը, այլև Վճռաբեկ դատարանի կողմից իրավունքի միատեսակ կիրառության ապահովման սահմանադրաիրավական գործառույթի արդյունավետ և ամբողջական իրացման առումով խոչընդոտ է հանդիսանում` հնարավորություն չտալով Վճռաբեկ դատարանին օրենքով սահմանված այլ հիմքերի բավարարման պարագայում վճռաբեկ բողոքն ընդունել վարույթ և իրականացնել արդարադատություն: Վկայակոչվող դատական ակտերը կցելու պահանջ նախատեսելն այն պարագայում, երբ դրանք հասանելի են դատավարության կողմերին և ՀՀ վճռաբեկ դատարանին (այդ թվում` համացանցի համապատասխան պաշտոնական կայքէջերից օգտվելու միջոցով), հիմնավոր չէ»:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատարանը, վճիռը դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակելով, այն հասանելի է դարձնում ինչպես դատավարության մասնակիցներին, այնպես էլ ցանկացած այլ անձի` այդ թվում այլ դատարաններին: Այսինքն` դատարանն ունի իրական հնարավորություն վճիռը նույնականացնող համապատասխան բավարար տեղեկությունների (մասնավորապես, վկայակոչվող դատական ակտն ընդունած մարմնի անվանումը, դատական ակտի անվանումը, ընդունման ամսաթիվը, գործի համարը) առկայության դեպքում ստուգել վճռի բովանդակությունը և օրինական ուժի մեջ մտնելու հանգամանքը: Հետևաբար Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այն դեպքում, երբ կամավոր սնանկության վարույթում որպես պարտավորության առկայությունը հիմնավորող ապացույց դիմումին կից ներկայացվում է դատական տեղեկատվական համակարգից արտատպված վճռի օրինակը, դատարանը` դրա արժանահավատությունը գնահատելիս զրկված չէ ՀՀ դատական օրենսգրքի 18-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված դատական իշխանության պաշտոնական կայքից օգտվելու և դրա միջոցով վճռի իսկությունը ստուգելու հնարավորությունից:

Ավելին, ՀՀ սահմանադրական դատարանի վերոնշյալ որոշման լույսի ներքո Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ դատարանի կողմից դատական տեղեկատվական համակարգից արտատպված վճիռը` որպես պարտավորության առկայությունը հիմնավորող ապացույց, ներկայացնելու հնարավորության բացառումը` այն ամեն դեպքում անթույլատրելի ապացույց գնահատելով, փաստորեն, ոչ իրավաչափ կերպով ծանրաբեռնում է կամավոր սնանկության դիմողին:

Վերոգրյալից ելնելով` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ կամավոր սնանկության դիմումը վարույթ ընդունված լինելու և դիմումին կից` ի հիմնավորումն վճարային պարտավորության դատական տեղեկատվական համակարգից արտատպված վճիռ ներկայացվելու դեպքում, դատարանը պետք է այն արժանահավատության տեսանկյունից գնահատելիս օգտվի դատական իշխանության պաշտոնական կայքից և տվյալ ապացույցը մյուս թույլատրելի և վերաբերելի ապացույցների հետ միասին գնահատի դրանց բավարարության տեսանկյունից, պարզելու համար պարտապանի սնանկության հատկանիշների առկայությունը կամ բացակայությունը` կայացնելու համար պարտապանին սնանկ ճանաչելու մասին կամ կամավոր սնանկության դիմումը մերժելու մասին վճիռ:

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործով Դատարանը դիմումի մերժման հիմքում դրել է նաև այն հանգամանքը, որ «տվյալ դեպքում պարտապան Սարգիս Ոսկանյանը սեփական սնանկությունը ճանաչելու պահանջով իր դիմումի հիմքում դրել է դատական ակտերի չստորագրված ու արտատպված տարբերակներ, ինչպես նաև պարտավորության առկայության վերաբերյալ տեղեկանքներ: Սույն գործով դիմումատուի ներկայացուցչի կողմից ներկայացված դիմումում վերջինս նշել է, որ Սարգիս Ոսկանյանն ունի պարտավորություններ, որը հիմնավորելու համար դիմումին կից ներկայացվել է Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2016 թվականի հոկտեմբերի 14-ի թիվ ԼԴ1/0250/02/16 քաղաքացիական գործով վճռի և 2017 թվականի հոկտեմբերի 13-ի թիվ ԼԴ1/0801/02/17 քաղաքացիական գործով վճռի չստորագրված ու արտատպված տարբերակներ, որոնցով հնարավոր չէ հաստատված համարել Սարգիս Սուրենի Ոսկանյանի` պարտատերերի հանդեպ որևէ չափով պարտավորությունների առկայության փաստը: Բացի այդ, դիմումին կից ներկայացվել են նաև «Ֆինքա» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության և «Արդշինբանկ» փակ բաժնետիրական ընկերության կողմից տրված տեղեկանքներ` պարտավորությունների չափի վերաբերյալ, ինչը Դատարանի գնահատմամբ չի կարող հիմք հանդիսանալ պարտատերերի նկատմամբ պարտավորությունների առկայության փաստը հաստատված համարելու համար, քանի որ դիմումատուի կողմից չեն ներկայացվել այդ տեղեկությունների հիմք կազմող պատշաճ փաստաթղթերը: Միաժամանակ Դատարանը փաստում է, որ ներկայացված տեղեկանքները և որոշ գումարների չափը միայն ներկայացված տեղեկանքներում զետեղված լինելը` առանց վարկային պայմանագրի և դրա անբաժանելի մասը կազմող պայմանների առկայության (պատշաճ վավերացված վճռի բացակայության դեպքում), չի կարող բավարար համարվել դրամական պարտավորություն ունենալու փաստը հիմնավորված համարելու համար, քանի որ միայն պահանջատիրոջ տված միակողմանի փաստաթուղթը չի կարող բավարար համարվել պարտավորության չափը և առկայությունը հաստատված համարելու համար: Այսպիսով, վերը թվարկված ողջ ապացույցների համակցված գնահատմամբ Դատարանը հաստատված է համարում այն փաստը, որ պարտապանի մոտ առկա չեն առերևույթ անվճարունակության հատկանիշներ, քանի որ պարտապանի պարտավորություններն օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի և ավելի չափով չեն գերազանցում պարտապանի ակտիվների արժեքը (պարտավորության փաստի բացակայություն)»:

Վերաքննիչ դատարանը, մերժելով Սարգիս Ոսկանյանի ներկայացուցչի վերաքննիչ բողոքը և Դատարանի վճիռը թողնելով անփոփոխ, հիմնավոր է համարել Դատարանի վերը շարադրված պատճառաբանությունները:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ապացույցի գնահատումը ապացույցների տրամաբանական և իրավաբանական որակումն է` դրանց վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության և բավարարության տեսանկյունից: Ընդ որում, ապացույցների բավարարությունը գործով ձեռք բերված ապացույցների այնպիսի համակցությունն է, որը հնարավորություն է տալիս վերջնական եզրահանգում կատարել որոնվող փաստերի առկայության կամ բացակայության վերաբերյալ:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դիմումին կից ներկայացված` «Ֆինքա» ՈՒՎԿ ՓԲԸ-ի կողմից 21.01.2018 թվականի դրությամբ պարտապան Սարգիս Ոսկանյանի վարկի քաղվածքը, «Արդշինբանկ» ՓԲԸ-ի կողմից 26.01.2018 թվականին տրված հաճախորդի պարտավորությունների վերաբերյալ տեղեկանքը գնահատելիս Դատարանը պետք է պարզեր` արդյոք դրանք պարունակում են նաև պարտավորության հիմքի վերաբերյալ համապատասխան բավարար տեղեկություններ` պարտավորությունների բնույթը բացահայտելու համար: Մինչդեռ Դատարանը սահմանափակվել է միայն պարտավորության հիմքի վերաբերյալ ապացույցների բացակայության դատողությամբ` անտեսելով, որ պարտատիրոջ կողմից տրված միակողմանի տեղեկանքը ևս կարող է բավարար տեղեկություններ բովանդակել պարտավորության բնույթի վերաբերյալ: Նշված հանգամանքն անտեսվել է նաև Վերաքննիչ դատարանի կողմից:

Ինչ վերաբերում է ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի 14.10.2016 թվականի թիվ ԼԴ1/0250/02/16 և 13.10.2017 թվականի թիվ ԼԴ1/0801/02/17 վճիռների` դատական տեղեկատվական համակարգից արտատպված օրինակների վերաբերյալ ստորադաս դատարանների եզրահանգումներին` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով դիմումատու Սարգիս Ոսկանյանը, ունենալով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 04.04.2018 թվականի և ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի 25.05.2018 թվականի որոշումները, որոնցով նրա դիմումներն ընդունվել են վարույթ, ըստ էության, ստացել է որոշակի, հաստատուն որոշում` կապված իր իրավունքների և պարտականությունների հետ, ու դատարանների կողմից որպես այդ հարցի կապակցությամբ կայացված դատական ակտեր, կարող էր համոզված լինել, որ որոշ ժամանակ անց այդ որոշումը «չի վերացվի»: Վճռաբեկ դատարանի վերը նշված հետևությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ օրենսդիրը «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով իմպերատիվ ձևով ամրագրել է դատավորի պարտականությունը դիմումն ընդունել վարույթ, եթե պահպանվել են նույն օրենքով նախատեսված պահանջները:

Այսինքն` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն դեպքում, երբ դատարանների կողմից կայացվել է դիմումը վարույթ ընդունելու մասին որոշում, ապա դիմողի մոտ արդեն ձևավորվում է այն համոզմունքը, որ դիմումը ներկայացվել է օրենքի պահանջների պահպանմամբ, այդ թվում` պահպանված է նաև օրենքով սահմանված կարգով դիմումին կից ներկայացված փաստաթղթերին ներկայացվող պահանջն առնվազն թույլատրելիության առումով` դրա ներկայացման ձևի տեսանկյունից: Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերը նշված փաստաթղթերի պատճենները դիմումին կից ներկայացված լինելու և դիմումը վարույթ ընդունելու մասին որոշումներ կայացված լինելու պայմաններում Սարգիս Ոսկանյանի մոտ ձևավորվել է այն համոզմունքը, որ դիմումը ներկայացվել է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի պահանջների պահպանմամբ: Այսինքն` դիմումի ըստ էության քննության փուլում Դատարանն այլևս չէր կարող ներկայացման ձևի տեսանկյունից թույլատրելիության հարց կրկին բարձրացնել` սահմանափակվելով միայն այդ ապացույցների արժանահավատության և բավարարության տեսանկյունից գնահատմամբ: Ընդ որում, ստորադաս դատարաններն այդ փաստաթղթերի արժանահավատության գնահատումը կարող էին իրականացնել` օգտագործելով դատական տեղեկատվական համակարգի տվյալները:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով չի իրականացվել լրիվ և բազմակողմանի քննություն` գործում առկա բոլոր ապացույցների գնահատման ուղղությամբ, հետևաբար առկա է գործի նոր քննության անհրաժեշտություն` սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո գործի հանգամանքները պարզելու համար:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 364-րդ և 365-րդ հոդվածների ու 390-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված` դատարանի ակտն ամբողջությամբ բեկանելու և գործը համապատասխան ստորադաս դատարան` նոր քննության ուղարկելու լիազորությունը: Ընդ որում, գործի նոր քննության ժամանակ անհրաժեշտ է հետազոտել դիմումին կից ներկայացված փաստաթղթերը` Սարգիս Ոսկանյանի կողմից ներկայացված կամավոր սնանկության դիմումում նշված` «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հիմքերի առկայությունը կամ բացակայությունը պարզելու համար:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պետական տուրքի գանձման օբյեկտները, պետական տուրքի չափը և վճարման կարգը սահմանվում են «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն գլխի կանոններին համապատասխան:

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի «իա» կետի համաձայն` դատարաններում պետական տուրքի վճարումից ազատվում են` պարտապանը` սեփական անվճարունակությունը (սնանկությունը) ճանաչելու համար ներկայացվող հայցադիմումներով:

Նույն հոդվածի առաջին մասում նշված անձինք տուրքի վճարումից ազատվում են նաև դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար:

Նկատի ունենալով, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, իսկ Վերաքննիչ դատարանի որոշումը ենթակա է բեկանման` Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածի 1-ին մասի և «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի վկայակոչված իրավակարգավորումները, գտնում է, որ վճռաբեկ բողոքի համար պետական տուրքի հարցը պետք է համարել լուծված:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25.10.2018 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ սնանկության դատարան նոր քննության:

2. Դատական ծախսերի հարցը համարել լուծված:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող Ռ. Հակոբյան

Զեկուցող  Գ. Հակոբյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Ս. Միքայելյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
26.12.2019
N ԼԴ4/0022/04/18
Որոշում