Սեղմել Esc փակելու համար:
«ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

«ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 28-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ, ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    ՀՀ վարչական վերաքննիչ                Վարչական գործ                  

    դատարանի որոշում                     թիվ ՎԴ/0807/05/16

    Վարչական գործ թիվ ՎԴ/0807/05/16      2019 թ.

Նախագահող դատավոր` Ա. Աբովյան

    Դատավորներ`        Ա. Բաբայան

                       Ա. Սարգսյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

(մաս 1)

 

նախագահող Ռ. Հակոբյան

զեկուցող  Տ. Պետրոսյան

Ա. Բարսեղյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

2019 թվականի դեկտեմբերի 25-ին

դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (այսուհետև` Հանձնաժողով) վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 27.07.2017 թվականի որոշման դեմ` ըստ հայցի «Հայկական ծրագրեր» ՍՊԸ-ի (այսուհետև` Ընկերություն) ընդդեմ Հանձնաժողովի` Հանձնաժողովի 02.02.2016 թվականի թիվ 39-Ա որոշումը վերացնելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է անվավեր ճանաչել Հանձնաժողովի 02.02.2016 թվականի թիվ 39-Ա որոշումը:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Լ. Հակոբյան) (այսուհետ` Դատարան) 29.07.2016 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 27.07.2017 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը բավարարվել է, Դատարանի 29.07.2016 թվականի վճիռը բեկանվել և փոփոխվել է` հայցը բավարարվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Հանձնաժողովը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Ընկերությունը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 2-րդ մասը, 30-րդ հոդվածի 11-րդ մասը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Հանձնաժողովի նախագահի 18.07.2015 թվականի թիվ ԱՇ-1443 գրության բովանդակության և դրան կից ձևանմուշի աղյուսակի ուսումնասիրությունից կարելի է եզրակացնել, որ նշված գրությամբ Ընկերությունից պահանջվել են նաև 2014 թվականին նախորդող ժամանակահատվածի վերաբերյալ տվյալներ: Մասնավորապես` ձևանմուշի աղյուսակի «2014 թվական» գլխագրով սյունակը հաջորդ ենթասյունակում պարունակում է հստակեցում այդ սյունակում լրացման ենթակա տեղեկատվության վերաբերյալ` «2014 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ» գրառման տեսքով, որի տառացի մեկնաբանությունից պարզ է դառնում, որ պահանջվել է մինչև 2014 թվականի դեկտեմբերի 31-ը վաճառված և սպասարկվող լիցենզիաների ընդհանուր քանակ և արժեք` սկսած առաջին վաճառված լիցենզիայից մինչև 2014 թվականի 31-ը:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Հանձնաժողովի թիվ 295-Ա որոշման 2-րդ կետով Ընկերությունից պահանջվել է ներկայացնել տեղեկատվություն, որն անհրաժեշտ էր Հանձնաժողովի լիազորություններն իրականացնելու համար: ՈՒստի, անկախ այն հանգամանքից, թե տեղեկատվությունն Ընկերությունից պահանջվել է կասեցված վարչական վարույթի ընթացքում, թե ընդհանրապես որևէ կոնկրետ վարչական վարույթից դուրս, Ընկերությունը պարտավոր էր այն ներկայացնել սահմանված ժամկետում:

Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև, որ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 2-րդ մասի և 30-րդ հոդվածի 11-րդ մասի համակարգային վերլուծությունը վկայում է, որ անկախ այն հանգամանքից, թե տնտեսվարող սուբյեկտից նախքան կասեցման որոշում ընդունելը տեղեկատվություն պահանջվել է, թե` ոչ, Հանձնաժողովն իրավասու է վարչական վարույթը կասեցնել այնպիսի տեղեկատվություն ստանալու հիմքով, որի բացակայությունն անհնարին է դարձնում վարչական վարույթի իրականացումը: Հանձնաժողովի 11.09.2015 թվականի թիվ 295-Ա որոշմամբ 2011, 2012 և 2013 թվականների մասին տեղեկատվություն ներկայացնելու պահանջն իրավաչափ է թե՛ այն հիմնավորմամբ, որ նախկինում այդ տեղեկատվությունը պահանջվել է Ընկերությունից ու չի ներկայացվել, թե՛ այն հիմնավորմամբ, որ տեղեկատվության բացակայությունն անհնարին է դարձնում վարչական վարույթի իրականացումը:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 27.07.2017 թվականի որոշումը և փոփոխել այն` հայցը մերժել, կամ գործն ուղարկել նոր քննության:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի փաստարկները.

Վճռաբեկ բողոքն անհիմն է և ենթակա է մերժման: Հանձնաժողովի նախագահի 18.07.2015 թվականի թիվ ԱՇ-1443 գրության և կից աղյուսակի ուսումնասիրությունը վկայում է, որ դրանով Ընկերությունից չի պահանջվել 2014 թվականին նախորդող ժամանակահատվածների համար տեղեկատվություն: Ընկերությունից տեղեկատվությունը պահանջվել է վարչական վարույթի շրջանակներում, հետևաբար դրա իրավաչափության և «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածին համապատասխանության հարցը պետք է դիտարկել վարչական վարույթում Հանձնաժողովի լիազորությունների կիրառման անհրաժեշտության և պահանջի օրինականության շրջանակներում: Հանձնաժողովը տվյալ դեպքում ոչ իրավաչափորեն է կասեցրել վարչական վարույթը, քանի որ առկա չեն եղել վարույթը կասեցնելու` օրենքով սահմանված հիմքերը:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1. 17.06.2015 թվականի թիվ 152-Ա որոշմամբ Հանձնաժողովի կողմից հարուցվել է վարչական վարույթ` Ընկերության կողմից «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի հնարավոր խախտման վերաբերյալ` այն հիմնավորմամբ, որ Ընկերությունն իր ծրագրերի մատակարարման և սպասարկման ոլորտում, ըստ նախնական ուսումնասիրության, կարող է զբաղեցնել գերիշխող դիրք (հատոր 1-ին, գ.թ. 7):

2. Հանձնաժողովի 17.06.2015 թվականի թիվ 152-Ա որոշմամբ հարուցված վարույթի շրջանակներում Հանձնաժողովի նախագահը 18.07.2015 թվականի թիվ ԱՇ-1443 գրությամբ Ընկերությունից պահանջել է 7 աշխատանքային օրվա ընթացքում Հանձնաժողով ներկայացնել հետևյալ տեղեկատվությունը.

1) Տեղեկատվություն Ընկերության կողմից վաճառված ծրագրերի, լիցենզիաների և ծրագրերի սպասարկման ծառայությունների վերաբերյալ` համաձայն թիվ 1 ձևանմուշի` էլեկտրոնային (MS Excel ձևաչափով) և թղթային տարբերակներով,

2) Տեղեկատվություն 2014 թվականի և 2015 թվականի հունվարի 1-ից հունիսի 31-ն ընկած ժամանակահատվածում ընկերության իրացման, վարչական, ֆինանսական և այլ ծախսերի վերաբերյալ (ըստ ամիսների)` համաձայն թիվ 2 ձևանմուշի` էլեկտրոնային (MS Excel ձևաչափով) և թղթային տարբերակներով,

3) Պարզաբանում Ընկերության ինտերնետային կայքէջում տեղադրված «ոլորտի բացարձակ առաջատարը Հայաստանում» արտահայտության վերաբերյալ` նշելով, թե որ ոլորտի մասին է խոսվում և բացարձակ առաջատար լինելու վերաբերյալ ընկերության հիմնավորումները,

4) Տեղեկատվություն (անվանում, կոնտակտային տվյալներ) այն ընկերությունների վերաբերյալ, որոնք իրականացնում են Ընկերության կողմից վաճառված լիցենզիաների ծրագրային սպասարկում այն նույն ծավալով, ինչ Ընկերությունը (հատոր 1-ին, գ.թ. 14):

3. Ի պատասխան Հանձնաժողովի նախագահի 18.07.2015 թվականի թիվ ԱՇ-1443 գրության` Ընկերության տնօրենը 06.08.2015 թվականին Հանձնաժողով է ներկայացրել գրություն` հայտնելով, որ պահանջված հաշվետվությունները ճշգրիտ ստանալու համար պահանջվում է լուրջ փոփոխություններ անել հաշվապահական հաշվառման մեջ, փոփոխել եղած գործընթացները, ինչը հնարավոր չէ իրականացնել կարճ ժամանակահատվածում

(02.02.2016 թվականի թիվ 39-Ա որոշմամբ հարուցված վարչական վարույթի նյութեր, էջ 26):

4. Հանձնաժողովի նախագահը 24.08.2015 թվականի թիվ ԱՇ-1728 գրությամբ հայտնել է Ընկերությանը, որ Հանձնաժողովը տրամադրում է ևս 7 աշխատանքային օր` 18.07.2015 թվականի թիվ ԱՇ-1443 գրությամբ պահանջված տեղեկատվությունը ներկայացնելու համար (հատոր 1-ին, գ.թ. 18):

5. Ի պատասխան Հանձնաժողովի նախագահի 24.08.2015 թվականի թիվ ԱՇ-1728 գրության` Ընկերության տնօրենը 08.09.2015 թվականին Հանձնաժողով է ներկայացրել գրություն` հայտնելով, որ ներկայացվում են «Տեղեկատվություն «Հայկական Ծրագրեր» ՍՊԸ-ի կողմից վաճառված ծրագրերի լիցենզիաների և ծրագրերի սպասարկման ծառայությունների վերաբերյալ` համաձայն թիվ 1 ձևանմուշի» և «Տեղեկատվություն 2014 թվականի և 2015 թվականի հունվարի 1-ից հունիսի 31-ն ընկած ժամանակահատվածում ընկերության իրացման, վարչական, ֆինանսական և այլ ծախսերի վերաբերյալ (ըստ ամիսների)` համաձայն թիվ 2 ձևանմուշի» հաշվետվությունները` կից 4 էջերով (17.06.2015 թվականի թիվ 152-Ա որոշմամբ հարուցված վարչական վարույթի նյութեր, էջեր 14-18):

6. 11.09.2015 թվականի թիվ 295-Ա որոշմամբ Հանձնաժողովը կասեցրել է Հանձնաժողովի 17.06.2015 թվականի թիվ 152-Ա որոշմամբ հարուցված վարույթի ժամկետի ընթացքը և հանձնարարել Ընկերությանը` այդ որոշումը ստանալուն հաջորդող օրվանից հաշված 7 աշխատանքային օրվա ընթացքում Հանձնաժողով ներկայացնել տեղեկատվություն 2011, 2012 և 2013 թվականներին վաճառված լիցենզիաների քանակի և ծրագրերի սպասարկման ծառայությունների վերաբերյալ` համաձայն որոշման թիվ 1 հավելվածով սահմանված ձևանմուշի` էլեկտրոնային (MS Excel ձևաչափով) և թղթային տարբերակներով:

Հանձնաժողովն իր այդ որոշումը հիմնավորել է այն փաստարկով, որ Ընկերությունը Հանձնաժողով է ներկայացրել 2014-2015 թվականներին վաճառված լիցենզիաների քանակի, իրականացված ծրագրային սպասարկումների վերաբերյալ պարզաբանում, որը, սակայն, չի ներառում Հանձնաժողովի կողմից պահանջված բոլոր տվյալները: Ըստ այդմ, Հանձնաժողովը «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 11-րդ մասի վկայակոչմամբ գտել է, որ հարուցված վարչական վարույթի շրջանակներում բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ ուսումնասիրություն իրականացնելու նպատակով անհրաժեշտ է կասեցնել վարչական վարույթը:

Նշված որոշումն ուղարկվել է Ընկերությանը Հանձնաժողովի աշխատակազմի ղեկավարի 15.09.2015 թվականի թիվ ԱՀ-1817 գրությամբ (հատոր 1-ին, գ.թ. 19-20):

7. Ի պատասխան Հանձնաժողովի աշխատակազմի ղեկավարի 15.09.2015 թվականի թիվ ԱՀ-1817 գրության` Ընկերության ներկայացուցիչ Արամ Օրբելյանը 28.09.2015 թվականին Հանձնաժողով է ներկայացրել պատասխան-գրություն, որով հայտնել է, որ Ընկերությունից 18.07.2015 թվականի թիվ ԱՇ-1443 գրությամբ պահանջվել էր ներկայացնել տեղեկատվություն 2014-2015 թվականների վերաբերյալ, ինչն էլ իր տիրապետության տակ եղած տեղեկությունների շրջանակներում ներկայացվել է: Սակայն Հանձնաժողովը 15.09.2015 թվականի թիվ ԱՀ-1817 գրությամբ պահանջել է նոր տեղեկատվություն` 2011-2013 թվականների համար, ինչը նախկինում պահանջված չի եղել: Հետևաբար, վարույթը կասեցնելու հիմքը բացակայում է: Ընկերության ներկայացուցիչը միաժամանակ հայտնել է, որ քանի դեռ վարույթը կասեցված է, Ընկերությունը չի կարող (իրավունք չունի) որևէ տեղեկություն ներկայացնել

(17.06.2015 թվականի թիվ 152-Ա որոշմամբ հարուցված վարչական վարույթի նյութեր, էջեր 4-5):

8. Հանձնաժողովի 18.01.2016 թվականի թիվ 02-Ա որոշմամբ հարուցվել է նոր վարչական վարույթ` «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի հնարավոր խախտման (Հանձնաժողովի կողմից պահանջվող տեղեկատվությունը ոչ ամբողջական ներկայացնելու) վերաբերյալ (02.02.2016 թվականի թիվ 39-Ա որոշմամբ հարուցված վարչական վարույթի նյութեր, էջ 12):

9. 02.02.2016 թվականին Հանձնաժողովն ընդունել է թիվ 39-Ա որոշումը, որով Հանձնաժողովի 11.09.2015 թվականի թիվ 295-Ա որոշման 2-րդ կետով նախատեսված տեղեկատվությունը սահմանված ժամկետում չներկայացնելը որակվել է որպես «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի խախտում և Ընկերության նկատմամբ կիրառվել է տուգանք` 2.000.000 ՀՀ դրամի չափով (հատոր 1-ին, գ.թ. 27-28):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

 

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է վճռաբեկ բողոքը ներկայացնելու և վարույթ ընդունելու պահի դրությամբ գործող խմբագրությամբ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները` Հանձնաժողովի լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ փաստաթղթեր և այլ տեղեկատվություն ներկայացնելու պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար պատասխանատվություն կիրառելու վերաբերյալ վարչական ակտի իրավաչափության գնահատման առանձնահատկությունների վերաբերյալ, կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար:

Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ հարցադրմանը. Հանձնաժողովի լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ փաստաթղթեր և այլ տեղեկատվություն ներկայացնելու պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար պատասխանատվություն կիրառելու վերաբերյալ վարչական ակտի իրավաչափությունը կարող է արդյո՞ք պայմանավորված լինել այնպիսի հանգամանքներով, որոնք վերաբերում են տնտեսական մրցակցության ոլորտում առերևույթ թույլ տրված խախտման հիմքով հարուցված վարչական վարույթում կատարված գործողությունների իրավաչափությանը:

«Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն` Հանձնաժողովն իրավունք ունի ընդունելու որոշումներ (...) վարչական վարույթ հարուցելու (...), տնտեսվարող սուբյեկտներին և նրանց պաշտոնատար անձանց, պետական մարմինների պաշտոնատար անձանց նույն օրենքի խախտման համար պատասխանատվության ենթարկելու (...) վերաբերյալ:

«Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Հանձնաժողովի նախագահի գրության կամ Հանձնաժողովի որոշման կամ օրենսդրությամբ սահմանված պահանջի հիման վրա տնտեսվարող սուբյեկտները պարտավոր են սահմանված ժամկետում ներկայացնել օրենքով նախատեսված` Հանձնաժողովի լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ փաստաթղթեր և այլ տեղեկատվություն:

«Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նույն օրենքի խախտման դեպքում Հանձնաժողովն իրավասու է իր որոշմամբ տալու նախազգուշացում կամ նշանակելու տուգանք:

«Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն` տնտեսվարող սուբյեկտի կողմից Հանձնաժողովի նախագահի գրությամբ կամ Հանձնաժողովի որոշմամբ կամ օրենսդրությամբ սահմանված փաստաթղթեր կամ այլ տեղեկատվություն սահմանված ժամկետում չներկայացնելու կամ ոչ հավաստի կամ ոչ ամբողջական տեղեկություններ ներկայացնելու համար նշանակվող տուգանքի չափը կազմում է մինչև հինգ միլիոն դրամ:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի իրավակարգավորումները նպատակաուղղված են Հայաստանի Հանրապետությունում ազատ տնտեսական մրցակցության վրա հիմնված շուկայական տնտեսության բնականոն կենսագործունեության ապահովմանը և տարածվում են տնտեսվարող սուբյեկտների այն գործողությունների կամ վարքագծի վրա, որոնք հանգեցնում են կամ կարող են հանգեցնել ապրանքների իրացման կամ ձեռքբերման առավել նպաստավոր պայմանների ապահովմանն ուղղված տնտեսական գործունեության սահմանափակմանը, կանխմանը, արգելմանը կամ անբարեխիղճ մրցակցության գործողությանը (տե՛ս, «Նատալի Ֆարմ» ՍՊԸ-ն ընդդեմ Հանձնաժողովի թիվ ՎԴ/6329/05/12 գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.04.2016 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքով Հանձնաժողովին վերապահված է նույն օրենքի հնարավոր կամ փաստացի խախտման վերաբերյալ վարչական վարույթ հարուցելու լիազորություն: Հանձնաժողովը նույն վարչական վարույթի շրջանակներում իրավասու է նաև տնտեսվարող սուբյեկտից պահանջելու իր լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ փաստաթղթեր կամ այլ տեղեկատվություն: Իսկ տնտեսվարող սուբյեկտը պարտավոր է սահմանված ժամկետում և նշված ծավալով ներկայացնել վերոնշյալ տեղեկությունները: Ընդ որում, Հանձնաժողովի այդ պահանջը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելն առաջացնում է «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքով նախատեսված պատասխանատվություն:

Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում հատուկ շեշտել, որ տնտեսվարող սուբյեկտից տեղեկություններ պահանջելու լիազորությունը Հանձնաժողովի համար պետք է հանդիսանա ոչ թե տնտեսվարող սուբյեկտին պատասխանատվության ենթարկելու, այլ` հարուցված վարչական վարույթն օրենքով սահմանված կարգով եզրափակելու միջոց: Հարուցված վարչական վարույթի շրջանակում տեղեկատվություն ներկայացնելու` Հանձնաժողովի պահանջը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար պատասխանատվության սահմանումը միտված է տնտեսվարող սուբյեկտների կողմից իրենց տիրապետության տակ գտնվող և Հանձնաժողովի լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ տեղեկատվությունը ներկայացնելու միջոցով ապահովելու Հանձնաժողովի լիազորությունների արդյունավետ իրականացումը: Տեղեկատվություն ներկայացնելու պահանջը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար օրենքով նախատեսված պատասխանատվության ոչ համաչափ կիրառումը կարող է դիտարկվել որպես քողարկված պատասխանատվություն տնտեսական մրցակցության ոլորտում առերևույթ թույլ տրված այն խախտման համար, որը հիմք է հանդիսացել վարչական վարույթ հարուցելու համար: Հանձնաժողովի այդ վարքագիծը հակասում է վարչարարության հիմնարար սկզբունքներին և անթույլատրելի է իրավական պետությունում:

«Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի վկայակոչված իրավադրույթների բովանդակային վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը հանգում է հետևյալին.

1) օրենսդիրը Հանձնաժողովին վերապահել է տնտեսվարող սուբյեկտներից տեղեկատվություն պահանջելու լիազորություն, որին համապատասխանում է վերջիններիս` Հանձնաժողովին տեղեկատվություն ներկայացնելու պարտականությունը,

2) տեղեկատվություն պահանջելու Հանձնաժողովի լիազորության իրականացման կամ տեղեկատվություն ներկայացնելու տնտեսվարող սուբյեկտի պարտականության կատարման նախադրյալը պահանջվող տեղեկատվության` Հանձնաժողովի լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ լինելն է,

3) Հանձնաժողովին տեղեկատվություն ներկայացնելու պարտականության ծագման հիմքերն են`

- Հանձնաժողովի նախագահի գրությունը, կամ

- Հանձնաժողովի որոշումը, կամ

- անմիջականորեն օրենսդրությամբ սահմանված պահանջը:

Տնտեսվարող սուբյեկտների կողմից Հանձնաժողովին համապատասխան տեղեկատվություն ներկայացնելու պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար վերջիններս ենթակա են պատասխանատվության «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 7-րդ մասով: Այդ պատասխանատվությունն առաջանում է հետևյալ արարքների համար.

1) Հանձնաժողովի նախագահի գրությամբ կամ Հանձնաժողովի որոշմամբ կամ օրենսդրությամբ սահմանված փաստաթղթեր կամ այլ տեղեկատվություն սահմանված ժամկետում չներկայացնելը, կամ

2) ոչ հավաստի կամ ոչ ամբողջական տեղեկություններ ներկայացնելը:

Ընդ որում, նշված իրավախախտման համար որպես պատասխանատվության միջոց կիրառվում է նախազգուշացումը կամ տուգանքը` մինչև հինգ միլիոն դրամի չափով:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տնտեսվարող սուբյեկտների կողմից Հանձնաժողովին համապատասխան տեղեկատվություն ներկայացնելու պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում Հանձնաժողովի կողմից հարուցվում է վարչական վարույթ, որն ուղղված է տվյալ տնտեսվարող սուբյեկտի` «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 7-րդ մասով նախատեսված պատասխանատվության հարցը լուծելուն: Նշված հարցը լուծվում է առանձին վարչական վարույթով. այդ վարչական վարույթն ունի իր ինքնուրույն փուլերը (հարուցման, ընթացիկ) և եզրափակվում է տնտեսվարող սուբյեկտին պատասխանատվության ենթարկող առանձին վարչական ակտի ընդունմամբ: Հետևաբար, տնտեսվարող սուբյեկտների կողմից Հանձնաժողովին համապատասխան տեղեկատվություն ներկայացնելու պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար պատասխանատվություն սահմանող վարչական ակտի իրավաչափությունը պայմանավորված չէ տնտեսական մրցակցության ոլորտում առերևույթ թույլ տրված խախտման հիմքով հարուցված վարչական վարույթի ընթացքում կատարված գործողությունների իրավաչափությամբ:

Փաստորեն, Հանձնաժողովի կողմից տնտեսվարող սուբյեկտներին ներկայացվող տեղեկատվություն տրամադրելու պահանջի իրավաչափության պայմանները կանխորոշված են «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 2-րդ մասով: Որպես Հանձնաժողովի կողմից տնտեսվարող սուբյեկտներին ներկայացվող տեղեկատվություն տրամադրելու պահանջի իրավաչափության պայման` նախատեսված է միայն (1) վարչական մարմնի մոտ տեղեկատվություն պահանջելու լիազորության ծագման և իրականացման նախադրյալի առկայությունը, այն է` պահանջվող տեղեկատվության անհրաժեշտությունը Հանձնաժողովի լիազորությունների իրականացման համար, և (2) Հանձնաժողովին տեղեկատվություն ներկայացնելու պարտականության ծագման հիմքերից (Հանձնաժողովի նախագահի գրություն կամ Հանձնաժողովի որոշում կամ օրենսդրությամբ սահմանված պահանջ) որևէ մեկի առկայությունը: Այսինքն` անկախ տնտեսական մրցակցության ոլորտում առերևույթ թույլ տրված խախտման հիմքով հարուցված վարչական վարույթի ընթացքում կատարվող գործողությունների իրավաչափությունից, տնտեսվարող սուբյեկտները պարտավոր են ներկայացնել պահանջվող տեղեկատվությունը` օրենքով նախատեսված պայմանների առկայության դեպքում:

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործի փաստերի համաձայն` Հանձնաժողովի կողմից 17.06.2015 թվականի թիվ 152-Ա որոշմամբ հարուցվել է վարչական վարույթ` Ընկերության կողմից «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի հնարավոր խախտման վերաբերյալ, այն հիմնավորմամբ, որ Ընկերությունն իր ծրագրերի մատակարարման և սպասարկման ոլորտում, ըստ նախնական ուսումնասիրության, կարող է զբաղեցնել գերիշխող դիրք:

Նշված վարույթի շրջանակներում Հանձնաժողովի նախագահը 18.07.2015 թվականի թիվ ԱՇ-1443 գրությամբ Ընկերությունից պահանջել է 7 աշխատանքային օրվա ընթացքում Հանձնաժողով ներկայացնել նույն գրությամբ նշված տեղեկատվությունը, այդ թվում նաև` տեղեկատվություն Ընկերության կողմից վաճառված ծրագրերի, լիցենզիաների և ծրագրերի սպասարկման ծառայությունների վերաբերյալ` համաձայն թիվ 1 ձևանմուշի` էլեկտրոնային (MS Excel ձևաչափով) և թղթային տարբերակներով, ինչպես նաև տեղեկատվություն 2014 թվականի և 2015 թվականի հունվարի 1-ից հունիսի 31-ն ընկած ժամանակահատվածում Ընկերության իրացման, վարչական, ֆինանսական և այլ ծախսերի վերաբերյալ (ըստ ամիսների)` համաձայն թիվ 2 ձևանմուշի` էլեկտրոնային (MS Excel ձևաչափով) և թղթային տարբերակներով: Իսկ Հանձնաժողովի նախագահի 24.08.2015 թվականի թիվ ԱՇ-1728 գրությամբ Ընկերությանը տրամադրվել է ևս 7 աշխատանքային օր թիվ ԱՇ-1443 գրությամբ պահանջված տեղեկատվությունը ներկայացնելու համար:

Ի պատասխան Հանձնաժողովի նախագահի 24.08.2015 թվականի թիվ ԱՇ-1728 գրության` Ընկերության տնօրենը 08.09.2015 թվականին Հանձնաժողով է ներկայացրել գրություն` հայտնելով, որ ներկայացվում են «Տեղեկատվություն «Հայկական Ծրագրեր» ՍՊԸ-ի կողմից վաճառված ծրագրերի լիցենզիաների և ծրագրերի սպասարկման ծառայությունների վերաբերյալ` համաձայն թիվ 1 ձևանմուշի» և «Տեղեկատվություն 2014 թվականի և 2015 թվականի հունվարի 1-ից հունիսի 31-ն ընկած ժամանակահատվածում ընկերության իրացման, վարչական, ֆինանսական և այլ ծախսերի վերաբերյալ (ըստ ամիսների)` համաձայն թիվ 2 ձևանմուշի» հաշվետվությունները` կից 4 էջերով:

Հանձնաժողովը 11.09.2015 թվականի թիվ 295-Ա որոշմամբ կասեցրել է սկզբնական վարույթի ժամկետի ընթացքը և հանձնարարել Ընկերությանը` այդ որոշումը ստանալուն հաջորդող օրվանից հաշված 7 աշխատանքային օրվա ընթացքում Հանձնաժողով ներկայացնել տեղեկատվություն 2011, 2012 և 2013 թվականներին վաճառված լիցենզիաների քանակի և ծրագրերի սպասարկման ծառայությունների վերաբերյալ` համաձայն որոշման թիվ 1 հավելվածով սահմանված ձևանմուշի` էլեկտրոնային (MS Excel ձևաչափով) և թղթային տարբերակներով:

Հանձնաժողովն իր այդ որոշումը հիմնավորել է այն փաստարկով, որ Ընկերությունը Հանձնաժողով է ներկայացրել 2014-2015 թվականներին վաճառված լիցենզիաների քանակի, իրականացված ծրագրային սպասարկումների վերաբերյալ պարզաբանում, որը սակայն չի ներառում Հանձնաժողովի կողմից պահանջված բոլոր տվյալները: Ըստ այդմ, Հանձնաժողովը «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 11-րդ մասի վկայակոչմամբ գտել է, որ հարուցված վարչական վարույթի շրջանակներում բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ ուսումնասիրություն իրականացնելու նպատակով անհրաժեշտ է կասեցնել վարչական վարույթը:

Նշված որոշումն ուղարկվել է Ընկերությանը Հանձնաժողովի աշխատակազմի ղեկավարի 15.09.2015 թվականի թիվ ԱՀ-1817 գրությամբ:

Ի պատասխան Հանձնաժողովի աշխատակազմի ղեկավարի 15.09.2015 թվականի թիվ ԱՀ-1817 գրության` Ընկերության ներկայացուցիչ Արամ Օրբելյանը 28.09.2015 թվականին Հանձնաժողով է ներկայացրել պատասխան-գրություն, որով հայտնել է, որ Ընկերությունից 18.07.2015 թվականի թիվ ԱՇ-1443 գրությամբ պահանջվել էր ներկայացնել տեղեկատվություն 2014-2015 թվականների վերաբերյալ, ինչն էլ իր տիրապետության տակ եղած տեղեկությունների շրջանակներում ներկայացվել է: Սակայն Հանձնաժողովը 15.09.2015 թվականի թիվ ԱՀ-1817 գրությամբ պահանջել է նոր տեղեկատվություն` 2011-2013 թվականների համար, ինչը նախկինում պահանջված չի եղել: Հետևաբար, վարույթը կասեցնելու հիմքը բացակայում է: Ընկերության ներկայացուցիչը միաժամանակ հայտնել է, որ քանի դեռ վարույթը կասեցված է, Ընկերությունը չի կարող (իրավունք չունի) որևէ տեղեկություն ներկայացնել:

Հանձնաժողովի 18.01.2016 թվականի թիվ 02-Ա որոշմամբ հարուցվել է նոր վարչական վարույթ` «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի հնարավոր խախտման (Հանձնաժողովի կողմից պահանջվող տեղեկատվությունը ոչ ամբողջական ներկայացնելու) վերաբերյալ:

02.02.2016 թվականին Հանձնաժողովն ընդունել է թիվ 39-Ա որոշումը, որով Հանձնաժողովի 11.09.2015 թվականի թիվ 295-Ա որոշման 2-րդ կետով նախատեսված տեղեկատվությունը սահմանված ժամկետում չներկայացնելը որակվել է որպես «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի խախտում և Ընկերության նկատմամբ նշանակվել է տուգանք` 2.000.000 ՀՀ դրամի չափով: Այսինքն` Ընկերությունը ենթարկվել է պատասխանատվության այն բանի համար, որ սահմանված ժամկետում չի ներկայացրել Հանձնաժողովի 11.09.2015 թվականի թիվ 295-Ա որոշմամբ սահմանված տեղեկատվությունը` 2011, 2012, 2013 թվականներին Ընկերության կողմից վաճառված ծրագրերի լիցենզիաների և ծրագրերի սպասարկման ծառայությունների վերաբերյալ:

Սույն գործը հարուցվել է Ընկերության վիճարկման հայցի հիման վրա, որով վերջինս պահանջել է անվավեր ճանաչել Հանձնաժողովի 02.02.2016 թվականի թիվ 39-Ա որոշումը: Սույն գործով էական նշանակություն ունեցող հարցն այն է, թե իրավաչափ է արդյոք Հանձնաժողովի 11.09.2015 թվականի թիվ 295-Ա որոշմամբ տեղեկատվություն ներկայացնելու վերաբերյալ պահանջը, թե` ոչ:

Դատարանը մերժել է Ընկերության հայցը` պատճառաբանելով, որ անկախ նրանից, թե երբ է ուժի մեջ մտել Հանձնաժողովի 11.09.2015 թվականի թիվ 295-Ա որոշումը, տեղեկատվությունը պահանջվել է Ընկերությունից: Տեղեկատվությունը պահանջելու մասին որոշումն ընդունվել է դեռևս չավարտված վարչական վարույթի շրջանակներում, վարույթի ընթացքում, և ըստ այդմ` տեղեկատվություն տրամադրելու պահանջը եղել է իրավաչափ:

Վերաքննիչ դատարանը, բավարարելով Ընկերության վերաքննիչ բողոքը, Դատարանի վճիռը բեկանել, փոփոխել է և հայցը բավարարել է: Վերաքննիչ դատարանը պատճառաբանել է, որ Հանձնաժողովն իրավասու չէր սկզբնական վարույթի կասեցման հիման վրա Ընկերությունից պահանջել նախընթաց ժամանակահատվածում Ընկերությունից չպահանջված տեղեկատվություն, և դա անելով` խախտել է վարչարարության օրինականության սկզբունքը: Իսկ տեղեկատվություն ներկայացնելու Հանձնաժողովի պահանջի ոչ իրավաչափ լինելու պայմաններում չի կարող իրավաչափ համարվել այդ տեղեկատվությունը չներկայացնելու համար պատասխանատվության սահմանումը Հանձնաժողովի 02.02.2016 թվականի թիվ 39-Ա որոշմամբ:

Վերոնշյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով ստորադաս դատարանների եզրահանգումների հիմնավորվածությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Հանձնաժողովի կողմից Ընկերությանը ներկայացված տեղեկատվություն տրամադրելու պահանջի իրավաչափության առաջին պայմանն առկա է, քանի որ Հանձնաժողովի կողմից պահանջվող` Ընկերության կողմից 2011, 2012 և 2013 թվականներին վաճառված լիցենզիաների քանակի և ծրագրերի սպասարկման ծառայությունների վերաբերյալ տեղեկատվությունն անհրաժեշտ է Հանձնաժողովի լիազորությունների իրականացման համար` հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հանձնաժողովը 17.06.2015 թվականի թիվ 152-Ա որոշմամբ հարուցված վարչական վարույթի շրջանակներում քննարկում է Ընկերության կողմից «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի հնարավոր խախտման, այդ թվում` գերիշխող դիրքի հնարավոր չարաշահման հարցը:

Հանձնաժողովի կողմից Ընկերությանը ներկայացված տեղեկատվություն տրամադրելու պահանջի իրավաչափության երկրորդ պայմանն առկա է, քանի որ տեղեկատվությունը պահանջվել է Հանձնաժողովի 11.09.2015 թվականի թիվ 295-Ա որոշմամբ:

Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում ընդգծել, որ Հանձնաժողովի 11.09.2015 թվականի թիվ 295-Ա որոշման բովանդակությունը վկայում է, որ այդ իրավական ակտն իր մեջ միաժամանակ պարունակում է «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքով նախատեսված երկու առանձին «որոշում»` (1) վարչական վարույթը կասեցնելու մասին (օրենքի 30-րդ հոդվածի 11-րդ մաս) և (2) տեղեկատվություն տրամադրելու մասին (օրենքի 28-րդ հոդվածի 2-րդ մաս): Ընդ որում, այդ երկու «որոշումների» իրավաչափության հարցը պետք է դիտարկվի առանձին-առանձին, քանի որ վարչական վարույթի կասեցման իրավաչափությունը որևէ նշանակություն չունի տեղեկատվություն տրամադրելու պահանջի իրավաչափության համար: Այլ կերպ ասած, Ընկերության նկատմամբ հարուցված վարչական վարույթի կասեցման ոչ իրավաչափությունը, ինքնին, չի կարող որևէ ազդեցություն ունենալ Ընկերությունից տեղեկատվություն պահանջելու իրավաչափության վրա: Հետևաբար, Վերաքննիչ դատարանի կողմից առաջ քաշված այն փաստարկները, որոնք վերաբերում են վարչական վարույթը կասեցնելու իրավաչափությանը, չեն կարող որևէ նշանակություն ունենալ սույն գործի լուծման համար:

Ավելին` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Հանձնաժողովի կողմից 11.09.2015 թվականի թիվ 295-Ա որոշմամբ Ընկերությունից պահանջվող 2011, 2012 և 2013 թվականներին վաճառված լիցենզիաների քանակի և ծրագրերի սպասարկման ծառայությունների վերաբերյալ տեղեկատվության` նախկինում պահանջված լինելու կամ չլինելու հարցը ևս էական նշանակություն չունի սույն գործի լուծման համար, քանի որ նշված հարցը կարող է էական նշանակություն ունենալ միայն սկզբնական վարչական վարույթը կասեցնելու հիմքերի առկայությունը պարզելու, այսինքն` սկզբնական վարչական վարույթը կասեցնելու իրավաչափությունը որոշելու համար, ինչը դուրս է սույն գործի քննության շրջանակներից: Այլ կերպ ասած` տեղեկատվություն չներկայացնելու համար պատասխանատվություն կիրառող վարչական ակտի` սույն գործով վիճարկվող Հանձնաժողովի 02.02.2016 թվականի թիվ 39-Ա որոշման, իրավաչափությունը որևէ կերպ պայմանավորված չէ Հանձնաժողովի 11.09.2015 թվականի թիվ 295-Ա որոշմամբ պահանջվող տեղեկատվությունն այդ որոշման ընդունումից առաջ պահանջված լինելու կամ չլինելու հանգամանքով: Անկախ այդ հանգամանքից, Ընկերությունը պարտավոր էր Հանձնաժողովի 11.09.2015 թվականի թիվ 295-Ա որոշումը ստանալուց հետո տրամադրել այդ որոշմամբ պահանջվող տեղեկատվությունը` «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի ուժով:

Ինչ վերաբերում է սկզբնական վարչական վարույթը կասեցված լինելու պայմաններում Ընկերության կողմից այդ վարույթի շրջանակներում գործողություններ կատարելու, այդ թվում նաև` տեղեկություններ ներկայացնելու անհնարինության հարցին, ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը: Որպես կանոն` ցանկացած իրավաբանական ընթացակարգի (դատավարություն, վարչական վարույթ և այլն) կասեցումը ենթադրում է այդ ընթացակարգի շրջանակներում կատարվող վարույթային գործողությունների դադարեցում և նոր գործողությունների կատարման արգելք` կասեցման ողջ ընթացքում: Սակայն այդ ընդհանուր կանոնը կիրառելի չէ այն դեպքում, երբ անհրաժեշտ է կատարել այն գործողությունը, որի կատարման համար էլ հենց կասեցվել է տվյալ վարույթը: Այսինքն` եթե վարույթը կասեցվել է որևէ գործողություն կատարելու համար և կարող է վերսկսվել այդ գործողության կատարման փաստի հիման վրա, ապա այդ գործողությունը կարող է և պետք է կատարվի կասեցված վարույթի պայմաններում (վարույթի կասեցման ընթացքում): Հակառակ մոտեցումը կարող է հանգեցնել փակուղային իրավիճակի, որի դեպքում վարչական վարույթը կարող է երբևէ չվերսկսվել:

Տվյալ դեպքում խոսքը վերաբերում է այնպիսի իրավիճակի, երբ վարչական վարույթը կասեցվել է Ընկերության կողմից ոչ ամբողջական տեղեկատվության ներկայացման պատճառով և կարող է վերսկսվել միայն Հանձնաժողովի 11.09.2015 թվականի թիվ 295-Ա որոշմամբ պահանջվող տեղեկատվությունը ներկայացնելուց հետո, քանի որ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 11-րդ մասի համաձայն` վարչական վարույթը վերսկսվում է նույն մասով նախատեսված հանգամանքների վերացումից հետո: Հետևաբար Ընկերության այն փաստարկը, որ վերջինս վարույթի կասեցման ժամանակահատվածում իրավունք չուներ ներկայացնել պահանջվող տեղեկատվությունը, անհիմն է: Ավելին` Ընկերությունը պարտավոր էր սահմանված ժամկետում ներկայացնել պահանջվող տեղեկատվությունը` վարչական վարույթը կասեցված լինելու պայմաններում (վարույթի կասեցման ընթացքում):

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը հանգում է այն եզրակացության, որ Հանձնաժողովի 11.09.2015 թվականի թիվ 295-Ա որոշմամբ Ընկերությանը ներկայացված տեղեկատվություն տրամադրելու պահանջն իրավաչափ է, քանի որ այն համապատասխանում է «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 2-րդ մասին: Հետևաբար, Ընկերությունը պարտավոր էր կատարել այդ պահանջը և սահմանված ժամկետում տրամադրել պահանջվող տեղեկատվությունը: Մինչդեռ Ընկերությունը չի կատարել Հանձնաժողովին տեղեկատվություն տրամադրելու իր պարտականությունը և սույն գործով վիճարկվող վարչական ակտով ենթարկվել է վարչական պատասխանատվության` «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 7-րդ մասով: Հետևաբար, պահանջվող տեղեկատվությունը չտրամադրելու համար Ընկերությանը պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ Հանձնաժողովի 02.02.2016 թվականի թիվ 39-Ա որոշումն ընդունվել է այդ վարչական ակտի իրավաչափությանը ներկայացվող օրենսդրական պահանջների պահպանմամբ և ենթակա չէ անվավեր ճանաչման, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:

Նշված պատճառաբանություններով հերքվում են վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-151-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Դատական ակտին օրինական ուժ տալիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պատասխանող Հանձնաժողովը վճռաբեկ բողոքի համար վճարել է 20.000 ՀՀ դրամ, և քանի որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, ուստի Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Հանձնաժողովի կողմից նախապես վճարված պետական տուրքի գումարը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի հիմքով ենթակա է հատուցման Ընկերության կողմից:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 27.07.2017 թվականի որոշումը և օրինական ուժ տալ ՀՀ վարչական դատարանի 29.07.2016 թվականի վճռին:

2. «Հայկական ծրագրեր» ՍՊԸ-ից հօգուտ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի բռնագանձել 20.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումար:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող Ռ. Հակոբյան

Զեկուցող  Տ. Պետրոսյան

Ա. Բարսեղյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

1. Հատուկ կարծիք

 

25.12.2019 թ.

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատի կողմից թիվ ՎԴ/0807/05/16 վարչական գործով 25.12.2019

թվականին կայացված որոշման վերաբերյալ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), 25.12.2019 թվականին քննելով ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (այսուհետև` Հանձնաժողով) վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 27.07.2017 թվականի որոշման դեմ` ըստ հայցի «Հայկական ծրագրեր» ՍՊԸ-ի (այսուհետև` Ընկերություն) ընդդեմ Հանձնաժողովի` Հանձնաժողովի 02.02.2016 թվականի թիվ 39-Ա որոշումը վերացնելու պահանջի մասին, նույն պալատի դատավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ որոշել է վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 27.07.2017 թվականի որոշումը և օրինական ուժ տալ ՀՀ վարչական դատարանի 29.07.2016 թվականի վճռին:

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի դատավոր Ռուզաննա Հակոբյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշմամբ Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության արտահայտած կարծիքի հետ, ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասերով, շարադրում եմ իմ հատուկ կարծիքը նշված որոշման վերաբերյալ:

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է անվավեր ճանաչել Հանձնաժողովի 02.02.2016 թվականի թիվ 39-Ա որոշումը:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Լ. Հակոբյան) (այսուհետ` Դատարան) 29.07.2016 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 27.07.2017 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը բավարարվել է, Դատարանի 29.07.2016 թվականի վճիռը բեկանվել և փոփոխվել է` հայցը բավարարվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Հանձնաժողովը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Ընկերությունը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 2-րդ մասը, 30-րդ հոդվածի 11-րդ մասը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Հանձնաժողովի նախագահի 18.07.2015 թվականի թիվ ԱՇ-1443 գրության բովանդակության և դրան կից ձևանմուշի աղյուսակի ուսումնասիրությունից կարելի է եզրակացնել, որ նշված գրությամբ Ընկերությունից պահանջվել են նաև 2014 թվականին նախորդող ժամանակահատվածի վերաբերյալ տվյալներ: Մասնավորապես` ձևանմուշի աղյուսակի «2014 թվական» գլխագրով սյունակը հաջորդ ենթասյունակում պարունակում է հստակեցում այդ սյունակում լրացման ենթակա տեղեկատվության վերաբերյալ` «2014 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ» գրառման տեսքով, որի տառացի մեկնաբանությունից պարզ է դառնում, որ պահանջվել է մինչև 2014 թվականի դեկտեմբերի 31-ը վաճառված և սպասարկվող լիցենզիաների ընդհանուր քանակ և արժեք` սկսած առաջին վաճառված լիցենզիայից մինչև 2014 թվականի դեկտեմբերի 31-ը:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Հանձնաժողովի թիվ 295-Ա որոշման 2-րդ կետով Ընկերությունից պահանջվել է ներկայացնել տեղեկատվություն, որն անհրաժեշտ էր Հանձնաժողովի լիազորություններն իրականացնելու համար: ՈՒստի, անկախ այն հանգամանքից, թե տեղեկատվությունն Ընկերությունից պահանջվել է կասեցված վարչական վարույթի ընթացքում, թե ընդհանրապես որևէ կոնկրետ վարչական վարույթից դուրս, Ընկերությունը պարտավոր էր այն ներկայացնել սահմանված ժամկետում:

Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև, որ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 2-րդ մասի և 30-րդ հոդվածի 11-րդ մասի համակարգային վերլուծությունը վկայում է, որ անկախ այն հանգամանքից, թե տնտեսվարող սուբյեկտից նախքան կասեցման որոշում ընդունելը տեղեկատվություն պահանջվել է, թե` ոչ, Հանձնաժողովն իրավասու է վարչական վարույթը կասեցնել այնպիսի տեղեկատվություն ստանալու հիմքով, որի բացակայությունն անհնարին է դարձնում վարչական վարույթի իրականացումը: Հանձնաժողովի 11.09.2015 թվականի թիվ 295-Ա որոշմամբ 2011, 2012 և 2013 թվականների մասին տեղեկատվություն ներկայացնելու պահանջն իրավաչափ է թե՛ այն հիմնավորմամբ, որ նախկինում այդ տեղեկատվությունը պահանջվել է Ընկերությունից ու չի ներկայացվել, թե՛ այն հիմնավորմամբ, որ տեղեկատվության բացակայությունն անհնարին է դարձնում վարչական վարույթի իրականացումը:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 27.07.2017 թվականի որոշումը և փոփոխել այն` հայցը մերժել, կամ գործն ուղարկել նոր քննության:

 

2.2 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները.

Վճռաբեկ բողոքն անհիմն է և ենթակա է մերժման: Հանձնաժողովի նախագահի 18.07.2015 թվականի թիվ ԱՇ-1443 գրության և կից աղյուսակի ուսումնասիրությունը վկայում է, որ դրանով Ընկերությունից չի պահանջվել 2014 թվականին նախորդող ժամանակահատվածների համար տեղեկատվություն: Ընկերությունից տեղեկատվությունը պահանջվել է վարչական վարույթի շրջանակներում, հետևաբար դրա իրավաչափության և «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածին համապատասխանության հարցը պետք է դիտարկել վարչական վարույթում Հանձնաժողովի լիազորությունների կիրառման անհրաժեշտության և պահանջի օրինականության շրջանակներում: Հանձնաժողովը տվյալ դեպքում ոչ իրավաչափորեն է կասեցրել վարչական վարույթը, քանի որ առկա չեն եղել վարույթը կասեցնելու` օրենքով սահմանված հիմքերը:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

1) 17.06.2015 թվականի թիվ 152-Ա որոշմամբ Հանձնաժողովի կողմից հարուցվել է վարչական վարույթ` Ընկերության կողմից «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի հնարավոր խախտման վերաբերյալ` այն հիմնավորմամբ, որ Ընկերությունն իր ծրագրերի մատակարարման և սպասարկման ոլորտում, ըստ նախնական ուսումնասիրության, կարող է զբաղեցնել գերիշխող դիրք (հատոր 1-ին, գ.թ. 7):

2) Հանձնաժողովի 17.06.2015 թվականի թիվ 152-Ա որոշմամբ հարուցված վարույթի շրջանակներում Հանձնաժողովի նախագահը 18.07.2015 թվականի թիվ ԱՇ-1443 գրությամբ Ընկերությունից պահանջել է 7 աշխատանքային օրվա ընթացքում Հանձնաժողով ներկայացնել հետևյալ տեղեկատվությունը.

Տեղեկատվություն Ընկերության կողմից վաճառված ծրագրերի, լիցենզիաների և ծրագրերի սպասարկման ծառայությունների վերաբերյալ` համաձայն թիվ 1 ձևանմուշի` էլեկտրոնային (MS Excel ձևաչափով) և թղթային տարբերակներով,

Տեղեկատվություն 2014 թվականի և 2015 թվականի հունվարի 1-ից հունիսի 31-ն ընկած ժամանակահատվածում ընկերության իրացման, վարչական, ֆինանսական և այլ ծախսերի վերաբերյալ (ըստ ամիսների)` համաձայն թիվ 2 ձևանմուշի` էլեկտրոնային (MS Excel ձևաչափով) և թղթային տարբերակներով,

Պարզաբանում Ընկերության ինտերնետային կայքէջում տեղադրված «ոլորտի բացարձակ առաջատարը Հայաստանում» արտահայտության վերաբերյալ` նշելով, թե որ ոլորտի մասին է խոսվում և բացարձակ առաջատար լինելու վերաբերյալ ընկերության հիմնավորումները,

Տեղեկատվություն (անվանում, կոնտակտային տվյալներ) այն ընկերությունների վերաբերյալ, որոնք իրականացնում են Ընկերության կողմից վաճառված լիցենզիաների ծրագրային սպասարկում այն նույն ծավալով, ինչ Ընկերությունը (հատոր 1-ին, գ.թ. 14):

3) Ի պատասխան Հանձնաժողովի նախագահի 18.07.2015 թվականի թիվ ԱՇ-1443 գրության` Ընկերության տնօրենը 06.08.2015 թվականին Հանձնաժողով է ներկայացրել գրություն` հայտնելով, որ պահանջված հաշվետվությունները ճշգրիտ ստանալու համար պահանջվում է լուրջ փոփոխություններ անել հաշվապահական հաշվառման մեջ, փոփոխել եղած գործընթացները, ինչը հնարավոր չէ իրականացնել կարճ ժամանակահատվածում

(02.02.2016 թվականի թիվ 39-Ա որոշմամբ հարուցված վարչական վարույթի նյութեր, էջ 26):

4) Հանձնաժողովի նախագահը 24.08.2015 թվականի թիվ ԱՇ-1728 գրությամբ հայտնել է Ընկերությանը, որ Հանձնաժողովը տրամադրում է ևս 7 աշխատանքային օր` 18.07.2015 թվականի թիվ ԱՇ-1443 գրությամբ պահանջված տեղեկատվությունը ներկայացնելու համար (հատոր 1-ին, գ.թ. 18):

5) Ի պատասխան Հանձնաժողովի նախագահի 24.08.2015 թվականի թիվ ԱՇ-1728 գրության` Ընկերության տնօրենը 08.09.2015 թվականին Հանձնաժողով է ներկայացրել գրություն` հայտնելով, որ ներկայացվում են «Տեղեկատվություն «Հայկական Ծրագրեր» ՍՊԸ-ի կողմից վաճառված ծրագրերի լիցենզիաների և ծրագրերի սպասարկման ծառայությունների վերաբերյալ` համաձայն թիվ 1 ձևանմուշի» և «Տեղեկատվություն 2014 թվականի և 2015 թվականի հունվարի 1-ից հունիսի 31-ն ընկած ժամանակահատվածում ընկերության իրացման, վարչական, ֆինանսական և այլ ծախսերի վերաբերյալ (ըստ ամիսների)` համաձայն թիվ 2 ձևանմուշի» հաշվետվությունները` կից 4 էջերով (17.06.2015 թվականի թիվ 152-Ա որոշմամբ հարուցված վարչական վարույթի նյութեր, էջեր 14-18):

6) 11.09.2015 թվականի թիվ 295-Ա որոշմամբ Հանձնաժողովը կասեցրել է Հանձնաժողովի 17.06.2015 թվականի թիվ 152-Ա որոշմամբ հարուցված վարույթի ժամկետի ընթացքը և հանձնարարել Ընկերությանը` այդ որոշումը ստանալուն հաջորդող օրվանից հաշված 7 աշխատանքային օրվա ընթացքում Հանձնաժողով ներկայացնել տեղեկատվություն 2011, 2012 և 2013 թվականներին վաճառված լիցենզիաների քանակի և ծրագրերի սպասարկման ծառայությունների վերաբերյալ` համաձայն որոշման թիվ 1 հավելվածով սահմանված ձևանմուշի` էլեկտրոնային (MS Excel ձևաչափով) և թղթային տարբերակներով:

Հանձնաժողովն իր այդ որոշումը հիմնավորել է այն փաստարկով, որ Ընկերությունը Հանձնաժողով է ներկայացրել 2014-2015 թվականներին վաճառված լիցենզիաների քանակի, իրականացված ծրագրային սպասարկումների վերաբերյալ պարզաբանում, որը, սակայն, չի ներառում Հանձնաժողովի կողմից պահանջված բոլոր տվյալները: Ըստ այդմ, Հանձնաժողովը «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 11-րդ մասի վկայակոչմամբ գտել է, որ հարուցված վարչական վարույթի շրջանակներում բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ ուսումնասիրություն իրականացնելու նպատակով անհրաժեշտ է կասեցնել վարչական վարույթը:

Նշված որոշումն ուղարկվել է Ընկերությանը Հանձնաժողովի աշխատակազմի ղեկավարի 15.09.2015 թվականի թիվ ԱՀ-1817 գրությամբ (հատոր 1-ին, գ.թ. 19-20):

7) Ի պատասխան Հանձնաժողովի աշխատակազմի ղեկավարի 15.09.2015 թվականի թիվ ԱՀ-1817 գրության` Ընկերության ներկայացուցիչ Արամ Օրբելյանը 28.09.2015 թվականին Հանձնաժողով է ներկայացրել պատասխան-գրություն, որով հայտնել է, որ Ընկերությունից 18.07.2015 թվականի թիվ ԱՇ-1443 գրությամբ պահանջվել էր ներկայացնել տեղեկատվություն 2014-2015 թվականների վերաբերյալ, ինչն էլ իր տիրապետության տակ եղած տեղեկությունների շրջանակներում ներկայացվել է: Սակայն Հանձնաժողովը 15.09.2015 թվականի թիվ ԱՀ-1817 գրությամբ պահանջել է նոր տեղեկատվություն` 2011-2013 թվականների համար, ինչը նախկինում պահանջված չի եղել: Հետևաբար, վարույթը կասեցնելու հիմքը բացակայում է: Ընկերության ներկայացուցիչը միաժամանակ հայտնել է, որ քանի դեռ վարույթը կասեցված է, Ընկերությունը չի կարող (իրավունք չունի) որևէ տեղեկություն ներկայացնել

(17.06.2015 թվականի թիվ 152-Ա որոշմամբ հարուցված վարչական վարույթի նյութեր, էջեր 4-5):

8) Հանձնաժողովի 18.01.2016 թվականի թիվ 02-Ա որոշմամբ հարուցվել է նոր վարչական վարույթ` «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի հնարավոր խախտման (Հանձնաժողովի կողմից պահանջվող տեղեկատվությունը ոչ ամբողջական ներկայացնելու) վերաբերյալ (02.02.2016 թվականի թիվ 39-Ա որոշմամբ հարուցված վարչական վարույթի նյութեր, էջ 12):

9) 02.02.2016 թվականին Հանձնաժողովն ընդունել է թիվ 39-Ա որոշումը, որով Հանձնաժողովի 11.09.2015 թվականի թիվ 295-Ա որոշման 2-րդ կետով նախատեսված տեղեկատվությունը սահմանված ժամկետում չներկայացնելը որակվել է որպես «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի խախտում և Ընկերության նկատմամբ կիրառվել է տուգանք` 2.000.000 ՀՀ դրամի չափով (հատոր 1-ին, գ.թ. 27-28):

 

--------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում

 

 

pin
Վճռաբեկ դատարան
25.12.2019
N ՎԴ/0807/05/16
Որոշում