Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 8...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 80-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    ՀՀ վարչական վերաքննիչ                 Վարչական գործ                   

    դատարանի որոշում                      թիվ ՎԴ/12867/05/17

    Վարչական գործ թիվ ՎԴ/12867/05/17      2019 թ.  

Նախագահող դատավոր` Ա. Առաքելյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող Ռ. Հակոբյան

զեկուցող  Մ. Դրմեյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Ե. Խունդկարյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

2019 թվականի դեկտեմբերի 12-ին

քննարկելով Աշոտ Մովսիսյանի ներկայացուցիչ Սարգիս Մադաթյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 14.03.2018 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշման դեմ` ըստ հայցի Աշոտ Մովսիսյանի ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի (այսուհետ` Կոմիտե), երրորդ անձինք Մարինե Մովսիսյանի, Կարինե Կարապետյանի, Երևանի քաղաքապետի` վարչական ակտն անվավեր ճանաչելու և հետևանքները վերացնելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Աշոտ Մովսիսյանը պահանջել է ճանաչել Կոմիտեի կողմից Երևան քաղաքի Տիգրան Մեծ պողոտայի թիվ 49 շենքի ավտոտնակ թիվ 2 հասցեի անշարժ գույքի նկատմամբ 30.03.2016 թվականի` Մարինե Մովսիսյանի սեփականության իրավունքի թիվ 30032016-01-0066 գրանցման հիման վրա ծագած իրավահարաբերության բացակայությունը, ճանաչել Կոմիտեի կողմից Երևան քաղաքի Տիգրան Մեծ պողոտայի թիվ 49 շենքի ավտոտնակ թիվ 2 հասցեի անշարժ գույքի նկատմամբ 19.10.2016 թվականի` Կարինե Կարապետյանի սեփականության իրավունքի թիվ 19102016-01-0040 գրանցման հիման վրա ծագած իրավահարաբերության բացակայությունը, անվավեր ճանաչել Մարինե Մովսիսյանի և Կարինե Կարապետյանի միջև 14.10.2016 թվականին կնքված անշարժ գույքի վաճառքի պայմանագիրը, վերացնել Կոմիտեի կողմից 19.10.2016 թվականի` Երևան քաղաքի Տիգրան Մեծ պողոտայի թիվ 49 շենքի ավտոտնակ թիվ 2 հասցեի անշարժ գույքի նկատմամբ Կարինե Կարապետյանի անվամբ կատարված սեփականության իրավունքի թիվ 19102016-01-0040 գրանցումը:

ՀՀ վարչական դատարանի 04.12.2017 թվականի որոշմամբ հայցադիմումը վերադարձվել է:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Մ. Մելքումյան) (այսուհետ` Դատարան) 17.01.2018 թվականի որոշմամբ հայցադիմումի ընդունումը մերժվել է:

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 14.03.2018 թվականի որոշմամբ Աշոտ Մովսիսյանի ներկայացուցչի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 17.01.2018 թվականի «Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշումը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Աշոտ Մովսիսյանի ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ հայցադիմումը վերադարձնելուց հետո այն կրկին ներկայացնելիս հայցվորը, հիմք ընդունելով Դատարանի կողմից պատշաճ հայցատեսակի մատնանշումը, վերաձևակերպել է իր պահանջը` ճանաչման հայցի փոխարեն ներկայացնելով վիճարկման հայցատեսակ` փորձելով խուսափել հայցադիմումի վարույթ ընդունելը մերժելու վտանգից: Սակայն Դատարանը հայցվորի կողմից ընտրված իրավունքի պաշտպանության այս միջոցը ևս դիտել է ոչ թույլատրելի և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի կիրառմամբ կայացրել է «Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշում, դրանով իսկ խախտելով հայցվորի դատական պաշտպանության իրավունքը:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 14.03.2018 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը և կայացնել նոր դատական ակտ:

 

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

 

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է սույն բողոքը ներկայացնելու պահին գործող խմբագրությամբ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` ստորադաս դատարանների կողմից ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի սխալ կիրառման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը` արդյո՞ք հայցվորի կողմից ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված համապատասխան հայցատեսակի սխալ ընտրության դեպքում հայցադիմումի ընդունումը ենթակա է մերժման` հայցը դատարանում քննության ենթակա չլինելու հիմքով:

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում է նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործի փաստական հանգամանքները դատարանը պարզում է ի պաշտոնե («ex officio»): Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատարանը (...) առաջարկում է ճշտել ոչ հստակ հայցային պահանջները, ոչ ճիշտ հայցատեսակները փոխարինել պատշաճ հայցատեսակներով (...):

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 65-րդ հոդվածի համաձայն` վարչական դատարանում գործը հարուցվում է հայցի հիման վրա:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի համաձայն` հայցադիմումը բովանդակում է հայցվորի պահանջը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` վարչական դատարանը մերժում է հայցադիմումի ընդունումը, եթե հայցը ենթակա չէ դատարանում քննության:

Վճռաբեկ դատարանը արձանագրում է, որ արդարադատության մատչելիության իրավունքը սերտորեն փոխկապակցված է այս կամ այն գործի` դատարանի քննությանը ենթակա լինելու կամ չլինելու հարցի հետ, քանի որ դատարանը` որպես իրավունքի վերաբերյալ գործեր քննող և լուծող մարմին, օժտված չէ համընդհանուր իրավազորությամբ և իր գործառույթներին ու խնդիրներին համապատասխան կարող է քննել և լուծել միայն իր իրավասությանը հանձնված գործերը: Այս հանգամանքն առաջացնում է, մի կողմից, դատարանի, իսկ մյուս կողմից, իրավաբանական գործեր քննելու և լուծելու իրավասություն ունեցող այլ մարմինների (օրինակ` վարչական մարմիններ, առևտրային արբիտրաժ և այլն) իրավասությունը հստակորեն սահմանազատելու անհրաժեշտություն: Դատարանի և իրավաբանական գործեր քննելու ու լուծելու իրավասություն ունեցող այլ մարմինների իրավասությունը տարանջատելիս կիրառվում է «ենթակայություն» իրավաբանական եզրույթը. ենթակայությունն իրավաբանական գործերի այնպիսի հատկանիշ է, որի միջոցով պարզվում է տվյալ գործը քննելու և լուծելու իրավասություն ունեցող կոնկրետ սուբյեկտը: Ըստ այդմ, այն գործերը, որոնց քննությունն ու լուծումն օրենքով հանձնված է դատարանի իրավասությանը, համարվում են դատական ենթակայության գործեր:

Փաստորեն, անձը կարող է իրացնել դատարանի մատչելիության իր իրավունքը միայն այն դեպքում, երբ դատարանի առջև վերջինիս բարձրացրած հարցը (որպես կանոն` իրավունքի մասին վեճը) ենթակա է քննության և լուծման դատարանի կողմից: Այդ իսկ պատճառով օրենսդիրը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում սահմանել է, որ դատարանը պարտավոր է մերժել հայցադիմումի ընդունումը, եթե հայցը ենթակա չէ դատարանում քննության:

ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախկին որոշումներից մեկում արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ հայցադիմումի ընդունումը կարող է մերժվել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված հիմքով այն դեպքում, երբ դատարան դիմող սուբյեկտը հայց հարուցելու իրավունք առհասարակ չունի, իսկ դատարանն իրավասու չէ լուծել իր առջև բարձրացված տվյալ վեճը (տե՛ս, Վարուժան Ավետիքյանն ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության թիվ ՎԴ/3804/05/15 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 14.03.2017 թվականի որոշումը):

Այսպիսով, անձի կողմից դատարանի առջև բարձրացված հարցի` դատարանի քննությանը ենթակա լինելու հանգամանքը հանդիսանում է հայց հարուցելու իրավունքի ընդհանուր դրական նախադրյալ, որի առկայության դեպքում միայն անձն իրավունք ունի իր սուբյեկտիվ իրավունքների պաշտպանության խնդրանքով դիմել դատարան: Հակառակ դեպքում, այսինքն` գործը դատարանին ենթակա չլինելու դեպքում, անձն իրավունք չունի հայց հարուցել դատարանում, և դատարանը պարտավոր է վարույթ չընդունել ներկայացված հայցադիմումը:

Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում ընդգծել, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը որդեգրել է այն կառուցակարգը, որ վարչական դատարանում գործ չի կարող հարուցվել, եթե այդ գործի հիմքում ընկած վեճը (հայցապահանջի հիմքում ընկած վիճելի իրավահարաբերությունը, հայցադիմումով դատարանի առջև բարձրացված հարցը) ենթակա չէ Հայաստանի Հանրապետությունում գործող առաջին ատյանի որևէ (ինչպես ընդհանուր իրավասության, այնպես էլ մասնագիտացված) դատարանում քննության: Հետևաբար, հայցը դատարանի քննությանը ենթակա չլինելու հիմքով հայցադիմումի ընդունումը մերժելիս վարչական դատարանը պարտավոր է ցույց տալ այն իրավական և փաստական հանգամանքները, որոնք վկայում են այն մասին, որ Հայաստանի Հանրապետությունում գործող առաջին ատյանի ընդհանուր իրավասության և մասնագիտացված բոլոր դատարաններն իրավասու չեն քննելու և լուծելու տվյալ վեճը:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ իրավակիրառ պրակտիկայում հաճախ հանդիպում են դեպքեր, երբ ֆիզիկական և իրավաբանական անձինք` որպես վարչական դատավարության մասնակիցներ, ակնկալելով վարչական դատավարության կարգով վերականգնել իրենց խախտված իրավունքները` ճիշտ չեն ընտրում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված համապատասխան հայցատեսակը կամ ճիշտ չեն ձևակերպում իրենց հայցային պահանջները:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն դեպքում, երբ վարչական դատարան դիմած անձն իր կողմից ներկայացված հայցի առարկան չի ձևակերպել տվյալ վիճելի իրավահարաբերության համար ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված ճիշտ հայցատեսակով, ապա այդ հանգամանքն ինքնին չի ենթադրում, որ հայցը ենթակա չէ դատարանում քննության: Այլ կերպ ասած, այս կամ այն վիճելի իրավահարաբերությունը (իրավունքի մասին վեճը կամ այլ հարցը) վարչական դատավարության կարգով դատարանի առջև բարձրացնելու համար ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված համապատասխան հայցատեսակի սխալ ընտրությունն ինքնին չի կարող հիմք հանդիսանալ հայցը դատարանի քննությանը ենթակա չլինելու հիմքով հայցադիմումի ընդունումը մերժելու համար: Փաստորեն, վարչական դատարանը չի կարող ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքով մերժել հայցադիմումի ընդունումը միայն այն պատճառաբանությամբ, որ հայցվորը դատական պաշտպանության չի դիմել օրենքով նախատեսված ճիշտ հայցատեսակով կամ հայցվորը դատարան է դիմել սխալ հայցատեսակով:

ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախկին որոշումներում բազմիցս ընդգծել է, որ հայցվորի կողմից ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված համապատասխան հայցատեսակի սխալ ընտրությունն ինքնին չի ենթադրում, որ հայցադիմումի ընդունումը պետք է մերժվի հայցը դատարանին ենթակա չլինելու հիմքով (տե՛ս, օրինակ, Գագիկ Մաթևոսյանն ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության թիվ ՎԴ/0229/05/15 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 20.07.2017 թվականի որոշումը):

Իր մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված վարչական հայցի տեսակները և դրանց օրենսդրական բնորոշումները չեն կարող խոչընդոտել անձանց արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի կենսագործումը: Վարչական հայցի տեսակների գոյության նպատակն այն է, որ հանրային իրավահարաբերություններից ծագող վեճերն արդյունավետ կերպով քննության առնվեն վարչական դատարանի կողմից` հաշվի առնելով միայն տվյալ հայցատեսակին բնորոշ առանձնահատուկ հատկանիշները: Այլ կերպ ասած` վարչական հայցի տեսակներն ուղղված են անձանց դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման ապահովմանը: Վարչական հայցի տեսակների` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված բնորոշումները չեն կարող մեկնաբանվել կամ կիրառվել որպես գործիք` անձին դատական պաշտպանություն փաստացի չտրամադրելու և վարչական արդարադատությունից հրաժարվելու համար: Նման մոտեցումը Վճռաբեկ դատարանը գնահատում է որպես դատավարական նորմերի մեխանիկական ընկալման և կիրառման հետևանք, ինչի արդյունքում խաթարվում է դատական պաշտպանության իրավունքի բուն էությունը (տե՛ս, Dumitru Gheorghe v. Romania (33883/06) գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 12.04.2016 թվականի վճիռը, 28-րդ կետ), (տե՛ս, Գագիկ Սիմոնյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/8117/05/18 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.09.2019 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ իրավակիրառ պրակտիկայում հաճախ հանդիպող վերը նկարագրված դեպքերում, երբ ֆիզիկական, իրավաբանական անձինք դատարան են դիմում սխալ հայցատեսակով կամ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով չնախատեսված հայցատեսակով, հանրային իրավահարաբերություններից ծագող վեճերից բխող գործերի քննության ու լուծման միջոցով նրանց իրավունքների արդյունավետ պաշտպանության միջոցի իրացումն ապահովվում է դատարանի կողմից գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե («ex officio») պարզելու սկզբունքի կենսագործման միջոցով, որը վարչական արդարադատությանը բնորոշ կարևորագույն առանձնահատկություններից մեկն է:

Վարչական դատավարությունում գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե («ex officio») պարզելու սկզբունքի լույսի ներքո ոչ ճիշտ հայցատեսակը պատշաճ հայցատեսակով փոխարինելու (պատշաճ հայցատեսակը մատնանշելու) կառուցակարգի վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշումներ է ձևավորել Վարուժան Ավետիքյանն ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության թիվ ՎԴ/3804/05/15 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 14.03.2017 թվականի որոշմամբ: Այդ որոշման շրջանակում ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե (»ex officio») պարզելու սկզբունքի ուժով վարչական դատարանի վրա դրված է որոշակի դատավարական գործողություններ կատարելիս դատավարության մասնակիցներին օժանդակելու պարտականություն: Այդ պարտականության դրսևորումներից մեկը ոչ ճիշտ հայցատեսակը պատշաճ հայցատեսակով փոխարինելու վերաբերյալ դատավարության մասնակիցներին առաջարկ անելն է: Ըստ ՀՀ վճռաբեկ դատարանի` որոշակի դատավարական գործողություններ կատարելիս դատավարության մասնակիցներին օժանդակելու վարչական դատարանի` գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե (»ex officio») պարզելու սկզբունքի էությունից բխող պարտականությունը վարչական դատավարությունում կարող է իրականացվել թե՛ գործի հարուցման, թե՛ գործը դատաքննության նախապատրաստելու, թե՛ դատաքննության փուլերի ընթացքում: ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ վարչական դատարանի կողմից ոչ ճիշտ հայցատեսակը պատշաճ հայցատեսակով փոխարինելու (պատշաճ հայցատեսակը մատնանշելու) վերաբերյալ հայցվորին առաջարկ անելու պարտականությունը կարող է կատարվել նաև գործի հարուցման փուլում: Հայցադիմումի ընդունելիության (գործի հարուցման) փուլում նշված դատավարական գործողությունը պետք է կատարվի հայցադիմումը վերադարձնելու մասին որոշման շրջանակներում: ՀՀ վճռաբեկ դատարանի գնահատմամբ վարչական դատարան ներկայացված հայցադիմումում հայցվորի պահանջը տվյալ վիճելի իրավահարաբերությունից բխող և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված ճիշտ հայցատեսակին չհամապատասխանող կերպով ձևակերպված լինելը հիմք է հանդիսանում տվյալ հայցադիմումը վերադարձնելու համար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի խախտման հիմքով: Այլ կերպ ասած` այն դեպքում, երբ հայցադիմումի ընդունելիության փուլում առկա են բավարար հիմքեր հանգելու այն եզրակացության, որ անձի կողմից վարչական դատարան ներկայացված հայցապահանջը ձևակերպված չէ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված պատշաճ հայցատեսակի հայցի առարկային համահունչ, ապա տվյալ հայցադիմումը ենթակա է վերադարձման` որպես բավարար չափով հստակ կամ որոշակի չձևակերպված պահանջ պարունակող հայցադիմում (տե՛ս, Վարուժան Ավետիքյանն ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության թիվ ՎԴ/3804/05/15 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 14.03.2017 թվականի որոշումը):

Սույն գործի փաստերի համաձայն հայցվորը ՀՀ վարչական դատարան է ներկայացրել հետևյալ պահանջները. ճանաչել Կոմիտեի կողմից Երևան քաղաքի Տիգրան Մեծ պողոտայի թիվ 49 շենքի ավտոտնակ թիվ 2 հասցեի անշարժ գույքի նկատմամբ 30.03.2016 թվականի` Մարինե Մովսիսյանի սեփականության իրավունքի թիվ 30032016-01-0066 գրանցման հիման վրա ծագած իրավահարաբերության բացակայությունը, ճանաչել Կոմիտեի կողմից Երևան քաղաքի Տիգրան Մեծ պողոտայի թիվ 49 շենքի ավտոտնակ թիվ 2 հասցեի անշարժ գույքի նկատմամբ 19.10.2016 թվականի` Կարինե Կարապետյանի սեփականության իրավունքի թիվ 19102016-01-0040 գրանցման հիման վրա ծագած իրավահարաբերության բացակայությունը, անվավեր ճանաչել Մարինե Մովսիսյանի և Կարինե Կարապետյանի միջև 14.10.2016 թվականին կնքված անշարժ գույքի վաճառքի պայմանագիրը, վերացնել Կոմիտեի կողմից 19.10.2016 թվականի Երևան քաղաքի Տիգրան Մեծ պողոտայի թիվ 49 շենքի ավտոտնակ թիվ 2 հասցեի անշարժ գույքի նկատմամբ Կարինե Կարապետյանի անվամբ կատարված սեփականության իրավունքի թիվ 19102016-01-0040 գրանցումը:

Դատարանը 04.12.2017 թվականի «Հայցադիմումը վերադարձնելու մասին» որոշմամբ վերադարձրել է Աշոտ Մովսիսյանի կողմից ներկայացված հայցադիմումը` ի թիվս այլնի, արձանագրելով իրավահարաբերության բացակայությունը ճանաչելու հայցապահանջների ոչ հստակ լինելը, առաջարկելով հստակեցնել հայցային պահանջները` տարբերակելով հիմնական և ածանցյալ պահանջները: Միաժամանակ Դատարանն առաջարկել է վիճարկման հայցը որպես ինքնուրույն պահանջ ներկայացվելու դեպքում նշել վարչական ակտի ուժի մեջ մտնելու ժամանակի վերաբերյալ տեղեկություններ, հիմնավորումներ և ապացույցներ, ինչպես նաև համալրել ոչ բավարար փաստական տվյալները (գ.թ. 21-23):

Հայցվորը 12.01.2018 թվականին հայցադիմումը կրկին ներկայացրել է ՀՀ վարչական դատարան` խնդրելով վերացնել Կոմիտեի կողմից 30.03.2016 թվականի` Երևան քաղաքի Տիգրան Մեծ պողոտայի թիվ 49 շենքի ավտոտնակ թիվ 2 հասցեի անշարժ գույքի նկատմամբ Մարինե Մովսիսյանի անվամբ կատարված սեփականության իրավունքի թիվ 30032016-01-0066 գրանցումը, որպես հետևանք` Մարինե Մովսիսյանի և Կարինե Կարապետյանի միջև 14.10.2016 թվականի անշարժ գույքի վաճառքի պայմանագիրը, որպես հետևանք` Կոմիտեի կողմից 19.10.2016 թվականի` Երևան քաղաքի Տիգրան Մեծ պողոտայի թիվ 49 շենքի ավտոտնակ թիվ 2 հասցեի անշարժ գույքի նկատմամբ Կարինե Կարապետյանի անվամբ կատարված սեփականության իրավունքի թիվ 19102016-01-0040 գրանցումը (գ.թ. 28-32):

Դատարանը 17.01.2018 թվականի որոշմամբ մերժել է հայցադիմումի ընդունումը` հայցը դատարանում քննության ենթակա չլինելու հիմքով` պատճառաբանելով, որ վիճարկման հայցի շրջանակներում կարող է ամբողջությամբ կամ մասնակիորեն վերացվել իրավաբանական ուժ ունեցող միջամտող վարչական ակտը, մինչդեռ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 30032016-01-0066 վկայականի հիման վրա նույն գույքի նկատմամբ Մարինե Մովսիսյանի անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումն այլևս իրավաբանական ուժ չունի (գ.թ. 58-60):

Վերաքննիչ դատարանը, հիմնավոր համարելով Դատարանի եզրահանգումները, 14.03.2018 թվականի որոշմամբ մերժել է հայցվորի ներկայացուցչի վերաքննիչ բողոքը` անփոփոխ թողնելով «Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» Դատարանի 17.01.2018 թվականի որոշումը (գ.թ. 118-129):

Վերոգրյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունների հիմնավորվածությանը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Նախ, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Դատարանը 04.12.2017 թվականի «Հայցադիմումը վերադարձնելու մասին» որոշմամբ Աշոտ Մովսիսյանին չի առաջարկել ճանաչման հայցատեսակը փոխարինել վիճարկման հայցատեսակով: Մասնավորապես` Դատարանը 04.12.2017 թվականի «Հայցադիմումը վերադարձնելու մասին» որոշմամբ իրավահարաբերության բացակայությունը ճանաչելու պահանջների (ճանաչման հայցատեսակ) մասով արձանագրել է միայն դրանց ոչ հստակ լինելը և առաջարկել հստակեցնել ոչ հստակ հայցային պահանջները` առանձնացնելով հիմնական և ածանցյալ պահանջները: Ընդ որում, ինչ վերաբերում է նշված որոշման մեջ առկա «Դատարանն առաջարկում է (...) վիճարկման հայցը, որպես ինքնուրույն պահանջ ներկայացվելու դեպքում` նշել վարչական ակտի ուժի մեջ մտնելու ժամանակի վերաբերյալ տեղեկություններ (...)» մատնանշմանը, ապա Վճռաբեկ դատարանը փաստում է, որ դրանից չի հետևում, որ Դատարանը մատնանշել է ճանաչման հայցատեսակը փոխարինել վիճարկման հայցատեսակով: Դատարանի վերը նշված առաջարկը վերաբերում է վերադարձվող հայցադիմումով ներկայացված վիճարկման հայցին, այն է` վերացնել Կոմիտեի կողմից 19.10.2016 թվականի Երևան քաղաքի Տիգրան Մեծ պողոտայի թիվ 49 շենքի ավտոտնակ թիվ 2 հասցեի անշարժ գույքի նկատմամբ Կարինե Կարապետյանի անվամբ կատարված սեփականության իրավունքի թիվ 19102016-01-0040 գրանցումը: ՈՒստի Վճռաբեկ դատարանն անհիմն է համարում բողոքաբերի այն պնդումը, որ Դատարանը 17.01.2018 թվականի որոշմամբ մերժել է իր մատնանշած հայցատեսակով ներկայացված հայցադիմումի ընդունումը:

Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Դատարանը 17.01.2018 թվականի որոշմամբ հայցադիմումի ընդունումը մերժել է այն պատճառաբանությամբ, որ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 30032016-01-0066 վկայականի հիման վրա Կոմիտեի կողմից 19.10.2016 թվականի` Երևան քաղաքի Տիգրան Մեծ պողոտայի թիվ 49 շենքի ավտոտնակ թիվ 2 հասցեի անշարժ գույքի նկատմամբ Մարինե Մովսիսյանի անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումն այլևս իրավաբանական ուժ չունի, մինչդեռ վիճարկման հայցի շրջանակներում կարող է ամբողջությամբ կամ մասնակիորեն վերացվել միայն իրավաբանական ուժ ունեցող միջամտող վարչական ակտը: Վերոգրյալի հիման վրա Դատարանը եզրակացրել է, որ հայցը ենթակա չէ դատարանում քննության, ինչը հաստատվել է նաև Վերաքննիչ դատարանի կողմից: Մինչդեռ Վճռաբեկ դատարանը, հիմնվելով սույն որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումների վրա, գտնում է, որ միայն այն հանգամանքը, որ Աշոտ Մովսիսյանի կողմից, ըստ Դատարանի, վիճարկվել է այլևս իրավաբանական ուժ չունեցող վարչական ակտ, բավարար չէ արձանագրելու համար, որ հայցը ենթակա չէ դատարանում քննության, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ նման իրավիճակում կարող էր քննարկվել ոչ թե հայցը դատարանում քննության ենթակա չլինելու հարցը, այլ` իրավունքների և ազատությունների դատական պաշտպանությունն իրացնելիս հայցվորի կողմից հայցատեսակի սխալ ընտրության հարցը, ինչն ինքնին չի ենթադրում, որ սույն գործով ներկայացված հայցը ենթակա չէ դատարանի քննությանը:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Աշոտ Մովսիսյանը, Կոմիտեի կողմից 30.03.2016 թվականի` Երևան քաղաքի Տիգրան Մեծ պողոտայի թիվ 49 շենքի ավտոտնակ թիվ 2 հասցեի անշարժ գույքի նկատմամբ Մարինե Մովսիսյանի անվամբ կատարված սեփականության իրավունքի թիվ 30032016-01-0066 գրանցումը, որպես հետևանք` Մարինե Մովսիսյանի և Կարինե Կարապետյանի միջև 14.10.2016 թվականին կնքված անշարժ գույքի վաճառքի պայմանագիրը, Կոմիտեի կողմից 19.10.2016 թվականի` Երևան քաղաքի Տիգրան Մեծ պողոտայի թիվ 49 շենքի ավտոտնակ թիվ 2 հասցեի անշարժ գույքի նկատմամբ Կարինե Կարապետյանի անվամբ կատարված սեփականության իրավունքի թիվ 19102016-01-0040 գրանցումը վերացնելու պահանջներով դիմելով դատարան, նպատակ է ունեցել իրացնել իր իրավունքների և ազատությունների դատական պաշտպանության իրավունքը: Եթե Դատարանը հանգել է այն եզրակացության, որ տվյալ դեպքում որպես հիմնական պահանջ վիճարկվող վարչական ակտը (Երևան քաղաքի Տիգրան Մեծ պողոտայի թիվ 49 շենքի ավտոտնակ թիվ 2 հասցեի անշարժ գույքի նկատմամբ Մարինե Մովսիսյանի անվամբ կատարված սեփականության իրավունքի թիվ 30032016-01-0066 գրանցումը) այլևս իրավաբանական ուժ չունի, ապա Դատարանը պարտավոր էր կատարել գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե («ex officio») պարզելու սկզբունքից բխող` դատավարության մասնակիցներին օժանդակելու իր պարտականությունը, այն է` առաջարկել Աշոտ Մովսիսյանին ներկայացնելու տվյալ վիճելի իրավահարաբերությունից բխող և օրենքով նախատեսված պատշաճ հայցատեսակի հայցի առարկային բնորոշ հայցապահանջ:

Այսպիսով, ամփոփելով վերոգրյալ փաստական և իրավական վերլուծությունները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հայցադիմումի ընդունումը չէր կարող մերժվել Աշոտ Մովսիսյանի հայցը դատարանում քննության ենթակա չլինելու հիմքով: Դատարանը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով մերժելով հայցադիմումի վարույթ ընդունումը, վարչական դատարանում գործի հարուցման հիմք հանդիսացող հայցատեսակները կարգավորող դատավարական կանոնների նկատմամբ ցուցաբերել է չափազանց ձևական (ֆորմալ) մոտեցում, որի արդյունքում Աշոտ Մովսիսյանի` դատարանի մատչելիության իրավունքը սահմանափակվել է այն աստիճան, որ վերջինս զրկվել է դատական կարգով խախտված իրավունքները վերականգնելու հնարավորությունից, ինչի արդյունքում խաթարվել է դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքների բուն էությունը, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 152-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու և նոր դատական ակտ կայացնելու համար:

Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 153-րդ, 163-րդ, 169-րդ և 171-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 14.03.2018 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը և կայացնել նոր դատական ակտ` վերացնել ՀՀ վարչական դատարանի 17.01.2018 թվականի «Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշումը:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող Ռ. Հակոբյան

Զեկուցող  Մ. Դրմեյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Ե. Խունդկարյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
12.12.2019
N ՎԴ/12867/05/17
Որոշում