Սեղմել Esc փակելու համար:
«ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 5-ՐԴ, 249-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ, ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    ՀՀ վարչական վերաքննիչ                  Վարչական գործ

    դատարանի որոշում                       թիվ ՎԴ/6817/05/16

    Վարչական գործ թիվ ՎԴ/6817/05/16        2019 թ.

Նախագահող դատավոր` Ա. Թովմասյան

    Դատավորներ`        Ա. Առաքելյան

                       Ա. Բաբայան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող Ռ. Հակոբյան

զեկուցող  Վ. Ավանեսյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

2019 թվականի դեկտեմբերի 25-ին

դռնբաց դատական նիստում քննելով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 06.04.2018 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Հարութիուն Կալայդջյանի ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ` Կոմիտե)` բարենպաստ վարչական ակտ ընդունելուն պարտավորեցնելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Հարութիուն Կալայդջյանը պահանջել է պարտավորեցնել Կոմիտեին ընդունել բարենպաստ վարչական ակտ, որով կթույլատրվի Հարութիուն Կալայդջյանին 12.05.2016 թվականի թիվ 2016/05100033/16093 փոխադրման ամփոփագրով Հայաստանի Հանրապետություն ներմուծված 2010 թվականի արտադրության «Lincoln MKX 4D Utility AWD» ավտոմեքենան ձևակերպել մշտական բնակության ժամանող անձանց համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված արտոնությամբ:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ա. Միրզոյան) (այսուհետ` Դատարան) 16.05.2017 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 06.04.2018 թվականի որոշմամբ Հարութիուն Կալայդջյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է` Դատարանի 16.05.2017 թվականի վճիռը բեկանվել է և փոփոխվել` Հարութիուն Կալայդջյանի հայցը բավարարվել է. Կոմիտեի նախագահի առաջին տեղակալի 21.06.2016 թվականի թիվ Մ-10430/8-2 գրությունը ճանաչվել է անվավեր, և Կոմիտեն պարտավորեցվել է ընդունել բարենպաստ վարչական ակտ` Հարութիուն Կալայդջյանին 12.05.2016 թվականի թիվ 2016/05100033/16093 փոխադրման ամփոփագրով ՀՀ ներմուծված 2010 թվականի արտադրության «Lincoln MKX 4D Utility AWD» ավտոմեքենան «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 249-րդ հոդվածի 11-րդ մասով նախատեսված արտոնության համաձայն ձևակերպել թույլատրելու վերաբերյալ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կոմիտեն:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ պարբերությունը, 249-րդ հոդվածի 11-րդ մասը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Հարութիուն Կալայդջյանի անձնական օգտագործման ավտոմեքենան վերջին անգամ հաշվառումից հանվելուց առաջ առնվազն 6 ամիս Հարութիուն Կալայդջյանի անունով հաշվառված լինելու փաստը հիմնավորող միակ ապացույցը վերջինիս կողմից ներկայացված` «Կատարված վաճառքի վերաբերյալ տեղեկատվություն գրանցման քարտ, կատարված վաճառքի ամփոփագիր» վերտառությամբ փաստաթուղթն է: Սակայն այդ փաստաթղթի ուսումնասիրությունից որևէ կերպ հնարավոր չէ ապացուցված համարել ավտոմեքենան Հարութիուն Կալայդջյանի անունով հաշվառված լինելու փաստը, քանի որ նման նշում ընդհանրապես բացակայում է այդ փաստաթղթում: Փաստորեն, Հարութիուն Կալայդջյանը չի ներկայացրել ապացույցներ ավտոմեքենան իր անունով օտարերկրյա պետությունում հաշվառված լինելու և հաշվառումից հանելու վերաբերյալ, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 06.04.2018 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 16.05.2017 թվականի վճռին:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1. 19.05.2016 թվականին Հարութիուն Կալայդջյանը դիմել է Կոմիտեին` հայտնելով, որ Կանադայից Հայաստանի Հանրապետություն է տեղափոխվել մշտական բնակության և իր հետ Հայաստանի Հանրապետության տարածք է տեղափոխել իր անձնական օգտագործման 2010 թվականի արտադրության «Lincoln» մակնիշի ավտոմեքենան և իր անձնական օգտագործման իրերը: Այդ դիմումով Հարութիուն Կալայդջյանը խնդրել է թույլտվություն` ավտոմեքենան և իրերը ձևակերպել արտոնություններին համապատասխան (հատոր 1-ին, գ.թ. 17).

2. Հարութիուն Կալայդջյանի կողմից Կոմիտեին է ներկայացվել անգլերենից հայերեն թարգմանված «Կատարված վաճառքի վերաբերյալ տեղեկատվություն գրանցման քարտ, կատարված վաճառքի ամփոփագիր» վերտառությամբ փաստաթուղթ, որի համաձայն` ֆինանսավորման տվյալներում առկա է հաճախորդի մասին տեղեկատվություն` Հարութիուն Կալայդջյան, մեքենայի մասին տեղեկատվություն` «2010 Lincoln MKX 4D Utility AWD», տեղեկատվություն վաճառքի մասին` մեքենա «2006 Toyota Highlander Hibrid LTD», ֆինանսական օպցիա` ընդամենը 21.023,92 ԱՄՆ դոլար (հատոր 1-ին, գ.թ. 26-27).

3. Կոմիտեի նախագահի առաջին տեղակալի 21.06.2016 թվականի թիվ Մ-10430/8-2 գրությամբ Հարութիուն Կալայդջյանը տեղեկացվել է, որ «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ պարբերության համաձայն` 12.05.2016 թվականի թիվ 2016/05100033/16093 փոխադրման ամփոփագրով ՀՀ ներմուծված ավտոմեքենան չի կարող ձևակերպվել մշտական բնակության ժամանող անձանց համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված արտոնությամբ (հատոր 1-ին, գ.թ. 13).

4. Կոմիտեի նախագահի առաջին տեղակալի 25.07.2016 թվականի թիվ 8/8-2/22317-16 գրությամբ Հարութիուն Կալայդջյանի ներկայացուցչին հայտնվել է, որ 12.05.2016 թվականի թիվ 2016/05100033/16094 ներքին տարանցման փաստաթղթով ՀՀ ներմուծված ավտոմեքենայի արտոնության տրամադրումը մերժվել է «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ պարբերության հիման վրա: Հարութիուն Կալայդջյանի կողմից Կոմիտե ներկայացված փաստաթղթերում բացակայում են ավտոմեքենան քաղաքացու անունով հաշվառելու ամսաթվի, ամսի և տարեթվի վերաբերյալ տեղեկությունները: Այսինքն` չի բավարարվել մինչև Հայաստանի Հանրապետությունում մշտական բնակության նպատակով հաշվառվելը մեքենան ձեռք բերված լինելու օրենքով նախատեսված պահանջը, և չի հիմնավորվել` ավտոմեքենան քաղաքացու անունով վեց ամիս օտարերկրյա պետությունում հաշվառված լինելու վերաբերյալ օրենքով նախատեսված պահանջը (հատոր 1-ին, գ.թ. 11):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները` Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության ժամանող ֆիզիկական անձանց կողմից առանց մաքսատուրքի վճարման անձնական օգտագործման ավտոմեքենան ներմուծելու արտոնության կիրառման պայմանների վերաբերյալ, կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար:

Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցին. Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության ժամանող ֆիզիկական անձի անձնական օգտագործման ավտոմեքենան առանց մաքսային վճարների (բացառությամբ մաքսավճարի) վճարման ներմուծելու արտոնություն տրամադրելու վերաբերյալ բարենպաստ վարչական ակտ ընդունելու պահանջը (պարտավորեցման հայցը) ենթակա է արդյոք բավարարման, եթե չի ապացուցվել այդ արտոնության կիրառման համար օրենքով սահմանված պայմանների առկայությունը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 65-րդ հոդվածի համաձայն` վարչական դատարանում գործը հարուցվում է հայցի հիման վրա:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 67-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պարտավորեցման հայցով հայցվորը կարող է պահանջել ընդունել այն բարենպաստ վարչական ակտը, որի ընդունումը մերժել է վարչական մարմինը:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` պարտավորեցման հայցը ներառում է վարչական մարմնի կողմից նույն հոդվածի 1-ին մասում նշված միջամտող վարչական ակտը վիճարկելու պահանջը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` հայցվող բարենպաստ վարչական ակտի, ինչպես նաև հայցվող գործողության կամ դրանից ձեռնպահ մնալու իրավաչափությունը որոշվում է դատական ակտի կայացման դրությամբ ձեռք բերված ապացույցների շրջանակում և դատական ակտի կայացման պահին գործող օրենքների հիման վրա:

Օրենսդիրը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 65-րդ հոդվածում ամրագրելով, որ վարչական դատարանում գործ հարուցելու հիմքը հայցն է, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի մյուս հոդվածներում սահմանել է հանրային իրավահարաբերություններից ծագող գործերով իրավասու սուբյեկտների կողմից վարչական դատարան դիմելու հայցատեսակները` որպես վարչական գործի հարուցման հիմքեր: Վարչական դատարանում գործի հարուցման հիմք հանդիսացող առանձին հայցատեսակներից է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 67-րդ հոդվածով սահմանված պարտավորեցման հայցը, որով հայցվորը կարող է պահանջել ընդունել այն բարենպաստ վարչական ակտը, որի ընդունումը մերժել է վարչական մարմինը:

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ պարտավորեցման հայց ներկայացնելու համար օրենսդրի կողմից սահմանվել է պարտադիր պահանջ, համաձայն որի` դատարան դիմելու համար անհրաժեշտ է վեճի առկայություն, որը կարող է լինել այն դեպքում, երբ անձը համապատասխան պահանջով դիմել է վարչական մարմնին: Այսինքն` պարտավորեցման հայցը ՀՀ վարչական դատարան ներկայացնելուց առաջ անհրաժեշտ է, որ անձը համապատասխան ակնկալվող բարենպաստ վարչական ակտն ընդունելու պահանջով դիմած լինի համապատասխան վարչական մարմնին: Վարչական մարմնին ակնկալվող բարենպաստ վարչական ակտն ընդունելու պահանջով դիմած չլինելու հանգամանքով պայմանավորված` անձի մոտ չի ծագում պարտավորեցման հայց ներկայացնելու իրավունքը (տե՛ս, Նազելի Նահատակյանը և Գրիշա Չաումյանն ընդդեմ ՀՀ կառավարության թիվ ՎԴ/4571/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.08.2019 թվականի որոշումը):

Անդրադառնալով պարտավորեցման հայցի էությանը` ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախկին որոշումներում արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ պարտավորեցման հայց ներկայացնելու համար նախապայման է հանդիսանում բարենպաստ վարչական ակտի ընդունումը վարչական մարմնի կողմից մերժելու հանգամանքը: Ընդ որում, պարտավորեցման հայցը, բարենպաստ վարչական ակտն ընդունելու պահանջից բացի, օրենքի ուժով իր մեջ ներառում է նաև վարչական ակտի ընդունումը մերժելու մասին միջամտող վարչական ակտի վիճարկման պահանջը` անկախ հայցվորի կողմից այդպիսի պահանջ ներկայացնելու հանգամանքից: Օրենսդրի կողմից նման պայմանի սահմանումը բխում է վարչական ակտի իրավաչափության կանխավարկածի սկզբունքից այնքանով, որքանով անձը չի կարող հայցել իր համար բարենպաստ վարչական ակտի ընդունում, քանի դեռ այդպիսի ակտի ընդունումը մերժելու մասին միջամտող վարչական ակտն օրենքով սահմանված կարգով վերացված չէ: Ըստ այդմ, օրենսդիրը նախատեսել է, որ պարտավորեցման հայցի քննության արդյունքներով գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելիս հայցը բավարարելու դեպքում վարչական դատարանը վարչական մարմնին բարենպաստ վարչական ակտ ընդունել պարտավորեցնելու հետ մեկտեղ պետք է անվավեր ճանաչի վարչական ակտն ընդունելը մերժելու վերաբերյալ որոշումը:

Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ պարտավորեցման հայցի բուն նպատակը անձի համար բարենպաստ վարչական ակտի ընդունմանը հասնելն է: Հիմք ընդունելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 3-րդ մասի կարգավորումները, ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ եթե վարչական դատարանը ձեռք բերված ապացույցների շրջանակում և դատական ակտի կայացման պահին գործող օրենքների հիման վրա հաստատված է համարում հայցվող բարենպաստ վարչական ակտի իրավաչափությունը, վերջինս պետք է կայացնի հայցը բավարարելու վերաբերյալ գործն ըստ էության լուծող դատական ակտ` անվավեր ճանաչելով վարչական մարմնի կողմից հայցվող վարչական ակտն ընդունելը մերժելու վերաբերյալ որոշումը և պարտավորեցնելով վարչական մարմնին այդ վարչական ակտի ընդունմանը: Այլ կերպ` վարչական մարմնի կողմից հայցվող վարչական ակտն ընդունելը մերժելու վերաբերյալ միջամտող վարչական ակտի իրավաչափությունը պարտավորեցման հայցի շրջանակներում չի քննվում վիճարկման հայցի քննության համար սահմանված կարգով, և ձեռք բերված ապացույցների շրջանակում և դատական ակտի կայացման պահին գործող օրենքների հիման վրա հայցվող բարենպաստ վարչական ակտի իրավաչափությունը հաստատվելն ինքնին հանգեցնում է վարչական մարմնի կողմից հայցվող վարչական ակտն ընդունելը մերժելու վերաբերյալ միջամտող վարչական ակտի անվավերության:

Մյուս կողմից, եթե ձեռք բերված ապացույցների շրջանակում և դատական ակտի կայացման պահին գործող օրենքների հիման վրա չի հաստատվում հայցվող բարենպաստ վարչական ակտի իրավաչափությունը, պարտավորեցման հայցը ենթակա է մերժման, և այս դեպքում վարչական դատարանը չի անդրադառնում վարչական մարմնի կողմից հայցվող վարչական ակտն ընդունելը մերժելու վերաբերյալ որոշմանը (տե՛ս, Կարեն Սարդարյանն ընդդեմ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության թիվ ՎԴ/6495/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2016 թվականի որոշումը):

Վերոնշյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության ժամանող ֆիզիկական անձի անձնական օգտագործման ավտոմեքենայի ներմուծման համար օրենքով սահմանված արտոնությունը կիրառելու վերաբերյալ մաքսային մարմնին բարենպաստ վարչական ակտ ընդունելուն պարտավորեցնելու պահանջի (պարտավորեցման հայցի) բավարարման համար անհրաժեշտ պայմաններին` մեկնաբանելով համապատասխան նյութաիրավական կարգավորումները:

Այսպես` «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության ժամանող ֆիզիկական անձանց անձնական օգտագործման գույք է ֆիզիկական անձի անձնական գործածության օգտագործված իրերը, անձնական օգտագործման մեկ ավտոմեքենան և տնային օգտագործված գույքը, որոնք չունեն գործարանային փաթեթավորում ու պիտակավորում և ֆիզիկական անձի կողմից ձեռք են բերվել նախքան Հայաստանի Հանրապետություն ժամանելը: Ընդ որում, անձնական օգտագործման ավտոմեքենան պետք է նախքան Հայաստանի Հանրապետություն ներմուծվելը վերջին անգամ հաշվառումից հանվելուց առաջ առնվազն 6 ամիս հաշվառված լինի Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության ժամանող ֆիզիկական անձի անունով այն երկրում, որտեղ Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության ժամանող անձը վերջին անգամ մշտապես բնակվել է նախքան ֆիզիկական անձի` նույն օրենքի իմաստով Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության ժամանելու օրը:

«Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 249-րդ հոդվածի 11-րդ մասի համաձայն` Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության ժամանող ֆիզիկական անձինք (...) կարող են առանց մաքսային վճարների (բացառությամբ մաքսավճարի) վճարման ներմուծել իրենց անձնական օգտագործման գույքը:

ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախկին որոշումներից մեկում արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության ժամանող ֆիզիկական անձինք օրենքի ուժով իրավունք ունեն առանց մաքսատուրքի վճարման ներմուծել իրենց անձնական օգտագործման գույքը, որպիսի գույքի մեջ է մտնում նաև ֆիզիկական անձի անձնական օգտագործման ավտոմեքենան, որը սակայն ֆիզիկական անձի կողմից պետք է ձեռք բերված և հաշվառված լինի նախքան Հայաստանի Հանրապետություն ժամանելը: Ավելին, անձնական օգտագործման ավտոմեքենան պետք է վերջին անգամ հաշվառումից հանված լինի այն երկրում, որտեղ Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության ժամանող անձը վերջին անգամ մշտապես բնակվել է` մինչև Հայաստանի Հանրապետությունում որպես մշտական բնակիչ հաշվառվելը: Նշված իրավունքից օգտվելու համար անձը (հայտարարատուն) պարտավոր է մաքսային մարմիններ ներկայացնել անհրաժեշտ փաստաթղթեր և տեղեկություններ (տե՛ս, Արթուր Զազյանն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի թիվ ՎԴ/5828/05/12 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.10.2013 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ անդրադառնալով «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 249-րդ հոդվածի 11-րդ մասով սահմանված իրավակարգավորման մեկնաբանությանը` ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության ժամանող ֆիզիկական անձանց կողմից իրենց անձնական օգտագործման գույքը Հայաստանի Հանրապետություն ներմուծվելու դեպքում նշված իրավադրույթի ուժով կիրառվում է մաքսային վճարների (բացառությամբ մաքսավճարի) գծով արտոնություն: Այդ արտոնությունը հնարավորություն է ընձեռում Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության ժամանող ֆիզիկական անձանց առանց մաքսային վճարների (բացառությամբ մաքսավճարի) վճարման Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծել իրենց անձնական օգտագործման գույքը և այն ձևակերպել «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով: Այլ կերպ` քննարկվող արտոնությունը հետապնդում է այն նպատակը, որ Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության ժամանող ֆիզիկական անձը հնարավորություն ունենա շարունակելու մինչև ՀՀ տեղափոխվելն արդեն իսկ իրեն պատկանող գույքի օգտագործումն իր անձնական կարիքների համար նաև Հայաստանի Հանրապետության տարածքում` առանց մաքսատուրքի և հարկերի վճարման պարտականության (տե՛ս, Աշոտ Գրիգորյանն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի թիվ ՎԴ/0839/05/16 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.05.2018 թվականի որոշումը):

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության ժամանող ֆիզիկական անձի նկատմամբ կիրառվող մաքսային արտոնություններից մեկը այդ անձին պատկանող անձնական օգտագործման ավտոմեքենան առանց մաքսային վճարների (բացառությամբ մաքսավճարի) վճարման ներմուծելու հնարավորությունն է: Նշված արտոնությունը գործում է հետևյալ պայմանների առկայության դեպքում.

1) անձնական օգտագործման ավտոմեքենան պետք է նախքան Հայաստանի Հանրապետություն ներմուծվելը հաշվառված լինի Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության ժամանող անձի վերջին բնակության երկրում` այդ անձի անունով,

2) Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության ժամանող անձի վերջին բնակության երկրում այդ անձի անունով անձնական օգտագործման ավտոմեքենայի վերջին հաշվառման ժամկետը պետք է լինի առնվազն 6 ամիս` մինչև Հայաստանի Հանրապետություն ներմուծվելը,

3) անձնական օգտագործման ավտոմեքենան Հայաստանի Հանրապետություն ներմուծելու պահին պետք է հանված լինի հաշվառումից:

Հետևաբար, Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության ժամանող ֆիզիկական անձի նկատմամբ կիրառվող վերոգրյալ մաքսային արտոնությունից օգտվելու համար տվյալ անձը (հայտարարատուն) պարտավոր է մաքսային մարմիններ ներկայացնել վերը նշված պայմանների առկայությունը հիմնավորող փաստաթղթեր և տվյալներ (ապացույցներ): Այլ կերպ` Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության ժամանող ֆիզիկական անձին կարող է ընձեռվել անձնական օգտագործման ավտոմեքենան առանց մաքսային վճարների (բացառությամբ մաքսավճարի) վճարման ներմուծելու հնարավորություն միայն այն դեպքում, եթե այդ անձը (հայտարարատուն) մաքսային ձևակերպումների ժամանակ մաքսային մարմիններին ներկայացնի վերը նշված պայմանների առկայությունը հիմնավորող ապացույցներ: Նշված դատողությունը հիմնված է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետով սահմանված այն իրավակարգավորման վրա, որի համաձայն` անձի և վարչական մարմնի փոխհարաբերություններում ապացուցման պարտականությունը կրում է անձը` նրա համար բարենպաստ փաստական հանգամանքների առկայության դեպքում:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության ժամանող ֆիզիկական անձի անձնական օգտագործման ավտոմեքենայի ներմուծման համար օրենքով սահմանված արտոնությունը կիրառելու վերաբերյալ մաքսային մարմնին բարենպաստ վարչական ակտ ընդունելուն պարտավորեցնելու հայցապահանջի (պարտավորեցման հայցի) հիման վրա հարուցված վարչական գործի շրջանակում հայցվորը կրում է այդ արտոնության կիրառման համար անհրաժեշտ բոլոր վերը թվարկված պայմանների ապացուցման բեռը: Նշված դատողությունն էլ հիմնված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 29-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով սահմանված այն իրավակարգավորման վրա, որի համաձայն` ապացուցման բեռը կրում է` պարտավորեցման հայցով` (...) ֆիզիկական կամ իրավաբանական անձը` այն փաստերի մասով, որոնցով հիմնավորվում է իր համար բարենպաստ վարչական ակտի ընդունումը:

Ըստ այդմ, եթե խնդրո առարկա արտոնության կիրառման համար անհրաժեշտ պայմանների առկայությունը մնում է չապացուցված, ապա դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման բեռը կրող կողմը` հայցվորը (վարչական դատավարությունում ապացուցման բեռի բաշխման ընդհանուր կանոնների և դրա դատավարական հետևանքների վերաբերյալ տե՛ս Ալեքսանդր Կարալովն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/4315/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.04.2016 թվականի որոշումը):

Հիմք ընդունելով վերոգրյալ իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության ժամանող ֆիզիկական անձի անձնական օգտագործման ավտոմեքենայի ներմուծման համար օրենքով սահմանված արտոնությունը կիրառելու վերաբերյալ մաքսային մարմնին բարենպաստ վարչական ակտ ընդունելուն պարտավորեցնելու հայցապահանջի հիման վրա հարուցված գործով հայցվոր ֆիզիկական անձը, մասնավորապես, կրում է հետևյալ փաստերի ապացուցման բեռը.

1) անձնական օգտագործման ավտոմեքենան պետք է նախքան Հայաստանի Հանրապետություն ներմուծվելը հաշվառված լինի Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության ժամանող անձի վերջին բնակության երկրում` այդ անձի անունով,

2) Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության ժամանող անձի վերջին բնակության երկրում այդ անձի անունով անձնական օգտագործման ավտոմեքենայի վերջին հաշվառման ժամկետը պետք է լինի առնվազն 6 ամիս` մինչև Հայաստանի Հանրապետություն ներմուծվելը,

3) անձնական օգտագործման ավտոմեքենան Հայաստանի Հանրապետություն ներմուծելու պահին պետք է հանված լինի հաշվառումից:

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ 19.05.2016 թվականին Հարութիուն Կալայդջյանը դիմել է Կոմիտեին` հայտնելով, որ Կանադայից Հայաստանի Հանրապետություն է տեղափոխվել մշտական բնակության և իր հետ Հայաստանի Հանրապետության տարածք է տեղափոխել իր անձնական օգտագործման 2010 թվականի արտադրության «Lincoln» մակնիշի ավտոմեքենան և իր անձնական օգտագործման իրերը: Այդ դիմումով Հարութիուն Կալայդջյանը խնդրել է թույլտվություն` ավտոմեքենան և իրերը ձևակերպել արտոնություններին համապատասխան:

Կոմիտեի նախագահի առաջին տեղակալի 21.06.2016 թվականի թիվ Մ-10430/8-2 գրությամբ բարենպաստ վարչական ակտ ընդունելու վերաբերյալ Հարութիուն Կալայդջյանի դիմումը մերժվել է: Վարչական մարմինը Հարութիուն Կալայդջյանի դիմումը մերժելու հիմքում դրել է «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ պարբերությունը: Ըստ վարչական մարմնի` Հարութիուն Կալայդջյանի կողմից Կոմիտե ներկայացված փաստաթղթերում բացակայում են ավտոմեքենան քաղաքացու անունով հաշվառելու ամսաթվի, ամսի և տարեթվի վերաբերյալ տեղեկությունները: Այսինքն` չի բավարարվել մինչև Հայաստանի Հանրապետությունում մշտական բնակության նպատակով հաշվառվելը մեքենան ձեռք բերված լինելու օրենքով նախատեսված պահանջը, և չի հիմնավորվել` ավտոմեքենան քաղաքացու անունով վեց ամիս օտարերկրյա պետությունում հաշվառված լինելու վերաբերյալ օրենքով նախատեսված պահանջը:

Սույն վարչական գործը հարուցվել է Հարութիուն Կալայդջյանի պարտավորեցման հայցի հիման վրա, որով վերջինս պահանջել է պարտավորեցնել Կոմիտեին ընդունել բարենպաստ վարչական ակտ, որով կթույլատրվի Հարութիուն Կալայդջյանին 12.05.2016 թվականի թիվ 2016/05100033/16093 փոխադրման ամփոփագրով Հայաստանի Հանրապետություն ներմուծված 2010 թվականի արտադրության «Lincoln MKX 4D Utility AWD» ավտոմեքենան ձևակերպել մշտական բնակության ժամանող անձանց համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված արտոնությամբ: Որպես նշված արտոնության կիրառման ապացույց Հարութիուն Կալայդջյանի կողմից Կոմիտեին է ներկայացվել անգլերենից հայերեն թարգմանված «Կատարված վաճառքի վերաբերյալ տեղեկատվություն գրանցման քարտ, կատարված վաճառքի ամփոփագիր» վերտառությամբ փաստաթուղթ, որի համաձայն` ֆինանսավորման տվյալներում առկա է հաճախորդի մասին տեղեկատվություն` Հարութիուն Կալայդջյան, մեքենայի մասին տեղեկատվություն` «2010 Lincoln MKX 4D Utility AWD», տեղեկատվություն վաճառքի մասին` մեքենա «2006 Toyota Highlander Hibrid LTD», ֆինանսական օպցիա` ընդամենը 21.023,92 ԱՄՆ դոլար:

Դատարանը մերժել է Հարութիուն Կալայդջյանի հայցը: Դատարանը գտել է, որ Հարութիուն Կալայդջյանի կողմից Կոմիտեին ներկայացված` անգլերենից հայերեն թարգմանված «Կատարված վաճառքի վերաբերյալ տեղեկատվություն գրանցման քարտ, կատարված վաճառքի ամփոփագիր» վերտառությամբ փաստաթղթով չի հիմնավորվում այն փաստը, որ ՀՀ ներմուծված 2010 թվականի արտադրության «Lincoln MKX 4D Utility AWD» մակնիշի ավտոմեքենան նախքան Հայաստանի Հանրապետություն ներմուծվելը վերջին անգամ հաշվառումից հանվելուց առաջ առնվազն 6 ամիս հաշվառված է եղել Հարութիուն Կալայդջյանի անվամբ: Բացի այդ, չի հիմնավորվել այն, որ նշված ավտոմեքենան Հարություն Կալայդջյանին է պատկանել դեռևս 2011 թվականից, քանի որ ներկայացված փաստաթղթում նշված է պատվերի օր` 03.03.2014 թվական, ուղարկման օր` 18.01.2014 թվական, վարկի մարման ժամկետ է նշվել 5 տարի` 01.18.2019 թվական:

Վերաքննիչ դատարանը բավարարել է Հարութիուն Կալայդջյանի վերաքննիչ բողոքը, բեկանել է Դատարանի վճիռը և փոփոխել այն` բավարարելով հայցը. Կոմիտեի նախագահի առաջին տեղակալի 21.06.2016 թվականի թիվ Մ-10430/8-2 գրությունը ճանաչվել է անվավեր, և Կոմիտեն պարտավորեցվել է ընդունել բարենպաստ վարչական ակտ` Հարութիուն Կալայդջյանին 12.05.2016 թվականի թիվ 2016/05100033/16093 փոխադրման ամփոփագրով ՀՀ ներմուծված 2010 թվականի արտադրության «Lincoln MKX 4D Utility AWD» ավտոմեքենան «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 249-րդ հոդվածի 11-րդ մասով նախատեսված արտոնության համաձայն ձևակերպել թույլատրելու վերաբերյալ: Վերաքննիչ դատարանն իր դատական ակտի հիմքում դրել է այն հանգամանքը, որ «Կատարված վաճառքի վերաբերյալ տեղեկատվություն գրանցման քարտ, կատարված վաճառքի ամփոփագիր» փաստաթղթով հաստատվում է, որ Հարութիուն Կալայդջյանի կողմից Հայաստանի Հանրապետություն ներմուծված «2010 Lincoln MKX 4D Utility AWD» մակնիշի ավտոմեքենան պատկանում է Հարութիուն Կալայդջյանին 2014 թվականից, որը նա ձեռք է բերել իրեն պատկանող «2006 Toyota Highlander Hibrid LTD» մակնիշի ավտոմեքենայի հետ փոխանակման միջոցով, իսկ մեքենաների արժեքների տարբերությունը ֆինանսավորվել է «VW Credit Canada Inc.»-ի կողմից: Այսինքն, ըստ Վերաքննիչ դատարանի, սույն գործի փաստերով հաստատվում է, որ Հարութիուն Կալայդջյանի կողմից Հայաստանի Հանրապետություն ներմուծված անձնական օգտագործման ավտոմեքենան վերջինս ձեռք է բերել նախքան Հայաստանի Հանրապետությունում որպես մշտական բնակիչ հաշվառվելը, և նշված ավտոմեքենան 2014 թվականից, այսինքն` նախքան Հայաստանի Հանրապետություն ներմուծվելը առնվազն 6 ամիս ժամկետով, հաշվառված է եղել Հարութիուն Կալայդջյանի անվամբ:

Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դրանք անհիմն են հետևյալ պատճառաբանությամբ.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով էական նշանակություն ունի այն հարցը, թե արդյոք հայցվոր Հարութիուն Կալայդջյանն ապացուցում է, որ առկա են Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության ժամանող ֆիզիկական անձի անձնական օգտագործման ավտոմեքենայի ներմուծման համար օրենքով սահմանված արտոնությունը կիրառելու համար անհրաժեշտ հետևյալ փաստերը.

1) անձնական օգտագործման ավտոմեքենան պետք է նախքան Հայաստանի Հանրապետություն ներմուծվելը հաշվառված լինի Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության ժամանող անձի վերջին բնակության երկրում` այդ անձի անունով,

2) Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության ժամանող անձի վերջին բնակության երկրում այդ անձի անունով անձնական օգտագործման ավտոմեքենայի վերջին հաշվառման ժամկետը պետք է լինի առնվազն 6 ամիս` մինչև Հայաստանի Հանրապետություն ներմուծվելը,

3) անձնական օգտագործման ավտոմեքենան Հայաստանի Հանրապետություն ներմուծելու պահին պետք է հանված լինի հաշվառումից:

Սույն գործի լուծման համար էական նշանակություն ունեցող վերոգրյալ փաստերի հաստատման համար Հարութիուն Կալայդջյանի կողմից որպես ապացույց ներկայացվել է անգլերենից հայերեն թարգմանված «Կատարված վաճառքի վերաբերյալ տեղեկատվություն գրանցման քարտ, կատարված վաճառքի ամփոփագիր» փաստաթուղթը:

Մինչդեռ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն փաստաթղթի հետազոտման և գնահատման միջոցով դատարանը չի կարող ներքին համոզմունք ձևավորել այն մասին, որ Հարութիուն Կալայդջյանի անձնական օգտագործման ավտոմեքենան մինչև վերջինիս Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության ժամանելը վերջին անգամ հաշվառումից հանվելուց առաջ առնվազն 6 ամիս Կանադայում հաշվառված է եղել նրա անվամբ: Բացի այդ, նշված փաստաթղթում բացակայում է ավտոմեքենան Կանադայում հաշվառված լինելու և հաշվառումից հանվելու մասին որևէ տվյալ (վարչական դատավարությունում ապացույցների հետազոտման և գնահատման, ինչպես նաև ներքին համոզմունքի ձևավորման վերաբերյալ տե՛ս Ջաջուռի գյուղապետարանն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի թիվ ՎԴ5/0029/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի որոշումը):

Այսպիսով, Վճռաբեկ դատարանի գնահատմամբ Հարութիուն Կալայդջյանը, սույն գործի քննության շրջանակներում կրելով Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության ժամանող ֆիզիկական անձի անձնական օգտագործման ավտոմեքենայի ներմուծման համար օրենքով սահմանված արտոնությունը կիրառելու համար անհրաժեշտ վերոգրյալ փաստերի ապացուցման բեռը, չի ապացուցել դրանց առկայությունը: Իսկ Վերաքննիչ դատարանը Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության ժամանող ֆիզիկական անձի անձնական օգտագործման ավտոմեքենայի ներմուծման համար օրենքով սահմանված արտոնությունը Հարութիուն Կալայդջյանի նկատմամբ կիրառելի է համարել` առանց այդ արտոնության կիրառման համար անհրաժեշտ բոլոր պայմանները հաստատող ապացույցների:

Ամփոփելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Հարութիուն Կալայդջյանի հայցը ենթակա էր մերժման, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից: Իսկ Դատարանը, մերժելով Հարութիուն Կալայդջյանի հայցը, կայացրել էր գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտ:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-152-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր է, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Դատական ակտին օրինական ուժ տալիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը: Միաժամանակ նկատի ունենալով, որ ստորադաս դատարանի գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտը թերի է պատճառաբանված, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ դատական ակտին պետք է օրինական ուժ տալ` սույն որոշման պատճառաբանություններով:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Կոմիտեն վճռաբեկ բողոքի համար վճարել է 20.000 ՀՀ դրամ, և քանի որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, ուստի բողոք բերած անձի կողմից նախապես վճարված պետական տուրքի գումարը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի հիմքով ենթակա է հատուցման Հարութիուն Կալայդջյանի կողմից:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 06.04.2018 թվականի որոշումը և օրինական ուժ տալ ՀՀ վարչական դատարանի 16.05.2017 թվականի վճռին` սույն որոշման պատճառաբանություններով:

2. Հարութիուն Կալայդջյանից հօգուտ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի բռնագանձել 20.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար սահմանված պետական տուրքի գումար:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող Ռ. Հակոբյան

Զեկուցող  Վ. Ավանեսյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
25.12.2019
N ՎԴ/6817/05/16
Որոշում