ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀՀ վարչական վերաքննիչ Վարչական գործ
դատարանի որոշում թիվ ՎԴ/4169/05/15
Վարչական գործ թիվ ՎԴ/4169/05/15 2019 թ.
Նախագահող դատավոր` Ք. Մկոյան
Դատավորներ` Ա. Աբովյան
Ա. Սարգսյան
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական
պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
նախագահող Ռ. Հակոբյան
զեկուցող Տ. Պետրոսյան
Ս. Անտոնյան
Վ. Ավանեսյան
Ա. Բարսեղյան
Մ. Դրմեյան
Ե. Խունդկարյան
Գ. Հակոբյան
Ս. Միքայելյան
Է. Սեդրակյան
Ն. Տավարացյան
(2-րդ մաս)
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 151-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում հարցումով փնտրվող տեղեկատվությունը, մասնավորապես` հավակնորդների կողմից գրված թեստերի ստուգված տարբերակները, տրամադրելուն Կոմիտեին պարտավորեցնելու հայցապահանջի մասով անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
Կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի վերոգրյալ հոդվածով ամրագրված` անձի արդար դատաքննության իրավունքի տարր: Հետևաբար` գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը մասնակիորեն փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ հարցումով փնտրվող տեղեկատվությունը, մասնավորապես` հավակնորդների կողմից գրված թեստերի ստուգված տարբերակները, տրամադրելուն Կոմիտեին պարտավորեցնելու հայցապահանջի մասով սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:
Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև հարցումով փնտրվող տեղեկատվությունը, մասնավորապես` հավակնորդների կողմից գրված թեստերի ստուգված տարբերակները, տրամադրելուն Կոմիտեին պարտավորեցնելու հայցապահանջի մասով գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:
Վճռաբեկ դատարանը գտնում է նաև, որ Կոմիտեի գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու հայցապահանջների մասով անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված` դատական ակտը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը:
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 57-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պետական տուրքի չափի, դրա վճարումից ազատելու, պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու և դրա չափը նվազեցնելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունն այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: (...): Նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի համաձայն` եթե պատասխանող է պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը կամ պաշտոնատար անձը, ապա դատական ծախսերը դրվում են Հայաստանի Հանրապետության կամ համապատասխան համայնքի վրա, եթե պատասխանողի որոշումը, գործողությունը կամ անգործությունը դատարանը ճանաչել է ոչ իրավաչափ:
Հայցադիմումը, վերաքննիչ և վճռաբեկ բողոքները ներկայացնելու պահին գործող խմբագրությամբ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետի համաձայն` առաջին ատյանի դատարաններ տրվող հայցադիմումների (...) համար պետական տուրքը գանձվում է ոչ գույքային պահանջով բազային տուրքի քառապատիկի չափով:
Նույն խմբագրությամբ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 8-րդ կետի «բ» ենթակետի համաձայն` (...) դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոքի (...) համար պետական տուրքը գանձվում է ոչ գույքային բնույթի պահանջի գործերով բազային տուրքի տասնապատիկի չափով, իսկ նույն հոդվածի 9-րդ կետի «բ» ենթակետի համաձայն` դատարանի դատական ակտերի դեմ վճռաբեկ բողոքների համար պետական տուրքը գանձվում է ոչ գույքային պահանջի գործերով` բազային տուրքի 20-ապատիկի չափով:
Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, իսկ վարչական գործը` Կոմիտեի գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու պահանջների մասով, ենթակա է նոր քննության, որպիսի պարագայում նշված պահանջների մասով դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, գտնում է, որ այդ մասով դատական ծախսերի բաշխման հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:
Միաժամանակ նկատի ունենալով, որ ՀՀ վարչական դատարանի 13.10.2015 թվականի և ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 13.01.2017 թվականի որոշումներով հետաձգվել են համապատասխան պետական տուրքերի վճարումները, իսկ վճռաբեկ բողոք ներկայացնելու համար նախապես վճարվել է պետական տուրք, քննության ենթակա մեկ ոչ գույքային պահանջը բավարարման ենթակա լինելու պայմաններում այդ պահանջի մասով պետական տուրքի վճարման պարտականությունը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի ուժով պետք է կրի Կոմիտեն, որի արդյունքում Կոմիտեից ՀՀ պետական բյուջե ենթակա է բռնագանձման 4.000 ՀՀ դրամ` որպես հայցադիմում ներկայացնելու, 10.000 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոք ներկայացնելու համար օրենքով նախատեսված պետական տուրքի գումար: Միաժամանակ վերոգրյալ հիմնավորումներով Կոմիտեից հօգուտ Կազմակերպության ենթակա է բռնագանձման 20.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոք ներկայացնելու համար նախապես վճարված պետական տուրքի գումար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 13.10.2017 թվականի որոշումը և հարցումով փնտրվող տեղեկատվությունը, մասնավորապես` հավակնորդների կողմից գրված թեստերի ստուգված տարբերակները, ՀՀ քննչական կոմիտեին տրամադրել պարտավորեցնելու պահանջը մերժելու մասով ՀՀ վարչական դատարանի 09.11.2016 թվականի վճիռն անփոփոխ թողնելու մասով այն փոփոխել` «Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան հասարակական կազմակերպության հայցը բավարարել մասնակիորեն. պարտավորեցնել ՀՀ քննչական կոմիտեին տրամադրել հարցումով փնտրվող տեղեկատվությունը, մասնավորապես` հավակնորդների կողմից գրված թեստերի ստուգված տարբերակները:
Վարչական գործը` ՀՀ քննչական կոմիտեի գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու պահանջների մասով, ուղարկել ՀՀ վերաքննիչ վարչական դատարան` նոր քննության:
2. ՀՀ քննչական կոմիտեից ՀՀ պետական բյուջե բռնագանձել 4.000 ՀՀ դրամ` որպես հայցադիմում ներկայացնելու համար սահմանված և ՀՀ վարչական դատարանի 13.10.2015 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի գումար:
ՀՀ քննչական կոմիտեից ՀՀ պետական բյուջե բռնագանձել 10.000 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոքի համար սահմանված և ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 13.01.2017 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի գումար:
ՀՀ քննչական կոմիտեից հօգուտ «Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան հասարակական կազմակերպության բռնագանձել 20.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումար:
Նոր քննության ուղարկվող մասով դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:
Նախագահող Ռ. Հակոբյան
Զեկուցող Տ. Պետրոսյան
Ս. Անտոնյան
Վ. Ավանեսյան
Ա. Բարսեղյան
Մ. Դրմեյան
Ե. Խունդկարյան
Գ. Հակոբյան
Ս. Միքայելյան
Է. Սեդրակյան
Ն. Տավարացյան