ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ
28 փետրվարի 2020 թվականի N 790-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՆՈՐ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՎԱՐԱԿՈՎ (2019Թ. N-COV) ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ԿԱՍԿԱԾԻ ԴԵՊՔՈՒՄ ՊԱՑԻԵՆՏՆԵՐԻ ԱԽՏՈՐՈՇՄԱՆ ՃՇՏՄԱՆ ԵՎ ԲՈՒԺՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՍՊԱՍԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի առաջին կետը, «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ գլխի 11-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի թիվ 728-Լ որոշման հավելվածով հաստատված առողջապահության նախարարության կանոնադրության 18-րդ կետի 20-րդ ենթակետը, առողջապահության համաշխարհային կազմակերպության առաջարկությունները` Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային վարակի (2019թ.n-CoV) դեմ պայքարի միջոցառումներն իրականացնելու նպատակով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային վարակի (2019 թ. ո-CoV) կասկածի դեպքում հիվանդանոցներում արտահիվանդանոցային պայմաններում և շուրջօրյա բժշկական օգնություն պահանջող հոսպիտալացված անձանց ախտորոշման ճշտումը և բուժումը իրականացվում է պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում` անկախ նրանց սոցիալական կարգավիճակից և քաղաքացիությունից:
2. Նոր կորոնավիրուսային վարակի (2019 թ. n-CoV) կասկածի դեպքում պետական պատվերով հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների ղեկավարներին` հրամանի 1-ին կետով սահմանված դեպքերի հիվանդանոցային բժշկական օգնության կազմակերպման ժամանակ առաջնորդվել առողջապահության նախարարի 2020 թվականի հունվարի 31-թիվ N 336-Ա հրամանի դրույթներով:
3. Սույն հրամանի 1-ին կետով սահմանված դեպքերը փոխհատուցել.
1) հիվանդանոցային պայմաններում ամբուլատոր բժշկական օգնության և սպասարկման դեպքը` 9000 դրամ,
2) հիվանդանոցային համաճարակաբանական դիտարկման, ախտորոշման ճշտման կամ շուրջօրյա հսկողություն պահանջող դեպքերի բժշկական օգնություն և սպասարկում` մեկ օրը 15,000 դրամ, առավելագույնը` 150,000 դրամ:
4. Առողջապահության նախարարության աշխատակազմի պետական առողջապահական գործակալության պետ Ծաղիկ Վարդանյանին`
հիմք ընդունել սույն հրամանի 1-ին կետով սահմանված դրույթները պետական պատվեր իրականացնող հիվանդանոցային բժշկական կազմակերպությունների կողմից ներկայացված հաշվետվությունների ընդունման ընթացքում իրականացնել դեպքերի փոխհատուցում:
5. Առողջապահության նախարարության քարտուղարության պետ Զարուհի Դարբինյանին` ապահովել պետական պատվեր իրականացնող բժշկական կազմակերպությունների իրազեկումը սույն հրամանի մասին:
6. Առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լիլիթ Բաբախանյանին` ապահովել սույն հրամանի տեղադրումը առողջապահության նախարարության պաշտոնական կայքէջում:
7. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել առողջապահության նախարարի տեղակալ Արտյոմ Սմբատյանին:
8. Սույն հրամանի դրույթները տարածվում են 2020 թվականի փետրվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա:
ԱՐՍԵՆ ԹՈՐՈՍՅԱՆ